Ռուսաստանը վերջին պահին խանգարել է Ուրուգվային ճանաչել Արցախը

Կարելի է պատրաստվել առցանց ընտրությունների եւ ապահովել Արցախի իշխանությունների լեգիտիմությունը։ Այս մասին Արցախի խորհրդարանի կազմակերպած «Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ ասաց ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Բայց այս ամենն անելու համար պիտի գանք նույն հարցին՝ Հայաստանի այս իշխանություններով ոչինչ չի կարելի անել»,- նշեց նա։

Կիրո Մանոյանն անդրադարձավ նաեւ Արցախի հարցում Ռուսաստանի վարած քաղաքականությանը եւ այն հայտարարություններին, որ Պուտինն ասել էր՝ անգամ ՀՀ իշխանությունները չեն ճանաչել Արցախը։

Մանոյանն ասաց, որ 2012 թվականին Ուրուգվայի այն ժամանակվա արտգործնախարարը եկավ հասավ Երեւան, ծրագրված էր, որ պետք է գնար Ստեփանակերտ եւ հայտարարեր, որ Ուրուգվայը ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը։

«Օդանավից դեռ չիջած՝ իր նախագահը զանգեց, որովհետեւ Մոսկվայից զանգել էին, որ հետ գնար։ Ռուսաստանը շատ մեղքեր ունի այս ամենի մեջ՝ եւ կարգավորման գործընթացի, եւ խաղաղապահների հարցի, եւ տեղահանության։ Այս մեկ փաստը եւս կա, որ արգելել է։

Բայց 2023 թվականի հոկտեմբերից գոնե ունենք բոլորի կեսբերան ասած վերադարձի իրավունքի մասին հաստատումը։ Վերջերս նույնիսկ ԱՄՆ դեպարտամենտը վերահաստատեց, որ դա շարունակում էր մնալ ԱՄՆ օրակարգում։ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն էլ կա, բոլորը հաստատել են արցախցիների վերադարձը։ Մնացածը աշխատանքի եւ հետապնդելու հարց էր, ու կարեւոր է այսօր նորից Արցախի իշխանությունների ակտիվությունը։ Մենք Արցախի իշխանություններին զորավիգ կկանգնենք, ինչ կարող ենք, կանենք, մնում է, որ Արցախի իշխանություններն ակտիվանան»,- նշեց նա։

Բիզնես-ծրագրերի շահառու կարող են հանդիսանալ 18-65 տարեկան արցախցի խոցելի կանայք

Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը հայտարարում է «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում  փոքր ձեռնարկությունների և մասնագիտական կրթությունների հայտադիմումների ընդունման մեկնարկը։

ՙՙ Ծրագիրը նախատեսում է ֆինանսավորել՝

40 փոքր ձեռնարկություն (նախապատվությունը կտրվի գյուղատնտեսական, արտադրական ոլորտներին և նորարարական գաղափարներին)

15 մասնագիտական կրթություն

Ծրագրի շահառու կարող են հանդիսանալ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանված 18-65 տարեկան խոցելի կանայք, ինչպես նաև 2020թ․ պատերազմում զոհված կամ դրան հաջորդող ռազմական գործողությունների հետևանքով 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների կանայք և մայրերը, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ ունեն փոքր ձեռնարկություն ստեղծելու մտադրություն։

Փոքր ձեռնարկատիրական ծրագրերը դիտարկելիս նախապատվությունը կտրվի գյուղատնտեսական, արտադրական ոլորտներին և նորարարական գաղափարներին:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2026 թվականի հունվարի 12, ժամը` 23։59։

Ծրագրի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝

https://rb.gy/jo36f9

Մասնակցության հայտի հղումը ստորև՝

https://forms.gle/i1v3PFzvEjAgHMeL6 ՚՚ Նշված է հայտարարության մեջ

Ծրագիրն իրականացվում է Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի կողմից՝ Սուրբ Սարգիս բարեգործական կազմակերպության և Սոցիալական Օգնության Հայկական Միության համաֆինանսավորմամբ:

Իր գործունեության շրջանակներում  Կայուն զարգացման հայկական հիմնադրամը աջակցում է խոցելի կանանց՝ փոքր բիզնեսի ստեղծման և մասնագիտական ​​ուսուցման կազմակերպման միջոցով։

Հիմնադրամի նպատակն է  նաև հասարակության  բոլոր շերտերի և հատկապես առավել խոցելի խմբերի համար ապահովել կրթության հավասար հասանելիությունը: Հիմնադրամն իրականացնում է կրթության ոլորտում նորարարական ծրագրեր, ֆինանսավորում է համալսարանական կրթաթոշակներ, համալրում է դպրոցները և գրադարանները անհրաժեշտ գրականությամբ և սարքավորումներով:

2020 թվականի պատերազմին հաջորդած դաժան իրողությունների պայմաններում  Կայուն զարգացման հայկական հիմնադրամն իր գործունեության կարևոր մասն է համարում աջակցությունը պատերազմից տուժածներին՝ այդ թվում Արցախից բռնի տեղահանված անձանց, հասարակության մեջ վերջիններիս ավելի լավ սոցիալական և տնտեսական ներառման համար:

Այս լսումներով մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր փուլը․ Աշոտ Դանիելյան

«Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ Արցախի ԱԺ նախագահ, Արցախի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Դանիելյանն ասաց, որ Արցախի նախագահի՝ 2024 թվականի դեկտեմբերի 16-ի հրամանագրով հաստատվել է Արցախի Հանրապետության պետական ինստիտուների պահպանման եւ գոծունեության շարունակականության ապահովման ռազմավարությունը։

«Այն նպատակ ունի ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել Արցախի վերադարձն ու պետականության շարունակականությունը։ Այս ռազմավարությունը ծրագրային փաստաթուղթ է, որը ներառում է բարդ աշխատանքների իրականացում բոլոր ուղղություններով, հատկապես, արտաքին հարաբերություններում։ Մենք պետք է լինենք առաջամարտիկները՝ ունենալով Հայաստանի եւ Սփյուռքի կարեւոր աջակցությունը։ Այս լսումներով մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր փուլը»,- հայտարարեց նա։

Աշոտ Դանիելյանն ասաց, որ մասնավորապես ուշադրության կենտրոնում են հետեւյալ հարցերը։

Առաջինը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչվել է բոլոր հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ, Եվրոպայի խորհուրդ։ Նրանք արձանագրել են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման հիմական սկզբունքների հիման վրա։

Երկրորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելը՝ առանց ԼՂ ընտրված իշխանությունների հետ որեւէ խորհրդակցությամբ կամ համաձայնությամբ։ Սա այն դեպքում, երբ այս կառույցներն են սահմանել ԼՂ ընտրված ղեկավարության՝ հակամարտության կարգավորման գործընթացին լիարժեք մասնակցելու իրավունքը եւ տարիներ շարունակ տարածաշրջան այցելությունների ժամանակ անպայման հանդիպումներ էին ունենում Արցախի նախագահի եւ այլ բարձաստիճան պաշտոնյաների հետ։ Մինսկի խմբի լուծարումն իրականացվել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների դիմումի հիման վրա։ Այդ դիմումը կոպտորեն ոտնահարում է միջազգային իրավունքը, արդարացնում է Արցախի հայ բնակչության դեմ իրականացված ցեղասպանությունն ու էթնիկ զտումը եւ անտեսում է 150 հազար մարդու՝ սեփական հայրենիք վերադառանալու ու ինքնորոշվելու անօտարելի իրավունքը։ Այս որոշումը համապատասխանում է Ադրբեջանի իշխանությունների երկար տարիների ձգտումներին, որոնց համար պարզապես կանաչ լույս վառեցին ՀՀ իշխանությունները։

Երրորդ՝ հակամարտությունը կարգավորված չէ, ներկայիս իրավիճակը ստեղծվել է ռազմական ագերսիայի հետեւանքով՝ խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը եւ միջազգային իրավունքի նորմերը։

Չորրորդ՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների համաձայն՝ ինքնորոշման իրավունքն իրացրած ժողովրդի նկատմամբ ռազմական ագրեսիա, էթնիկ զտումներ ու ցեղասպանություն կիրառող պետությունը հանցագործ է եւ միջազգային ատյաններում պետք է ստանա համապատասխան գնահատականներ։

Հինգերորդ՝ մեր գլխավոր նպատակն է իրացնել Արցախի ժողովրդի իրավունքները, վերադառնալ սեփական հայրենիք, անվտանգ ապրել եւ ինքնորոշման հիման վրա որոշել քաղաքական կարգավիճակը։

Վեցերորդ՝ Արցախի ժողովրդի անունից հանդես գալու լիազորություն ունեն միայն Արցախի իշխանությունները։ Անհրաժեշտ ենք համարում համապետական ընտրությունների կազմակերպում, որին պետք է մասնակցի Արցախի ժողովուրդը։ Պետք է ընտրություններ կազմակերպել առաջին իսկ հնարավորության դեպքում։

Յոթերորդ՝ մենք միշտ ցանկացել ենք խաղաղություն, չնայած բազմիցս ենթարկվել ենք ռազմական ագերսիայի։ Այսօր էլ պատրաստ ենք խաղաղ բանակցություններով լուծել խնդիրները՝ միջազգային իրավունքի նորմերի հիման վրա։

«Վստահ եմ՝ ինչպես 1988-ին, այնպես էլ այսօր, հայ ժողովրդի միասնական պայքարի շնորհիվ հաղթահարենք բոլոր դժվարությունները»,- հայատարարեց Աշոտ Դանիելյանը։

Սերգեյ Շահվերդյան. Ադրբեջանը գործում է հիշողության ոչնչացման տեսանկյունից

«Արցախում մնացել է 5658 հուշարձան, որոնցից 385-ը եկեղեցիներ են, 60-ը՝ վանքեր, մյուսները՝ տարբեր բնույթի հուշարձաննեեր։ Այդ բոլոր մշակութային ժառանգությունը, որը մնացել է Արցախում, վտանգված է։ Հուշարձանները ոչնչացվում են ամեն օր ու ամեն վայրկյան, այս պահին էլ, երբ մենք այստեղ ելույթ ենք ունենում, շատ հնարավոր է, որ հուշարձաններից մեկը եւս ոչնչացվել է»,- Արցախի խորհրդարանի հրավիրած «Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ ասաց Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի եւ զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։

«Ադրբեջանի քաղաքականությունը հայկական մշակութային ժառանգության հանդեպ երեք ճյուղավորում ունի․ առաջինը՝ ոչնչացում, երեք եկեղեցի արդեն լրիվությամբ ոչնչացրել են։ Երկրորդը՝ այլափոխում, պատմության այլափոխում, երրորդը՝ սեփականաշնորհում, այսինքն՝ ազգային պատկանելության փոփոխություն։ Այդ երեք ուղղությամբ էլ Արցախի Հանրապետության ամբողջ մշակութային ժառանգությունը վտանգված է»,- ասաց նա։

Սերգեյ Շահվերդյանը նշեց, որ Ադրբեջանը գործում է հիշողության ոչնչացման տեսանկյունից, եւ պատահական չէ, որ Ստեփանակերտի ավերումը սկսել են հենց քաղաքի պատմական կորիզից։ Ստեփանակերտ քաղաքում 6 պատմական թաղամասեր իսպառ ոչնչացվել են։

«Մեկ այլ հանգամանք, որի մասին շատ քիչ է խոսվում, բնակեցման քաղաքականությունն է, երբ Ադրբեջանը շատ ակտիվ տեմպերով ադրբեջանցիներով բնակեցնում է երբեւիցե ադրբեջանական բնակչություն չուենցած բնակավայրերը։ Այդպիսի մեկ տասնյակից ավելի գյուղեր եւ քաղաքներ բնակեցվել են ադրբեջանցիներով, բայց այդ գյուղերն ու քաղաքները ոչ մի ժամանակահատվածում ադրբեջանցի բնակիչ չեն ունեցել»,- ասաց նա։

«Մեր խնդիրը ո՞րն է այսօր՝ ցավոք սրտի, այսօր բախվել ենք այն իրավիճակին, երբ մշակութային ժառանգության պահպանմամբ զբաղվում են միայն հասարակական կազմակերպությունները, իսկ միջազգային ասպարեզում՝ Հայ դատի գրասենյակները։ ՀՀ պետական կառույցները, որոնք ըստ Սահմանադրության տեր են հայկական ժառանգությանն ամբողջ աշխարհում, որեւէ գործուն միջոցներ ձեռնարկելու քաղաքականություն չեն վարում։ Նաեւ չի իրականացվում փաստերի արձանագրում, տեղեկատվական բազաների ստեղծում։ Ես կարող եմ ասել, որ մինչեւ հիմա մենք չունենք ոչ Արցախի պատմամաշակութային հուշարձանների, ոչ կորսյալ 30 թանգարանների հավաքածուների, ոչ մոնումենտալ արվեստի էլեկտրոնային շտեմարաններ»,- ասաց նա։

Ըստ Շահվերդյանի՝ շատ միամիտ կլինի ակնկալել, որ անհատներն ու կազմակերպություններն այս բնագավառում կարող են իրավիճակ փոխել ու ազդել Ադրբեջանի քաղաքականության վրա։ Արցախի մշակութային ժառանգության պահպանության թիվ մեկ հասցեատերը Հայաստանի Հանրապետությունն է․ «Եվ ես կարծում եմ, որ մեր բոլոր ջանքերն այսօր պետք է ուղղված լինեն նրան, որ մղենք ՀՀ պատկան մարմիններին՝ անկախ իրենց քաղաքական դիրքորոշումներից Արցախի հարցի վերաբերյալ, զբաղվեն մշակութային ժառանգության պահպանության հարցերով»։

Պետք է դիտարկել նաեւ բնակարաններ կառուցելու եւ դրանք տեղահանվածներին տրամադրելու հնարավորությունները

«Բռնի տեղահանությունից երկու տարի անց ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրով արցախցի 25 հազար տեղահանված ընտանիքներից բնակարն են կարողացել ձեռք բերել ընդամենը 1500-ը»,- Արցախի խորհրդարանի հրավիրած «Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա նշեց, որ նոյեմբերի 20-ի դրությամբ հավաստագիր է ստացել 3500 ընտանիք, որոնցից 1500-ն են կարողացել իրացնել դրանք։

«Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ հավաստագիր ստացածների եւ իրացրածների միջեւ եւս բավականին մեծ տարբերություն կա։ Եվ սա թույլ է տալիս ենթադրել, որ անգամ հավաստագիր ստանալուց հետո մարդիկ չեն կարողանում դրանք իրացնել եւ վերջնականպես լուծել իրենց կեցության հարցը։ Սա պայմանավորված է նրանով, որ այն համայնքներում, որտեղ այդ հավաստագրով տրվող գումարի չափը արձրացրել են, զուգահեռաբար աճել է նաեւ այդ բնակավայրերի անշարժ գույքի արժեքը։ Սա խոսում է այն մասին, որ նման ծրագրերով այս հարցը կարգավորելը գրեթե անհնար է, եւ պետք է դիտարկել նաեւ բնակարաններ կառուցելու եւ դրանք տեղահանվածներին տրամադրելու հնարավորությունները»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Ըստ Գեղամ Ստեփանյանի՝ արցախցիները պետք է Հայաստանում կոմպակտ բնակեցվեն, որպեսզի համայնքը պահպանվի, եւ վերադարձի հարցը միշտ արդիական լինի։ Առանց Հայաստանում արցախցիների հավաքականության պահպանման վերադարձի մասին խոսակցությունները ժամանակի ընթացքում մարելու են, ասաց նա։

«Բայց առաջարկվող ծրագրերը որեւէ ձեւով չեն աջակցում արցախցիների հավաքական բնակեցմանը։ Այս ուղղությամբ մեր առաջարկություններին ի պատասխան կառավարությունից ասում են, որ իրենք շահագրգիռ չեն արցախցիների գետտոյացման հարցում։ Դա հիմնազուրկ պնդում է, որովհետեւ հավաքական բնակվելը, առավել եւս նույն ազգի ներկայացուցիչների շրջանում ապրելը, որեւէ ձեւով գետտոյացման չի կարող հանգեցնել»,- հավելեց նա։

Նրա խոսքով՝ բնակապահովման ծրագրի ամենամեծ թերություններից մեկը նաեւ փոքր կազմով ընտանիքների շահերի եւ նրանց կեցության հարցի հարցի կարգավորման անտեսումն է։ «Առաջարկվող ծրագրով որեւէ ձեւով հնարավոր չէ, որ տրված գումարով 1-3 հոգանոց ընտանիքները կարողանան բնակարանի տեր դառնալ։ Այս հարցի հրատապության ընկալում կա նաեւ համապատասխան լիազոր մարմնի կողմից, կոնկրետ՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից, բայց մինչ այժմ հստակ լուծում չի առաջարկվել։ Անընդհատ ինչ-որ առաջարկներ են հնչում սոցիալական բնակարանների ձեւով եւ այլն, բայց գետնի վրա լուծումները բացակայում են։ Վերջերս շրջանառության մեջ է դրվել փոքր կազմով ընտանիքների համար վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցմա ծրագիրը, որը բազմաթիվ պրոբլեմներ է պարունակում»,- նշեց Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ նոյեմբերի 20-ի դրությամբ ՀՀ քաղաքացիության դիմում է ներկայացրել 23 107 արցախցի, նրանցից 15 500-ն արդեն ստացել են քաղաքացիություն։ Եվս 7500 անչափահասներ, ծնողների քաղաքացի դառնալու հանգամանքով պայմանավորված, ձեռք են բերել ՀՀ քաղաքացիություն։ Արցախի ՄԻՊ-ն ասաց, որ այս հարցում հանդիպող ամենամեծ խնդիրն արցախցիների կորցրած փաստաթղթերի վերականգման հարցն է։

 

Հայ գերիների հարցը Փաշինյանը կապում է խաղաղության հետ

Այսօր՝ Մարդու իրավունքների միջազգային օրը ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց տեղի ունեցավ բողոքի ակցիա, որի մասնակիցները կոչ են արել ազատ արձակել ադրբեջանական բանտերում անօրինական կերպով պահվող հայ գերիներին։

Մասնակիցները պաստառներ են պահել 23 գերևարված հայերի լուսանկարներով։ Նրանք կոչ են արել միջազգային կազմակերպություններին իրական քայլեր ձեռնարկել բանտարկյալներին ազատ արձակելու համար, այլ ոչ թե պարզապես ընդհանուր հայտարարություններ անել։

Ակցիան կազմակերպվել էր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կողմից։

Երեկ Բեռլինում Նիկոլ Փաշինյանը Բաքվում պահվող հայ գերիների հարցի լուծումը կապել է խաղաղության հաստատման հետ։

«Դա շատ զգայուն հարց է։ Այս խնդիրն ավելի հեշտորեն կհասցեագրվի համագործակցության և խաղաղության, քան թե հակամարտության մթնոլորտում։ Հակամարտության մթնոլորտում այս խնդիրը հասցեագրելու տարբերակ չկա։ Քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը»,- հայտարարել է Փաշինյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը իր հերթին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է․

«Դրա մասին բարձրաձայն չենք խոսում, բայց աշխատանքները ոչ մի հանդիպման ժամանակ՝ լինի դա հանդիպում ադրբեջանական կողմի թե միջազգային ներկայացուցիչների հետ, որևիցե դեսպան, պատվիրակություն, այց, խոսակցություն չկա, որտեղ զրույցի մեջ չկա գերիների և պահվող անձանց վերաբերյալ, ինչպես նաև անհայտ կորածների վերաբերյալ կետ»: «Դրական լուծման միտում ես տեսնում եմ»,- ասաց ԱԺ նախագահը:

The Christian Post պարբերականը հրապարակել է Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հոդվածը։

«Այսօր աշխարհում քրիստոնյաներն աննախադեպ ծավալի հալածանքների և խտրականության են ենթարկվում: Միայն անցած մեկ տարում ավելի քան մեկ քառորդ միլիոն քրիստոնյաներ վտարվել են իրենց տներից:

Սրանք պարզապես վիճակագրություն չեն: Դրանք ընտանիքներ են: Դրանք ապագաներ են: Եվ իմ ընտանիքի համար այս ճգնաժամն ունի անուն՝ Ռուբեն Վարդանյան:

Այսօր հայրս ու ևս 22 հայ քրիստոնյա կալանավորներ մնում են Բաքվում բանտարկված՝ զրկված լինելով պատշաճ դատավարությունից, հոգևոր աջակցությունից և նույնիսկ Աստվածաշունչ ունենալու իրավունքից։

Այնուամենայնիվ, աշխարհը չի լռել: Հորս գործը ստացել է երկկուսակցական աջակցություն ԱՄՆ Կոնգրեսում, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի, Եվրոպական խորհրդարանի և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող առաջատար կազմակերպությունների, օրինակ՝ Amnesty International-ի աջակցությունը՝ կոչ անելով անհապաղ և անվերապահ ազատ արձակել նրան։

Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը հայտարարված դիվանագիտական համաձայնությունը խաղաղության ճանապարհ էր առաջարկում և ստեղծում էր հայ բանտարկյալների ազատ արձակման ակնկալիք։ Սակայն Ադրբեջանը չիպահպանել այդ հանձնառությունը:

Ադրբեջանը  լսում է, երբ Միացյալ Նահանգները խոսում է։ Ահա, թե որտեղ է կարևոր ուժեղ  առաջնորդությունը։ Նախագահ Դոնալդ Թրամփն ունի Սուդանից մինչևՊակիստան անարդարացիորեն բանտարկված անձանց ազատության հասնելու գործում անձամբ միջամտելու լավ վավերագրվածպատմություն: Նույն նպատակասլաց առաջնորդությունն այսօր էլ կարող է վճռել՝  ընտանիքները կվերամիավորվեն, թե կմնան հուսահատ սպասման մեջ։

Մեկ դար առաջ մեր նախնիները փրկվեցին Հայոց ցեղասպանությունից միայն այն բանի շնորհիվ, որ ուրիշներն ունեցան գործելու համարձակություն։ Այսօր հայ քրիստոնյաները բախվում են նոր  հալածանքների և բնաջնջման ծանոթ սպառնալիքի։ Պատմությունը կհիշի նրանց, ովքեր պահանջել են արդարություն, և նրանց, ովքեր թույլ են տվել, որ լռությունը գերիշխի։ Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ աշխարհի քրիստոնյաները հետևում են և աղոթում, որ ևս մեկ անգամ ձեռնարկվեն քայլեր»։

Իրավիճակը շատ արագ փոփոխվում է՝ այն, ինչ անիրատեսական է այսօր, վաղը կարող է իրատեսական դառնալ․ Բաղունց

«Միջազգային բոլոր նորմերի համաձայն՝ արցախահայությունն ունի հավաքական վերադարձի իրավունք։ Թե ինչ մեխանիզմներով դա կիրականացվի, ինչքան ժամկետներում, այլ հարց է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Գագիկ Բաղունցը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ մեխանիզմներով են պատկերցնում արցախցիների վերադարձը։

«Վերադարձի մեխանզմները շատ ուժեղ կախվածության մեջ են տարածաշրջանում ստեղծված իրավիճակից։ Եվ, կարծում եմ, այսօր ներկայացնել ինչ-որ ծրագիր, մի քիչ անիրական կլինի, որովհետեւ իրադարձությունները շատ արագ փոխվում են, տարածաշրջանի նկատմամբ վերաբերմունքը եւ խնդիրները շատ արագ փոխվում են։ Այսօր մենք փորձում ենք արցախահայության՝ հավաքական առումով անելիքները հսկողության տակ պահել։ Եվ համապատասխան բարենպաստ պայմաններում մենք հանդես կգանք մեր դիրքորոշման արտահայտմամբ։ Իրավիճակը շատ արագ փոփոխվում է՝ այն, ինչ անիրատեսական է այսօր, վաղը կարող է իրատեսական դառնալ»,- ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների հայտարարություններին, թե արցախցիների վերադարձի հարցը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը՝ Բաղունցն ասաց․ «Մենք շատ իրատեսական ենք մոտենում այդ հարցի լուծմանը ու միշտ էլ հաշվի ենք առնում ՀՀ անվտանգության խնդիրները»։

Վլադիմիր Գալստյան․ երաժշտությունն իմ ամենակարևոր լեզուն է դարձել

Վլադիմիր Գալստյանը 16 տարեկան է։ Ծնվել ու մեծացել է Արցախում։ Դեռ փոքրուց էր սիրում երաժշտությունը և ուսմանը զուգահեռ սովորում էր Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում։

Արցախի տեղահանությունից հետո Գալստյանների ընտանիքը բնակություն է հաստատել Երևան քաղաքում։ Ընտանիքի հայրը՝ հերոսաբար զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմում։

-Մանկությունս անցել է մի միջավայրում, որտեղ ընտանիքը, դպրոցը և մեր համայնքի միասնականությունը ձևավորել են իմ աշխարհայացքը։ Դեռ փոքր տարիքից սիրել եմ երաժշտությունը։ Ծնողներս, իմ մեջ նկատելով երաժշտական ընդունակությունները, ինձ տարել են Կոմիտասի անվան երաժշտական դպրոց, որտեղ ընդունվել եմ դաշնամուրի բաժինը։ Տարիների ընթացքում երաժշտությունն իմ ամենակարևոր լեզուն է դարձել։

Անգամ Արցախի շրջափակման ժամանակ, երբ դժվարություններ էին առաջացել, ես չէի դադարում հաճախել դպրոց ու անընդհատ նվագում էի։ Այդ ամիսները մեր ընտանիքի համար ծանր էին։ Սակայն չնայած դժվարություններին՝ մենք միասին ուժ էինք գտնում և հաղթահարում ամեն ինչ։ Այդ ժամանակահատվածն ինձ սովորեցրեց գնահատել խաղաղությունն ու համբերությունը։

Բոլորս սպասում էինք կյանքի ճանապարհի բացմանը, սակայն եղավ վատագույնը։ Նորից պատերազմ սկսվեց։ Հայրս, ինչպես միշտ, առաջնագծում էր։ Նա, որ մասնակցել էր արցախյան պատերազմներին և միշտ հրաշքով ողջ մնացել, զոհվեց վերջին պատերազմում։ Իմ հայրը եղել է նվիրված, խիզախ ու պարտքի զգացումով ապրող մարդ։ Նրա մասին խոսելիս միշտ հպարտություն եմ զգում։ Հորս տված խորհուրդները՝ ուժեղ լինել, հավատով առաջ գնալ, երբեք չկորցնել մարդասիրությունը, ամբողջ կյանքում մնալու են ինձ հետ։

Տեղահանությունից և հայրիկիս կորցնելուց հետո մայրիկս դարձավ մեր տան ուժը։ Նա շարունակեց ոտքի կանգնել հանուն մեզ՝ երեխաներիս և հորս հիշատակի։ Նրա համբերությունը, տոկունությունը և սերը ինձ տալիս են այն հենարանը, որով ես ապրում ու զարգանում եմ։

Տեղահանվելուց հետո նոր միջավայրին հարմարվելը, իհարկե,  հեշտ չէր։ Ամեն ինչ նոր էր՝ դպրոցը, մարդիկ, քաղաքը։ Բայց երաժշտությունը դարձավ այն կամուրջը, որը օգնեց նորից գտնել իմ տեղը։ Ես շարունակեցի սովորել, զարգանալ, մասնակցել մրցույթների ու հանդես գալ բեմերում։

Այս երկու տարիների ընթացքում կարողացա ունենալ հաջողություններ, որոնք ինձ ավելի վստահ դարձրեցին։ Սանկտ-Պետերբուրգ այցելելը իմ կյանքի ամենահիշարժան փորձերից էր։ Քաղաքի մշակույթը, ճարտարապետությունը, թանգարաններն ու հատկապես երաժշտական միջավայրը ինձ շատ ոգեշնչեցին։ Այն ինձ հիշեցրեց, որ երաժշտությունն ամենուր ունի իր ուժը։

Այնտեղ մասնակցել եմ մրցույթ-փառատոնի և արժանացել եմ 1-ին պատվավոր տեղը։

Իմ ամենամեծ երազանքը խաղաղ ու ապահով աշխարհն է, որտեղ մարդիկ կարող են ապրել առանց պատերազմների ու վախի։ Անձնական իմ մեծ երազանքն է դառնալ հայտնի դաշնակահար և այնպիսի երաժիշտ, ով իր ստեղծագործություններով կարող է մարդկանց ուժ, հույս ու հանգստություն փոխանցել։

Կարինե Բախշիյան

Ինչպես Արցախից դուրս ենք եկել, այդպես էլ պետք է կարողանանք վերադառնալ․ Դանիելյան

«Ստեղծված իրավիճակում հնարավոր չէ ընտրություններ կատարել, եւ Արցախի պետական ինստիտուտները շարունակելու են իրենց գործողություններն այս ձեւով»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ նախագահ, Արցախի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Դանիելյանը՝ անդրադառնալով հարցին, թե Արցախի խորհրդարանը չի պատրաստվո՞ւմ Արցախի նախագահ ընտրել։

Դանիելյանն անդրադարձավ նաեւ ՀՀ իշխանությունների հայտարարություններին այն մասին, թե արցախցիների վերադարձի հարցը բարձրացնելը սպառնալիք է ՀՀ համար։ Նա նշեց, որ շրջափակումից հետո հարձակվեցին ու հայաթափեցին Արցախը, ի՞նչ արեցին ՀՀ իշխանությունները։ Իսկ հիմա ՀՀ իշխանությունները ոչինչ չեն առաջարկում, որպեսզի արցախցիները կարողանան Հայաստանում բնակվել։ «Երկրորդ՝ միջազգային իրավունքով էլ է հաստատված, որ ցանկացած ժողովուրդ ու անհատ կարող է վերադառնալ իր հայրենիք ու տուն, որպեսզի կարողանա իր կյանքը շարունակել։ Եվ այսօր խոսել այն մասին, որ սա վտանգ է ՀՀ համար, ճիշտ չէ, ուղղակի պետք է բանակցել։ Եվ այդ բանակցությունների արդյունքում ամեն ինչ էլ հնարավոր կլինի»,- ասաց Դանիելյանը։

Նա նշեց, որ Արցախի իշխանությունները վերադարձ տեսնում են միայն այն դեպքում, երբ կլինեն միջազգային անվտանգային մեխանիզմներ։ Եվ պետք է լինի հավաքական վերադարձ։ «Այն պայմանները, որոնք տարբեր կողմերից տարբեր ժամանակներում հնչել են՝ անհատական կամ խմբային վերադարձ, Արցախի Ազգային ժողովի եւ իշխանությունների կողմից ընդունելի չեն։ Մեզ համար ընդունելի է միայն վերադարձի այն տարբերակը, որ ինչպես Արցախից մենք դուրս ենք եկել, այդպես էլ կարողանանք վերադառնալ»,- հավելեց նա։

Անդրադառնալով կարգավորման վերաբերյալ 2019 թվականի առաջարկներին, որոնք վերջին շրջանում բուռն քննարկվում են, Աշոտ Դանիելյանն ասաց, որ արցախցիների համար մեկ բան պարզ էր՝ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող այդ բանակցային գործընթացով ինքնորոշման սկզբունքը պետք է պահվեր։

«Եթե այնտեղ գրված է՝ միջանկյալ կարգավիճակ, պետք է հասկանանք, որ եթե կա միջանկյալ կարգավիճակ, ուրեմն պետք է լիներ նաեւ վերջնական կարգավիճակ։ Այսինքն՝ հարցի լուծում հնարավոր էր 2019 թվականի այդ առաջարկություններով»,- նշեց նա՝ հավելելով, որ ՀՀ իշխանությունները պետք է քաղաքական կամք ունենային՝ նախ Մինսկի խմբի համանախագահներին հստակ պատասխան տալու՝ ընդունելի են այդ առաջարկները, թե ոչ, ապա նաեւ՝ հայ հասարակության հետ այս հարցերը քննարկելու համար։

 

Մերցը ցանկանում էր լսել Փաշինյանի փաստարկները՝ ինչու միայն նա կարող է մինչև վերջ հասցնել «խաղաղությունը»

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հրավիրեց Գերմանիա, այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Հայաստանը և տարածաշրջանը ամբողջությամբ կարող են հայտնվել Ռուսաստանի, Թուրքիայի և Միացյալ Նահանգների համատեղ ազդեցության գոտում: Տարածաշրջանում եվրոպական ազդեցությունը կարող է զրոյի հասցվել Երևանի և Բաքվի միջև «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո. Փաշինյանն արդեն հայտարարել է, որ Հայաստանն այլևս կարիք չի ունենա եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի դեկտեմբերի 1-ին փակվելուց հետո ԵՄ-ն ընդհանրապես դադարեց միջնորդ լինել տարածաշրջանում։

Ի՞նչ կստանա ԵՄ-ն, և մասնավորապես Գերմանիան, տարածաշրջանում ապագա «խաղաղությունից», եթե մեկ «խաղաղության» ակտ ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Պուտինի մասնակցությամբ, իսկ երկրորդ ակտը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ Թրամփի միջնորդությամբ: Ի՞նչ կստանա ԵՄ-ն Արցախի ինքնորոշման սրբազան ժողովրդավարական իրավունքի խախտումից, օրինականացնելով հակամարտության ռազմական լուծումը և Հայաստանի կողմից հայ-իրանական սահմանի երկայնքով ճանապարհի վրա ինքնիշխանության փաստացի կորուստը։

Երեկ Փաշինյանը այցելեց Բեռլին և Մերցի հետ ստորագրեց ռազմավարական համագործակցության օրակարգ։ Սակայն, դատելով հրապարակային տեղեկատվությունից, այս օրակարգը հիմնականում կենտրոնանում է մեկ հարցի վրա՝ աջակցություն Հայաստանի «ժողովրդավարությանը» և «եվրաինտեգրացիային», առանց որևէ անվտանգության կամ քաղաքական միջնորդության բաղադրիչի։

Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանը օգտվեց իրավիճակից և պահանջեց Գերմանիայի աջակցությունը հաջորդ ընտրություններում իր վերընտրության համար՝ սպառնալով, որ եթե չհաղթի, Բաքվի հետ «խաղաղությունը», խոստացված ճանապարհները, եվրոպական ինտեգրացիան և «Ռուսաստանից անջատումը» վտանգի տակ կհայտնվեն։

Մինչդեռ, ԵՄ-ում թե՛ հայկական ընդդիմությունից, թե՛ հասարակությունից, ինչպես նաև հայկական սփյուռքից հստակ ձայներ են լսում առ այն, որ Փաշինյանի կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության և մարդու իրավունքների, ինչպես նաև Ռուսաստանից «անջատման» մասին խոսակցությունները քաղաքական հնարք են՝ իշխանությունը պահպանելու և ժողովրդավարական Արևմուտքի աջակցությունը ստանալու համար՝ որ «խաղաղության ծրագիրն» ավարտելու հասցնի։ Ավելին, շատերն ասում են, որ այս ծրագիրը կարող է հանգեցնել Հայաստանի «խաղաղ» լուծարմանը։

Գերմանահայերի մի խումբ բողոքի ցույց անցկացրեց Փաշինյանի այցի ժամանակ՝ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը տանում է դեպի ավտորիտարիզմ։ Նրանք պահանջեցին ազատ արձակել բանտարկված ընդդիմադիր գործիչներին և քահանաներին, որոնց ձերբակալությունները համարվում են քաղաքական հետապնդում։

Ի՞նչ էր ուզում պարզել Մերցը՝ Փաշինյանին Բեռլին հրավիրելով։ Հարցերից դատելով՝ Գերմանիան փորձում էր «ապացույցներ» ձեռք բերել Փաշինյանի գործողությունների արդարացման վերաբերյալ՝ Եկեղեցու, քաղաքականության և պարտվողական ուղու հակառակորդների դեմ։ Փաշինյանին հարցրին, թե արդյոք նա մտադիր է փոխել Սահմանադրությունը Բաքվի պահանջով, ինչ հիմնավորում է նա վարում Գարեգին կաթողիկոսի դեմ իր արշավը և ինչ է մտադիր անել ռուսական հիբրիդային սպառնալիքի հետ կապված։

Փաշինյանը չթաքցրեց այն փաստը, որ Հայաստանի և տարածաշրջանի ապագան կախված է առաջիկա ընտրություններից՝ պատասխանելով «որքանով է տարածաշրջանի ապագան կախված ձեր անձից» ուղիղ հարցին։ Նա պատասխանեց, որ խաղաղության և տարածաշրջանում նոր փուլի համար», որը վերջապես «կազատվի արտաքին ազդեցությունից», իր կուսակցությունը՝ “Քաղաքացիական պայմանագիրն” անցել է դժոխքով և արժանի է երկիրը առաջ տանելուն։

Այս առումով Փաշինյանը նշեց «ժողովրդավարությունների դիմադրողականությունն ապահովելու համար աշխատելու և միջոցների անհրաժեշտությունը տեղեկատվական, հիբրիդային և այլ սպառնալիքների նկատմամբ»։

Նա չնշեց սպառնալիքների աղբյուրը, չհիշատակեց Ռուսաստանը, բայց բոլոր ներքին գործողությունները արդարացրեց արտաքին ուժերի կողմից իրենց ազդեցությունը պահպանելու փորձերով: Երբ նրան հարցրին Եկեղեցու դեմ գործողությունների մասին, նա երկար փորձեց բացատրել, թե ինչու է մտնում քահանաների անկողինների մեջ, և վերջապես հայտարարեց, որ «խոցելի քահանաները» կարող են շահագործվել արտաքին ուժերի կողմից: Իբր թե անխոցելիները չեն կարող շահագործվել:

Միևնույն ժամանակ, Փաշինյանը հայտարարեց, որ Անկարայի և Բաքվի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը, TRIPP նախագիծը, Վրաստանի և Իրանի հետ բարեկամական հարաբերությունները և Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսությունը կարող են Հարավային Կովկասը վերածել հուսալի տարանցիկ տարածաշրջանի:

Սա հենց այն է, ինչ Մերցը պետք է լսեր՝ արդարացնելու համար Փաշինյանին իր անվերապահ աջակցությունը և լռությունը Հայաստանում քաղաքական բռնաճնշումների, ինչպես նաև «չկա Արցախ, չկա խնդիր» բանաձևով Արցախի հարցի «կարգավորման» վերաբերյալ:

Արցախի խորհրդարանը լսումներ է անցկացնում

Արցախի Ազգային ժողովը Արցախի Հանրապետության Սահմանադրության օրը հրավիրել էր լսումներ՝ «Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ» թեմայով։

Լսումներ մասնակցում են Արցախի իշխանությունները, ՀՀ ԱԺ պատգամավորներ, քաղաքական ու հասարակական գործիչներ։

Այս լսումներով բացում ենք պայքարի նոր էջ, հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ, Արցախի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Դանիելյանը։

«Արցախի բռնի զավթումն Ադրբեջանի կողմից բոլորովին չի նշանակում, որ Արցախը դադարել է գոյություն ունենալ։  Վերադարձից բացի մեզ համար այլ ելք չի կարող գոյություն ունենալ»,- ասաց նա։

Զելենսկու համաձայնությունը ընտրություններին. կդադարեցնի՞ Պուտինը ռազմական գործողությունները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է նախագահական ընտրություններ անցկացնելու իր պատրաստակամության մասին և հրապարակավ կոչ է արել Գերագույն ռադայի պատգամավորներին պատրաստել առաջարկներ՝ օրենսդրական փոփոխություններ կատարելու համար, որոնք թույլ կտան քվեարկել ռազմական դրության պայմաններում, հաղորդում է Novyny.LIVE-ը: Դրանից կարճ ժամանակ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին: Նա խորհուրդ է տվել իր ուկրաինացի գործընկերոջը դրանք կազմակերպել հնարավորինս շուտ։

«Կարճ կպատասխանեմ. ես պատրաստ եմ ընտրություններին: Ես խնդրում եմ ԱՄՆ-ին օգնել ինձ հիմա, գուցե մեր եվրոպացի գործընկերների հետ միասին, ապահովելու ընտրությունների անվտանգությունը, և այդ դեպքում Ուկրաինան պատրաստ կլինի դրանց հաջորդ 60-90 օրվա ընթացքում», – ասել է Զելենսկին։

Հիշեցնենք, որ Թրամփը երեկ միանշանակ հայտարարել է, որ ժամանակն է, որ Ուկրաինան անցկացնի նախագահական ընտրություններ: Մինչ այդ Վլադիմիր Պուտինը բազմիցս հայտարարել էր, որ ոչինչ չի ստորագրի Վլադիմիր Զելենսկիի հետ, քանի որ նրան համարում է անօրինական նախագահ։

Հիշեցնենք, որ Զելենսկու հնգամյա ժամկետն ավարտվել է ամիսներ առաջ, սակայն նրա ժամկետը երկարաձգվել է, քանի որ ռազմական դրության պայմաններում ընտրություններ անցկացնելն անհնար էր։ Ռուսաստանը հայտարարել է, որ այս դեպքում նախագահական լիազորությունները պետք է փոխանցվեին Գերագույն ռադայի խոսնակին։

Թրամփի «խաղաղության ծրագիրը» հիմա կախված էր Զելենսկիից, և Թրամփը պահանջել է ընտրություններ՝ նշելով, որ Զելենսկու հաղթանակը չի բացառվում։

«Այժմ Թրամփը կարող է զանգահարել Պուտինին և առաջարկել հրադադար Ուկրաինայի տարածքում մինչև մեր երկրում նախագահական, և հնարավոր է՝ միաժամանակյա խորհրդարանական ընտրությունները։ Եթե ռազմական գործողությունները դադարեցվեն 60-90 օրվա ընթացքում, Ուկրաինան կունենա բոլոր հնարավորությունները անցկացնելու իր ընտրարշավը և ընտրությունները», – նշել է լրագրող Վիտալի Պորտնիկովը։

Պուտինը մինչ օրս չի համաձայնվել ռազմական գործողությունները դադարեցնելուն՝ պնդելով վերջնական խաղաղության պայմանագրի վրա։ Սակայն հիմա Պուտինը կամ պետք է միանա Թրամփի խաղին և դադարեցնի մարտական ​​գործողությունները, կամ ամբողջությամբ մերժի Թրամփի ծրագիրը։