Ամանորյա միջոցառում արցախցի երեխաների համար

  • 22:27 30.12.2025

Արցախցիների բարեկամ Սամվել Մովսիսյանի նախաձեռնությամբ օրերս Ամանորյա միջոցառում կազմակերպվեց Արցախյան պատերազմներում, սեպտեմբերի 25-ի պայթյունից զոհվածների և ծնողազուրկ այն բալիկների համար, ովքեր ցանկություն ունեին մասնակցելու միջոցառմանը։

Նախ երեխաների համար Մոսկվա կինոթատրոնում կազմակերպվեց ֆիլմի դիտում, ապա Ամանորյա միջոցառումը շարունակվեց Մարիոթ հյուրանոցում, որտեղ երեխաներին մեծ սիրով սպասում էին Ձմեռ պապիկն ու Ձյունանուշիկը։

Հրաշալի ու տոնական տրամադրություն էր տիրում բոլորի մոտ․ արցախցի երեխաները հավատում էին Ամանորյա հրաշքներին և սպասում, որ Նոր տարում կիրականանան իրենց բոլոր ցանկությունները։ Փոքրիկների ուրախությանը չափ չկար․ երգում, պարում և արտասանում էին, իսկ նրանց խինդ ու ծիծաղը վարակում էին պատանիներին, ովքեր համեստորեն ծափ էին տալիս, հոգու խորքում երազանք պահում։

Փոքրերից ոչ պակաս ուրախանում էին նրանց ծնողներն ու տատիկները, ովքեր, փորձում էին հանուն երեխաների ժպտալ՝ խեղդելով հոգու ցավն իրենց մեջ։

Սամվել Մովսիսյանը, շնորհավորելով բոլորին գալիք տոների առթիվ՝ մաղթեց խաղաղ ու բարեբեր տարի․

-Սա մեր ամենափոքրիկ շնորհակալությունն էր՝ փոխանցելու մեր հարգանքը Արցախի նահատակ մեր եղբայրների ու քույրերի երեխաներին։ Դժվար է նկարագրել այն, ինչ այսօր այս հրաշք երեխաներն ու պատանիները փոխանցեցին մեզ։ Ինչպես նաև առանձնահատուկ շնորհակալություն այս հրաշք երեխաների հարազատներին։ Մաղթում ենք Ձեզ ուժ ու հավատ՝ այս երեխաներին կրթելու և մեր նահատակների հիշատակին արժանի սերունդ մեծացնելու ճանապարհին։

Հարազատները շնորհակալություն հայտնեցին միջոցառման նախաձեռնողներին ու բարերարներին՝ նշելով, որ ցանկացած ուշադրություն անչափ կարևոր է իրենց երեխաների համար։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ