Եվրոպան Զելենսկիին զգուշացնում է ԱՄՆ-ից եկող վտանգի մասին

Հավաքական «Արևմուտք» հասկացությունը եվրատլանտյան հանրության նկատմամբ, կարծես, մոռացության է մատնվում: Գազայի և Ուկրաինայի իրադարձությունները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ն և Եվրոպան գտնվում են բարիկադների հակառակ կողմերում: Իսկ Թրամփի առաջարկած՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու պլանից հետո, ավելի պարզ դարձավ, որ Թրամփի ծրագիրն ուղղված է Եվրոպայի դեմ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերքել է լրատվամիջոցների հակասական հաղորդագրությունները, որոնցում նրան վերագրում են ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հնարավոր «դավաճանության» մասին հայտարարությունները: Ֆրանսիայի առաջնորդը կտրականապես հերքում է և ընդգծում Եվրոպայի և Ամերիկայի միասնության կարևորությունը՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու համար, ըստ Reuters-ի։

Հիշեցնենք, որ գերմանական Der Spiegel ամսագիրը հրապարակել է հաղորդագրություններ, որոնց համաձայն՝ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Մերցը, իբր, լուրջ կասկածներ են հայտնել ԱՄՆ-ի և նրա հատուկ ներկայացուցիչների արդյունավետության վերաբերյալ: Der Spiegel-ի տվյալներով՝ Մակրոնը և Մերցը հայտարարել են, որ Զելենսկին պետք է «չափազանց զգույշ լինի առաջիկա օրերին»: «Նրանք խաղեր են խաղում և՛ ձեզ, և՛ մեզ հետ», – հրատարակությունը մեջբերել է Գերմանիայի կանցլերի խոսքերը:

Եվրոպան կարծում է, որ Կիևը չպետք է գործարք կնքի Ռուսաստանի հետ առանց Միացյալ Նահանգների կողմից անվտանգության երաշխիքների, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Թերթի տվյալներով՝ այս հարցը քննարկվել է դեկտեմբերի 1-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։

Քաղաքական գործիչները ընդգծել են, որ Միացյալ Նահանգները պետք է հստակորեն պարզաբանի իր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ՝ «նախքան Ռուսաստանի պահանջներին համաձայնելը»։

Քոչարյան․ Փաշինյանը կամ գործակալ է, կամ տգետ, կամ միտումնավոր է անում

Ես մտածել եմ, թե ինչու է երկրի ղեկավարը քայքայում պետականության հիմքերը և միայն երեք տարբերակ է ի հայտ գալիս։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6–ին, իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Առաջինը, եթե երկրի առաջնորդը գործակալ է, երկրորդ տարբերակը՝ եթե երկրի առաջնորդը տգետ է և մեծամիտ և երրորդ տարբերակը՝ անում է մտածված և միտումնավոր։ Ուրեմն պետք է փնտրենք շարժառիթներ, թե ինչի համար է սա արվում։

Հիմա հերթով. գործակալ լինելը ամբողջությամբ բացատրում է, թե ինչի համար է սա արվում, բայց ես փաստեր չունեմ և ունեմ մեկ բանաձև, որ եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ այն քայլերը, որոնք այսօր արվում են։ Բայց ես փաստեր չունեմ, սա իհարկե ենթադրություն է։ Թեկուզ վերջերս հենց Փաշինյանի կողմից նշանակված նախարարը հայտարարեց, որ ինքը փաստեր ունի և շուտով կհրապարակի։ Պաշտպանության նախարար աշխատած անձնավորությունը։

Երկրորդը, այնպես է ստացվել, օրինակ, երկրի առաջնորդը տգետ է և մեծամիտ։ Այս հանգամանքը բացատրում են այն քայլերը, որոնք Նիկոլ Փաշինյանը արել է 2018–ից մինչև 2020 թվականի պատերազմում պարտություն։ Դա բացատրվում է տգիտությամբ և մեծամտությամբ, բայց չի բացատրում այն, ինչ կատարվեց դրանից հետո։

Եվ երրորդ տարբերակը՝ արվում է միտումնավոր և պլանավորված։ Լինում են դեպքեր, երբ երկրի առաջնորդի անձնական շահերը չեն համընկնում կամ հակադրվում են երկրի իրական շահերին։ Պատմությունը գիտի նման դեպքեր։ Հիմա փորձենք հասկանալ, միգուցե հենց այս դեպքն է այսօր Հայաստանի Հանրապետությունում։

Ես բերեմ մի քանի օրինակ, որոնք ակնհայտ ցույց են տալիս, որ երկրի առաջնորդը պատրաստ է ի հակադրվելով երկրի շահերին առաջ մղել իր անձնական շահերը։ Առաջինը, 44 օրյա պատերազմի ժամանակ, հոկտեմբերի 18–ին առաջարկ եղավ կանգնեցնել պատերազմը, որը մերժվեց վարչապետի կողմից։ Երկրի շահերից էր բխում անկասկած օր առաջ կանգնեցնել այդ պատերազմը։ Պատերազմը չի կանգնեցրել մեկ պատճառով, որ իրեն դավաճան չասեն։ Երկրորդ դեպքը անմիջապես պարտվելուց հետո երկրի շահերից էր բխում, որ պարտված ղեկավարը հրաժարական տա, հնարավորություն տա մաքրվել այս պարտությունից և նոր առաջնորդը փորձի վերանորոգել այն պրոբլեմները, որոնք ծանրացել են երկրի վրա պարտության հետ կապված։

Չի արել, արդյունքում հանձնվեց Գորիս–Կապան ճանապարհը, Շուրնուխի կեսը և այլն։ Այս շարքը ես կարող եմ շարունակել, օրինակ երբ ճանաչվեց Պրահայում Արցախը Ադրբեջանի կազմում։ Սա, իհարկե, չէր բխում Հայաստանի շահերից»,– ընդգծեց Քոչարյանը։

Ձյուն և անձրև

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ի գիշերը շրջանների զգալի մասում, 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 10-11-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային և առանձին նախալեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:

Դեկտեմբերի 7-ի ցերեկը և 8-ի գիշերն առանձին հատվածներում տեղումները կլինեն առատ։ Դեկտեմբերի 6-9-ը Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 7-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 5-7 աստիճանով, դեկտեմբերի 8-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երեւանում դեկտեմբերի 7-ի գիշերը, 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ի գիշերը սպասվում է անձրև։

Շիրակի թեմը որոշել է դիմադրե՞լ

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այս կիրակի Գյումրիում կայանալիք պատարագին մասնակցելու մասին։ Նախկինում յուրաքանչյուր թեմում, որտեղ նա մասնակցել է պատարագին, գտնվում էր մի քահանա, որը համաձայնվում էր պատարագը կատարել՝ առանց աղոթքի մեջ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը հիշատակելու։ Առաջինը դա արել է նախկին քահանա Տեր Արամը, որը, ինչպես ասում են, դեռևս զբաղեցնում է Հովհաննավանք եկեղեցին։ Չնայած ոչ ոք այլևս չի հիշում Տեր Արամին, նրան հաջողվել է սեպ խրել եկեղեցու մոնոլիտի մեջ։

Այսօր երեկոյան, ասում են, Մարսելից վերադարձող կաթողիկոս Գարեգին Բ-ին կարող են «մեկուսացվել»՝ դեկտեմբերի 10-ին հրավիրված Եպիսկոպոսական ժողովը խափանելու համար։ Տասը եպիսկոպոսներ արդեն կոչ են արել Գարեգին Բ-ին հրաժարական տալ։ Եկեղեցուն ամենահավատարիմ չորս եպիսկոպոսներ, այդ թվում՝ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը, գտնվում են ճաղերի ետևում։

Մինչ օրս ոչ մի թեմում եկեղեցականները կամ հոտը չի փորձել կանխել եկեղեցական կանոնը խախտող պատարագները։ Շիրակի թեմի քահանաները հայտարարություն են տարածեցին, որում նույնպես ֆիզիկական դիմադրության որևէ ակնարկ չկար, սակայն առաջին անգամ թեմի քահանաները միասնական էին։

Շիրակի թեմի հոգևորականաց հայտարարություն է տարածել։

«Հայտարարում ենք, որ հիմա և միշտ, մեր կոչումին վայել, անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու և, մեր հավատարմությամբ առ Միածնաէջ Սուրբ Էջմիածին և նրա օրինավոր գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Սրբազնագույն Կաթողիկոս, հիշատակելու ենք մեր Հայրապետի և թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Միքայել Արք. Աջապահյանի անունները:

Ի գիտություն մեր հավատավոր ժողովրդի հայտնում ենք, որ եթե, բացի մեր թեմի հոգևորականներից, որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում և, մասնավորապես Սուրբ Յոթ Վերք եկեղեցում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է, որով խոչընդոտվում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը և կրոնական ծեսի՝ Սուրբ Պատարագի, իրավասու հոգևորականի կողմից մատուցումը՝ խաթարելով հավատացյալների հոգևոր պահանջների իրացումը:
Յոթ Վերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա՛ էլ կհաղթահարվի պատվով»։

Շահրամնայնին հարցրել են, թե ինչո՞ւ է Բագրատ սրբազանը նրան մեքենա նվիրել

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ մեքենայի հարց է քննարկվել Քննչական կոմիտեում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ։

Երեկ ArmLur.am-ը հայտնեց, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցաքննության էր հրավիրվել ՀՀ քննչական կոմիտե՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով հարցաքննվելու նպատակով։

«Ժողովուրդ» օրաթերթին իրավապահ համակարգից տեղեկություններ են հասել կայացած հարցաքննությունից։ Մասնավորապես, թե Շահրամանյանին ինչ հարց է ուղղվել Բագրատ սրբազանի գործով։

Հարցերից մեկը կապված է եղել այն հանգամանքի հետ, թե ինչպես 2024 թվականի հունիսի 21-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն իր մեքենան նվիրեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։

Ինչպես հայտնի է, ՀՀ ՆԳՆ ոստիկանության հատուկջոկատայինները կոտրել էին ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության դարպասը, հատուկ տեխնիկայի միջոցով այնտեղից տարել Շահրամանյանին սպասարկող մեքենան, ինչից հետո Բագրատ սրբազանը իր մեքենան նվիրեց Սամվել Շահրամանյանին։

Թերեւս սա էր կապը Բագրատ սրբազանի եւ Արցախի նախագահի միջեւ, դրա համար էլ վերջինիս հարցաքննել են «ահաբեկչության» գործով»։

Միացյալ Նահանգները Ուկրաինային են մղում խաղաղության, բայց Ուկրաինան պատրաստ է պատերազմել

ԱՄՆ Պետդեպարտամենտը և Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հայտարարություն են տարածել Վաշինգտոնի և Կիևի միջև Ֆլորիդայում կայացած բանակցությունների ընթացքի վերաբերյալ: Բանակցություններին մասնակցել են ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը, Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, Ռուստեմ Ումերովը և Ուկրաինայի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը։

Հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը քննարկել են Վիտկոֆի և Քուշների վերջերս Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը, որտեղ նրանք քննարկել են պատերազմը դադարեցնելու ծրագիրը: Ավելին, ամերիկյան և ուկրաինական կողմերը «համաձայնության են եկել անվտանգության կարգավորումների շրջանակի շուրջ և քննարկել են կայուն խաղաղություն ապահովելու համար անհրաժեշտ զսպող միջոցները»։

«Առանձին քննարկվել են Ուկրաինայի հետպատերազմյան վերականգնմանը նպաստելու համար նախատեսված ապագա զարգացման ծրագիրը, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև համատեղ տնտեսական նախաձեռնությունները և երկարաժամկետ վերականգնման նախագծերը», – ասվում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների համատեղ հայտարարության մեջ։

Բանակցությունները կշարունակվեն վաղը։

Մայամիի բանակցությունները հաջորդեցին Վիտկոֆի և Քուշների և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև դեկտեմբերի 2-ին Մոսկվայում տեղի ունեցած գրեթե հինգժամյա հանդիպմանը, որից հետո ռուսական կողմը հայտարարեց խաղաղության ծրագրի «փոխզիջումային տարբերակի» բացակայության մասին։

Հրապարակումը նշում է, որ չնայած Ուկրաինայի և Ռուսաստանի հրապարակային դիրքորոշումները թվում են անհամատեղելի, ԱՄՆ պաշտոնյաները դեռևս հավատում են փոխզիջման հնարավորությանը նույնիսկ ամենադժվար՝ տարածքային հարցերում։

AFP-ի փոխանցմամբ՝ բանակցությունների հիմքում ընկած է ԱՄՆ-ի կողմից գրեթե երեք շաբաթ առաջ ներկայացված Ուկրաինայի համար նախատեսված ծրագիրը։ Մոսկվայի համար «չափազանց բարենպաստ» համարվող սկզբնական նախագիծը վերանայվել է հիմնական ոլորտներում՝ Ուկրաինայի և նրա եվրոպացի դաշնակիցների պնդմամբ։ Սկզբնական ծրագրի համաձայն՝ Ուկրաինան պետք է ամբողջ Դոնբասը հանձնի Ռուսաստանին, այդ թվում՝ դեռևս չօկուպացված տարածքները։ Ներկայումս քիչ բան է հայտնի «խաղաղության ծրագրի» վերանայված տարբերակի մասին։

Վաշինգտոնը և Կիևը համաձայնել են, որ «ցանկացած համաձայնագրի իրական առաջընթացը կախված է Ռուսաստանի պատրաստակամությունից՝ ցուցաբերելու երկարաժամկետ խաղաղության նկատմամբ լուրջ հանձնառություն», – նշել է Պետդեպարտամենտը։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին Sky News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ անընդունելի է Ուկրաինայի համար տարածքներ հանձնել Ռուսաստանի հետ ցանկացած խաղաղության համաձայնագրի շրջանակներում։

Նրա խոսքով՝ արդար խաղաղության կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե դադարեցվեն ռազմական գործողությունները ներկայիս առաջնագծի երկայնքով, և այնուհետև սկսվեն բանակցություններ։

Սիրսկին հստակեցրել է, որ ուկրաինական զորքերը կշարունակեն մարտնչել, եթե դիվանագիտական ​​ջանքերը ձախողվեն, և զգուշացրել է, որ խաղասեղանին է ամբողջ Եվրոպայի ճակատագիրը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք եվրոպական պետությունները պետք է պատրաստվեն Ռուսաստանի հետ հնարավոր խոշոր պատերազմի, Սիրսկին միանշանակ ասել է. այո։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանից եկող սպառնալիքը իրական է։

“Ժողովուրդ”․ այսօր երեկոյան Կաթողիկոսին կարող են “մեկոսացնել”

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները նպատակ ունեն տապալել Կաթողիկոսի հրավիրած եպիսկոպոսաց ժողովը:

Հիշեցնենք, որ նախօրեին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն էր տարածել, որ «Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով կգումարվի եպիսկոպոսաց ժողով: Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, ի հետեւումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները եւ ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունը պետք է ամեն բան անի, որպեսզի այդ ժողովն իրականություն չդառնա:

Ինչպես հայտնի է, այսօր՝ երեկոյան, Կաթողիկոսը վերադառնում է Մարսելից, ու չի բացառվում, որ հենց օդանավակայանում իրավապահները Կաթողիկոսին «մեկուսացնեն»:

2026-ի հունվարի 18-ին կանցկացվի արցախյան մշակույթին նվիրված մեծ միջոցառում

2026 թվականի հունվարի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա կրթամշակութային լայնածավալ միջոցառում, որը կազմակերպվում է «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի և «Մունք» տեխնոդպրոցի համագործակցությամբ։

Միջոցառումը նպատակ ունի ներկայացնելու արցախյան մշակույթի շարունակականությունը, լուսաբանելու կրթական ու ստեղծագործ համայնքի ներգրավվածությունը և աջակցելու ոլորտային ծրագրերի շարունակական զարգացմանը։

Կազմակերպիչների խոսքով՝ միջոցառումն իր հարթակում կբերի արվեստագետների, երեխաների, երիտասարդների, մանկավարժների և մշակութային կառույցների ներկայացուցիչների, որտեղ առանձնահատուկ ուշադրություն կդարձվի մշակութային ժառանգության պահպանման կարևորությանը՝ որպես համայնքային ինքնության ու կայունության հիմք։

Հիշեցնենք, որ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն 2023 թվականի դեկտեմբերի 10-ին կազմակերպել էր «Մենք կանք» խորագրով հանդիպում, որն արցախցիների տեղահանությունից հետո դարձավ առաջին մեծամասշտաբ մշակութային իրադարձություններից մեկը՝ մեկ վայրում համախմբելով հազարավոր մարդկանց։

Կազմակերպիչները նշում են, որ այս տարի մի շարք պատճառներով հնարավոր չի եղել միջոցառումն անցկացնել դեկտեմբերի 10-ին, սակայն փոխվել է միայն օրը, ոչ թե նպատակը։

Միջոցառման կարգախոսը կրկին կմնա «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ», իսկ կազմակերպիչները կոչ են անում հանրությանը մասնակցել ու իրենց ներկայությամբ աջակցել արցախյան մշակույթի և ինքնության պահպանման նախաձեռնություններին։

Մարիամ Սարգսյան

Ուկրաինայի զինվորականները կտրուկ դեմ են հողեր հանձնելուն, ասում են՝ եթե նահանջի հրաման լինի, մենք այդ հրամանը չենք կատարի

Step1.am-ի զրուցակիցն է ԱԺԲ խորհրդի անդամ Վահե Գասպարյանը։

Պարոն Գասպարյան, ԱՄՆ նախագահ Թրամփը ռուս-ուկրաինական հակամարտության կարգարման ծրագիր է ներկայացրել, որի շուրջ դեկտեմբերի 2-ին համաձայնություն ձեռք չբերվեց։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ համաձայնություն ձեռք կբերվի, եւ պատերազմը կդադարեցվի։

-Այն, որ Պուտինը պատերազմը չի դադարեցնի, դա միանշանակ է, որովհետեւ Պուտինի համար պատերազմ դադարեցնել նշանակում է ստորագրել սեփական մահապատժի տակ։ Պուտինի համար պատերազմը դարձել է պաշտոնին մնալու եւ կենդանի մնալու միակ միջոցը, մի քանի պատճառներով։ Պատճառ համար մեկ՝ ինքը հիմա ունի մեկ միլիոնանոց բանակ, ընդ որում, այդ բանակի մեծ մասը քրեական անցյալ ունեցող մարդիկ են, որոնք հիմա մարդ սպանելու համար շատ բարձր փողեր են ստանում։ Եվ երբ Պուտինը պատերազմը դադարեցնի, այդ մարդիկ կվերադառնան խաղաղ կյանք, իսկ խաղաղ կյանքում իրենք ոչ մի բան են, բնական է, կլինի դժգոհություն, եւ կլինի այն, ինչ եղավ Ռուսաստանում 1917 թվականին, երբ Ռուսաստանը պատերազմից դուրս եկավ, եւ ֆրոնտից եկավ զինված բանդաները բոլշեւիկյան հեղաշրջում արեցին։

Երկրորդ՝ ռուսական տնտեսությունն ամբողջութամբ ռազմական ռելսերի վրա է, 2026 թվականի բյուջեի ծախսերի 40 տոկոսը տրամադրվելու է բանակին ու ուժային կառույցներին։ Դա նույնիսկ ավելի շատ է, քան ԽՍՀՄ տարիներին։ Եվ եթե ինքը պատերազմը դադարեցնի, այդ ռազմական տնտեսությունը կփլուզվի, որովհետեւ գրեթե անհնար է ռազմական տնտեսությունը նորից վերադարձնել քաղաքացիական դաշտ։ Որոշ տնտեսագետների գնահատմամբ՝ պատերազմի այս երեք տարիների ընթացքում քաղաքացիական ոլոտից 1 մլն-ից ավելի մարդ տեղափոխվել է ռազմական ոլորտ, որովհետեւ այնտեղ աշխատանք ու լավ աշխատավարձ կա։ Այդ ամենը միանգամից կփլուզվի։

Եվ երրորդ պատճառը քաղաքական է, Պուտինն իր վերնախավին ու շրջապատին խոստացել է սրբազան պատերազմ եւ հաղթանակ։ Եվ եթե ինքը պատերազմը դադարեցնի առանց հաղթանակի, իսկ հաղթանակն իրենց պատկերացմամբ ամբողջ Ուկրաինայի գրավումն է, ապա իր վերնախավը կասի՝ չհասկացանք, մենք այսքան զրկանքների գնացինք, մեր հարստությունը կորցրեցինք, ընկանք պատժամիջոցների տակ, որ մի հատ Բախմուտ գրավե՞նք։

Հետեւաբար, Պուտինը պատերազմը շարունակելու է, բայց դա չի նշանակում, որ ինքը դա բաց ասելու է։ Ինքը Թրամփին ասելու է՝ ես ուզում եմ, որ խաղաղություն լինի, պատրաստ եմ  բանակցություններ վարել, քննարկումների մասնակցել։ Բնական է, որ ինքն այդ իմիտացիան պետք է անի, որ Թրամփի «գլուխը հարդուկի», որ Թրամփը, հավատալով իրեն, Ուկրաինայի, Եվրոպայի վրա ճնշում բանեցնի։

Պուտինի նպատակը ԱՄՆ-ին Եվոպայից շեղելն ու պոկելն է, եվրաատլանտյան այդ միասնությունը խաթարելն է, Ուկրաինային տրվելիք օգնությունից զրկելն է, նոր սանկցիաներից խուսափելն է։ Եվ դրա համար ինքը պետք է ասի՝ ես լավն եմ, խաղաղություն եմ ուզում։ Պուտինը դեկտեմբերի 2-ին այդ պլանը մերժեց, բայց չի ասում՝ ես մերժում եմ, ինքն ասում է՝ լավն է, բայց այնտեղ դեռ կետեր կան, պետք է քննարկել, այս անել, այն անել։ Դա անում են ժամանակ ձգելու համար։

Ուկրաինային առաջարկվում են տարածքային զիջումներ։ Ուկրաինան էլ ասում է՝ ես ինչո՞ւ տարածքային զիջումների գնամ, եթե Ռուսաստանը ռազմական առումով չի կարողացել գրավել։ Նամանավանդ, որ Ուկրաինայի զինվորականները կտրուկ դեմ են հողեր հանձնելուն, ասում են՝ եթե նահանջի հրաման լինի, մենք այդ հրամանը չենք կատարի։ Դոնբասի այն տարածքները, որոնք Պուտինն ուզում է, դրանք լավ պաշտպանական գծեր են, 10 տարուց ավելի բետոնային պաշտպանական գծեր են կառուցել ուկրաինացիները։ Եթե այդ ամենը զիջեն, Պուտինը հետո կարող է շատ հանգիստ գրավել Խարկովը, Կիեւը։

Եվ ուկրաինացիներն ասում են՝ եթե նույնիսկ մենք դա զիջենք, դուք մեզ այնպիսի երաշխիքներ պիտի տաք, որ դա զիջելուց հետո Պուտինը նորից մեզ վրա չի հարձակվի։ Լուրջ երաշխքիներ են ուզում, օրինակ, որ ՆԱՏՕ-ի զորքը տեղակայվի Ուկրաինայում, նոր հզոր զենքեր տան Ուկրաինային, նույնիսկ միջուկային զենքից են խոսում, որ Պուտինը վախենա նորից հարձակվել։ Իսկ այդ երաշխիքներին Պուտինն է դեմ, ասում է՝ ոչ մի ՆԱՏՕ-ի զորք Ուկրաինայի տարածքում։

Այսինքն՝ պատերազմը չի դադարի, էսկալյացիան կշարունակվի։ Եվրոպան հիմա արթանանում է, Եվրոպան ստիպված արթնանանում է, որովհետեւ հասկանում է, որ Ուկրաինայից հետո արդեն իրենց հարցն է։ Պուտինը մոլագար չեկիստ է, անկյուն քաշված շիզոֆրենիկ է, ինքն Ուկրաինայից հետո կհարձակվի Վրաստանի, Մոլդովայի, Լիտվայի, Լատվիայի, Լեհաստանի, Ղազախստանի վրա։ Եվ Եվրոպան դա հասկանալով՝ պատրաստում է արդեն պատժամիջոցների 20-րդ փաթեթը։

Այսինքն՝ սրա դրական կողմն այն է, որ Եվրոպան թմբիրից դուրս է գալիս, իսկ այդ թմբիրի մեջ Եվրոպան մտել էր, որովհետեւ ասում էր՝ դե լավ, սովետը փլուզվեց, հիմա ամեն ինչ լավ է, Ամերիկան էլ մեր թիկունքին կանգնած է, մենք կարող ենք բանակ չունենալ, չաղ ու բախտավոր կյանքով ապրել։ Հիմա տեսնում են, որ համաշխարհային պատերազմը թակում է իրենց դուռը, ԱՄՆ-ն էլ մի կողմ է քաշվում։ Ուզեն-չուզեն իրենք պիտի արթանան։

Այսինքն՝ իմ պատկերացմամբ լինելու է շատ ուժեղ էսկալյացիա։ Ուկրաինան արդեն ամսեկան 50 հատ «Նեպտուն»  եւ «Ֆլամինգո» հրթիռներ է արտադրում, բալիստիկ հրթիռներ է արտադրում։ Այսինքն՝ Ուկրաինան արդեն սեփական զենքեր է արտադրում, այնպես է անում, որ ԱՄՆ-ից կախված չլինի։ Եվ լուրեր կան, որ Ուկրաինան մեգա հարված է նախապատրաստում, մի գեղեցիկ օր կռմբակոծի Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, պահեստներ, գործարաններ եւ այլն։ Ուրիշ ելք չունեն այդ մարդիկ, ասիմետրիկ պատասխան պետք է տան։ Եթե մարդկային ռեսուրսով Ռուսաստանն Ուկրաինային գերազանցում է, պետք է ասիմետրիկ հարված հացնի։

Ես կարծում եմ, որ այս ձմռան ամիսները վճռորոշ կլինեն, որովհետեւ ռուսական ձմեռներն ի տարբերություն Ուկրաինայի շատ ավելի ցուրտ են։ Ուսաստանն արդեն աննախադեպ քայլերի է դիմում, արդեն ոսկու պաշարի 57 տոկոսը վաճառել է, որպեսզի բյուջեի պակասուրդը լրացնի։ Այսինքն՝ դա կոլապսի ու դեֆոլտի նախանշան է։ Ռուս տնտեսագետների գնահատմամբ՝ ռուսական տնտեսությունը կարող է դիմանալ ամենաշատը եւս մի քանի ամիս։ Ասում են, որ մարտ ամսին կարող է կոլապս լինել, բյուջեի դեֆիցիտը 8 տրիլիոն ռուբլի է։ Այնպես որ, ռուսական կայսրության փլուզումը մենք տեսնելու ենք անպայման։ Ժամկետների առումով կարծում եմ՝ 2026 թվականն է, թե որ ամսին, կյանքը ցույց կտա։

Ինչո՞ւ է դա մեզ համար կարեւոր, որովհետեւ քանի կա Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը Արեւմուտքի համար չարյաց փոքրագույնն է։ Եվ Նիկոլ Փաշինյանի թերությունները լավ իմանալով հանդերձ՝ Արեւմուտքն այնուամենայնիվ հանդուրժում է Նիկոլին, նույնիսկ օգնում է՝ վախենալով Քոչարյանի վերադարձից, Սամվել Կարապետյանից եւ այլն։ Պուտինին նույնպես Նիկոլը ձեռնտու է, որովհետեւ խոշոր հաշվով ինքն Արեւմուտք գնալու իմիտացիայով է ընդամենը զբաղված։ Ինքը ոչ մի կտրուկ քայլ չի անում, Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, նույնիսկ թուրքացման քաղաքականություն է վարում, որը ռուսներին ավելի ձեռնտու է, քան ինքնիշխան ու արեւմտամետ Հայաստանը։

Եթե հանկարծ Նիկոլը Պուտինին խանգարի, Պուտինը նրան կփոխի, ընտրություններով կամ այլ սցենարով։ Այսինքն՝ քանի Պուտինը կա, կամ Նիկոլը կմնա, կամ Պուտինը Նիկոլին կփոխի, Արեւմուտքն իշխանափոխություն չի անի։ Հետեւաբար, եթե մեր բախտը բերի, եւ պուտինյան ռեժիմը տապալվի մինչեւ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները, հայ ժողովրդին հնարավորություն կընձեռնվի Արեւմուտքի օգնությամբ ազատ ու թափանցիկ ընտրություններ ունենալ։ Եվ այնպես կանեն, որ  հայ ժողովուրդն արդար ընտրությունների միջոցով ձեւավորի այն իշխանությունը, որն ինքն է ուզում տեսնել։ Բայց եթե Պուտինը մնա, մենք ընտրությունների ժամանակ կտեսնենք ՔՊ-Քոչարյան-Սամվել Կարապետյան խորհրդարան, ոնց որ 2021 թվականին Պուտինը ձեւավորեց «մուրճ-մանգաղ-աստղ» խորհրդարան։

Հավանական համարո՞ւմ եք, որ Զելենսկին հրաժարական կտա։ Եվ ի՞նչ կասեք ուկրաինացիների դիամադրության մասին, նրանք ընտրել են դիմադրության ճանապահը, բայց կարծես դա արդյունք չի տալիս։ Իմաստ կա՞ դիմադրությունը շարունակելու։

-Զելենսկին իմ աչքի լույսը չէ, ես վստահ եմ, որ Զելենսկին այդ կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված է եղել, բայց խնդիրն այն է, որ եթե Զելենսկին հեռանա, պետք է լինեն ընտրություններ։ Իսկ պատերազմի ժամանակ ընտրություններն անհնարին են։ Զելենսկու հեռանալը կարող է ապակայունացնել իրավիճակը։ Իմ կարծիքով՝ հիմա Զելենսկին պետք է մնա, բայց  Վալերի Զալուժնիին պիտի վերադարձնի ակտիվ քաղաքականություն՝ կամ վարչապետի պաշտոն տա, կամ գլխավոր հրամանատարի, որպեսզի պատերազմի հաջող ավարտից հետո միանգամից ինքը հեռանա։ Բայց հիմա Զելենսկու հեռանալը կարող է Պուտինի ջրաղացին ջուր լցնել, որովհետեւ երկրի ներսում իրավիճակը կապակայունանա։

Ամեն դեպքում Ուկրաինայում կա կռվող ժողովուրդ, ոչ մի թիզական ժողովուրդ, սեփական երկրի ամեն թիզի համար պայքարող ժողովուրդ ու բանակ, ինչպես նաեւ ազգային էլիտա։ Այնպես որ, Ուկրաինան կռվելու է մինչեւ վերջ, որովհետեւ իրենց պետականության լինել-չլինելու հարցն է։ Իսկ Ուկրաինայի հաղթանակը նաեւ մեր հաղթանական է, որովհետեւ Ուկրաինան պետք է կտրի մեզ չարիքի կայսրության հետ կապող պորտալարը, որ մենք հիշենք, որ ազգ ենք, սկսենք շնչել ու ապրել ինքնիշխան կյանքով։ Այնպես որ, слава Украине։

Ռոզա Հովհաննիսյան

Արմեն Այվազյանի “Հայոց զորքը Արցախում. կազմավորումը, զինումը և ճակատամարտերը” գրքի շնորհանդես

Դեկտեմբերի 5-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ Երևանի Թումանյանս Արտ սրճարանում կայացել է պատմաբան, քաղաքագետ Արմեն Այվազյանի <<Հայոց զորքը Արցախում. կազմավորումը, զինումը և ճակատամարտերը>> գրքի շնորհանդեսը։

Գիրքը 1722-1735 թվականների Արցախում հայկական զորքերի ստեղծման, հրամանատարական կազմի, թվաքանակի, զենքերի հայթայթման և նրա` մի շարք կարևոր ճակատամարտերի մասնակցության վերաբերյալ առաջին մանրամասն վերլուծությունն է։

Միջոցառման բացման խոսքով հանդես է եկել ու շնորհանդեսը վարել Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը։

Գրքի մասին իրենց կարծիքն են ասել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Բալայանը, հրապարակախոս, վերլուծաբան Միքայել Հաջյանը, պատմաբան Մհեր Հարությունյանը, իրավագետ Վլադիմիր Հովսեփյանը։

Կարինե Բախշիյան

Փաշինյանը առաջարկում է հետևել իր օրինակին՝ հարստանալու համար

Հայաստանի ներկայիս վարչապետի տեսակետները ՀՀ բնակչության մեծամասնության սոցիալական վիճակի վերաբերյալ հիմնված են իր սեփական կյանքի փորձի վրա. նա պնդում է, որ եթե չես կարողանում գումար վաստակել, նշանակում է, որ գիտելիքներ չունես կամ ծույլ ես։ Փաշինյանն առաջարկում է հետևել իր օրինակին՝ ինքնուր ստեղծված մարդու փորձին, ով իր համառության և գիտելիքների շնորհիվ դարձել է Հայաստանի վարչապետ և ապրում է հարուստ կյանքով։

Փաշինյանը պետք է հարցնի, թե քանի՞ հայ կցանկանար հետևել իր ճանապարհին և հաղթահարել այն, ինչ տրորրել է նա՝ հասնելու բուրգի գագաթնակետին։

Իր փորձի մասին խոսելիս Փաշինյանը չի հիշատակում այն ​​պայմանները, որոնք նա ստեղծել է որպես ՀՀ կառավարության ղեկավար՝ ապահովելու համար, որ երկրի բնակչությունն ունենա արժանապատիվ աշխատանք և արժանապատիվ աշխատավարձ, և որ թոշակառուները ստիպված չլինեն մուրացկանություն անել։ Ի՞նչ է արվել Փաշինյանի պաշտոնավարման ութ տարիների ընթացքում՝ երկրի բնակչության 90%-ի կենսամակարդակը բարելավելու համար։

Վերջին ութ տարիների ընթացքում Հայաստանում զարգացող միակ իրական տնտեսական ոլորտը շինարարությունն է, որը կլանում է բանկերի կողմից բնակչությունից՝ որպես վարկերի մարում հավաքված ողջ գումարը։ Այս արատավոր փողի շրջանառությունը, որտեղ եկամտի մեկ երրորդը գնում է հարկերի, իսկ մյուս երրորդը՝ վարկերի մարման, մարդկանց գրեթե առանց գումարի է թողնում։ Ոմանք ապրում են աշխատավարձից աշխատավարձ, մինչդեռ մյուսները դժվարությամբ են հասնում նույնիսկ աշխատավարձին։

Փաշինյանն ասում է, որ չի հավատում գրանցված 150,000 դրամ աշխատավարձերի իրական լինելուն. նա համոզված է, որ մարդիկ ստանում են ստվերային լրավճարներ։ Հարցրեք ձեր կրթության նախարարին, թե որքան է ուսուցչի միջին աշխատավարձը, հարցրեք, թե որքան են վաստակում բժիշկներն ու բուժքույրերը պոլիկլինիկաներում։

Փաշինյանն ասում է, որ քանի որ Հայաստանում թոշակառուները հիմար են և չգիտեն, թե ինչպես ծախսել 60,000 դրամ թոշակը, կառավարությունը նրանց համար ստեղծել է սոցիալական ապահովագրության համակարգ, որպեսզի նրանք կարողանան այդ գումարը օգտագործել բուժման համար, այլ ոչ թե վատնել այն։

Նա նաև առաջարկում է, որ 63 տարեկանից բարձր մարդիկ բիզնես սկսեն, կարծես երկրի վրա բոլորը ծնվում են բիզնեսով զբաղվելու հակումով, և յուրաքանչյուրը կարող է սկսել իր սեփական գործը։

Փաշինյանը նույնն է առաջարկում նաև արցախցիներին. աշխատեք, մի սպասեք պետական ​​աջակցության կամ բարեգործության։ Սա կապիտալիզմ է, բէբի. կամ հայտնվում եք բանկային ստրկության մեջ, կամ մեռնում եք սովից։

Հետևեք իմ օրինակին՝ դարձեք լրագրողներ, ապա՝ թերթերի խմբագիրներ, վարձեք նրանց, ովքեր կարող են հավաքել կոմպրոմատներ և շորթել դրա համար փրկագին, և ազատեք գործից նրանց, ովքեր պարզապես լրագրությամբ են զբաղվում, քանի որ նրանք գումար չեն բերում։

Հայաստանի տնտեսական պայմաններն այնպիսին են, որ «ծաղկում» են միայն խարդախ բիզնեսները՝ խաղադրույքներ, ֆոնդային բորսաներ, անօրինական նյութերի վաճառք և այլ բիզնեսներ, որոնց եկամուտը, բանկերով անցնելուց հետո, հայտնվում է ընտրյալ խմբի գրպանում։ Մնացած բոլորը ծառայում են այս խմբին, չնչին գումարներ վաստակելով 12-ժամյա աշխատանքային օրվա համար, ժամեր անցկացնելով խցանումներում և լեփ-լեցուն ավտոբուսներում, և իրենց եկամտի կեսը վճարում բյուջե կամ կոմունալ ծառայությունների համար։

Փաշինյանն ասում է, որ սուպերմարկետներից դատելով՝ Հայաստանում մարդիկ երջանիկ և ապահով են ապրում։ Ոմանք իսկապես ապահովված են, մինչդեռ մյուսները երկու ժամ զբոսնում են սուպերմարկետում՝ փորձելով օրական 2000 դրամով գնել գոնռ ամենաանհրաժեշտը։

Անօդաչուն հարվածել է Գրոզնիի կենտրոնի գլխավոր խորհրդանիշին՝ Կադիրովի նստավայրի մոտ

Գրոզնիում պայթյուն է տեղի ունեցել Սիթի համալիրի երկնաքերներից մեկում, որը քաղաքի կենտրոնում գտնվող խորհրդանշական և կարևոր շենք է:

Telegram-ի ալիքները, հղում անելով տեղի բնակիչներին, հաղորդում են, որ շենքին հարվածել է անօդաչու թռչող սարքը, սակայն հնարավոր է նաև, որ խնդիրը՝ ռուսական էլեկտրոնային սարքերն էին:

Հարվածը հասցվել է Ռամզան Կադիրովի նստավայրից մոտ 800 մետր հեռավորության վրա գտնվող 28-հարկանի բիզնես կենտրոնի: Աշտարակում տեղակայված են մի քանի չեչենական պետական ​​​​գործակալությունների գրասենյակներ: