NBC․ Իսրայելը նոր հարված է պատրաստում Իրանին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախատեսում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին տեղեկացնել Իրանի դեմ հնարավոր նոր հարվածների մասին, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով ծրագրերին անմիջականորեն ծանոթ աղբյուրին, ինչպես նաև չորս նախկին ամերիկացի պաշտոնյաների։

Իսրայելական կողմը կարծում է, որ Թեհրանը ընդլայնում է իր բալիստիկ հրթիռների ծրագիրը, և պատրաստվում է ներկայացնել իր փաստարկները Թրամփի հետ առաջիկա հանդիպման ժամանակ, հայտնել են աղբյուրները։ Նրանք պնդում են, որ Իրանի բալիստիկ հրթիռների արտադրությունը կարող է աճել մինչև ամսական 3000։

Թրամփը և Նեթանյահուն, ինչպես սպասվում է, կհանդիպեն դեկտեմբերի վերջին Ֆլորիդայի Մար-ա-Լագո նախագահական նստավայրում։ Աղբյուրների համաձայն, այս հանդիպման ժամանակ վարչապետը պետք է համոզի Սպիտակ տանը, որ Իրանի բալիստիկ հրթիռների ընդլայնվող ծրագիրը սպառնալիք է ներկայացնում, որը կարող է պահանջել անհապաղ արձագանք։

Այս շաբաթ Թուրքիայում գտել են երրորդ անօդաչու սարքը, հավանաբար՝ ռուսական

Ֆերմերները անօդաչու սարքը գտել են Բալըքեշիր նահանգի Մանյաս շրջանի մոտակայքում գտնվող դաշտում։ Դրա ծագումը դեռևս պարզված չէ։ Անօդաչու թռչող սարքեր նախկինում նկատվել են Թուրքիայում դեկտեմբերի 15-ին և 19-ին։

«Cumhuriyet» թերթի փոխանցմամբ՝ անօդաչու թռչող սարքը ուղարկվել է Անկարա՝ տեխնիկական վերլուծության համար։ Ազգային պաշտպանության նախարարության աղբյուրները պնդում են, որ խփված սարքը ավելի շուտ է ընկել։ Կան հաղորդագրություններ, որ այն կործանվել է դեկտեմբերի 10-ին։

Թուրք մասնագետները հետագայում կարողացել են նույնականացնել սարքի տեսակը։ Պարզվել է, որ այն Merlin-VR հետախուզական անօդաչու թռչող սարք է, որի գնահատված արժեքը կազմում է մոտ 300,000 դոլար։ Նմանատիպ անօդաչուները ռուսական բանակի սպառազինության մեջ են։

Նախկինում երկու անօդաչու թռչող սարք է կործանվել Չանքըրի քաղաքի մոտակայքում և Քոջաելի նահանգի Իզմիթ շրջանում։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դեկտեմբերի 19-ին կործանված վերջին անօդաչու թռչող սարքը ռուսական ծագման հետախուզական անօդաչու է եղել, ըստ «Cumhuriyet»-ի։

Արցախի պատմությունը շարունակվում է. Հավերժակի մասին կոմիքսը ձեզ համար է

Արցախի պատմությունը կարելի է կարդալ։ Կամ էլ նայել։ Այս գրքի հեղինակները` Дима Саакян и Հայկուհի Խոջաբաղյանը  ընտրել են վերջին ուղին։

Սա պարզապես կոմիքս չէ, այլ հիշողության տեսողական վկայություն, որտեղ Արցախի ողբերգությունը պատմվում է պատկերի, ռիթմի և լռության միջոցով։

Գլխավոր հերոսը Հավերժակն է։ Նա հեռու է առասպելական կատարելությունից՝ կենդանի, խոցելի, իրական։ Նա սխալներ է թույլ տալիս, կասկածներ է ունենում, կոտրվում է ներսից, և այնուամենայնիվ շարունակում է առաջ շարժվել։ Նրա կերպարը ներկայացված է գրաֆիկական՝ հակադիր տարածություններում, լույսի և ստվերի սուր խաղում։ Սա է Արցախի ճանապարհորդությունը՝ ոչ թե որպես իրադարձությունների տարեգրություն, այլ որպես ապրված փորձ։

Խացրան՝ պատերազմով շրջված Արցախը, դառնում է ցավի և հիշողության գեղարվեստական ​​տարածք։ Պատերազմը, բենզինի պահեստում պայթյունը, բնիկ հայ բնակչության արտագաղթը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով պատկերված են ոչ թե խոսքերով, այլ աչքը գրավող կադրերով՝ երբեմն մեկ մանրամասնությամբ, երբեմն՝ էջի լռությամբ, որը անհնար է անտարբեր թերթել։

Ձևաչափի ընտրությունը այստեղ կարևոր է: Կոմիքսը ողբերգության մասին խոսելու հազվագյուտ և համարձակ միջոց է, որը ոչ միայն տեղեկատվություն է, այլև թույլ է տալիս զգալ ներկայությունդ։

Այս գիրքը հավասարապես կարևոր է ինչպես նրանց համար, ովքեր ապրել են այդ իրադարձությունները, այնպես էլ նրանց համար, ովքեր այսօր փորձում են հասկանալ դրանք։

Կոմիքսը հասանելի է «Բուկինիստ» գրախանութում, «Զանգակ» գրախանութի մասնաճյուղերում և առցանց՝ անվճար առաքմամբ։

Եթե ձեր համար կարևոր է հասկանալ, հիշել և զգալ, ապա այս կոմիքսը ձեզ համար է: Արցախի պատմությունը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ այն կարդացվում է։

«Կանչում են, ասում եմ՝ չեմ գա: Ինչ եմ կորցրել Ռուսաստանում։ Ես այստեղ հայ եմ»

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախաձեռնությամբ ստեղծվել է ՙՙԱրցախից Հայաստան՚՚ խորագրով մարդկային պատմությունների շարք, որը ներկայացնում է պատմություններ Արցախից բռնի տեղահանված տարբեր ընտանիքների մասին:

Ներկայացնում ենք 2023 թվականին կրկնակի տեղահաված ընտանիքի պատմություն, որը ներկայումս ապրում  է Լոռու մարզի Հարթագյուղում: Ընտանիքն առաջին անգամ տեղահանվել էր 1988 թվականին Բաքվի ջարդերի ժամանակ:

2023-ի հոկտեմբերի 3-ին եկել ենք Հարթագյուղ, արագ հարմարվել ենք՝ թե՛ մարդկանց հետ, թե՛ բնության, պատմում է պապը։

Արդեն վարուցանք արել է, բերք ստացել: Անգամ բանաստեղծություն է ձոնել հարթագյուղացիներին:

«Հարգարժան հարթագյուղցիներ,

Ինձ չբաժանեք ձեզանից,

Ձեր սուգն ու ուրախությունը իմն է,

Իմն էլ՝ ձերը:

Ես հարթագյուղացի եմ»:

«Եթե պատմեմ, ինչ կյանքի տեր եմ եղել, կթվա՝ հորինում եմ։ Եղել եմ բանակի գլխավոր թարգմանիչ ադրբեջաներենից հայերեն, 23 տարի Բաքվում ինժեներ եմ աշխատել:

1968-ին ավարտել եմ Երեւանի ռադիոէլեկտրոկապի տեխնիկումը, ուղարկեցին Բաքու։ Ադրբեջանի համարյա ամբողջ մինիստրությունը ինձ գիտեր որպես լավ վարպետ:

1988-ին նույնիսկ առաջարկ ունեի մնալ Բաքվում: Ասում էին՝ տունը կքանդենք, բայց քեզ ոչ ոք չի դիպչի։ Բայց ես վերադարձա Ղարաբաղ՝ իմ ծննդավայր։ Իմ աչքով եմ տեսել Սումգայիթի ջարդերը: Էնքան վարժ էի ադրբեջաներեն խոսում, որ չհասկացան՝ հայ եմ, թե ադրբեջանցի: Ընկեր ադրբեջանցիներս օգնեցին, որ ընտանիքս դուրս գա Սումգայիթից»։

Իր լուսանկարին նայելիս ասաց՝ էս բիձեն ինձ նման չի, էս ո՞վ ա։

«Այստեղ՝ Հարթագյուղում, ինձ լավ եմ զգում։ Գյուղը քաղաքից հանգիստ է։ Հողը մշակում եմ՝ կարտոֆիլ, լոբի, պոմիդոր… Թոռներս էլ ինձ «ապա» են ասում՝ մեծ եղբայր»: Բայց կյանքի տիրոջ հերն եմ անիծել: Կյանքն էնքան կեղծ բան ա, ոչ լավա ուրախանաս, ոչ վատ ա լաց ըլնես»:

Ընտանիքում աշխատող չկա։ Ապրում են թոշակով ու երեխաների նպաստով։

Չնայած դժվարություններին՝ պապը չի ուզում հեռանալ Հայաստանից։ «Իմ եղբայրներն ու նրանց ժառանգները՝ 50-ից ավելի ընտանիք, Ռուսաստանում են։ Կանչում են, ասում եմ՝ չեմ գա: Ինչ եմ կորցրել Ռուսաստանում։ Ես այստեղ հայ եմ, էնտեղ՝ ռուս»:

Նրա ամենամեծ երազանքը՝ իր 3 երեխաներին, 14 թոռներին ու 9 ծոռներին մեծացնել ու պահելն է:

Ընտանիքի մայրն ասում է․ «Խնդիրները շատ են, բայց հաշտվել ենք։ Երեխաների ապագան չեմ պատկերացնում: Ղարաբաղում ամեն ինչ հեշտ էր, էստեղ պետք է ձգել, տանել, տեսնենք ուր է տանում մեզ ժամանակը, արդեն եկել-ընկել ենք։ Որոշել էինք 10 երեխա ունենալ, բայց էստեղ հնարավոր չէ: Առաջինը տուն պետք է ունենանք, որ կյանք կառուցենք: Ղարաբաղում երկու տուն ունեինք, մեկը՝ կապիտալ վերանորոգված, թողեցինք առանց ապրելու: Այստեղ ապրում ենք անծանոթի տանը: Երկար չենք կարող այսպես»։

Խաղաղության մասին

Հարց` հնարավոր է՞ խաղաղություն հայերի ու ադրբեջանցիների միջեւ։

«Էս կռիվը գցել ա մայր Հայաստանը ու ճիշտ ա արել։ Վերցրել ա Ղարաբաղը, պահել 32 տարի։ Բայց վերքը շատ խորն է։ Մայր Հայաստանը 8000 որդի է կորցրել։ Դժվար է էտ վերքը բուժել։ Հնարավոր է՝ թոռներս տեսնեն խաղաղություն, ես՝ չեմ իմանա։ Սաղ օրը միայն ասում եմ՝ սովորեք, մարդ դարձեք: Գիրքը ամենամեծ հարստությունն է»:

Պատմում են թոռներն ու ծոռները

Թաթուլ (10տ.)

«Ղարաբաղում ամեն ինչ լավ էր։ Ամենից շատ տունն եմ կարոտում: Էստեղ նոր ընկերներ ունեմ, բայց ծառերը պակասում են։ Ուզում եմ Երեւանում ապրել, որ շատ ընկերներ ունենամ։ Երազում եմ զինվոր դառնալ»։ Խաղաղությունը նրա համար «կռիվ չլինելն է, երբ զինվորները տուն են վերադառնում»:

Պարգեւ (5 տ.)

«Ավելի շատ Ղարաբաղն եմ սիրում: Էնտեղ խաղալու բան կար։ Այստեղ ընկերներ չունեմ, մանկապարտեզ էլ չկա: Երազում եմ խաղալ։ Ղարաբաղի ընկերներիցս տեղյակ չեմ։ Խաղաղությունը չգիտեմ ոնց է լինում: Բայց հետ գնալ չեմ ուզում, որովհետեւ էնտեղ թուրքեր կան: Ուզում եմ ոստիկան դառնալ»:

 

Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը

Այսօր Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը. իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Ռոբոտային վիրաբուժությունն այսօր արդեն իրականություն դարձավ մեր Երկրում:

Հայաստանում, առաջին անգամ կատարվել են ռոբոտիկ վիրահատություններ ՍլավՄեդ բժշկական կենտրոնում:

Ուրախ եմ ու հպարտ,որ առաջինը հենց ուրոլոգիական վիրահատություն է կատարվել՝ երիկամի ռոբոտիկ մասնահատում։

Եվ ամենակարևորը՝ վիրահատությունը բարեհաջող է անցել:

Վիրահատական գործողությունն իրականացրել է մեր կոլեգան՝ուրոլոգ Մհեր Մխիթարյանը»,-նշել է նա:

Աշանում ապրել եմ 60 տարի։ Այն ինձ համար աշխարհի ամենահրաշալի վայրն է

Լիանետա Իշխանյանը ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղում։ Նա ուսուցչուհի է։ Արցախի տեղահանությունից հետո ընտանիքով բնակություն են հաստատել Երևան քաղաքում։ Աշխատանքի է անցել քաղաքի մանկապարտեզներից մեկում։ Ինչպես Արցախում, այստեղ ևս սիրով է աշխատում երեխաների հետ։

 Հարազատ գյուղի մասին ջերմությամբ է խոսում, կարոտում ամեն մի քարը

-Աշանը շրջանում հայտնի գյուղ էր՝ թե՛ իր մտավորականներով, թե՛ աշխատասեր ժողովրդով։ Մեր գյուղն ուներ բազմաթիվ պատմամշակությաին հուշարձաններ՝ նշանավոր եկեղեցի, մատուռներ, խաչքարեր։ Կային բազմաթիվ աղբյուրներ, որոնք մարդկանց համար կյանքի ակունք էին։

Մեր գյուղը հայտնի էր նաև գինեգործությամբ։ Գրեթե բոլորը գինի էին թորում, ու Աշանի գինին հայտնի էր ողջ Արցախում։ Մեր գյուղը նշանավոր է նաև իր հյուրասիրությամբ։ Աշանում չկար մի ընտանիք, որ իր հարկի տակ տարբեր տեղերից հյուրեր ընդունած չլիներ։ Եվ ոչ մեկն առանց լավ տպավորությունների չէր հեռանում գյուղից։ Շատերը բարեկամացել և մինչև այսօր կապված են իրար հետ։

Մասնագիտությամբ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի եմ։ Աշխատել եմ Աշանի միջնակարգ դպրոցում, որտեղից էլ անցել եմ վաստակած թոշակի։ Երկու տարի աշխատել եմ նաև Ժդանովի շրջանի գյուղերից մեկի ինտերնացիոնալ դպրոցում։

Աշանում ապրել եմ 60 տարի։ Այն ինձ համար աշխարհի ամենահրաշալի վայրն է, որտեղ ամեն ինչ քոնն էր, հարազատ։ Արցախի ամեն տեղն էլ հաճելի է, սակայն մեր գյուղն աննկարագրելի է։ Շատ եմ կարոտում։ Աշանից դուրս իմ կյանքը երբեք չեմ պատկերացրել ու երբեք չեմ մտածել, որ կապրեմ Երևանում։ Ես այն համոզման եմ, որ վերադարձ Արցախ անպայման լինելու է։ Կտեսնեմ ես այդ բաղձալի օրը,  թե ոչ, չգիտեմ, բայց վերադարձ լինելու է։ Աշխարհը չի կարող երկար լուռ մնալ։ Գերտերությունները չեն կարող մեզ հնարավորություն չտալ, որ վերադառնանք ու ապրենք մեր հողում։

Տիկին Լիանետայի հոգին ալեկոծվում է ցավից, երբ խոսում է 44-օրյա պատերազմից

-Ինչպես ցանկացած արցախցի՝ ես ևս ապրել եմ 2 կյանքով՝ պատերազմյան և նախապատերազմյան։ Մինչև պատերազմն սկսվելն այն կարծիքին էինք, որ պետք է ապրենք անկախ ու ազատ երկրում․ աշխարհը պետք է Արցախը ճանաչի որպես առանձին պետական միավոր, ու մենք կապրենք երջանիկ կյանքով և կունենանք աշխարհի մեջ մեզ համար ամենաթանկ ու նվիրական անկյունը։

Սակայն մեր հույսերը չարդարացան․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Կիրակի էր․ մարդիկ խաղաղ քնած էին։ Ինչպես միշտ՝ արթնացել ու անցել էի տնային գործերին։ Հավերին էի կերակրում, ու հանկարծ պայթյուներ լսվեցին, ու դրանք շարունակական էին։ Հասկացանք, որ պատերազմ է կրկին։ Իհարկե, վերջին օրերին խոսվում էր, որ սահմանին կուտակումներ կան, վիճակը մի քիչ լարված է։ Սակայն մենք չէինք հավատում, որ աշխարհը թույլ կտա նման բան։ Չէինք հավատում, որ նորից պատերազմ կլինի, որ արցախցին կրկին արյուն, մահ, տառապանք կտեսնի։

Հենց այդ պահին որդիս զանգեց Ստեփանակերտից՝ ասելով, ի՞նչ եք նստել այդտեղ, եկեք Ստեփանակերտ։ Ինքն ու կինը ոստիկանության ծառայողներ էին, պետք է շտապ գնային ծառայության։ Ամուսնուս հետ գնացինք Ստեփանակերտ, որ մեր թոռնիկներին տիրություն անենք։ Կարծում էինք մի քանի օր կտևի, ինչպես 2016-ին։ Սակայն այն ձգվեց 44 օր։ Պատերազմի ողջ ընթացքում ես գտնվում էի Ստեփանակերտում և միայն նոյեմբերի 6-ին դուրս եկա Արցախից։

44-օրյա պատերազմը, իհարկե, շատ-շատերի հետ միասին տարավ նաև իմ թանկագին եղբորորդուն՝ Արտակին։ Նա մեծ հավատով էր լցված։ Վերջին անգամ երբ տեսա նրան, հավատացնում էր, որ հաղթանակը մերն է լինելու։ Ասում էր՝ թշնամին չի կարող մեզ հաղթել։ Բայց արի ու տես, որ էն գլխից էլ պատերազմի ելքը որոշված էր։ 44-րյա պատերազմում մեր գյուղից նահատակվել են 5 հոգի, որոնցից 4-ը իմ աշակերտներն էին։ Մեկն ընտանիքի մինուճար զավակ էր։ 2020-ից հետո նրանց ընտանիքում տղա ծնվեց ու կրում է հերոս եղբոր անունը։

Նոյեմբերի 6-ին եղբորս կնոջ հետ եկանք Հայաստան ու մինչև նոյեմբերի 28-ը մնացինք այստեղ։ Ոչ մի երկմտություն չկար, որ պետք է հետ վերադառնալ, տեր կանգնել մեր հողին։ Չնայած կնքվել էր ահավոր պայմանագիրը, և գիտեինք, որ արդեն չկար Արցախի զգալի մասը, բայց այնուամենայնիվ հույս, հավատ կար, որ այս անգամ գոնե աշխարհը խուլ ու համր չի մնա։ Եկանք, լծվեցինք աշխատանքի։ Շարունակում էինք արարել, գյուղում մարդիկ տները նորից վերանորոգում էին, ավելի մեծ եռանդով զբաղվում գյուղատնտեսությամբ, ապրում հուսյով ու հավատով։

Շրջափակում, նորից պատերազմ ու տեղահանություն

-Երբ Արցախը հայտնվեց շրջափակման մեջ, ես չէի կորցնում լավատեսությունս։ Հավատացած էի, որ կբացվի կյանքի ճանապարհը, մտածելով՝ մեր ժողովուրդը ո՞ր մեղքի համար պետք է շարունակի տառապել։ Իհարկե, շրջափակումը ծանր է անդրադարձել արցախցիների վրա։ Չկար մի ընտանիք (խոսքը հասարակ մարդկանց մասին է), որ այդ ահավոր երևույթը չզգար իր մաշկի վրա։

Ճիշտ է, թոշակի անցնելուց հետո ամուսնուս հետ տեղափոխվել ու ապրում էինք Ստեփանակերտում, սակայն շարունակում էինք գյուղում զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով, ապահովված էինք գյուղմթերքով։ Մսի, կաթնամթերքի, որոշ տեսակի բանջարեղենի խնդիր չկար, սակայն իսպառ բացակայում էին երեխաների սիրած քաղցրավենիքները։ Մենք զգում էինք, որ այս շրջափակումն ազդել է երեխաների հոգեբանության վրա։ Ինչքան էլ քաղցրավենիք էին ուզում ուտել, միևնույն ժամանակ նրանք դարձել էին հասկացող, զուսպ։ Ծանր էր այդ ամենը տեսնելը։ Իսկ շրջափակման վերջն ավելի ահավոր էր։

Սկսվեց սեպտեմբերի 19-ի պատերազմը։ Թոռնիկներս սովորականի պես գնացել էին դպրոց, տղաս ու հարսս՝ ծառայության։ Ես տան գործեր էի անում ու սպասում, որ ուր որ է կհավաքվեն ճաշելու։ Որդիս, հարսս ու փոքր թոռնիկս տանն էին արդեն, երբ լսվեց առաջին պայթյունը։ Տղաս անմիջապես վազեց ծառայության։

Երեխաները շատ ծանր էին տանում, վախեցած էին։ Իջանք նկուղ։ Այդ ողջ ժամանակաընթացքում, երբ փորձում էի բացել դուռը՝ տեսնելու, թե ինչ է կատարվում դրսում, երեխաները չէին թողնում։ Նրանք չէին ուզում ձայն լսել։ Ամբողջ գիշեր չքնեցին։ Մեծ թոռս սթրեսից ջերմում էր։ Պատերազմն սկսվելու պահին նա դպրոցում էր և ինչպես հետո պարզվեց, մտածում էր, որ իր հետևից ոչ ոք երևի չի գնալու։ Դպրոցից մայրիկին նամակ էր ուղարկել՝ ես քեզ սիրում եմ, մնաս բարով։ Շատ նրբազգաց երեխա է։ Դպրոցից եկավ ու հասկացավ, որ միայնակ չէ, և ծնողը երբեք իր երեխային մենակ չի կարող թողնել։

Սեպտեմբերի 20-ին ասացին՝ զինադադար է։ Էլի էինք հավատում, որ կմնանք մեր հողում։ Ամուսինս գյուղից լոբի էր բերել։ Սկսեցի այն պահածոյացնելու ավանդական աշխատանքները։ Դրսում տեղադրված փայտե վառարանի վրա մեծ սիրով պատրաստեցի իմ պահածոները:

Սակայն լուրեր էին պտտվում, որ պետք է լքենք Արցախը։ Արդեն հնարավոր չէր մնալ․ փողոցներում կրակոցներ էին լսվում։ Ստեփանակերտի վերևի թաղամասերում ապաստանած մեր բարեկամներն ասում էին, որ թշնամու արձակած փամփուշտներն ընկնում են տան բակերը։

Ո՛չ, հնարավորր չէր մնալ, այլապես կկրկնվեր 1915 թվականն ու բոլորս սրի կքաշվեինք։ Սեպտեմբերի 25-ի առավոտյան որոշեցինք, որ պետք է դուրս գանք։ Տղաս չէր ուզում, սակայն տեղի տվեց կնոջ թախանձանքներին, և մենք ճանապարհ ընկանք։ Երկար ու դժվար ճանապարհ անցանք։ Մարդկանց էինք հանդիպում, ովքեր մարդկային կորուստենորվ էին հեռանում Արցախից։ Ճանապարհին մեր գյուղից մի կնոջ ևս հանդիպեցինք։ Նա առողջական խնդիրներ ուներ ու չկարողացավ դիմանալ, ճանապարհին մահացավ։

Մինչև Հակարին անցնելը մտածում էինք, որ տղամարդկանց թույլ չեն տա անցել․ ասում էին, ինչ որ ցուցակ կա։ Առաջինը տղայիս մեքենան հասավ Հակարի։ Չստուգեցին անգամ․ ընդամենը հարցրին՝ քանի՞ հոգի եք։ Իսկ երբ մեր մեքենան մոտեցավ, ամուսնուս տարան, նկարեցին և որոշ ժամանակ հետո բաց թողեցին։ Ճանապարհին լսեցինք պայթյունի մասին։ Իմացանք, որ մեր քեռու տղան ևս զոհ է դարձել։

Տիկին Լիանետան անցյալը սրտի մեջ պինդ պահած ցանկանում է շարունակել ապրել՝ ինչքան էլ դա դժվար լինի

-2023-ին նոր ցավ ապրեցինք, քանի որ եղբայրս՝ Դավիթը, գերության մեջ է։ Ես համոզված եմ՝ իմ եղբայրը որտեղ էլ լինի, պահում է հայի պատիվը։ Դավիթն ինձանից բավականին փոքր է, և  նա ինձ համար սոսկ եղբայր չէ, ասես ավագ զավակս լինի։ Մենք բոլորս հավատում ենք հրաշքի և սպասում, որ վերադառնան մեր բոլոր գերիները։

Ծանր եմ տանում, որ զոհված եղբորորդուս՝ Արտակի հետ կապված ահագին նկարներ էի հավաքել ու պահում էի իմ ստեղծագործական տետրի մեջ, որը, ցավոք, չեմ բերել իմ հետ, տանն են մնացել մեր մանկության ալբոմները։ Արցախում են մնացել նաև իմ գրքերը, որոնք հավաքել եմ ողջ կյանքիս ընթացքում։

Անկախ ամեն ինչից՝ մենք պարտավոր ենք ապրել։ Հաջողությամբ աշխատանք եմ գտել ու համոզվել, որ այնքան էլ դժվար չի աշխատանք գտնել։ Որովհետև այստեղ համոզվել են, որ արցախցին պատասխանատու և իր գործին նվիրված մարդ է ու ամեն տեղ կարդարացնի իրեն։ Ցավալին միայն այն է, որ մի տեսակ անտարբերությամբ են նայում մեր ցավին։ Երբեմն այնպիսի անհեթեթ հարցեր են տալիս, որ պատասխանելն անգամ վիրավորական է։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին

Ուրբաթ օրը ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Սիրիայում գտնվող «Իսլամական պետության» (ISIS) տասնյակ թիրախների՝ ի պատասխան անցյալ շաբաթ Պալմիրայում սիրիական-ամերիկյան պարեկախմբի վրա զինյալների հարձակման, որի հետևանքով զոհվել էին երեք ամերիկացիներ։

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը X-ում գրել է, որ «Hawkeye Strike» գործողության շրջանակներում հարվածները թիրախավորել են «ISIS-ի զինյալներին, ենթակառուցվածքները և զենքի օբյեկտները»։ «Սա պատերազմի սկիզբ չէ, սա վրեժխնդրության հռչակագիր է։ Այսօր մենք որսացինք և սպանեցինք մեր թշնամիներին։ Շատերին։ Եվ մենք կշարունակենք», – հավելել է Հեգսեթը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր TruthSocial սոցիալական ցանցի էջում գործողությունն անվանել է «շատ լուրջ պատասխան հարված»։

Նոյեմբերի 10-ին Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալել է Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաային։ Հանդիպումից հետո Սիրիան միացել է 88 երկրներից բաղկացած «Իսլամական պետության» դեմ պայքարի միջազգային կոալիցիային։

Հայաստանի հարավի կարգավիճակը. Մոսկվան հավակնում է «Թրամփի ճանապարհին»

Ես խնդրել եմ իմ ռուս գործընկերներին շտապ ձեռնարկել երկաթուղային հատվածների լիակատար վերականգնումը՝ Երասխից մինչև Նախիջևանի սահմանը և Ախուրիկից մինչև Թուրքիայի սահմանը։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում։

Նա նշել է, որ շուտով կբարձրացնի նաև Իջևան-Ղազախ հատվածի հարցը։ Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ է նաև արագ վերականգնել այս հատվածը։ Փաշինյանը հույս է հայտնել, որ իր ռուս գործընկերները կիրականացնեն այս խնդրանքը։

Նա հավելել է, որ երկաթուղու Մեղրիի հատվածը Ռուսաստանի վերահսկողության տակ չէ և պետք է հանձնվի Հայաստանին։ «Սա Հայաստանի ինքնիշխան տարածքն է, և մենք այս տարածքի կառավարումը ոչ մեկին չենք հանձնարարել։ Այնտեղ երկաթուղի չկա, որ որևէ մեկը կառավարի», – հավելել է նա։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը վերջերս շտապ ժամանել է Հայաստան՝ միջկառավարական հանձնաժողովի նիստը վարելու համար։ Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ «Թրամփի ճանապարհը» անհնար է առանց Ռուսաստանի։ Ռուս պաշտոնյաների խոսքով՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Հայաստանի երկաթուղիները պատկանում են ռուսական պետական ​​ընկերությանը, իսկ ռուս սահմանապահները տեղակայված են Հայաստանի և Իրանի սահմանին։ Ըստ Փաշինյանի՝ Ռուսաստանը նաև հավակնում է Մեղրիի հատվածին։

Փաշինյանը, ըստ էության, ասում է, որ Ռուսաստանը պետք է վերականգնի Երասխ-Նախիջևան և Ախուրիկ-Թուրքիա հատվածները, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի։ Սակայն Մոսկվան ասում է, որ չունի որևէ բան վերականգնելու մտադրություն առանց Մեղրիի հատվածի՝ «Զանգեզուրի միջանցքի»։

Վերլուծաբանները սկզբից ենթադրություններ են անում, որ Թրամփը կարող է «տալ» «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանին՝ որպես «երրորդ կողմի»։ Մոսկվան, Բաքուն, Անկարան և վերջերս Իրանը հայտարարել են, որ «Թրամփի ճանապարհը» ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից»։ Բաքուն պնդում է Ռուսաստանի ներկայության վրա։ Փաշինյանը, որը ստորագրել է և չի չեղարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը իր իններորդ կետով, ըստ սահմանման ևս չի կարող դեմ լինել Ռուսաստանին։

Փաշինյանը հիշեցրեց, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում հռչակագրի ստորագրումից հետո «ես ասացի, որ սա նոր հնարավորություններ է բացում հայ-ռուսական հարաբերությունների առումով»։ Նա հիշեցրեց, որ Ռուսաստանը և Հայաստանը երկաթուղային կապ են հաստատել, ինչը երբեք տեղի չէր ունեցել անկախ Հայաստանի և Ռուսաստանի ողջ պատմության մեջ՝ մինչև օգոստոսի 8-ին փաստաթղթի ստորագրումը։ Սա վերաբերում է այն փաստին, որ Ադրբեջանը մի անգամ թույլ էր տվել ռուսական հացահատիկը հասնի Վրաստանով Հայաստան։

Փաշինյանը հավելեց, որ TRIPP-ը երկկողմ նախագիծ է, և երրորդ կողմերի ներգրավումը կարող է քննարկվել միայն Միացյալ Նահանգների հետ երկկողմանիորեն։ Այսինքն, եթե Միացյալ Նահանգները համաձայն է, Ռուսաստանը կստանա իրավունքը։

Մեղրիով անցնող երկաթուղին Ադրբեջանի սեփականությունն է, հայտարարել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը։ «Պաշտոնական Մոսկվան հանկարծ հիշեց, որ Հայաստանի Մեղրիի շրջանով անցնող երկաթուղին, իբր, պատկանում է «Ռուսական երկաթուղիներին», – տեղական լրատվամիջոցներին ասել է Զուլֆուգարովը։

«Ես կցանկանայի հիշեցնել և՛ հայկական, և՛ ռուսական կողմերին, որ այս երկաթուղին Ադրբեջանի ԽՍՀ-ի և նրա իրավահաջորդի՝ Ադրբեջանի Հանրապետության սեփականությունն է։ Մեր սեփականության իրավունքները երաշխավորված են Ալմա-Աթայի հռչակագրի հավելվածներով։ Անօրինականորեն բռնագրավված գույքը չի կարող սեփականաշնորհվել Ռուսաստանի Դաշնության կողմից», – ընդգծել է Զուլֆուգարովը։ Բա։

Կասկած չկա, որ Բաքուն և Մոսկվան «կգան համաձայնության», և եթե «Թրամփի ուղին» ներկայումս նրանց հետ է պահում ռազմական լուծումից, ապա եթե Հայաստանը վերջնականապես հրաժարվի իր հարավային սահմանից, նույնիսկ Թրամփը չի օգնի։

Մեղրիով անցնող ճանապարհը Հայաստանի ինքնիշխանությունից դուրս անընդունելի է և Իրանի, և Վրաստանի համար: Թեհրանն արդեն արտահայտել է իր դիրքորոշումը, մինչդեռ Վրաստանը խոչընդոտներ է ստեղծում՝ սահմանելով բարձր մաքսատուրքեր։

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ապրանքների հետագա փոխադրմանը, գիտեմ, որ որոշ հարցեր կան վրացական երկաթուղու մաքսատուրքերի վերաբերյալ, ասել է Նիկոլ Փաշինյանը: «Եթե խնդիրը չլուծվի, տնտեսվարող սուբյեկտները տրամաբանորեն կգտնեն այլընտրանքային ճանապարհներ՝ ներմուծումն ու արտահանումն ապահովելու համար», – հավելել է Փաշինյանը։

Սա նշանակում է, որ կդիտարկվի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ հաղորդակցությունը: Բայց նույնիսկ այստեղ պարզվում է, որ Հայաստանի երկաթուղիները պատկանում են Ռուսաստանին, որը դեռ որոշակի աշխատանք ունի անելու։

Պաշտոնական Երևանը չի վիճարկում Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղիների կոնցեսիան, Եվրասիական տնտեսական միությանը նրա անդամակցությունը կամ Իրանի հետ սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը: Սա վկայում է Ռուսաստանի կողմից Մեղրիի միջանցքը պահանջելու իրավունքի լիակատար ճանաչման մասին: Հենց սա է առաջացրել Իրանի զայրույթը, որը 2020 թվականից ի վեր դեմ է «Զանգեզուրի միջանցքին Ռուսաստանի ԱԴԾ-ի վերահսկողության ներքո»: Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ հավաստիացումները այլևս ոչ մեկին չեն համոզում:

Ռուսաստանի և Ուկրաինայի “морской бой”-ը՝ Սև, Ազովի, Կասպից, իսկ հիմա՝ Միջերկրական ծով

Հնարավոր է, առաջին անգամ Միջերկրական ծովում Ռուսաստանի այսպես կոչված «ստվերային նավատորմին» պատկանող նավը հարձակման ենթարկվել։ Լրագրող Ալեքսանդր Նևզորովի տվյալներով՝ հարվածը, ենթադրաբար, իրականացրել են Ուկրաինայի զինված ուժերը։ Նա պնդում է, որ անօդաչու նավակները մեկնել են հունական նավահանգստից, անցել մոտ 500 կիլոմետր ջրի տակ, ապա անօդաչու թռչող սարքեր են արձակել թիրախի վրա։ Նա պնդում է, որ դա «Քենդիլ» տանկերն էր, որը Ռուսաստանի «ստվերային նավատորմի» մաս է կազմում, որն օգտագործվում է պատժամիջոցներից խուսափելու համար։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «ծովային մարտը» վաղուց մտել է օտար ջրեր։

Վերջին մեկ ամսվա ընթացքում Ուկրաինան հարվածել է Կասպից ծովում գտնվող ռուսական «Լուկոյլ» ընկերության երեք արտադրական հարթակների։ Վերջերս հրթիռային հարձակում է տեղի ունեցել Ռոստովի Ազովի նավահանգստի վրա, որի հետևանքով զոհվել է մի քանի մարդ և մեծ վնասներ են պատճառվել։

Իսկ դեկտեմբերի 19-ի երեկոյան Ռուսաստանը ևս մեկ հարված է հասցրել Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքներին, այս անգամ բալիստիկ հրթիռներով, որի հետևանքով զոհվել է յոթ մարդ։

Հիմա էլ ասում է՝ ձեր ինչի՞ն է կանխիկ փոխը, ամբողջը տվեք բանկերին

Հայաստանը կարող է դառնալ «առաջամարտիկ» ևս մեկ ոլորտում՝ ամբողջությամբ վերացնելով կանխիկը։ Համենայնդեպս, սա է Հայաստանի կառավարության քաղաքականությունը, որը ոչ միայն փորձում է վերահսկել մարդկանց գրպանի յուրաքանչյուր կոպեկը, այլև առավելագույն շահույթ ստանալ այդ կոպռկից։ Ակնհայտ է, որ կանխիկը պոտենցիալ «վտանգ» է կառավարության համար, որն օգտագործում է բանկերը՝ մարդկանցից վերջին փողը քամելու համար։ Բայց բոլորը հասկանում են, որ եթե երկիրը մի քանի ժամ մնա առանց ինտերնետի կամ էլեկտրաէներգիայի, ապա առանց կանխիկի բոլորը պարզապես սոված կմնան։

«Էս կանխիկի հարցը պետք է լուծել։ ինչների՞ս է պետք կանխիկ փողը»,- հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում խոսելով անկանխիկ առևտրի մասին։ «Ի՞նչ են անում մարդիկ կանխիկ փողով. կաշառք են տալիս, ստվերային առևտուր են անում, ի՞նչ պոզիտիվ բան կա, որ հնարավոր չէ անել անկանխիկ փողով։ Ծննդին նվե՞ր տալ։ Հնարավոր է՝ հավելվածով տեղում փոխանցել»,- ասել է նա։

«Օրրան»-ի 160 շահառու երեխաների «Տաշիր Արենան» հրավիրել է ամանորյա կրկեսային շոուի

«Օրրան» բարեգործական կազմակերպության 160 շահառու երեխաների օրերս «Տաշիր Արենան» Տաթևիկ Կարապետյանի նախաձեռնությամբ հրավիրել էր ամանորյա կրկեսային շոուի։ Գունագեղ բեմադրությունը և ջերմ մթնոլորտը երեխաների համար հեքիաթային տրամադրություն էր ստեղծել։ Այդ մասին հայտնում է news.am-ը։

Աննկարագրելի էին Արցախում մեծացած ութամյա Յանի հույզերը․ նրա մանկության վաղեմի երազանքն էր գոնե մեկ անգամ հաղորդակցվել կրկեսի կախարդական աշխարհին և անձամբ զգալ դրա հմայքը։ Նա, շունչը պահած, աչքերը լայն բացած, հետևում էր ակրոբատների ճկուն շարժումներին, որոնք ուղեկցվում էին լուսային և ձայնային էֆեկտներով։ Յանը խոստովանեց, որ իրականացավ իր երազանքներից առաջինը՝ մասնակցել կրկեսային ծրագրին, իսկ երկրորդը մնում է նրա ու շատերի ամենամեծ ցանկությունը՝ վերադարձը Արցախ։

Ինչպես ասաց Օրրանի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը, «Տաշիր Գրուպի» նախաձեռնությունները ապացուցում են, որ բիզնեսն ու հասարակությունը կարող են ձևավորել փոխվստահության վրա հիմնված հարաբերություն, իսկ իրականացվող անշահախնդիր քայլերը՝ ամրապնդել հավատը բարության, կարեկցանքի և սոցիալական պատասխանատվության արժեքների արժեքների նկատմամբ։

Կալինինգրադի շրջափակման փորձը լարվածությունը կբարձրացնի աննախադեպ մակարդակի. Պուտին

Կալինինգրադի մարզի շրջափակման փորձը կբարձրացնի լարվածությունը մինչև աննախադեպ մակարդակ, հնարավոր է՝ հանգեցնելով լայնածավալ ռազմական հակամարտության, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերում:

Նրան հարցրել են, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արձագանքը, եթե եվրոպական պետությունները շրջափակեն Կալինինգրադի մարզը:

Պուտինը հույս է հայտնել, որ դա տեղի չի ունենա:

«Եթե մեզ այսպես սպառնան, մենք կվերացնենք այդ սպառնալիքները: Եվ բոլորը պետք է հասկանան և գիտակցեն, որ նման գործողությունները պարզապես կհանգեցնեն հակամարտության աննախադեպ սրացման: Նրանք այն կբարձրացնեն բոլորովին այլ մակարդակի և կընդլայնեն, հնարավոր է՝ հանգեցնելով լայնածավալ զինված հակամարտության», – ասել է նա: