
Ղարաբաղյան հակամարտությունն ամբողջությամբ հանվել է միջազգային օրակարգից, հայտարարեց Ալիևը։ Նա պնդում է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու լիազորություն ունեցող Մինսկի խումբը պատմության աղբանոցն է նետվել։ Ալիևն նաև հայտնեց, որ մոտ 70,000 մարդ իբր վերաբնակեցվել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում։
Նիկոլ Փաշինյանը ևս պնդում է, որ Ղարաբաղի հարցը փակված է, և որ «Ղարաբաղյան շարժման» շարունակությունը նոր պատերազմի վտանգ է ստեղծում։
Սակայն այդուհանդերձ չկա մի օր, որ Փաշինյանը, Ալիևը և Թրամփը չխոսեն Արցախի և արցախցիների մասին։
Թրամփը փորձում է հայ-ադրբեջանական հակամարտության «կարգավորումը» ներկայացնել որպես իր “մեթոդների” հաջողության ապացույց. բավական էր միայն 200 տոկոս մաքսատուրքեր սահմանել, և Ալիևն ու Փաշինյանը վազելով համաձայնեցին հաշտվել, պնդեց Թրամփը։ Փաստորեն, «Խաղաղությունը» որևէ իրավական կամ այլ հիմք չունի, բացի շանտաժից։
Ալիևը անհաջող փորձում է իրավական հիմքեր գտնել Արցախի և Նախիջևանի Ադրբեջանին “պատկանելու” համար, բայց “գտնել է” միայն ռազմական լուծում՝ Թուրքիայի, Ռուսաստանի, Իսրայելի և Պակիստանի օգնությամբ։ Նա նաև չի կարողանում գտնել նախկին ղարաբաղցի ադրբեջանցիների, որոնք պատրաստ են «վերադառնալ»։ Նա հազարավոր զինվորների և ոստիկանների է “վերաբնակեցրել” ցեղասպանության և տեղահանության ենթարկված հայերի տներում, ներկայացնելով նրանց որպես ղարաբաղցի վերաբնակիչներ։
Փաշինյանը նույնպես չի կարողանում իրավական հիմքեր գտնել Արցախից հրաժարվելու և դրանով իսկ Հայաստանի սահմանադրական կարգը խախտելու համար (Սահմանադրության մեջ նշված Հայաստանի անկախության հռչակագրում հստակ նշված է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին)։ Նա մեջբերում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը և խորհրդային սահմանները, բայց այդ սահմանները ակնհայտ քանդվում են ուկրաինական հակամարտության ժամանակ։
«Հալվա» ասելը բերանդ քաղցր չի դարձնում։ Եթե ամեն օր ասեք, որ Ղարաբաղի հարցը փակ է, այն միայն ավելի հաճախ և համառորեն կհիշեցնի իր մասին։