Մենք կանք․ մնացել է 3 օր

2026 թվականի հունվարի 18-ին Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնը և ՄՈՒՆՔ տեխնոդպրոցը հրավիրում են Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր: Եզակի հնարավորություն՝ նույն օրը նույն բեմում տեսնել Արցախի գրեթե բոլոր մշակութային կոլեկտիվներին ու հայաստանյան բազմաթիվ աստղերի: Մենք կանք։

Համալիրի տարածքում ցուցահանդեսն այցելությունների համար բաց կլինի 12։00-ից։

17։00-18։00 կկայանա ցուցադրությունների ներկայացումը և տաղավարների ներկայացուցիչների անմիջական շփումը այցելուների հետ։

18։00-20։00՝ համերգ՝ Արցախի համույթների, հայաստանյան և արցախյան մենակատար-աստղերի մասնակցությամբ։

Տոմսերի արժեքը՝ 3000, 5000, 8000 դրամ

Արևմտյան քաղաքական գործիչները կանխատեսում են իրանական ռեժիմի վախճանը, սակայն ցույցերը մարում են

Իրանում բողոքի ակցիայի մասնակիցները և նրանց արտերկրում գտնվող կողմնակիցները հույս ունեին, որ Թեհրանի իսլամական ռեժիմն արդեն «սրնթաց» փլուզման գործընթացի մեջ է։ Սակայն, բոլոր ցուցանիշներով, եթե նման անկում տեղի է ունենում, այն դեռևս «աստիճանական» փուլում է, հաղորդում է BBC-ն։

Ամենակարևորը, անվտանգության ուժերը հավատարիմ են մնում ռեժիմին։ Բողոքի ակցիաները ճնշող հիմնական ուժը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն է (ԻՀՊԿ), որը երկրի ամենաազդեցիկ կազմակերպությունն է։ ԻՀՊԿ-ն ունի օժանդակ ուժ՝ «Բասիջ» աշխարհազորայինը՝ կամավորական կիսառազմական կազմակերպություն, որը պնդում է, որ ունի միլիոնավոր անդամներ։

Միևնույն ժամանակ, արևմտյան առաջնորդները բանավոր աջակցում են իրանական ռեժիմի անկմանը։ «Եթե ռեժիմը կարող է իշխանությունը պահել միայն ուժով, ապա այն գործնականում ոչնչացված է։ Ես կարծում եմ, որ մենք այժմ ականատես ենք լինում այս ռեժիմի վերջին օրերին և շաբաթներին Իրանում», – Հնդկաստան կատարած այցի ժամանակ ասել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը (մեջբերում Tagesschau-ից)։

Մինչդեռ, ինչպես Իրանի իշխանությունները, այնպես էլ ռուսական աղբյուրները հայտնում են, որ բողոքի ցույցերը մարում են, և իշխանությունները լիակատար վերահսկողություն են հաստատել իրավիճակի նկատմամբ, հնարավոր է՝ լայնածավալ բռնության գնով։

CBS News-ի աղբյուրներին հղում անելով՝ զոհերի թիվը, ենթադրաբար, արդեն գերազանցել է 12,000-ը։ Թեհրանը թաքցնում է զոհերի իրական թիվը։

Թրամփը, որը նախկինում խոստացել էր պատժել Իրանին, եթե ցուցարարների դեմ բռնություն կիրառվի, հունվարի 13-ին կայացած ճեպազրույցի ժամանակ խուսափեց պատասխանել, թե Վաշինգտոնը ինչ կոնկրետ քայլեր է պատրաստ ձեռնարկել իրանական ռեժիմի հակառակորդներին աջակցելու համար։

Զոհերի թվի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Թրամփը խոստովանեց. «Ոչ ոք չկարողացավ ինձ ճշգրիտ թիվ տալ»։ Նշենք, որ այսօր Թրամփը սոցիալական ցանցերի միջոցով դիմել է Իրանում ցուցարարներին։ Նա կոչ է արել նրանց չհանձնվել, վերահսկողություն հաստատել կառավարական հաստատությունների նկատմամբ և խոստացել է, որ «օգնությունը ճանապարհին է»։

Իրանի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են բանակցել ԱՄՆ-ի հետ “հավասարը հավասարի դեմ” սկզբունքով։

Իրանի վերջին շահի ավագ որդին՝ Ռեզա Փահլավին, Իրանում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր առաջին անգամ հանդիպել է ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Վիտկոֆի հետ, երեքշաբթի՝ հունվարի 13-ին, հաղորդել է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի։

Հատկանշական է, որ Բաքվի լրատվամիջոցները անհամբեր սպասում են Իրանում ռեժիմի փոփոխությանը։ Թուրքիայում, ընդհակառակը, քննարկում են Իրանի փլուզման սպառնալիքը տարածաշրջանի, այդ թվում՝ Թուրքիայի համար։ «Քաոսային իրավիճակում անկազմակերպ իրանցի ադրբեջանցիները, որոնք տասնամյակներ շարունակ ենթարկվել են Իրանի կենտրոնական կառավարության լուրջ ճնշմանը, հատկապես խոցելի կլինեն քրդական խմբավորումների զինված հարձակումների նկատմամբ», – ասում են թուրք քաղաքագետները։

Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն մեղադրանք է առաջադրել ենթադրաբար Յուլիա Տիմոշենկոյին

Ուկրաինայի կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները հայտնել են, որ կոռուպցիայի մեջ մեղադրանք են առաջադրել Վերխովնա Ռադայի խմբակցության ղեկավարին: NABU-ն և SAP-ը (Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազություն) պնդում են, որ այս քաղաքական գործիչը կաշառք է առաջարկել խորհրդարանի անդամներին՝ որոշակի օրինագծերի «կողմ» կամ «դեմ» քվեարկելու համար: BBC-ի ուկրաինական ծառայության NABU-ի աղբյուրների համաձայն՝ խոսքը «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոյի մասին է։

Ուկրաինայի ազգային կոռուպցիայի դեմ պայքարի բյուրոյի (NABU) և SAP-ի (Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազություն) հայտարարության մեջ չի նշվում, թե որ առաջնորդի մասին է խոսքը: Նրանք խոստանում են ավելի ուշ հրապարակել լրացուցիչ մանրամասներ։

«Ուկրաինսկա պրավդա» հրատարակության աղբյուրների համաձայն՝ Կիևի Տուրովսկա փողոցում գտնվող «Բատկիվշչինա» գրասենյակում ներկայումս խուզարկություններ են ընթանում:

60 ուսանող արդեն ստացել է «Ազնավուր Սաղյան» կրթաթոշակ

«Ազնավուր Սաղյան» կրթաթոշակի հիմնադրամի միջոցով Արցախից տեղահանված ավելի քան 60 ուսանող արդեն ստացել է կրթական աջակցություն։

Հիմնադրամին հաջողվել է հավաքագրել ավելի քան 20 հազար ԱՄՆ դոլար, որոնք ուղղվել են երիտասարդների ուսումնառության շարունակական ապահովմանը։

Կրթաթոշակային այս ծրագիրը կարևոր դեր ունի տեղահանված ընտանիքների ֆինանսական բեռի թեթևացման, ինչպես նաև ուսանողների համար կրթական գործընթացում կայունության և անվտանգության զգացման պահպանման գործում։

Սակայն կրթական աջակցության պահանջարկը շարունակում է աճել․ բազմաթիվ ուսանողներ դեռևս կանգնած են ուսումը կիսատ թողնելու վտանգի առաջ՝ ֆինանսական դժվարությունների պատճառով։

«Լորիկ» մարդասիրական հիմնադրամում նշում են, որ կրթությունը ոչ միայն գիտելիք ստանալու միջոց է, այլ նաև արժանապատվության, դիմակայունության և երկարաժամկետ կայուն ապագայի հիմք։ Հիմնադրամը կոչ է անում շարունակել աջակցությունը, որպեսզի տեղահանությունը չդառնա երիտասարդների ապագան սահմանող հանգամանք։

Մարիամ Սարգսյան

Հայ-ամերիկյան հայտարարություն․ բազմաթիվ հարցեր

Երեկ Վաշինգտոնում կայացել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի և Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը, Մարկո Ռուբիոն և Արարատ Միրզոյանը հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը:
ՀՀ ԱԳՆ-ից հաղորդում են, որ Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման և պայմանավորվածությունների կյանքի կոչման ակտիվ դինամիկան, համատեղ նախաձեռնություններն ու հետագա հեռանկարները։

ՀՀ ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են 2025թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան խաղաղության գագաթաժողովի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Երկուստեք ընդգծվել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացիայի կարևորությունն ու անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ քայլերին։

Մենք կշարունակենք աշխատել այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ։ Վաշինգտոնում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի կողքին՝ լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ մի կողմից, այս համաձայնագիրը հսկայական հնարավորություններ է ստեղծում՝ այն վերջապես բացում է Հայաստանը բիզնեսի համար, հնարավորություն է տալիս նրան տնտեսապես զարգանալ և նրա ինքնիշխանության նկատմամբ հարգանք ապահովում։

Բացի դրանից, ինչպես նշել է Մարկո Ռուբիոն, համաձայնագիրն ավելի է ամրապնդում երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները, որոնք շարունակում են ամրապնդվել նման պայմանավորվածություններիի շնորհիվ։

«Դա արդյունքում կդառնա տիպարային օրինակ, թե ինչպես բացվել տնտեսական ակտիվության և բարգավաճման համար՝ առանց որևէ կերպ կասկածի տակ դնելու կամ խաթարելու ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Մենք կարծում ենք՝ դա օգտակար կլինի Հայաստանի, Միացյալ Նահանգների և բոլոր կողմերի համար»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

TRIPP նախագիծը կարող է աշխարհի համար մոդել լինել, թե ինչպես կարող է երկիրը բացվել տնտեսական հնարավորությունների առջև՝ որևէ կերպ կասկածի տակ չդնելով իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

Լրագրողների առջև արած կարճ հայտարարությունում Մարկո Ռուբիոն նաև նշել է, որ շարունակելու են «Թրամփի ճանապարհի» ուղղությամբ «կարևոր քայլեր» ձեռնարկել:

Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Վաշինգտոնում տեղի ունեցած Միրզոյան-Ռուբիո հանդիպմանը՝ նշելով, որ այն Խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP-ի իրագործման ևս մեկ կարևոր քայլ է:

 «Երեկ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց Խաղաղության ինստիտուցիոնալացման և TRIPP նախագծի գործնական իրագործման ուղղությամբ, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս։

Ժամը 10-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդես կգա մեկնաբանություններով, ես և մեր մյուս գործընկերները ևս առիթներ կունենանք»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։

Հրապարակվել է նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) հայտարարության տեքստը, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Մասնավորապես՝ Իրանի հետ Հայաստանի ցամաքային կապի հետ կապված։ Կան նաև հարցեր ճանապարհի լայնության հետ կապված։ Եւս մեկ հարց՝ արդյոք հայ սահմանապահները ճանանապարհի մե՞կ, թե՞ երկու կողմերից են կանգնելու։ Հարցեր են մնում “երրորդ կողմին” ամերիկյան մասնաբաժինը փոխանցելու վերաբերյալ։ Արդյո՞ք երրորդ կողմ կարող է լինել Ռւսաստանը, Թուրքիան։ Եւ արդյոք “հայտարարությունը” ենթակա է խորհրդարանում վավերացման, թե՞ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության օրինակով անվավեր կմնա։  

Հետևյալ հայտարարության տեքստը տարածվել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների կողմից։

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հանդիպում են ունեցել Վաշինգտոնում՝ հրապարակելու «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Այս փաստաթուղթը, որը հրապարակված է ստորև, նոր քայլ է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված հանձնառությունների կյանքի կոչման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում հարատև խաղաղության գործին նպաստելու համար։

Շրջանակն ուրվագծում է ԹՐԻՓՓ-ի գործարկման կոնկրետ ուղին, որը նախատեսված է Հայաստանի տարածքով անխոչընդոտ, մուլտիմոդալ տարանցիկ փոխկապակցվածության հաստատման համար։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղու կենսական օղակ՝ ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։

Արտացոլելով 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի կողմից հյուրընկալած պատմական Խաղաղության գագաթաժողովում հաստատված սկզբունքները՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակն ընդգծում է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձության կարևորությունը ԹՐԻՓՓ-ի ընդհանուր հաջողության համար: ԹՐԻՓՓ-ի վերջնական նպատակն է ամրապնդել Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունը և խթանել ամերիկյան առևտուրն՝ ընդլայնելով տարածաշրջանային առևտուրն ու փոխկապվածությունը, ինչպես նաև ստեղծելով Կենտրոնական Ասիան և Կասպից ծովը Եվրոպային կապող նոր տարանցիկ հնարավորություններ:

 

ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակ 

  

Այս փաստաթուղթն ուրվագծում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։

  

Ընդհանուր նկարագիր

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի վկայությամբ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ստորագրեցին Համատեղ հռչակագիրը, որը հիմք ստեղծեց ներպետական, երկկողմ և միջազգային տրանսպորտային հաղորդակցությունների բացման համար։ ԹՐԻՓՓ-ի իրականացման այս շրջանակն ուրվագծում է ԹՐԻՓՓ-ի հիմնադրման հետագա մանրամասները և առաջ է մղում Համատեղ հռչակագրի նպատակները։

ԹՐԻՓՓ-ը միտված է Հայաստանի տարածքում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրմանը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգանքի հիման վրա։ Կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և կենսական օղակ ստեղծելով Տրանս-Կասպյան առևտրային երթուղում՝ ակնկալվում է, որ այն միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար։

ԹՐԻՓՓ-ի միջոցով ԱՄՆ-ն ձգտում է.

  • օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի հիման վրա ապահովել առաջընթաց դեպի տևական խաղաղություն,
  • տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում խթանելու նպատակով բացել հաղորդակցությունը, առևտուրը և փոխկապակցվածությունը Հարավային Կովկասում,
  • ընդլայնել շուկայի հասանելիությունը և մատակարարման կենսական շղթաները Տրանս-Կասպյան տարածաշրջանում,
  • աշխարհին ներկայացնել բարգավաճման միջոցով կառուցվող խաղաղության օրինակ։

ԹՐԻՓՓ-ի միջոցով Հայաստանը ձգտում է.

  • ընդլայնել  Հայաստանի դերակատարությունը՝ որպես տարածաշրջանային տարանցիկ ու տնտեսական հանգույց,
  • ներգրավել օտարերկրյա ներդրումներ Հայաստանի ենթակառուցվածքներում,
  • ստեղծել ժամանակակից սահմանային կառավարման և առևտրի դյուրացման ինստիտուցիոնալ կարողություններ,
  • ստեղծել կայուն եկամտային հոսքեր և գնման իրավունքներ Հայաստանի համար,
  • ամրապնդել ռազմավարական գործընկերությունն ԱՄՆ հետ,
  • նպաստել տարածաշրջանային ինտեգրմանն ու կարգավորմանը,
  • ընդլայնել Հայաստանի արտահանման ներուժը դեպի նոր շուկաներ։

ԹՐԻՓՓԻ-ի միջոցով ԱՄՆ ակնկալվող օգուտներն են.

  • նոր շուկաների բացում ամերիկյան ներդրումների, բիզնեսի ու ապրանքների համար,
  • տարածաշրջանում առևտրի համար փոխկապակցվածություն, որը հումք, կարևորագույն հանքանյութեր և հազվագյուտ մետաղներ կբերի ամերիկյան շուկաներ,
  • ԱՄՆ, Եվրոպայի և Ասիայի միջև հավելյալ առևտրային ուղիների  տարբերակներ՝ ապահովելով, որ մարդիկ և ապրանքները կարողանան տեղաշարժվել՝ անկախ աշխարհաքաղաքական փոփոխություններից։

ԹՐԻՓՓ-ի միջոցով Հայաստանի և Հայաստանի ժողովրդի ակնկալվող օգուտներն են.

  • զբաղվածություն. աշխատանքի հնարավորություններ Հայաստանի որակավորված քաղաքացիների համար,
  • համատեղ ձեռնարկներ. հնարավորություններ միջազգային և hայաստանյան ընկերությունների միջև,
  • տեխնոլոգիայի փոխանցում. կարողությունների զարգացում hայաստանյան ընկերությունների համար,
  • վերապատրաստում. հմտությունների զարգացում հայաստանյան աշխատուժի համար,
  • վերաներդրում տարածաշրջանում։

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հանձնառությունը

Հայաստանը հանձնառու է ԹՐԻՓՓ-ի՝ որպես իր ազգային շահերին ծառայող ռազմավարական նախաձեռնության հաջողելուն։ Հայաստանը մտադիր է իրականացնել հետևյալ քայլերը.

  • դրսևորել լիակատար համագործակցություն և աջակցություն ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը,
  • ապահովել արդյունավետ համակարգում Հայաստանի կառավարական մարմինների միջև,
  • դյուրացնել թույլտվությունների, հաստատումների և կարգավորիչ գործընթացների ժամանակին իրականացումը,
  • պահպանել բաց հաղորդակցություն ԱՄՆ գործընկերների հետ,
  • աշխատել տարածաշրջանային կարգավորման ուղղությամբ՝ ԹՐԻՓՓ-ի ամբողջական ներուժն իրացնելու նպատակով,
  • մշակել տարբերակված ընթացակարգեր մարդկանց, մեքենաների և ապրանքների համար, ներառյալ Ադրբեջանի և իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև երկու ուղղությամբ՝ Հայաստանի օրենքների, կարգավորումների և միջազգային համաձայնագրերի հիման վրա ու միջազգային չափանիշներին համապատասխան։

Հաջողության հասնելու նախադրյալներ  

Հայաստանն ու ԱՄՆ-ն ընդունում են, որ ԹՐԻՓՓ-ի հաջողությունը կախված է.

  • Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացումից,
  • Հայաստան-Թուրքիա ամբողջական կարգավորման առաջընթացից,
  • ԱՄՆ կայուն ներգրավվածությունից,
  • տարածաշրջանային համագործակցությունից և կայունությունից,
  • Հայաստանի ինստիտուտների կարողությունների արդյունավետ զարգացումից։

Ռազմավարական գործընկերություն

ԹՐԻՓՓ-ը Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության խորացման դրսևորում է։ Հայաստանն այս նախագիծը դիտարկում է որպես ենթակառուցվածքների, տնտեսական զարգացման և տարածաշրջանային ինտեգրման համար երկարատև համագործակցության հիմք։

ԹՐԻՓՓ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆՈՒՄ

ԹՐԻՓՓ-ը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում նախատեսված տարանցման ուղիների շրջանակներում՝ ապագայում հստակեցվելիք տեղադիրքերում՝ պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում ծրագրի ողջ ծածկույթի նկատմամբ։ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը` ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով և սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ, նպատակ ունի ապահովել ԹՐԻՓՓ ենթակառուցվածքների զարգացումն ու  իրականացումը։

Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%։

Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնետերերի փոփոխությունը (ներառյալ մասնաբաժինների վաճառք, նվիրատվություն, միավորում, անջատում, վերակազմակերպում կամ որևէ այլ իրավական կամ փաստացի գործողություն) և վերջնական շահույթի սեփականատերերի փոփոխությունը ենթակա կլինի Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հետ նախօրոք համաձայնեցմանը։

Հայաստանը և ԱՄՆ նախատեսում են միասին աշխատել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կորպորատիվ կառուցվածքը ձևավորելու  ուղղությամբ։ Ակնկալվում է, որ կառուցվածքը կարտացոլի հետևյալ խնդիրները. 1) Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների ներգրավածություն բազմամոդալ տարանցիկ երթուղու շահագործմանը վերաբերող առանձին հատուկ որոշումներում և հարցերում, և 2) ֆինանսական եկամուտ ԱՄՆ-ին՝ իր նախնական ներդրման դիմաց, կամ այլ տնտեսական օգուտներ ԱՄՆ կառավարությանը կամ ԱՄՆ ընկերություններին։

Նախատեսվում է, որ հստակեցված սկզբունքային հարցերի շրջանակներում գտնվող որոշակի զգայուն խնդիրների վերաբերյալ որոշումները կկայացվեն համատեղ՝ Հայաստան-ԱՄՆ ղեկավար կոմիտեի միջոցով։

Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունն անմիջականորեն կիրականացնի ԹՐԻՓՓ երկաթգծային ու ճանապարհային նախագծերը և կունենա դուստր ձեռնարկություններ կամ հատուկ նշանակության կազմակերպություններ ԹՐԻՓՓ-ի այլ բաղադրիչների համար։

ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունում Հայաստանի մասնաբաժինն արտացոլում է նրա ներդրումը հետևյալում՝

  • հողօգտագործման (կառուցապատման) իրավունքներ տարանցիկ երթուղիների շրջանակներում,
  • գոյություն ունեցող ենթակառուցվածքային ակտիվներ (ենթակա է հետագա քննարկման),
  • կարգավորիչ աջակցություն և թույլտվությունների արագ ընթացակարգեր,
  • սահմանային և մաքսային ենթակառուցվածքների հետ կապված ոչ դրամական ներդրումներ,
  • կանխիկ ներդրումներ՝ ըստ անհրաժեշտության։

Երկրներից յուրաքանչյուրը մտադիր է նշանակել բարձրաստիճան պետական ​​պաշտոնյայի՝ որպես ԹՐԻՓՓ-ի իրականացման հիմնական համակարգող, որը պատասխանատու կլինի միջգերատեսչական համակարգման համար և կծառայի որպես ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հետ կապի հիմնական անձ։

ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

Հայաստանը մտադիր է ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը տրամադրել հետևյալ բացառիկ իրավունքները.

  • պլանավորել, նախագծել, զարգացնել, կառուցել, շահագործել և պահպանել բազմամոդալ տարանցիկ ենթակառուցվածքները նախանշված տարանցիկ երթուղիների շրջանակներում,
  • ստեղծել հատուկ նշանակության կազմակերպություններ կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի համար,
  • պայմանագրեր կնքել շինարարական ընկերությունների, օպերատորների և ծառայություն մատուցողների հետ,
  • ստեղծել և գանձել եկամուտներ ենթակառուցվածքային գործողություններից,
  • կառավարել ԹՐԻՓՓ երթուղին՝ որպես ինտեգրված համակարգի մաս։

Կառուցապատման իրավունքները կարող են ներառել, բայց չսահմանափակվել հետևյալով.

  • ​​երկաթուղային ենթակառուցվածքներ՝ երկաթուղիներ, տերմինալներ, կայարաններ, շարժակազմի կառույցներ,
  • ճանապարհային ենթակառուցվածքներ՝ մայրուղիներ, ճանապարհներ, կամուրջներ, թունելներ,
  • էներգետիկ ենթակառուցվածքներ՝ էլեկտրահաղորդման համակարգեր, նավթատարներ, գազատարներ,
  • թվային ենթակառուցվածքներ՝ օպտիկամանրաթելային ցանցեր,
  • աջակցող ենթակառուցվածքներ՝ վարչական կառույցներ, կոմունալ ծառայություններ, ապահովության և անվտանգության համակարգեր՝ համաձայն ՀՀ օրենսդրության։

ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը կարող է հավաքել և պահպանել եկամուտներ տարբեր աղբյուրներից, որոնք կներառեն, բայց չեն սահմանափակվի հետևյալով.

  • ենթակառուցվածքների հասանելիության վճարներ,
  • տարանցիկ երթուղու շրջանակներում առևտրային գործունեություն,
  • գույքի վարձակալություն և զարգացում,
  • ծառայության վճարներ,
  • հատուկ նշանակության կազմակերպություններից ստացված եկամտի բաժիններ։

Հայաստանը հստակորեն պահպանում է.

  • օրենսդիր, կարգավորիչ և դատական իրավազորությունը՝ պայմանավորված Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի ողջ ծածկույթի նկատմամբ լիակատար ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ՝ ներառյալ օրենքներն ու կանոնակարգերը կիրառելու իրավասությունը՝ համապատասխան Հայաստանի ներքին օրենքներին և միջազգային համաձայնագրերին,
  • ազգային անվտանգության և իրավապահ գործունեության նկատմամբ վերահսկողությունը,
  • ԹՐԻՓՓ-ով առևտրի և տարանցման նկատմամբ մաքսային և սահմանային վերահսկողության իրավազորությունը,
  • հարկերի, մաքսային տուրքերի և առևտրի ու տարանցման այլ պարտադիր վճարների նկատմամբ իրավազորությունը,
  • Հայաստանի ինքնիշխան տարածքում բոլոր հատվածներ հասանելիությունը,
  • Հայաստանի ինքնիշխան տարածքում տարանցիկ երթուղու մասերում բոլոր հայկական օրենքները կիրառելու իրավազորությունը։

ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունը, ԹՐԻՓՓ երկաթուղային և ճանապարհային բաղադրիչներն անմիջականորեն իրականացնելուն զուգահեռ, կստեղծի առանձին իրավական կառուցվածքներ մեծ ենթակառուցվածքային բաղադրիչների համար՝ կախված լրացուցիչ ուսումնասիրությունից և վերլուծությունից: Ակնկալվում է, որ յուրաքանչյուր կազմակերպություն կունենա կառավարման, ֆինանսավորման և շահագործման մոդելներ, որոնք կհամապատասխանեն կոնկրետ ենթակառուցվածքի տեսակին և ռազմավարական նկատառումներին: Բոլոր հատուկ նշանակության կազմակերպությունները սկզբում պետք է հիմնադրվեն ԹՐԻՓՓ զարգացման ընկերության կողմից՝ այն ընկալմամբ, որ մասնավոր հատվածի ներդրումային հնարավորությունները կարող են քննարկվել հետագա փուլերում՝ յուրաքանչյուր դեպքի համար առանձին: 

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ 

Հիմնարար սկզբունքներ

Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննարկելի։ Ակնկալվում է, որ սահմանային և մաքսային բոլոր գործունեությունները կիրականացվեն սահմանային կառավարման միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան՝ պահպանելով օգոստոսի 8-ի հռչակագրի սկզբունքները՝ օգտագործելով «ֆրոնտ օֆիս – բեք օֆիս» (ընդունարան – գրասենյակ) գործառնական մոդելը։

Սահմանների համալիր կառավարում

Հայաստանը մտադիր է շարունակել զարգացնել և ներդնել սահմանների համալիր կառավարման ժամանակակից գործելակերպեր, ինչին ԱՄՆ-ն կարող է աջակցել տեխնիկական օժանդակությամբ՝ ներառյալ.

  • ռիսկերի վրա հիմնված ստուգման և մաքսային ձևակերպման ընթացակարգեր,
  • զննման ժամանակակից տեխնոլոգիաներ,
  • թվային մաքսային և սահմանային համակարգեր,
  • համակարգված միջգերատեսչական գործընթացներ,
  • Հայաստանի ծառայողների մասնագիտական ​​կարողությունների զարգացում։

Փորձնական նախագծեր

Հայաստանը մտադիր է իրականացնել փորձնական նախագծեր օպտիմալացնելու՝

  • մաքսային նախնական ձևակերպման ընթացակարգեր,
  • թվայնացված փաստաթղթաշրջանառություն և մշակում,
  • «մեկ կանգառ» սահմանային կետի հայեցակարգեր,
  • տեխնոլոգիայի կիրառմամբ ռիսկերի գնահատում,
  • հարևան երկրների հետ համակարգված սահմանային կառավարում։

«Ֆրոնտ օֆիս – բեք օֆիս» գործառնական մոդել

Ակնկալվում է, որ Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության պահպանմամբ ԹՐԻՓՓ-ի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կկիրառվի «ֆրոնտ օֆիս – բեք օֆիս» մոդելը՝ օգտագործելով թվային գործիքներ անխոչընդոտ կապը դյուրացնելու համար։

«Ֆրոնտ օֆիս» (երրորդ կողմ օպերատորներ)

Նախատեսվում է, որ ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հետ պայմանագիր կնքած մասնավոր օպերատորները կմատուցեն հաճախորդների առերես սպասարկման ներքոնշյալ ծառայությունները.

  • փաստաթղթերի նախնական հավաքագրում ստուգման համար,
  • տեղեկատվության և ուղեցույցի տրամադրում օգտվողների համար,
  • առևտրի և տարանցման վճարների հավաքագրում և վճարումների մշակում: ՀՀ հարկերը, մաքսային տուրքերը և այլ պարտադիր վճարները պետք է ուղղակիորեն գանձվեն ՀՀ պետական ​​բյուջե՝ համաձայն գործող օրենսդրության և հարկաբյուջետային ընթացակարգերի,
  • դյուրացում և համակարգում,
  • վարչական աջակցություն։

«Բեք օֆիս»  (ՀՀ պետական ​​մարմիններ)

ՀՀ մաքսային և սահմանային պաշտոնյաներն իրացնում են բոլոր ինքնիշխան իրավասությունները՝ համաձայն ՀՀ ներքին օրենսդրության և միջազգային համաձայնագրերի.

  • մաքսային վերջնական որոշումներ և ձևակերպումներ,
  • անվտանգության ստուգում և իրականացում,
  • միգրացիոն վերահսկողություն,
  • իրավապահ գործողություններ,
  • թույլտվություններ և հաստատումներ,
  • զննում և ստուգում։

Հստակ իրավազորություն

  • «Ֆրոնտ օֆիսի» օպերատորներն աջակցում են, նրանք չեն որոշում,
  • Հայաստանի պաշտոնյաները ֆիզիկական ներկայություն են պահպանում Հայաստանի  սահմանային և մաքսային բոլոր հաստատություններում,
  • ինքնիշխան գործառույթների որևէ արտապատվիրակում չի իրականացվում։

Մաքսային ընթացակարգեր

Հայաստանը կշարունակի զարգացնել և ներդնել.

  • ռիսկի վրա հիմնված ընտրողականություն՝ բեռների ժամանակակից ստուգում՝ կենտրոնացված ֆիզիկական զննումներով,
  • տարանցիկ ռեժիմ՝ համապատասխան կնքմամբ և հետագծելիությամբ արդյունավետ ընթացակարգեր տարանցիկ ապրանքների համար,
  • նախնական ժամանման մշակում՝ փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացում և մշակում,
  • «մեկ պատուհանի» համակարգեր՝ առևտրային փաստաթղթերի ինտեգրված հարթակներ,
  • ներդաշնակեցված ընթացակարգեր՝ համապատասխանեցում միջազգային մաքսային չափանիշներին։

Անվտանգության գործողություններ

  • Հայաստանը պահպանում է լիակատար իրավազորությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում։
  • Ենթակառուցվածքային անվտանգության նախագծերը պետք է հաստատվեն Հայաստանի անվտանգության մարմինների կողմից։
  • Հայաստանի իշխանությունները գերակայություն ունեն բոլոր արտակարգ իրավիճակներում։
  • Մասնավոր գործառնական անվտանգության աշխատակիցները կարող են ընդունվել աշխատանքի՝ Հայաստանի կողմից լիցենզավորման դեպքում։

Տվյալների համակարգեր և ինքնիշխանություն

  • Սահմանային և մաքսային կառավարման համար կտեղադրվեն ժամանակակից տեղեկատվական համակարգեր։
  • Բոլոր կառավարական տվյալների համակարգերը կմնան Հայաստանի ինքնիշխան վերահսկողության ներքո։
  • Տվյալների փոխանակումն օտարերկրյա մարմինների հետ պահանջում է համապատասխան իրավական շրջանակներ։
  • Կիբերանվտանգության չափանիշները կհամապատասխանեն միջազգային լավագույն փորձին։
  • Անձնական տվյալների մշակումը համապատասխանում է Հայաստանի օրենսդրությանը։

Վերապատրաստում և կարողությունների զարգացում

Միացյալ Նահանգները մտադիր է համապատասխան միջոցների առկայության դեպքում նպաստել Հայաստանի սահմանապահ և մաքսային անձնակազմի համապարփակ վերապատրաստմանը և կարողությունների զարգացմանը՝ ներառյալ.

  • ժամանակակից մաքսային տեխնիկա և ընթացակարգեր,
  • տեխնոլոգիական համակարգերի շահագործում,
  • ռիսկերի գնահատում և տեղեկությունների վերլուծություն,
  • մասնագիտական ​​բարեվարքություն և էթիկա,
  • միջազգային փոխանակման ծրագրեր։

Ապաստան հայցողների համար նախատեսված գումարը պետք է շտապ վերանայվի

Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ-ում ապաստան հայցողների իրավունքների կոպիտ խախտման վրա։
«Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ Հայաստանում ապաստան հայցողներն ունեն կացարանի իրավունք և պետք է տեղավորվեն Ժամանակավոր տեղավորման կենտրոնում, որտեղ նրանց տրամադրվում է օրական երեքանգամյա սնունդ, սպիտակեղեն, անձնական հիգիենայի պարագաներ, ինչպես նաև անհրաժեշտ հագուստ ու կոշիկ։ Սակայն նույն օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է, որ կենտրոնում տեղավորման անհնարինության դեպքում այն անձանց, որոնք չունեն կենսաապահովման հնարավորություն, տրամադրվում է դրամական օգնություն՝ Կառավարության սահմանած կարգով։
Համաձայն այդ կարգի՝ տրամադրվող ամսական գումարը կազմում է ընդամենը 20,000 դրամ դիմումատուին և 15,000-ական դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ ընդամենը երեք ամիս ժամկետով։
Ստացվում է մի իրավիճակ, երբ որպես կացարանի, սննդի, հագուստի և հիգիենայի պարագաների այլընտրանք պետությունն առաջարկում է առերեւույթ անհամաչափ գումար, որով անհնար է ապահովել նվազագույն կենսապայմանները։ Ներկայում հարյուրավոր ապաստան հայցողներ պարզապես մնացել են առանց տանիքի, սոված ու զրկված տարրական հիգիենայից, ձմեռային հագուստից՝ չունենալով գոյատևման ոչ մի իրական հնարավորություն։
Այս խնդիրը ոտնահարում է մարդու արժանապատվությունը և անձին դնում անելանելի վիճակի մեջ։ Անհրաժեշտ է անհապաղ վերանայել դրամական օգնության չափը և այն համապատասխանեցնել օրենքով երաշխավորված կենսապահովման պայմաններին՝ սահմանելով իրատեսական գումար, որով անձը կկարողանա իրականում հոգալ կացարանի, ուտելիքի և հագուստի նվազագույն ծախսերը։

 

Հադրութցի Արման Հայրիյանը դարձավ «Երազանքի բեմ» մրցույթի հաղթող

ATV-ն ավարտել է իր նոր երաժշտական ​​նախագիծը՝ «Երազանքի բեմը», որը նախատեսված է Հայաստանից, Արցախից և Սփյուռքից տաղանդավոր երիտասարդ երգիչներին բացահայտելու և մեծ բեմ բերելու համար: 14 փուլից և եզրափակչից հետո 13-ամյա Արման Հայրիյանը Հադրութից (ԼՂՀ) ճանաչվել է հաղթող, ըստ «Голос Армении»-ի:

Արման Հայրիյանը Հադրութի Դիզակ-ԱՐՏ կենտրոնի շրջանավարտ է և բազմաթիվ մրցանակների է արժանացել հայկական և միջազգային երաժշտական ​​մրցույթներում: Անցյալ տարի Արմանը մասնակցել է Մոսկվայում կայացած «Մեծ բեմ 2025» միջազգային երաժշտական ​​մրցույթին և փառատոնին և արժանացել պատվավոր մրցանակի՝ 13-15 տարեկանների տարիքային խմբում զբաղեցնելով երկրորդ տեղը երեք բրոնզե մեդալակիրների շարքում:

Արմանը ծնվել է Հադրութի շրջանի Տող գյուղում: 2020 թվականի 44-օրյա պատերազմից և բռնի տեղահանությունից հետո տղան դադարեցրել է երաժշտության դասերի հաճախելը: Սակայն շուտով Երևանում վերաբացվել է «Դիզակ-արտ» մշակութային կենտրոնը՝ միավորելով ամբողջ Արցախից եկած երեխաներին և դեռահասներին, ովքեր հայտնվել էին հայրենիքից հեռու: Մյուս երեխաների հետ միասին Արմանը վերադարձել է վոկալի և երաժշտության դասերի: Միաժամանակ սկսվեց նրա կարիերան որպես վոկալիստ՝ նա հաջողությամբ մասնակցեց մի շարք մրցույթների և փառատոների։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Երևանում բացվեց «ԴիզակԱրտ» երիտասարդական մշակութային կենտրոնը, որը հետագայում դարձավ համանուն հասարակական կազմակերպության հիմքը։ Կազմակերպության նպատակն է պահպանել Հադրութի շրջանի փրկված նյութական և ոչ նյութական մշակութային և պատմական արժեքները։ Հիմնադրումից ի վեր կենտրոնը ակտիվորեն ընդլայնել է իր գործունեությունը ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում։ Երիտասարդական մշակութային կենտրոններ են բացվել Երևանում և Աբովյանում, որտեղ արցախցի փախստական ​​երեխաները ստանում են անվճար մշակութային կրթություն։ Գործում են տարբեր խմբակներ, այդ թվում՝ վոկալի, ազգային պարի, նկարչության, կիրառական և թատերական արվեստի։ Երեխաները նաև սովորում են նվագել հայկական ազգային երաժշտական ​​գործիքներ և մասնակցում են տարբեր հայկական և միջազգային ստեղծագործական մրցույթների՝ արժանանալով մրցանակների։

Արսեն Աղաջանյան

Պապիկյանը Արցախի ԱԺ-ի մասին․ Ես նման ինստիտուտ չեմ ճանաչում, նրանք վիրտուալ մարդիկ են

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ Արցախի ԱԺ նախագահ, Արցախի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Դանիելյանի հրամանագրին՝ Կարեն Շաքարյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից զրկելու մասին։

«Ես նախ նման ինստիտուտ չեմ ճանաչում եւ բացառում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում օրիանական կառավարությունից զատ որեւէ այլ մարմին կարող է լինել ու գործել։ Ինչ-որ մտածածին, առոչինչ, գուցե վիրտուալ մարդիկ, իրենց վիրտուալ որոշումներով համացանցը լցնում են, դուք էլ օգնում եք, որ դրանք տարածվեն։ Բոլորին պարզ է, որ դրանք առոչինչ ակտեր են կամ ինչ-որ շրջանակի սփոփելու, իրենց գոյությունն ու ներկայությունը եւս մեկ անգամ մատնանշելու համար է արվում։ Սա իմ քննարկելու բանը չէ, եթե կարիք լինի, որ սրան արձագանքեն իրավապահ մարմինները, համապատասխան մարմինները կարձագանքեն»։

Պապիկյանն ասաց, որ Կարեն Շաքարյանն այն մարդն է, ում հետ ծառայած զինծառայողները վստահաբար կարող են ասել, որ նա մշտակես ծառայել է Հայաստանի Հանրապետությանը եւ կոչումների է արժանացել հիմնականում հայրենիքին մատուցած ծառայությունների համար։

Անդրադառնալով եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ակցիաներին զինվորականների մասնակցությանը, Սուրեն Պապիկյանն ասաց․ «Բանակը ոչ մի կերպ չի կարող ներքաշվել քաղաքական պրոցեսների մեջ, սա ես բացառում եմ ամբողջությամբ։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ պաշտպանության նախարարը խրախուսի, որ զինված ուժերն ինչ-որ բանի մասնակցեն։ Այդ ժամանակ դուք կարձանագրեք 1, 2, 3 հոգու, թե՞ կհազարավոր եւ տասնյակ հազարավոր մարդկանց»։

Պապիկյանը հայկական դիրքերը հանձնելու համար մեղադրեց այն ժամանակվա պաշտոնյաներին

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրավիրած ասուլիսում, անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանի զորքերը չեն լքում ՀՀ տարածքը, ասաց․ «Այս հարցերը կարգավորվելու են սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում։ Եվ այդ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել, սա կառավարության դիրքորոշումն է ըստ էության, որը ես ամբոջղությամբ կիսում եմ։ Կարծում եմ՝ սա այն լուծումն է, որը կապահովի երկարաժամկետ խաղաղություն մեր տարածաշրջանում»։

Պապիկյանն անդրադարձավ այն տեղեկություններին, թե Սեւ լճի տարածքում կան հայկական դիրքեր, որտեղ հասնելու համար հայ զինծառայողներն ստիպված անցնում են ադրբեջանական անցակետի կողքով, եւ ադրբեջանցիները ստուգում են հայ զինծառայողներին։ Ըստ Պապիկյանի՝ հարցը վերաբերում է 2021 թվականի մայիսից հետո ստեղծված իրավիճակին, խոսքը Սեւ լճի տարածքում մի դիրքի մասին է, մեր զինծառայողներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, բայց նրանց չեն ստուգում։

Խնդիրն հետեւյալն է՝ կամ պետք է այդ դիրքը թողնենք, կամ պետք է անցնենք ադրբեջանական դիրքի կողքով։ Սա հստակ է, ես չեմ եղել դրա հեղինակը, ես չեմ դրա միակ շահառուն։ Դիրքը թողնելու պարագայում դուք ինձ պետք է մեղադրեք հայրենիքի ինչ-որ հատված զիջելու մեջ։ Փաստացի այն, ինչ նկարագում եք, դա տեղի չի ունենում։ Այո, կա իրականություն, որը հետեւյլան է՝ մեր զինվորներն անցնում են ադրբեջանական դիրքի կողքով, բայց նրանց չեն ստուգում։ Նաեւ դրա մասին խոսում են մարդիկ, ովքեր 2021 թվականին եւ դրանից հետո պատասխանատվություն են կրել։ Դուք էլ ակտիվորեն լուսաբանում եք այդ մարդկանց, հարց տվեք, ասեք՝ էդ ո՞նց է այդ դիրքը հայտնվել այդ դիրքում, հարգելի նախկին պաշտոնյաներ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ այն ժամանակ պաշտպանության նախարարը Վաղարշակ Հարությունյանն էր։ Նրան այդ պաշտոնում 2021-ի օգոստոսին փոխարինել է Արշակ Կարապետյանը, որը 2021 թվականի մայիսին Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։ 

2025-ի նոյեմբերին Արշակ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել 2021 թվականի մայիսին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Սյունիքի և Գեղարքունիքի տարածքներ ներխուժելու և օկուպացնելու կապակցությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի տվյալներով՝  Կարապետյանը տվել է անօրինական նահանջի հրաման, որի արդյունքում հայկական առաջապահ ստորաբաժանումները լքել են իրենց դիրքերը, որոնք հետագայում զբաղեցրել են ադրբեջանական ուժերը։ Կարապետյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ, քանի որ նա լիազորություն չի ունեցել իր զորքերին նահանջելու հրաման տալու։

Ինքը Կարապետյանը պնդում է, որ այն ժամանակ իրենք շրջապատել էին ադրբեջանական դիվերսանտներին, սակայն Փաշինյանը “հիստերիկայի մեջ” հրամայել է հետ քաշվել, և համարյա շրջափակման մեջ հայտնվել են հայկական զորքերը։ 

Անհասկանալի է, թե ինչպես է Փաշինյանը այդքանից հետո Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարար նշանակել։ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԽ նիստոմ ստորև։

Հիշեցնենք նաև, որ 2020-ի դեկտեմբերին, երբ պատերազմից հետո պաշտպանության նախարար նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը, նա, որոշ տեղեկությունների համաձայն, ինչ-որ հուշագիր է ստերագրել ռուսական կողմի հետ, որին փոխանցվել է Կապան-Գորիս ճանապարհի մի հատվածի վերահսկողությունը։ Ռուսական կողմն էլ անմիջապես փոխանցել է ճանապահի 21 կմ-ի վերահսկողությունը Ադրբեջանին։ Մինչ օրս այդ ճանապարհը չի գործում։

Եւ Հարությունյանին, և Կարապետյանին արդարացիորեն մեղադրում են ռուսական կողմի ցուցումով զիջումների մեջ, սակայն մնում է կարևոր հարցը՝ ո՞վ է նշանակել այդ մարդկանց ՀՀ պաշտպանության նախարար, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն ևս գործում էր (է) Կրեմլի հրահանգներով։

2026-2028 թ. նախատեսվում է 150 մլրդ դրամ հատկացնել տեղական ռազմարդյունաբերության ոլորտին

2018 թվականից հետո Հայաստանի պաշտպանության ծախսերն ավելացել են 1,1 մլրդ դոլարով։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նա նշեց, որ եթե 2018 թվականին պաշտպանության ծախսերը կազմել են 245 մլրդ դրամ, ապա 2025 թվականին՝ 664 մլրդ դրամ, այն է՝ 1 մլրդ 741 մլն 604 հազար դոլար։

Նա նշեց, որ շատ են քննադատություններն այն մասին, որ պաշտպանության ոլորտին տրամադրվում են քիչ ծախսեր։ Այինինչ, ըստ Պապիկյանի, թվերն այլ են փաստում։

Անդրադառնալով սպառազինության գնմանը՝ նախարարն ասաց․ «Կարեւոր եմ համարում սպառազինության, ռազմական տեխնիկայի ձեռքբերման շուկաների դիվերսիֆիկացիան։ Բայց նաեւ կարեւորում եմ տեղական արտադրության զարգացումը։ 2022 թվականին տեղական ռազմարդյունաբերության հետ պայմանագրերի ծավալը կազմել է 9,5 մլրդ դրամ։ Այսօր գործող պայմանագրերով այն հասել է 170 մլրդ դրամի, որ մեծ մասն արդեն մատակարարված է։ Բայց նաեւ կարեւորում եմ, որ 2026-2028 թվականների եռամյա ծրագրով կառավարությունը նախատեսում է հատկացնել 150 մլրդ դրամ տեղական ռազմարդյունաբերության ոլորտին»։

Ուկրաինական լիթիում և հայկական TRIPP. война войной, а обед по распорядку

Ուկրաինան Կիրովոգրադի մարզի Դոբրա հանքավայրում լիթիումի արդյունահանման իրավունքը շնորհել է Dobra Lithium Holdings ներդրողների խմբին, որը կապված Միացյալ Նահանգների հետ: Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն երկուշաբթի՝ հունվարի 12-ի երեկոյան Telegram-ի միջոցով հայտարարել է լիթիումի հանքավայրի շահագործման մրցույթի հաղթողի մասին:

Ըստ The New York Times (NYT)-ի՝ ամերիկյան խմբի ներդրողներից մեկը միլիարդատեր Ռոնալդ Ս. Լոդերն է, կոսմետիկայի կայսրության ժառանգորդը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ընկերը։

Հիշեցնենք, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգները ստորագրել են համաձայնագիր, որով ուկրաինական հազվագյուտ մետաղների արդյունահանման իրավունքը փոխանցվել է Միացյալ Նահանգներին։ Եվ թեկուզ պատերազմը շարունակվում է, Միացյալ Նահանգները ապահովում է ուկրաինական լիթիումի նկատմամբ իր իրավունքները։

Ի դեպ, նույնը տեղի է ունենում նաև Հայաստանում, որտեղ Իրանում անկայունության ֆոնին ակտիվորեն քննարկվում է հայ-իրանական սահմանին «Թրամփի ճանապարհը»։

Միացյալ Նահանգների առևտրի և զարգացման գործակալության (USTDA) տարածաշրջանային տնօրեն Կարլ Կրեսի ղեկավարած պատվիրակությունը Բաքվից կայցելի Հայաստան, հայտնել է Երևանում ԱՄՆ դեսպանատունը: Պատվիրակությանը Բաքվում երեկ ընդունել էր Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը: Ամերիկյան և ադրբեջանական կողմերը քննարկել էին «Թրամփի ուղի» նախագծի իրագործման հեռանկարները։

Հունվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում. Այցի ծրագրում ներառված է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Հայաստանի ԱԳՆ–ից հայտնում են, որ նախատեսվում է «ԹՐԻՓՓ»-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն:

 

Նովոկուզնեցկի ծննդատանը ինը նորածին է մահացել

Նովոկուզնեցկի ծննդատանը Նոր տարվա տոների ընթացքում մահացել է ինը նորածին։ Հիվանդանոցը կարանտինացվել է շնչառական վարակի պատճառով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին, և NGS42-ը՝ հղում անելով Կուզբասի առողջապահության նախարարության աղբյուրին։

Գործակալությունը նշել է, որ Կուզբասի առողջապահության նախարարը հաստատել է Նովոկուզնեցկի ծննդատանը նորածինների մահվան փաստը։

NGS-ը հաղորդում է, որ խոսքը թիվ 1 ծննդատան մասին է, որտեղ եղել են օրեր, երբ օրական մահացել է երեք նորածին։ Բժշկական հաստատության կայքում տեղադրված ծանուցման մեջ նշվում է, որ հիվանդանոցը դադարեցրել է հիվանդների ընդունումը սահմանված կարանտինի ընթացքում՝ «ծննդատանը շնչառական վարակների դեպքերի գերազանցման պատճառով»։