Զելենսկին հնարավոր է համարել Դոնբասում «ազատ տնտեսական գոտու» ստեղծումը

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու բանակցություններում ամենադժվարը տարածքային հարցն է, և Ուկրաինայի զինված ուժերի Դոնեցկի մարզից դուրսբերման առաջարկները անընդունելի են Կիևի համար: Այս մասին նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։

Զելենսկին կարծում է, որ Դոնեցկի մարզի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն դրական չի լինի, ուստի չպետք է անցկացվի: Նա ընդգծել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է արդար և երկարատև խաղաղություն, որը կբավարարի ուկրաինացիների հույսերը: Հակառակ դեպքում պատերազմը կշարունակվի։

Զելենսկին կարծում է, որ հատուկ կանոններով ազատ տնտեսական գոտու ստեղծումը Դոնբասի համար փոխզիջումային լուծում կլինի։

«Եթե մենք մի քանի կիլոմետրով հետ քաշվենք, ապա Ռուսաստանը պետք է փոխադարձ քայլեր ձեռնարկի և ևս մի քանի կիլոմետրով հետ քաշի իր ուժերը: Նման ազատ տնտեսական գոտում կգործեն հատուկ կանոններ», – նշել է նա։

Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ Ուկրաինան կտրականապես մերժում էր ԱՄՆ-ի առաջարկները «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու վերաբերյալ։

Օդի ջերմաստիճանը կնվազի 18 աստիճանով

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գարիկ Սուրենյանի խոսքով՝ հունվարի 4-ի գիշերը Հայաստանում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում։

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 31-ի երեկոյան և հունվարի 1-ի կեսօրից ամբողջ Հայաստանում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։

Հունվարի 3-ին տեղումներ չեն սպասվում։ Հունվարի 3-ի երեկոյան և հունվարի 4-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 14-18 աստիճանով։

Աննա Մեկունց․ Աստված մեծ է, մենք մի օր տուն ենք գնալու, Արցախ

2023 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից և արցախահայերի բռնագաղթից հետո Արցախի պատմամշակությային ժառանգությունը հայտնվել է ոչնչացման սպառնալիքի տակ: Ադրբեջանը հետևողականորէն ոչնչացնում է Արցախի եկեղեցիները, վանքրը և այլ պատմամշակութային հուշարձաններ: Միաժամանակ, սպառնալիքի տակ է նաև Արցախի ոչ նյութական մշակութային ժառանգությունը ի դէմս նրա կրողների եւ տարածողների:

Չնայած բոլոր դժվարություններին ու խոչնդոտներին, Արցախից տեղահանված մի շարք մշակութային գործիչներ շարունակում են իրենց առաքելությունը Հայաստանում:

Արցախցի երիտասարդ գրող, երգահան և դերասանուհի Աննա Մեկունցը Step1.am-ին պատմեց Արցախյան հիշողությունների ու ներկայիս գործունեության մասին, կիսվեց արցախցիների սոցիալական խնդիրների լուծման վերաբերյալ իր կարծիքով:

Պատմեք ձեր մասին։ Որտեղ եք ծնվել, մեծացել։ Փորձեք նկարագրել ձեր ծննդավայրում ապրած  առօրյա կյանքը։ Ի՞նչ յուրահատուկ հիշողություններ ունեք Արցախից՝ մանկության, պատանեկության հետ կապված և այլն։

Ծնվել եմ Ստեփանակերտում, բայց մանկությանս ամենաջերմ հիշողությունները կապված են գյուղի հետ, մասնավերապես Առաջաձորի։ Համարում եմ, որ մեծացել եմ էդ գյուղում։ Արվեստի տարբեր ճյուղեր մանկուց եղել են ինձ հետ. ես սովորել եմ Վահրամ Փափազյանի անվան ստեղծագործական կենտրոնում պարի, թատերական խմբակի, երգեցողության բաժիններում. բեմարվեստի առաջին քայլերս ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանի մոտ եմ կատարել, հետո եղել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի,  ցավոք, վերջին շրջանավարտներից, իմ կուրսը վերջինն ավարտեց այն։

Իմ մանկության ամենագեղեցիկ հիշողությունները թերևս բակային համերգներն են… մեր ձեռքերով զարդարած ու պատրաստած հրավիրատոմսեր, որոնք, հերթով թակելով հարևանների դռները, բաժանում էինք, պատերը նկարազարդում, բակում աթոռներ շարում, փուչիկներ փչում ու բարձր ծափերով երգում… այդպես էինք դիմավորում արտերկրից եկող մեր ընկերներին, գիշերային անակնկալներ պատրաստում, հարսանիքներին փողոց էինք փակում, գոռում էինք “տարան-տարան, վրաններ էինք սարքում ու մինչև գիշերվա հազարը մնում, որ դիմավորենք աստղազարդը, տանիքներից ցատկում էինք տերևների մեջ ու քջքջում, ճոճանակները ուժեղ քշում էինք ու բարձր հայրենասիրական երգեր երգում… էնքան ուրիշ էր մանկությունս, էնքան իսկական…

Արցախում վերջին շրջանում թատրոնում էի աշխատում, պատրաստվում էինք ներկայացման՝ “Գիշատիչների խնջույքը” շատ համահունչ էր Արցախյան բլոկադային. դրա հետ մեկտեղ սցենարներ էի գրում, “ԲիդաՏօնի” առաջնախաղ էր տեղի ունեցել։

Պատմեք ձեր գործունեության ու հաջողությունների մասին։

2018-ից Արցախի գրողների միության անդամ եմ, 2019-ին տպագրվեց առաջին գիրքս “Արևը ծագում է մեջտեղից”, ու էդպես սկսվեց իմ պոետիկ կյանքը։ Կամաց֊կամաց մարդիկ սիրեցին գիրս, հատկապես “Մի աղջկա պատմությունն” ու “Բլոկադնիկը”, որոնք գրվել էին բլոկադային օրերին, մեծ նշանակություն, ճանաչում և հետք թողեցին իմ գրականության մեջ, քանի որ մարդիկ իմ էջով հետևում էին իրադարձություններին։

Պատմեք հետպատերազմյան Արցախի, շրջափակման ու բռնի տեղահանության հետ կապված ձեր անձնական հիշողությունների մասին։ Ի”նչ ապրումներ եք ունեցել դուք ու ձեր ընտանիքն այդ շրջանում։

Հետպատերազմյան Արցախում ապրում էինք սեղմված կոկորդով։ Շրջափակումը անօդ դատարկություն էր։ Բռնի տեղահանությունը՝ արմատախիլ լինել առանց հրաժեշտի։ Ընտանիքով ապրեցինք վախ, անորոշություն, բայց նաև համառ կանգունություն։

2020-ի պատերազմից հետո տուն վերադառնալը նման էր նորածնի երջանկության, երբ մայրն առաջին անգամ գրկում է իր նորածնին ու նա զգում է մոր հոտը, շունչը։ Արցախը կարիք ուներ սիրո, կիսաշունչ վիճակում էր, ու հենց իրեն սիրողների օգնությամբ նա շունչ առավ։ Ցուրտ էր, մութ, մոխրահոտով, բայց կյանքն ու սերը միաձուլող էր հետպատերազմյան Արցախը։

Բլոկադան ավելի ծանր էր, բայց ես շնչում էի հուսադրող պատմություններով, մինչ իմ ընտանիքը ծառայության էր գնում, ես խոսում էի հայրենիքի արժեքից իմ գրիչով, և վախենում, որ հայը կլքի Արցախը։ Մենք շատ ծանր ենք դուրս եկել, ամենավերջիններից էինք, իմ բոլոր ապրումները, ըտանիքիս ծանր հոգեվիճակը կարող եք կարդալ իմ գրված “ԱրցախաՇնչում”, որը փաստավավերագրական օրագիր է, հենց գաղթի մասին։

Ինչպե՞ս եք տեղավորվել Հայաստանում բռնի տեղահանումից հետո, ինչո՞վ եք զբաղվում այստեղ։ Ի՞նչ խնդիրների ու խոչնդոտների հետ եք առնչվում։

Հայաստանում տեղավորվելը հեշտ չէր։ Սկզբում՝ ֆիզիկական գոյատևում, հետո՝ ինքնության վերականգնում։

Խոչընդոտները շատ են՝ սոցիալական, հոգեբանական, արժևորման։ Դու կարող ես ֆիզիկապես այստեղ լինել, բայց ներսդ դեռ Արցախում է։ Երբեք չեմ կարողանա ասել, թե հարմարվել եմ։ 2024-ին արդեն Երևանում վերաբացեցի “ԲիդաՏօն”֊ը, իմ արցախյան ընկերների հետ միասին, ում շատ շնորհակալ եմ, անսահման։ 2024-ին նաև ճանաչվեցի ԱՄՆ հայ գրողների միության անդամ, ու ծնվեց “Արցախաշունչը”։ Մինչ այդ գրվածս բոլոր գրքերը, տեղահանման պատճառով վառել էինք Արցախում ու դուրս եկել, ցավոտ էր, բայց թշնամուն թողնել չէի կարող։

Երևանում ապրում ենք վարձով, աշխատում եմ որպես լրագրող, զբաղվում իմ պոեզիայով։ Չենք հարմարվում. ոչ այս իրականությանը, ոչ քաղաքի մարդկանց, ծայրահեղ տարբեր ենք, չնայած, որ նույն հայն ենք։

Ի”նչ եք մտածում արցախցիների սոցիալական խնդիրների լուծման մասին, ինչպե՞ս եք տեսնում լուծումը։

Այս խնդիրների լուծման մասով կառավարության աշխատանքը գնահատում եմ զրո, չնայած պարտավոր են հոգալ 120.000 բնակչության կարիքներն, քանի որ ծախեցին հայրենիքս ու մեզ անտուն դարձնելով տեղահանեցին։

Կարծում եմ, գոնե անվճար բնակարանները պարտադիր էր տրամադրելը, մինչ սերտիֆիկատային ծրագիրը կլիներ։ Այս խնդիրների լուծումը տեսնում եմ միայն իշխանափոխությամբ, պետք է գա ազգանվեր մեկը, հակառակ դեպքում արցախցիները ստիպված կլքեն երկիրը, մենք այս իշխանությունների օրոք անտեսված ու խորթ ենք զգում մեզ, հայրենիքը մերն է, բայց իշխանությունը թշնամի է մեզ համարում։

Որտեղ եք պատկերացնում ձեր ապագան՝ Հայաստանո՞ւմ, թե՞ արտագաղթելու մտադրություններ ունեք։

Եթե ոչինչ չփոխվի, ցավոք, կլքեմ երկիրը, չնայած իմ ներսի հայրենասիրությունը խեղդում է ինձ, բայց ի՞նչ տարբերություն, ես հայրենիքո՞ւմ եմ անտուն ու անտեսված, թե՞ այլ երկրում։ Այլ երկրում սիրտս էնքան չի ցավալու, ինչքան իմ տանն է ցավում, հիմա։

Կվերադառնայի՞ք Արցախ ու ի՞նչ պայմանների դեպքում?

Եթե հնարավորություն լիներ Արցախ գնալ, առաջինը կգնայի, ոտքով, վազելով. բայց թշնամու դրոշի ներքո ապրելը նվաստացում է, ես նախընտրում եմ մահը, քան այդ տեսակ նվաստացումը։ Աստված մեծ է, ժամանակները փոփոխական են, մենք մի օր տուն ենք գնալու, Արցախ…

Արսեն Աղաջանյան

«Բլիցկրիգ». Թրամփը բացահայտել է, թե ինչպես է ստիպել Փաշինյանին և Ալիևին նախաստորագրել «խաղաղության համաձայնագիրը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծվել է երկու երկրների հետ առևտուրը դադարեցնելու սպառնալիքով։

2025-ի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Թրամփի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև կայծակնային արագությամբ «խաղաղության համաձայնագրի» նախաստորագրելուց հինգ ամիս անց գործընթացի նոր մանրամասներ են սկսել ի հայտ գալ։

«Ես բառացիորեն դա արեցի մեկ օրում։ Առևտուր։ Ես ասացի, որ մենք կդադարեցնենք առևտուրը երկուսի հետ էլ։ Առևտուր այլևս չի լինի։ Հետո ես սահմանեցի 200% մաքսատուրքեր։ Հաջորդ օրը նրանք (Ալիևն ու Փաշինյանը – խմբ․) զանգահարեցին», – ասաց Թրամփը երեկ Մար-ա-Լագոյում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ։

Սա պատասխանում է այն հարցին, որը տանջում էր շատերին. ինչպե՞ս Թրամփին հաջողվեց ստիպել Փաշինյանին և Ալիևին կնքել «հրադադար»՝ ընդհատելով Փաշինյանի խաղաղ արձակուրդը և խափանելով Ռուսաստանի և Թուրքիայի ծրագրերը տարածաշրջանում։ Փաստորեն, Թրամփը ուղղակի սահմանեց 200% մաքսատուրքեր։

Հատկանշական է, որ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ադրբեջանում մինչև այսօր ոչինչ չէին ասում այս մաքսատուրքերի մասին: Բաքվում «խաղաղության պայմանագրի» անսպասելի նախաստորագրումը ներկայացվեց որպես Ալիևի “հաղթանակների” ճանաչում, մինչդեռ Հայաստանում որևէ բացատրություն չտրվեց։

Միևնույն ժամանակ, Թրամփի «կայծակնային արագությունը» կարելի է բացատրել մի քանի գործոններով։

Առաջին գործոն. այս տարվա հունիսին 12-օրյա իսրայելա-իրանական պատերազմից հետո Իսրայելը փորձում էր ամբողջությամբ օկուպացնել Գազան, ինչը կհանգեցներ հակամարտության ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի «վագր» տերությունների միջև: Գազայի օկուպացիան թույլ չտալու համար Թրամփը պետք է փորձարկեր «հակամարտության լուծման» տնտեսական մեթոդները, և Հայաստանն ու Ադրբեջանը դրա համար լավագույն փորձադաշտն էին։ Հիշեցնենք, որ Գազայում հրադադարի մասին պայմանագիրը ստորագրվեց արդեն հոկտեմբերի 10-ին։

Երկրորդ գործոն. մինչև 2025 թվականի օգոստոսը Ռուսաստանը և Թուրքիան կարող էին վերջնական համաձայնությունների հասնել Հարավային Կովկասի և Հայկական լեռնաշխարհի նոր բաժանման վերաբերյալ՝ կամ նոր ռազմական ագրեսիայի միջոցով, կամ Հայաստանի կառավարությանը պարտադրելով ընդունել պարտվողական փաստաթուղթ և փոփոխել Հայաստանի Սահմանադրությունը: Սա կհանգեցներ կարևոր տարածաշրջանում ԱՄՆ-ի լիակատար անտեսմանը և հաստատված «իրողությունների» ճանաչմանը։

Այս երկու գործոններն էլ Թրամփին դրդեցին «շրջել խաղատախտակը» և հակադրվել նրանց, ովքեր ցանկանում էին լուծել խնդիրը առանց Միացյալ Նահանգների։

Երեկ, խոսելով Հայաստանի և Ադրբեջանի մասին, Թրամփը հայտարարեց, որ «կարգավորման» արագությունը զարմացրել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին։ «Պուտինն իրականում ասաց, որ չի կարողանում հավատալ, որ այս պատերազմը լուծված է», – ասաց ամերիկացի առաջնորդը։

200 տոկոսանոց մաքսատուրքերի պատմությունը շատ բան է բացահայտում տարածաշրջանային իրադարձությունների մասին, բայց միևնույն ժամանակ այն մատնանշում է ձեռք բերված համաձայնությունների կարճաժամկետ բնույթը։ Ոչ մի հիմնարար լուծում չկա։

Վաշինգտոնում նախաստորագրվելուց հինգ ամիս անց “խաղաղության համաձայնագրի” վերջնական ստորագրումը, տարածաշրջանային հաղորդակցությունների շրջափակման վերացումը և Բաքվի ու Անկարայի հետ Հայաստանի հարաբերությունների բարելավումը նույնքան հեռու են, որքան մինչև Վաշինգտոնը։ Հայկական պետականության վերացման ուժային կամ «հարկադրական» որոշման սպառնալիքը հետաձգվել է, բայց չի վերացել։ Ավելին, անհայտ է, թե 200% պատժամիջոցների սպառնալիքի տակ Թրամփը էլ ինչ կարող է ստիպել Փաշինյանին և Ալիևին՝ հանքային պաշարների նկատմամբ վերահսկողություն, տարածաշրջանը ամերիկյան տեխնոլոգիական կենտրոնի վերածում, թե՞ տարածաշրջանի ժողովրդագրական քարտեզի լիակատար փոփոխություն՝ «աշխարհի նոր բաժանման» սպասումով։

Անսպասելի շրջադարձ ուկրաինական կարգավորման մեջ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ դեկտեմբերի 29-ի գիշերը ուկրաինական անօդաչու սարքերը փորձել են հարձակվել Նովգորոդի մարզի Վալդայում գտնվող նախագահական նստավայրի վրա։ Նա հավելել է, որ Մոսկվան արդեն իսկ որոշել է «պատասխան հարվածի» թիրախները։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սուտ է որակել Կիևի կողմից հարձակմանը մասնակցելու մասին պնդումը։

Լավրովը հայտարարել է. «Միևնույն ժամանակ, մենք մտադիր չենք դուրս գալ Միացյալ Նահանգների հետ բանակցային գործընթացից։ Սակայն, հաշվի առնելով Կիևի հանցավոր ռեժիմի լիակատար դեգրադացիան, որը պետական ​​ահաբեկչության քաղաքականություն է ընդունել, Ռուսաստանի բանակցային դիրքորոշումները կվերանայվեն»։

Ինչպես Զելենսկին կարճ ժամանակ անց Telegram-ում գրել է, հարձակման փորձի մեղադրանքները կարող են օգտագործվել Մոսկվայի կողմից՝ Ուկրաինայի դեմ նոր հարվածներ հասցնելու համար։

«Վերջերս մենք լսեցինք Ռուսաստանից մի քանի շատ վտանգավոր հայտարարություններ, որոնք ակնհայտորեն ուղղված էին նախագահ Թրամփի թիմի հետ մեր համատեղ աշխատանքի բոլոր նվաճումները խաթարելուն։ Մենք համատեղ աշխատում ենք խաղաղությունը մոտեցնելու համար», – գրել է նա։ «Այժմ ռուսները հորինել են ակնհայտորեն կեղծ պատմություն ռուս բռնապետի ինչ-որ նստավայրի վրա ենթադրյալ հարձակման մասին, ուստի նրանք ունեն պատրվակ շարունակելու հարձակումները Ուկրաինայի, մասնավորապես՝ Կիևի վրա, և հրաժարվելու պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուց։ Սա ռուսական տիպիկ խաբեբա մարտավարություն է։ Նրանք արդեն հարձակվել են Կիևի, մասնավորապես՝ Ուկրաինայի նախարարների կաբինետի շենքի վրա»։

Զելենսկին կոչ արեց միջազգային հանրությանը «հիմա բարձրաձայնել, որպեսզի ռուսները չխափանեն խաղաղության հասնելու շարժը»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցնցված էր Ուկրաինայի կողմից Նովգորոդի մարզում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման փորձի մասին հաղորդագրություններից, Թրամփ-Պուտին նոր հեռախոսազրույցից հետո ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքերը հաղորդել է RBC-ի թղթակիցը։

Իր հերթին Լավրովը պնդում է, որ թեկուզ զոհեր կամ վնասներ չկան, սակայն Մոսկվան մտադիր է արձագանքել այս հարձակմանը, և Ռուսաստանի պատասխան հարվածի թիրախներն ու ժամանակը արդեն որոշված ​​են։

Պուտինը պարգեւատրել է Գալիցկի-Հարությունյանին եւ Հաջիեւին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Մագնիտ»-ի հիմնադիր և «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկուն (Հարությունյան) պարգևատրել է Բարեկամության շքանշանով։

Գործարարը պարգևը ստացել է «ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած ծառայությունների և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար», – նշվում է փաստաթղթում։

Նույնի համար Բարեկամության շքանշանով պարգևատրվել է նաև Մախաչկալայի «Դինամոյի» նախագահ Հաջի Հաջիևը։

Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի նոր շենքում հատուկ վերելակ է տեղադրվել

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գտնվող Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի նոր շենքում «Քայլտեք» ընկերության կողմից տեղադրվել է ուղիղ բարձրացնող էլեկտրական հարթակ, որն ապագայում ապահովելու է կենտրոնում բուժվող անվասայլակով շահառուների ազատ ու անվտանգ տեղաշարժը։

Հիշեցնենք որ Բարոնուհի Քերոլայն Քոքսի և այլ բարերարների աջակցությամբ 2024 թվականին Եղվարդում  կենտրոնի համար գնվեց շենք, սակայն շենքը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այդ պատճառով ներկայումս ընթանում է վերակառուցում: Վերակառուցման ավարտից հետո կենտրոնը կրկին կբացի իր դռները բոլոր նրանց համար, ովքեր վերականգնման կարիք ունեն։

ՙՙՅուրաքանչյուր նման նախաձեռնություն կարևոր քայլ է դեպի հավասար հնարավորությունների և ներառական հասարակության ձևավորման գործում”, նշում են «Քայլտեք» ընկերության ներկայացուցիչները:

2026-ից Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագիր կրող անձինք կարողանալու են էլեկտրոնային վիզա ստանալ անվճար

2026թ. հունվարի 1-ից Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագիր կրող անձինք կարողանալու են էլեկտրոնային վիզա (e-visa) ստանալ անվճար, հայտնում է ԱԳՆ-ն:

Նշվում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում երկրները որոշել են դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր կրողների համար:

«Այս առիթով Հայաստանն ու Թուրքիան ևս մեկ անգամ վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ շարունակելու երկու երկրների միջև կարգավորման գործընթացը՝ նպատակ ունենալով առանց որևէ նախապայմանների հասնել լիարժեք կարգավորմանը», – ասված է Երևանի հաղորդագրության մեջ:

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը նախօրեին հայտարարել էր, որ ինտենսիվ և շատ դրական երկխոսություն կա Թուրքիայի հետ, ընդգծելով՝ «ժամանակն է, որ ունենանք մեծ, շոշափելի առաջընթաց գետնի վրա»:

Արցախցիները Հայաստանում չեն ճանաչվում նույնիսկ որպես «բռնի տեղահանվածներ»

Այս տարվա վերջին նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց արցախցիների աջակցության երկու նոր ծրագիր և մեկ տարով երկարաձգեց երկու գործող ծրագրերը։ Մենք արդեն գրել ենք, որ չնայած որոշ բարելավումների, ծրագրերը դժգոհություն են առաջացրել արցախցիների մեծամասնության մոտ, քանի որ դրանք չեն վերաբերվում բոլորին և չեն լուծում երկարաժամկետ խնդիրները։ Դրանք հիմնված են ոչ թե արցախցիների կարիքների գնահատման, այլ կարճաժամկետ խնդիրների լուծման քաղաքականության վրա։

Արցախցիները նշում են, որ պարտքով վերցված և արցախցիներին հատկացվելիք միջոցները ավելի լավ կլիներ ծախսել արցախցիների համար սոցիալական բնակարանների և էկոնոմ-դասի բնակարանների կառուցման վրա։ Կասկած չկա, որ եթե կառավարությունը ներկայացներ մի նախագիծ, որը երկու-երեք տարվա ընթացքում արցախցի ընտանիքներին կապահովեր սեփական տներով, շատերը կգտնեին իրենց մեջ ուժ՝ գոյատևելու այս ժամանակահատվածում և չարտագաղթելու։

Այնուամենայնիվ, արցախցիների համար երկարաժամկետ և համապարփակ աջակցության ծրագրերի բացակայությունն ունի իր պատճառները։

Կառավարության պատճառաբանությունը Հայաստանում «ղարաբաղյան գետտո» ստեղծելու աննպատակահարմարությունն է։ Կառավարությունը չի կարողանում բացատրել, թե ինչ վատ կլինի, եթեարցախցիներն ապրեն առանձին տարածքներում՝ պահպանելով իրենց ինքնությունն ու իսկությունը։

Ակնհայտ է, որ խնդիրը «գետտոն» չէ, այլ այն փաստը, որ Հայաստանի կառավարությունը չունի երկարաժամկետ ռազմավարություն Արցախի ժողովրդի համար: Չնայած Նիկոլ Փաշինյանը և Արարատ Միրզոյանը ասում են, որ միակ «ռազմավարությունը» արցախցիների «նատուրալիզացիան» և ինտեգրումն է, նրանք նույնպես հասկանում են, որ սա ժամանակավոր միջոց է: Ոչ ոք չգիտի, թե ինչպես կզարգանան հանգամանքները՝ ինչպիսին կլինի Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» ճակատագիրը, ինչպես կփոխվի աշխարհաքաղաքականությունը «ուկրաինական կարգավորման» դեպքում, և գործող կառավարիչներից ով կպահպանի իշխանությունը: Հետևաբար, ոչ ոք երկարաժամկետ նախագծեր չի հետապնդում և քաղաքական պարտավորություններով իրեն չի ծանրաբեռնում:

Ինչպես նշել են լրատվամիջոցները, կառավարության անդամները արցախցիներին անվանում են «տեղահանված հայրենակիցներ», և այս ամորֆ արտահայտությունը ենթադրում է, որ արցախցիների կարգավիճակը Հայաստանում անորոշ է:

Հայաստանում գտնվող արցախցիները չեն ճանաչվում որպես փախստականներ, քանի որ բոլոր արցախցիները ունեն կապույտ հայկական անձնագրեր, իսկ Արցախը, ըստ Հայաստանի Սահմանադրության, Հայաստանի մաս է կազմում: Չնայած Հայաստանի կառավարությունը պնդում է հակառակը, Ալիևը բազմիցս հիշեցնում է, որ Արցախը Հայաստան է, և վերջ:

Միևնույն ժամանակ, Հայաստանում արցախցիները չեն ճանաչվում որպես «ներքին տեղահանված անձինք», քանի որ դա կնշանակեր Արցախը պաշտոնապես ճանաչել որպես Հայաստանի մաս։

Արցախիները Հայաստանում նույնիսկ չեն ճանաչվում որպես «բռնի տեղահանված անձինք», քանի որ դա կպահանջեր, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ իրականացված ագրեսիան: ՀՀ կառավարությունը դեռևս քաղաքական գնահատական ​​չի տվել 2020-2023 թվականներին Արցախում տեղի ունեցածի վերաբերյալ։

Այսպիսով արցախցիները ՀՀ-ում միջազգայնորեն ճանաչված ոչ մի կարգավիճակ չունեն, ինչը նշանակում է, որ պետության վերաբերմունքը նրանց նկատմամբ կախված է ոչ թե միջազգային կամ ներպետական ​​օրենսդրությունից, այլ նուրբ ներքաղաքական հավասարակշռությունից. կառավարությունը կօգնի արցախցիներին այնքանով, որքանով քաղաքական ճնշում կզգա արցախցիների, միջազգային հանրության և ազգային ուժերի կողմից։

Առավել ևս, որ Հայաստանում ընտրություններ են վեց ամսից, և ոչ ոք չի կարող կանխատեսել ներկայիս կառավարության ճակատագիրը: Մեր տեղեկություններով՝ արցախցիներից շատերը սպասում են ընտրությունների արդյունքներին, որպեսզի համապատասխան գործողությունների ծրագիր և պահանջներ մշակեն։

Բայց անկախ ծրագրից, արցախցիները նախևառաջ պետք է պահանջեն քաղաքական և իրավական իրենց կարգավիճակի ճանաչումը որպես ներքին տեղահանված անձինք Հայաստանում: Այս կարգավիճակին համապատասխան էլ պետք է մշակվեն սոցիալական և իրավական երաշխիքներ՝ փոխհատուցում և այլն։

Լեմկինի ինստիտուտը Հայաստանում եկեղեցու դեմ հալածանքները համեմատել է ցեղասպանության հետ

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ պետականորեն շարունակվող ճնշումների` ներառյալ հոգևորականների ձերբակալությունների ու ահաբեկումների, եկեղեցական հաստատությունների թիրախավորման և պետության կողմից կրոնական ղեկավարությանը լռեցնելու համար իրավական համակարգի աճող օգտագործման վերաբերյալ։

Ինստիտուտի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Այս զարգացումները վտանգավոր մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարական հաստատություններին, ինչպես նաև ոտնձգություն են հայկական ինքնության հիմնական հաստատությունների նկատմամբ: Դրանք ցավալի օրինակ են այն բանի, թե ինչպես կարող են ցեղասպանական գործընթացները սպառնալիքի ժամանակաշրջաններում արմատավորվել մարդկանց գիտակցության մեջ։

ՀՀ կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև լարվածությունը սրվեց 2023 թվականի կրթական բարեփոխումների արդյունքում, որոնք վերացրին Հայ Եկեղեցու պատմությունը որպես առանձին պարտադիր առարկա և ներառեցին այն ավելի լայն, ընդհանրացված ուսումնական ծրագրերում: Վերջերս պետության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու վրա վերջին հարձակումները համընկան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից կազմակերպված միջազգային համաժողովի հետ, որը կազմակերպել էին  Եկեղեցիների համաշխարհային խորհուրդն ու Շվեյցարիայի բողոքական եկեղեցին։  Համաժողովը տեղի է ունեցել Շվեյցարիայի Բեռն քաղաքում 2025 թվականի մայիսի 26-ից 28-ը՝ նպատակ ունենալով լուծել պատմականորեն հայկական Արցախ շրջանում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցը, որը 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ենթարկվել էր ներխուժման և լիովին դատարկվել։

Այս համաժողովը քննադատության է ենթարկել Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին։

Մինչ կառավարությունը պնդում է, որ իր գործողությունները հիմնված են քրեական հանցագործությունների ապացույցների վրա, եկեղեցու առաջնորդները դատապարտել են ձերբակալությունները՝ դրանք անվանելով կրոնական ազատության դեմ հարձակում և Եկեղեցուն թուլացնելու միտումնավոր ջանք։

Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ ծառայել է որպես հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական հիմք։ Չորրորդ դարից սկսած, երբ Հայաստանը դարձավ առաջին ազգը, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, Եկեղեցին եղել է հայոց շարունակականության գլխավոր պահապանը՝ պահպանելով լեզուն, մշակույթը և հիշողությունը օտար տիրապետության դարավոր ժամանակաշրջաններում։ Նրա գոյատևումը գաղութացման, ցեղասպանության և աքսորի ժամանակաշրջաններում վաղուց խորհրդանշել է հայ ազգի տոկունությունը։

Օսմանյան ղեկավարությունը հասկանում էր, որ հայկական քրիստոնեությունը պարզապես կրոն չէ, այլ հայ ազգային ինքնության անոթ, կրթության կենտրոն և կոլեկտիվ հիշողության միջոց։ Եկեղեցին ոչնչացնելով՝ օսմանյան ղեկավարները ձգտում էին քանդել այն մեխանիզմը, որը թույլ էր տվել հայկական ինքնությանը գոյատևել դարավոր կայսերական տիրապետության և մշակութային ճնշման ընթացքում։

Այս հաշվարկված արշավը հայ քրիստոնեության դեմ բացահայտում է, որ ցեղասպանությունը գործում է ոչ միայն ֆիզիկական ոչնչացման, այլև մշակութային և հոգևոր ինքնության ջնջման միջոցով: Եկեղեցու՝ որպես ազգի բարոյական կողմնացույցի և միավորող ինստիտուտի, ոչնչացումը կենտրոնական դեր ուներ ցեղասպանական տրամաբանության մեջ: Այն ձգտում էր ստեղծել իր պատմական գիտակցությունից, իր սրբազան աշխարհագրությունից և իր համայնքային կապերից զրկված բնակչություն: Այս ավերածությունների սպիները շարունակվում են մինչ օրս, քանի որ հազարավոր հայկական կրոնական հուշարձաններ մնում են ավերակների կամ սպառնալիքի տակ Թուրքիայում և Ադրբեջանում:

Գաղափարախոսական շարունակականությունը հստակ է: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա, Առաքելական եկեղեցին, որպես բարոյական և սոցիալական ինստիտուտ, որը կարող է միավորել մարդկանց քաղաքական գծերից այն կողմ, իշխանության մեջ գտնվողների կողմից ընկալվում է որպես պետական վերահսկողության պոտենցիալ սպառնալիք:

Մինչդեռ  ներկա իրավիճակը չի կարող նույնացվել 1915 թվականի ցեղասպանական բռնության հետ, տրամաբանության և մեթոդի զուգահեռները պետք է ճանաչվեն: Ինքնության վրա հիմնված ճնշման վաղ նախազգուշացնող նշանները հաճախ սկսվում են կոլեկտիվ հիշողությունը և բարոյական դիմադրությունը մարմնավորող հաստատությունները ապալեգիտիմացնելու և քրեականացնելու ջանքերից:

Եկեղեցու համակարգված վարկաբեկումը, քահանաների ձերբակալությունները և պետության կողմից կրոնական արտահայտման նկատմամբ աճող թշնամանքը ստեղծում են թշնամական միջավայր, որը վտանգում է ոչ միայն կրոնի ազատությունը, այլև հայ ժողովրդի մշակութային և գոյության անվտանգությունը։ Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Հայաստանի կառավարությանը անհապաղ դադարեցնել հոգևորականության դեմ քաղաքական դրդապատճառներով բոլոր գործողությունները և վերահաստատել իր հավատարմությունը կրոնական ազատության և բազմակարծության սահմանադրական սկզբունքներին:

Ինստիտուտը նաև կոչ է անում միջազգային դիտորդներին և մարդու իրավունքների կազմակերպություններին ուշադիր հետևել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին՝ ընդունելով, որ կրոնական հաստատությունների քայքայումը պատմականորեն նախորդել է հասարակության մասնատման և ինքնության ջնջման ավելի լայն արշավներին։ Հայաստանի ժողովրդավարության և ինքնիշխանության ուժը կայանում է ոչ թե նրա բարոյական հաստատությունների ճնշման, այլ դրանց պաշտպանության մեջ:

Ցեղասպանություն վերապրած ազգը չի կարող իրեն թույլ տալ որևէ ձևով կրկնել իր պատմական ոչնչացման մեխանիզմները»։

1992թ. Ուրուգվայը, Արգենտինան և Բրազիլիան պատրաստ են եղել ճանաչել Արցախի Հանրապետությունը

Step1.am-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը։

Սկիզբը՝ այստեղ https://step1.am/blog/2025/12/27/42208/

Դուք հայտարարել եք, որ Ադրբեջան-Արցախ հակամարտությունը կարգավորված չէ, այն փակված էջ չէ։ Ի՞նչ ճանապարհներ եք տեսնում հակամարտության լուծման համար։

– Այո, Ադրբեջան-Արցախ հակամարտությունը կարգավորված չէ, այն փակված էջ չէ, ուստի հակամարտության կարգավորման նոր ուղիների, արցախահայության Արցախում վերահաստատվելու հիմնական գաղափարի իրականացման հնարավորությունների արծարծումը հրատապ անհրաժեշտություն է:

Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման խաղաղ հնարավորությունը

Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման խաղաղ հնարավորությունը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն է:

Մինչև չլինի Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման կայուն, տևական և արդյունավետ միջոց, օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանն իր ահաբեկչական գործելաոճը, Արցախի Հանրապետության նկատմամբ իր ապօրինի հավակնությունները չի դադարեցնելու:

Ի՞նչ կարող են անել դրա համար միջազգային հանրության անդամ պետությունները. ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Իսկ ինչո՞ւ չեն ճանաչում, քանի որ նույնիսկ Հայաստանն ինքը չի ճանաչել և չի ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը:

Կարծում ենք՝ Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու օտարերկրյա պետությունների քաղաքական վարքագծի մեջ կա տրամաբանություն: Եթե Հայաստանի Հանրապետությունը, որն աշխարհի ամենաշահագրգիռ պետությունն է Արցախի Հանրապետության նկատմամբ բոլոր առումներով, չի ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը, ապա ինչո՞ւ պետք է մյուս պետությունները ճանաչեն:

Հարկ է նշել, որ դեռևս 1992թ. Ուրուգվայը, Արգենտինան և Բրազիլիան պատրաստ են եղել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, պայմանով, որ առաջինը այն ճանաչի Հայաստանի Հանրապետությունը:

Այս մասին հայտարարել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական՝ Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման հարցով գլխավոր բանակցողներից մեկը՝ Ժիրայր Լիպարիտյանը, 2021թ. դեկտեմբերի 13-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ:

Հայաստանի Հանրապետության այն ժամանկվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Ուրուգվայի, Արգենտինայի և Բրազիլիայի վարչակազմերի առաջ քաշած վերոնշյալ պայմանին արձագանքել է պայմանով՝ ասելով «թող մեկ երկիր ճանաչի, ես Ղարաբաղի անկախությունը կճանաչեմ»:

Քանի որ Հայաստանը չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, նշված պետությունները նույնպես հրաժարվել են Արցախի անկախության ճանաչումից:

2021թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը» վերնագրով ռեզոլյուցիա (որոշում), որի 1-ին կետի համաձայն՝ «Գլխավոր ասամբլեան… վերահաստատում է, որ բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը… հանդիսանում է մարդու իրավունքների արդյունավետ երաշխավորման և պաշտպանության ու այդ իրավունքների պահպանման և խրախուսման հիմնարար պայման:»:

Մեջբերումից պարզ է դառնում, որ մարդու բոլոր իրավունքները կարող են արդյունավետ կերպով երաշխավորվել և պաշտպանվել, եթե իրականացվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Համաձայն ՄԱԿ-ի կողմից 1966թ. դեկտեմբերի 16-ին ընդունված «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» և «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրերի՝ մարդն ունի բազմաթիվ իրավունքներ, մասնավորապես` կյանքի իրավունք, ազատ տեղաշարժի իրավունք, ազատորեն կարծիք արտահայտելու իրավունք և այլն:

2021թ. դեկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի կողմից ընդունված ռեզոլյուցիայի (որոշման) 1-ին կետի համաձայն՝ միջազգային դաշնագրերով սահմանված մարդու իրավունքները չեն կարող արդյունավետ կերպով երաշխավորվել և պաշտպանվել, եթե չիրականացվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Մինչև միջազգայնորեն չճանաչվի արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է՝ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում անկախ հռչակված Արցախի Հանրապետությունը, հնարավոր չի լինելու արդյունավետ կերպով երաշխավորել և պաշտպանել արցախահայության մնացյալ բոլոր իրավունքները:

Ասվածն ավելի առարկայական է դառնում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված ճգնաժամի համատեքստում: 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. սեպտեմբերի 18-ը Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու արգելափակման հետևանքով զանգվածաբար խախտվել էին Արցախի Հանրապետության քաղաքացիների բազմաթիվ իրավունքներ, մասնավորապես՝ ազատ տեղաշարժի իրավունքը, որը սահմանված է «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» ՄԱԿ-ի միջազգային դաշնագրի 12-րդ հոդվածով:

Եթե միջազգայնորեն ճանաչված լիներ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է՝ 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքում անկախ հռչակված Արցախի Հանրապետությունը, ապա դա հիմնարար երաշխիք կհանդիսանար արցախահայության մնացյալ բոլոր իրավունքների, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքի, արդյունավետ երաշխավորման և պաշտպանության համար:

Հետևաբար, Արցախի Հանրապետության քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կազմող ազգությամբ հայերի՝ տիրոջ իրավունքով և կարգավիճակով Արցախ վերադարձն իրականություն դարձնելու և Արցախի Հանրապետությունում նրանց խաղաղ, անվտանգ և ստեղծարար կենսագործունեությունն արդյունավետ կերպով ապահովելու նպատակով Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը հրամայական անհրաժեշտություն է:

Երբ ասվում է, որ արցախահայությունը պետք է վերադառնա Արցախ տիրոջ իրավունքով և կարգավիճակով, նկատի է առնվում հետևյալը՝

  1. Արցախի Հանրապետության տարածքում պիտի շարունակեն գործել Արցախի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները:
  2. Արցախի Հանրապետության տարածքում պիտի շարունակի իր պարտականությունները կատարել և իր լիազորություններն իրականացնել Արցախի Հանրապետության ժողովրդի կողմից ձևավորված վարչակազմը:
  3. Կտրականապես պիտի բացառել օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանին Արցախի որևէ կերպ՝ ուղղակի, անուղղակի, կամ նույնիսկ թվացյալ ենթակայություն:

Իսկ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը հասնելու հնարավորություններից մեկը կարող է լինել Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը:

Հաշվի առնելով՝

  • արցախահայության կամարտահայտությունը՝ միջազգային և ԽՍՀՄ իրավական ակտերի հիման վրա ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին ութ երկրներից՝ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Իսպանիայից և Ուկրաինայից գրեթե 40 անկախ միջազգային դիտորդների ներկայությամբ Արցախի Հանրապետությունում անկացված անկախության հանրաքվեի արդյունքները,
  • 1992թ. հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշումը, որի ընդունման համար Հայաստանի Հանրապետությունը, մասնավորաբար, հիմք է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները,
  • հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով Արցախի ժողովրդի կողմից ձևավորված Արցախի Հանրապետության վարչակազմի ներկայացուցիչների հետ բանակցությունները վերսկսելուց Ադրբեջանի հրաժարման փաստը,
  • արցախահայությանը ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ապացուցված քաղաքականությունը՝

Հայաստանի Հանրապետությունը կարող է և պետք է անհապաղ ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը:

Անհրաժեշտ է նշել, որ դեռևս 1992թ. Հայաստանի Հանրապետությունը որոշակի քայլ է կատարել Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ուղղությամբ: 1992թ. հուլիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին» որոշում:

Նշված որոշումը Հայաստանի Գերագույն խորհուրդն ընդունել է՝ հիմնվելով միջազգային իրավունքի հիմնադրույթների, ազգերի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքների վրա:

Փաստորեն, Հայաստանի Հանրապետությունը դեռևս 1992թ. հուլիսին ճանաչել է արցախահայության կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին Արցախի Հանրապետությունում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները:

Պետք է նշել, որ Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը, կամ արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստի ճանաչումը չի կարող որևէ կերպ խախտել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ ինքնորոշման սկզբունքը սահմանված է որպես նպատակ, իսկ տարածքային ամբողջականությունը՝ որպես սկզբունք: Այսպես, կանոնադրության 1-ին հոդվածի 2-րդ մասով, մասնավորապես, սահմանված է. «Միավորված ազգերի կազմակերպության նպատակներն են… 2. Զարգացնել ազգերի բարեկամական հարաբերություններ՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա…», իսկ կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ մասով, մասնավորապես, սահմանված է. «Կազմակերպությունը և նրա անդամները, հետամուտ լինելով 1-ին հոդվածում շարադրված նպատակներին, գործելու են հետևյալ սկզբունքների համաձայն…. 4. Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և/կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից:»:

Մեջբերումներից պարզ է դառնում, որ ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածում շարադրված սկզբունքները պետք է հիմք հանդիսանան կանոնադրության 1-ին հոդվածում շարադրված նպատակներին հասնելու համար: Այսինքն՝ տարածքային ամբողջականությունը, որպես ՄԱԿ-ի սկզբունք, պետք է հիմք հանդիսանա հասնելու ժողովուրդների ինքնորոշմանը որպես ՄԱԿ-ի նպատակի:

Փաստորեն, ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն ժողովուրդների ինքնորոշումը տարածքային ամբողջականության նկատմամբ ունի գերակա դիրք:

Տարածքային ամբողջականության նկատմամբ ազգերի ինքնորոշման իրավունքի գերակա դիրքի մասին է վկայում նաև Կոսովոյի անկախության վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունը:

Արդարադատության միջազգային դատարանը 2010թ. հուլիսի 22-ին ընդունել է խորհրդատվական եզրակացություն միջազգային իրավունքի նորմերին Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման համապատասխանության վերաբերյալ:

Դատարանը քննության է առել նաև «տարածքային ամբողջականություն» հասկացությունը և տվել հետևյալ մեկնաբանությունը. «տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակը սահմանափակվում է միջպետական հարաբերությունների ոլորտով»:

Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ տարածքային ամբողջականության սկզբունքի մասին կարելի է խոսել միայն միջպետական հարաբերությունների ոլորտում, այսինքն՝ երկու կամ ավելի պետությունների միջև հարաբերությունների ոլորտում: Այդ ոլորտից դուրս չի կարելի խոսել տարածքային ամբողջականության սկզբունքի մասին: Ավելի պարզ՝ տարածքային ամբողջականության սկզբունքը կարելի է կիրառել միայն պետությունների միջև հարաբերությունների մասին խոսելիս:

Քանի որ Ադրբեջան-Արցախ հակամարտությունը միջպետական հարաբերությունների ոլորտում գտնվող հակամարտություն չէ, հետևաբար այս հակամարտության պարագայում չի կարելի խոսել տարածքային ամբողջականության սկզբունքի մասին:

Այսպիսով, Կոսովոյի անկախության միակողմանի հռչակման հետ կապված ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացության լույսի ներքո օկուպանտ Ադրբեջանը Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման համատեքստում չի կարող խոսել Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման մասին:

Արցախի Հանրապետության անկախության ճանաչումից անմիջապես հետո Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության հետ պետք է կնքի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագիր: Այս քայլով առաջին՝ Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը դե յուրե միմյանց նկատմամբ կստանձնեն փոխադարձ պարտավորություններ, առ այն, որ եթե պայմանագրի կողմերից մեկը ագրեսիայի կենթարկվի որևէ երրորդ պետության կողմից, ապա պայմանագրի մյուս կողմը կունենա լեգիտիմ իրավունք և պարտականություն ռազմական աջակցություն տրամադրել ագրեսիայի ենթարկված կողմին և երկրորդ՝ Հայաստանի Հանրապետությունն այլևս չի կարող բանակցել Արցախի Հանրապետության անունից, նրա փոխարեն, առավել ևս ստորագրել որևէ փաստաթուղթ, որն այս կամ այն չափով կարող է վերաբերել Արցախի Հանրապետության ազգային, պետական շահերին:

Հայաստանի Հանրապետությունն ունեցել է առնվազն վեց հարմար հնարավորություն ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը:

Առաջին հարմար հնարավորությունը եղել է 1991թ., երբ նույն թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում ընդունել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը՝ այդպիսով ազդարարելով նախկին ԼՂԻՄ-ի և Շահումյանի շրջանի անկախության իրավական գործընթացի մեկնարկի մասին, որին ի պատասխան Ադրբեջանը պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ՝ ներգրավելով «…միջազգային ահաբեկչական ցանցերի` Թալիբանի և Ալ-Կաիդայի ավելի քան 2000 և ահաբեկիչ Շամիլ Բասաևի հարյուրավոր չեչեն գրոհայիններին:»:

Երկրորդ հարմար հնարավորությունը եղել է մինչև 1994թ. մայիսի 9-11-ը հրադադարի եռակողմ (Արցախ, Հայաստան, Ադրբեջան) համաձայնագրի ստորագրումը, երբ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը չէր դադարեցնում ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ, որի հետևանքով օկուպացրել է Արցախի Հանրապետության տարածքի մոտավորապես 9%-ը:

Սակայն, փոխանակ ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը, Լևոն Տեր-Պետրոսյանը 1992թ. մարտի սկզբին հրապարակային հանդես է եկել նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզն Ադրբեջանի կազմ մտցնելու միջոցով Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը լուծելու օգտին:

Այսպես, 1992թ. մարտի 5-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տվել “Комсомольская правда” ռուսալեզու թերթին և, մասնավորաբար, ասել հետևյալը. “Хотелось бы думать, что статус автономной республики в составе Азербайджана полностью удовлетворил бы все стороны, ведь при этом Карабах остается в составе Азербайджана, территориальная целостность республики сохраняется, а карабахцы, в свою очередь, имеют гарантированную жизнидеятельность. Вот наша позиция. Мы готовы ее обсуждать на любом уровне.”.

Մեջբերումից պարզ է դառնում, որ 1992թ. մարտ ամսվա դրությամբ՝

  1. ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը նախկին ԼՂԻՄ-ի տարածքը համարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս,
  2. ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կողմ է եղել, որ նախկին ԼՂԻՄ-ի տարածքը գտնվի Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակով,
  3. Ըստ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ եթե նախկին ԼՂԻՄ-ի տարածքը գտնվի Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակով, ապա այդ դեպքում արցախցիները կունենան երաշխավորված կենսագործունեություն:

Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման նման մոտեցմամբ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել այն պարագայում, երբ 1988թ. Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ և Գանձակ քաղաքներում, 1990թ. մայրաքաղաք Բաքվում տեղի էին ունեցել հայերի ցեղասպանություն և բռնի տեղահանություններ, իսկ 1991թ. ապրիլ-օգոստոս ամիսներին Խորհրդային Ադրբեջանի ներքին գործերի նախարարության միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի և ԽՍՀՄ զինված ուժերի 4-րդ բանակի ստորաբաժանումների հետ համատեղ իրականացրել էին Արցախի հայկական բնակավայրերի տեղահանման լայնամասշտաբ ռազմաոստիկանական «Կոլցո» (Օղակ) գործողությունը:

Երրորդ հարմար հնարավորությունը եղել է 2016թ., երբ նույն թվականի ապրիլի 2-ին օկուպանտ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 1994թ. մայիսի 12-ից ուժի մեջ մտած հրադադարի եռակողմ համաձայնագիրը, երկրորդ անգամ պատերազմ է սկսել Արցախի Հանրապետության դեմ և մինչև ապրիլի 5-ը չի դադարեցրել ռազմական գործողությունները:

Ի՞նչ է արել Հայաստանի վարչակազմը: ՀՀ երրորդ նախագահը, փոխանակ անմիջապես ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը, պատերազմի 3-րդ օրը՝ 2016թ. ապրիլի 4-ին, իր աշխատավայր է հրավիրել Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ երկրների դեսպաններին և բառացիորեն ասել հետևյալը. «մեկ անգամ չէ, որ ես հայտարարել եմ, որ եթե, իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:»:

Ինչո՞ւ դա արվեց, ո՞րն էր դրա նպատակը: Այդ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը ունեցել է բավականին հարմար հնարավորություն ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունը:

Եթե Հայաստանը ճանաչեր Արցախի անկախությունը, ապա որևէ առանձին երկիր, որևէ միջազգային կառույց հիմք չէր ունենա քննադատելու, կամ առավել ևս դատապարտելու Հայաստանի նման քայլը: Ինչո՞ւ, քանի որ Ադրբեջանը դուրս էր եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ ընթացող խաղաղ բանակցային ձևաչափից և դիմել ուժի՝ այդպիսով խախտելով ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված միջազգային իրավունքի սկզբունքներից մեկը, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման մասին սկզբունքը, որն ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հետ միասին դրված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության կողմից առաջարկված և հակամարտող կողմերի կողմից ընդունված կոնֆլիկտի կարգավորման հիմքում:

Չորրորդ հարմար հնարավորությունը եղել է 2020թ., երբ նույն թվականի սեպտեմբերի 27-ին օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված միջազգային իրավունքի սկզբունքները, մասնավորապես՝ ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 1994թ. մայիսի 12-ից ուժի մեջ մտած հրադադարի եռակողմ համաձայնագիրը, Թուրքիայի, Պակիստանի, Իսրայելի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների օգնությամբ երրորդ անգամ հարձակվել է Արցախի Հանրապետության վրա և մինչև նույն թվականի նոյեմբերի 9-ը տևած 44-օրյա պատերազմի հետևանքով օկուպացրել է Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի ևս, մոտավորապես, 75%-ը:

Հինգերորդ հարմար հնարավորությունը Հինգերորդ հարմար հնարավորությունը եղել է 2022թ., երբ նույն թվականի դեկտեմբերի 12-ին օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բոլոր ռազմական գործողությունների և կրակի ամբողջական դադարեցման մասին» եռակողմ (Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան) հայտարարությունը, հանձինս ուժային կառույցների նախկին և ներկա մի խումբ ծառայողների, ովքեր հանդես էին գալիս իբրև էկոակտիվիստներ, արգելափակել է Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու՝ ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում գտնվող Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածը, իսկ 2023թ. ապրիլի 23-ին Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու Քաշաթաղի շրջանով անցնող ճանապարհահատվածում՝ Հակարիի կամրջի հարակից հատվածում, տեղադրել է ապօրինի հսկիչ անցագրային կետ:

2022 թվականի դեկտեմբերի 12-ից այսպես կոչված էկոակտիվիստներով, իսկ 2023 թվականի ապրիլի 23-ից ապօրինի հսկիչ անցագրային կետի տեղադրմամբ արգելափակելով Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող միջպետական մայրուղին՝ Ադրբեջանն ավելի քան ինը ամիս շարունակ շրջափակման մեջ է պահել արցախահայությանը՝ ենթարկելով նրանց ցեղասպանության:

Վեցերորդ հարմար հնարավորությունը կրկին եղել է 2023թ. սեպտեմբերի 19-ին: Այդ օրն օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանը, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ և Հելսինկյան եզրափակիչ ակտով սահմանված ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և վեճերի խաղաղ կարգավորման մասին սկզբունքները, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, չորրորդ անգամ, դիմելով ագրեսիայի, հարձակվել է Արցախի Հանրապետության վրա և երկօրյա պատերազմի ընթացքում օկուպացրել Արցախի Հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքի մնացած մասը` ցեղասպանության ենթարկելով Արցախի հայության մի մասին, իսկ մեծ մասը` ավելի քան 100.000 մարդ, բարեբախտաբար, մազապուրծ փրկվել է ցեղասպանությունից՝ վտարվելով իր բնօրրանից, որտեղ ապրել է մոտավորապես երեք հազարամյակ անընդմեջ:

Սակայն, Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչած Նիկոլ Փաշինյանը 2023թ. սեպտեմբերի 19-ին ժողովրդին ուղղված ուղերձում, մասնավորաբար, հայտարարել է. «պիտի արձանագրենք, որ այսպիսով Ադրբեջանը, ըստ էության, մեկնարկել է Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան: …Բայց ինչպես ասել եմ և ասում եմ, հիմա ընդգծում եմ, որ այս գործողության հիմնական և առանցքային թիրախը և նպատակը Հայաստանի Հանրապետությանը ռազմական գործողությունների մեջ ներքաշելն է»:
Իսկ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 20-ին, կրկին ժողովրդին ուղղված ուղերձում էլ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարել է. «Ամեն դեպքում մենք, կրկին ասում եմ, տեղի ունեցածն ընդունում ենք ի գիտություն և կշարունակենք հետևել զարգացումներին»:

Այսինքն՝ Ադրբեջանն Արցախի հայությանը ենթարկում է ցեղասպանության, սակայն Հայաստանի Հանրապետության ղեկավարը հայտարարում է, որ «տեղի ունեցածն ընդունում ենք ի գիտություն և կշարունակենք հետևել զարգացումներին»:

Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Ցավոք, բոլոր առնվազն վեց հարմար հնարավորություններն էլ Հայաստանի Հանրապետությունը բաց է թողել օրվա իշխանության քաղաքականապես անհեռատես և անհիմն հաշվարկների արդյունքում:

Հայաստանի Հանրապետության նախորդ և ներկա բոլոր վարչակազմերը հայտարարում էին և հայտարարում են, որ եթե Հայաստանը ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, ապա դա կհանգեցնի պատերազմի ընդդեմ Ադրբեջանի, քանի որ դրանով Հայաստանը կհամարվի ագրեսոր և այլն:

Ժամանակը ցույց տվեց, որ Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության նախկին և ներկա բոլոր վարչակազմերի մոտեցումները քաղաքականապես սնանկ են և հիմնազուրկ:

Հայաստանի Հանրապետության բոլոր վարչակազմերը կոպտագույն սխալ են թույլ տվել և շարունակում են թույլ տալ՝ չճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը նրա անկախության հռչակման պահից սկսած մինչ օրս:

Համոզիչ չէ Արցախի Հանրապետությունը չճանաչելու մասին ցանկացած փաստարկ, ում կողմից էլ այն կներկայացվի: Քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, գրեթե անհնար է ակնկալել, որ այն կճանաչվի որևէ երրորդ պետության կողմից:

Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի խաղաղ կարգավորմամբ գրեթե 30 տարի զբաղվում էր կանֆլիկտի կարգավորմամբ զբաղվելու միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խումբը: Սակայն Սդրբեջանը հարցը փորձեց լուծել ուժային ճանապարհով՝ պատերազմ սանձազերծելով Արցախի Հանրապետության դեմ: Փաստացի Ադրբեջանը դուրս եկավ խաղաղ բանակցային ճանապարհով հարցը լուծելու տրամաբանությունից: Այս պարագայում հարց է առաջանում. միջազգային հանրությունը Ադրբեջանին համարե՞լ է ագրեսոր, պատժամիջոցներ կիրառե՞լ է Ադրբեջանի նկատմամբ վեճերի խաղաղ կարգավորման մասին և ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու մասին ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Հելսինկյան եզրափակիչ ակտում և միջազգային իրավական այլ ակտերում արձանագրված սկզբունքները: Պատասխանն ավելի քան հստակ է՝ ոչ:

Ինչ վերաբերում է այն հայտարարություններին, ըստ որի Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման դեպքում Ադրբեջանը պատերազմ կսկսի Հայաստանի դեմ, հարկ ենք համարում նշել հետևյալը. պատերազմը Ադրբեջանի հետ չի ավարտվել: Ադրբեջանը մշտապես պատերազմ է վարել ընդդեմ Արցախի և Հայաստանի Հանրապետությունների, իսկ Արցախի օկուպացիայից հետո էլ պատերազմ է վարում ընդդեմ Հայաստանի: Պարզապես այդ պատերազմն այսօր ակտիվ ռազմական գործողությունների վարման փուլում չէ:

Ի վերջո, եթե ՀՀ նախկին վարչակազմերից որևէ մեկը ճանաչեր Արցախի Հանրապետության անկախությունը, ապա Հայաստանի որևէ ապագա ղեկավար, տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանը, չէր կարող հայտարարել, որ Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է նաև Արցախի Հանրապետությունը: Ինչո՞ւ, քանզի նախքան այդ հայտարարությունը, Հայաստանի Հանրապետությունը համապատասխան իրավական ակտի ընդունմամբ արդեն պաշտոնապես ճանաչած կլիներ Արցախի անկախությունը: Եվ եթե այդ պարագայում Հայաստանի ապագա որևէ ղեկավար, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանը, հանդես գար Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս ճանաչող հայտարարությամբ, ապա նման հայտարարությունը չէր կարող ունենալ ո՛չ քաղաքական, ո՛չ էլ առավել ևս իրավական նշանակություն, իսկ նման հայտարարության հեղինակը կհայտնվեր անհասկանալի իրավիճակում:

Ի դեպ, Արցախի Հանրապետության անկախությունը չճանաչելու համար Ռուսաստանի Դաշնության նախագահը երեք անգամ ուղղակի, երեք անգամ անուղղակի կերպով քննադատել է Հայաստանի նախորդ և ներկա բոլոր վարչակազմերին:

2022թ. դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվել է Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող միջպետական մայրուղու՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության օկուպացված Քաշաթաղի շրջանով անցնող միջանցքի Շուշի-Քարին տակ ճանապարհահատվածն Ադրբեջանի կողմից փակելու մասին հարցը:

Հարցի վերաբերյալ ելույթ են ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր հինգ մշտական անդամների ներկայացուցիչները և ոչ մշտական անդամների առանձին ներկայացուցիչներ:

Բոլորի խոսքն իր բովանդակությամբ կոչ էր փակված միջանցքը բացելու վերաբերյալ՝ առանց հարցի լուծման գործնական առաջարկությունների:

Իռլանդիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների կոչերը հասցեական էին՝ ուղղված Ադրբեջանին, մնացածների, այդ թվում՝ Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի կոչերը՝ անհասցե: Ավելին՝ Ռուսաստանի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանի ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել հասնել նրան, որ միջանցքը մասնակի բացվել է:

Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը միմյանց կապող Արցախի Հանրապետության օկուպացված Քաշաթաղի շրջանով անցնող միջանցքը Ադրբեջանի կողմից ապօրինաբար արգելափակելու մասին հարցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երկրորդ անգամ քննարկվել է 2023թ. օգոստոսի 16-ին:

Հարցի վերաբերյալ ելույթ են ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր՝ հինգ մշտական և տասը ոչ մշտական անդամ-երկրների ներկայացուցիչները: Ինչպես առաջին անգամ, երկրորդ անգամ ևս բոլորի խոսքն իր բովանդակությամբ կոչ էր փակված միջանցքը բացելու վերաբերյալ՝ առանց հարցի լուծման գործնական առաջարկությունների:

Արգելափակված միջանցքը բացելու մասին Ֆրանսիայի, Մալթայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների կոչերը հասցեական էին՝ ուղղված Ադրբեջանին, մնացածների, այդ թվում՝ Հայաստանի ռազմավարական դաշնակցի՝ Ռուսաստանի կոչերը՝ անհասցե:

Նկատի ունենալով, որ հարցի՝ երկու անգամ քննարկման ժամանակ փակված միջանցքը բացելու վերաբերյալ Ադրբեջանին հասցեական կոչեր են ուղղել միայն Իռլանդիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Մալթայի ներկայացուցիչները՝ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման հարցով հարկ է առաջնահերթորեն աշխատանքներ տանել հենց այդ պետությունների հետ:

Նշված պետությունների ցանկին պետք է ավելացնել նաև Ուրուգվային որպես հայոց ցեղասպանությունն աշխարհում առաջինը ճանաչած պետություն:

Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումից հետո Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության վարչակազմերը Արցախի անկախության միջազգային ճանաչման հարցով առաջնահերթորեն պետք է աշխատանքներ սկսեն Իռլանդիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մալթայի և Ուրուգվայի հետ:

Այսպիսով, Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի կարգավորման խաղաղ հնարավորությունը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է, իսկ դրան հասնելու հնարավորություններից մեկը կարող է լինել Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը:

Կա նաեւ Ադրբեջան-Արցախ հակամարտության կարգավորման ոչ խաղաղ կամ ուժային հնարավորությունը։


Շարունակելի

Պուտինը խաչն ամրացրել է պետական ​​զինանշանի վրա

Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով ամրագրվում է խաչերը պետական ​​զինանշանի վրա:

Փոփոխություններ են կատարվել պետական ​​զինանշանի մասին դաշնային օրենքում: Զինանշանի նկարագրությանը ավելացվել է հետևյալ նախադասությունը. «Փոքր թագերը, մեծ թագը և գունդը պսակված են ուղիղ, հավասարաթև չորսաթև խաչերով՝ լայնացող ծայրերով»:

Դեկտեմբերի 18-ին Պետական ​​Դուման ընդունել է օրինագիծ, որով Ռուսաստանի զինանշանի վրա խաչերը ամրագրվում են թագերի և գունդից վերև: Փոփոխությունները պայմանավորված էին «խաչաթափման»՝ խաչերի և այլ կրոնական խորհրդանիշների հեռացման կամ փոխարինման շուրջ քննարկումներով լրատվամիջոցներում, գովազդում և հուշանվերներում կրոնական շենքերի պատկերներից խաչերի անհետացմամբ:

400 տարի շարունակ Ռուսաստանը ներքին գաղափարախոսական պայքարի մեջ է այն բանի շուրջ, թե ինչն է ռուսական պետության սրտում՝ խաչը, որը ուղեկցում է ռուսներին «վարայգներից դեպի հույներ», թե՞ կիսալուսնի, որը նշանակում է «այո, մենք ասիացիներ ենք՝ թեք աչքերով»: Կային պահեր, երբ ասիական գեները գերակշռում էին. վկա՝ տուվացի Շոյգուի կերպարը և Պուտինի շամանության հանդեպ կիրքը։ Սակայն Թրամփի իշխանության գալուց և քրիստոնեական քաղաքակրթությունը պաշտպանելու և վերակենդանացնելու մասին նրա հայտարարություններոից հետո Պուտինը որոշեց ևս դառնալ քրիստոնեության պաշտպան։ Զինանշանի վրա խաչերը ամրացնելու և «խաչաթափմանը» վերջ դնելու որոշումը Թրամփի հետ նոր համատեղ ռազմավարության մաս է կազմում։