Չարենցավանի հինգ բնակիչներ բերման են ենթարկվել Փաշինյանի այցից առաջ

ՄԱՄՈւԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹՅՈւՆ
Այսօր՝ հունվարի 18-ին, Նիկոլ Փաշինյանի Չարենցավան նախատեսվող այցից առաջ, Չարենցավանի հինգ բնակիչներ՝ Գևորգ Հակոբյանը, Գագիկ Գաբրիելյանը, Ռուբեն Մամուլյանը, Ջիվան Ղալեչյանը և Մասիս Բաբախանյանը, առավոտյան ժամը 09:00–10:00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության կողմից ապօրինաբար բերման են ենթարկվել։
Նշված քաղաքացիները պատրաստվում էին իրականացնել խաղաղ քաղաքացիական ակցիա եկեղեցու բակում, որտեղ Նիկոլ Փաշինյանը նախատեսում էր մասնակցել կեղծ «պատարագի»։
Ակցիան ուղղված էր նիկոլական վարչակարգի հետևողական հակաեկեղեցական քաղաքականության, ինչպես նաև Չարենցավանում անձնագրային բաժնի փակման որոշման դեմ, որը հերթական հարվածն է համայնքի բնակիչների իրավունքներին և սոցիալական անվտանգությանը։
Սակայն Սահմանադրությամբ երաշխավորված հավաքների և խոսքի ազատության իրացման փոխարեն, առավոտյան ժամերին ակցիայի կազմակերպիչներին բառի ուղիղ իմաստով առևանգել են իրենց տների բակերից։ Վեց ժամ շարունակ նրանց ընտանիքները որևէ տեղեկություն չեն ունեցել նրանց գտնվելու վայրի մասին։ Այս փաստը ոչ միայն իրավական կոպիտ խախտում է, այլև բացահայտ վկայում է այն մասին, որ Հայաստանում աստիճանաբար արմատավորվում են բռնապետական կառավարման մեթոդներ, որոնք բնորոշ են ավտորիտար ռեժիմներին։
Ավելի ուշ պարզվել է, որ ոստիկանությունը՝ ապօրինի և անհիմն կասկածների պատրվակով, երեք քաղաքացիների՝ Գևորգ Հակոբյանին, Գագիկ Գաբրիելյանին և Ռուբեն Մամուլյանին (լուսանկարում պատկերված անձինք), «զենք, զինամթերք և թմրանյութեր կրելու կասկածանքով» տեղափոխել է Հրազդան՝ Կոտայքի մարզային քրեական հետախուզության վարչություն, իսկ մյուս երկուսին՝ Ջիվան Ղալեչյանին և Մասիս Բաբախանյանին, պահել են Չարենցավանի ոստիկանության բաժնում։
Հետագայում պարզվեց, որ Գագիկ Գաբրիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածով՝ «ատելության խոսքի տարածում» մեղադրանքով, ընդամենը այն պատճառով, որ նրա մոտ հայտնաբերվել են Նիկոլ Փաշինյանի լուսանկարով թռուցիկներ։ Այս հանգամանքը հերթական անգամ ապացուցում է, որ նիկոլական իշխանությունը «ատելության խոսքի» իրավական ձևակերպումը վերածել է քաղաքական հետապնդման և հաշվեհարդարի գործիքի՝ լռեցնելու ռեժինի քննադատներին։
Նշված հինգ քաղաքացիներն այս պահին գտնվում են ազատության մեջ, սակայն տեղի ունեցածը չի կարող և չպետք է մոռացության մատնվի։
Մենք խստորեն դատապարտում ենք Նիկոլ Փաշինյանի ղեկավարած՝ փոքրիկ բռնապետի տրամաբանությամբ գործող ռեժիմի այս բացահայտ ապօրինի, քաղաքականապես մոտիվացված և բռնաճնշիչ գործողությունները:
Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն ձևավորում է անձնակենտրոն իշխանական համակարգ, որը հիմնված է վախի, ճնշումների, ընտրովի արդարադատության և իրավապահ մարմինների լիակատար քաղաքական ենթարկման վրա։ Այսօր Հայաստանում պետական բոլոր կառույցները կենտրոնացված են մեկ անձի ձեռքում և ծառայում են ոչ թե հանրային շահին, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանմանը։
Դատապարտելով ռեժիմի անօրինական գործողությունները` մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Չարենցավանի բնակիչներին:
Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն
18 հունվարի, 2026 թվական, Երևան

Գերի Լյուդվիգ Մկրտչյանի հետ կապված նամակ է ուղարկվել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկին

Sputnik. Արգենտինայում գործող SOAR (Հայ որբերի օգնության ընկերություն) կազմակերպությունը 2020 թվականից ադրբեջանական բանտում պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի հետ կապված նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրկին:
«SOAR-ի, տիկին Հրանուշ Շահբազյանի (Մկրտչյանի կինը – խմբ.) և անձամբ իմ՝ պարոն Լյուդվիգ Մկրտչյանի օրինական ներկայացուցչի անունից մեր խորը մտահոգությունն ենք հայտնում Բաքվում նրա շարունակական կալանքի վերաբերյալ, որը տևում է արդեն ավելի քան հինգ տարի»,-ասվում է SOAR-ի ղեկավար Լուսիանա Մինասյանի նամակում, որը հրապարակվել է «X» սոցիալական ցանցի իր էջում:
Նամակում նշվում է, որ Մկրտչյանին երկարատև կալանքի տակ պահելը, պատշաճ իրավական ընթացակարգի բացակայությունը և ընտանիքից բաժանելը մարդու իրավունքների միջազգային իրավունքի լուրջ խախտումներ են:
«Մկրտչյանը մարտական գործողությունների մասնակից էր և ըստ Ժնևյան կոնվենցիաների և դրանց կից լրացուցիչ արձանագրությունների՝ պետք է ազատ արձակվեր 2020 թվականի նոյեմբերին հրադադարի մասին եռակողմ համաձայնագրի կնքումից հետո։ Նրա հետագա բանտարկությունը միջազգային իրավական պարտավորությունների ակնհայտ խախտում է», – հայտարարում է SOAR-ը։
Կազմակերպության տեսանկյունից՝ կարևոր է այս գործը դիտարկել ավելի լայն միջազգային համատեքստում: Ընթացիկ զարգացումները ցույց են տալիս, որ ոչ մի քաղաքական գործընթաց վստահելի չէ, քանի դեռ գերության մեջ են մնում բանտարկյալներ, ապօրինի ձերբակալված քաղաքացիական անձինք:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը չի կարող ավարտված համարվել, քանի դեռ հայ մարդիկ բանտարկության մեջ են։ Խաղաղության գործընթացը կավարտվի միայն այն ժամանակ, երբ վերջին հայ կալանավորը տուն վերադառնա։ Կոչ ենք անում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին՝ անհապաղ ուշադրություն դարձնել այս գործին և ակտիվացնել հիմնարար իրավունքների պաշտպանությունն ապահովելու իրենց ջանքերը», – ասվում է նամակում։
Ավելի վաղ Լուսիանա Մինասյանը ներկայացրել է գերեվարված Վիգեն Էուլջեքչյանի շահերը, ով երեք այլ հայերի հետ միասին ազատ էր արձակվել հունվարի 14-ին:
Հիշեցնենք, որ հայ զինծառայողներ Լյուդվիգ Մկրտչյանը և Ալյոշա Խոսրովյանը գերեվարվել են 2020 թվականի հոկտեմբերի վերջին։ Ադրբեջանի դատախազությունը նրանց մեղադրանքներ է ներկայացրել «ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցի գերիներին խոշտանգելու, ինչպես նաև մի շարք այլ հանցագործություններ կատարելու համար»: Հայ գերիները հերքել են այդ մեղադրանքները և չեն ընդունել իրենց մեղքը։ 2021 թվականի օգոստոսին նրանք դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։

«Խաղաղության խորհուրդ» ՄԱԿ-ի փոխարեն. Թրամփը պահանջում է 1 միլիարդ դոլար «անդամավճար»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է պահանջել երկրներից վճարել 1 միլիարդ դոլար վճար իր կողմից ստեղծվող «Խաղաղության խորհրդում» տեղի համար, հաղորդել է Bloomberg-ը շաբաթ օրը՝ հունվարի 18-ին՝ հղում անելով նախագծի կանոնադրությանը։

Սպիտակ տունը հերքել է այս տեղեկատվությունը, այն անվանելով «մոլորեցնող»։ X սոցիալական մեդիա հարթակում հրապարակված հայտարարության մեջ ընդգծվել է, որ «Խաղաղության խորհրդում» անդամակցության համար նվազագույն վճար չկա։ Նշվում է, որ ծրագիրը գործընկեր պետություններին պարզապես մշտական ​​անդամակցություն է առաջարկում՝ պայմանով, որ նրանք պարտավորվեն խաղաղության, անվտանգության և բարգավաճման հարցում։

Bloomberg-ի տվյալներով՝ Թրամփը, ենթադրաբար, կդառնա նոր միջազգային մարմնի առաջին նախագահը։ «Խաղաղության խորհրդում» անդամակցությունը առաջարկվում է սահմանափակել երեք տարով, սակայն նախագահը կկարողանա երկարաձգել այս մանդատը։ Reuters-ը հայտնել է, որ չի կարողացել անկախ կերպով հաստատել Bloomberg-ի հաղորդագրության մեջ նշված տեղեկատվությունը։

Հունվարի 15-ին Թրամփը հայտարարել է «Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին, որը կհսկի Գազայի հատվածի վերակառուցումը։ Այս կառույցի ստեղծումը Թրամփի՝ Գազայի հատվածի համար խաղաղության ծրագրի մի մասն է՝ միջազգային ուժերի տեղակայման հետ մեկտեղ։ Նա նաև հայտարարել է, որ նմանատիպ խորհուրդ կարող է ստեղծվել Ուկրաինայի և այլ հակամարտությունների համար։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Թրամփը Խորհուրդ է հրավիրել Թուրքիայի և Եգիպտոսի նախագահներ Էրդողանին և Աս-Սիսիին։

Ցուցահանդեսը բաց է․ մեկնարկել է «ՄԵՆՔ ԿԱՆՔ» մշակութային միջոցառումը

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպության և «ՄՈՒՆՔ» տեխնոդպրոցի նախաձեռնությամբ այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «ՄԵՆՔ ԿԱՆՔ» խորագրով մեծ մշակութային միջոցառումը։

Ժամը 12:00-ից այցելությունների համար բացվել է արցախյան մոտիվներով ցուցահանդեսը, որտեղ ներկայացվում են բռնատեղահանումից հետո իրենց գործունեությունը ՀՀ-ում վերսկսած արցախյան ընկերությունների աշխատանքները, ինչպես նաև մշակութային կոլեկտիվների ստեղծագործական ներկայացումները։ Ժամը 18։00-ին նախատեսված է շքեղ համերգ՝ Արցախի համույթների, ինչպես նաև հատուկ հյուրերի մասնակցությամբ։

Միջոցառումն ունի բացառապես մշակութային և հասարակական բնույթ և նպատակ ունի պահպանել, ներկայացնել ու փոխանցել արցախյան մշակութային ժառանգությունը, նշում են կազմակերպիչները։

Ցուցահանդեսին մասնակցող արցախցիները step1.am-ի հետ զրույցում ասացին, որ թեեւ բռնի տեղահանումից հետո մեծ դժվարություններ են կրել, սակայն վերսկսել են իրենց աշխատանքը Հայաստանում։ Ցուցահանդեսին ներկայացված են ձեռներեցությամբ զբաղվող տարբեր ընկերություններ ու անհատներ, ինչպես նաեւ արվեստագետներ ու ձեռքի աշխատանքով զբաղվող անձինք։

Միջոցառման կազմակերպիչներից Արտակ Մկրտչյանի խոսքով՝ փորձում են այսպիսով ապահովել Արցախի մշակույթի ու բարբառի պահպանությունը։

«Մենք չենք ուզում, որ Արցախը դառնա Նախիջեւան, այսօր Նախիջեւանում չունենք պահպանված հայկական որեւէ բան, բայց Արցախում դեռ կա։ Մենք պետք է լինենք պահանջատեր ու ասենք, որ մեր մշակույթը թողել ենք Արցախում, որն այսօր թշնամու կողմից ոչնչացվում է։ Մենք պետք է աշխարհին ցույց տանք, որ մենք կանք եւ շարունակում ենք մեր պայքարը, Արցախը հայկական է, անկախ նրանից, որ այսօր այն գերեվարված է»,- ասաց Արտակ Մկրտչյանը։

TRIPP․ Ինչ է թաքնված հայ-ամերիկյան հայտարարության տողատակերում

5000 եւ ավելի կիլոմետր շառավղով բնակվող ժողովուրդները դեռ կիմանան, թե ինչ դեր է ունեցել այս լեռն իրենց ճակատագրում

Հունվարի 14-ին Վաշինգտոնում ընդունված՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը հիշեցնում է լայն սպառման ապրանքների առքուվաճառքով զբաղվող կրպակավարների բանավոր բազար, որի կողմերը փորձում են իրար սիրաշահելով թաքցնել իրական մտադրությունները: Ընդ որում, անհատ ձեռներեցների մոտ դա հաստատ ավելի պատկառելի տեսք կունենար, քան ստացվել է ՀՀ-ԱՄՆ այս հայտարարության մեջ։

Արժե ուշադրություն դարձնել մի քանի հանգամանքի վրա։ Նախ, հայտարարության մեջ պարբերաբար շեշտվում է «Ադրբեջանի հիմնական մաս․․․ իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն» արտահայտությունը։ Հայ-ամերիկյան հայտարարությունը ստորագրած ՀՀ եւ ԱՄՆ արտգործնախարարները կարո՞ղ են ցույց տալ մի փաստաթուղթ, ըստ որի Նախիջեւանի ԻՀ այսպես կոչված ադրբեջանի մասն է։ Փոխարենը, կա միջազգային փաստաթուղթ, որում գրված է, որ Նախիջեւանը հայկական ինքնավարություն է՝ ժամանակավորապես Բաքվի խնամակալության (պրոտեկտորատ) ներքո։ Գուցե կան գաղտնի արձանագրություննե՞ր․ այդ դեպքում թող հրապարակեն դրանք։ Միեւնույն ժամանակ, ՀՀ դրածո իշխանության հայտարարություններին հղում անելն ԱՄՆ-ին զավեշտալի դրության մեջ կդներ։

Հիշեցնենք, որ Նախիջեւանը Բաքվի խնամակալության ներքո է հայտնվել Հայաստանի Հանրապետության ռուս-թուրքական օկուպացիայի եւ ՀՀ տարածքների գերակշիռ մասը Մոսկվայի կողմից թուրքերին նվիրաբերելու արդյունքում, Կարսի պայմանագրով։ ԱՄՆ-ն փորձում է լեգիտիմացնե՞լ ցեղասպանության ռուս-թուրքական այս ակտը։

Հայ-ամերիկյան հայտարարության մեջ արժե ուշադրություն դարձնել մեկ այլ հանգամանքի վրա․ այսպես կոչված «Թրամփի ճանապարհի» անհրաժեշտությունը հիմնավորվում է «խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի» անհրաժեշտությամբ։ 2020-ի նոյեմբերի 9-ի «եռակողմ հայտարարության» հեղինակն ու ստորագրողները նույնպես Արցախի ցեղասպանությունն ու ՀՀ տարածքի օկուպացիան «հիմնավորում» էին խաղաղության ինստիտուցիոնալացման ու հաղորդակցությունների բացման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ ԱՄՆ նախ Երեւանում իր դեսպանուհու բերանով, ապա 2023-ի սեպտեմբերի 17-ի Ստամբուլի գաղտնաժողովում եւ սեպտեմբերի 21-ի ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում իր բարձր հովանին հայտնեց Արցախի ցեղասպանության ռուս-թուրքական գործողությանը։

Հիմա ԱՄՆ Հայաստանի հետ ստորագրում է իր եռակողմ հայտարարությունը։ Այո, եռակողմ․ հայտարարության մեջ պարզ նշված է, որ ԱՄՆ կարող է ՀՀ հարավով անցնելիք հաղորդակցությունների իր բաժնեմասը փոխանցել երրորդ կողմի։ Երրորդի էլ, չորրորդի էլ։ Սա փաստացի ՀՀ տարածքի օկուպացիայի «ինստիտուցիոնալիզացիայի» մասին է, եւ դա երեւում է թեկուզ նրանից, որ հայտարարության մեջ տեղի-անտեղի, ամեն պարբերության մեջ նշվում է «ՀՀ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության» մասին։ Ի՞նչ կարիք կա, եթե խոսքը պարզապես հաղորդակցությունների ստեղծման մասին է։ Առավել եւս, որ ինչպես երեւում է նույն այդ հայտարարության բովանդակությունից, ԱՄՆ առանձնապես տնտեսական շահ չունի այս նախագծից։ Խնդիրը գուցե ա՞յն է, ՀՀ տարածքի ռուս-թուրքական օկուպացիան ավելի քաղաքակիրթ փաթեթավորում ապահովելու կարիք է առաջացել։

Ռուսաստանի եւ Եվրամիության արձագանքները հայ-ամերիկյան հայտարարությանը քաղաքական երեսպաշտության գագաթնակետն են։ Արցախի ցեղասպանության կազմակերպիչը եւ օպերատիվ իրագործողը՝ Ռուսաստանը հիշեցնում է իր ինչ որ իրավունքների մասին, իսկ Մինսկի խմբի լուծարման ամոթալի ակտի կողմ Եվրամիությունը իր բաժինն է պահանջում։ Թուրքերի մասին չարժե էլ խոսել՝ նրանք հետեւում են, թե ինչ փաթեթավորմամբ է իրենց տրվելու ՀՀ տարածքը։

Սա հիշեցնում է դասական դիակապտություն ՀՀ տարածքի հանդեպ։ Հայաստանի հարցում ԱՄՆ-Ռուսաստան-Եվրամիություն կոնսենսուսը հաստատված է, իսկ նրանց «հակասությունները» պայմանավորված են նրանով, թե ով ինչ կպլոկի ՀՀ տարածքի օկուպացիայից։ Հակառակ պարագային, հարաբերությունները պարզելու հզոր միջոց կլիներ ՀՀ իրավունքների խնդրի, ներառյալ Արցախի ու Նախիջեւանի խնդիրները բարձրաձայնումը եւ դրանք բանակցությունների անկյունաքար դարձնելը։ Օրինակ, նույն Եվրոպան, որը տրտնջում է, որ ԱՄՆ Ռուսաստանի միջոցով հարվածներ է հասցնում իրեն, միայն Արցախի խնդիրն ակտուալ օրակարգ վերադարձնելով կարող էր փաստի առջեւ կանգնեցնել ԱՄՆ-ին ու Ռուսաստանին։ Նույնը կարող էր անել ԱՄՆ-ը։

Պետք է նշել, որ միակողմանի իրավիճակներ չեն լինում, եթե առկա են քաղաքական միտք ու կամք՝ նկատելու եւ իրագործելու իրավիճակից բխող հնարավորությունները։ Միեւնույն ժամանակ, ՀՀ ակտուալ քաղաքական ու մեդիա դաշտը զավթած միջոցներն ամեն ինչ անում են այդ հնարավորությունները վերացնելու ուղղությամբ։

ԱՄՆ հերթական անգամ փորձում է փրկել Ռուսաստանին ու Թուրքիային։ Միաժամանակ, ԱՄՆ պատրաստում է իր աստիճանական նահանջը տարածաշրջաններից եւ համաշխարհային առաջատարի դերի դադարեցումը։ Սա առանձին դիտարկման նյութ է։

Արամ Եգանյան

Գրենլանդիայում դանիական բանակը կենտրոնացած է Ռուսաստանի, այլ ոչ թե ԱՄՆ կողմից ռազմական սպառնալիքներին հակազդելու վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ԱՄՆ ապրանքներ արտահանող մի քանի երկրների համար մաքսատուրքերի նոր փուլի մասին, որը ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ից։

Թրամփը հայտարարել է, որ այս մաքսատուրքերը ուժի մեջ կմնան մինչև «Միացյալ Նահանգների կողմից Գրենլանդիայի լիարժեք և ամբողջական ձեռքբերման համաձայնագրի կնքումը»։

Իր TruthSocial սոցիալական ցանցի էջում ԱՄՆ նախագահը գրել է, որ փետրվարի 1-ից սկսած Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների և Ֆինլանդիայի նման երկրներից կգանձվի 10% մաքսատուրք «ԱՄՆ առաքվող բոլոր ապրանքների» համար։

ԱՄՆ նախագահը հավելել է, որ հունիսի 1-ից մաքսատուրքը կբարձրացվի մինչև 25%։

«Չինաստանը և Ռուսաստանը ցանկանում են տիրանակ Գրենլանդիային, և Դանիան ոչինչ չի կարող անել դրա հետ կապված։ Նրանք ներկայումս ունեն երկու շան սահնակ՝ իրենց պաշտպանելու համար, որոնցից մեկը նոր է։ Միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, կարող է խաղալ այս դերը հաջողությամբ։ Ոչ ոք չի դիպչի այս սրբազան հողակտորին, հատկապես, երբ վտանգված է Միացյալ Նահանգների և աշխարհի ազգային անվտանգությունը», – շարունակել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Դանիան, Նորվեգիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Նիդեռլանդները և Ֆինլանդիան «անհայտ նպատակներով են եկել Գրենլանդիա» և խաղում են «շատ վտանգավոր խաղ»։

«Պետք է ձեռնարկվեն խիստ միջոցներ՝ այս պոտենցիալ վտանգավոր իրավիճակը արագ և անվիճելիորեն լուծելու համար», – հավելել է Թրամփը։

Գրենլանդիայում դանիական բանակը կենտրոնացած է Ռուսաստանի հնարավոր ակտիվությանը հակազդելու, այլ ոչ թե Միացյալ Նահանգների կողմից ռազմական սպառնալիքներից պաշտպանվելու վրա, Reuters-ին տված հարցազրույցում հայտարարել է Գրենլանդիայում Դանիայի Արկտիկական հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Սյորեն Անդերսենը։

Ամանորյա նվերներ Ք․ Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի փոքրիկ շահառուներին

Ադվենտիստական զարգացման եւ օգնության կազմակերպությունը Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնային այցելության ծրագրի շրջանակներում ընդգրկված շահառու երեխաներին նվիրաբերեց ամանորյա նվերներ:

ՙՙՆվերները նախատեսված էին տարիքային շեմի շրջանակում գտնվող երեխաների համար, և մեր տնային այցերի պատասխանատու թիմի կողմից, այցելությունների ընթացքում, անձամբ փոխանցվեցին յուրաքանչյուր երեխայի՝ ապահովելով ջերմ, հոգատար և անհատական մոտեցում։

Այս նախաձեռնությունը ոչ միայն պարգևեց տոնական տրամադրություն և ուրախություն, այլև դարձավ ուշադրության, սիրո և աջակցության գեղեցիկ դրսևորում՝ հիշեցնելով երեխաներին, որ նրանք մշտապես գտնվում են հոգատար մարդկանց ուշադրության կենտրոնում։

Շնորհակալ ենք ԱԶՕԿ- “Ադվենտիստական զարգացման եւ օգնության ” կազմակերպությանը՝ մեր շահառու երեխաների ամանորյա օրերը լուսավոր ու հիշարժան դարձնելու համար։՚՚

Հիշեցնենք, որ 2023 թվականի տեղահանությունից որոշ ժամանակ անց Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի թիմը հիմնադրեց համանուն հասարակական կազմակերպություն ու վերսկսեց իր գործունեությունը Հայաստանի տարածքում։ Կենտրոնի մասնագետները իրականացնում է տնային այցեր՝ շահառուներին տրամադրելով բժշկական պարագաներ և անհրաժեշտ խորհրդատվություն:

Արսեն Աղաջանյան

Արցախցի արհեստավորների տոնավաճառ՝ Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի և «Արցախի երեխաներ» համույթի ներկայացումների շրջանակներում

«ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության կողմից վերստեղծված Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի ներկայացումների և «Արցախի բալիկներ» համույթի համերգի շրջանակներում՝ Երևանում կանցկացվի արցախյան արհեստների ցուցահանդես-տոնավաճառ։

Հունվարի 20-ին և 23-ին, փետրվարի 6-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական ​​տիկնիկային թատրոն (Սայաթ-Նովա փողոց, 4):

Ցուցահանդեսը և տոնավաճառը բաց են միայն Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի և «Արցախի բալիկներ» անսամբլի ներկայացումների ժամանակ՝ տիկնիկային թատրոնի նախասրահում։

Ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառը կհավաքի արցախցի ավելի քան 30 արհեստավորի, որոնցից յուրաքանչյուրը իր աշխատանքի միջոցով կիսվում է արցախյան պատմությամբ, հիշողությամբ և հոգով։

Տոնավաճառում կներկայացվեն.
• ձեռագործ զարդեր և հուշանվերներ
• արվեստ և արհեստներ
• արցախյան եզակի արտադրանք, որը ստեղծվել է սիրով՝ պահպանելով ժողովրդի ավանդույթները, հիշողությունը և պատմությունը։

Ցուցահանդեսի աշխատանքային ժամեր

Ցուցահանդեսը և վաճառքը բացվում են յուրաքանչյուր միջոցառումից 1.5 ժամ առաջ և տևում են մինչև դրա ավարտը թատրոնի նախասրահում։

Երեկոյան ծրագիր.
Հունվարի 20 — «Արցախյան սիրո հեքիաթը» ներկայացում, Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոն

Ցուցահանդեսի մեկնարկը՝ ժամը 18:00-ին

Հունվարի 23 — «Արցախի կանչը» համերգ

«Արցախի բալիքներ» համույթ

Ցուցահանդեսի մեկնարկը՝ ժամը 17:30-ին

Փետրվարի 6 — «Արցախյան սիրո հեքիաթը» ներկայացում

Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոն

Ցուցահանդեսի մեկնարկը՝ ժամը 18:00-ին

Ցուցահանդեսը կազմակերպվել են «Քիրս» մշակութային և կրթական հիմնադրամի կողմից՝ «ԴԻԱԼՈԳ» ՀԿ-ի աջակցությամբ և նպատակ ունեն աջակցել արցախցի արվեստագետներին, խթանել նրանց աշխատանքը և պահպանել մշակութային ժառանգությունը։

Թրամփը Խամենեիի մասին. Շնորհակալություն 800 մարդու չկախելու համար, բայց նոր կառավարություն է պետք

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանում նոր ղեկավարությում փնտրել և մեղադրել է այաթոլլահ Ալի Խամենեիին ցուցարարների մահվան և «երկրի կործանման» համար։ Այս մասին Օվալաձև աշխատասենյակի ղեկավարը հայտարարել է Politico-ին տված հարցազրույցում։

«Ժամանակն է Իրանում նոր ղեկավարություն փնտրել», – ասել է Թրամփը հրատարակության լրագրողների հետ զրույցում։ Ըստ ամերիկացի նախագահի՝ Խամենեիի 37-ամյա կառավարումը աղետ է եղել երկրի համար։

«Այս մարդը հիվանդ է և պետք է ճիշտ ղեկավարի իր երկիրը և դադարեցնի մարդկանց սպանելը։ Իր վատ ղեկավարության պատճառով նրա երկիրը աշխարհի ամենավատ վայրն է ապրելու համար», – ասել է ԱՄՆ նախագահը։

«Նա (Խամենեին – խմբ.) իր կյանքում կայացրել է լավագույն որոշումը՝ երկու օր առաջ 800-ից ավելի մարդկանց կախաղան չհանելն էր», – շաբաթ օրը ասել է Թրամփը՝ պատասխանելով Իրանում ԱՄՆ-ի հնարավոր ռազմական գործողության մասշտաբի մասին հարցին։

Շաբաթ օրը Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր ելույթում խոստովանեց, որ վերջին բողոքի ցույցերի ժամանակ հազարավոր մարդիկ են զոհվել և մեղադրեց Միացյալ Նահանգներին նրանց մահվան համար։

«Իսրայելի և Միացյալ Նահանգների հետ կապված անձինք հսկայական վնաս են պատճառել և սպանել են մի քանի հազար մարդու», – ասաց նա՝ հավելելով, որ ցուցարարները հրդեհել են շենքեր, ոչնչացրել հանրային սեփականություն և ավերածություններ են առաջացրել։

«Մենք ԱՄՆ նախագահին համարում ենք հանցագործ [պատասխանատու] զոհերի, վնասի և Իրանի ժողովրդի դեմ ուղղված զրպարտության համար», – ասաց Խամենեին՝ ըստ իրանական պետական ​​լրատվամիջոցների։

Հայաստանը չի տվել գնահատական Բաքվում հայության ցեղասպանության փաստին

Բաքուն դարձավ վախի ու սարսափի քաղաք արդեն 1988 թվականի փետրվարի 26-29 -ից հետո, երբ խորհրդային բազմազգ Սումգայիթում կազմակերպեցին և իրականացրին հայության ցեղասպանություն։
Հայակերտ Բաքուն հայությունից վերջնական դատարկվեց մինչև 1990 թվականի հունվարի 19-ը։ Հունվարի 11-19֊ը համակարգված հայասպանության գագաթնակետն էր։
Գեներալ Լեբեդը կվկայի, որ գրանցվել է նաև մարդակերություն։
Մինչ օրս հայկական երրորդ հանրապետությունը պետական մակարդակով չի տվել գնահատական Բաքվում հայության ցեղասպանության փաստին։
Դա նախ և առաջ պետության մակարդակով դիվանագիտական ու ռազմաքաղաքական հրաժարում է կանխելու, կանխարգելելու հայության դեմ տարվող ցեղասպանության ընթացքը։ Ողջ 2020-2023 թվականները դրա վկայությունն են։
Այսօր մենք բարձրացանք Ծիծեռնակաբերդի բարձունք, այցելեցինք երեք խաչքարերին։

Դեսպանի ասելուց հետո Երևանում խափանվեց իրանցիների երթը, կան ձերբակալվածներ

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց ընթացող հավաքի անվտանգությունը ՆԳՆ ոստիկանության կողմից պատշաճ ապահովվում է։

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է երթի իրականացումը. «Ինչպես նաև հավաքի ընթացքում 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել են վարչական ձերբակալման։

ՆԳՆ ոստիկանությունը շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝ ապահովելով հասարակական կարգը»։

Հիշեցնենք, որ Հայաստանում Իրանի դեսպանը վերջերս մեղադրեց Երևանին «հակաիրանական գործունեության կենտրոն» դառնալու մեջ՝ հղում անելով Երևանում Իրանի կառավարության դեմ ուղղված կարգախոսներով հանրահավաքներին։ Հայաստանի կառավարությունը հայտարարեց, որ չարամիտ մտադրություն չկա, բայց չի կարող արգելել հանրահավաքները։ Այժմ, երբ իրանական ռեժիմը, հակառակ սպասումների, չի տապալվել, Հայաստանի կառավարությունը որոշել է բարեկամական վերաբերմունք ցուցաբերել Իրանի նկատմամբ։

Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու վերաբերյալ բանաձևի նախագիծ

DW

Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու կոչ անող բանաձևի նախագիծ: Նախաձեռնությունը պատկանում է Ազգային ժողովի փոխնախագահ և ձախակողմյան «La France Insoumise» (LFI) կուսակցության պատգամավոր Կլեմանս Գիոթին: Գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում Գիոթն ինքը հիմնավորել է իր առաջարկը՝ հղում անելով ԱՄՆ-ի և նրա նոր արտաքին քաղաքականության կուրսի հետ անհամաձայնություններին:

Գիոթն ասել է, որ Ֆրանսիայի խորհրդարանում ՆԱՏՕ-ից հնարավոր դուրս գալու քննարկումը ԱՄՆ-ի կողմից «անողոք իմպերիալիզմի» վերադառնալու որոշման արդյունք է: Նա, այլ օրինակների շարքում, նշել է ԱՄՆ-ի գործողությունները Վենեսուելայի նախագահի դեմ, ինքնիշխան պետությունների դեմ սպառնալիքները և ՆԱՏՕ-ին ուղված պահանջները՝ պաշտպանության վրա ծախսել ՀՆԱ-ի առնվազն 5%-ը, ծախսեր, որոնք, նրա կարծիքով, հիմնականում օգուտ են բերում ամերիկյան պաշտպանական արդյունաբերությանը:

Այս գործոնները, ըստ Գիոթեի, ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն «հրաժարվում է միջազգային իրավունքից և կոլեկտիվ անվտանգության մեխանիզմներից» և փաստացի վասալական կարգավիճակ է շնորհում Եվրամիությանը:

Գիոթը կարծում է, որ Ֆրանսիայի ՆԱՏՕ-ում շարունակական անդամակցությունը ներկայիս պայմաններում «անցանկալի և անընդունելի» է և կարող է երկիրը ենթարկել ռիսկերի, որոնք հակասում են նրա շահերին և միջազգային պարտավորություններին: Քաղաքական գործչի խոսքով՝ դաշինքից դուրս գալը թույլ կտա Փարիզին վերականգնել իր ռազմական և դիվանագիտական ​​անկախությունը՝ պահպանելով ինքնապաշտպանության իր կարողությունը:

Գիոտը շեշտել է, որ դա չի հանգեցնի մեկուսացման, այլ փոխարենը Ֆրանսիային հնարավորություն կտա ամրապնդել իր ազդեցությունը, այդ թվում՝ շրջակա միջավայրի և զինաթափման հարցերի շուրջ աշխատանքի միջոցով։

Գիոթի առաջարկած ուղին ամբողջովին անիրատեսական չի թվում. ձախակողմյան դաշինքը, որի մաս է կազմում LFI-ն, ներկայումս Ազգային ժողովի ամենաուժեղ խմբակցություններից մեկն է: Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի հասցեին քննադատություններ են հնչել նաև այլ քաղաքական ուժերի կողմից, այդ թվում՝ Մարին Լե Պենի աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունից: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախկինում նույնպես կասկածներ է հայտնել դաշինքի ներկայիս դերի վերաբերյալ և ընդգծել է Եվրոպայի ռազմավարական ինքնավարության անհրաժեշտությունը: