Ի՞նչ հիբրիդային պատերազմ, որևէ մեկին դատե՞լ են ռուսի շպիոն լինելու համար

Փաշինյանի թիմակիցները շատ հաճախ են խոսում հիբրիդային պատերազմի, արտաքին ներգործության և այլնի մասին։ Հայաստանում կա շուրջ 50 քաղբանտարկյալ, որոնց անդադար փորձում են մեղադրել ինչ-որ արտաքին կապերի հետ կապված, բայց նշվածներից ոչ մեկի նկատմամբ նման հոդված հարուցած չկա։ Նույնիսկ այն մարդկանց հանդեպ, ով հիմա ապօրինաբար, որպես քաղբանտարկյալ, շինծու հոդվածով անազատության մեջ են, նույնիսկ իրենց համար կարվել են այլ հոդվածներ։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նրան, որ ԵՄ–ն 15 մլն եվրոյի աջակցություն է տրամադրելու Հայաստանին ընտրությունների ժամանակ հիբրիդային պատերազմներին դիմակայելու համար։

250 մլն-ով քանի՞ արցախցի ընտանիքի բնակարանային հարց է լուծվելու, նախօրոք հաշվարկ արե՞լ են

«250 մլն վարկ եք վերցնում, որպեսզի արցախցիներին փորձեք ապահովել բնակարաններով։ Վստահ լինե՞նք, որ էդ գումարներն ամբողջությամբ ծախսվելու են այդ նպատակի համար»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում արցախցիների բնակապահովման ծրագրի համար վարկային միջոցներ ներգրավելու հարցի քննարկման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։

Նա հարցրեց՝ 250 մլն-ով քանի՞ ընտանիքի բնակարանային հարց է լուծվելու, նախօրոք հաշվարկ արե՞լ են։

«Դուք ծրագրից քիչ օգտվելու համար միայն քաղաքացիության պատճառն եք նշում, բայց դա այդպես չէ։ Ես ուզում եմ, որ դուք հստակ նշեք՝ ՀՀ քաղաքացիություն ստացած 26 հազար մարդկանցից քանի՞սն են դիմել եւ քանի՞սն են ստացել հավաստագիր։ Պատճառը միայն քաղաքացիությունը չէ, այնտեղ ձեր դրած ծանր չափորոշիչներն են՝ վարկային պատմության ու եկամուտների հետ կապված։ Քանի՞ մարդ է դիմել, քանի՞սն են ստացել հավաստագիր, մնացածն ինչո՞ւ չեն ստացել եւ ի՞նչ պատճառներով»,- հարցրեց պատգամավորը։

Դավիթ Խաչատրյանն ասաց, որ 3810 ընտանիք դիմել եւ ստացել է հավաստագիր, մարդկանց թիվը չունի։ «Բայց 26 հազար անձինք, որոնք ստացել են քաղաքացիություն, չի կարելի համարել, որ նրանք բոլորը ընտանիքների հանրագումարով են ստացել, որովհետեւ կարող է լինել այնպես, որ ընտանիքի 6 անդամից 5-ն արդեն ստացել են եւ այդ 26 հազար մեջ են։ Այս դեպքում ընտանիքը դեռեւս չի կարող դիմել եւ ստանալ հավաստագիր»,- նշեց փոխնախարարը։

Անդրադառնալով վարկային միջոցները նպատակային ծախսելու հարցին՝ Դավիթ Խաչատրյանն ասաց․ «Եթե ծանոթ եք վարկի համաձայնագրին, ապա այնտեղ հստակ նշված է, որ դրանք միայն այդ նպատակով կարող են ծախսվել, եւ որեւէ այլ նպատակով մասհանումներ չեն կարող իրակացվել»։

«Պարոն Խաչատրյան, ՀՀ քաղաքացիություն ստացած 26 հազար մարդուց քանի՞ մարդ է դիմել ու չի ստացել հավաստագիր։ Ուզում եմ հստակ ներկայացնեք էն մարդկանց կամ շահառուների թիվը, որոնք չեն ստացել հավաստագիր եւ ինչ պատճառաբանություններով»,- հարցադրումը շարունակեց պատգամավոր Արման Ղազարյանը։

«Ձեռքիս տակ հստակ թիվ չունեմ հենց էս պահին, բայց եկեք պարզ հաշվակ կատարենք՝ 3810 ընտանիք ստացել է հավաստագիր։ Եթե հաշվի առնենք այն, որ առաջին փուլում դիմում էին մեծ կազմով ընտանիքները, միջինում ընտանիքների անդամների թիվը կազմում է 5, հետեւաբար՝ 3800 անգամ 5, կազմում է մոտ 19 000 եւ մի փոքր ավելի»,- պատասխանեց փոխնախարարը։

“Խնդիրն այն է, որ եղած գումարը չի բավարարում բնակարանային հարցերը լուծելու համար”

«Ահազանգեր եմ ստացել որոշ անձնագրային բաժանմունքների կողմից արցախցիների համար խնդիրներ ստեղծելու վերաբերյալ։ Ես դեռ այդ անձնագրային բաժամունքների անունները չեմ հնչեցնում, որովհետեւ զգուշացրել եմ իրենց, կարծում եմ՝ հետեւություններ արել են։ Խնդիրներ կան, այդ թվում՝ քաղաքացիության տրամադրման հետ կապված։ Եվ նաեւ վերաբերմունքի հետ կապված բավականին խնդրահարույց դեպքեր ենք արձանագրել։ Եվ այդ առումով շատ կարեւոր է, որ նույն անձնագրային բաժանմունքներում պատշաճ վերաբերմունք դրսեւորեն արցախցիների նկատմամբ»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում արցախցիների բնակապահովման ծրագրի համար վարկային միջոցներ ներգրավելու հարցի քննարկման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ բնակարանային ապահովման ծրագրից օգտվող արցախցիների թիվը քիչ է եւ հարցրեց՝ վերլուծություն կատարվե՞լ է կառավարության կողմից՝ ինչո՞ւ է այս պատկերը։

Դավիթ Խաչատրյանն ասաց, որ գլխավոր պատճառը քաղաքացիություն չստանալու հետ է կապված, եւ 3810 ընտանիք արդեն ստացել է հավաստագիր, նրանցից 1600-ն արդեն բնակարան են գնել։ «Կարծում եմ՝ գումարները հիմնականում բավարարում են՝ բնակարան գնելու համար, եթե չխոսենք Երեւանի եւ երեւանամերձ բնակավայրերի մասին»,- ասաց փոխնախարարը։

«Էն մնացած մարդիկ, որ ՀՀ քաղաքացիություն ստացել են, բայց հավաստագիր չեն ստացել, դուք խնդիր չեք տեսնո՞ւմ, ո՞րն է այդ խնդիրը։ Մենք դա ենք ուզում հասկանալ, իմ կարծիքով՝ խնդիրն այն է, որ եղած գումարը չի բավարարում բնակարանային հարցերը լուծելու համար։ Եթե տենց լավ ծրագիր լիներ, կարծում եմ՝ ոչ մեկ չէր ուզի վարձով մնալ կամ բնակարանային խնդիրներ ունենալ։ Մենք վերջերս նաեւ ռեպորտաժ տեսանք, երբ արցախցի մեր հայրենակիցը մեքենայի մեջ է քնում։ Խնդիրը պիտի ռեալ հասկանանք, որ կարողանանք դրա լուծումները տալ»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարն ի պատասխան հարցադրում արեց․ «Պարոն Դանիելյան, իսկ ի՞նչն է խանգարում՝ դիմել եւ ստանալ քաղաքացիություն, հետո ստանալ հավաստագիր եւ հետո այդ ժամանակ նոր բարձրաձայնել, որ գումարը չի հերիքում։ Այսինքն՝ մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիություն չեն ստացել, բայց կա դժգոհություն, որ այդ գումարը չի բավարարում։ Նախ պետք է ստանալ քաղաքացիություն, հետո անցնել այն ճանապարհը, որն այս 1600 ընտանիքներն անցել են եւ արդեն իրացրել են իրենց իրավունքը։ Մենք Հայաստանում ունենք 250 բնակավայր, այդ թվում՝ քաղաքային, որտեղ ընտանիքի մեկ անդամի հաշվով աջակցության չափը կազմում է 5 մլն դրամ։ Այսինքն՝ մենք 250 բնակավայրում 25 մլն-ով 5 հոգանոց ընտանիքին չենք կարողանո՞ւմ ապահովել բնարանով։ Կարծում եմ՝ մի քիչ տեղին չէ այդ պատճառով չդիմել ու չստանալ քաղաքացիություն։ Եվ մենք ունենք 4 մլն դրամանոց շուրջ 650 բնակավայր, ինչը կարծում եմ՝ ամբողջությամբ բավարարում է այդ հարցերը լուծելու համար»,- նշեց Խաչատրյանը։

Պատգամավոր․ ինչո՞ւ արցախցիները քիչ են դիմում բանկեր

«Վերջին շրջանում լուրեր են տարածվում, որ ՀՀ-ն մերժում է շատ մարդկանց ՀՀ քաղաքացիություն տրամադրել, ՀՀ անձնագրեր տրամադրել։ Այս լուրերն ինչպե՞ս կմեկնաբանեք»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում արցախցիների բնակապահովման ծրագրի համար վարկային միջոցներ ներգրավելու հարցի քննարկման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ նկատի ունենալով արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը։

«Ես այսօրվա դրությամբ թվերը կարող եմ նշել՝ մեր տեղահանված հայրենակիցներից ՀՀ քաղաքացիություն են ստացել 26 233-ը, որից 16 919-ը չափահաս են, իսկ 8314-ը անչափահասներ են։ Քաղաքացիության համար դիմած եւ դեռեւս մշակման փուլում գտնվող դիմումների թիվը կազմում է 6 696։ Ինչ վերաբերում է քաղաքացիությունը մերժելու լուրերին, անկեղծ ասած, նման տեղեկություններ չունեմ։ Մենք ամենօրյա ռեժիմով տեղահանված մեր հայրենակիցների հետ շփումների մեջ ենք եւ որեւէ նման ահազանգ չենք լսել։ Բայց քանի որ քաղաքացիության հարցերով զբաղվում է ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, եւս մեկ անգամ իրենց հետ կքննարկենք հարցը»,- ասաց փոխնախարարը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանն էլ հարցրեց փոխնախարարին՝ ինչո՞ւ է ծրագրից օգտվողների թիվը քիչ։ Բանկերում մոնիտորինգ արե՞լ են, տեղահանված անձինք ի՞նչ խնդիրների են բախվում, արդյոք այդ խնդիրների պաշտճառո՞վ է, որ դիմումները քիչ են։

Դավիթ Խաչատրյանը հայտարարեց, որ բանկերի մասով որեւէ խնդիր չկա։ «Մենք թվով վեց բանկերի հետ կնքել ենք այս ծրագրի սպասարկան պայմանագիր։ Եվ դա բավականին հեշտացված ու մշակված ընթացակարգ է։ Դիմելիության մասով՝ քանի որ գլխավոր պայմաններից մեկը ՀՀ քաղաքացիություն ստանալն է, ինչպես նշեցի, արդեն 30 հազարից ավելի մարդիկ դիմել են, նրանց մեծ մասը ստացել են, մենք սա մեծապես կապում ենք քաղաքացիության դիմելիության տեմպերի հետ։ Մեծ հաշվով բավականին մոտ են այն թվերը, որ դիմում են ՀՀ քաղաքացիության համար եւ ստանալուց հետո արդեն հավաստագրի համար են դիմում»,- ասաց փոխնախարարը։

 

Քննարկվել է արցախցիների բնակապահովման համար 250 մլն․ վարկը

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում է նաեւ ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ կնքված «Կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» ծրագրի վարկայի համաձայնագիրը վարերացնելու մասին օրենքի նախագիծը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն ասաց, որ ծրագիրը նպատակ ունի զարգացնել կայուն, դիմացկուն եւ ներառական բնակարային համակարգ Հայաստանում՝ աջակցելով Արցախից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը եւ բարեկեցությանը։ Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Ասիական զարգացման բանկի եւ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի միջոցների հաշվին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ԱԶԲ-ի կողմից ՀՀ-ին տրամադրել 250 մլն դոլար վարկ։ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմանդրամի կողմից տրամադրվող դրամաշնորհներն էլ կազմում են 16 450 հազար դոլար։

«Ծրագիրը նպատակ ունի ֆինանսավորել կառավարության կողմից դեռեւս 2024 թվականին հաստատված Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության պետական աջակցության ծրագիրը։ Հիշեցնեմ, որ պայմաններին բավարարելու դեպքում ընտանիքները կարող են դիմել եւ ստանալ հավաստագրեր, ինչի միջոցով կարող են գնել իրենց նախընտրած բնակարանը կամ բնակելի տունը՝ իրենց նախընտրած բնակավայրում։ Նշեմ, որ այսօրվա դրությամբ 3810 ընտանիք դիմել եւ ստացել է բնակարանի հավաստագիր, որոնցից 1631-ը ձեռք են բերել իրենց սեփական տունը կամ բնակարանը»,- ասաց փոխնախարարը։

Վարկը տրամադրվում է 27 տարի ժամկետով, եւ առաջին 10 տարին արտոնյալ ժամկետ է սահմանվում։

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն․ Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողվոի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ Իրանից հնչող անհանգստություններին։

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է․ «Թրամփի, այսպես կոչված Կովկասի ծրագիրը ոչնչով չի տարբերվում Զանգեզուրի միջանցքից, և Իրանը կտրականապես դեմ է դրան»։

Սարգիս Խանդանյանն ասաց, որ որեւէ նոր մանրամասներ ի հայտ չեն եկել, TRIPP ինչպես կա, շարունակում է մնալ ենթակառուցվածքային նախագիծ, որոշ առումով նաեւ բիզնես նախագիծ։ Այն հայ-ամերիկյան երկկողմ նախագիծ է, այդ նախագծում որեւէ անվտանգային բաղադրիչ չկա։ Դրա նպատակն է Հայաստանում ենթակառուցվածքների զարգացումը։

«Իրանի մեր գործընկերների հետ միշտ տարբեր մակարդակներում հաղորդակցություն կա, հիշո՞ւմ եք՝ նախագծը նոր էր ներկայացվել, Իրանի արտգործնախարարը եւ այլ պաշտոնյաներ հանդես եկան հայտարարություններով՝ ասելով, որ իրենց անհանգստությունները փարատված են։ Իրանի մեր գործըներների հետ մշտական կապի մեջ ենք, եթե լինում է որեւէ անհանգստություն, Հայաստանն օպերատիվ կերպով արձագանքում է։ Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն, որովհետեւ նախ Հայաստանը որեւէ հավակնություն չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու։ Հայաստանն ունի ՆԱՏՕ-ի հետ համագործակցության որոշակի շրջանակ, որը չի ենթադրում որեւէ կերպ ՆԱՏՕ-ի ֆիզիկական ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ընդհանրապես TRIPP համատեքստում դրա մասին խոսելը նպատակահարմար չէ, որովհետեւ TRIPP-ը ենթակառուցվածքային ծրագիր է»,- ասաց Խանդանյանը։

Անդրադառնալով Ռուսաստանից հնչող հայտարարություններին, թե պատրաստ են քննարկել Թրամփի ուղի նախաձեռնությանը Մոսկվայի հնարավոր մասնակցության հարցը, Սարգիս Խանդանյանն ասաց․ «TRIPP նախագիծը երկկողմ նախագիծ է, Հայաստանի, եւ ԱՄՆ-ի միջեւ են բանակցություններն ընթանում։ Որեւէ կողմի ներգրավման հարցերը հետագայում են քննարկվելու, ինչպես համաձայնագրում է գրված՝ կողմերի համաձայնությամբ, այսինքն՝ կոնսենսուսով»։

 

Գլխավոր հարցն այն է, թե ում կմեղադրեն Ուկրաինայի շուրջ բանակցությունների ձախողման համար

Բեռլինում Ուկրաինայի և ԱՄՆ պատվիրակությունների միջև բանակցություններից հետո Կիևի և Մոսկվայի միջև կնքված խաղաղության համաձայնագրի հարցերի 90%-ը կարելի է համարել լուծված։ Այս մասին դեկտեմբերի 15-ին հայտնել են Sky News-ը և Bloomberg-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի։ Բայց կարևորը  մնացած 10 տոկոսն է։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, դեկտեմբերի 15-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում ելույթ ունենալով, ընդունել է, որ Կիևի և Վաշինգտոնի դիրքորոշումները տարածքային հարցի վերաբերյալ տարբերվում են։ Նա խնդիրը բնութագրել է որպես բարդ և ցավոտ, իսկ Բեռլինում բանակցությունները՝ դժվար, բայց արդյունավետ։

Մի շարք հարցերի շուրջ արդեն իսկ փոխզիջում է ձեռք բերվել։ Մասնավորապես, Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կարող է հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց, բայց դա կանի միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի հետ ունենա երկկողմ համաձայնագիր անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որոնք նման են դաշինքի կանոնադրության 5-րդ հոդվածում պարունակվող երաշխիքներին (ՆԱՏՕ-ի մեկ երկրի դեմ ագրեսիան համարվում է բոլորի դեմ ագրեսիա)։ Կիևը նաև ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ եվրոպական երկրներից, Կանադայից և Ճապոնիայից։

Ուկրաինան ԵՄ անդամակցությունը համարում է այդպիսի երաշխիքներից մեկը։

Ըստ Wall Street Journal-ի և Bloomberg-ի՝ Բեռլինում Զելենսկին հրաժարվել է զորքերը դուրս բերել Դոնբասից՝ պնդելով, որ բանակցությունների մեկնարկային կետը պետք է լինի ներկայիս առաջնագիծը։ Politico-ի համաձայն՝ Ուկրաինան նաև մերժել է տարածաշրջանում ապառազմականացված «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու ամերիկյան առաջարկը։

«Մենք պետք է հասկանանք, որ եթե նա [Պուտինը] վերցնի Դոնբասը, ամրոցը կփլուզվի, և այդ ժամանակ նրանք անպայման կանցնեն ամբողջ Ուկրաինայի գրավմանը։ <…> Եթե Ուկրաինան նահանջի, [Եվրոպայի] մյուս տարածաշրջանները նույնպես վտանգի տակ կլինեն», – հայտարարել է ԵՆ արտաքին հարցերի հանձնակատար Կայա Կալլասը։

Բանակցություններից հետո, երբ հարցրել են, թե արդյոք Ուկրաինան ստիպված կլինի տարածքային զիջումներ անել, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է. «Անկեղծ ասած, նրանք արդեն կորցրել են որոշ տարածքներ»։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ներկայացրել է Սուրբ Ծննդյան և Նոր տարվա համար Ուկրաինայում հրադադարի ռեժիմ հաստատելու գաղափարը։ Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան և ԱՄՆ-ն աջակցում են Գերմանիայի կանցլերի առաջարկին։ Նա հավելել է, որ ուկրաինական կողմը աջակցում է ցանկացած հրադադարի, բայց հիմա գնդակը Ռուսաստանի դաշտում է։

Ուկրաինայի եվրոպացի դաշնակիցները առաջարկել են ստեղծել «բազմազգ ուժեր»՝ Կիևի և Մոսկվայի միջև հնարավոր խաղաղության համաձայնագիրը աջակցելու համար։ Այս մասին ասվել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Նիդեռլանդների, Դանիայի, ինչպես նաև Բեռլինում բանակցություններին մասնակցած Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։

«Եվրոպական գլխավորությամբ «Բազմազգ ուժերը Ուկրաինայի համար», որոնք կստեղծվեն «Կամեցողների կոալիցիայի» շրջանակներում շահագրգիռ երկրների կողմից՝ Միացյալ Նահանգների աջակցությամբ, կնպաստեն Ուկրաինայի զինված ուժերի վերականգնմանը, կապահովեն Ուկրաինայի օդային տարածքի անվտանգությունը և կպահպանեն ծովային անվտանգությունը, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքում գործողությունների միջոցով», – նշվում է փաստաթղթում։

Այն ընդգծում է, որ խաղաղ ժամանակ ուկրաինական բանակի առավելագույն թվաքանակը պետք է կազմի 800,000 զինվոր։ Ավելին, պետք է ստեղծվի «ԱՄՆ գլխավորությամբ հրադադարի մոնիթորինգի մեխանիզմ»՝ միջազգային մասնակցությամբ, ինչպես նաև փոխադարձ դեէսկալացիայի միջոցառումների մշակման մեխանիզմ։

Հայտարարության համաձայն՝ Եվրոպան իրավաբանորեն պարտավոր է միջոցներ ձեռնարկել «Ուկրաինայի վրա ապագա զինված հարձակման դեպքում խաղաղությունն ու անվտանգությունը վերականգնելու համար»։

Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալը և երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումները կարող են նախագահ Վլադիմիր Զելենսկուն մոտեցնել խաղաղության համաձայնագրի, հաղորդում է The Washington Post-ը։

Ամերիկացի պաշտոնյաների մեկնաբանություններից դատելով՝ Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ, հնարավոր է, քննարկվել է նաև Ուկրաինայում ընտրությունների հարցը։

Նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում խոսել էր Ուկրաինայում նոր ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին։ Զելենսկին պատասխանել էր, որ չի կառչում իշխանությունից և պատրաստ է անցկացնել քվեարկությունը, բայց միայն այն պայմանով, որ Միացյալ Նահանգները կարողանա ապահովել  անվտանգությունը։

Ուկրաինայի օրենքները հստակորեն արգելում են ընտրություններ անցկացնել պատերազմական ժամանակ, սակայն Զելենսկին հայտնել է օրենսդրությունը համապատասխանաբար փոփոխելու իր պատրաստակամությունը։

BBC-ն հարցնում է, թե ո՞ւմ կմեղադրի Թրամփը խաղաղության գործընթացի խափանման համար, եթե համաձայնագիրը չհաջողվի՝ Ուկրաինային և Եվրոպային, թե՞ Ռուսաստանին, քանի որ Մոսկվան կարող է չհամաձայնվել այս ամենի հետ։

Զելենսկին Բեռլինում բանակցություններից հետո լրագրողներին ասել է, որ կողմերը այս շաբաթ կշարունակեն աշխատել խաղաղության ծրագրի վրա, իսկ ամերիկացիները խորհրդակցություններ կանցկացնեն Մոսկվայի հետ, որից հետո ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունները կրկին կհանդիպեն Միացյալ Նահանգներում։

ՊՆ-ն հերքել է Մեղրիի ուղղությամբ գրոհի մասին գրառումը

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հերքել է պահեստազորի գնդապետ Նաիրա Գևորգյանի հայտարարությունը, թե դեկտեմբերի 7-8-ին Մեղրիի զորամասի ուղղությամբ գրոհ է եղել։

ՊՆ մամուլի քարտուղարը սոցցանցերի իր էջում գրել է.

«Զինված ուժերում, մեղմ ասած, անփառունակ ծառայությամբ «աչքի ընկած» անձի հայտարարությունը ոչ միայն ապատեղեկատվություն է, այլև Հայաստանի Հանրապետության, նրա պետական ինստիտուտների ու բանակի դեմ ուղղված տեղեկատվական գրոհի հերթական անհաջող ու ձախողված փորձ:

ԶԼՄ գործընկերներին կոչ ենք անում ձեռնպահ մնալ նմանօրինակ հերյուրանքների արտատպումից և չներքաշվել ՀՀ շուրջ հիբրիդային սպառանալիքներ ստեղծելու դատապարտելի գործընթացի մեջ:

Միաժամանակ կարծում ենք, որ պատկան մարմինները ևս կուսումնասիրեն տվյալ հայտարարությունը և կդիտարկեն դրան իրավական գնահատական տալու հնարավորության հարցը»:

Հիշեցննք, Նաիրա Գևորգյանը գրել է, որ 7-8-ին Մեղրիի զորամասի ուղղությամբ գրոհ է եղել, որը հետ է մղվել ՀՀ ԶՈւ-ի կողմից։ “Միևնույն ժամանակ, վերադասի կողմից տրվել է “չկրակել” հրաման”։

ԱՄՆ-ն դժգոհ է Նեթանյահուից. «զինվորների» դարաշրջանն ավարտվում է

Թուրքիայում ԱՄՆ դեսպան և ԱՄՆ նախագահի Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը պաշտոնական այցով ժամանել է Իսրայել, ըստ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի։ Լրատվամիջոցները հայտնում են, որ այցը պայմանավորված է Թրամփի խիստ դժգոհությամբ Նեթանյահուի գործողություններից։

Ամերիկացի երկու պաշտոնյաներ Axios-ին ասել են, որ Սպիտակ տունը խիստ ձևակերպված ուղերձ է հղել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ ընդգծելով, որ շաբաթավերջին Համասի բարձրաստիճան ռազմական հրամանատարի սպանությունը խախտում է ԱՄՆ նախագահ Թրամփի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագիրը։

Սպիտակ տան զայրացած ուղերձը հնչել է Թրամփի վարչակազմի և Նեթանյահուի կառավարության միջև աճող լարվածության ֆոնին՝ Գազայում պատերազմը դադարեցնելու համաձայնագրի հաջորդ փուլի և Իսրայելի ավելի լայն տարածաշրջանային քաղաքականության շուրջ։

Նեթանյահուն, ինչպես սպասվում է, կհանդիպի Թրամփի հետ Մար-ա-Լագոյում դեկտեմբերի 29-ին։

Սպիտակ տան ուղերձը Նեթանյահուին հետևյալն էր. «Եթե ուզում եք փչացնել ձեր հեղինակությունը և ցույց տալ, որ չեք հարգում համաձայնագրերը, շարունակեք, բայց մենք թույլ չենք տա, որ դուք փչացնեք նախագահ Թրամփի հեղինակությունը, այն բանից հետո, երբ նա միջնորդեց Գազայի գործարքը»։

Նախագահ Թրամփի կողմից պատերազմների «ավարտը» կարող է հանգեցնել «զինվորներ-ղեկավարների» փոփոխության Ուկրաինայում, Իսրայելում և այլ երկրներում: Թրամփն այժմ ուղղակիորեն հայտարարում է, որ իր «խաղաղության ծրագիրը» բախվում է Զելենսկուն: Գրեթե հաստատ է, որ երեք ամսից Ուկրաինայում ընտրություններ կանցկացվեն, չնայած Զելենսկին կարող է մինչ այդ իշխանությունը հանձնել խորհրդարանին: Հնարավոր է, որ նմանատիպ ճակատագիր է սպասվում Նեթանյահուին և Լուկաշենկոյին, և Էրդողանը կդառնա ԱՄՆ նոր «ֆավորիտը»։

«Զինվորներ» Փաշինյանն ու Ալիևը զգում են մոտեցող ալիքը:

Երկակի փախստական․ Սումգայիթից մինչև Երևան

1988 թվականի փետրվարին Սումգայիթում հայերի ջարդերը ստիպեցին Ռուզաննա Ավագյանի ընտանիքին շտապ լքել քաղաքը՝ թողնելով տունը, ունեցվածքը և ամբողջ կյանքը։ Հրաշքով խուսափելով մահից՝ նրա ընտանիքը ապաստան գտավ Ստեփանակերտում։ Ռուզաննան ինքը մեկնեց Հայաստան և միացավ Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու շարժմանը։ 1988 թվականին նա դարձավ Երևանի Ազատության հրապարակի հացադուլավորներից մեկը։ Նրա քաղաքացիական դիրքորոշումը լայն ուշադրության և լրատվամիջոցների լուսաբանման արժանացավ, այդ թվում՝ Ադրբեջանում։ Հենց այդ ժամանակ ընկերները զգուշացրին ընտանիքին, որ Սումգայիթ վերադառնալը՝ մնացած ունեցվածքը վերցնելու համար վտանգավոր է. բոլորը գիտեին նրա մասնակցության մասին շարժմանը, և ընտանիքի հանդեպ հաշվեհարդար էր սպասվում։

Վերադառնալով Ստեփանակերտ՝ Ռուզաննան և նրա ընտանիքը որպես փախստականներ Ադրբեջանից, բնակարան ստացան ուսանողական հանրակացարանում։ Բայց նույնիսկ այնտեղ պատերազմը նրանց խաղաղ կյանքի հնարավորություն չթողեց։ Առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Շուշիից արձակված հրետանային արկը հարվածեց նրանց տանը։ Պատմությունը կրկնվեց 44-օրյա պատերազմի ժամանակ։ Ամեն անգամ Ռուզաննան վերակառուցում էր ավերակները՝ կառչած խաղաղության հույսին։

«Մենք ստիպված էինք վերակառուցել պատերը, վերանորոգել սենյակը և գնել տան համար անհրաժեշտ պարագաները։ Երբ աշխատանքները գրեթե ավարտվեցին, սկսվեց 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմը, որին հաջորդեց հարկադիր տեղահանությունը։ Մենք կրկին փախստականներ դարձանք, կրկին կորցրեցինք ամեն ինչ»։

Լեռնային Ղարաբաղում Ռուզաննան երկար տարիներ ակտիվորեն զբաղվում էր Ադրբեջանից փախստականների իրավունքների պաշտպանմամբ։ Սկզբում՝ որպես ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, ապա՝ որպես «Փախստական ​​կանանց միություն» ՀԿ-ի նախագահ։

Այսօր հասարակական աշխատանքը շարունակելը Հայաստանում նրա համար գործնականում անհնար է։ Ընտանիքը բախվում է դաժան իրականության։ Ռուզաննան բնակարան է վարձակալում Երևանում իր երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող որդու և տարեց մոր հետ։ Այլ տարածաշրջան տեղափոխվելու մասին խոսք անգամ լինել չի կարող. նրա որդին կարիք ունի մշտական ​​բժշկական հսկողության և կանոնավոր ընթացակարգերի, իսկ անհրաժեշտ մասնագետները հասանելի են միայն մայրաքաղաքում։ Նա նաև չի կարողանում աշխատանք գտնել. անհնար է երկար ժամանակով թողնել որդուն և մորը։ Նույնիսկ ճկուն աշխատանքային ժամերով աշխատանք փնտրելիս նրան հաճախ մերժում են տարիքի պատճառով։

Ավագ որդին զգալի օգնություն է ցուցաբերում, բայց նա սեփական ընտանիքը ունի՝ երկու փոքր երեխաներով։

Բնակվարձ, որդու համար անհրաժեշտ դեղորայք, բուժման համար տրանսպորտային ծախսեր և տնային ծախսեր՝ այս ամենը պահանջում է խիստ խնայողություն: Իրավիճակը վատանում է ամեն ամիս: Մեկ դեղորայքը տրամադրվում է անվճար, բայց մնացած ամեն ինչի համար նա ստիպված է վճարել: Տանտերը հրաժարվում է իջեցնել բնակվարձը, իսկ ավելի մատչելի բնակարան գտնելու նրա որոնումները ապարդյուն են եղել: Բնակարանային վկայականները, ըստ Ռուզաննայի, չեն լուծում խնդիրը. երեք վկայականը բավարար չէ նույնիսկ Երևանի մոտակա գյուղերում բնակարան գնելու համար։

«Ադրբեջանից արտաքսումից հետո մենք նույնիսկ չէինք կարող պատկերացնել, որ կրկին կանցնենք այս ամենի միջով: Հիմա մեզ համար ավելի դժվար է. այն տարիների ֆիզիկական և հոգեբանական տրավմաները չեն անցել, և հիմա դրանց ավելացվել են անտանելի սոցիալական խնդիրներ»:

Չնայած ամեն ինչին, Ռուզաննան շարունակում է աշխատանք փնտրել իր տան մոտ: Նա պատրաստ է գումար վաստակել տանը խմորեղեն թխելով՝ ինչ-որ կերպ իր ընտանիքը պահելու համար, բայց նա նույնիսկ ջեռոց գնելու փող չունի:

«Մեր նման ընտանիքների համար պարզապես ելք չկա. գոյատևումն արդեն իսկ պայքար է: Ես որևէ բարելավում չեմ տեսնում»:

Ալվարդ Գրիգորյան

Սամվել Բաբայանը գրառում է արել

Դուք, այոˊ, չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից։ Չունեք իրավունք փակելու նրա հարցը ինչ-որ մեկի քաղաքական քիմքի հարմարությամբ։ Այս մասին գրել է Արցախի նախկին ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը։

«Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները վաղուց հանրահայտ են։ Սակայն Գերմանիայում հնչեցրած վերջին հայտարարությամբ նա անցավ հերթական վտանգավոր գիծը՝ ասելով, թե ԼՂ-ի հարցի չլուծված լինելու մասին խոսողները նոր պատերազմ են ուզում։ Ավելին՝ նա նույնականացրեց ԼՂ-ից բռնի տեղահանված ժողովրդի վերադարձի իրավունքը Ղարաբաղյան շարժման հետ՝ մանիպուլացնելով հանրային գիտակցությունը։

Որեմն՝ երբ հայտարարում եք, թե ԼՂ-ի հարցի մասին խոսողները նոր պատերազմ են ուզում, դուք ոչ թե սխալվում եք, այլ գիտակցաբար խեղաթյուրում եք իրականությունը․

ԼՂ ժողովրդի հարցը լուծված չէ։

Սա փաˊստ է, ոˊչ կարգախոս։

Սա պատերազմ չէ, սա իրականություˊն է։

Պատերազմ չեն ուզում նրանք, ովքեր բարձրաձայնում են չլուծված խնդիրների մասին։ Պատերազմը ծնվում է շրջանցված խնդիրներից։ Իսկ շրջանցված խնդիրը չպայթած ական է։ Պատերազմի վտանգն առաջանում է այն ժամանակ, երբ իշխանությունը, ելնելով քաղաքական նպատակահարմարությունից, պարտությունը փորձում է փաթեթավորել «խաղաղության» փայլաթղթով և լռեցնել բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են մասնակցել այդ խաբեությանը։

Գրեթե ամեն ելույթում անդրադառնում եք ԼՂ-ին, բայց միաժամանակ պնդում, թե այդ մասին խոսել պետք չէ՝ հղում անելով «Արևմտյան Ադրբեջան» կեղծ նարատիվին։ Միջազգային իրավունքի նորմերով ինքնորոշված, երեք տասնամյակ պետականություն ունեցած ժողովրդին համեմատու՞մ եք քաղաքական ֆեյքի հետ։

Ահա այսպես շուրջ երեք տասնամյակ ամեն ինչ արվել է, որ ժողովուրդը զզվի իր իսկ հաղթանակից, որովհետև այն ներկայացվել է որպես բեռ, այսօր էլ՝ որպես խոչընդոտ «խաղաղ ապագայի» ճանապարհին։ Սա ոչ թե պատմության վերարժևորում է, այլ ազգային ինքնագիտակցության հետևողական քայքայում։

Երբ հայտարարում եք, որ պետական պարտքի պատճառներից մեկը ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրն է, դուք նպատակային ներազգային թշնամանք եք հրահրում։ Աղքատ քաղաքացուն մատնացույց անելով ղարաբաղցուն, դուք սոցիալական քաղաքականություն չեք վարում։ Դուք ատելություն եք սերմանում։ Եվ դա անում եք գիտակցված։ Սա վերարտադրվելու մեխանիզմ է՝ հասարակությունը բաժանելու հաշվին։

Եվ բացի այդ, ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության մասին խոսելիս, ճիշտ կլիներ ասեիք, թե

միջազգային գործընկերներից ինչքան գումար եք ստացել այդ անվան տակ,

ինչ ուղղություններով եք ծախսել,

ինչու ԼՂ ընտրված ներկայացուցիչներին այդ միջոցների կառավարմանը մոտ չեք թողնում։

Հիմա՝ ձեր վարած քաղաքականության մասին։

Դուք հայտարարեցիք, որ «Արցախը Հայաստան է»։

Հետո՝ որ ԼՂ ժողովրդի անունից բանակցելու մանդատ չունեք։

Հետո՝ վերահաստատեցիք Ձեր նախորդներին, որ ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխավորն եք։

Ապա սրբագրեցիք՝ միայն սոցիալական անվտանգության երաշխավորը։

Դուք ինքնահոսի մատնեցիք պատերազմը։

Դուք պարտվեցիք։

Դուք հանձնեցիք։

Այնուհետև դադարեցիք կատարել ԼՂ Պաշտպանության բանակի նկատմամբ ստանձնած պարտավորությունները, սակայն բանակի կառավարումը այդպես էլ չվերադարձրեցիք ԼՂ-ին։ Իսկ ճակատագրական պահին նախընտրեցիք «չխառնվել ԼՂ-ի ներքին գործերին»։

Արդյունքում մի ամբողջ ժողովուրդ ձեր որոշմամբ մնաց առանց պետության, առանց կարգավիճակի, առանց ապագայի․․․ և բռնեց գաղթի ճամփան։

Բայց Մայր հայրենիքում նա փախստական էր՝ անհայրենիք, անտուն և անտեր։

Եվ այսօր ոչ մի իրական հնարավորություն չեք ստեղծում այդ մարդկանց համար՝

ոˊչ բնակապահովում,

ոˊչ աշխատանք,

ոˊչ էլ համակարգային ինտեգրում։

Փոխարենը՝ «ժողովրդավարության բաստիոնում» արգելում եք խոսել սեփական իրավունքներից և դրանց հնարավոր պաշտպանությունից։

Դուˊք չեք որոշում՝ ԼՂ-ի հարցը փակ է, թե բաց։

Ալիˊևը ևս չի որոշում։

Դա աշխարհաքաղաքական գործընթաց է՝ երկուսիցդ վեր։ Բայց պիտի գիտակցել, որ ով խուսափում է խնդրի լուծումից, առերեսվելու է ավելի մեծ և վտանգավոր կոնֆլիկտի հետ։

Դուք, այոˊ, չունեք մանդատ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից։

Չունեք իրավունք փակելու նրա հարցը ինչ-որ մեկի քաղաքական քիմքի հարմարությամբ։

ԼՂ-ի ժողովուրդն օժտված է բնական իրավունքներով։

Եվ այդ իրավունքները ոչ մի ժամանակավոր քաղաքական հաշվարկ իրավունք չունի սահմանափակելու, սակարկելու կամ լռեցնելու։

Ճշմարտությունը պատերազմի կոչ չէ։

Ճշմարտությունը պարտության հետ հաշտվելու մերժում է։

Եվ որքան էլ փորձեք այն լռեցնել, այն անխուսափելիորեն վերադառնալու է՝ որպես հարց, որպես պահանջ և որպես պատասխանատվություն»,-գրել է նա։

Թոշակառուների հետվճարը 12%-ի փոխարեն կլինի 20%

2026 թ․ հունվարի 1-ից անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20 % հետվճար՝ գործող 12 %-ի փոխարեն։ Արդյունքում՝ կենսաթոշակառուները և նպաստառուները կարող են բարձրացնել սեփական կենսաթոշակը կամ նպաստը մինչև 10,000 դրամով՝ գործող 6,000-ի փոխարեն։ Այս մասին հայտնում են  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նոյեմբեր ամսվա տվյալներով՝ ծրագրից օգտվում է 366 հազար 432 քաղաքացի․ ծրագրի մեկնարկից մինչ օրս կենսաթոշակային քարտերով իրականացվել է շուրջ 327 մլրդ դրամի անկանխիկ գործարք, և հետվճարի տեսքով շահառուներին վերադարձվել է շուրջ 30 մլրդ դրամ։