Հայաստանում TRIPP-ից հետո՝ Խաղաղության խորհուրդ Գազայում. Թրամփի հայտարարությունը

Հունվարի 15-ին, հինգշաբթի օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու մասին՝ Գազայի հատվածի վերակառուցումը վերահսկելու համար: Այս կառույցի ստեղծումը Թրամփի՝ Գազայի հատվածի համար խաղաղության ծրագրի մի մասն է՝ միջազգային ուժերի տեղակայման հետ մեկտեղ: ԱՄՆ նախագահն ինքը կղեկավարի «Խաղաղության խորհուրդը»:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին, Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո, համատեղ հայտարարություն տարածվեց հայ-իրանական սահմանի երկայնքով «Թրամփ ճանապարհի» (TRIPP) կառուցման վերաբերյալ: Խորհուրդ չստեղծվեց,  սակայն 4 հայ գերիներ վերադարձան տուն։

«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել Խաղաղության խորհրդի ստեղծման մասին: Խորհրդի կազմը շուտով կհայտարարվի, բայց կարող եմ վստահորեն ասել, որ սա ամենամեծ և ամենահեղինակավոր խորհուրդն է, որը երբևէ ստեղծվել է ցանկացած պահի, ցանկացած վայրում», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական մեդիա հարթակում:

«Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին հայտարարվեց պատերազմից հետո Գազայի հատվածում առօրյա կյանքը կառավարելու հանձնարարականով 15 անդամից բաղկացած պաղեստինյան տեխնոկրատական ​​​​մարմնի ստեղծման մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց, հաղորդում է AFP լրատվական գործակալությունը: Վարչակազմը կգործի «Խաղաղության խորհրդի» հսկողության ներքո։ «Որպես Խաղաղության խորհրդի նախագահ՝ ես աջակցում եմ նորանշանակ պաղեստինյան տեխնոկրատական ​​կառավարությանը», – հայտարարել է Թրամփը։

Հայաստանում, ըստ երևույթին, կառավարության փոփոխության և «տեխնոկրատների» նշանակման անհրաժեշտություն չկար։

Վենեսուելայի Նոբելյան խաղաղության մրցանակակիրը իր մեդալը հանձնեց Թրամփին

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն լրագրողներին ասել է, որ հինգշաբթի օրը Սպիտակ տանը կայացած մասնավոր հանդիպման ժամանակ նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է հանձնել Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը։

Նա չի մանրամասնել, թե արդյոք ամերիկացի առաջնորդը ընդունել է մրցանակը, որը նա նախկինում բազմիցս ցանկություն էր հայտնել ստանալու։ Fox News-ը, հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին, հաղորդել է, որ նա ընդունել է։

«Կարծում եմ՝ այսօր պատմական օր է մեզ՝ վենեսուելացիներիս համար», – ասել է Մաչադոն Թրամփի հետ իր առաջին անձնական հանդիպումից հետո։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը Կարակասում գերի վերցրին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, Թրամփը հրաժարվել է աջակցել Մաչադոյին որպես երկրի նոր առաջնորդի, չնայած նրա գլխավորած շարժումը հաղթանակ է տարել 2024 թվականի ընտրություններում։

Փոխարենը նա համագործակցում է գործող նախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ, որը Մադուրոյի փոխնախագահն էր։

Հինգշաբթի օրը Սպիտակ տանը կայացած հանդիպումից առաջ Նոբելյան խաղաղության կենտրոնը սոցիալական ցանցերում գրել է, որ «մեդալը կարող է փոխանցվել ուրիշին, բայց Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի կոչումը՝ ոչ»։

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները երկաթուղու Երասխ-Սադարակ հատվածի վիճակի զննում են իրականացրել

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները իրականացրել են Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում։

Նշված զննման նպատակն էր գնահատել տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի շարժի ապահովման համար՝ ենթակառուցվածքի վերականգնման համապատասխան համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով։

Կատարված զննման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել տվյալ հատվածում երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի գնահատման հարցերի շուրջ։

Շոշի Ագոն․ այսօր լեգենդար հրամանատարի երկնային ծննդյան օրն է

ԼՂՀ <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանակիր, <<Շուշիի ազատագրման>> մեդալակիր, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Արգամ Հարությունյանը (Շոշի Ագո) իր անունը ոսկե տառերով է գրել Արցախյան ազատագրական պայքարի տարեգրության մեջ և հավերժ կնա սերունդների հիշողության մեջ։

Այսօր լեգենդար հրամանատարի երկնային ծննդյան օրն է։

Շոշի Ագոն Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկներից է: Նա մասնակցել է գրեթե բոլոր թեժ մարտերին: Եղել է Շուշիի ազատագրման չորս ուղղություններից՝ Շոշի ուղղության հրամանատարը: Շոշի Ագոն այն առաջիններից էր, ով Արցախյան շարժման նախօրեին գիտակցում էր, որ զենքի անհրաժեշտություն է լինելու, միայն զենքով ու միասնականությամբ կարող են հասնել բաղձալի ազատությանը:

Նա հասկանում էր, որ զենքի խնդիր կա, ուստի լծվել է զենք հայթայթելու վտանգավոր գործին: Ագոն կազմակերպել, հիմնադրել է ենթաշրջանի մի քանի գյուղերի միացյալ ջոկատը՝ Շոշի ջոկատ անվամբ: Այն մասնակցել է Տողի, Սարիշենի, Քարին տակի, Մալիբեյլուի, Խոջալուի, Հորադիզի, Կուբաթլուի, Ջաբրաիլի, Աղդամի, Մարտակերտի շրջանի, Օմարի լեռնանցքի, Ֆիզուլիի, Շուշիի, Ջանհասանի, Կրկժանի, Ասկերանի և շատ այլ մարտերի:

Շուշիի ազատագրման ժամանակ ջոկատը փայլուն մասնակցություն է ցուցաբերել, աչքի ընկել իր կազմակերպվածությամբ ու մարտունակությամբ:

Ագոյի ջոկատն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Բերդաձորի և Քաշաթաղի ազատագրման ժամանակ:

1992-ին Արգամ Հարությունյանը Բեկոր-Աշոտի գումարտակի շտաբի պետն էր: Բեկորն ու Ագոն լրացնում էին մեկը մյուսին: Նրանց միասնությունն արդեն հաղթանակ էր։

1994-ի մարտի 8-ին, Ֆիզուլիի պաշտպանության ժամանակ Ագոն ընկավ ականի պայթյունից ու անմահացավ։

Շնորհավոր երկնային ծնունդդ, հերոս

Փաշինյան․ պատրաստ ենք պատասխանել Իրանի բոլոր հարցերին

«Իրանի Իսլամական հայնարպետությոնից հնչող հայտարարությունների նկատմամբ մենք շատ ուշադիր ենք։ Մենք ամեն ինչ արել ենք եւ կշարունակենք անել ԻԻՀ՝ մեզ համար բարեկամական եւ եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամիի հայտարարությանը, թե Թեհրանում ձեւավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։

Իրանի դեսպանը ՀՀ իշխանություներին մեղադրել էր ՀՀ-ում Իրանի դեսապանատան մոտ տեղի ունեցող ցույցերը չճնշելու համար։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ 2018-ից ի վեր Հայաստանում երբեք որեւէ հանրահավաք չի արգելվել։ «Եվ մենք չենք կարող առանձին վերցված մի դեպքում այլ կերպ վարվել, այլ հարց, որ մենք, այո կիսում ենք, որ արտահայտման ձեւերը չպետք է խաթարեն ոչ Իրանի Իսլամական հանրապետության, ոչ որեւէ այլ դեսպանատան աշխատանք։ Եվ մենք ուշադիր կհետեւենք մտահոգություններին՝ կապված այդ իրավիճակի հետ եւ բոլոր միջոցները կձեռնարկենք, որպեսզի բարեկամական եւ եղբայրական ԻԻՀ դեսպանատան գործունեության հետ կապված որեւէ խնդիր չառաջանա»,- նշեց Փաշինյանը։ Նա հավելեց՝ իսկ այն մարդիկ, ովքեր օրենքի գիծը կանցնեն, նրանց նկատմամբ կհարուցվեն համապատասխան վարույթներ։ Նա նշեց, որ մի քանի դեպքերով արդեն վարչական վարույթներ են հարուցվել։

Ինչ վերաբերում է «ԹՐԻՓՓ» նախագծի վերաբերյալ Իրանի դեսպանի նչեցրած մտահոգություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ մենք բոլոր հարցերի պատասխանները տվել ենք, հանգամանալից քննարկում ենք ունեցել իրականական կողմի հետ։ Բայց մենք նաեւ ասել ենք, որ հետագայում հարցեր ծագելու դեպքում պատրաստ ենք բոլոր հարցերին եւս պատասխանել»։

Ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում, երբ արդբեջանցիները «Շիկահող» պետական արգելոցում ծառեր են հատում

«Ես երբեք ծառերի հատման մասին տեղեկատվություն չեմ ստացել, եւ եթե նման տեղեկատվություն լինի, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում ծառեր են հատվում կամ էկոլոգիական աղետ է տեղի ունենում, բնականաբար, մենք դրան չենք կարող որեւէ ձեւով չարձագանքել»,- այսօր լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում, երբ արդբեջանցիները «Շիկահող» պետական արգելոցում ծառեր են հատում։

Ավելի վաղ Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանն էր տեղեկացրել, որ ադրբեջանցիները Շիկահողի արգելոցում մեծ ծավալի հատումներ են արել։ Իսկ «Հետքը» պարզել էր, որ Հայաստանի Սյունիքի մարզում՝ Շիկահողի արգելոցի տարածքում, ադրբեջանական դիրքերի, ամրաշինական աշխատանքների եւ ճանապարհների բացման համար մոտ 60 հա անտառ է հատվել։

 

Փաշինյան․ այդ իրադարձությունների մեջ կապ չկա

«Այդ երկու իրադարձություններն իրար հետ կապ չունեն»,- այսօր լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե գործա՞րք են իրականացրել՝ սիրիացի վարձկան ահաբեկիչներին հանձնել են Սիրիային, որպեսզի Բաքվի բանտից 4 գերի վերադարձնեն։

«Մենք ուզում ենք եւ աշխատում ենք նաեւ Սիրիայի Արաբական հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ Մենք հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում՝ Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտն ավելի նպաստավոր կդարձնի»,- նշեց Փաշինյանը։

Հարցին, թե Թուրքիան ու Ադրբեջանը մասնակցե՞լ են վարձկանների վերադարձի բանակցություններին՝ Փաշինյանը պատասխանեց․  «Մենք վերադարձի վերաբերյալ խոսել ենք Սիրիայի իշխանությունների հետ։ Թուրքիայի միջոցով են վերադարձվել, որովհետեւ տարբեր, այդ թվում՝ լոգիստիկ խնդիրներ կան»։

Նշենք, որ երեկ, երբ հայտարարվեց, որ Բաքվից Հայաստան են վերադարձվեր 4 գերիներ, ՀՀ արդարադատության նախարարությունը միաժամանակ հայտնեց, որ 2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Վարձկան ահաբեկիչները 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից կռվել էին Արցախի դեմ։

 

Իրանն ու ԵՄ-ն Թրամփի «ճանապարհից» դուրս. նրանք չեն հանձնել «արցախյան քննությունը»

Երեկ, TRIP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան հայտարարության հրապարակումից հետո, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խոստովանեց, որ հայտարարությունը ներառում է միայն համաձայնեցված կետերը, ինչը նշանակում է, որ չլուծված հարցեր են մնում: Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ի կողմից կազմակերպված համաժողովում փաստացի հայտարարեց, որ համաձայնեցված հայտարարության էությունը անվտանգության ապահովումն է. առանց դրա մենք կապրեինք այլ իրականության մեջ, ասաց նա։ Դա ակնարկ էր, որ «Թրամփի ճանապարհը» կանխեց պատերազմը, Հայաստանի հարավի անեքսիան կամ Հայաստանի լիակատար կապիտուլյացիայի վերաբերյալ պայմանագրի «խաղաղ» կնքումը։

Այնուամենայնիվ, չլուծված խնդիրների շարքում կան երկու կարևորագույն հարցեր՝ ինչ կլինի հայ-իրանական սահմանի հետ և ինչ դեր կխաղա ԵՄ-ն ապագա տարածաշրջանային հավասարակշռության մեջ։

Նույն օրը Հայաստանում Իրանի դեսպանը մամուլի ասուլիս հրավիրեց և ուղղակիորեն մեղադրեց Հայաստանին ամբողջ աշխարհի հակաիրանական գործունեության կենտրոն դառնալու մեջ։

Միևնույն ժամանակ, Հայաստանում ԵՄ ներկայացուցիչ Մարագոսը անհաջող փորձեց պարզել, թե ինչպես է ԵՄ անդամակցությանը ձգտող Հայաստանը պատկերացնում ԵՄ դերը ապագա տարածաշրջանային լանդշաֆտում՝ հաղորդակցություններին մասնակցության և քաղաքական ներկայության առումով։

Ե՛վ Իրանը, և՛ ԵՄ-ն փաստացիորեն հայտնվել են տարածաշրջանային գործընթացներից մեկուսացված՝ Արցախի հարցում իրենց դիրքորոշման պատճառով, որը արտացոլում է վերաբերմունք ոչ թե լոկալ տարածքային հարցի, այլ նոր աշխարհակարգ կառուցելու համընդհանուր սկզբունքի նկատմամբ։ Հենց Իրանի, ԵՄ-ի և այլոց «համաձայնությունը» Արցախի օկուպացիային, ցեղասպանական գործողություններին և բնիկ բնակչության տեղահանությանն է որոշել Իրանի և ԵՄ-ի ներկայիս ճակատագիրը, որոնք հայտնվել են աշխարհաքաղաքական փլուզման եզրին։

Ինչ վերաբերում է ԵՄ-ին, Նիկոլ Փաշինյանը դիվանագիտորեն Արցախի կորստի և տարածաշրջանում ստեղծված «անեվրոպա» իրավիճակի մեղքը բարդեց հենց Եվրոպայի վրա։ Նա բազմիցս ընդգծեց, որ «Թրամփի ճանապարհը» և ԱՄՆ ներկայությունը տարածաշրջանում հնարավոր են դարձել միայն այն պատճառով, որ 2022 թվականի հոկտեմբերին Շառլ Միշելը և Մակրոնը «առաջարկեցին» տարածաշրջանում «տարածքային ամբողջականությունը» սահմանել Ալմա-Աթայի հռչակագրի և խորհրդային սահմանների հիման վրա։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից, մինչև ԵՄ-ն չորոշի ընդունել Հայաստանին։ Եվ քանի որ ԵՄ անդամակցության շանսերը գրեթե զրոյական են, Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից թվում է անիրատեսական։

Սա նշանակում է, որ Հայաստանի սահմանները կմնան ԵԱՏՄ սահմաններ։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևան-Բաքու խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո եվրոպական դիտորդական առաքելությունը պետք է լքի Հայաստանը։

Այսպիսով, տարածաշրջանում ԵՄ չի լինի։ Փաշինյանը մեծահոգաբար խոստացել էր քննարկել, թե ինչ կարող է անել ԵՄ-ն նոր «Թրամփի ճանապարհին». նրան կարող են հանձնարարել վերանորոգել անցակետերը։ Բայց միայն այն դեպքում, եթե ԵՄ-ն օգնի Փաշինյանին վերընտրվել։

Իրանի վերաբերյալ՝ ի պատասխան դեսպանի մեղադրանքների, որ Հայաստանը թույլատրում է հակաիրանական բողոքի ցույցեր Երևանում, Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը պատասխանել է, որ չի արգելի ժողովրդավարական բողոքի ցույցերը, քանի դեռ դրանք չեն խախտում օրենքն ու կարգը։ Հիշեցնտնք, որ խոսքը Երևանում Իրանի դեսպանատան դիմաց իրանցիների բողոքի ցույցերի մասին է, որոնք գոռում էին «մահ մոլլաներին» և «կեցցե՛ շահը»։

Բայց սա ամենավատը չէ. հայ-ամերիկյան հայտարարության մեջ չի նշվում, թե ինչպես կկատարվի Իրանի և Հայաստանի միջև հաղորդակցությունը, եթե բացվի «Թրամփի ճանապարհը»։ Ավելին, չկա որևէ պատկերացում այն ​​մասին, թե ովքեր կտեղակայվեն հայ-իրանական սահմանին։ Իրանը կարծում է, որ Հայաստանի հետ սահմանին թշնամական ուժերի ներկայությունը Թեհրանի կողմից կարող է դիտվել որպես ազգային անվտանգության սպառնալիք։ Արդյո՞ք սա ենթադրում է, որ «Թրամփի ճանապարհը» կդառնա Իրանի համար օրինական թիրախ, դժվար չէ կռահել։

Այնուամենայնիվ, Երևանում Իրանի դեսպանի կոշտ հայտարարությունը հնչում է անտեղի. Իրանը նման հայտարարություններ չի արել Բաքվի վերաբերյալ, չնայած այն հանգամանքին, որ վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ թշնամական գործողություններ է կատարել Իրանի դեմ։ Պաշտոնական Բաքվի մասնակցությունը այդ գործողություններին երբեմն ապացուցվել է, երբեմն պարզապես ակնարկվել, բայց Իրանը, ըստ էության, երբեք Բաքուն չի նույնացրել որպես հակաիրանական գործողությունների կենտրոն։

Իրանը, որը 2020-2023 թվականներին «ճանաչել» է Ադրբեջանի իրավասությունը Արցախի նկատմամբ, չի կարող «չճանաչել» Բաքվի պահանջները «Ադրբեջանի հարավի» նկատմամբ։ Աշխարհում այլևս փորձագետներ չկան, որոնք չեն քննարկում Իրանում անջատողական տրամադրությունները և «Հարավային և Հյուսիսային Ադրբեջանի» միավորման հնարավորությունը։ Մինչդեռ, Իրանի դեսպանը Բաքվին չի մեղադրում անջատողական տրամադրությունների մեջ, այլ սպառնում է Երևանին՝ հայտարարելով, որ եթե Իրանը փլուզվի, Հայաստանը տուժողների մեջ կլինի։

ԹՐԻՓՓ զարգացվամ ընկերության հսկիչ փաթեթը 99 տարով լինլու Է ԱՄՆ-ի ձեռքում

2026թ. հունվարի 14-ին հրապարակվել է ««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակ» անունը կրող փաստաթուղթը, որտեղ, ի մասնավորի, արձանագրված է. «Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%»:

Մեջբերումից պարզվում է, որ 49 տարի ժամկետով ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը պատկանելու է ամերիկյան կողմին, իսկ 26%-ը՝ հայկական: 49 տարին լրանալուց հետո հայ-ամերիկյան համագործակցությունը հնարավոր է երկարաձգել ևս 50 տարով: Նշված ժամանակահատվածով երկարաձգելու դեպքում ԹՐԻՓՓ զարգացման ընկերության մեջ Հայաստանի ունեցած 26% մասնաբաժնին կավելացվի ևս 23%: Արդյունքում նշված ընկերության մեջ Հայաստանը կունենա 49% մասնաբաժին, իսկ ԱՄՆ-ն՝ 51%:

2026թ. հունվարի 14-ին ԱՄՆ-ում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ԹՐԻՓՓ ընկերության բաժնեմասի միայն 26%-ը պատկանելու Հայաստանին, իսկ 74%-ը՝ ԱՄՆ-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնողը, մասնավորաբար, ասել է. «Մեծ հաշվով բանակցությունների արդյունք է… կարծում եմ՝ արդար բաշխում է»:

Փաստորեն, 99 տարիների ընթացքում ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հսկիչ փաթեթը լինելու է ԱՄՆ-ի ձեռքում: Սրանով ամեն ինչ ասված է: Մեկնաբանություններն իրապես ավելորդ են:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ 

Սուրեն Թովմասյան. Նախատեսվող գումարով հնարավոր չէ տուն ձեռք բերել

Սուրեն Թովմասյանն Արցախից է տեղահանվել։ Նրա 3 հոգանոց ընտանիքն ապրում է Երևան քաղաքում։ Ինչպես արցախցի փոքրաթիվ ընտանիքների զգալի մասը՝ Թովմասյանները ևս կանգնած են բնակարան ձեռք բերելու խնդրի առաջ։

Նրանք գտնում են, որ դա պարզապես անհնար է

-36 տարվա աշխատանքային փորձ ունեմ։ Վերջին 23 տարիներին Արցախի ԱՎԾ Ասկերանի շրջանային բաժնի պետի պաշտոնն էի զբաղեցնում, միաժամանակ զբաղվում գյուղատնտեսական աշխատանքներով։ Տեղահանությունից հետո չկարողացա իմ մասնագիտությամբ որևէ տեղ աշխատանք գտնել։ Սկզբից ես ևս չէի ցանկանում ՀՀ քաղաքացիություն ընդունել, սակայն հետո հասկացա, որ դա բոլորովին չի խանգարելու Արցախ վերադառնալու համար, որի հույսը երբեք չեմ կորցնում։

Քաղաքացիություն ընդունելուց հետո էլի չստացվեց պետական հիմնարկներում աշխատանք գտնել։ Ընտանիքիս հոգսերը հոգալու համար ստիպված էի աշխատանք գտնել միայն մասնավոր ոլորտում և, որպես անվտանգության աշխատակից, մտա աշխատանքի։ Ավելի քան 2 տարի է, ինչ այդ ոլորտում եմ։

Հուլիս ամսից աշխատում եմ 2 տեղ։ 60 տարեկան հասակում մասնակցել եմ ՀՀ <<Պահապան արծիվ>> ուսումնական կենտրոնում կազմակերպված  <<Պահնորդի գործ>> դասընթացներին, հանձնել քննություն ու ստացել պահնորդի որակավորում։ Կարողացել եմ ստեղծել աշխատանքային նորմալ հարաբերություններ։ Երբեմն առաջարկություններ եմ անում մեր աշխատանքի բարելավման ուղղությամբ, ասում եմ իմ տեսակետները, որոնք ընդունվում են վերադասի կողմից։

Մշակում եմ նաև մեր վարձակալած տան տնամերձ հողամասը, որտեղ կան պտղատու ծառեր (ծիրանի, սալորենի, թզենի)։ Որպեսզի բերքը չփչանա, նաև օղի եմ արտադրում՝ անձնական կարիքների համար։ Փորձում եմ պահպանել արցախյան բարի ավանդույթները և հնարավորության սահմաններում հանդիպումներ եմ կազմակերպում մեր տանը, որը շատ կարևոր է յուրաքանչյուր տեղահանվածի համար։

Վատն այն է, որ երկու տեղ աշխատում եմ ու ստանում ընդամենը 150 հազար դրամ, որն էլ ուղղվում է տան վարձավճարին՝ առանց կոմունալ վճարումների։ Կինս նույնպես աշխատում է, իհարկե, ոչ իր մասնագիտությամբ, աղջիկս ուսանող է։ Բնակվարձի և հրատապ աջակցության ծրագրերի շահառու չենք։

Բնակապահովման ծրագրից դեռևս չենք օգտվել, որովհետև նախատեսվող գումարով հնարավոր չէ տուն ձեռք բերել, անգամ մարզերում։ Մեր ընտանիքի եկամուտները բավարար չեն, որպեսզի կարողանանք օգտվել հիփոթեքային վարկերից։

Չգիտեմ՝ երբևէ կունենա՞նք սեփական տանիք․․․

Սուրենը զրույցի ընթացքում հիշողություններով անընդհատ Արցախ է գնում, որտեղ մի ամբողջ կյանք է ապրել, ստեղծել ու արարել։ Մինչև տեղահանության պահը նա զբաղվում էր տնտեսությամբ՝ ցանկանալով որևէ բարիք ստեղծել, որպեսզի շարունակեն հաղթահարել շրջափակումը, որովհետև չէր սպասում, որ կլքեն Արցախը։ Երբ հասկացավ, որ տեղահանությունն անխուսափելի է, վերջին անգամ շրջեց իր տնտեսությամբ, որտեղ հավեր ու խոզեր էր պահում։ Կերակրեց ու բաց թողեց։

-Տանից դուրս եկանք՝ մեզ հետ վերցնելով միայն անհրաժեշտ իրերը։ Սիրտս ճմլվում էր ցավից։ Ո՞ւմ էի թողնում ծնողներիս շիրիմները, հայրենի հողս։ Շատ նպատակներ ունեի, բոլորը կիսատ մնացին։

36 ժամ հետո մեր ընտանիքը հատեց Հակարին։ Հոկտեմբերի 1-ին Երևանում էինք։ Այս տարիների ընթացքում մի քանի անգամ տուն ենք փոխել։ Փորձում ենք հնարավորինս հարմարվել իրականությանը․ դեռևս չի ստացվում։

Հայրական տունս Քյաթուկում էր։ Թեև մեր գյուղն արդեն դատարկված էր, սակայն ես, ինչպես բոլոր քյաթուկցիները, շատ էի կապված հայրենի բնօրրանիս հետ։ Մեծ հույսեր ունեի, որ թոշակի անցնելուց հետո կտեղափոխվեմ Քյաթուկ և այնտեղ կշարունակեմ գյուղատնեսություն ծավալել։ Որոշել էի հայրական տունս վերանորոգել։

Ամեն ինչ զրոյացավ 2023-ի սեպտեմբերին։ Վերջին պատերազմն ու նրան հաջորդող սարսափելի պայթյունը մինչև այսօր հանգիստ չեն տալիս։ Անմեղ զոհեր և բազմաթիվ անպատասխան հարցեր․․․ Միայն մի բան գիտեմ՝ արցախցին ուժեղ է, վճռական ու պատրաստ է ամեն մի փորձություն հաղթահարել։

Չեմ ուզում կորցնել հավատս, որ օրերից մի օր կվերադառնանք ու կշենացնենք մեր հողը։ Մենք սովոր ենք․ կրկին կվերածնվենք մայր հողում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Թրամփը մեղադրեց Զելենսկուն, այլ ոչ թե Պուտինին՝ խաղաղություն հաստատելու դժկամության համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին է մեղավոր Ուկրաինայում հակամարտության խաղաղ կարգավորման չհասնելու համար՝ չնայած ԱՄՆ միջնորդական ջանքերին, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ին տված հարցազրույցում։

Հարցին, թե ինչու է հակամարտությունը մնում չլուծված՝ չնայած Վաշինգտոնի դիվանագիտական ​​ջանքերին, ամերիկացի նախագահը պատասխանել է՝ «Զելենսկի»։

Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը «պատրաստ է գործարք կնքելու»։ «Կարծում եմ՝ Ուկրաինան ավելի քիչ է պատրաստ գործարք կնքելու», – հավելել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է ամերիկացի նախագահը կարծում, որ Զելենսկին խոչընդոտում բանակցային գործընթացը, Թրամփը պատասխանել է. «Ես պարզապես կարծում եմ, որ նրա համար դժվար է մոտենալ դրան»։

Եղանակային պայմանների և ճանապարհները վիճակի մասին

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ Հայաստանի ողջ տարածքում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում։

Շրջանների մեծ մասում սպասվում են ձյուն, ձնաբք և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 16-ից սկսած եղանակը կլինի չորային, հունվարի 15-ից 16-ը ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով։

Հունվարի 15-ին ջերմաստիճանը կլինի՝ Շիրակում՝ -10°C, Կոտայքում՝ -4°C, Գեղարքունիքում՝ -9°C, Լոռիում և Արագածոտնում 0°C, Տավուշում՝ +4°C, Արարատում՝ +4°C, Արմավիրում՝ +3°C, իսկ Վայոց Ձորում և Սյունիքում՝ +2°C։

Հունվարի 15-ին տեղումներ են սպասվում նաև Երևանում, իսկ մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +2°C-ի։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիան, Նորավանի խաչմերուկից մինչև Կապան և Տաթև-Լծեն ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար և դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Սյունիքի, Վայոց ձորի մարզերում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Գորիսի և Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է։