Month: Դեկտեմբեր 2025
«Եթե բոլորը գնան, էլ ո՞վ մնա սահմանին». Աննայի պատմությունը՝ Արցախից մինչև Գորիս
Ցավի, դիմակայության ու չմոռացվող տան ճամփան
Գորիսի հրապարակում՝ քաղաքի սրտում, եռագույնից բացի այլ դրոշ էլ կա՝ Արցախինը։ Այստեղ այն տեղադրված է բաց ու անթաքույց՝ առանց «հարմար լինելու» հաշվարկի։ Ապահով չէ, բայց արժանապատիվ։ Որպես հիշեցում, որ այս վայրով անցել են մարդիկ, որոնց համար տունը մոտ է, բայց վերադարձի քայլը դեռ անհասանելի։
Աննան այդ դրոշի կողքին է ապրում արդեն ավելի քան 2 տարի։ Ասում է․ «Գորիսից Արցախ ճանապարհը կարճ է, որպեսզի շուտ հասնեմ՝ այստեղ եմ ապրելու»։
Երկու օր՝ կյանքի չափ երկար
2023-ի հոկտեմբերի 1-ին Աննայի ընտանիքը լքեց Արցախը։ Չէին ուզում հեռանալ․ մինչև վերջին պահը հավատում էին, որ կհաջողվի մնալ։ Իննամսյա շրջափակումից հետո, սեպտեմբերի 1-ին, Աննան կորցրեց եղբորը և միակ ցանկությունը դարձավ նրա մարմինը Հայաստան տեղափոխելը։
«Եղբայրս հիմա թաղված է Գորիսի Եռաբլուրում և Գորիսին կապող ամենակարևոր պատճառներից մեկը հենց նա է»,- ասում է Աննան։
2020-ին Աննայի ընտանիքը ևս Գորիսում էր։ Վերադարձան, վերանորոգեցին տունը, փորձեցին ապրել բնականոն առօրյայով, սակայն շրջափակումը ցույց տվեց՝ խաղաղությունը երկար չէր կարող տևել։
«Եթե բոլորը գնան, սահմանին ո՞վ մնա»
Աննան հիմա ապրում է Գորիսում՝ մեկ ակնկալիքով՝ վերադառնալ տուն։ Երբ հարցնում են, թե ինչու չեն տեղափոխվում Երևան, պատասխանը հակիրճ է․ «Եթե բոլորը գնան, սահմանին ո՞վ պետք է ապրի։ Գորիսը տուն վերադառնալու ճանապարհի սկիզբն է»։
Նրա դիրքորոշումը ուղիղ է․ սահմանը մարդիկ են պահում։
Տղան՝ սպորտից դեպի ծառայություն
Աննայի որդին 14 տարի զբաղվում է սանդա-ուշուով, մասնակցել է մրցաշարերի, ունի մեդալներ։ Վերջին մրցույթում Ղազախստանում հաղթեց և հաղթանակը նվիրեց զոհված քեռու և բոլոր նահատակների հիշատակին։
Ընտանիքում ծառայությունը ընկալվում է որպես պարտք։ «Եթե ՀՀ քաղաքացիները եկել են ծառայել Արցախում, ինչո՞ւ արցախցին չպետք է ծառայի Հայաստանում»,– ասում է Աննան։
Վերջին խոսակցությունից մեկի ժամանակ ոդին հայտնեց, որ որոշել է ընդունել քաղաքացիություն՝ պայմանագրային ծառայության անցնելու համար։ Պատրաստվում է հնգամյա ծառայությանը և ունի անձնական նպատակ․ «Գորիսի ամենաբարձր կետից ուզում եմ Արցախին նայել»։
Երբ Աննան խոսում է զոհված եղբոր մասին, ձայնը փոխվում է։ «Ամեն անգամ եղբորս զինվորական համազգեստը լվանալուց հետո մի թուղթ ստորագրում էի ու դնում գրպանում։ Արթուրն ասում էր՝ «թուղթը դնողն էլ ես դու, հանողն էլ ես դու լինելու։ Երբ կանչեցին դիակի ճանաչման, առաջինը դա հիշեցի։ Զոհի գրպանում իմ ստորագրությամբ նույն թուղթն էր, եղբայրս էր․․․»։
Անան ընդունում է․ «Գիտեմ, որ եղբայրս չկա, բայց ամեն անգամ զինվորական համազգեստ տեսնելիս նրան եմ փնտրում։ Հիմա չգիտեմ՝ ինչպես եմ նույն համազգեստով որդուս տեսնելու»։
Գորիսում Աննան գտել է ընդունող միջավայր։ Քաղաքի կենտրոնական հրապարակում Արցախի դրոշը շարունակում է ծածանվել։ Այժմ այն շատ քիչ վայրերում կարելի է տեսնել։
Մարդիկ օգնություն են առաջարկում, հրավիրում իրենց տուն։ Նրա համար դա պարզապես դրոշ կամ ժեստ չէ, այլ կապ՝ եկածների ու տեղաբնակների միջև։
Այսօր Աննան և նրա ընտանիքը Գորիսում են՝ աշխատում, սովորում, ծրագրում ապագան։ Վերադարձի մասին չեն խոսում որպես երազանքի, այլ՝ որպես ճանապարհի հաջորդ քայլի։
Իսկ մինչ այդ՝ Գորիսը նրանց համար կանգառ չէ․ սա ապրող, գործող համայնք է, որտեղ Արցախի հիշողությունը չի մարում, այլ ապրում է մարդկանցով, պատմություններով։
Մարիամ Սարգսյան
Ի՞նչ են նշանակում Թրամփի խոսքերը. Զելենսկու նախադեպը Ալիևի և Փաշինյանի համար
«Անցյալ շաբաթ մեր բանակցություններից հետո մենք խոսեցինք նախագահ [Ռուսաստանի Վլադիմիր] Պուտինի հետ, ինչպես նաև Ուկրաինայի առաջնորդների հետ, այդ թվում՝ նախագահ [Ուկրաինայի Վլադիմիր] Զելենսկու հետ։ Եվ պետք է ասեմ, որ մի փոքր հիասթափված եմ, որ նախագահ Զելենսկին դեռ չի կարդացել [վերջին խաղաղության առաջարկը]՝ համենայնդեպս այդպես էր մի քանի ժամ առաջ», – ասաց Դոնալդ Թրամփը։
«Նրա [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու] ժողովուրդը սիրում է այն [խաղաղության առաջարկը], բայց նա չի կարդացել այն։ Ռուսաստանը համաձայն է դրա հետ։ Գիտեք, Ռուսաստանը կնախընտրեր ստանալ ամբողջ երկիրը, եթե մտածենք դրա մասին։ Բայց կարծում եմ՝ Ռուսաստանը համաձայն է։ Այնուամենայնիվ, վստահ չեմ, որ Զելենսկին համաձայն է դրա հետ», – հավելեց Թրամփը։
Մինչդեռ, Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 7-ի երեկոյան իր Telegram ալիքում խոսել է նախորդ օրը ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Վիտկոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ ունեցած հեռախոսազրույցի մասին: «Ամերիկացի դեսպանները տեղյակ են Ուկրաինայի հիմնական դիրքորոշումներից, և զրույցը կառուցողական էր, թեև դժվար», – ընդգծել է Ուկրաինայի առաջնորդը։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 6-ին, ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով դեսպան Քիթ Քելոգը հայտարարել էր, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մասին համաձայնագիրը «շատ մոտ է» ստորագրմանը, բայց դրա ճակատագիրը կախված է երկու հիմնական հարցերի լուծումից՝ Դոնբասի ապագայից և Զապորոժյեի ատոմակայանի (ԶԱԷԿ) մասին որոշումից: «Եթե մենք լուծենք այդ երկու հարցերը, կարծում եմ՝ մնացած ամեն ինչ բավականին սահուն կլուծվի», – նշել է Քելոգը։
Թրամփի պնդումը, որ Զելենսկին նույնիսկ չի կարդացել իր ծրագիրը, չնայած այն դեմ է Ռուսաստանի կողմից ամբողջ Ուկրաինան գրավելուն, ցույց է տալիս, որ հարցն այժմ կախված է Զելենսկու անձից: Թրամփը ուկրաինացի ժողովրդին ասում է, որ խնդիրը Զելենսկին է։ Եթե չեք ուզում, որ Ռուսաստանը գրավի ամբողջ Ուկրաինան, լուծեք նախագահի հարցը։ Թրամփը չի թաքցնում, որ չի պատրաստվում «համոզել» Պուտինին, բայց կարող է ճնշում գործադրել Զելենսկու վրա։
Զելենսկու ճակատագիրը, իշխանությունը պահելու կամ այն զիջելու նրա կարողությունը, մեծապես կարող է որոշել այլ առաջնորդների ճակատագիրը, ովքեր իրենց երկրները պատերազմի մեջ են ներքաշել կամ դեռևս այնտեղ են պահում։ Նրանց քաղաքական ճակատագրերը անբաժանելիորեն կապված են պատերազմի, կամ «խաղաղության» հետ, ինչպես պատերազմն անվանում են Փաշինյանն ու Ալիևը։ «Պատերազմ-խաղաղություն» իրավիճակից դուրս այս առաջնորդները ոչ մեկին պետք չեն։
Սա հատկապես վերաբերում է Նեթանյահուին, որը երեկ հայտարարեց, որ չի համաձայնվի լքել իշխանությունը նույնիսկ կոռուպցիայի գործով ներման դիմաց։
Սակայն Զելենսկու նախադեպը կարող է հատկապես զգալի ազդեցություն ունենալ Փաշինյանի և Ալիևի վրա, ովքեր կատարել են իրենց առաքելությունը և պետք է հեռանան։ Վաշինգտոնում Թրամփը հարցրեց Ալիևին. «Քանի՞ տարի եք իշխանության գլուխ»։ Ալիևը հպարտորեն պատասխանեց. «22»։ «Օ՜, դա ցույց է տալիս, որ դուք ուժեղ առաջնորդ եք», – ասաց Թրամփը։ Բայց Ալիևը, բնականաբար, սա ընդունեց ոչ թե որպես գովասանք կամ ճանաչում, այլ որպես ակնարկ այն մասին, որ նա չափազանց երկար է պաշտոնավարում։
Այս պահին Թրամփը ակնարկեր է անում Զելենսկուն, բայց նրա նախադեպը վիրուսային կլինի ուրիշների համար։
Գյումրիում փախստականների համայնքային խորհրդի անդամները մասնակցեցին իրավական դասընթացի
Եվրոպական միության աջակցությամբ և Փախստականների հարցերով Էստոնական խորհրդի կողմից իրականացվող «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում օրերս Գյումրիում անցկացվեց կարողությունների զարգացման դասընթաց՝ նվիրված մարդու իրավունքներին, փախստականների իրավունքներին և իրավական փաստաթղթերի մշակման գործընթացին։
Դասընթացը վարել է Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Կլարա Հովհաննիսյանը, ով մասնակիցներին ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության համակարգը, ՄԻՊ-ի գործունեության կառուցվածքը, թեժ գծի հեռախոսահամարները, ինչպես նաև դիմումների ու բողոքների ներկայացման ընթացակարգերը։
Մասնակիցները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող իրավական խնդիրներն ու հարցերը՝ ստանալով մասնագիտական խորհրդատվություն։ Բացի այդ, ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի 2024 թ․ տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև քննարկվել են փախստականների համար հասանելի ծառայությունները, ծրագրերը և իրավական աջակցության հնարավորությունները։
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրը իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ համագործակցությամբ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով Էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպությունների։ Նախաձեռնության նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց՝ բարձրացնելով նրանց իրազեկվածությունը սեփական իրավունքների վերաբերյալ և ապահովելով տեղեկատվության հասանելիությունը նախատեսված ծառայությունների ու հնարավորությունների շուրջ։
Մարիամ Սարգսյան
Եպիսկոպոսաց ժողովը ժամանակավորապես հետաձգվում է. Մայր Աթոռ
Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է։ Այս մասին հաղորդում է Մայր Աթոռը։
Այօր Գյումրիում տեղի ունեցած ամոթալի պատարագից հետո խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն ասել է. «Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ մենք արդեն Մայր Աթոռ Էջմիածնում անցկացնենք հաջորդ պատարագը, դա իմ անձնական կարծիքն է, չգիտեմ՝ վարչապետն ինչ կարծիք ունի դրա մասին»:
«Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցին, համաձայն ՀՀ Սահմանադրության, ինքնակառավարվող հաստատություն է և անջատ է պետությունից: Ներկա կառավարության միջամտությունը եկեղեցու գործունեությանը հակասում է Սահմանադրական կարգին։,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ժողովը դիմում է վեհափառին՝ խնդրելով Ազգային եկեղեցական ժողով հրավիրել՝ քննելու ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը։
Համասը հայտարարել է զենքը վայր դնելու իր պատրաստակամությունը՝ մի շարք պայմաններով
DW. Պաղեստինյան արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը, որը Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն, համաձայնել է զենքը վայր դնել մի շարք պայմաններով, այդ թվում՝ իսրայելական զորքերի լիակատար դուրսբերմամբ Գազայի հատվածից: AFP-ն կիրակի՝ դեկտեմբերի 7-ին, մեջբերել է շարժման առաջնորդ Խալիլ ալ-Հայյային:
«Մեր զենքի առկայությունը բացատրվում է օկուպացիայով և ագրեսիայով: Եթե օկուպացիան ավարտվի, այդ զենքը կփոխանցվի պետական վերահսկողությանը», – պնդել է ալ-Հայյան:
Համասի գրասենյակը AFP-ի հարցմանը ի պատասխան պարզաբանել է, որ շարժման առաջնորդը պնդում է ինքնիշխան պաղեստինյան պետության ստեղծման վրա, որին Համասը կարող է փոխանցել իր զենքը, եթե իսրայելական զորքերը դուրս գան:
Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Գերմանիայի կանցլեր Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ակնկալում է, որ Գազայում հրադադարի երկրորդ փուլը «շուտով» կսկսվի։
«Մենք շուտով կավարտենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի խաղաղության ծրագրի առաջին փուլը». «մենք գրեթե ավարտին ենք հասել», – ընդգծել է Նեթանյահուն։ Նա ասել է, որ դեկտեմբերի վերջին շատ կարևոր քննարկումներ է նախատեսել «երկրորդ փուլի իրականացումն ապահովելու» վերաբերյալ։
Միևնույն ժամանակ, Նեթանյահուն մերժել է անկախ պաղեստինյան պետության ստեղծումը։ «Մենք կարծում ենք, որ կա արաբական պետությունների հետ ավելի լայն խաղաղության ճանապարհ, ինչպես նաև մեր պաղեստինցի հարևանների հետ կայուն խաղաղության ճանապարհ։ Սակայն մենք մեր շեմին պետություն չենք ստեղծի, որը նպատակադրված կլինի մեր ոչնչացմանը», – նշել է նա։
Համասի զինաթափումը խաղաղ կարգավորման նախապայման է, ընդգծել է Իսրայելի վարչապետը՝ քննարկելով հաջորդ քայլերը։ Հրադադարի ծրագրի երկրորդ փուլը, ըստ Նեթանյահուի, ավելի դժվար կլինի, քան առաջինը։
Իսրայելի վարչապետը նաև հիշեցրել է, որ մեկ պատանդի մարմինը մնում է Գազայի հատվածում։
Երևանի մի շարք թաղամասերում քաղաքացիները փակցրել են Արցախի դրոշը
Երևանի մի շարք թաղամասերում քաղաքացիները փակցրել են Արցախի դրոշը՝ որպես հիշողության և համերաշխության խորհրդանիշ։
Գործողությունը նպատակ ունի ընդգծել, որ Արցախի թեման մնում է հասարակության ուշադրության կենտրոնում, և ոչ մի քաղաքական վերաբերմունք կամ մերժում չի կարող ստվերել անցածը կամ կտրել կապը նրա ճակատագրից։
Մասնակիցները ընդգծում են՝ կարևոր է չլռել և չթողնել, որ պատմական իրողությունները ենթարկվեն մոռացության կամ վերարժևորումների։
Տեսանյութը տարածվել է «Yerevan Community» Telegram ալիքից։
Մարիամ Սարգսյան
Ժամանակն է մեջքը ուղղել և վնասազերծել հակահայ «ականները»
Միջազգային ճգնաժամային խմբի 2019 թվի դեկտեմբերի 20-ին հրապարակած զեկույցը ավելորդ հիշեցում է, որ բանակցային գործընթացի դիվանագիտական ու քաղաքական ողջ բովանդակությունը մնում է խեղված ու վտանգավոր: Նաև արդարության ու ճշմարտության դեֆիցիտը շարունակում է արդիական մնալ, քանի դեռ հեղափոխությունն էլ միտված է շրջանցելու հիմնական քաղաքական գործոնին` Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներին, ու 1987-1992թթ. Ադրբեջանում տեղ գտած ցեղասպանության փաստը:
Սովորականի նման, այս զեկույցն էլ աչքի է զառնվում կեղծիքներով ու ընդգծված կողմնակալությամբ համեմված գեղարվեստական ձևավորմամբ, ինչը միտված է ապահովելու հուզական դաշտ, որում ադրբեջանական կողմը կընկալվի զոհ: Ճգնաժամայինը տեղադրում է լուսանկար, որի տակ գրում է, թե Ադրբեջանի Թարթառի շրջանի Հասանքայայի գյուղի փողոցի սյունին փաթաթված արհեստական ծաղիկները ի հիշատակ են մի աղջկա, ով զոհվեց 2016 թվի սրման (էսկալացիայի) ժամանակ, ու անբարո կեցվածքով կրկին խեղվում են ագրեսորի ու զոհի դերերը: Հաջորդ լուսանկարում շփման գծին մոտ բնակվող «ադրբեջանցի ներքին տեղահանվածներն» են, իսկ արդեն երրորդում` շինարարության պահ է Իշխանաձորում, ըստ Ճգնաժամայինի` վերջինս ամենաարագ ու ամենամեծ կառուցվող բնակավայրն է Ազատագրված տարածքներում, որոնց դա բնորոշում է «հարակից»: Ճգնաժամայինի ուշադրությունը սևեռված է «հարակից» տարածքներում վերաբնակեցմանը: Ասում են` սատանան մանրամասների մեջ է. վերաբնակիչների մասին խոսելիս նշում է, որ «էթնիկ հայեր են` տեղափոխված Ադրբեջանի հարևան շրջաններից կոնֆլիկտի ընթացքում», փաստում է նաև, որ բանակցությունները 1992 թվին սկսված կոնֆլիկտի շուրջ են, բայց ոչ մի խոսք կոնֆլիկտի էության մասին: Այնուհետև, հղում անելով Արցախի իշխանություններին, պատմում է, որ մինչև 2004 թիվը Ազատագրված տարածքներում վերաբնակվել են 30 000 Ադրբեջանից հայ փախստականներ ու 60 000 ներքին տեղահանվածներ` Շահումյանի շրջանից: Ճգնաժամայինը նաև հիշեցնում է, որ մինչև 2005 թիվը Երևանը ֆինանսավորել է վերաբնակեցումը, սակայն 2005 թվին Մինսկի խումբը կոչ էր արել կասեցնել այն, ու Երևանը արգելափակել է Ազատագրված տարածքների վերաբնակեցումը: Այս հարցին մենք անդրադարձել ենք նաև այստեղ`(https://www.lragir.am/2019/08/18/468169/):
Ճգնաժամայինը զեկույցը կրկին կառուցում է քննարկման դաշտում դրված հակահայ «ականների» վրա, որոնք հայտնվեցին դեռևս բանակցային գործընթացի ակունքներում ու մինչ օրս վնասազերծված չեն: Իսկ դրա ֆոնին Հայաստանում հնչում է «ստատուս քվոյի պահպանման» բանաձևը: Թե որքան վտանգավոր է վերջինը, կարելի էր նույնիսկ եզրակացնել անցած տարվա դեկտեմբերի 4-ի Բրատիսլավյան հանդիպման և դրան հետևած օրերին հայության փոթորկահույզ հոգեվիճակից ու իշխանությունների հանդեպ սրված անվստահության մթնոլորտից: Չվնասազերծված «ականները» հայության մեծ հոգսն են կենսական կարևորության այդպիսի մի հարցում, ինչպիսին Արցախյանն է:
Որո՞նք են այդ «ականները», որ այսօր էլ փորձում են թավիշով շղարշել:
Առաջին «ականը» այն է, որ Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականները`որպես առանցքային քաղաքական գործոն, դուրս են մղվել բանակցային գործընթացից` հենց սկզբից: Թե ինչո±ւ`մեր հարցին Վ. Կազիմիրովը պատասխանեց, որ դա եղել է հայկական կողմի որոշմամբ: Իսկ հայկական կողմը այդպես էլ պատասխան չի տվել մեզ: Մենք գտել ենք այդ հարցի պատասխանը, ու մեզ դրանում օգնել է նաև Ճգնաժամայինը:
Երկրորդ «ականը»`իբրև 1992 թվին Հայաստանի և Ադրբեջանի միջև ծագել է կոնֆլիկտ: Իրականում 1992 թվին (դրա մասին վկայում է նաև Ա. Մութալիբովը 2017 թվի վերջին տված իր հարցազրույցում) Ադրբեջանի նկրտումն էր Չարդախլուից, Սումգայիթից, Նախիջևանից, Բաքվից, Գանձակից և Գարդմանքից, Շաքիից ու Շիրվանից հետո էլ հայության ցեղասպանությունը շարունակել Լեռնային Արցախում: Ու բռնկվեց ինքնապաշտպանական պատերազմը` մի կողմում հայությունն էր, մյուս կողմում ցեղասպան Ադրբեջանը: Այսինքն, բանակցություններում չեն քննարկում 1987թվին Չարդախլուում, 1988-ին` Սումգայիթում, 1988-1989 թվերին Գանձակում ու Գարդմանքում, 1988-1989 թվերին և 1990 թվի հունվարի 11-19-ին` Բաքվում ազգությամբ հայ քաղաքացիների հանդեպ իրականացրած ցեղասպանության փաստը: Չեն քննարկում, որ 1987-1992 թվերին Բաքվում տեղավորված ցեղասպան ռեժիմը կոնֆլիկտի մեջ էր իր իսկ քաղաքացիների հետ` պետականաստեղծ, տիտղոսային հայ ազգի ներկայացուցիչների հետ, այսինքն, չեն քննարկում, որ կոնֆլիկտը ի սկզբանե ներադրբեջանական էր: Ահա այսպես էլ շրջանցում են շուրջ 820 000 Ադրբեջանական խՍՀ-ից հայ փախստականների ձևավորման պատճառը (Ճգնաժամայինը հղում է անում հայկական իշխանությունների այն վկայությանը, որ Հայաստանում գրանցվել են ավելի քան 360 000 հայ փախստականներ), այնուհետև, նաև` նրանց իրավունքները:
Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը 1990 թվականի փետրվարի 13-ին ընդունել է որոշում` «1990 թ. Բաքու քաղաքում և Ադրբեջանական ԽՍՀ-ի մի շարք այլ բնակավայրերում տեղի ունեցած սպանությունների, ջարդերի և դրա հետևանքով տարածաշրջանում իրավիճակի էլ ավելի սրման մասին», որտեղ Հայկական ԽՍՀ-ի Գերագույն Խորհուրդը Բաքվում և Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր հայկական բնակավայրերում տեղ գտած ոճրագործությունները գնահատեց որպես ցեղասպանության շարունակություն: Այս որոշումը տեղ չգտավ բանակցային գործընթացում, այսօր էլ`Բաքվի հայերի 1990 թվի հունվարի ցեղասպանությունից 30 տարի անց, հայկական պետական մարմինները շրջանցում են այն:
Հեղափոխական իշխանությունների հանդեպ վստահության մթնոլորտի ստեղծման ու ամրացման համար պահանջված է, որ նրանք, նաև անկախ մասնագետների և փորձագետների ներգրավմամբ, կազմակերպեն ուսումնասիրություններ և քննարկումներ 1987-1992 թվերին Ադրբեջանում հայության դեմ կատարվածի շուրջ, որոնց արդյունքները հետո պետք է մտնեն բանակցային քննարկման դաշտ: Այդ մասին մեր կողմից մշակած նախագիծը կառավարություն է ներկայացվել դեռևս 2019 թվի ամռանը:
Եվ երրորդ «ականը» տարածքներին տրված կարգավիճակն է` «օկուպացված»: 2019 թվի սեպտեմբերին կառավարություն ենք ներկայացրել միջազգային իրավական ակտերի, կոնվենցիաների, որոշումների յոթ փաթեթներ, որոնք հիմք են տվել մեզ պարբերաբար հայտարարելու, որ Ազատագրված տարածքների եզակի իրավատերը Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներն են, որ այդ տարածքների կարգավիճակը «օկուպացված» լինել չի կարող, դրանք ազատագրված են ցեղասպանից:
Հայկական իշխանությունները պետք է հրաժարվեն «ժամանակ շահելու» անհեռատես ու ռիսկային մարտավարությունից, օր առաջ մշակեն ռազմավարություն ու ձեռնարկեն թուրքիզմի ծրագրերը սնուցող «ականների» վնասազերծման քայլեր: Չմոռանանք, որ դրանց կարող են «պայթեցնել» մեզ համար խոցելի պահի:
Իսկ ժամանակ կարելի էր շահել, թե չարգելեին Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականներին` Ազատագրված տարածքների իրավատիրոջը, վերաբնակվել այնտեղ: Թեկուզ հիմա` թո՛ղ սկսվի տարածքների լիարժեք վերաբնակեցումը:
Այսօր վերաբնակեցման տեմպերը որքան էլ որ բարկացնեն Ճգնաժամայինին կամ էլ Մինսկի խմբին, միևնույնն է, առայժմ կաշկանդված են տարածքները «սեփականացրած» օլիգարխների ճիրաններում:
Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող` Մարիամ Ավագյան
02.01.2020թ.
Սամվել Մովսիսյան․ ամեն ինչ արվում է արցախցի բալիկներին օգտակար լինելու համար
Դեկտեմբերի 6-ին Երևանի Մարիոթ հյուրանոցն Արցախով էր շնչում․ մանուկների խինդ ու ծիծաղ, արցախյան քաղցրածոր բարբառ, կարոտած հայացքներ, սրտաբուխ հիշողություններ․․․
Արցախցի շուրջ 450 երեխաներ էին հավաքվել։ Առիթը ձմեռային բաճկոններ ստանալն էր։ Նրանց այդ ուրախությունը պարգևել է արցախցիների բարեկամ Սամվել Մովսիսյանը, ով մի շարք բարեգործների շնորհիվ ավարտին է հասցրել նոյեմբերի 1-ին սկսած ծրագիրը։ Բաճկոններ են տրամադրվել զոհված զինծառայողների, պայթյունից տուժածների, հաշմանդամ ու բազմազավակ ընտանիքների, ինչպես նաև երեխաների, ովքեր ունեն դրա կարիքը։
Ողջույնի խոսքով հանդես է եկել Սամվել Մովսիսյանը՝ նշելով, որ ամեն ինչ արվում է արցախցի բալիկներին օգտակար լինելու համար և նման միջոցառումները շարունակական բնույթ են կրելու։ Նա շնորհակաություն հայտնել նաև բոլոր հովանավորներին և Մարիոթ հյուրանոցի տնօրենությանը՝ բարեգործական նպատակով սրահը տրամադրելու համար։
Ծրագրի հովանավորներից՝ ՀՀ մշակութային գործիչ, վաստակավոր դերասան Հրանտ Թոխատյանն իր սրտի խոսքն է ուղղել ներկաներին։ Նա շեշտել է, որ արցախցի բալիկները միշտ գտնվելու են ուշադրության ու հոգատարության ներքո և արվելու է հնարավորը, որպեսզի նրանց աչքերում միշտ ուրախություն լինի և հետագայում ավելի շատ երեխաների տրվի նման աջակցություն։
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի այրի Աննա Ավանեսյանը բոլորի անունից իր շնորհակալությունն է հայտնել միջոցառման նախաձեռնողներին ու կազմակերպիչներին՝ նշելով, որ այսօր ցանկացած աջակցություն անհրաժեշտություն է յուրաքանչյուր արցախցու։
Միջոցառման ընթացքում երեխաները հանդես են եկել երգ ու պարով՝ ցույց տալով այն մեծ սերն ու կարոտը, որ տածում են Արցախի հանդեպ․․․
Նշենք, որ Սամվել Մովսիսյանի նախաձեռնությամբ մի շարք բարեգործական ծրագրեր են իրականացվել 2023-ի տեղահանությունից հետո։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Սարավան-«Զանգեր» հատվածում ձյուն է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված, հաշվի առնելով քարաթափման վտանգը, օգոստոսի 19-ից ճանապարհը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ամոթ է․ չի կարելի ազգի համար ողբերգական օրը վերածել պառակտման ակտի
Այսօր Գյումրիումում, տասնյակ հազարավոր մարդկանց կյանք խլած և Հայաստանի ամբողջ հյուսիսը ավերած ողբերգական երկրաշարժի 37-րդ տարելիցի օրը, մատուցվում է երկու զուգահեռ պատարագ։ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը մասնակցում են մեկին, իսկ գյումրեցիները և այս օրը նրանց աջակցելու եկածները՝ մյուսին։
Ինչո՞ւ Փաշինյանը ընտրեց հենց այս օրը Գյումրիում պատարագին մասնակցելու համար։ Ինչո՞ւ է հայ ազգի համար սրբազան ամեն ինչ վերածվում պառակտման աղբյուրի։
Կառավարությունը չպետք է երկրաշարժի զոհերի հիշատակի օրը վերածեր պառակտման ակտի. դա սրբապղծություն է, որը դժվար թե կարելի լինի քավել եկեղեցում։
Ինչպես հայտնում են ԶԼՄ-երը, այսօր առավոտյան իրավապահները բացել են Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին, որը երեկ երեկոյան քահանաների՝ թղթի վրա գրված ստորագրություններով կնիքվել ու փակվել էր: Այստեղ է պատարագ մատուցվում, որին ներկա է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանի հետ փաստորեն Գյումրիի Յոթ Վերք եկեղեցի են գնացել նրան աջակցող բարձրաստիճան հոգեւորականները։
Շիրակի թեմի հոգևորականները, երգչախումբը, նույնիսկ մոմ վաճառողները բոյկոտում են այս պատարագը: Նրանք պատարագի կմասնակցեն Յոթ Վերքի դիմաց գտնվող Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում:
Երեկ տարածած հայտարարությամբ Շիրակի թեմի 29 քահանաները վերահաստատել էին, որ իրենցից որևէ մեկը չի մասնակցի մի պատարագի, որտեղ չեզոքացվելու է Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը: Ավելին՝ շեշտել էին՝ եթե իրենցից բացի, որևէ մեկը պատարագ մատուցի առաջնորդանիստ եկեղեցում, դա կնշանակի Յոթ Վերքի բռնազավթում:
Գարեգին Երկրորդ վեհափառինին գահից հեռացնել ցանկացող վարչապետ Փաշինյանի պայմանն է, որ իր մասնակցությամբ պատարագներում չհնչի կաթողիկոսի անունը, ընդ որում՝ օրերս խոստովանել էր, որ այդ գործին կարող է նաև Ազգային անվտանգության ծառայությունը խառնվել:
Բնակարանների կառուցումը կարելի է իրականացնել պետական ծրագրով՝ ներգրավելով օտարեկրյա դոնորների
ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել նոր որոշման նախագիծ՝ Արցախից բռնի տեղահանված, մինչև երեք անձից բաղկացած ընտանիքների բնակարանի վարձավճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ: Ըստ նախագծի, աջակցության ծրագրի մեկնարկը կտրվի 2026 թվականի հուլիսի 1-ից: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել վարձակալության վճարի երկարաժամկետ մասնակի փոխհատուցման եղանակով՝ 120 ամսվա ընթացքում, ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար՝ ամսական 40,000 դրամ։
Նոր ծրագիրը ներկայումս գտնվում է հանրային քննարկման փուլում՝ e-draft․am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծի ընդունման դեպքում ծրագրին հնարավոր կլինի դիմել մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը օնլայն հարթակի միջոցով, որտեղ պետք է լրացնել ընտանիքի անդամների անձնական տվյալները և հաշվեհամարը, ինչպես նաև վարձակալվող տան տիրոջ անուն ազգանունը և հարկ վճարողի հաշվառման համարը։
Այս որոշման նախագիծը արցախցի փոքրակազմ ընտանիքների շրջանում մեծ մտահոգություններ է առաջացնում:
Step1.am-ի հետ զրույցում նախագծի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել արցախցի երգչուհի Լիլիթ Ավանեսյանը:
«Ես, լինելով մեկ հոգանոց ընտանիքի ներկայացուցիչ, համարում եմ, որ տվյալ նախագծի ընդունումը բնակապահովման խնդրի լուծում չէ, քանի որ, իմ տեղեկություններով, այս պետական աջակցությունից կօգտվեն հատուկ կարիքներ ունեցող մինչև երեք անդամից բաղկացած ընտանիքները, որտեղ կան առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ 60 տարին լրացած անձինք:
Իսկ եթե ծրագիրն անգամ ներառի բոլոր փոքրակազմ ընտանիքներին, ապա այս դեպքում ևս կլինեն բազմաթիվ խնդիրներ: Հաշվի առնելով այսօրվա, հատկապես երևանյան ու մարզային գները (որտեղ նվազագույն բնակվարձը տատանվում է 140-150 հազարի շրջանում), 40,000 դրամով անհնար է լուծել բնակարանի վարձի խնդիրը, քանի որ դա ընդհանուր գումարի չնչին մասն է կազմում: Հետևաբար այս նախագիծը աբսուրդային ժանրից է և ընդունման պարագայում մենք տասը տարի մնալու ենք որպես վարձակալ ու չենք ստանալու սեփականություն:
Ինչ վերաբերվում է տվյալ հարցի լուծմանը, ապա ներկայումս կարավառության կողմից ես նույնիսկ քայլեր չէմ տեսնում այդ ուղղությամբ, էլ չէմ խոսում համապատասխան նախագծեր առաջարկելու վերաբերյալ: Արցախցիների բնակապահովման խնդրի լուծումը ես տեսնում եմ միայն նրանց բնակարաններ տրամադրելու եղանակով՝ գյուղաբնակներին գյուղերում, իսկ քաղաքաբնակներին՝ քաղաքներում: Բնակարանների կառուցման գործընթացը կարելի է իրականացնել պետական ծրագրով՝ արցախցիներին տրամադրվող բնակարանային սերտեֆիկատների գումարներով, ներգրավելով օտարեկրյա դոնորների:
Եթե ՀՀ կառավարությունը ցանկություն չունի հրատապ ու պատշաճ լուծոմ տալ տվյալ հարցին, ապա մենք՝ արցախցիներս պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք: Պետք է դիմել գերտերությունների դեսպանատներ, որպեզի համաշխարհային հանրությունն ուշադրություն դարձնի, և տվյալ խնդիրներին ի վերջո լուծում տրվի»։
Արսեն Աղաջանյան








