Քրդերը Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցեր են անցկացնում Հալեպում ռազմական գործողության դեմ

Թուրքիայում քրդերը զանգվածային բողոքի ցույցեր են անցկացնում Հալեպում Թուրքիայի կողմից աջակցվող սիրիական կառավարական բանակի՝ քրդական ուժերի դեմ իրականացվող լայնածավալ ռազմական գործողության դեմ։

Հանրահավաքներ և երթեր են տեղի ունենում Վանում և Մարդինում, ինչպես նաև այլ քաղաքներում։

Սամվել Կարապետյանը աջակցություն է տրամադրել արցախցիների որոշ ընտանիքներին

«Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նժդեհ Իսկանդարյանը դիմել է գործարար, բարերար Սամվել Կարապետյանին՝ սոցիալական ծանր պայմաններում հայտնված արցախցիների որոշ խոցելի խմբերի անհետաձգելի աջակցության խնդրանքով։ Արձագանքը չուշացավ, բարերար Սամվել Կարապետյանը Նժդեհ Իսկանդարյանի տրամադրած ցուցակով՝ սոցիալական ծանր իրավիճակում հայտնված խոցելի խմբերին նվիրաբերել է միանվագ 50 հազարական դրամ աջակցություն։ Այս մասին Artsakhnews-ի հետ զրույցի ընթացքում ասել է «Արցախն իմ սրտում» սոցիալ-բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Նժդեհ Իսկանդարյանը։

Խոսքը վերաբերում է 2023թ. Հայկազովի վառելիքաքսուքային նյութերի պահեստի պայթյունի հետևանքով զոհվածների և անհայտ կորածների (238 անձ), ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական անձանց (22 անձ) ընտանիքների կոմունալ վճարումների հետ կապված ծախսերը հոգալուն։

Վերոնշյալ ընտանիքներն առ այսօր չունեն ոչ մի կարգավիճակ։

Շահրամանյանին զրպարտել են 9-րդ դասարանի պատմության դասագրքում

Արցախի վերջին նախագահն այսօր դատարանում մեկ անգամ ևս պնդել է՝ պատմաբան Նժդեհ Հովսեփյանն ու Կրթության և գիտության նախարարությունը զրպարտել են իրեն, երբ Հայոց պատմության 9-րդ դասարանի դասագրքում իրեն են վերագրել Արցախի լուծարումը:

Դասագրքի այս մասի հեղինակ Նժդեհ Հովսեփյանն, իր հերթին, հակառակն է ներկայացրել, հիշեցրել, որ իր աղբյուրը եղել է Արցախի տեղեկավական շտաբը, որն էլ 2023-ի սեպտեմբերին հրապարակել էր Շահրամանյանի հրամանագիրը:

Երևանի քաղաքացիական դատարանն այսօր ավարտեց այս քննությունն ու անցավ խորհրդակցական սենյակ: Ինքը՝ Շահրամանյանն այսօր չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին:

Վճիռը կհրապարակվի 15 աշխատանքային օր հետո՝ գրավոր ընթացակարգով:

Երկու որդիներին կորցրած մայրն այսօր բողոքի ակցիա է կազմակերպել Կառավարության դիմաց

Արցախի հայաթափման վերջին օրերին երկու որդիներին կորցրած մայրն այսօր բողոքի ակցիա է կազմակերպել Կառավարության դիմաց։

Տիկին Ալլան միայնակ է պահել ու մեծացրել իր որդիներին։ Նրանք մասնակցել են Արցախյան վերջին պատերազմին ու երկուսն էլ զոհվել։ Տղաների մայրը նույնպես զինվորական էր ու մասնակցում էր Արցախի պաշտպանությանը։

2024 թվականին խաբեությամբ նրա ձեռքից վերցրել են զոհված տղայի մեքենայի վաճառքից ստացված գումարը (12 հազար ԱՄՆ դոլլար), որպեսզի կառուցեն որդիների շիրմաքարերը ու չեն կատարել։ Երկրորդ տարին է, ինչ որդեկորույս մայրը դիմում է Հայաստանի Արդարադատությանը և ոչ մի կերպ չի կարողանում հետ վերցնել իր գումարը։ Մի ամբողջ արդարադատության համակարգ չի կարողանում լուծել այդ հարցը։

Որդեկորույս մոր պահանջն է՝ հրատապ հանդիպում երկրի Վարչապետի ու դատախազի հետ։ Նա պահանջում է հետ վերադարձնել իր գումարը և օրենքի ողջ խստությամբ պատժել հանցագործին։

Տիկին Ալլայի խոսքով՝ դատական նիստերն անընդհատ հետաձգվում են, քանի որ մեղադրյալի հանրային պաշտպանները չգիտես ինչու չեն ներկայանում նիստերին, իսկ մեղադրյալն առանց պաշտպանի չի ցանկանում մասնակցել։ Արդեն 7 անգամ նիստ է նշանակվել, 3 անգամ փոխվել է մեղադրյալի հանրային պաշտպանը և նրանցից ոչ մեկը նիստերին չի ներկայացել։

Կարինե Բախշիյան

Եթե ​​նավթի գինը իջնի մինչև 50 դոլար, կտուժի ոչ միայն Մոսկվան

Միացյալ Նահանգները պատրաստվում է խոշորածավալ նավթային գործողության, որը կարող է լուրջ ազդեցություն ունենալ Ռուսաստանի բյուջեի վրա: Դոնալդ Թրամփը մտադիր է նավթի գինը իջեցնել մինչև 50 դոլար մեկ բարելի դիմաց՝ օգտագործելով վենեսուելական նավթի նկատմամբ իր վերահսկողությունը, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով Սպիտակ տան քննարկումներին ծանոթ աղբյուրներին։

Ռուսաստանի համար սա ուղղակի հարված է նրա եկամուտներին և պատերազմը ֆինանսավորելու կարողությանը: Հաշվի առնելով զեղչերն ու ծախսերը՝ ռուսական նավթի գները կարող են իջնել նույնիսկ 30 դոլարից ցածր մեկ բարելի համար։

Սակայն նավթ մատակարարող այլ երկրներ նույնպես զգում են նավթի գների անկման ազդեցությունը: Բաքվի փորձագետներն արդեն իսկ հայտնում են Կասպից ծովում նավթի արդյունահանման և նավթից ստացված եկամուտների զգալի անկման մասին։

Իրանը, որտեղ նավթի արդյունահանման ինքնարժեքն համեմատաբար ցածր է, կարող է ավելի քիչ տուժել. ըստ լուրերի, Չինաստանը պատրաստ է վենեսուելական նավթը փոխարինել իրանականով։

Փաշինյանը խուսափեց պատասխանել Կանաչ ժամի վերաբերյալ բողոքի մասին հարցին

«Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում կան բազմաթիվ հարցեր, եւ այդ հարցերը պետք է անդրադարձ ունենան խաղաղության գործընթացում։ Մենք կենտրոնացած ենք խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման եւ խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման վրա։ Եվ մենք բոլոր հարցերը դիտարկում ենք էս տրամաբանությամբ եւ էս առաջնահերթությամբ»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, որ Արցախի տարածքում Արդբեջանը ոչնչացնում է հայկական եկեղեցիները, ինքը հայտարարել է, թե «փրկում» է Հայ Առաքելական եկեղեցին, այդ դեպքում չի պատրաստվո՞ւմ նաեւ Ադրբեջանի գործողություններից փրկել եկեղեցու սեփականությունը։

Անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու կողմից միջազգային դատարան ներկայացրած հարցին, որը վերաբերում է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու ավերմանը եւ հարցին՝ արդյոք իր վեճը վեհափառի հետ հենց այս հայցերի շուրջ է, եւ ի՞նչ քայլերի կդիմի, եթե Հայ Առաքելական եկեղեցին հայցերը հետ չվերցնի, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ոչ միջպետական հայցադիմումների հետ կապված որեւէ մեկնաբանություն չունի։

«Դուք գիտեք, որ խաղաղության համաձայնագրում կա կարգավորում միջպետական հայցերի վերաբերյալ, այդ կարգավորումներն ուժի մեջ կմտնեն ստորագրումից եւ վավերացումից հետո»։

Հարցին, թե իրականում իր վեճը կաթողիկոսի հետ ա՞յն է, որ ինքը միջազգային դատարաններից ընդդեմ Ադրբեջանի հայցերը ցանկանում է հետ վերցնել, իսկ ՀԱԵ-ն հայցեր է ներկայացնում հայկական եկեղեցիների ավերման փաստով, նա պատասխանեց․ «Իմ վեճը կաթողիկոսի հետ այն է, ինչի մասին ես հրապարակային խոսել եմ։ Ես թաքուն վեճեր չունեմ, վեճի ամբողջ իմաստն այն է, որ այդ վեճը՝ բանավեճը հրապարակային է»։

Հավաստագիր է ստացել 4066 ընտանիք, որից 1768-ն արդեն իրացրել է այն

Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հունվարի 8-ի դրությամբ հավաստագիր է ստացել 4066 ընտանիք, որից 1768֊ն արդեն իրացրել է հավաստագիրը։
Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/
հարթակում։

Միասնական սոցիալական ծառայությունը արձագանքել է Տիգրանի մասին մեր ահազանգին

Վերջերս գրել էինք արցախցի Տիգրան Վերդյանի մասին, ով արդեն 10 ամիս գտնվում է կոմայի մեջ և ունի հատուկ խնամքի կարիք:

Հուլիսին Տիգրանի մայր Անահիտ Սարգսյանը դիմել էր մի կազմակերպության, որը հաշմանդամներին տրամադրում է անվասայլակներ և այլ բժշկական պարագաներ: Այնտեղ նրան ուղղորդեցին Միասնական Սոցիալական Ծառայություն՝ քանի որ հենց այդ Ծառայությունն է Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրում հավաստագիր, որով նրանք կարող են անվճար ստանալ տվյալ պարագաները:

Տիկին Անահիտի ներկայացված դիմումները Միասնական Սոցիալական Ծառայությունում մերժեցին, պատճառաբանելով, որ Տիգրանը Հայաստանում չի անցել ֆունկցիոնալության գնահատում, մինչդեռ նա ի ծնե ունի հաշմանդամություն, Արցախում անցել է ֆունկցիոնալության գնահատում և ստացել հաշմանամության 1 կարգ, որն այս պարագայում որպես հիմք չի ընդունվում:

Մերժումը ստանալուց հետո մի քանի անգամ նա դիմեց սոցիալական ապահովության և առողջապահության նախարարություններ՝ ֆունկցիոնալության գնահատումը տնային պայմաններում կազմակերպելու խնդրանքով, սակայն մեկը մյուսի հետևից դիմումները առանց պատճառաբանության մերժվել են։

Step1.am ի կողմից բարձրաձայնված այս խնդիրը Միասնական Սոցիալական Ծառայությունում ստացավ արձագանք, պարզվեց, որ Ծառայությունում տեխնիկական խնդրի պատճառով տիկին Անահիտին չէր հասնում մերժման պարզաբանումը:

Միասնական Սոցիալական Ծառայության համապատասխան ստորաբաժանումներն ի վերջո ընդունեցին իրենց սխալը ու շուտով, որոշակի գործընթացներից հետո, Տիգրանը տնային պայմաններում կկարողանա անցնել ֆունկցիոնալության գնահատում և ստանալ համապատասխան աջակցության համար անհրաժեշտ հավաստագիրը:

Հուսանք, որ Տիգրանի դեպքը բացառություն չի լինի, և համապատասխան բոլոր պետական մարմինները կշտկեն համակարգում առկա բազմաթիվ թերությունները, որպեսզի մեր հասարակության բոլոր խոցելի խմբերը, այդ թվում Արցախից տեղահանված հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան հեշտությամբ անցնել համապատասխան գործընթացներ և ստանալ անհրաժեշտ աջակցություն:

Արսեն Աղաջանյան

Հավաստագրով տուն ենք ձեռք բերել, ընկել վարկային պարտավորությունների մեջ

Լիդա Գաբրիելյանն Արցախում ապրում էր 1-ին խմբի հաշմանդամ մոր հետ։ Նա նույնպես հաշմանդամություն ունի՝ 3-րդ խմբի։ Տեղահանությունից հետո հաստատվել են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Մի քանի ամիս առաջ հավաստագրով ձեռք են բերել 1 սենյականոց բնակարան։

-Արցախից միանգամից մեկնել ենք ՌԴ Ստավրոպոլի երկրամաս, որտեղ ապրում են իմ երկու քույրերը, սակայն մի քանի ամիս հետո վերադարձել ենք, քանի որ չենք կարողացել հարմարվել այնտեղ։ Ռուսաստանից եկել ենք Հրազդան ու բնակարան վարձակալել։ Այս քաղաքին ծանոթ էի։

Հետագայում, երբ կառավարության կողմից որոշվեց, որ Հրազդանը նույնպես մտնում է 4 մլն դրամանոց գոտու մեջ, որոշեցինք հենց այստեղ էլ բնակարան ձեռք բերել։ Ինչքա՞ն կարող էինք վարձավճարով ապրել, երկուսս էլ հաշմանդամ։ Հիվանդությունից հետո մայրս բոլորովին չի շարժվում, առանց իմ օգնության մի քայլ անգամ չի կատարում։

Հավաստագրով, իհարկե, չկարողացանք համարժեք տուն գտնել, քանի որ տների գները հանկարծակի աճեցին։ Որպեսզի անտուն չմնանք, ստիպված էինք ոսկու գրավադրմամբ վարկ վերցնել, միաժամանակ մեր բոլոր խնայողությունները ավելացրինք հավաստագրի գումարին։

Կարելի է ասել, մեզ համար բան չի փոխվել, քանի որ ամեն ամիս վարկ ենք փակում, միայն գիտենք, որ տուն ունենք արդեն։

Մեր ընտանիքը հրատապ աջակցություն չի ստանում։ Մայրս, որպես թոշակառու, ստանում է բնակվարձի համար նախատեսված 30 հազար դրամ աջակցությունը։ Թոշակներով ապրում ենք, բոլոր կենցաղային ծախսերը հոգում, միաժամանակ վարկը մարում։

Տաք եղանակներին աշխատում էի Հրազդանի խանութներից մեկում, սակայն ձմեռվա նախաշեմին ազատվեցի աշխատանքից՝ հիվանդությանս սրացման պատճառով։ Բայց գարնանը կրկին կվերադառնամ աշխատանքի, քանի որ առանց դրա անհնար է։

Իհարկե, շատ դժվարությունների ենք հանդիպում։ Մեր տունը 4-րդ հարկում է, և մեծ խնդիր է մորս տանել որևէ փաստաթուղթ ստորագրելու համար։ Պատկան մարմինները պահանջում են անձամբ ներկայանալ։ Մինչև հունվարի 20-ը նա պետք է ներկայանա բանկ, որպեսզի թոշակի քարտ ստանալու համար ստորագրություն թողնի, սակայն չգիտեմ, ինչպես եմ նրան տանելու։ Ինչքան էլ խնդրում եմ, բանկից չեն գալիս, որ հաշմանդամ մայրս տանը կատարի իր պարտականությունը։ Ստիպված եմ ներկայանալ միասնական սոցիալական ծառայություն, գուցե հնարավոր լինի ընդառաջել մեզ։

Բնակարան ձեռք բերելուց հետո մայրիկիս տրվող 30 հազար դրամ աջակցությունը դադարեցվել է, սակայն դիմում ներկայացնելուց հետո կրկին վերակագնվել։ Կարծում եմ՝ այդ աջակցությունը անհրաժեշտ է բոլորին՝ և՛ տուն ունեցող, և՛ դեռևս տուն չունեցող տեղահանված արցախցիներին։

Գիտեմ, որ մեծամասնությունը, ով հավաստագրով բնակարան է ձեռք բերել, խրված է վարկային պարտքերի մեջ, և պետության կողմից ցանկացած աջակցություն խիստ անհրաժեշտ է բոլորին, – ասում է Լիդան, ապա ավելացնում, – կարոտի ցավն ամենածանրն է, անտանելին։ Չեմ հասկանում, թե ինչպես ենք ապրում առանց Արցախի։ Հիշողություններն ու հետվերադարձի հույսն է ապրեցնում մեզ։

Արցախում Գաբրիելյանները թողել են երկհարկանի սեփական տուն՝ տնամերձ հողամասով, պտղատու այգիներով։ Հողի հետ աշխատող մարդիկ էին, ստեղծող ու բարիք արարող։ Արցախ վերադարձի հույսը չեն կտրում, ապրում են հավատով։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ազգային եկեղեցական ժողով կհրավիրվի, մինչդեռ “բարենորոգման” խորհրդի անդրանիկ նիստ է կայացել

Հայ առաքելական եկեղեցին նախատեսում է առաջիկայում Ազգային եկեղեցական ժողով հրավիրել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։

«Շուտով դուք դրա մասին ևս կիմանաք։ Երբեք չթվա, թե այդ նիստը սարերի հետևում է։ Չէ՛, շատ մոտ ժամանակներում այդ նիստը կլինի, և բոլորդ էլ կհամոզվեք, որ այն ենթադրյալ պառակտվածությունը, որ իբրև թե կա եկեղեցում, իրականում չկա։ Կան մի քանի անհատներ, ցավալի է, որ կան, և մենք մեծ հույս ունենք, որ ամեն ինչ կընկնի իր տեղը, նրանք կսթափվեն, կհասկանան, նաև համարժեք կգնահատեն ճնշումները և կլինեն եկեղեցու մեջ»,– ասել է Դանիելյանը։

Դանիելյանը հիշեցրել է, որ Ազգային եկեղեցական վերջին ժողովը գումարվել է 2017թ–ին։ Դրանից հետո Հայ առաքելական եկեղեցին ստիպված է եղել պարբերաբար հետաձգել նման միջոցառումները համաճարակի, պատերազմի, ռազմական դրության պատճառով։

Ազգային եկեղեցական ժողովը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու իշխանության գերագույն մարմինն է, համազգային ու համաեկեղեցական ամենահին ժողովական կառույցը։ Ազգային եկեղեցական ժողովի նիստը հրավիրում է Ամենայն հայոց կաթողիկոսը:

Ազգային եկեղեցական ժողովն է ընտրում Ամենայն հայոց կաթողիկոսին, որոշումներ է ընդունում ազգային-եկեղեցական հիմնահարցերի, դավանաբանական, ծիսական, կանոնական, ինչպես նաև վարչական կառավարման էական հիմնահարցերի վերաբերյալ, ընդունում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Սահմանադրությունը և դրանում կատարված փոփոխություններն ու լրացումները, սահմանում է եկեղեցական կառույցների կարգավիճակը` հոգևոր իշխանության, պատասխանատվության, միմյանց հետ փոխհարաբերությունների սահմաններն ու կարգը, ինչպես նաև դրանց գործունեության նկատմամբ վերահսկողության ընթացակարգերը։

Մինչ այսօր Գարեգին Բ-ն խոսում է եկեղեցու անսասան լինելու մասին, չպատրաստվելով հրաժարական տա։

Մինչդեռ երեկ տեղի է ունեցել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Բարենորոգման» խորհրդի առաջին նիստը։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը։ Այդ խորհրդի կազմում են 10 եպիսկոպոսներ և ինքը Փաշինյանը։

Առանց կանոնների աշխարհը կարող է ուժեղին վերածել «սեղանի վրա դրված ուտեստի»

Աշխարհի առաջնորդները, որոնց հավակնությունները սահմանափակվում էին միջազգային իրավունքով, ուրախ շփում են ձեռքերը և հայտարարում, որ այլևս կանոններ չկան, որ աշխարհն այժմ գործում է ուժի սկզբունքով, և յուրաքանչյուրը կարող է վերցնել այնքան, որքան ուզում է։

Մադուրոյի առևանգումից և Վենեսուելայի «գրավումից» հետո Ալիևը առաջիններից մեկն էր, որ խոսեց «ուժի իրավունքի» մասին՝ կրկին հիշելով «Զանգեզուրի միջանցքը»։ Նա վկայակոչեց «Թրամփի ճանապարհը», և չնայած պնդում էր, որ այն, իբր, կանխում է «հայկական ագրեսիան», իրականում խոստովանեց, որ «Թրամփի ճանապարհը» խանգարում է հենց Ալիևին գրավել միջանցքը և ոչնչացնել Հայաստանը։ Այսինքն՝ ուժին էլ պատնեշներ կան։

Էրդողանը, որն իր սիրիացի պրոքսիների միջոցով նոր գործողություն է սկսել Հալեպում և մտել Իսրայելի հետ Մերձավոր Արևելքի «բաժանման» գործընթաց, նույնպես հայտարարեց, որ այժմ գործում է ուժի օրենքը, բայց զգուշացրեց համը չհանել։

Հունվարի 7-ին Էրդողանը հայտարարեց, որ միջազգային իրավիճակը գնալով լարվում է, և Արևմուտքը կորցնում է իր նախկին ազդեցության գործիքները։

«Մենք հայտնվել ենք ռեսուրսների համար դաժան պայքարի կենտրոնում, որտեղ նրանք, ովքեր չեն մասնակցում բանակցություններին, դառնում են «սեղանին դրված ուտեստ», – հայտարարել է Թուրքիայի առաջնորդը։

«Ուտեստ» ասելով՝ Էրդողանը նկատի ուներ ոչ միայն Սիրիան, Հայաստանը և Հունաստանը, այլև Իրանը, որն այժմ բոլորի ուշադրության կենտրոնում է։ Ալիևի և Էրդողանի «գինը» կորոշվի իրանական «գործողությանը» նրանց մասնակցությամբ։ Սակայն ուժի իշխանության աշխարհում ռիսկերը չափազանց մեծ են. միշտ կարող է ի հայտ գալ ավելի ուժեղ ուժ, իսկ միջազգային իրավունքը կարող է ազատվել բալաստից և դառնալ ամենակարող ուժ։

Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով Միացյալ Նահանգները դուրս է գալիս 66 միջազգային կազմակերպություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող 31-ից։ ԱՄՆ-ի դուրս գալը այս կազմակերպություններից, որոնցից շատերը կախված են ամերիկյան սուբսիդիաներից, նշանավորում է բյուրոկրատիայի լիակատար քայքայման սկիզբը, որը խեղդում է միջազգային իրավական համակարգը։ Հարցն այն է, թե ով և երբ կհաստատի նոր «միջազգային իրավունք»։

Ակունին Չխարտիշվիլին գրում է, որ դիտել է Թրամփի ամենամոտ օգնական Սթիվեն Միլլերի հետ հարցազրույցը։ «Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալը հանգիստ հայտարարեց, որ Գրենլանդիան պատկանում է Միացյալ Նահանգներին, և ոչ ոք չի կարող կանխել դրա բռնակցումը։ Այնուհետև նա շարունակեց ասելով հետևյալը. «Մենք ապրում ենք մի աշխարհում, իրական աշխարհում… որը կառավարվում է ուժով, որը կառավարվում է հզորությամբ, իշխանությամբ։ Սրանք աշխարհի երկաթե օրենքներն են ժամանակների սկզբից ի վեր»»։

Ոչ մի երկիր, առավել ևս՝ Հայաստանը, չի կարող ապրել այս պայմաններում՝ հին չափանիշներով, երբ միջազգային իրավունքը ընկալվում էր որպես երաշխիք։ Նման տուրբուլենտ պայմաններում սակայն իշխանությունը կարող է հեշտությամբ սահել կոշտ ճգնաժամային կառավարումից դեպի ավտոկրատական ​​”բեսպրեդել”, որը կկործանի երկիրը։

Հալեպում բախումները շարունակվում են, հայերը դեռևս տարհանման կոչեր չեն ստացել

Սիրիայի Հալեպ քաղաքում արդեն երկրորդ օրն է, ինչ մոլեգնում են կենտրոնական կառավարության բանակի և քրդական ուժերի միջև մարտերը: Հալեպը հայերի ավանդական բնակավայր է, և տեղական լրատվամիջոցները ներկայումս փորձում են հավաստի տեղեկատվություն տրամադրել հայ համայնքի իրավիճակի մասին։

Բերիո հայոց թեմի մամուլի քարտուղար Մարիա Գաբրիելյանի խոսքով՝ Հալեպում անցումային կառավարության զորքերի և քրդական ուժերի միջև բախումների հետևանքով վնասվել են մի քանի հայերի տներ։

Նրա խոսքով՝ քրդաբնակ տարածքներից խաղաղ բնակիչների տարհանումը շարունակվում է։

«Հայ համայնքի անդամների շրջանում զոհեր չկան, սակայն նրանք նյութական վնասներ են կրել։ Մասնավորապես, վնասվել են մի քանի տներ», – նշել է Գաբրիելյանը։

Համայնքը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին պատրաստ է ապաստան տրամադրել այն հայ ընտանիքներին, որոնց վիճակը վտանգավոր է։ Սա հատկապես վերաբերում է քրդաբնակ տարածքներում գտնվող տներին։ Գործում է նաև թեժ գիծ։

Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հայտնել է, որ հյուպատոսական հարցումների համար կարելի է զանգահարել +963 964 422 005 և +963 942 000 690 հեռախոսահամարներով։

Հայ քրիստոնյաները մեկ տարի ապրել են զգուշավոր սպասման մեջ։ Հայերը դեռևս չեն ստացել իրենց տները լքելու կոչեր։

Իշխանությունները հայտարարել են Հալեպի օդանավակայանում գործողությունների դադարեցման մասին, և քաղաքում դպրոցները, համալսարանները և կառավարական գրասենյակները նույնպես փակվել են։

Սիրիական ժողովրդավարական ուժերը (SDF) վերահսկում են երկրի հյուսիսային և հյուսիս-արևելյան մեծ տարածքներ՝ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի աջակցությամբ։

Դամասկոսում ինքնավար քրդական վարչակազմի խոսնակ Աբդուլ Քարիմ Օմարը AFP-ին ասել է, որ Հալեպի քրդական տարածքները «լիակատար պաշարման մեջ են»։

Նա հերքեց այն պնդումները, որ այդ տարածքներից կրակոցներ են եղել՝ ընդգծելով, որ դրանք վերահսկվում են քրդական անվտանգության ուժերի կողմից, «որոնք ունեն միայն թեթև զենքեր»։

Տեղացի դիտորդները նշում են, որ Թուրքիան կարող է կրկին միջամտել Դամասկոսի և քրդերի միջև ձգձգված դիմակայությանը, հայտնում է ВВС-ն։

Անցյալ տարի Բաշար ալ-Ասադի տապալումից հետո Թուրքիան սերտ կապեր հաստատեց Դամասկոսի նոր կառավարության հետ և այժմ Սիրիայի հիմնական դաշնակիցներից մեկն է։

Թուրքիան իր սահմանին ուժեղ քրդական զինված խմբավորումների առկայությունը համարում է սպառնալիք և սիրիական պատերազմի ընթացքում մի քանի հարձակումներ է սկսել սահմանային տարածքներում՝ SDF-ին հետ մղելու համար։