«Ոսկե գլոբուս» 83-րդ մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Լոս Անջելեսում: «Համնեթ»-ը հաղթեց «Լավագույն դրամատիկ ֆիլմ» անվանակարգում, իսկ «Մարտ առ մարտ»՝ «Լավագույն կատակերգություն» անվանակարգում: Թիմոթի Շալամեն հաղթեց ամենամրցակցային անվանակարգերից մեկում: «Ոսկե գլոբուս»-ը դեպի «Օսկար» մրցանակաբաշխության գլխավոր քայլն է։
«Համնեթ»-ում գլխավոր դերերում են Փոլ Մեսկալը և իռլանդացի դերասանուհի Ջեսի Բաքլին, որը «Ոսկե գլոբուսում» արժանացավ «Դրամա» ֆիլմում լավագույն դերասանուհի անվանակարգում՝ Ագնես Շեքսպիրի դերակատարման համար։
Փոլ Թոմաս Անդերսոնի «Մարտ առ մարտ» ֆիլմը ճանաչվեց «Լավագույն ֆիլմ՝ մյուզիքլ կամ կատակերգություն» անվանակարգում: Նա ինքը հաղթեց «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում: Սև կատակերգությունը, որտեղ Լեոնարդո ԴիԿապրիոն խաղացել էր գլխավոր դերը, նաև հաղթեց «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն սցենար» անվանակարգերում։
Բրազիլացի դերասան Վագներ Մոուրան ճանաչվեց «Լավագույն դրամատիկ դերասան»՝ «Գաղտնի գործակալ» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը կապ է հաստատել իր հետ՝ բանակցությունների խնդրանքով: Սպիտակ տան ղեկավարը հայտարարությունն արել է կիրակի՝ հունվարի 11-ին, Air Force One ինքնաթիռում։
«Իրանի ղեկավարները զանգահարել են», – ասել է Թրամփը՝ նշելով, որ «հանդիպում կկազմակերպվի»: «Նրանք ցանկանում են բանակցություններ վարել», – ասել է նա: Այնուամենայնիվ, «մենք կարող ենք գործել հանդիպումից առաջ», – հավելել է Թրամփը՝ առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու։
Թեհրանը դեռևս չի մեկնաբանել ԱՄՆ նախագահի հայտարարությունները։
Իրանի վերջին շահի ավագ որդին՝ Ռեզա Փեհլավին, հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Իրան զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին և կոչ է արել ԱՄՆ ղեկավարներին գործել «վճռական» պահին: Փեհլավին կիրակի՝ հունվարի 11-ին, ելույթ է ունեցել Fox News-ի «Sunday Morning Futures» հաղորդման ժամանակ։
«Դուք արդեն իսկ ստեղծել եք ձեր ժառանգությունը որպես խաղաղությանը և չար ուժերի դեմ պայքարին նվիրված մարդ», – դիմելով Սպիտակ տան ղեկավարին՝ ասել է շահի որդին՝ նշելով. «Կա մի պատճառ, թե ինչու են Իրանում մարդիկ փողոցները վերանվանում ձեր անունով։ Նրանք (իրանցիները – խմբ.) գիտեն, որ դուք Բարաք Օբամայի կամ Ջո Բայդենի լրիվ հակառակն եք։ Նրանք (ցուցարարները – խմբ.) գիտեն, որ դուք նրանց այլևս չեք անտեսի, ինչպես նախկինում է եղել», – ավելացրեց նա։
Կիրակի առավոտյան Տաթևի վանքում մի կին քահանայից օրհնություն է ստանում, պատերն արձագանքում են «Սուրբ-Սուրբը», ինչ-որ մեկը որդու հետ եկել է մոմ վառելու։ Ձմռան կապույտ երկքով անցնում է ճոպանուղին, որը միանգամից Ռուբեն Վարդանյանի մասին է հիշեցնում եւ որ գներն անհասանելի են դարձել տեղացիների համար` 9,000 դրամ: Եկեղեցու հարեւանությամբ չրեր, ուրցի, մասուրի թեյեր, գործված խաղալիքներ ու տարբեր հուշանվերներ են վաճառում տեղացիները։ Նրանցից մեկը քահանայի բրդյա կամ բամբակյա ժիլետն է հյուսում-վերանորոգում։ Քահանան այն նետել չի ցանկացել, քանի որ նվեր է, և խնդրել է այս կնոջը վերանորոգել այն։
Իմանալով, որ ես զբոսաշրջիկ չեմ, կինն ինձ գնումներ անել չառաջարկեց, խորհուրդ տալով Դիմոյի (Դմիտրի) հետ ծանոթանալ, ով գրեթե նույն իրերն է վաճառում, բայց նրա տաղավարն ավելի աղքատիկ է, քան «մրցակիցներինը»։ Ես Դիմոյին ճանաչում եմ մանկուց. նա տատիկիս հարևանն էր մեր գյուղում՝ Արցախում։ Հիմա նա հավաքում է այն, ինչ բնությունը տալիս է Տաթևի շրջակա անտառներից, և վաճառում եկեղեցու մոտ։ Ասում է, որ այս սեզոնին հազիվ 1000 դրամ է վաստակում օրական և սպասում է զբոսաշրջիկների սեզոնի բացմանը։
Ճաղ անող կինը կասկածում է, որ արցախցիները կվերաբնակվեն Սվարանց գյուղում, որը գտնվում է Տաթևի վանքից 4 կմ հեռավորության վրա։ «Էհ, ո՞վ է կհամաձայնվի այնտեղ ապրել», – հոգոց է հանում նա։
Ուլիանան
«Երբ մենք ստիպված լքեցինք Արցախը 2023-ին, ամուսինս որոշեց. «մի փոքր կանգառ Հայաստանում և` Ռուսաստան, չի սակարկվում», բայց մարդիկ մեզ այստեղ այնքան ջերմ ընդունեցին, որ մենք որոշեցինք մնալ։ Ամուսինս անգամ «ռազվեդկի» էր գնացել այնտեղ, բայց երբ վերադարձավ, ասաց. «չէ, դա ապրելու տեղ չէ»։ Ամեն դեպքում, իմ հայրենի գյուղացիներից շատերն են Ռուսաստան մեկնել։ Ոմանք վերադառնում են, ոմանք` ոչ։ Ռուսաստանը այն չէ, ինչ մինչեւ ուկրաինական պատերազմը, դրա համար էլ շատերը վերադառնում են։ Ի՞նչ անել, մի պատերազմից մյո՞ւսը գնալ։ Ես անձամբ երկու ընտանիք գիտեմ մեր գյուղից, որ հետ են վերադարձել», – ասում է Ուլիանան, ով Մարտակերտի շրջանի Մաղավուզից է եւ բարեկամ մի ընտանիքի հետ Տաթև համայնքի Սվարանց գյուղում է հաստատվել։
Թուֆենկյան հիմնադրամն այստեղ 10 նոր տուն է կառուցել Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար, և կարմիր կտուրնեն արդեն փայլում են գյուղ տանող հողե ճանապարհից:
Ուլիանայի ընտանիքը նույնպես ցանկանում է տեղափոխվել այդ տներից մեկը։ «Ճիշտ է, սա մեծ տուն է, որտեղ հիմա բնակվում ենք, բայց այնքան խոնավ է, որ անգամ մուրաբաների տարաների կափարիչներն են ժանգոտում: Հողամաս կա, բանջարեղեն կաճեցնենք, կանաչի կցանենք, պտղատու ծառեր կտնկեք։ Այս պահին 40 գլուխ անասուն ունենք: Գյուղում ես ապրում` պիտի գյուղատնտեսությամբ զբաղվես, բայց քաղաքում ապրողին էլ եմ հասկանում, բոլորը չէ, որ կարող են ապրել գյուղական կյանքով։ Արցախի բնակչության կեսը Ստեփանակերտում է ապրել, բանկերում, դեղատներում կամ որևէ այլ պետական հիմնարկներում են աշխատել, գալով էլ նախընտրում են Երևանումում ապրել՝ հույսով, որ համապատասխան աշխատանք կգտնեն», – ասում է Ուլիանան։
Շատ է խոսվել, որ բնականարանային հարցն ամենացավոտ է արցախցիների համար։ 2025 դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանի նիստում քննարկվել է Ասիական զարգացման բանկի հետ 250 միլիոն դոլարի վարկային պայմանագիր հաստատելու մասին որոշման նախագիծ, որն ուղղված էր արցախցիների բնակարանային խնդիրները լուծելուն: Նիստի ընթացքում հայտնի դարձավ, որ 26,000 արցախահայեր ստացել են նոր հայկական անձնագրեր (չնայած նրանք բոլորն վաղուց ունեն այն, սրա մասին էլ քիչ չի խոսվել), 3,800 ընտանիք դիմել է բնակարանային վկայականների համար, և մինչ օրս միայն 1,800 ընտանիք (6%) է կարողացել բնակարան գնել։
Մինչդեռ, Ստեփանակերտի դիմագիծն այսօր գրեթե ամբողջությամբ փոխվել է։ Ադրբեջանցիները քանդում են ամբողջ թաղամասեր, սպիտակ ներկում շենքերը և բնակեցնում դրանք «մեծ վերադարձի» ծրագրով։
«176 «տեղահանվածներ» վերադարձել են «Աղդարա», հաղորդում է Azerbaijan News24-ը: Մարտակերտցիների դեմքերն հաստատ այսպիսին չէր լինի, եթե նրանք այսօր վերադառնան այնտեղ, եւ պարզ կդառնար, թե ով է տան իսկական տերը:
Ինչեւէ, այն, ինչ Հայաստանի կառավարությունը չի կարող կամ չի ցանկանում անել, Սփյուռքն է փորձում ձեռք հասցնել, ինչը դարձյալ խնդրի լուծում չէ, բայց անգամ եթե մեկ ընտանիք սեփական կտուր կունենա գլխավերեւում` արդեն լավ լուր է։
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվող առաջին տասը տները գրեթե պատրաստ են։ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Յակոբ Իփճեանը ներկայացնում է Սվարանցի նորակառույց տները՝ ծանոթացնելով այս փուլում կատարված շինարարական աշխատանքներին։ «Ե՛կ Սվարանց»-ը Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի կողմից Սյունիքի մարզում իրականացվող ենթակառուցվածքային և համայնքային զարգացման համալիր ծրագրի մաս է կազմում։ Նորակառույց թաղամասը՝ նախատեսված Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար, գտնվում է Տաթև համայնքում։
«Հաշվի առնելով գյուղական կյանքի մարտահրավերները, մենք թիրախավորել ենք այն վերաբնակիչներին, ովքեր նախկինում իրենց ապրուստը վաստակել են գյուղատնտեսությամբ: Մեր ուշադրության կենտրոնում են մանկահասակ երեխաներով ընտանիքները, որպեսզի նրանք նաև նպաստեն իրենց հյուրընկալող գյուղերի աճին ու զարգացմանը: Միաժամանակ մենք նպատակ ունենք պատրաստել ֆերմերների նոր սերունդ, ովքեր կարող են վերաբնակեցնել իրենց հայրենի գյուղերը Արցախում, երբ դրա հնարավորություն առաջանա: Բացի այդ, մենք ուսումնասիրում ենք բնակարանային լուծումներ տարբեր ժողովրդագրական խմբերի, այդ թվում՝ տարեց անհատների և փոքր ընտանիքների համար, ոչ միայն Սյունիքում, այլև Հայաստանի այլ շրջաններում։ Այս փուլը կենտրոնանում է խորհրդատվության և համապարփակ կարիքների գնահատման վրա՝ ապահովելու համար, որ ապագա ծրագրերը լինեն ներառական և կայուն», ասում է Յակոբ Իփճեանը:
Սվարատնցում դպրոց կա, Ուլյանայի ասելով՝ մոտավորապես 20-23 աշակերտ: Մի աշակերտ էլ հարևան Տանձատափում կա, և երբեմն Ուլյանայի երեխաներից մեկն այնտեղ է հաճախում՝ կրկնապատկելով այդ թիվը մինչև երկու։ Նա նաև ասում է, որ Սվարանցում ապրում է 38 ընտանիք, որոնց թիվն ավելացել է երկու արցախցի ընտանիքներով։ Գյուղի միակ բժիշկը հիվանդացել եւ բժշկի է գնացել Երեւան: Անհրաժեշտության դեպքում Տաթեւի ԲԿ են գնում սվարանցցիները: Երկուշաբթի տրանսպորտ է գալիս գյուղ և մեկնում Գորիս: Ուլիանան ասում է, որ գյուղում մթերքի գները բարձր են, և նրանք ձեթ, վերմիշել, բրինձ ու հնդկաձավար Գորիսից են գնում: «Առաջին տարին, երբ մենք այստեղ եկանք, տարբեր ՀԿ-ներ օգնեցին անհրաժեշտ իրերով ու սննդով, Կարմիր խաչը, Մարդիկ կարիքի մեջն է օգնել, հիմա արցախցիներին հանդեպ ուշադրություն չկա, մենք էլ ստիպված ինքներս ենք մեր գլխի ճարը փորձում տեսնել: », – ասում է նա:
Մի բարերար գյուղին տրակտոր է նվիրել, որն օգտագործում է Ուլիանայի ամուսինը։ Ուլիանայի բարեկամը` Բելլան, նույնպես որոշել է մշտապես բնակվել Սվարանցում։ «Բախտս բերել է, ես գոնե վարձ չեմ տալիս` ի տարբերություն Ուլիանայի», – ասում է Բելլան։
«Այստեղ վատ չէ, բնությունը գրեթե նույնն է, ինչ Մաղավուզում։ Տանձ, սև սալոր, պոպոկ, հոն, ամեն ինչ կա, բայց դե իհարկե, կարոտում ենք մեր տունը։ Հասարակ օրինակ. ափսեն դնում եմ սեղանին, ակամա մտքերս ինձ իմ տուն են տանում, հիշում եմ, որ նույնն էի անում այնտեղ, անհնար է վերահսկել մարդկային զգացմունքները», – ասում է Ուլիանան։
Արցախահայերի շոկը դեռ չի անցնում «մեկօրյա պատերազմից» ու բռնի տեղահանումից հետո։ Բոլորի պատմությունը նույնն է, բոլորինը` տարբեր։
«Պատրաստվում էինք երեխու ծննդյան օրը նշել։ Գիտեք, բլոկադայի օրերին, ի տարբերություն Ստեփանակերտի, գյուղերում էլի մի բան գտնվում էր սեղանի համար։ Ես գյուղի ֆերմայի կովերն էի կթում: Դուստրս կաթ շատ է սիրում և անընդհատ պահանջում էր մի բաժակ կաթ: Ասում էի, որ պետք է հավասար բաժանեմ գյուղացիներին: Բայց ինչպե՞ս կարող ես դա բացատրել երեխաներին։ «Մի բաժակ կաթ տուր ու վերջ», պնդում էր նա։ Կեսօր էր, սեպտեմբերի 19-ին, հանկարծ մի հուժկու պայթյուն լսվեց. «Ի՞նչ է սա, մամ», – սարսափով հարցրեց դուստրս։ «Մի՛ վախեցիր, բեռնատարի կափարիչն է (капот) փակվել, ասում եմ ես: Հետո երկրորդը, երրորդը, հրետանին այլևս չէր լռում, չէինք կարողանում հասկանալ, ով ում վրա է կրակում։ Մոտակա ժայռի տակ էինք պատսպարվել, գյուղում նորմալ ապաստարաններ չկային։ Ինչեւէ, հետո հրահանգեցին, որ երկու ժամ ժամանակ ունենք իրեր վերցնելու եւ Ստեփանակերտ գնալու համար։ Ապշած կանգնել էի սենյակում եւ չգիտեի ինչ վերցնել: Չգիտեմ ինչու, պատից պոկեցի Աստվածածնի պատկերն ու վերցրի հետս։ Դա, մեկ էլ փոքր երեխուս լուսանկարը։ Մենք բեռնատար ունեինք, բայց չկարողացանք այն հանել: Գիտեք, այդ օրերին վառելիք չկար, այնպես որ 9 հոգով, ինչ-որ կերպ «Նիվան» խցկվեցինք և հեռացանք։ Իսկական քաոս էր, մեկը մյուսին օգնել չէր կարողանում», – հիշում է Ուլիանան։
Ուլիանան ու Բելլան անորոշ են պատկերացնում արցախահայերի ապագան։
«Բոլորի անունից խոսել չեմ կարող, բայց իրականությունն այն է, որ մարդիկ դեռ շարունակում են ապրել ուրիշների տներում՝ բախվելով սոցիալական, հոգեբանական և բյուրոկրատական դժվարությունների, որոշներն էլ արտագաղթում են։ Մինչեւ հիմա չեմ կարողանում վերականգնել սկեսուրիս և սկեսրայրիս փաստաթղթերը, մենք չկարողացանք դրանք մեզ հետ վերցնել, այնպիսի խուճապ էր։ 120,000 դրամ վճարեցինք փաստաբանին, բայց դեռևս ապարդյուն։ Դժվար է, հատկապես քաղաքում ապրողի համար։ Անհնար է և ապրել, և վարձ վճարել աշխատավարձով», – ասում է Բելլան։
2025 ապրիլին Հայաստանի կառավարությունը կասեցրել է արցախահայերի համար բնակվարձի 40+10, հազար փոխհատուցման ծրագիրը: Այժմ միայն երեխաներին և խոցելի խմբերին է վճարվում ամսական 30,000 դրամ:
«Երեք ամիս է՝ երեխաների փողը չենք ստացել, սոցապում ասում են՝ փոխանցել ենք, բանկն ասում է՝ չի նստել, մի տեղից մյուսն են ուղարկում», – ասում է Ուլիանան։
Իսկ երբ նրանց հարցնում ես Արցախի էջը փակվելու մասին` վրդովվում են. «Ո՞նց, քանի դեռ կան արցախահայեր, Արցախի էջը փակվել չի կարող», իսկ երբ հարցնում ես հնարավոր վերադարձի մասին, ուսներն են թոթվում. «Գուցե մի հրաշքով», – ասում է Բելլան․ անպայման, վստահեցնում է նրա ամուսինը։
«Ադրբեջանցիները սոցիալական ցանցերում Ստեփանակերտից շատ են կադրեր հրապարակում, Ֆրեդիկին էլ տեսած կլինեք, թե ոնց են ծաղրում խեղճ մարդուն, բայց մեր գյուղից տեսանյութեր չեմ հանդիպում», – ասում է Բելլան։
«Ինչ վերաբերում է Սյունիքին, նրանք դա չեն զգում, և դա բնական է, նրանք այս ամենի միջով չեն անցել, և փառք Աստծուն։ Մենք նույնպես չէինք հավատում այսպիսի ողբերգական ավարտին։ Ո՞վ կարող էր պատկերացնել, որ նրանք կվերցնեն ամբողջ Ղարաբաղը և կարտաքսեն ամբողջ բնակչությանը, ո՞վ կպատկերացներ, որ այս օրը կգա», – զարմացած հարցնում է Ուլիանան։
Իսկ երբ երեխաներին ես հարցնում, թե ինչ են հիշում Արցախից, հիշո՞ւմ են օրինակ իրենց դասընկերներին, նրանց դեմքերից հասկանալի է դառնում, որ հիշում են, բայց անուններն են մոռացել:
-Ուրիշ ի՞նչ ես հիշում Արցախից, – սա էլ հարց էլ Լաուրային (կլինի մի 7-8 տարեկան)՝ Բելլայի դստերը։
-Ըմմմ… պապուն գազիկը… կապույտ գույնի յա, – ասում է Լաուրան ու թաքնվում մոր հետևում։
Սվարանց:
Մարութ Վանյան
Նյութը պատրաստվել է The Armenian Mirror-Spectator-ի համար
Չնայած Իրանում բողոքի ցույցերը զուտ ներքաղաքակաին բնույթի են, գլխավոր ինտրիգը՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր միջամտությունն է: Վենեսուելայում գործողությունից հետո վերլուծաբանները խոսում են Իրանի իշխանությունների ֆիզիկական հեռացման հնարավորության մասին։
«ԱՄՆ-ի կողմից ռազմական հարձակման դեպքում մեր օրինական թիրախները կլինեն ինչպես օկուպացված տարածքը, այնպես էլ ամերիկյան ռազմական կենտրոններն ու նավատորմը», – կիրակի՝ հունվարի 11-ին, խորհրդարանի արտակարգ նիստի ժամանակ հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Օկուպացված տարածք» ասելով՝ Ղալիբաֆը նկատի ուներ Իսրայելը, որի գոյության իրավունքը չի ճանաչվում Իրանի ղեկավարության կողմից: «Մենք կգործենք սպառնալիքի ցանկացած օբյեկտիվ ցուցման հիման վրա», – սպառնացել է իրանցի քաղաքական գործիչը։
Իրանի հայտարարությունների ֆոնին Իսրայելը բարձր պատրաստվածության է անցել, հաղորդում է The Times of Israel-ը։
Ռոյթերսը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին, հաղորդել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երկուշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել: Նրանք քննարկել են «Իրանի գործերին ԱՄՆ-ի հնարավոր միջամտության հարցը»։
Ըստ Axios-ի՝ ԱՄՆ նախագահի վարչակազմը քննարկում է լայն շրջանակի միջոցառումներ՝ սկսած դիվանագիտական ճնշումից մինչև կիբերհարձակումներ և ռազմական սցենարներ։
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը հեռուստատեսային ուղերձով դիմել է ազգին։ Նա կոչ է արել քաղաքացիներին դուրս գալ փողոցներ՝ կանխելու համար արմատականների կողմից ցուցարարների պահանջները խեղաթյուրելը։
Ըստ Al Mayadeen հեռուստաընկերության՝ նախագահը վերջին անկարգությունների համար մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ պնդելով, որ նրանք փորձում են անկայունացնել երկիրը։ Նա նաև նշել է, որ իշխանությունները կշարունակեն տնտեսական բարեփոխումները՝ ցուցարարների նախնական պահանջները բավարարելու համար։
Պեզեշկիանը նաև կոչ է արել երիտասարդներին չմասնակցել անկարգություններին և նշել, որ ազգը չի ընդունի մզկիթների վրա հարձակումներին մասնակցածներին։
Associated Press (AP)-ի փոխանցմամբ՝ Իրանի խորհրդարանը անցկացնում է արտահերթ նիստ։ Նիստի ընթացքում որոշ անդամներ վանկարկել են «Մահ Ամերիկային»։
Ինչպես հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական մարդու իրավունքների կազմակերպություններին, երկրում տեղի ունեցած ցույցերի ընթացքում զոհվել է առնվազն 116 մարդ, իսկ ձերբակալվել է 2600 մարդ։ Ինտերնետը և միջազգային բջջային հեռախոսակապի ծառայությունը անջատվել են։
Թեհրանի նահանգային հրշեջ ծառայության պետ Քոդրաթոլլահ Մոհամմադին հայտնել է, որ անկարգությունների ընթացքում զինված ցուցարարները հրկիզել են 26 բնակելի շենք, 34 մզկիթ, 40 բանկ, 15 առևտրի կենտրոն, 13 կառավարական շենք և 50 տրանսպորտային միջոց, այդ թվում՝ հասարակական տրանսպորտ։
Կիրակի օրը քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈՒ) վերջին մարտիկները լքել են սիրիական Հալեպ քաղաքը։ Դա տեղի է ունեցել կրակի դադարեցման համաձայնագրի կնքումից հետո, որը հնարավորություն է տվել տարհանել մարդկանց մի քանի օր տևած մահաբեր բախումներից հետո, հայտնում է Ekhbariya հեռուստաալիքը։
Այս հեռացումը նշանակում է քրդական ուժերի դուրսբերում Հալեպի այն շրջաններից, որոնք նրանք վերահսկում էին 2011 թվականին Սիրիայում պատերազմի մեկնարկից ի վեր։ Միևնույն ժամանակ, քրդական ուժերը շարունակում են կառավարել կիսաինքնավար գոտին Սիրիայի հյուսիս-արևելքի մեծ մասում։
Թուրքիայի անվտանգության ծառայության աղբյուրները ակնարկել են քրդական խմբավորումների ներսում հնարավոր պառակտման մասին՝ հայտարարելով, որ Անկարան կապ է հաստատել քրդական որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նշել փոխզիջման պատրաստակամության մասին։
Գրենլանդիայում ԱՄՆ դերի ընդլայման Եվրոպայի հավանությունը կարող է լինել Ուկրաինայի մասով գործարքի մի մասը, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետի։
Նրա խոսքով՝ ԵՄ-ն կարող է համաձայնվել Գրենլանդիայում ԱՄՆ-ի ավելի ուժեղ դերի հետ՝ Վաշինգտոնի կողմից Ուկրաինային աջակցության երաշխիքների դիմաց։ Politico-ի աղբյուրը սա անվանել է «դառը հաբ», բայց ավելի նախընտրելի, քան ԱՄՆ-ի դուրս գալը բանակցային գործընթացից։
Միևնույն ժամանակ, Politico-ի աղբյուրները կարծում են, որ ԱՄՆ-ն Գրենլանդիայի դեպքում մի քանի տարբերակ ունի։ Օրինակ՝ կարող է քննարկվել ռազմական գործողությունը։ Դանիացի քաղաքական գործիչներից մեկի խոսքով՝ ամերիկացիները լուրջ դիմադրության չեն հանդիպի, ընդամենը հինգ զինվորական ուղղաթիռ կարող է բավարար լինել կղզին գրավելու համար, հաղորդում է RBC-ն։
«Հուսով եմ, որ նոր տարում հայերը կհասկանան. չի կարող խաղաղ համակեցություն լինել նրանց հետ, որ ցանկանում է քեզ ոչնչացնել։ Հուսով եմ, որ Հայաստանը չի արժանանա նույն ճակատագրին, ինչ Արցախը։ Բայց արդեն այսօր Հայաստանը ավելի ու ավելի է հայտնվում վտանգավոր կախվածության մեջ. բենզին Ադրբեջանից, ցորեն Ռուսաստանից՝ Ադրբեջանի տարածքով։ Սա արդեն տեղի է ունեցել Արցախի հետ։ Երբ անհրաժեշտ ամեն ինչ ներմուծվում է մեկ ճանապարհով, հենց այդ ճանապարհն են փակում ճիշտ պահին։ Այսպես սկսվեց Արցախի շրջափակումը. փակեցին միակ ճանապարհը, կտրեցին գազն ու էլեկտրաէներգիան և զրկեցին մեզ սնունդ ներմուծելու հնարավորությունից։ Արդյո՞ք սա իսկապես այդքան անհասկանալի է», – ասում է Աննա Սիմոնյանը, ով բռնի տեղահանվել է Արցախից։
Աննա Սիմոնյանը երկակի փախստական է եղել։ Խորհրդային տարիներին նա ապրել է Բաքվում։ Ադրբեջանում հայերի ջարդերից փախչելով՝ նրա ընտանիքը ստիպված է եղել տեղափոխվել Արցախ։ Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում նրանք կառուցել են իրենց տունը, մեծացրել իրենց երեխաներին և գոյատևել 1990-ականների պաշարման, ապա բոլոր չորս ղարաբաղյան պատերազմների և վերջին իննամսյա շրջափակման ժամանակ։
«Ես, իհարկե, ենթադրում էի, որ մեզ շատ փորձություններ են սպասվում։ Բայց չէի կարող պատկերացնել մեր հայրենիքի կորուստը, այն հողի կորուստը, որը ազատագրել ենք արյունով և հազարավոր կյանքերի գնով», – խոստովանում է նա։
Աննան հիշում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ը՝ մինչև ամենափոքր մանրուքը։ Արևոտ օր էր։ Առավոտյան երեխաները գնացին դպրոց, իսկ մեծահասակները՝ աշխատանքի։
«Ժամը 11-ի սահմաններում պայթյուններ սկսվեցին։ Իսկ երեկոյան մեր գյուղն արդեն տարհանվել էր», – հիշում է նա։
Խնապատի բնակիչները, ինչպես հազարավոր այլ մարդիկ, ուղևորվեցին Ստեփանակերտի օդանավակայան, որտեղ տեղակայված էին ռուս խաղաղապահները։
«Մենք երկու օր անցկացրինք օդանավակայանում։ Այնտեղ մարդիկ կային Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի գյուղերից և նույնիսկ Ստեփանակերտի արվարձաններից՝ մի քանի հազար մարդ։ Մենք առանց սննդի և ջրի էինք. շրջափակման իններորդ ամիսն էր, և տնից վերցնելու սնունդ չկար։ Շատերը նույնիսկ տաք հագուստ կամ վերմակ չունեին։ Մենք կարծում էինք, որ խաղաղապահները արագ կդադարեցնեն մարտական գործողությունները, և մենք կվերադառնանք տուն։ Բայց պարզվեց, որ սկսվել էր Արցախի հարկադիր տեղահանությունը»։
Երբ երկրորդ օրը Աննան մոտեցավ ռուս սպային՝ հարցնելու, թե ինչու խաղաղապահները չեն միջամտում և չեն պաշտպանում գոնե քաղաքացիական բնակչությանը, նա լսեց պատասխանը. «Մենք մանդատ չունենք, մենք չենք կարող միջամտել»։
Ճանապարհորդությունը դեպի Հայաստան տևեց մի քանի օր։ Աննայի ընտանիքը ճանապարհորդում էր մեկ շարասյունով։
«Սարսափելի օրեր էին։ Ջուր չկար, առավել ևս՝ սնունդ։ Այն քիչը, որ կար, կաթիլ-կաթիլ բաժանվում էր երեխաներին, տարեցներին և հղի կանանց։ Ցուրտ և անհանգստություն կար, գիտակցում, որ Արցախը օկուպացված է, որ կարող է վերադարձ չլինել», – ասում է նա։
Չնայած ապրած սարսափին, Աննան երախտագիտությամբ է լցված Հայաստանի ժողովրդի նկատմամբ։
«Մարդիկ մեզ դիմավորեցին հոգատարությամբ, տվեցին ջուր, սնունդ, տաք հագուստ և օգնեցին բժշկական զննումների հարցում։ Այս կարեկցանքն ու ջերմությունը իսկապես աջակցեցին մեզ։ Այսօր մենք ապրում ենք վարձակալած բնակարանում և ունենք լավ հարևաններ»։
Աննա Սիմոնյանը նշում է, որ 2025 թվականը հատկապես դժվար էր արցախցիների համար՝ հոգեբանորեն և սոցիալապես։ Բայց չնայած ամեն ինչին, նա չի կորցրել հույսը։
«Ո՞վ եմ ես այսօր՝ առանց տան և առանց հայրենիքի։ Բայց ես ամեն ինչ անում եմ, որ հավատամ վերադարձին։ Այն փաստը, որ մեր տունը ավերված է, ինձ չի վախեցնում. նորը կկառուցեմ դա առաջին անգամ չէ։ Բայց այն փաստը, որ մեր սրբավայրերը՝ սիրելիների գերեզմանները, ավերվում են, անտանելի է։ Դրա հետ անհնար է հաշտվել», – ասում է նա։
Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է Բաքվի ջարդերին։ 36 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի ջարդ էր տեղի ունենում։ Այսօր ՀՀ իշխանությունները չեն խոսում Ադրեբեջանի ցեղասպանական գործողությունների հետեւանքվով բռնի տեղահանված հայերի մարդկային կորուստների, նյութական ու բարոյական վնասների մասին, փոխարենը Ադրբեջանի իշխանություններն են նկրտումներ ներկայացնում ՀՀ նկատմամբ՝ առաջ քաշելով այսպես կոչված «արեւմտյան ադրբեջան» թեզը։
Մարիամ Ավագյանի խոսքով՝ 36 տարի առաջ հունվարի այս օրերին Բաքվում հայեր էին մորթում։ Ինչպես այդ օրերին ՊԱԿ-ի ղեկավար Վագիֆ Հուսեյնովն է վկայել, բանդիտ-ջարդարարների շուրջ 40 խմբեր՝ 50-300 հոգանոց, ստանում էին հանձնարարություն ու մղվում հայասպանության։ Երբեմնի հայկական Բաքուն վերածվել էր հայերի սպանդանոցի։ Դա խորհրդային Բաքվում էր, երբ հայությունը իսպառ զրկված էր համայնքային ինքնապաշտպանական հնարավորություններից, մատնված էր խորհրդային մեծապետական ու հակահայ վերաբերմունքին ու հայտնվել էր գենոցիդի ճիրաններում։ Հայության սպանդի մի վերջին հարվածն էր հայակերտ Բաքվում։ Հայեր կային, որոնք Բաքվում ցեղասպանություն վերապրում էին երկրորդ անգամ, երբ 1918 թվականի սեպտեմբերին փրկվել էին ու կրկին վերադարձել։ Հայկական Բաքուն կրկին անպաշտպան էր։ Լևոն Ադյանը ամեն անգամ հիշեցնում էր, որ 1918 թվականի սեպտեմբերի 15-17-ը Բաքվում շուրջ 30 հազար զինված հայ է սպանվել։ Իսկ 1990 թվականի հունվարի 13-19-ին քանի՞ անզեն հայ են ոչնչացրել, երբ արգելված էր պաշտպանել Ադրբեջանական ԽՍՀ քաղաքացուն, քանի որ նա հայ էր։
«1990 թվականի հունվարի հայկական ջարդերը Բաքվում սկսվել էին դեռևս 1988 թվականի գարնանը՝ սումգայիթյան ցեղասպանությունից հետո, երբ քաղաքի մետրոյում կամ որևէ փողոցում մորթում էին ազգությամբ հայի, որոնք, իհարկե, արտաքինով ու իրենց կեցվածքով խիստ տարբեր էին Բաքվում հայտնված թրքական տարրից։ 1989 թվականի դեկտեմբերից հարձակումները հայության վրա դարձան ավելի կանոնավոր ու մասշտաբային, իսկ 1990 թվականի հունվարի 13-ից հայասպան գործողությունների պլանները կազմվում էին միտինգների ժամանակ, տրվում էր հրահանգը ու բանդիտների խմբերը ցրվում էին գործողության, ու այսպես մինչև հունվարի 19-ը, երբ արդեն հակահայ տրամադրությունները ակնհայտորեն վերածվեցին հակառուս և հակասովետ տրամադրությունների, դե էլ հայ չէր մնացել, ի՞նչ հակահայություն։ Իսկ ցեղասպան ոհմակը, ինչպես իրենք էլ վկայում էին, երբ արյան հոտ էր առել, էլ կանգ առնելը, համարյա թե, դրա համար անհնար էր։ 2017 թվականին Այազ Մութալիբովը իր հարցազրույցում ասել է, որ Սումգայիթում բացահայտվեց, թե հայությունը ինչ վայրագի հետ է համատեղ ապրել նույն քաղաքային համայնքում, Բաքուն դա բացահայտում էր երրորդ անգամ՝ նույն 20-րդ դարում։ Հիշենք, որ «պերեստրոյկա»-«գլասնոստը» աշխարհաքաղաքական անկայունություն մտցրին խորհրդային իմպերիա, իսկ դա գենոցիդի իրականացման պարարտ պայման է»,- նշեց Մարիամ Ավագյանը։
Նրա խոսքով՝ խորհրդային ողջ ընթացքում Կրեմլը բացառապես ծառայել է թրքությանը։ Վլադիմիր Աղայանը մի հանդիպման ժամանակ հուզված պատմում էր, որ թուրքի ցանկացած հակահայ քմահաճույք Կրեմլը իրողություն էր դարձնում, և անկասկած՝ հայության շահերի հաշվին։ Ու այդպես «քողարկված»՝ Բաքվի խորհրդային ռեժիմը, Կրեմլի հովանավորությամբ, հայությանը տնահան է արել թե Նախիջևանից, թե Գարդմանից, թե Բանանցից, թե Վարդաշենից։
Խորհրդային իմպերիայի փլզման աշխարհաքաղաքական անկայունությունը խթանեց ու ակտիվացրեց ցեղասպան քոչվորի բնազդները՝ հայությանը իր տնից քշելու, նրա ունեցվածքին տիրանալու համար։ Հայության կենսատարածքի վերջնական հայաթափման ծրագիրը սկսեցին իրողություն դարձնել Սումգայիթում, որտեղ հայությունը ընդհանրապես ցաքուցրիվ էր ապրում, ապա և մի տոտալ հայաթափման ալիք սկսեցին 1988 թվականի նոյեմբերի վերջերին ու հայաթափեցին Գարդման-Ուտիքը, Կուրի ձախ և աջ ափերը, Նախիջևանը, ու արդեն 1989-ի դեկտեմբերից ակտիվ գործողություններ տարան Բաքվում։ Սրանով չեն բավարարվի, ցեղասպանությունը կմտցնեն Գետաշեն, Շահումյան, Խոջալու, Մարաղա, հույսով, որ արյան մեջ այնուհետև կխեղդեն ԼՂԻՄ-ը։
Թրքացած Բաքուն կարողացավ խորհրդային իմպերիան ծառայեցնել իր նպատակին՝ բնաջնջելով քշել հայությանը նրա կենսատարածքից։ Ինչպես 1915 թվականին էր անհնար դիմակայել ցեղասպան պետական ապարատին Օսմանյան կայսրությունում, նույնքան էլ անհնար էր դիմակայել խորհրդային կայսրությանը։ Բաքվի հայության ցեղասպանությունը 1990 թվականին կրկին ապացուցեց, որ հայությունը վտանգված է ցանկացած իմպերիայի սահմաններում, լինի դա ցարական՝ 1905-1906, թե խորհրդային՝ 1988-1992 թվականներ։
«Այսօր էլ հայությունը վտանգված է իր կենսատարածքի՝ Կուր-Արաքսյան միջագետքի վերջին բեկորի վրա։ Թրքական ծրագիրը չի կասեցվել, ընթացքի մեջ է ու արդեն առաջ է տանում «արևմտյան ադրբեջան» թեզը, որն ակնհայտորեն միտված է Հայկական պետականության վերացմանը։ Ու չկա դիմադություն ՝ որպես պետական քաղաքականություն։ Աշխարհի առաջ Բաքվի ցեղասպան, օկուպացիոն ռեժիմը ակտիվ զինվում է, իսկ Հայաստանը կրճատում է զենքի վրա ծախսը։ Բաքուն ամեն ակնթարթ, անդադար, արդեն առնվազն կես դար ստում ու կեղծում է պատմական իրողությունները, իսկ հայկական քաղաքական, պետական վերնախավը, պատմագիտական, ազգագրական, ցեղասպանագիտական շերտը նույնիսկ արդեն 1988 թվականից ծախու հոգեբանությամբ մի կողմ դրեց հայության հետ կատարված հակամարդ իրողությունների փաստը թե Սումգայիթում, թե Գանձակում և Գարդմանքում, Բաքվում, Գետաշենում, Շահումյանում, Մարաղայում, Խոջալուում, ու զբաղվեց «անվտանգ» թեմաներով, ժիրայրլիպարիտյանական խորհրդով ու փլիսոփայությամբ, արդյունքում միջազգային քարոզի մեջ մենք արդեն իսկ բացարձակ պարտված էինք թրքական ստահոդությանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ Հիմա էլ, արդեն երբ նույնիսկ Արցախն ենք կորցրել, իհարկե, այստեղից և այնտեղից լսվում են, թե Ադրբեջանական ԽՍՀ-ից հայության ճակատագրի վերաբերյալ այս կամ այն հետազոտությունն է լույս տեսել, ու կրկին՝ չկա դրա միջազգային քարոզը, միջազգային տարածումը, ինչը բացարաձակապես պետականության պարտքն է, պարտավորությունը։ Եթե պետականությունը չի իրականացնում իր հովանու ներքո ապրող բնակչության կյանքի անվտանգության ապահովման քայլեր, ապա դա ինչպե՞ս գնահատել…»,- նշեց նա։
Այսօր հայաստանյան հայությանը թմրեցնող, զգոնությունը բթացնող «խաղաղության» քարոզ է գնում, որը նույն այդ «արևմտյան ադրբեջան» ծրագրի գործիքներից է, ասումէ Մարիամ Ավագյանը։ Հայությանը, հատկապես Հայաստանում, արթնանալ է պետք ու դիմակայել, ու դրա պահանջը հենց Ծիծեռնակաբերդի բարձրունքում տեղադրված ոչ միայն 1915 թվականի հուշակոթողն է, նաև Սումգայիթի, Գանձակի, Բաքվի զոհերին նվիրված խաչքարերն են։
Հունվարի 5-ին Ռանչպար գյուղի «Զարկերակ» երաժշտական ստուդիայում աշակերտների համար կազմակերպվեց Նոր տարվա տոնակատարություն։
«Մեր «Զարկերակ» երաժշտական ստուդիայի աշակերտների սիրելի՛ ընկերներ և ծնողներ!!! Շնորհավորում ենք բոլորիդ Նոր 2026 թվականը և Սուրբ Ծնունդը, մաղթում խաղաղություն, առողջություն և երջանկություն։
Հունվարի 5-ին մեծ հաճույքով Ռանչպար գյուղի մեր ստուդիայում աշակերտների համար կազմակերպեցինք Նոր տարվա տոնակատարություն՝ մրցութային խաղեր, ուրախ երգեր և պարեր։ Երեխաները նվագեցին իրենց սիրելի երաժշտական գործերը։ Հատկապես ուրախացան Ձմեռ պապի հետ երկար սպասված հանդիպումից, որը բոլոր երեխաներին նվիրեց տոնական նվերներ։ Տոնակատարությունը մեծ հաջողություն ունեցավ։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնեցին կազմակերպել և մասնակցեցին մեր Նոր տարվա տոնակատարությանը։ Շատ շնորհակալ եմ բոլորիդ, սիրելի՛ ընկերներ», – իր շնորհավորական ուղերձում նշել է ստուդիայի ղեկավար Գագիկ Միրզոյանը։
Հիշեցնենք, որ Արցախից բռնի տեղահանումից որոշ ժամանակ անց «ԶԱՐԿԵՐԱԿ» երաժշտական ստուդիան, իր հիմնադիր և երկարամյա տնօրեն՝ Գագիկ Միրզոյանի ջանքերի շնորհիվ, վերսկսեց իր գործունեությունը Հայաստանում: «ԶԱՐԿԵՐԱԿ»-ը ներկայումս հաջողությամբ զարգանում է: Այժմ ստուդիայում սովորում են 6-16 տարեկան 80 երեխա՝ Արցախից և ՀՀ-ից: Ստուդիան գործում է Ռանչպար (Արարարտի մարզ) և Առինջ (Կոտայքի մարզ) գյուղերում: Բացվել են տարբեր երաժշտական դասարաններ, այդ թվում՝ դհոլ, կիթառ, սինթեզատոր, քանոն, վոկալ, շվի, դուդուկ և մանկական երգի անսամբլ: 2025 թվականի նոյեմբերից «ԶԱՐԿԵՐԱԿ» երաժշտական ստուդիան գործում է նաև Երևանի կենտրոնում՝ Տերյան փողոցի 71 հասցեում, «Սոլո» երաժշտական խանութի շենքում, որտեղ նաև ուսուցում են անցնում Ուկրաինայից եկած մեր հայրենակիցները:
Օրերս Գյումրու Հայորդաց տանը տոնական բարձր տրամադրություն էր տիրում։ Արցախցի բալիկների համար Ամանորյա գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել։ Երեխաները եկել էին նվերներ ստանալու և, որ ամենահաճելին էր, Արցախյան բարբառով տիկնիկային ներկայացում դիտելու։ Փոքրիկներն ու նրանց ծնողները մեծ բավականություն ստացան հարազատ բարբառով <<Մարալն ու հայրիկն Արցախում>> հեքիաթի դիտումից։ Այն մի իրական, արցախցիների համար հոգեհարազատ պատմություն էր, որը դարձել էր հետաքրքիր հեքիաթ։
Հեքիաթի հեղինակը հայրենադարձ Մարինե Շարշաֆճյանն է, ով ընտանիքի հետ տեղափոխվել ու ապրում էր Արցախում։ Նա իր գրքի վաճառքի ամբողջ հասույթն ուղղել է արցախցի երեխաների համար նվերներ գնելուն և նրանց հաճելի պահեր պարգևելուն։
Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ եւ հետեւաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն եւ առոչինչ են։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»,– գրել է նա։
Ավելօ վաղ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունվարի 10-ին Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։
«Մենք տեսնում ենք, որ Կովկասում խաղաղությանը աջակցող ԱՄՆ-ն կարևորություն է տալիս Ադրբեջանին և ճնշում է գործադրում Հայաստանի վրա՝ խաղաղություն կնքելու համար», – TRT Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, չմանրամասելով, թե ինչում է կայանում ԱՄՆ ճնշումը։
Թուրքիայի մոտեցումը տարածաշրջանային զարգացումներին նման է վճռական հարվածի նախապատրաստության, ինչպես դա եղավ Սիրիայում։ Սակայն ո՛չ Արցախի օկուպացիան և Հայաստանի «սեղմումը», ո՛չ էլ Ասադի տապալումը Սիրիայում չեն լուծել Թուրքիայի «տարածքային ամբողջականության» խնդիրը։ Հայաստանի Սահմանադրությունը շարունակում է բոլորին հիշեցնել ռուս-հայաստանյան սահմանի անհիմն բնույթի մասին, իսկ ԱՄՆ-ի աջակցությունը քրդերին ընդգծում է Մերձավոր Արևելքում Թուրքիայի տեղի անորոշությունը։
Թուրքական իշխանական «Sabah» թերթի կայքում հրապարակվել է թուրք սյունակագիր Մ. Ալթընոքի հոդվածը՝ «Հայաստանը դուրս է գալիս իր պատյանից» վերնագրով: Այդ մասին գրում է regionmonitor-ը։
Հոդվածում հեղինակը գրում է, որ Հայաստանը քննարկում է վարչապետ Ն. Փաշինյանի առաջ քաշած սահմանադրական փոփոխությունների առաջարկը, որը նպատակ ունի վերանայել Սահմանադրությունում առկա անկախության հռչակագրին արված պատմական հղումները։ Ըստ հեղինակի՝ գործընթացը ուղղված է նրան, որ Հայոց ցեղասպանության պատմական հիշողությունը այլևս չպետք է մնա պետականության առանցքում։
Ցեղասպանության հարցը բարոյական կամ էթիկական խնդիր չէ, այլ՝ Թուրքիայի կողմից ցեղասպանության ենթարկված հայերի ունեցվածքն ու քաղաքացիական իրավունքները բռնագրավելու իրավական հիմքերի բացակայություն, ռուս-թուրքական Կարսի պայմանագրի և, համապատասխանաբար, Թուրքիայի սահմանների անօրինականություն։
“Այն դեպքում, երբ Ալիևը Զանգեզուրի միջանցքի հարցում մերձենում է ԱՄՆ-ի հետ, Փաշինյանի կողմից Անկարան որպես հասցեատեր մատնանշելը նույնպես այս նոր ուղղվածության նշաններից է”, ասված է հոդվածում։
Էրդողանն ու Ալիևը փորձում են դիմել Թրամփին օգնության համար, սակայն մինչ օրս ԱՄՆ-ն կտրականապես հրաժարվում է չեղարկել 907-րդ որոշումը, որն արգելում է Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելը: ԱՄՆ-ն չի շտապում «հաստատել» տարածաշրջանում ուժով գծած “փաստացի” սահմանները և սպասում է: Սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլև Իրանին և Սիրիային:
Հալեպի հյուսիսային թաղամասերը վերահսկող քրդական կառույցները մերժել են պաշտոնական Դամասկոսի տարհանման առաջարկը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
«Սիրիայի դեմոկրատական ուժերը», որոնք կապված են ահաբեկչական «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հետ, պնդում են լայն ինքնավարության և հատուկ իրավունքների վրա: Դոնալդ Թրամփի վարչակազմի համար Հալեպում ստեղծված իրավիճակը դարձել է սեփական սիրիական քաղաքականության անհամապատասխանության տհաճ փորձություն: Վաշինգտոնը տարբեր ժամանակներում ներդրումներ է կատարել քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հետ համագործակցության մեջ՝ որպես «Իսլամական պետության» (ISIS) դեմ պայքարի և Դամասկոսի հետ կապերի կարգավորման գործիք”, գրում են Բաքվի վերլուծաբանները:
Միևնույն ժամանակ, նրանք գրում են, որ Իրանի Թուրքիային սահմանակից նահանգներում՝ Արևմտյան Ադրբեջանում, Քուրդիստանում կամ Քերմանշահում, նույնիսկ կառավարման սահմանափակ փլուզումը անմիջապես կազդի Թուրքիայի արևելյան ծայրամասի վրա։
«Իրանական Քուրդիստանում ցանկացած տեղաշարժ կարող է դոմինոյի էֆեկտ ստեղծել՝ ազդելով Իրաքի, Սիրիայի և Անկարայի քրդական օրակարգի վրա։ Պատահական չէ, որ թուրքական հետախուզական գործակալությունները, չնայած իրանական ռեժիմի հետ գաղափարախոսական տարաձայնություններին, ավանդաբար Իրանի կայունությունը դիտարկում են որպես սահմանային քրդական զարգացումները զսպելու միջոց։
Սահմանին քաոսը, փախստականների հոսքը, անկանոն զինված խմբավորումների աճող ազդեցությունը և Իրանում արտաքին խաղացողների՝ հիմնականում ԱՄՆ-ի և Իսրայելի, ուժեղացումը կարող են շատ ավելի շատ խնդիրներ ստեղծել, քան օգուտներ Թուրքիայի համար», – գրում են Բաքվի լրատվամիջոցները։
Իրանում աճող բողոքի ցույցերի ֆոնին, քրդական զինված խմբավորումները, որոնք հիմնականում կենտրոնացած են Հյուսիսային Իրաքում, ազդարարում են ռազմական պատասխանի իրենց պատրաստակամության մասին: Այդպիսի խմբավորումներից մեկը՝ «Քրդստանի ազատության կուսակցությունը», հայտարարել է, որ իր մարտական ստորաբաժանումները պատրաստ են հատել Իրանի սահմանը և զինված գործողություններ սկսել ռեժիմի ուժերի դեմ։
«Քրդստանի ազատության կուսակցության» ներկայացուցիչները i24news-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են, որ քննարկում են Իսրայելի պաշտպանության ուժերի հետ անմիջական կապեր հաստատելու հարցը։
Եթե Իրանը պարտվի, Մերձավոր Արևելքի և Թրամփի աջակցության համար պայքարը կընթանա Թուրքիայի և Իսրայելի միջև։