Սիրիայի իշխանությունները և քրդերը համաձայնության են եկել. ինչի մասին է զգուշացնում հայկական կուսակցությունը

Ուրբաթ՝ հունվարի 30-ին, քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը» (SDF) հայտարարեցին, որ համապարփակ համաձայնության են եկել Սիրիայի կառավարության հետ հրադադարի և ռազմական ու վարչական մարմինների աստիճանական ինտեգրման վերաբերյալ: Սիրիայի կառավարությունը նույն օրը հաստատեց համաձայնագիրը: Այս հայտարարությունը հաջորդեց վերջին բախումներին, որոնց ընթացքում կառավարական ուժերը գրավեցին Սիրիայի հյուսիս-արևելքում SDF-ի կողմից տասնամյակներով վերահսկվող տարածքների մեծ մասը:

Համաձայն պայմանագրի՝ SDF-ն դուրս կգա շփման գծից, իսկ Սիրիայի Ներքին գործերի նախարարության վերահսկողության տակ գտնվող անվտանգության ուժերը կմտնեն Հասակե և Ղամիշլի քաղաքներ: Այնուհետև պետք է սկսվի քրդական և կառավարական ուժերի ինտեգրման գործընթացը: Ակնկալվում է, որ սա կներառի հյուսիս-արևելքում SDF-ի երեք բրիգադներից բաղկացած նոր ռազմական կազմավորման ստեղծում, ինչպես նաև Հալեպի նահանգում SDF-ի մեկ այլ բրիգադ, որը կինտեգրվի կառավարական բրիգադին:

Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով հատուկ դեսպան Թոմաս Բարաքը երկրի իշխանությունների և քրդերի միջև համաձայնագիրը անվանեց «հիմնարար և պատմական հանգրվան Սիրիայի ազգային հաշտեցման, միասնության և կայուն կայունության ճանապարհին»:

Փաստաթուղթը նաև նախատեսում է «քուրդ ժողովրդի քաղաքացիական և կրթական իրավունքներ և երաշխավորում է տեղահանված անձանց վերադարձը իրենց բնակավայրեր»։

Բացի այդ՝ Դամասկոսը կստանա բանտեր, նավթի և գազի հանքավայրեր երկրի հյուսիսարևելյան շրջանում։ Սիրիական ուժերը նախկինում վերահսկողություն էին հաստատել երկրի ամենամեծ նավթահանքի՝ Օմարի վրա և գրավել Եփրատ գետի վրա գտնվող ռազմավարական նշանակություն ունեցող Տաբկա ամբարտակը։

2025 թվականի հոկտեմբերին Սիրիան անցկացրեց Բաշար ալ-Ասադի տապալումից հետո իր առաջին խորհրդարանական ընտրությունները։ «Անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով» ընտրությունները չանցկացվեցին երկրի 14 նահանգներից երեքում, այդ թվում քրդական։

2026 թվականի հունվարի սկզբին սիրիական ուժերը՝ Թուրքիայի և ջիհադիստական խմբավորումների աջակցությամբ, պաշարեցին Հյուսիսային Սիրիայի քրդական թաղամասերը՝ կտրելով սննդի, ջրի և դեղորայքի մատակարարումները, ինչպես նաև իրականացնելով խաղաղ բնակչության և տեղական ինքնապաշտպանական ուժերի նկատմամբ մահապատիժներ։ Պաշարումն ավարտվեց Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե քաղաքային թաղամասերից ավելի քան 250000 քրդերի էթնիկ զտմամբ, որոնք ստիպված էին փախչել ծանր հրետակոծությունների և անօդաչու թռչող սարքերի հարձակումների պայմաններում։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է. «Այսօր Քոբանին, այն քաղաքը, որը 2014 թվականին դարձավ «Իսլամական պետության» դեմ դիմադրության խորհրդանիշ, կանգնած է նոր պաշարման առաջ։ Սիրիական ուժերը՝ Թուրքիայի կառավարության աջակցությամբ, Հյուսիսային սահմանին տեղակայել են աճող թվով տանկեր և ծանր հրետանի՝ ցամաքային ներխուժման սպառնալով, որը կհանգեցնի քրդական բնակչության պատմական հայրենիքի էթնիկ զտմանը։

Սա ևս մեկ դրսևորում է Թուրքիայի կողմից այնպիսի պետությունների աջակցության, որոնք ճնշում և հալածում են բնիկ փոքրամասնություններին, այդպիսի ցցուն օրինակ է 2023 թվականին արցախահայության էթնիկ զտումը։ Թուրքիան պետք է անհապաղ դադարեցնի արտասահմանում փոքրամասնությունների կոտորածաներին և էթնիկ զտմանն իր աջակցությունն ու ֆինանսավորումը, իսկ միջազգային հանրությունը պարտավոր է քայլեր ձեռնարկել նման ագրեսիվ արտաքին քաղաքականությունը կանխելու համար։

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը վերահաստատում է իր անսասան աջակցությունը բոլոր ժողովուրդների ինքնորոշման և ինքնիշխանության իրավունքին, այդ թվում՝ քրդական ժողովրդի։

Ավստրալահայ համայնքը համերաշխ է «Ավստրալիայի ժողովրդավարական քրդական կազմակերպությունների Ֆեդերացիայի հետ և Ավստրալիայի կառավարությանը կոչ է անում դատապարտել քրդերի դեմ ուղղված բոլոր ռազմական գործողությունները, պահանջել թուրքական ուժերի և նրանց հովանավորյալների անհապաղ դուրսբերումը Սիրիայի սահմանից և մարդասիրական օգնություն տրամադրել հակամարտության հետևանքով տեղահանվածներին։

 

Գերմանիան ինքն իրեն է հարվածում և չի կարողանում խուսափել «ուժի» գայթակղությունից

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի ելույթները նոր շեշտադրում են ստացել։ Հունվարի 29-ին նա Բունդեսթագում հանդես եկավ արտաքին քաղաքականության վերաբերյալ կառավարական հայտարարությամբ։ Մերցը խոսեց արագ զարգացող նոր աշխարհակարգի մասին, որտեղ, ինչպես նշեց կանցլերը, Եվրամիությունը և Գերմանիան պետք է սովորեն «խոսել ուժային քաղաքականության լեզվով»։ Չնայած սա, անշուշտ, նորություն չէ, այն փաստը, որ Գերմանիայի կառավարության ղեկավարը նման հայտարարություններ է անում, շրջադարձային կետ է, ըստ DW-ի։

Միևնույն ժամանակ, Մերցը հայտարարեց, որ օրենքի վրա հիմնված աշխարհակարգը դեռևս գործում է։

Դավոսում առաջին անգամ պարզ դարձավ, որ ԵՄ-ն կարող է դառնալ ուժ, որի հետ պետք է հաշվի նստել։ Իր կառավարական հայտարարության մեջ կանցլեր Մերցը խոսեց «ինքնահարգանքի երջանկության» մասին և ընդգծեց՝ դիմելով Թրամփին. «Որպես ժողովրդավարություններ՝ մենք գործընկերներ և դաշնակիցներ ենք, այլ ոչ թե ենթականեր»։

Անցյալ տարի Բրյուսելը երկու անգամ փորձեց Դոնալդ Թրամփին վերադարձնել միջազգային իրավունքի հին աշխարհ՝ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ալյասկայում կայացած գագաթնաժողովի մասին արձագանքով և Ուկրաինայի համար 28 կետանոց ծրագրով։ Սակայն դա տևական արդյունքներ չտվեց։

Մեկ շաբաթ առաջ Դավոսում Զելենսկին թվում էր հիասթափված. նա կասկածում է, որ կարող է չխուսափել այն ճիրաններից, որոնց մեջ նրան գցել են Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները։ ԵՄ-ն, գոնե այս անգամ, չի դիմադրում. այն զբաղված է ինքն իրենով։

Մերցի խոսքով՝ վերջին շաբաթներին ավելի ու ավելի պարզ է դառնում, որ ի հայտ է գալիս «մեծ տերությունների աշխարհ», որից փչում է «ուժեղ քամի», և Եվրոպան շուտով կզգա այն։

«Մենք աշխարհում իմպերիալիզմի և ավտոկրատիայի նորմատիվ այլընտրանքն ենք», – հայտարարեց նա՝ նշելով, որ Եվրոպան կարող է իր գործընկերներին առաջարկել ինչպես տնտեսական, այնպես էլ, առաջին հերթին, արժեքային առավելություններ, որոնցից հրաժարվել չի ցանկանում։

«Մեծ տերությունների նոր աշխարհը հիմնված է ուժի, հզորության և, անհրաժեշտության դեպքում, բռնության վրա։ Սա հարմարավետ վայր չէ», – հայտարարել է նա։

Մերցը կարծում է, որ Գերմանիան և Եվրոպան պետք է դառնան ինքնիշխան պետությունների ցանցի մաս, որը հավատարիմ է կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգին, ազատ առևտրին և նվազագույն առևտրային արգելքներին։

Կանցլեր Մերցի հակասական հայտարարությունը հնչում է ինչպես կրակոց սեփական ոտքին. մի կողմից նա խոսում է ուժային լուծումների, մյուս կողմից՝ կանոնների վրա հիմնված համաշխարհային կարգի մասին։ Տպավորություն է, թե ԵՄ-ն համաձայն է համաշխարհային կարգի, որտեղ կանոնները կկարգավորեն ուժի կիրառումը և կօրինականացնեն ուժային լուծումների արդյունքները։

Պանդորայի արկղը, որը բացվեց 2014 թվականին Ղրիմի բռնակցմամբ և ավելի լիարժեք՝ 2020-2023 թվականներին Արցախում, ավելի ու ավելի է քանդվում և չի կարող շրջանցել Եվրոպան։

Եվրոպան կարող է լավագույնս ստեղծել ոչ թե բռնության, այլ օրենքի վրա կառուցված աշխարհակարգ։ Միայն սա կարող է դառնալ Եվրոպայի հախթաթուղթը, որը հասկանալի կլինի աշխարհի համար։

Այնուամենայնիվ, Մերցի հայտարարություններից դատելով, եվրոպական իրավական կարգը կարող է չդիմանալ ուժի կիրառման ևս մեկ գայթակղությանը։ Այս անգամ, սակայն, Եվրոպան ստիպված կլինի բախվել աներևակայելիորեն հզոր և ցինիկ հակառակորդների հետ։

Ստեփանակերտից տեղափոխված հայերի մասին տեղեկություն չեն տրամադրում․ Ազատություն

Երկու հայ է մնացել ադրբեջանական դարձած Ստեփանակերտում: Մեկին ադրբեջանցիները չեն գտել, որ բերեն, հայտնում է Ազատությունը։

«Էդ կինը վերջին պահին անհասկանալի ձևով անհետացել է, ադրբեջանցիները սկսել են ակտիվ իրեն մանգալ, մի քանի րոպե ման եկան, հետո սուս մնացին, մնացածին ավտո նստեցրի, տարան, էդ կնոջն էլ ոչ ոք չի տեսել» – ասաց հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը:

Լարիսա Ստեփանյանն է անհետացել վերջին պահին: 73 -ամյա կինը 2020-ի պատերազմից հետո Հադրութից տեղահանվել էր, ապրում էր Ստեփանակերտի՝ կացարանների վերածված ոստիկանության պոլիկլինիկայի շենքում:

Լարիսան Բաքվից եկած լրագրողներին ասում էր, որ իրեն լավ է զգում, մտադիր չէ հեռանալ Ստեփանակերտից, որովհետև պիտի անպայման հետ՝ իր տուն Հադրութի Տող գյուղ գնա, այս հարցով նույնիսկ հեռակա Ալիևին էր դիմել:

Լարիսայից բացի Ստեփանակերտում է նաև Միշա Գրիգորյանը, նա, սակայն, ի տարբերություն Լարիսայի, մեքենա է նստել, հասել Հակարիի կամուրջ, բայց Երևան չի հասել, այս մասին ականատեսը պատմել էր հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանին:

«Ասել է՝ «չեմ գալիս, ինձ հայերը սպանելու են», և այլն: Վախենում էր, որ էստեղ իրեն սպանելու են, ոտքերի տակ է ընկել թուրքերի, թուրքերը ասել են՝ «եթե մնաս, մենք ենք քեզ էստեղ սպանելու», ասել է՝ «լավ է դուք ինձ սպանեք»: Ասում է՝ «լացուկոծը դրել է, դրան նորից գցել են ավտոն, տարել են», – ներկայացրեց Պետրոսյանը:

Մեկ շաբաթ առաջ Հայաստան տեղափոխվեցին Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած 11 հայեր:

Ստեփանակերտից տեղափոխված հայերի մասին ո՛չ Սոցապ, ո՛չ Առողջապահության նախարարությունները տեղեկատվություն չեն տրամադրում, անուններ չեն հրապարակում: Կան արցախցիներ, որ իրենց հարազատին, ծանոթին, որ կարծում են, թե տեղափոխվել է, չգիտեն որտեղ փնտրել, հայտնում է Ազատությունը:

Նրանց առողջական վիճակի վերաբերյալ շատ ընդհանուր պատկեր է ներկայացնում առողջապահության նախարարը. «Նրանց առողջական վիճակի հետ կապված այսօրվա կազմակերպչական ողջ աշխատանքները մենք իրականացրել ենք ու շարունակելու ենք իրականացնել՝ ըստ կարիքի: Մարդկանց առողջական բոլոր կարիքները բավարարվում են»:

Ստեփանակերտցիներից շատերին է հետաքրքրում՝ ինչ վիճակում է իրենց յուրահատուկ համաքաղաքացին՝ Ֆրեդը: Սակայն տեղեկություն նրա գտնվելու վայրի մասին Ազատությունը չունի։

Տեղափոխված հայերի հարազատները Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանին պատմել են, որ վերջին ամիսներին այս հայերը գերու կարգավիճակով են պահվել Ստեփանակերտում, հսկողության ներքո, կան նաև ծեծվածներ:

Պարույր Հայրիկյանը փետրվարի 18-ին մեծ հանրահավաք է հրավիրում

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը փետրվարի 18-ին մեծ հանրահավաք է հրավիրում։

Այսօր կառավարության շենքի մոտ Հայրիկյանը հավաք էր կազմակերպել։ Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ գլխավոր հարցը հետեւյալն է՝ Հայաստանում կան բազմաթիվ խնդիրներ, որոնց հիմքում ընկած են իրավախախտումները։

«Օրինակ՝ մեր պաստառներից մեկի վրա գրված է՝ ռազմագերիներ, եւ խաղաղությունը ջնջված է։ Այսինքն՝ այնտեղ, որտեղ կան ռազմագերիներ, խոսել խաղաղության մասին, նշանակում է լավագույն դեպքում լինել անգրագետ։ Եթե մենք իսկապես ձգտում ենք խաղաղության, ապա պետք է լինի բարի կամքի դրսեւորում։ Երբ խոսում են Թրամփի ուղու մասին, ասում են՝ փոխադարձության սկզբունքով։ Եթե փոխադարձության մասին է խոսքը, ապա պետք է նաև ցույց տրվի, թե Ադրբեջանն ու Թուրքիան ինչ ճանապարհներ են բացում։

Այս պայմաններում, երբ դու չունես բաց ճանապարհներ, ավելին, ունես նոր փակված ճանապարհներ, օրինակ, Գորիս-Կապան ճանապարհը, նշանակում է դու զբաղվում ես ինքնախաբեությամբ կամ քեզ դնում ես հիմարի տեղ։ Երբ դու քեզ հիմարի տեղ ես դնում, թշնամու համար շատ հեշտանում է գործը»,-ասաց Հայրիկյանը։

Ակցիայի մասնակիցները նաեւ պաստառ էին բերել կառավարության շենքի մոտ՝ «Ձեռքներդ հեռու եկեղեցուց, Սահմանադրությունից եւ հայ ժողովրդից» գրությամբ։

Պարույր Հայրիկյանն ասաց, որ սա ուղղված էր Հայաստանի իշխանություններին։ Ըստ Հայրիկյանի՝ հանրահավաքով աշխարհին պետք է ցույց տալ, որ այս իշխանությունները հայ ժողովրդին չեն ներկայացնում։

«Ինչ փորձանք ու ձախողում որ կա, դրանք բխում են մի բանից՝ Հայաստանի քաղաքացին իր ճակատագրի տերը չէ։ Իսկ քաղաքացու՝ իր ճակատագրի տեր լինելը կյանքի էլ կոչվում ճիշտ Սահմանադրությամբ»,- նշեց նա։

Ըստ Հայրիկյանի՝ նման իրավիճակներում ազգը պետք է իր ուժերը միավորի։

«Ավելի սարսափելի բան, քան Արցախի ինքնորոշման իրավունքի մերժումն էր, դա միայն մեր թշնամիներն են արել։ Համաշխարհային հանրությունը ստեղծեց Մինսկի խումբը, որովհետեւ ինքնորոշման իրավունքն ուրանալ չէր կարելի։ Բայց այսօր Հայաստանի ճակատագրով զբաղվում է մի մարդ, որն ուրացել է ազգերի ինքնորոշման իրավունքը։ Եթե որեւէ իշխանավոր ուրանում է թեկուզ հեռավոր աֆրիկյան երկրի մարդկանց ինքնորոշման իրավունքը, դա ամենասարսափելի մարդն է»,-նշեց նա։

Ռուսաստանը համաձայն է մասնակցել TRIPP-ին։ Անհապաղ պետք են նոր հիբրիդային սպառնալիքներ

Սյունիք

Արհեստականորեն ստեղծված աշխարհաքաղաքական «հոլոգրամները» Հայաստանի շուրջ փոխվում են մեր աչքերի առաջ. մինչև վերջերս ԵՄ-ն և ԱՄՆ-ն մրցում էին Ռուսաստանի և Իրանի հետ Հարավային Կովկասում, իսկ հիմա ԱՄՆ-ն և Ռուսաստանը Եվրոպային դուրս են մղում տարածաշրջանից և մեկուսացնում Իրանին: Այս փոխակերպումը մարմնավորված է Դոնալդ Թրամփի առաջարկած TRIPР նախագծում:

Միևնույն ժամանակ, ձևավորվում է ևս մեկ «հոլոգրամ», որում Հայաստանը, եվրոպական միջոցների օգնությամբ, կատաղի պայքարում է ինչ-որ «հիբրիդային սպառնալիքների» և «դեզինֆորմացիայի» դեմ: Եվ չնայած իշխանությունները Ռուսաստանին չեն նշում որպես այդ «հիբրիդային սպառնալիքների» աղբյուր, բայց, ինչպես ասում է Սիսակ Գաբրիելյանը, բոլորը գիտեն, որ ում մասին է խոսքը:

Ռուսաստանը հենց սկզբից հստակեցրել է, որ առանց իրեն տարածաշրջանի ապաշրջափակումը և նոր հաղորդակցությունների հաստատումը անհնար է. ռուս սահմանապահները տեղակայված են հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններին, Հայաստանը ԵԱՏՄ Մաքսային միության անդամ է, և, վերջապես, հայկական երկաթուղիները պատկանում են Ռուսաստանին՝ կոնցեսիոն պայմանագրով:

Մինչ ԵՄ-ն բոլ-բոլ միջոցներ է հատկացնում Ռուսաստանի «հիբրիդային» սպառնալիքների դեմ պայքարելու համար, ԱՄՆ-ն ոչմի անգամ չի բացառել Ռուսաստանի հետ տարածաշրջանում համագործակցության հնարավորությունը: Կան կասկածներ, որ փետրվարին Հայաստան և Ադրբեջան կատարելիք իր այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Վենսը կարող է հայտարարել ԱՄՆ-ի պատրաստակամության մասին՝ համագործակցելու Ռուսաստանի հետ որպես երրորդ կողմ:

ՀՀ կառավարությունը մտադիր է խորացնել համագործակցությունը իր ռուս գործընկերների հետ՝ տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու համար: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Մենք գրավոր հարցում ենք ներկայացրել այս հարցի վերաբերյալ: Դեռ չգիտեմ՝ գրավոր պատասխան եղե՞լ է, թե՞ ոչ, բայց ընդհանուր առմամբ մենք տեսնում ենք դրական նշաններ և հույս ունենք, որ գործընթացը կարագանա», – հայտարարել է Փաշինյանը:

Խոսքը վերաբերում է Հայաստանում՝ մինչև Թուրքիայի, Ադրբեջանի և Նախիջևանի սահմանները երկաթուղային հատվածների կառուցմանը:

«Եթե ինչ-ինչ պատճառներով մեր ռուս գործընկերները չցանկանան ներդրումներ կատարել, մենք կվերցնենք այդ հատվածները և ամեն ինչ կանենք ինքներս», – հայտարարեց Փաշինյանը։

Բայց ինչո՞ւ պետք է Ռուսաստանը չցանկանա և հրաժարվի, հաշվի առնելով, որ հինգ տարի առաջ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի իր հայտարարության մեջ, Ռուսաստանը ներառել էր մի կետ, որը նախատեսում էր, որ «Զանգեզուրի» միջանցքը պետք է վերահսկվի Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության (ԱԱԾ) կողմից։

Երևանի հարցումները արագորեն մշակվում են, ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի կողմից Թուրքիա և Ադրբեջան տանող երկաթուղային հատվածների վերանորոգման հարցումը։

«Թրամփի երթուղու» վերաբերյալ, նա ասել է, որ Մոսկվան հաստատում է իր պատրաստակամությունը ուսումնասիրել միանալու տարբերակները՝ հաշվի առնելով «Ռուսական երկաթուղիների» եզակի փորձը։ Սակայն, նախ պետք է ուշադիր ուսումնասիրվեն այս նախաձեռնության իրականացման և շահագործման մանրամասները։

«Մեր առաջարկը Երևանին՝ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ առարկայական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ, մնում է ուժի մեջ», – ասել է Զախարովան։

Այսպիսով, Ռուսաստանը պատրաստ է մասնակցել TRIPP նախագծին, ինչը անմիջապես հարց է առաջացնում. արդյո՞ք սա ևս «հիբրիդային» սպառնալիք է, որի դեմ իշխանությունները պայքարում են եվրոպական միջոցներով։

Մյուս կողմից, Հայաստանի արտաքին գործերի նախարարը վերջերս հայտարարեց, որ Ռուսաստանի և Թուրքիայի TRIPP-ին մասնակցելու հեռանկարներ չի տեսնում։ Այժմ, կարծես, Ռուսաստանը պատրաստ է մասնակցել TRIPP-ին, և եթե ԱՄՆ-ն դեմ չէ, ի՞նչ կասի Հայաստանի կառավարությունը, օրինակ, ռուս-թուրքական մասնակցության մասին։

Ռուսաստանի կողմից նախագծին միանալու անսպասելի քայլը խափանել է ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև ընդդիմության պլանները։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը հայտարարել էր առաջիկա ընտրություններում Հայաստան ընդդիմադիր դաշինքը գլխավորելու մտադրության մասին, վստահ էր, որ Ռուսաստանը չի մասնակցի TRIPP նախագծի իրականացմանը։ Նա այս մասին հայտարարել է հունվարի 29-ին կայացած մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հայտարարությունները՝ նախագծին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ։

«Ո՞վ ասաց, որ Ռուսաստանը կմասնակցի TRIPP նախագծում։ Ընդհակառակը, ԱՄՆ-ն կանի ամեն ինչ, որպեսզի Իրանի հետ լավ հարաբերություններ ունեցող ոչ մի երկիր չմասնակցի այս նախագծում։ Անձամբ ես այսպիսի տպավորություն ունեմ, և հենց այդ պատճառով էլ կասկածում եմ այս նախագծի իրական նպատակներին», – հայտարարեց Քոչարյանը։

Նա, իհարկե, անազնիվ էր, երբ խոսում էր Իրանի և Ռուսաստանի լավ հարաբերությունների մասին. նա հո լավ գիտի, թե որքան ագահորեն է ռուսական «Գազպրոմը» բռնագրավել Քոչարյանի օրոք կառուցված Իրան-Հայաստան գազատարը: Նա նաև անազնիվ է, երբ խոսում է Ռուսաստանի «ազնվության» մասին, որն, իբր, կհրաժարվի մասնակցել ԱՄՆ-ի հակաիրանական նախագծերին։

Միևնույն ժամանակ, Քոչարյանը խոստովանեց, որ «երկու ձեռքով» կողջունի TRIPP նախագիծը, եթե դրան միանան կամ Ռուսաստանը, կամ Չինաստանը: Սա կթեթևացներ Իրանի մտահոգությունները նախագծի վերաբերյալ։

TRIPP-ը հայ-ամերիկյան նախագիծ է Ադրբեջանի և Թուրքիայի համար: Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ հայկական կողմը ընդհանրապես հետաքրքրություն չունի դրա նկատմամբ։

Շատ անհարմար բան է ստացվում. Հայաստանը, «քաղաքավարությունից դրդված», առաջարկ է արել Ռուսաստանին, և Ռուսաստանը ուրախությամբ ընդունել է: Հիմա շտապ պետք է փնտրել նոր հիբրիդային սպառնալիքներ: Թեկուզ ո՞վ ասաց, որ սպառնալիքը Ռուսաստանն է:

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի մի մասնաշենքը պատրաստ է

Օրերս տեղի ունեցավ Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի փոքր մասնաշենքի բացումը։

ՙՙԱյս փուլում արդեն պատրաստ է Կենտրոնի մի հատվածը՝ մասնագիտական սենյակներն ու աշխատանքային օֆիսը, որոնք հիմք են դառնում առաջիկա գործունեության համար։

Արցախից բռնի տեղահանությունից հետո Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի հիմնադիր տնօրեն Վարդան Թադևոսյանը, իր մասնագիտական թիմի հետ միասին, կարևոր և պատասխանատու որոշում կայացրեց՝ կենտրոնը վերաստեղծել արդեն Հայաստանում՝ նույն ոգով, առաքելությամբ և արժեքներով։

Արդեն երրորդ տարին է, ինչ այս ճանապարհը անցնում են համառությամբ ու նվիրվածությամբ՝ փորձելով տարիների փորձը, մարդկային ջերմությունն ու մասնագիտական ծառայությունը նորից վերածել իրականության։ Կենտրոնի բարեկամների, գործընկերների և բարին կամեցողների աջակցության շնորհիվ այսօր արդեն քիչ-քիչ տեսանելի են այդ աշխատանքի արդյունքները։

Յուրաքանչյուր պատրաստված սենյակ, յուրաքանչյուր քայլ խոսում է հավատքի, շարունակականության և ապագայի նկատմամբ վստահության մասին։

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը վերադառնում է՝ ծառայելու, աջակցելու և նորից կանգնելու իր շահառուների կողքին։

Հատուկ շնորհակալություն ենք հայտնում՝ HART – Humanitarian Aid Relief Trust-ին, TX Հիմնադրամին, <<Ադվենտիստական զարգացման և օգնության>> Հայաստանյան գրասենյակին-ADRA-ին, <<Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու>> Հայաստանի կրոնական համայնքին մեզ աջակցելու և այս ծրագիրը կյանքի կոչելու համար”, ասված է Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի Հայտարության մեջ։

Հույսով ենք, որ մոտ ապագայում շինարարական աշխատանքների ավարտից հետո բոլորի կողմից սիրված Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը կվերաբացի դռները իր նոր հասցեյով, ք.Եղվարդ Նար Դոսի փողոց, 44: Կենտրոնի վերաբացմանը անհամբեր սպասում են հատկապես Արցախից տեղահանված առավել խոցելի խմբերի ներկայացուցիչները, այդ թվում Հայկազովի վառելիքի պահեստի պայթյունից տուժած անձինք: Step1.am-ի տվյալներով, նրանցից շատերն այժմ լիարժեք վերականգնողական բուժում չեն ստանում:

Արսեն Աղաջանյան

Իրանը պատրաստ է մտնել ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների մեջ

Իրանը պատրաստ է նորից բանակցել Միացյալ Նահանգների հետ միջուկային ծրագրի շուրջ եւ երբեք չի պլանավորել միջուկային զենք ստեղծել, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին։

Ուրբաթ արտգործնախարար Աբաս Արաղչին Ստամբուլում հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է նորից սկսել միջուկային բանակցությունները Միացյալ Նահանգների հետ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք չի պլանավորել միջուկային զենք ստեղծել»,- ասել է նախարարը։

Ծագումով արցախցի կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանն արժանացել է Էռնստ ֆոն Սիմենսի անվան մրցանակին

Naira G Khachatryan

Հայ կոմպոզիտոր Հովիկ Սարդարյանը, ծնունդով արցախցի, արժանացել է 2026 թվականի Էռնստ ֆոն Սիմենսի կոմպոզիտորական մրցանակի, որը դասական երաժշտության ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է։

Այս մրցանակը, որը հաճախ անվանում են «Երաժշտության Նոբելյան մրցանակ», հիմնադրվել է 1972 թվականին Էռնստ ֆոն Սիմենսի հիմնադրամի կողմից և շնորհվում է այն կոմպոզիտորներին և երաժշտական ​​գործիչներին, ովքեր ակնառու ներդրում են ունեցել ժամանակակից երաժշտության զարգացման գործում։ Գլխավոր մրցանակից բացի, հիմնադրամը աջակցում է երիտասարդ կոմպոզիտորներին և նորարարական երաժշտական ​​նախագծերին ամբողջ աշխարհում։
32-ամյա Հովիկ Սարդարյանը, որը ծնունդով Հադրութից է, Արցախ, առաջին հայն է, ով արժանացել է այս հեղինակավոր միջազգային մրցանակին։ Ժյուրին նշել է նրա նշանակալի ներդրումը ժամանակակից կոմպոզիտորության և եզակի երաժշտական ​​լեզվի՝ միկրոինտոնացիաների և բարդ մեղեդային կառուցվածքների վրա հիմնված պոլիմոնոդիայի զարգացման գործում։

Սարդարյանը նախնական երաժշտական ​​կրթությունը ստացել է Սայաթ-Նովայի անվան Ստեփանակերտի երաժշտական ​​քոլեջում, ապա շարունակել է ուսումը Երևանի պետական ​​կոնսերվատորիայում։ Ավելի ուշ տեղափոխվել է Գերմանիա, որտեղ ապրել, սովորել և աշխատել է գրեթե տասը տարի՝ զարգացնելով իր միջազգային կարիերան։

Նրա կարիերայի կարևորագույն նվաճումներից են Roche Young Commissions ծրագրին մասնակցությունը (2021–2023) և «Իկոնե» ստեղծագործության պրեմիերան՝ Լյուցեռնի փառատոնի ժամանակակից նվագախմբի կատարմամբ։ Նրա նվագախմբային և կամերային երաժշտությունը պարբերաբար կատարվում է ժամանակակից դասական երաժշտության առաջատար փառատոներում։

Պապիկյանի հրամանով ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է

Պաշտպանության Նախարարի հրամանով 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Այս մասին գրել է Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։

«Մենք այլևս որպես հոգևորականներ ազատված ենք մեր պարտականություններից»,– գրել է նա։

Ռուսաստանը խոստովանել է, որ Սիրիայում գործում է Թուրքիայի հետ, ինչպես Արցախում

«Ժամանակակից Սիրիայում սկսում են իրականանալ այն գործընթացները, որոնք մենք վաղուց պլանավորել ենք մեր թուրք գործընկերների հետ։ Ես նկատի ունեմ քրդերի ինտեգրացիան քաղաքական կյանքում, քաղաքական և անվտանգության կառույցներում, ինչպես նաև Սիրիայի Արաբական Հանրապետության բանակում», – թուրքական «Turkiye» թերթին և TGRT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Ինչպես նշել է Լավրովը, Մոսկվան և Անկարան միշտ գտել են ընդհանուր լեզու Սիրիայի հարցում՝ չնայած իրենց մոտեցումների բոլոր նրբերանգներին և տարբերություններին։

«2019-2020 թվականներին տեղի են ունեցել մի քանի գագաթնաժողովներ։ Արդյունքում ձեռք են բերվել համաձայնություններ, այդ թվում՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում քրդական ծրագրերի մասին  կասկածները չեզոքացնելու վերաբերյալ։ Այժմ այդ ծրագրերն արդեն իրականություն են դառնում», – ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։

Ռուսաստանն ու Թուրքիան 2020 թվականին փորձարկեցին իրենց համատեղ «ինտեգրման» ծրագրերը Արցախի բնիկ ժողովուրդների հանդեպ, երբ պատերազմի 44-րդ օրը հանկարծ պարզ դարձավ, որ Արցախում որպես խաղաղապահներ կտեղակայվեն միայն ռուսական, այլ ոչ թե միջազգային զորքեր։

Անմիջապես դրանից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, հայտարարվեց Ակնայում ռուս-թուրքական «մոնիթորինգի կենտրոնի» ստեղծման մասին։ Այս կենտրոնը նախատեսված էր հայկական ուժերի տեղաշարժը հետևելու և օրորոցում ցանկացած դիմադրություն ճնշելու համար։

2023 թվականի սեպտեմբերի վերջին՝ 2024 թվականի գարնանը, երբ ռուսական զորքերը պատրաստվում էին լքել Արցախը, իսկ Ակնայի կենտրոնը փակվում էր, ռուս գեներալն իր թուրք գործընկերոջը զեկուցեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան վերջապես համատեղ հաջողության են հասել և «խաղաղություն հաստատել» Ղարաբաղում։ Խաղաղություն, որտեղ հայերի համար տեղ չկա։

Նմանատիպ գործընթաց այժմ ընթանում է Սիրիայում՝ քրդերի հարցում՝ չկան քրդեր, կա խաղաղություն։

Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում

Օրերս Արցախից Հայաստան տեղափոխված 67-ամյա Սլավիկ Համբարձումյանի հարազատներն այսօր առաջին անգամ հնարավորություն են ունեցել Նուբարաշեի հոգեկան առողջության կենտրոնում տեսակցել նրան: NEWS.am-ի հետ զրույցում նրա ազգականը` Լիլիթ Սարդարյանը պատմեց, որ Սլավիկը տեսակցության ժամանակ հարազատների հետ չի զրուցել, միայն քրոջ անունն է տվել:

«Դժվարությամբ է քայլում, իրեն շատ թույլ է զգում: Բժիշկներն ասել են, որ ավելի վատ էր վիճակը, հիմա դեպի լավն է գնում: Չի խոսում, միայն քրոջ անունն է տվել: Հիշողության խնդիր ունի ինքը, բայց քրոջը ճանաչել է»,-պատմեց Լիլիթ Սարդարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սլավիկ Համբարձումյանը գտնվում է Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոնում. նա հիշողության հետ կապված խնդիր ունի:

Սլավիկի հարազատները մեզ հետ զրույցում նշել էին, որ չեն հավատում, թե նա ցանկանար Արցախից դուրս գալ, քանի որ Արցախի հայաթափման օրերին հրաժարվել էր լքել իր տունը և Հայաստան գալ: :

Վաղվանից ջերմաստիճանը կբարձրանա 7-8 աստիճանով

Վերջին 4-5 օրերին Արարատյան դաշտում նկատվում է սառը օդի լճացում, որն ուղեկցվում է ցածր ջերմային ֆոնով, առանձին հատվածներում նաև մառախուղով։ Հունվարի 31-ի երեկոյան ժամերից Հայաստանին Միջերկրական ծովի շրջաններից մոտենում է հերթական ցիկլոնը, որը մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը ներառյալ։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ մանրամասնելով․

«Հանրապետության առանձին շրջաններում կդիտվեն տեղումներ, հիմնականում ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում նաև կդիտվի քամու ուժգնացում, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Բայց քանի որ այդ ցիկլոնը գալիս է Միջերկրական ծովից, այն հարավ-արևմուտքից իր հետ բերում է տաք օդային հոսանքներ, ինչի արդյունքում վաղը ցերեկային ժամերից սկսած մինչև փետրվարի 3-ը ներառյալ, Հանրապետության ողջ տարածքում, այդ թվում Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանն այս օրերի համեմատ կբարձարանա մոտ 7-ից 8 աստիճանով»։