Հայաստանում ձյուն է տեղում. որոշ ճանապարհներ դժվարանցանելի են

Հունվարի 10-ին՝ ժամը 10:10-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը, Վարդենյաց, Քեթիի, Ջաջուռի լեռնանցքները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուսների համար բաց են։

Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։

Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Այս ցավը չեմ ուզում դարձնել առարկա կամ որևէ բան ապացուցելու միջոց, այն իմ ներսում է

Հարցազրույց արցախցի երիտասարդ բանաստեղծուհի Լուսինե Ներսիսյանի հետ.

-Կպատմե՞ք Ձեր մասին։

-Ծնվել ու մեծացել եմ Արցախում՝ մի հողում, որտեղ յուրաքանչյուր օրը կապված էր մարդկանց աշխատանքով, պայքարով, ու հանդուրժողականությամբ։ Այնտեղ եմ սովորել, ապրել, ընտանիք կազմել և ստեղծել իմ ներաշխարհը՝ իմ սեփական աշխարհը։ Արցախը ինձ համար երբե’ք պարզապես բնակավայր չէր, դա իմ լեզուն էր, իմ մտածողությունը, ներսի լռությունն ու խոսքը։

Կյանքը միշտ իմ համար եղել է ստեղծելու, զգալու, աշխատելու ընթացք։ Ես բանաստեղծուհի եմ։ Տարիների ընթացքում գրել եմ ավելի քան 800 բանաստեղծություններ։ Գրելը եղել է իմ ինքնարտահայտման ձևը՝ ոչ ցուցադրական, այլ ներքին աշխարհիս արտացոլումը։ Բառը եղել է իմ ապրելու միջոցը՝ իմ ցավն ու ուրախությունը, կորուստն ու կարոտը, հույսն ու պայքարը սրտիս մեջ պահելու ձևը։

2020 թվականի պատերազմը և հետպատերազմյան շրջանը Ձեր կյանքում:

-2020 թվականի պատերազմը կտրուկ փոխեց մեր կյանքը։ Այն, ինչ թվում էր կայուն, սոսկ մեկ պահի դարձավ անորոշ ու խոցելի։ Այդ պատերազմը մեզ ստիպեց զգալ, որ կյանքը երբեք վերջնական չի լինում, որ պետք է սովորենք հարմարվել անընդհատ փոփոխվող իրականությանը։

Հետպատերազմյան շրջանը, շրջափակումը, ամենօրյա դժվարությունները մեզ փորձության առաջ կանգնեցրին։ Այդ ամիսների ընթացքում մարդիկ սովորեցին դիմանալ, ոչ միայն նյութական դժվարություններին, այլ նաև անընդմեջ հուզական լարվածությանը։ Կյանքը դանդաղեց, բայց կանգ չառավ, և այդ ժամանակ ես ավելի խոր զգացի, թե ինչ է նշանակում հայրենիք ունենալ, ո’չ միայն որպես տարածք, այլ որպես պարտավորություն ու առաքելություն։

-2023-ի սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած չարաբաստիկ պայթյունը, ցավոք, չի շրջանցել նաև Ձեր ընտանիքին:

 -Սեպտեմբերի 25-ը մնաց իմ կյանքի ամենածանր էջերից մեկը։ Այդ օրը տեղի ունեցած պայթյունը խլեց հարյուրավոր կյանքեր։ Այդ պայթյունի հետևանքով ես կորցրեցի ամուսնուս։

Նա մարդու մի տեսակ էր, ով լուռ ուժ ուներ, ընտանիքի հենասյուն, համեստ, բարի ու աշխատասեր։ Ստացած վնասվածքներից հետո մի քանի օր պայքարեց կյանքի համար և մահացավ հիվանդանոցում։ Այդ մասին խոսելիս բառերը պակասում են։ Կորուստները, ցավը, կարոտը չեն լռում, այլ մնում են իմ ներսում՝ որպես մշտական ներկայություն։ Կարոտը ինձ հետ է ամենուր՝ քայլերիս, խոսքերիս, իմ ստեղծագործությունների մեջ։

Մինչև այսօր պայթյունից տուժած ընտանիքներին որևէ հստակ կարգավիճակ սահմանված չէ։ Ես սա նշում եմ միայն որպես փաստ՝ առանց մեկնաբանության։ Այս ցավը չեմ ուզում դարձնել առարկա կամ որևէ բան ապացուցելու միջոց, այն իմ ներսում է, իմ կենսագրության մի անքակտելի մասը։

Տեղահանությունից հետո արցախցիներին նոր կյանք է վիճակվել։ Ինչպե՞ս է հաջողվում չկոտրվել։

-Տեղահանությունից հետո կյանքը սկսվեց նոր էջից՝ առանց նախորդ շարունակականության։ Մենք այժմ ապրում ենք Հայաստանում։ Ամեն օր փորձում եմ հարմարվել նոր իրականությանը, պահպանելով իմ ներքին ուժը և արժանապատվությունը։

Ցավն ու կորուստը մշտապես ներկա են, բայց դրանք իմ ներսում են։ Ես ընտրել եմ չկոտրվել, որովհետև կոտրվելը կնշանակեր հրաժարվել իմ արմատներից, իմ հիշողություններից և իմ կյանքի իմաստից։ Համենայնդեպս, ես ապրում եմ, որովհետև ապրելու միջից է գալիս ուժը, մտածելու կարողությունը և մարդ մնալու ձգտումը։

Կխոսե՞ք ապագայի ծրագրերի մասին։

-Այս օրերին շարունակում եմ գրել։ Մասնավորապես, վերջին տարիների ծանր փորձությունները, կորուստը և կարոտը ներշնչում են ինձ՝ արտահայտելու ամենայն զգացմունքները բառերի մեջ։

Հետագայում ծրագրում եմ տպագրել գիրք՝ իմ ապրածի, հիշողության և ներսում մնացած խոսքի վկայությունը։ Այդ գիրքը չի լինելու աղմուկի կամ գնահատականների համար, այն կլինի իմ ապրածի, իմ հոգու վկայությունը, իմ ներսի ճիչը և լռությունը միաժամանակ։ Գրելը ինձ համար ո’չ միայն ստեղծագործություն է, այլ նաև` ապրելու ձև, սեփական ինքնության պահպանում, ուժ գտնելու միջոց։

Ձեր խոսքն արցախցիներին։

 -Ես հավատում եմ, որ հայրենասիրությունը բառերով չի արտահայտվում, այն ապրում ես, պահում ես ու կրում։ Մեր կորուստները կարող են ցավեցնել, բայց մենք դեռ ունենք հիշողությունը, լեզուն, մտածելու և ստեղծելու կարողությունը։

Կարոտը, կորուստը, ցավը կարող են դառնալ ոչ թե կոտրող, այլ ձևավորող։ Հիմնականը պահպանել արժանապատվությունը, ուժը, հավատն ու մարդ մնալու կարողությունը։ Մենք շատ բան ենք կորցրել, բայց դեռ շարունակում ենք ապրել, ստեղծագործել, հիշել և պահպանել մեր ներքին աշխարհը։

Անգամ ամենամութ օրերին ես չեմ հանձնվել, չեմ թուլացել, որովհետև գիտեմ՝ ուժեղ տեսակը, հայրենասիրությունը չեն սպառվում մեր միջից, դրանք աճում են, երբ մարդը դիմադրում է դժվարությանը և ապրում է արժանապատվությամբ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Դատարանը երեք ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը

Երևանի դատարանը երեք ամսով երկարաձգեց ընդդիմադիր բլոգերներ և փոդքասթի հաղորդավարներ՝ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի նախնական կալանքը։

Դատավորը բավարարեց դատախազի միջնորդությունը, որում, ի թիվս այլ բաների, նշվում էր, որ Վազգեն Սաղաթելյանը Ռուսաստանի քաղաքացի է և, հետևաբար, «կարող է փորձել լքել Հայաստանը»։

Ինքը՝ Սաղաթելյանը, դատախազի հայտարարությունը անվանեց ամոթալի։ Փոդքասթի հաղորդավարը հայտարարեց, որ երբեք չի փախել և չունի դա անելու մտադրություն։

Նրա գործընկեր Սամսոնյանը, դատարանի որոշումը լսելուց հետո, անժամկետ հացադուլ հայտարարեց՝ ի նշան բողոքի։

Այաթոլլահ Խամենեին հայտարարեց, որ զիջումներ չեն լինի

Իրաքում գործող իրանական քրդական ընդդիմադիր կուսակցությունները հինգշաբթի օրը կոչ արեցին համընդհանուր գործադուլի արևմտյան Իրանի քրդաբնակ շրջաններում։

Hengaw իրավապաշտպան խումբը հաղորդել է կոչի լայն աջակցության մասին մոտ 30 քաղաքներում և գյուղերում՝ հրապարակելով փակ խանութների կադրեր։ Hengaw-ի տվյալներով՝ առնվազն 17 ցուցարար, որոնցից շատերը պատկանում էին քրդական կամ լուր ազգային փոքրամասնություններին, սպանվել են անվտանգության ուժերի կողմից՝ հիմնականում քրդաբնակ Իլամ, Քերմանշահ և Լորեստան նահանգներում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։

BBC-ի պարսկական ծառայության կողմից ստուգված տեսանյութերը, որոնք հրապարակվել են չորեքշաբթի օրը, ցույց են տալիս Թեհրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Ղազվինում ցուցարարների բազմություն, որոնք վանկարկել են «Մահ բռնապետին»՝ նկատի ունենալով Խամենեիին, և «Կեցցե՛ շահը»։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ուրբաթ օրը հեռուստատեսությամբ դիմել է ազգին՝ ցուցարարներին անվանելով վանդալներ, որոնք ոչնչացնում են իրենց փողոցները՝ օտարերկրյա նախագահին հաճոյանալու համար։ Նա ասել է, որ Իսլամական Հանրապետությունը «չի նահանջի դիվերսանտների առջև»։ Նա մեղադրել է Թրամփին, որի ձեռքերին իրանցիների «արյունն» է։ Նա կանխատեսեց, որ «ամբարտավան» Թրամփը կտապալվի, ինչպես Իրանում շահերի դինաստիան։

Կորուսյալ սերունդները հայելիների միջև. նա, ով տեսել է պատերազմն Արցախում…

Երկու ու կես տարի է անցել Արցախից լիակատար օկուպացիայից և տեղահանությունից, բայց 120,000 մարդ դեռևս շարունակում է ապրել կիսաիրականության մեջ, կարծես ծուռ հայելիների միջև, որտեղ մեկ հայելին արտացոլում է քո իրական անցյալը, արյունն ու մարմինը, մինչդեռ մյուսները՝ կարծես քո արտացոլանքը, բայց ուրիշ բովանդակությամբ և ջնջված կենսագրությամբ։

Երկու ու կես տարի շարունակ արցախցիները չեն կարողանում հասկանալ, թե ովքեր են իրենք. հիշողության բեկորները վերադարձնում են այն ժամանակների պատկերները, երբ նրանք ապրում էին իրենց սեփական տներում, երբ երեխաները դպրոց էին գնում, երբ կար լուրջ բանակ, նաև նախագահ, խորհրդարան, կառավարություն, երբ տրամադրվում էին սեփականության վկայականներ և դիպլոմներ։ Հետո, հանկարծ, պարզվեց, որ այս ամենը խիմերա էր, ուրվական, քանի որ նույնիսկ Հայաստանում, 2023 թվականի սեպտեմբերից հետո, կապույտ հայկական անձնագրեր ունեցող արցախցիներին անվանում են ոչ այլ ինչ, քան «տեղահանված անձինք»։

Ոչ միայն վառոդի տակառի վրա անցկացրած 35 տարվա կյանքն է ջնջվել, այլև պատերազմներին մասնակցությունը, ավերածությունները և զրկանքները։ Հերոսներին այլևս հերոսներ չեն անվանում, նրանց դիմանկարները տարբեր պատրվակներով հեռացվում են դպրոցների պատերից, իսկ 1991 թվականից հետո սովորեցվածը մոռացության է մատնվում։ Կարծես ոչինչ չի եղել։

Արցախյան միջհայելային աշխարհում հնագետներին զգուշացնում են չօգտագործել «Արցախ» բառը «Արցախի մշակութային ժառանգության մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում։

Միջհայելային աշխարհը՝ կորած սերունդների աշխարհ է. դժվար թե գտնեն իրենց “նոր” «ես»-ը նրանք, ովքեր անցել են մեկ իրականությունից մյուսը, ովքեր հիշում են շրջափակումը, պատերազմը, խաղաղապահների գնդացիրները Շուշիի պոստում, Հայկազովի պայթյունը, գերի վերցված արցախյան առաջնորդները, ապա՝ Գորիսը, Հայաստանի կառավարության հրաժարումը Արցախից, անձնագրերի, կենսաթոշակների, փաստաթղթերի և վկայականների հետ կապված թղթաբանությունը։

Սրա հետ մեկտեղ մեղադրանքներ՝ «Եթե ղարաբաղցիները չլինեին, Հայաստանը կլիներ բարգավաճ անկախ պետություն», «ղարաբաղյան կլանը ամեն ինչ վաճառեց Ռուսաստանին», «ղարաբաղցիները չկռվեցին և փախան»։

Մի հայելու մեջ Արսեն Թորոսյանն ասում է. «Ղարաբաղի բնակիչները չեն ցանկանում քաղաքացիություն ստանալ՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար»։ Մեկ այլ հայելու մեջ նրա ղեկավարը՝ Փաշինյանն, ասում է. «Ղարաբաղցիները ներկայումս մեծամասնություն են կազմում հայկական բանակի հրամանատարությունում»։

Հայ պաշտոնյաներն ասում են, որ արցախցիները Հայաստանի քաղաքացիներ չեն՝ առանց այդ պնդման որևէ իրավական ապացույց ներկայացնելու, չպատասխանելով պարզ հարցին, թե որն է մեկ կապույտ անձնագիրը մյուսով փոխարինելու իմաստը։ Դուք լավ գիտեք դրա պատասխանն, ասում են պաշտոնյաները և փոխում հայացքը։

Արցախցիների անձնագրերում էլ գրված է “Հայաստանի Հանրապետություն”, ո՞րն է տարբերությունը

Արցախցի լրագրողն այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանին ցույց տվեց Արցախից բռնի տեղահանված անձի անձնագիր․ «Սա Արցախցի բռնի տեղահանված անձի անձնագիր է, որի վրա գրված է Հայաստանի Հանրապետություն։ Իսկ սա մյուս անձնագիրն է, որի վրա նույնպես գրված է Հայաստանի Հանրապետություն։ Երբ ուսումնասիրում ենք, այս երկու անձնագրերի միջեւ որեւէ տարբերություն չկա։ Ինչո՞ւ է այդ պահանջը ներկայացվում Արցխից բռնի տեղահանված քաղաքացիներին, որպեսզի ՀՀ քաղաքացիություն ստանան, դուք ի՞նչ տարբերություններ եք տեսել այս երկու անձնագրերի միջեւ»։

Արսեն Թորոսյանն ասաց, որ խոսքը ոչ թե անձնագիր փոխելու մասին է, այլ քաղաքացիություն ստանալու։ «Մեր հայրենակիցները, նրանց այն հատվածը, որը դեռ չի ստացել ՀՀ քաղաքացիություն, ՀՀ քաղաքացի չի համարվում։ Եվ ՀՀ անձնագրերն ըստ էության եղել են ճամփորդական փաստաթղթեր՝ հատուկ կոդով, որպեսզի մեր հայրենակիցներն ունենան շարժունակության հնարավորություն թե ՀՀ-ում, թե արտերկիր գնալու համար։ Բայց նրանք երբեք չեն հանդիսացել ՀՀ քաղաքացի։ Բովանդակության իմաստով այդ մարդիկ պետք է դառնան ՀՀ քաղաքացիներ, որովհետեւ եթե այդ մարդիկ իրենց ապագան պատկերացնում են ՀՀ հետ, իսկ մենք ուզում ենք, որ իրենք պատկերացնեն իրենց ապագան մեզ հետ, Հայաստանի Հանրապետության հետ, ապա դրա միակ ձեւը քաղաքացիություն ստանալն է։ Եվ այդ պահանջը երբեք չի փոխվելու»,- նշեց Թորոսյանը։

Հարցին՝ եթե անձն ունի ՀՀ անձնագիր, ՀՀ քաղաքացի չի համարվո՞ւմ, Թորոսյանը խուսափեց պատասխանել․ «Դուք շատ լավ գիտեք այդ հարցի պատասխանը, ես էլ արդեն պատասխանեցի ձեր հարցին»։

Թորոսյան․ մենք շատ ենք շփվում արցախցիների հետ, նույնիսկ հանձնաժողով կա

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ իրենց չեն գոհացնում արցախցիների՝ բնակապահովման ծրագրից օգտվելու ցուցանիշները։

«Ցուցանիշները գոհացուցիչ չեն այնքանով, որ մենք ուզում ենք, որ բոլորը ստանան, բայց պարզ է, որ դեռ բոլորը չէ, որ հավաստագրերը ստանում են։ Բայց այստեղ մի քանի հանգամանք կա։ Ամենակարեւոր հանգամանքը կա այստեղ՝ մեր հայրենակիցները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն։ Եւ մենք պրոբլեմը տեսնում ենք հիմնականում այստեղ, որ շատերը չէ, որ ուզում են ստանալ Հայաստանի քաղաքացիություն, տարբեր պատճառներով։ Այստեղ չեմ կարող չխոսել այն շահարկումների մասին, որոնք անում են տարբեր շրջանակներ եւ դրդում մեր հայրենակիցներին չստանալ քաղաքացիություն։ Չստանալ քաղաքացիություն, որովհետեւ դրանով հետագայում ինչ-որ բաներով կկարողանան իրենք իրենց հարցը լուծել՝ թե աշխարհաքաղաքական, թե անձնական։ Չստանալ քաղաքացիություն, որովհետեւ քաղաքացիություն նշանակում է ոչ միայն իրավունք, այլեւ պարտականություն, այդ թվում՝ ծառայելու ՀՀ զինված ուժերում։ Քաղաքացիությունը նաեւ այլ պատականություններ է ենթադրում։ Եվ այդ շահարկումները բերել են մի իրավիճակի, որ դեռ բոլորը չէ, որ ստացել են ՀՀ քաղաքացիություն»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ կան նաեւ օբյեկտիվ պատճառներ․ թեեւ քաղաքացիություն ստանալու գործընթացը հեշտացված է Արցախից տեղահանվածների համար, բայց այնուամենայնիվ ժամանակ է պահանջվում, եւ երբեմն կարիք է լինում նաեւ դատական գործընթացների մեջ ներգրավվել, որովհետեւ փաստաթղթերի պակաս կա։ «Մենք վերջին ամիսներին տեսել ենք բավականին աճ քաղաքացիության դիմումների եւ պետք է խրախուսենք, որ դա շարունակվի։ Եվ ես ձեզ հավատացնում եմ, որ նաեւ հաստատված խաղաղությունն է նպաստելու, որ մեր հայրենակիցներն ավելի շատ դիմումներ ներկայացնեն եւ քաղաքացիություն ստանան։ Արդեն այդ դեպքում բանակից խուսափելու հանգամանքը պետք է որ թուլանա։ Եվ նաեւ քաղաքական կայունությունը եւս կնպաստի»,- հավելեց նա։

Արսեն Թորոսյանը հիշեցրեց, որ բնակապահովման ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր արցախցու 3, 4 եւ 5 մլն դրամ է հատկացվում՝ տարբեր համայնքներում բնակարան գնելու համար։ Նա նշեց, որ բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող ընտանիքները կարող են այդ գումարով բնակարան գնել, իսկ եթե ուզում են իրենց նախընտրելի բնակավայրերում ունենալ այդ տունը, կարող են հավելյալ վարկային միջոցներով ձեռք բերել այն։ «Ավելին, մենք դա խրախուսելու համար գիտեք, որ զբղվածության ծրագիր ենք հաստատել վերջերս։ Ինքնազբաղվածության ծրագրով խթանելու ենք փոքր բիզնեսների ստեղծմանը այն քաղաքացիների համար, որոնք բնակապահովման ծրագրի շահառու են դարձել։ Այսինքն՝ մենք ուզում ենք, որ մեր այդ քաղաքացիներն աշխատանք ունենան։ Ի դեպ, աշխատունակ տարիքի մեծ մասն ունի աշխատանք, նրանք հիմնականում աշխատավոր ժողովուրդ են եւ կարողանում են հավելյալ միջոցներ ներգրավել։ Մենք շատ ենք շփվում իրենց հետ, հանձնաժողով ունենք այդ հարցով, բազմակոմպոնենտ լուծումներ ենք փորձում տալ խնդիրներին»,- նշեց նա։

 

Նախարար․ հնարավոր են նոր շտկումներ արցախցիների բնակապահովման ծրագրում

ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրի շրջանակներում Արցախից բռնի տեղահանված 4040 ընտանիք արդեն ստացել է բնակարանների գնման հավաստագիր։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Այդ ընտանիքներից 1700-ն արդեն իրացրել են հավաստագրերը։

«Սերտիֆիկատների ծրագիրը շարունակվում է, եւ մենք տարվա դրությամբ արդեն ունենք հավաստագիր ստացած 4040 ընտանիք եւ տեսնում ենք հավաստագրերի ստացման տեմպի արագություն։ Հույս ունենք, որ տեմպն էլի կարագանա, եւ մեր բոլոր հայրենակիցները, ստանոլով ՀՀ քաղաքացիություն, կստանան հավաստագիր։ Չեմ վարանի ասել, որ ընթացքվում եղել են շտկումներ այդ ծրագրում եւ չեմ բացառում, որ էլի կլինեն շտկումներ, որովհետեւ տարբեր իրավիճակներ են բացահայտվում իրական կյանքում։ Ծրագիրն ընթացքում գնահատվում է եւ հնարավոր է, որ էլի լավարկվի»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Անդրադառնալով արցախցիների համար իրականացվող մյուս աջակցության ծրագրերին՝ Թորոսյանն ասաց․ «Դրանցից մեկը դրամական աջակցության ծրագիրն է, որը 2025 թվականին շարունակվել է, եւ նաեւ մենք որոշում ենք ընդունել դեկտեմբերին, որ շարունակվելու է նաեւ 2026 թվականին։ Դրա հետ մեկտեղ որոշում ենք ընդունել երկարատեւ վարձակալության նոր ծրագրի ներդրման մասին, որը վերաբարելու է այն քաղաքացիներին, որոնք այս կամ այն պատճառներով, մասնավորապես, փոքրաթիվ ընտանիք լինելու պատճառով չեն կարողանալու օգտվել սերտիֆիկատների ծրագրից։ Դրանք հիմնականում մեր տարեց հայրենակիցներն են, այնտեղ պայմաններ կան, որ գումարային տարիքը չպետք է պակաս լինի համապատասխան թվից, եւ նաեւ խորը կամ ծանր հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիներն են։ Այսինքն՝ փոքրաթիվ եւ որոշակի դժվարին պայմաններում հայտնված ընտանիքների համար մենք երկարաժամկետ վարձակալության ծրագիր ենք իրականացնելու, որը մեկնարկելու է հուլիսի մեկից»։

 

Շահի կողմնակիցնե՞րն են բողոքում Իրանում։ Թրամփը արքայազն Փեհլեվիի հետ չի հանդիպի

Իրանում բողոքի ցույցերը հասել են աննախադեպ չափերի և կարող են դուրս գալ վերահսկողությունից: Տնտեսական ճգնաժամին, Իրանի միջուկային զինանոցի թուլացմանը և քաղաքական մեկուսացմանը՝ այաթոլլաների իշխանության արդեն իսկ զգալի թուլացմանը ևս մեկ գործոն է ավելացել: Վենեսուելայում տեղի ունեցած գործողությունից և ԱՄՆ-ի կողմից միջազգային իրավունքից փաստացի հրաժարումից հետո Իրանում արտաքին ուժերի կողմից կազմակերպված՝ ռեժիմի անպատիժ  փոփոխության հավանականությունը էքսպոնենցիալ աճել է: Իրանի իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ին և Իսրայելին բողոքի ցույցերը հրահրելու համար, բայց բողոքի ցույցերի մասնակիցներին անվանում են միապետության կողմնակից ահաբեկիչներ:

Երեկ Իրանի իշխանությունները լիովին սահմանափակել են բնակչության ինտերնետ հասանելիությունը: Բրիտանական NetBlocks կազմակերպության տվյալներով՝ երկիրը գտնվում է «գրեթե լիակատար համազգային ինտերնետային անջատման» վիճակում:

Salem News Channel-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է Թեհրանի ղեկավարության հասցեին իր նախկին սպառնալիքները: «Ես հստակեցրել եմ, որ մենք կոշտ կգործենք, եթե նրանք սկսեն մարդկանց սպանել, ինչը հաճախ անում են անկարգությունների ժամանակ, և նրանք շատ անկարգություններ ունեն», – ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ իրանցիներին անվանելով «քաջ մարդիկ»: Թրամփը նշել է, որ իր վարչակազմը ուշադիր հետևում է իրավիճակին։

Իրանի պետական ​​հեռարձակող IRIB-ը Թեհրանում և մի քանի այլ քաղաքներում երեկ երեկոյան տեղի ունեցած բողոքի ցույցերին մասնակցածներին անվանել է «ահաբեկիչներ» և հայտնել զոհերի մասին։

«Միացյալ Նահանգների և սիոնիստական ​​ռեժիմի կողմից աջակցվող միապետության ահաբեկիչ կողմնակիցները երեկ երեկոյան հավաքվել են Թեհրանի տարբեր մասերում՝ հանրահավաքների համար», – հաղորդել է հեռուստատեսությունը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հետևել է Իրանի վերջին շահի որդու՝ Ռեզա Փեհլեվիի գործունեությանը և նրան համարել է «հաճելի մարդ»։

Միևնույն ժամանակ, Թրամփը ընդգծել է, որ այս պահին նպատակահարմար չի համարում նրա հետ հանդիպելը որպես ԱՄՆ նախագահ։ Նա հավելել է, որ ստեղծված իրավիճակում վստահ չէ, թե արդյոք նման քայլերը նպատակահարմար են։

«Կարծում եմ՝ ավելի լավ է բոլորին հնարավորություն տալ նրան ինքնուրույն գնալ այնտեղ և տեսնել, թե ով կարող է հաղթանակ տանել», – հավելել է ամերիկացի առաջնորդը՝ մեկնաբանելով Իրանում հնարավոր զարգացումները։

Արդյո՞ք Իրանի արքայազնը մտադիր է մեկնել Թեհրան՝ այաթոլլաների ռեժիմի դեմ ապստամբությունը ղեկավարելու համար։

Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ ուրբաթ օրը Հայաստանում սպասվում է 3-5 աստիճան տաքացում։

Կանխատեսման համաձայն՝ հունվարի 9-ին որոշ շրջաններում սպասվում է ձյուն։

Շիրակում հունվարի 9-ին ջերմաստիճանը կլինի +3°C, Կոտայքում և Արագածոտնում +4°C, Գեղարքունիքում +6°C, Լոռիում +13°C, Տավուշում և Սյունիքում +18°C, Արարատում +7°C, իսկ Արմավիրում +5°C։

Հունվարի 9-ի երեկոյան հնարավոր են տեղումներ։ Հայաստանի մայրաքաղաքում ուրբաթ օրը ջերմաստիճանը կտաքանա մինչև +4°C։

Հունվարի 3-ի համեմատությամբ վերջին երկու օրերին գիշերային ժամերին հանրապետությունում դիտվել է օդի ջերմաստիճանի թռիչքաձև բարձրացում: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ըստ Սուրենյանի՝ օդի ջերմաստիճանը բարձրացել է մոտ 16-20 աստիճանով, իսկ հանրապետության առանձին հատվածներում մինչև 25-30 աստիճանով տաքացում է տեղի ունեցել:

Ռուսաստանը, որպես «Պուտինի համար վրեժ», «Օրեշնիկ»-ով հարվածել է Լվովին

Ռուսաստանի պետական ​​լրատվական գործակալության՝ «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի զինված ուժերը «Օրեշնիկ» հրթիռներ են օգտագործել Ուկրաինայի կարևորագույն օբյեկտների վրա զանգվածային հարձակման ժամանակ, հայտարարել է Պաշտպանության նախարարությունը։ Սա «Օրեշնիկ» հրթիռների երկրորդ օգտագործումն է Ուկրաինայում՝ 2024 թվականին Դնեպրի վրա հարվածից հետո։

Ռուսական ուժերը նաև հարվածել են գործարանին, որտեղ արտադրվել են օդաչուներ, որոնք Ուկրաինան օգտագործել է Պուտինի նստավայրը ռմբակոծելու համար։

Ավելի վաղ Ռուսաստանը հայտնել է դեկտեմբերի 28-ի երեկոյան Ուկրաինայի զինված ուժերի կողմից Պուտինի Վալդայում գտնվող նստավայրը գրոհելու փորձի մասին։

Ռուսական օկուպացիոն բանակը երեկ՝ հունվարի 8-ի երեկոյան, օդային հարված է հասցրել Լվովի մարզին՝ վնասելով ենթակառուցվածքային օբյեկտ, գրել է Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին իր Ֆեյսբուքյան էջում։

Լվովը Արևմտյան Ուկրաինայի մայրաքաղաքն է, որը գտնվում է Լեհաստանի հետ սահմանից 70 կմ հեռավորության վրա, և Ռուսաստանը փորձում է եվրոպական երկրներին ցույց տալ իր մահացու հրթիռների հեռահարությունը։

Ուկրաինացի փորձագետ Վիտալի Պորտնիկովի խոսքով՝ Ռուսաստանի գլխավոր թիրախը ուկրաինական Ուժգորոդ քաղաքն է, որը գտնվում է Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Լեհաստանի հետ սահմանների հատման կետում։ Նա հավելել է, որ Ռուսաստանը ցանկանում է այնտեղ տեղակայել հրթիռային գունդ՝ Կենտրոնական Եվրոպային սպառնալու համար։

Ադրբեջանը պահանջում էր, որ ԱԺ-ն ընդուներ հռչակագիր՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ

Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանի հայցի քննությունն ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների եւ ԿԳՄՍ նախարարության այսօր ավարտվել է։ Դատարանն այս գործով պետք է առաջիկայում որոշում կայացնի։

Հիշեցնենք, որ փաստաբան Ռոման Երիցյանը Սամվել Շահրամանյանի անունից դիմել էր դատարան՝ ընդդեմ 9-րդ դասարանի «Հայաստանի պատմություն» դասագրքի հեղինակների եւ ԿԳՄՍ նախարարության՝ պահանջելով  հերքել գրքում տեղ գտած զրպարտչական տեղեկությունները։ Մասնավորապես, դասագրքում տեղ է գտել այն միտքը, թե «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահը ստորագրեց ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր»։

Այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում Սամվել Շահրամանյանի պաշտպան Ռոման Երիցյանն ասաց․ «Վերստին հայտարարում ենք, որ Արցախի Հանրապետության իրավական համակարգում գոյություն չունի որեւէ իրավական ակտ, համաձայն որի՝ Արցախի Հանրապետությունը լուծարված է»։

Ըստ նրա՝ դասագրքում տեղ գտած ձեւակերպումները արատավորում են Արցախի նախագահի պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը․ «Դասագրքում տեղ գտած ձեւակերպումներից ստացվում է, որ քանի որ Արցախի Հանրապետության նախագահն իբրեւ թե կայացրեց Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր, դրա հետեւանքով Արցախի ողջ բնակչությունը տարհանվեց եւ բռնի տեղահանվեց Արցախի Հանրապետությունից։ Կարծում եմ՝ բոլորի համար պարզ  ու ակնհայտ է, որ Արցախի Հանրապետության բռնի տեղահանումն ամենեւին կապված չէ նման բովանդակությամբ հայտարարության հետ»։

Միաժամանակ նա ասաց, որ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով չեն կարող Արցախի պետական ինստիտուտները լուծարվել, դրա վկայություն այն է, որ Արցախի Ազգային ժողովը գործում է եւ նոր նախագահ ընտրեց Աշոտ Դանիելյանին, որը, Արցախի Սահմանադրությունում կատարված փոփոխության համաձայն, ստանձնել է նաեւ Արցախի նախագահի պարտականությունները։

«Ադրբեջանի կողմից ի սկզբանե Արցախի Հանրապետության նախագահի առաջ պահանջ էր դրվել հրավիրել ԱԺ նիստ եւ ընդունել հռչակագիր՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ, ինչից Շահրամանյանը խուսափել է»,- հավելեց Երիցյանը։