«Բլիցկրիգ». Թրամփը բացահայտել է, թե ինչպես է ստիպել Փաշինյանին և Ալիևին նախաստորագրել «խաղաղության համաձայնագիրը»

  • 09:39 30.12.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծվել է երկու երկրների հետ առևտուրը դադարեցնելու սպառնալիքով։

2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Թրամփի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև կայծակնային արագությամբ «խաղաղության համաձայնագրի» նախաստորագրելուց հինգ ամիս անց գործընթացի նոր մանրամասներ են սկսել ի հայտ գալ։

«Ես բառացիորեն դա արեցի մեկ օրում։ Առևտուր։ Ես ասացի, որ մենք կդադարեցնենք առևտուրը երկուսի հետ էլ։ Առևտուր այլևս չի լինի։ Հետո ես սահմանեցի 200% մաքսատուրքեր։ Հաջորդ օրը նրանք (Ալիևն ու Փաշինյանը – խմբ․) զանգահարեցին», – ասաց Թրամփը երեկ Մար-ա-Լագոյում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։

Սա պատասխանում է այն հարցին, որը տանջում էր շատերին. ինչպե՞ս Թրամփին հաջողվեց ստիպել Փաշինյանին և Ալիևին կնքել «հրադադար»՝ ընդհատելով Փաշինյանի խաղաղ արձակուրդը և խափանելով Ռուսաստանի և Թուրքիայի ծրագրերը տարածաշրջանում։ Փաստորեն, Թրամփը ուղղակի սահմանեց 200% մաքսատուրքեր։

Հատկանշական է, որ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ադրբեջանում մինչև այսօր ոչինչ չէին ասում այս մաքսատուրքերի մասին: Բաքվում «խաղաղության պայմանագրի» անսպասելի նախաստորագրումը ներկայացվեց որպես Ալիևի “հաղթանակների” ճանաչում, մինչդեռ Հայաստանում որևէ բացատրություն չտրվեց։

Միևնույն ժամանակ, Թրամփի «կայծակնային արագությունը» կարելի է բացատրել մի քանի գործոններով։

Առաջին գործոն. այս տարվա հունիսին 12-օրյա իսրայելա-իրանական պատերազմից հետո Իսրայելը փորձում էր ամբողջությամբ օկուպացնել Գազան, ինչը կհանգեցներ հակամարտության ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի «վագր» տերությունների միջև: Գազայի օկուպացիան թույլ չտալու համար Թրամփը պետք է փորձարկեր «հակամարտության լուծման» տնտեսական մեթոդները, և Հայաստանն ու Ադրբեջանը դրա համար լավագույն փորձադաշտն էին։ Հիշեցնենք, որ Գազայում հրադադարի մասին պայմանագիրը ստորագրվեց արդեն հոկտեմբերի 10-ին։

Երկրորդ գործոն. մինչև 2025 թվականի օգոստոսը Ռուսաստանը և Թուրքիան կարող էին վերջնական համաձայնությունների հասնել Հարավային Կովկասի և Հայկական լեռնաշխարհի նոր բաժանման վերաբերյալ՝ կամ նոր ռազմական ագրեսիայի միջոցով, կամ Հայաստանի կառավարությանը պարտադրելով ընդունել պարտվողական փաստաթուղթ և փոփոխել Հայաստանի Սահմանադրությունը: Սա կհանգեցներ կարևոր տարածաշրջանում ԱՄՆ-ի լիակատար անտեսմանը և հաստատված «իրողությունների» ճանաչմանը։

Այս երկու գործոններն էլ Թրամփին դրդեցին «շրջել խաղատախտակը» և հակադրվել նրանց, ովքեր ցանկանում էին լուծել խնդիրը առանց Միացյալ Նահանգների։

Երեկ, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի մասին, Թրամփը հայտարարեց, որ «կարգավորման» արագությունը զարմացրել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։ «Պուտինն իրականում ասաց, որ չի կարողանում հավատալ, որ այս պատերազմը լուծված է», – ասաց ամերիկացի առաջնորդը։

200 տոկոսանոց մաքսատուրքերի պատմությունը շատ բան է բացահայտում տարածաշրջանային իրադարձությունների մասին, բայց միևնույն ժամանակ այն մատնանշում է ձեռք բերված համաձայնությունների կարճաժամկետ բնույթը։ Ոչ մի հիմնարար լուծում չկա։

Վաշինգտոնում նախաստորագրվելուց հինգ ամիս անց “խաղաղության համաձայնագրի” վերջնական ստորագրումը, տարածաշրջանային հաղորդակցությունների շրջափակման վերացումը և Բաքվի ու Անկարայի հետ Հայաստանի հարաբերությունների բարելավումը նույնքան հեռու են, որքան մինչև Վաշինգտոնը։ Հայկական պետականության վերացման ուժային կամ «հարկադրական» որոշման սպառնալիքը հետաձգվել է, բայց չի վերացել։ Ավելին, անհայտ է, թե 200% պատժամիջոցների սպառնալիքի տակ Թրամփը էլ ինչ կարող է ստիպել Փաշինյանին և Ալիևին՝ հանքային պաշարների նկատմամբ վերահսկողություն, տարածաշրջանը ամերիկյան տեխնոլոգիական կենտրոնի վերածում, թե՞ տարածաշրջանի ժողովրդագրական քարտեզի լիակատար փոփոխություն՝ «աշխարհի նոր բաժանման» սպասումով։