
«Ադրբեջանին ուղղակի ամերիկյան օգնության տրամադրումը արգելող 907-րդ լրացմանը պահպանումը հարվածում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացին»,-Washington Times թերթի հետ զրույցում նշել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։
«Թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի կառավարությունները դժվարին պայքար են մղում խաղաղությունն ամրապնդելու համար։ Դրա հետ մեկտեղ, սակայն, ամերիկյան Կոնգրեսում ոմանք բացարձակապես ավելորդ և բաժանարար գծեր ստեղծող օրենսդրական ակտեր են ներկայացնում»,- նշել է Հաջիևը։
Ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը վերաբերում է «Անվտանգության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության մասին» օրենքի նախագծին, որը մի շարք դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականներ շրջանառության մեջ էին դրել դեկտեմբերի 19-ին։ Այս նախագծով նախատեսվում է արգելափակել ամերիկյան ուղղակի օժանդակության տրամադրումն Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնական Բաքուն դուրս չի բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքներից, ազատ չի արձակել բոլոր հայ ռազմագերիներին և չի ճանաչել արցախահայության՝ հայրենիք վերադարձի իրավունքը։
907-րդ բանաձևը չի չեղարկվել, չնայած 2025-ի օգոստոսի 8-ին Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպմանը խոսվել է դրա անհրաժեշտության մասին։ Հիշեցնենք, որ այս բանաձևն ընդունվել է 1992-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա էր իրականացնում Արցախի նկատմամբ։ Բանաձևում նշվում է, որ ԱՄՆ օգնությունը “չի կարող տրամադրվել Ադրբեջանի կառավարությանը, մինչև նախագահը չորոշի և Կոնգրեսին չզեկուցի, որ Ադրբեջանի կառավարությունը շոշափելի քայլեր է ձեռնարկում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր շրջափակումները և ուժի այլ հարձակողական կիրառումները դադարեցնելու համար”։
ԱՄՆ-ը փաստորեն մինչ օրս չի համարում, որ Ադրբեջանը բավարար քայլեր է կատարել “Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր շրջափակումները և ուժի այլ հարձակողական կիրառումները դադարեցնելու համար”, և ըստ այդմ 907-րդ բանաձևը շարունակում է գործել։
Հիմա Բաքուն փաստորեն ուզում է, որ Հայաստանը դիմի ԱՄՆ-ին և “հավաստիացնի”, որ շրջափակումները և հարձակումները դադարեցվաշծ են։ Բաքուն ուզում է, որ Հայաստանը սեփական ձեռքով կտրի միջազգային ամուր երաշխիքների հերթական թելը, ինչպես դա եղավ Մինսկի խմբի հետ։