ՔՊ-ն էլ ուշունց չի տալու

Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Էթիկայի կանոնագիրք է ընդունել, ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես կառավարող ուժ, հատուկ պատասխանատվություն է զգում երկրում քաղաքական միջավայրի, մթնոլորտի, կուլտուրայի զարգացման գործում։ Նաև այս պատասխանատվությունը կրելով, ՔՊ Վարչության որոշմամբ ընդունվել է կուսակցության Էթիկայի կանոնագիրքը, որում ստանդարտներ ենք սահմանում ինքներս մեզ համար, դրանով իսկ հայտարարելով ինքներս մեզ հայհոյախոսության, անձնական թիրախավորման, վիրավորանքի դաշտից դուրս դնելու, ինչպես նաև բարեվարքության լավագույն ստանդարտներին մեր նվիրվածության մասին», – գրում է վարչապետը՝ հավելելով. – «Այնպես որ, երբ հայհոյանքին հայհոյանքով, վիրավորանքին վիրավորանքով չպատասխանենք, խնդրում ենք դա չընկալել որպես թուլություն կամ վախվորածություն, այլ նվիրվածություն մեր իսկ ընդունած Էթիկայի կանոնագրքին»։

«Մեր հանրային քաղաքական կյանքը գնալով պետք է ավելի ու ավելի փաստահենք դառնա, ավելի ու ավելի փաստարկահենք, հիմնված փոխադարձ հարգանքի, բարեկրթության, թափանցիկության ու հաշվետվողականության վրա», – գրում է Փաշինյանը՝ տարածելով կանոնագրքի հղումը:

Իշխող կուսակցության ներկայացուցիչները և վարչապետն ինքը քանիցս քննադատվել են ընդդիմախոսների հետ վեճերում էթիկայի նորմերը խախտելու համար: Մասնավորապես, այս տարվա օգոստոսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրեց, որ Նիկոլ Փաշինյանը խախտել է վարքագծի կանոնը, ինչի հետո վարչապետը ներողություն խնդրեց «դոմփել» ու «համբալ» բառերն օգտագործելու համար, հիշեցնում է Ազատությունը։

Հիշռցնռնք նաև, որ ՔՊ-ի հայհոյանքին հայյոյանքով պատասխանած մի քանի ընդդիմադիրներ կալանավորված են։ Մասնավորապես, խոսքը Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը։

ԵՄ–ն 500 մլն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությանը

Եվրամիությունը 500 միլիոն եվրո կներդնի Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան ամրապնդելու համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը։

Օրեր առաջ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ստորագրվել է փաստաթուղթ, որով Հայաստանն աջակցություն է ստանում «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց» նախագծի շրջանակներում՝ բարելավելու էներգետիկ ենթակառուցվածքները, ամրապնդելու էներգետիկ անվտանգությունն ու դիվերսիֆիկացիան, նվազեցնելու կախվածությունն արտաքին դերակատարներից։ Եվրամիությունն այս հարցում համագործակցում է գերմանական KfW բանկի հետ։

«Տաշքենդում մենք ստորագրել ենք փաստաթուղթ 500 միլիոն եվրո արժողությամբ մի նախագծի մասին։ Սա 500 միլիոն եվրոյի ներդրում է ձեր (խմբ․ նկատի ունի Հայաստանի) էլեկտրացանցը վրացական ցանցի հետ միացնելու համար, և մենք արդեն աշխատում ենք Հայաստան-Թուրքիա էլեկտրացանցի վրա: Ինչո՞ւ, որպեսզի դուք ավելի ու ավելի քիչ կախված լինեք Ռուսաստանից ստացվող էներգիայից: Եվ սա, գիտեք, գալիս է նաև մեր փորձառությունից: Մենք այժմ ունենք հատուկ էներգետիկ ծրագրեր Մոլդովայի, Ուկրաինայի և նաև մեզ համար: Օրինակ, երբ 2022 թվականին պատերազմը սկսվեց (խմբ․ նկատի ունի ռուս-ուկրաինական պատերազմը), Եվրոպան Ռուսաստանից ներկրում էր գազի 60%-ը, ածխի 50%-ը և, կարծում եմ, նավթի 40%-ը: Հիմա ածուխը 0 է, նավթը 0 է, իսկ գազի դեպքում մենք դանդաղորեն իջնում ենք 0-ի, ինչը միշտ չէ, որ հեշտ է, ինչպես դուք նույնպես գիտեք»,- մանրամասնել է Կոսը։

Նա հավելել է, որ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին ընդհանուր կապակցվածության ապահովման համատեքստում խնդրել է ներկայացնել առաջնահերթ ծրագրերի ցանկ։ Մարթա Կոսը նաև պատրաստակամություն է հայտնել օգնել ՀՀ ՏԿԵ նախարարության կարողություններն ուժեղացնելու հարցում, որպեսզի այն կարողանա կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք վերաբերում են կապակցվածության ապահովմանը։

«Կովկասի էլեկտրահաղորդման ցանց» նախագծի նպատակն է ապահովել հուսալի, ճկուն և փոխշահավետ միջսահմանային էներգիայի փոխանակում Հարավային Կովկասում՝ սինխրոնացնելով Հայաստանի և Վրաստանի էլեկտրացանցերը:

Եվրամիությունը Արցախի համար․ աջակցում ենք տեղահանված անձանց

«Ես դա չգիտեմ: Այդ հարցը, հավանաբար, ևս կլինի քննարկման մաս»,- հարցին՝ ի՞նչ կարծիքի եք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց ծննդավայր վերադարձի մասին, Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես պատասխանեց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
Հանձնակատարն ասաց, որ աջակցում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց, նաև մեծ օգնություն կա որոշ անդամ երկրների և միջազգային կառույցների միջոցով․ «Սա այն ոլորտներից մեկն է, որտեղ մենք իսկապես տեսնում ենք, որ կարող ենք օգնել»։
Լրագրողները նաև ահազանգեցին՝ Ադրբեջանը ոչնչացնում է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը, Մարթա Կոսն արձագանքեց․ «Եվրոպական միության ընդհանուր սկզբունքն այն է, որ մշակութային ժառանգությունը մեր ինքնության շատ կարևոր մասերից մեկն է: Մշակույթն՝ առհասարակ: Ուստի հույս ունեմ, որ երկու երկրներն էլ կգտնեն ճանապարհ՝ պաշտպանելու երկու երկրների մշակութային ժառանգությունը: Դա կապ ունի ավանդույթի, անցյալի հետ, դա կապ ունի մեր հոգու հետ, մեր լեզվի հետ: Մշակութային ժառանգությունը պարզապես շենքեր չեն: Այնպես որ, դա շատ-շատ ավելին է: Ուստի Եվրոպական միության հիմնական սկզբունքներից մեկը պաշտպանությունն է, և մենք նաև մեծ գումարներ ենք ներդնում մեր մշակութային ծրագրերի միջոցով՝ պահպանելու մշակութային ժառանգությունը մեր անդամ երկրներում: Մենք ունենք բազմաթիվ ծրագրեր, որոնց միջոցով հոգ ենք տանում սրա մասին»։

Գանձակի ցեղասպանությունից 37 տարի է անցել

Գանձակից/Կիրովաբադից, Մինգեչևիրից և Գարդմանքից նախկին բնակիչները ծաղիկներ դրեցին խաչքարի մոտ՝ ի հիշատակ ցեղասպանության ժամանակ զոհվածների և տեղադրեցին հուշատախտակ։

Մարիամ Ավագյանը գրում է․

1988 թվականի նոյեմբերի վերջին (ճիշտ 37 տարի առաջ) ադրբեջանական զինված ուժերը, աջ ափի մուսուլմանական թաղամասի բնակիչների աջակցությամբ, շրջափակեցին Գանձակի ձախ ափի հայկական հատվածը (ինչպես 2023 թվականին Արցախում): Հազարավոր ադրբեջանցիներ, զինված կացիններով, ամրաններով, դանակներով և հրազենով, փորձեցին անցնել կամուրջը և, մտնելով հայկական հատված, կոտորած կատարել:

Քաղաքի հայկական հատվածի բնակիչները հերոսաբար պահեցին գիծը՝ փորձելով կանխել, որ ադրբեջանցի մարդասպանների զանգվածը անցնի կամուրջը դեպի հայկական հատված:

Քաղաքի հազարավոր բնակիչներ՝ երեխաներ և կանայք, լքեցին իրենց բնակարանները և թաքնվեցին քաղաքի տաճարում, որտեղ նրանք ավելի հեշտությամբ կարող էին պաշտպանվել բարբարոսներից:

Գանձակի (Գյանջա) պաշտպանությունը տևեց երկու շաբաթ:

Ադրբեջանի իշխանությունները անջատեցին քաղաքի բնակիչների ջուրը, գազը և էլեկտրաէներգիան:

Ադրբեջանցիներին հաջողվեց ներխուժել հայկական թաղամասեր, և սկսվեց կոտորածը։

Այսպիսով, մտնելով ծերանոց, ազերիները գերի վերցրին 12 հաշմանդամ հայ տարեցների, տարան քաղաքից դուրս և երկարատև տանջանքներից հետո դաժանորեն սպանեցին նրանց և թաղեցին Քուռ գետի ափին գտնվող փոսերում։

Ներխուժելով ծննդատուն՝ նրանք սպանեցին ծննդաբերական խնամքի տակ գտնվող ինը կանանց և պատուհաններից դուրս նետեցին նրանց նորածին երեխաներին։ Սպանվեցին նաև այն բուժքույրերը, որոնք չէին կարողացել թաքնվել։ Տասնչորս կին տարան քաղաքից դուրս, մերկացրին և խաչեցին կեղծ փայտե խաչերի վրա։ Շատերը գլխատվեցին, իսկ շատերը՝ կենդանի այրվեցին։

Գանձակում ադրբեջանական բարբարոսության զոհերի ճշգրիտ թիվը անհայտ է։ Սովորաբար նշվում է 140 սպանված և 200-ից 400 տուժած։ Միայն նոյեմբերի վերջին՝ երկու շաբաթ տևած շրջափակումից և կոտորածի սկսվելուց մի քանի օր անց նախագահ Գորբաչովը բարեհաճեց հրամանագիր արձակել խորհրդային զորքեր մտցնելու քաղաք՝ հայերին պաշտպանելու համար։

Սակայն այս «պաշտպանությունը» հանգեցրեց քաղաքի բնակիչների հարկադիր տեղահանմանը։

Մարդիկ թողեցին իրենց ողջ ունեցվածքը՝ տներ, մեքենաներ, փող, զարդեր, անձնական իրեր, հաճախ նույնիսկ փաստաթղթեր, և առանց դրանց՝ շտապ նստեղին ուղղաթիռներ, զրահապատ մեքենաներ և հատուկ ավտոբուսներ՝ տանկերի ուղեկցությամբ, որոնք տարհանեցին մոտավորապես 100,000 մարդու։

Բայց ամենակարևորը, նրանք լքեցին իրենց հայրենիքը, որտեղ ապրել էին 3000 տարի, նախքան նույնիսկ «Ադրբեջանի» գոյությունը, թողնելով իրենց հարազատների գերեզմանները և սպանված հարազատների չթաղված մարմինները։

Քաղաքը բնիկ բնակչությունից «մաքրելուց» հետո, ադրբեջանցիները սկսեցին թալանել և զավթել հայկական թաղամասերի բնակարանները։

Ավելի ուշ՝ Հեյդար Ալիևի և նրա որդու՝ Իլհամ Ալիևի օրոք, սկսվեց հայկական պատմական և հոգևոր ժառանգության ոչնչացումը։

Սկզբում ոչնչացվեցին բոլոր հայկական գերեզմանատները։
Սուրբ Հակոբ եկեղեցին (1140) հողին հավասարեցվեց։
Սուրբ Սարգիս եկեղեցին (1570-1602) վերածվեց մանկական գրադարանի։
Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (1633) վերածվեց քաղաքային ֆիլհարմոնիայի, որտեղ ամեն օր հնչում է հայկական ժողովրդական երաժշտություն՝ այն ներկայացնելով որպես «ադրբեջանական ժողովրդական»։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1869) չքանդվեց, քանի որ այն տեղավորվում էր «հայերը հայտնվել են միայն 19-րդ դարում» պաշտոնական քարոզչության մեջ։ Սակայն խաչերը քանդվեցին, ներսում ամեն ինչ թալանվեց, ապա եկեղեցին այրվեց և օգտագործվում է որպես հասարակական զուգարան։ Այն այժմ կանգնած է առանց պատուհանների, դռների կամ խաչերի, գրաֆիտիներով պատված պատերով և շրջապատված երկաթե ցանկապատերով։

Սուրբ Գևորգ եկեղեցին (1814) սկզբում այրվեց, ապա ոչնչացվեց։ Այժմ դրա տեղում կանգնած է ավերակների կույտ։

Ներկայումս Գանձակը/Գյանջան Բաքվից հետո «Ադրբեջանի երկրորդ մայրաքաղաքն» է։

«Արևմտյան Հայաստանի Հանրապետություն»

https://www.facebook.com/reel/1353404919079347

 

Ավարտվեց «Արցախցին կարդում է» Գրքարշավ 2025-ի այս տարվա մրցանակաբաշխությունը

Նոյեմբերի 29-ին կայացավ «Արցախցին կարդում է» Գրքարշավ 2025-ի մրցանակաբաշխությունը։

Միջոցառման ընթացքում գրքարշավի լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները արժանացան մրցանակների և պատվոգրերի: Այսպիսով՝ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում ծնված տղաներ Արա Մայիլյանն ու Տիգրան Պողոսյանը, բարձր պահելով հայրենի Ճարտարի պատիվը, տարբեր անվանակարգերում արժանացան խրախուսանքների: Արան նվաճեց 1-ին, իսկ Տիգրանը՝ 3-րդ հորիզոնականները։ Նրանք ստացան մրցանակներ ու պատվոգրեր: Ավելին՝ Տիգրանին շնորհվեց նաև «Ամենաշատ դիտում» հատուկ մրցանակը:

Իր հիմնադրումից ի վեր «Մոնթե-Ավո» նախաձեռնությունն իրականացնում է մի շարք ծրագրեր, այդ թվում՝ մշակութային և կրթական ոլորտներում։ Այսպիսով, «Արցախցին կարդում է» բուքինիստական արշավը շարունակվում է արդեն մի քանի տարի, մրցույթին մասնակցում են երեխաներ Արցախի տարբեր շրջաններից։

Մրցույթը լայն տարածում է գտել արցախցի գրքասեր երեխաների շրջանում, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Մրցույթն ավելի գրավիչ և հետաքրքիր դարձնելու համար նախաձեռնությունը սահմանել է մրցանակային ֆոնդ, հատուկ նվերներ և «Գրան Պրի»՝ զբոսաշրջություն։

<<Մեր ընտանիքի և եղբորս անունից խորագույն շնորհակալությունն ենք հայտնում  «Մոնթե-Ավո» բարեգործական ընկերությանը և հանձնաժողովի բոլոր արժանապատիվ անդամներին։

Շնորհակալ եմ իմ սիրելի ուսուցիչներին՝ յուրաքանչյուրին առանձին, ձեր անսպառ աջակցության, հոգատար վերաբերմունքի  և այն մեծ սիրո համար, որով միշտ կերտում եք մեր ճանապարհը։ Նոյեմբերի 29-ին, 2025թ․, փոքրիկ Արցախը կրկին վերամիավորվեց։

Ավարտվեց «Արցախցին կարդում է» ամառային գրքարշավ 2025 ը ՝ ցանելով ուժի, պատրաստակամության, կամքի ու պայքարող մտքի նոր սերմեր։ Այն բացեց նոր աչքեր, նոր կամարներ, տվեց ավելի խիզախ, մտածող ու պատրաստակամ երիտասարդներ ՝ Արցախի անսասան, անպարտ երեխաներ, ովքեր գիտելիքով պիտի պահեն մեր վաղվա օրը>>, իր շնորհակալական խոսքում նշում է գրքարշավի ակտիվ մասնակից Տիգրան Պողոսյանի քույր Մելինե Ավագյանը:

Շնորհավորում ենք «Արցախցին կարդում է»  գրքարշավի բոլոր մասնակիցներին մաղթելով հետագա հաջողություններ ։

Արսեն Աղաջանյան

Ծնվել է անհետ կորած Ալբերտ Ավետիսյանի դուստրը․ հայրիկի սպասումով

Երջանիկ մայրիկը հավատում է, որ ամուսնու հետ միասին կմեծացնեն իրենց դստերը

Ծնվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմում անհետ կորած Ալբերտ Ավետիսյանի դուստրը՝ Ալբերտինան։ Իրականացել է Ալբերտի ու Լուսինեի 15 տարվա երազանքը։

Նրանք երկար են սպասել այս օրվան, երազել, որ երջանկությունն անպայման մի օր կթակի նաև իրենց դուռը։

Ալբերտն ու Լուսինեն երեխա ունենալու համար երկար պայքարելուց հետո հասկացել են, որ վերջին հույսն արտամարմնային բեղմնավորումն է։ Մինչև Արցախի շրջափակումը զույգը Երևան քաղաքում արդեն անցել էր վերջին հետազոտություններն ու նախապատրաստվել սաղմի տեղադրման փուլին։ Սակայն Արցախը հայտնվել է շրջափակման մեջ, ինչը խանգարել է զույգին իրականացնել երազանքը։ Իսկ հետո եկավ աղետալի սեպտեմբերի 19-ը։

Ցավոք, պատերազմական գործողությունների ընթացքում անհետ կորել է Ալբերտը։

Արցախի տեղահանությունից հետո Լուսինեն, հավաքելով իր բոլոր ուժերն ու կամքը, նորից անցել է բուժման կուրսը և իրականացվել է սառեցված սաղմի տեղադրումը։ Արդյունքում արձանագրվել է երկար սպասված հղիությունը։ Եվ ահա ծնվել է փոքրիկը, ով իր հետ լույս է բերել Ավետիսյանների ընտանիք։

Լուսինեն հավատում է, որ Ալբերտինան իր ծնունդով լուսավոր ճանապարհ կբացի նաև իր հայրիկի համար և նրան անպայման տուն կվերադարձնի։ Երջանիկ մայրիկը հավատում է, որ ամուսնու հետ միասին կմեծացնեն իրենց դստերը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Սամվել Շահրամանյանին պատմության դասագրքով զրպարտելու գործով դատական նիստը նշանակված է վաղը

Ի գիտություն լրագրողների և հետաքրքրված քաղաքացիների.
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին պատմության դասագրքով զրպարտելու գործով դատական նիստը նշանակված է վաղը՝ 02.12.2025 թվականին՝ ժամը 15:00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Աջափնյակ-2 նստավայրում (հասցե՝ ք.Երևան, Հալաբյան փ., 41 ա շենք, դատավոր Աշոտ Հովհաննիսյան)։
Սամվել Շահրամանյանը ևս կներկայանա դատական նիստին։

Կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով է հրավիրում

Ամենայն Հայոց կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով է հրավիրում:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդագրության համաձայն՝ Գարեգին Երկրորդի տնօրինությամբ, «ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»։

Հաջիևը մատնեց Շառլ Միշելին. ԵՄ-ն կփոխի՞ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ

Դեկտեմբերի 2-ին Բրյուսելում կկայանա Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ նիստը՝ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցությամբ: Քննարկումներից հետո Միրզոյանը և ԵՄ ներկայացուցիչները կանցկացնեն համատեղ մամուլի ասուլիս, հաղորդում է Արտաքին գործերի նախարարությունը: Միրզոյանը կմասնակցի նաև Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի 2-րդ գագաթնաժողովին։

Կան որոշ նշաններ, որ 2026 թվականի ընտրություններից հետո Հայաստանը իր նոր Սահմանադրության մեջ կներառի ԵՄ անդամակցության մասին կետ: Անդամակցության դիմումը կարող է ներկայացվել 2030 թվականին. առնվազն, Հայաստանում չեն բացառում այս հնարավորությունը: Որոշ վերլուծաբաններ այս գործոնը համարում են ԵՄ-ի կողմից Հայաստանի կառավարության նկատմամբ «մեղմ վերաբերմունքի» պատճառ՝ չնայած մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների։

Թեկուզ, Ադրբեջանում իրավունքների և ազատությունների խախտումների փաստաթղթավորումը չի խանգարում ԵՄ-ին սերտորեն համագործակցել այդ երկրի հետ և նույնիսկ ծառայություններ մատուցել նրան։

Ամենամեծ ծառայությունը, իհարկե, Փաշինյանի և Ալիևի միջև 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում՝ Շառլ Միշելի և Մակրոնի ներկայությամբ ստորագրված համաձայնագիրն էր։ Հենց այս համաձայնագիրն էր, որում գործնականում առաջին անգամ հիշատակվում էին Ալմա-Աթայի հռչակագիրը և խորհրդային սահմանները, որը հիմք հանդիսացավ Փաշինյանի կողմից Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» «ճանաչման» համար՝ առանց հիշատակելու Արցախի և Նախիջևանի կարգավիճակը։

ԵՄ-ն իսկապես անգնահատելի ծառայություն է մատուցել Ալիևին։ Սա այսօր ընդունեց Ալիևի օգնական Հաջիևը, ով նշեց ԵՄ ներգրավվածությունը տարածաշրջանում՝ «շեշտելով Եվրոպական խորհրդի նախկին նախագահ Շառլ Միշելի կողմից Բաքվի և Երևանի միջև միջնորդական դերը»։

Բաքուն կտրականապես դեմ էր ԵՄ ներգրավվածությանը. Ալիևը հրաժարվեց ընդունել եվրոպացի քաղաքացիական դիտորդներին և այժմ ձգտում է նրանց դուրս բերել Հայաստանից։ Սակայն Շառլ Միշելի կողմից Ալիևին մատուցված ծառայությունը չի մոռացվի ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Ադրբեջանում։

Ի՞նչ է քննարկելու Միրզոյանը Բրյուսելում։ Արդյո՞ք ԵՄ-ն փոխել է իր վերաբերմունքը տարածաշրջանի նկատմամբ՝ կարգավորման գործընթացից դուրս մնալուց հետո. 2020 թվականին Երևանի և Բաքվի միջև առաջին համաձայնագիրը կնքվել է Պուտինի միջնորդությամբ, իսկ երկրորդը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ Թրամփի միջնորդությամբ։ Բրյուսելը վճարում է այս համաձայնագրերի համար ոչ միայն փողով, այլև իր հեղինակությամբ։

Արցախը Հայաստանի անբաժանելի մաս է

1989թ. դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը համատեղ կայացրեցին Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշում, իսկ հետագայում՝ 1990թ. օգոստոսի 23-ին հրապարակվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որում կար հետևյալ ձևակեպրպումը. «…ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա…»:
Տարոն Հակոբյան

Դատարանի որոշումից հետո Իրինա Ասրյանը սպասում է թոշակի հարցով ՊՆ որոշման

Կենսաթոշակառու տարիքի հասած արցախցիների զգալի մասը շարունակում է խնդիրներ ունենալ փաստաթղթերի բացակայության պատճառով ու չեն կարողանում ձևակերպել օրենքով իրենց հասանելիք թոշակը։ Ամիսներ առաջ է արցախցի Իրինա Ասրյանը բախվել նման խնդրի։ Նա Ստեփանակերտ քաղաքից է տեղահանվել ու տարեց մոր հետ բնակություն հաստատել Երևան քաղաքում։

Քանի որ լրացել էր զինվորական կենսաթոշակի անցնելու սահմանային տարիքը, Իրինան ցանկացել է ՀՀ-ում անցնել զինվորական թոշակի, սակայն 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմի հետևանքով աշխատանքային գրքույկի կորստի պատճառով առաջացել են աշխատանքային ստաժի հաշվարկման խնդիրներ։

Ամիսներ առաջ մենք անդրադարձել էինք Իրինա Ասրյանի հարցին, երբ 2024-ի հունվարին լրացել էր նրա զինվորական կենսաթոշակի անցնելու սահմանային տարիքը և նա դիմել է ՀՀ ՊՆ, որ նշանակվի երկարամյա ծառայության թոշակը։ Սակայն Իրինան գրությամբ մերժում է ստացել, քանի որ բացակայում էին առնվազն 25 օրացույցային տարվա աշխատանքային ստաժ ունենալու մասին հավաստի փաստաթղթերը։ Գրությունը ստանալուց հետո նա դիմել է ՀՀ ԱՆ և <<Հայաստանի ազգային արխիվ>> ՊՈԱԿ, սակայն գրությամբ կրկին մերժում է ստացել՝ տվյալներն առկա չլինելու պատճառով։

Իրինա Ասրյանը ստիպված է եղել դիմել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան, քանի որ այլ ճանապարհով հնարավոր չէր հաստատել աշխատանքային ստաժը։ Դատարանը մերժել է  դիմումը։ Նշված վճռի դեմ Իրինան ներկայացրել է վերաքննիչ բողոք և ՀՀ վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել այլ կազմով նոր դատական քննության։

-Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2025 թվականի սեպտեմբերի 9-ի վճռով իմ դիմումը բավարարել է և որպես իրավաբանական նշանակություն ունեցող փաստ՝ հաստատել, որ ես 2000 թվականի մայիսի 1-ից մինչև 2010 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում աշախատել եմ ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի դատարանում՝ որպես օպերատոր- մեքենագրուհի և այդ տարիները համարել է աշխատանքային ստաժ։ Իսկ ԼՂՀ ՊԲ-ի շարքերում ծառայած իմ զինվորական ծառայության ընդհանուր ստաժը զինվորական ծառայությունից պահեստազոր արձակելու պահին կազմում է օրացուցային 16 տարի, 9 ամիս, 19 օր։ Այսինքն՝ երկարամյա զինվորական թոշակի անցնելու անհրաժեշտ ստաժը առկա է։ 2024 թվականի հունվարի 22-ին դիմել եմ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն՝ երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար, սակայն նույն թվականի մարտի 26-ի գրությամբ ինձ տեղեկացվել է, որ զինվորական կենսաթոշակ նշանակելը հնարավոր չէ, քանի որ օրենքով նախատեսված ստաժը չէր բավարարում և այդ հարցին հնարավոր կլինի անդրադառնալ առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում։

Ներկայումս ունեմ օրենքով նախատեսված ընդհանուր աշխատանքային ստաժը, սակայն ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը հրաժարվում է ինձ զինվորական կենսաթոշակ նշանակել դիմելու պահից, այսինքն՝ 2024 թվականի հունվարի 22-ից և ինձ պարզաբանել են, որ կարող են թոշակ նշանակել 2025 թվականի նոյեմբեր ամսից, որի արդյունքում ես կկորցնեմ ավելի քան 20 ամսվա զինվորական թոշակի գումարը։ Այն զգալի գումար է  կազմում և սոցիալական ծանր վիճակում գտնվող իմ ընտանիքի համար մեծ նշանակություն ունի։

Սպասում եմ ՀՀ ՊՆ կողմից որոշում կայացնելուն, որից հետո ստիպված կլինեմ կրկին դիմել դատարան՝ իմ խախտված իրավունքները վերականգնելու համար,-ասում է Իրինան։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Մինսկի խումբն այսօրվանից լուծարված է

ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների ավարտը, հայտարարել է կառույցը:

Սա իրագործվել է՝ համաձայն նախարարների խորհրդի որոշման, որը կայացվել էր Հայաստանի և Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ նախագահությանն ուղղված համատեղ դիմումի հիման վրա։

Արցախյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ու Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի համանախագահությամբ գործող այս խմբի լուծարման պահանջը Ադրբեջանն էր առաջադրել որպես խաղաղության պայմանագրի նախաստորագրման պայման։ Օգոստոսի 8-ին Մինսկի խմբի լուծարումը վաշինգտոնյան Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հռչակագրի երկրորդ կետով նախատեսվեց։

Հայաստանի ու Ադրբեջանի գլխավոր դիվանագետները լուծարման դիմումը ԵԱՀԿ-ին համատեղ ստորագրեցին, կոչ արեցին մասնակից պետություններին ընդունել այդ որոշումը։ ԵԱՀԿ անդամ 57 երկրներից որևէ առարկություն չի հնչել։

Հիշեցնենք, որ Մինսկի խմբի փակման հարցն ավելի “առարկայական” է դարձել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Թուրքիայի նախկին արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի նշանակումից հետո։ Հայաստանը ընդ որում չի առարկել նրա նշանակումը։