Թրամփը երկու պայման է առաջադրել Իրանին

Մենք բանակցություններ ենք վարել Իրանի իշխանությունների հետ և նախատեսում ենք դրանք շարունակել, հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Թրամփը Վաշինգտոնում «Մելանիա» վավերագրական ֆիլմի ցուցադրության ժամանակ։

Հանրապետականը հավելել է, որ ԱՄՆ-ն ներկայումս ունի «շատ շատ մեծ, հզոր նավեր, որոնք ուղևորվում են դեպի Իրան»։ «Հիանալի կլիներ, եթե մենք ստիպված չլինեինք օգտագործել դրանք», – ընդգծել է նա։

Հարցին, թե ինչ ուղերձ է Թրամփը փոխանցել իրանական կողմին, նա պատասխանել է, որ Թեհրանի համար երկու պայման է դրել՝ միջուկային զենքի բացակայություն և ցուցարարներին չսպանելը։

Թրամփ․ Պուտինը համաձայնել է մեկ շաբաթով դադարեցնել Կիևի վրա հարվածները՝ ցրտերի պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարեց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է մեկ շաբաթ չհարվածել Կիևին։ Այդ առավոտյան պատերազմի կողմնակից բլոգերները հայտարարեցին Կիևում և Կիևի մարզում, ինչպես նաև Ուկրաինայի ողջ տարածքում ենթակառուցվածքների վրա հարվածներ հասցնելու մորատորիումի մասին։ Կրեմլը կեսօրին հայտարարեց, որ դեռևս չի կարող հաստատել դա։

«Սառնամանիքի, ծայրահեղ ցրտի պատճառով՝ նրանք նույն իրավիճակում են, ինչ մենք՝ ես անձամբ խնդրել եմ նախագահ Պուտինին մեկ շաբաթ չհրաձակել Կիևը և այլ քաղաքներ այս անսովոր ցուրտ եղանակի ընթացքում», – ասաց Թրամփը Սպիտակ տանը իր վարչակազմի անդամների հետ հանդիպման ժամանակ։

«Եվ նա համաձայնվեց դա անել։ Եվ պետք է ասեմ, որ դա շատ գոհացնող էր», – հավելեց ԱՄՆ նախագահը։

Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն հայտնեց ԱՄՆ նախագահին X սոցիալական ցանցում։

«Կարևոր հայտարարություն ԱՄՆ նախագահի կողմից Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների անվտանգությունն այս ծայրահեղ ձմեռային ժամանակահատվածում ապահովելու հնարավորության մասին։ Էլեկտրաէներգիան կյանքի հիմքն է։ Մենք գնահատում ենք մեր գործընկերների ջանքերը՝ կյանքերը պաշտպանելու համար։ Շնորհակալություն, նախագահ Թրամփ», – գրել է նա։

Եվրամիությունը Իրանի ԻՀՊԿ-ն ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում

Եվրամիությունը Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, սոցիալական ցանցերում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Կայա Կալասը։

«Բռնաճնշումները չեն կարող անպատասխան մնալ։ ԵՄ արտգործնախարարները հենց նոր վճռական քայլ են ձեռնարկել՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչելով որպես ահաբեկչական կազմակերպություն։ Ցանկացած ռեժիմ, որը սպանում է իր հազարավոր քաղաքացիների, ձգտում է սեփական կործանմանը»,- գրել է Կալասը:

Սիրվարդ Մարգարյանի «Իմ աղոթարան» գրքի շնորհանդեսը․ հաճելի մթնոլորտ

Հունվարի 27-ին «Նարեկացի» արվեստի միությունում կազմակերպվել է արցախցի գրող, լրագրող, հասարակական գործիչ, պահեստազորի ավագ սպա Սիրվարդ Մարգարյանի 65-ամյակին նվիրված հեղինակային-հոբելյանական միջոցառում։ Հանդիսավոր երեկոյի ընթացքում կայացել է նաև հեղինակի թվով 15-րդ՝ «Իմ աղոթարան» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև «Տարիներս մնացին լեռներում» (ռեժիսոր՝ Սամվել Թադևոսյան) վավերագրական ֆիլմի ցուցադրությունը։

Միջոցառումն անցել է հետաքրքիր և հաճելի մթնոլորտում։ Ներկաները մեծ բավականություն են ստացել արցախահունչ երգ ու երաժշտությունից, վայելել Արցախին ձոնված հրաշալի տողեր։

Հնչել են բազմաթիվ շնորհավորանքի ու մաղթանքների խոսքեր։ Միջոցառման մասնակիցները համոզմունք են հայտնել, որ հեղինակը նույն ոգով կշարունակի իր նվիրական գործունեությունը և նրա մտքի ու գրչի ընթացքն էլ ավելի  հասատատակամ ու բեղմանվոր կլինի։

Գրքի հեղինակնն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ միջոցառմանը մասնակցելու, իր աշխատանքը գնահատելու համար և հույս է հայտնել, որ նոր գրքերով կշարունակի ուրախացնել ընթերցողներին։

Ալիևը շտապում է “վերաբնակեցնել” Արցախը, ստեղծելով «կատարված փաստի» իրողություն

Ադրբեջանի իշխանություններն Արցախում հայերի տներում բնակեցնում են ադրբեջանցիներին։ Վերջին շրջանում արցախցիները տեսանյութեր են տեսնում, որտեղ երեւում է, որ իրենց տներում ադրբեջանցիներ են ապրում։

Արցախում մնացած հայերի սեփականության ու մյուս իրավունքների մասին Step1.am-ը զրուցել է արցախցի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանի հետ։

-Միջազգային իրավունքի լեզվով Ադրբեջանի նախագահի գործողություններն ըստ էության կրում են միջազգային հանցագործության բնույթ։ Սրանք սոսկ ձևական խոսքեր չեն, հիմնված են միջազգային նորմերի վրա։ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածը հռչակում է. «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք»։ Այն փաստը, որ արցախցիները բռնի տեղահանվել են, չի նշանակում, որ նրանք կորցրել են իրենց տների ու հողերի նկատմամբ սեփականության իրավունքը։ Ադրբեջանի կողմից իրականացվող վերաբնակեցումն ապօրինի զավթում է (expropriation): Ժնևի 4-րդ կոնվենցիայի 49-րդ հոդվածը ուղղակիորեն արգելում է օկուպացնող տերությանն իր քաղաքացիական բնակչության մի մասին տեղափոխել իր կողմից օկուպացված տարածք։ Սա միջազգային իրավունքով որակվում է որպես ժողովրդագրական պատկերի արհեստական փոփոխություն, ինչը պատերազմական հանցագործություն է»,- ասաց Ռաֆայել Մարտիրոսյանը։

Այստեղ կարող է հարց առաջանալ այն մասին, թե Արցախը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի ինքնիշխանության տարածք։ Հետևապես, այս գործողությունները բխում են իր ինքնիշխանության իրավունքից։ Բայց նույնիսկ այդ դեպքում օկուպացիաի իրավական նշանակությունը չի կորցնում իր հատկությունը, քանի որ գործ ունենք առանձին մշակույթային և բնօրրան տարածքի հետ։ Հետևապես, տվյալ դեպքում սեփականության իրավունքը հանդես է գալիս բացարձակ իրավունքով, ինչը ոչ նման դեպքերում, օրինակ, քաղաքացիական իրավունքում սեփականության իրավունքը բացարձակ ուժով չի գործում։ Միևնույն ժամանակ այդ իրավունքը չունի ժամկետային սահմանափակումներ»,- նշեց նա։

Այս իրողությունը հակասում է նաև ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների դաշնագրին և ՄԱԿ-ի Փախստականների և տեղահանվածների իրավունքների վերաբերյալ սկզբունքներին։ Էթնիկ զտման կամ բռնի տեղահանության հետևանքով լքված գույքը չի դառնում լքված կամ անտեր գույք։ Այդ գույքի սեփականատերը շարունակում է մնալ այն անձը, ով օրինական կերպով այն ձեռք է բերել՝ անկախ նրանից՝ գտնվում է այնտեղ, թե ոչ։ Այդ տներում այլ անձանց վերաբնակեցումն առանց օրինական սեփականատիրոջ համաձայնության հանդիսանում է ապօրինի բռնազավթում, գույքի յուրացում և միջազգային հումանիտար իրավունքի խախտում։ Այն փաստը, որ Ադրբեջանը փորձում է դա ներկայացնել որպես «վերաբնակեցում», չի փոխում իրավական էությունը։

Այստեղ պետք է մտաբերել՝ ի՞նչ է լինելու այդ գույքի հետ, որո՞նք են դրա հեռանկարները։ Ռեստիտուցիան (Restitution)- դա գույքի վերադարձն է օրինական տերերին։ Միջազգային իրավունքով Ռեստիտուցիան գերակա սկզբունք է։ Նույնիսկ, եթե այնտեղ ադրբեջանցիներ են ապրում, ապա նրանք միջազգային իրավունքով դիտվում են «անբարեխիղճ տիրապետողներ»։ Միևնույն ժամանակ, նկատի պետք է առնել կոմպենսացիաի սկզբունքը, որի համաձայն՝ Ադրբեջանը պարտավոր է վճարել շուկայական արժեքին համապատասխան փոխհատուցում՝ (Compensation) գումարած բարոյական վնասը։ Իսկ ինչո՞ւ է Ալիևը շտապում, պատասխանը մեկն է՝ փորձ է արվում ստեղծել «կատարված փաստի» (fait accompli) իրողություն։ Նա փորձում է աշխարհին ցույց տալ, թե տարածքն արդեն բնակեցված է իր քաղաքացիներով, որպեսզի բարդացնի հայերի վերադարձի իրավական գործընթացը։ Սակայն իրավունքի տեսանկյունից դա ոչինչ չի փոխում. զավթված տունը մնում է զավթված։

-Պարոն Մարտիրոսյան, ձեր պատասխանից պարզ է դառնում, որ արցախցիներն ունեն իրավունքներ, միևնույն ժամանակ Ալիևի մոտ կան վախեր՝ կապված վերադարձի հետ։ Ի՞նչ պետք է անել, ունե՞նք արդյոք իրավական ճանապարհներ։

-Թույլ տվեք հիացմունք արտահայտեմ ձեր հարցի նկատմամբ․ Ալիևի վախը և արցախցիների իրավունքը նույն մեդալի երկու կողմերն են։ Ադրբեջանի շտապողականությունը՝ բնակեցնելու Արցախը օտարներով, հենց այդ վախի դրսևորումն է։ Նրանք գիտեն, որ քանի դեռ տարածքը դատարկ է, միջազգային օրակարգում «վերադարձի իրավունքը» (Right of Return) մնում է որպես պայթյունավտանգ հարց։ Իրավական տեսանկյունից մենք ունենք հստակ ճանապարհներ, որոնք պետք է հետևողականորեն օգտագործել։ Այս հարցում ժամանակը ի վնաս մեզ է աշխատում։

Մենք արդեն ունենք հզոր հիմք։ 2023թ. նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի բարձրագույն դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ապահովել Արցախից հեռացած անձանց անվտանգ, անարգել և արագ վերադարձը։ Սակայն Ադրբեջանը երբեք չի գնա այդ պահանջի կատարմանը։ Այս դեպքում պետք է կիրառվի ֆիզիկայի ներազդելու օրենքը․ Հայաստանը պետք է պարբերաբար զեկույցներ ներկայացնի դատարանին այն մասին, որ Ադրբեջանը ոչ միայն չի կատարում որոշումը, այլև ապօրինի վերաբնակեցմամբ խոչընդոտում է վերադարձին։ Սա բերում է միջազգային պատժամիջոցների հնարավորության։

Մյուս կողմից, Արցախի քաղաքական իշխանությունը պարտավոր է առաջնորդվել Արցախի շահի առաջնայնությամբ։ Ալիևը ամեն օր կամ շաբաթ պետք է հայտնվի դատարանների առջև։ Ընդ որում ոչ միայն քաղաքացիական բնույթի պատասխանատվությամբ, այլև մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններով։ Էթնիկ զտումը և դրան հետևող «ժողովրդագրական ինժեներիան» (վերաբնակեցումը) միջազգային քրեական իրավունքի տիրույթում են։ Ի՞նչ անել այս դեպքում․ դիմել Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ Հռոմի ստատուտի շրջանակներում։ Այն փաստը, որ Ադրբեջանը տեղավորում է իր քաղաքացիներին հայերի տներում, հանդիսանում է բնակչության բռնի տեղահանման հետևանքների ամրապնդում, ինչը պատժելի արարք է։ Նկատենք, որ այստեղ իրավական լուրջ հիմքեր ունենք միջազգային հարթակներում վերադարձի հարցը կապել «միջազգային պրոտեկտորատի» կամ «խաղաղապահ երաշխիքների» հետ։ Մենք պետք է ասենք. «Մենք վերադառնում ենք մեր տները, բայց ոչ Ադրբեջանի ենթակայության տակ, այլ միջազգային իրավական պաշտպանության ներքո»։

Ձեր կողմից բերված փաստարկներն անվիճելի են։ Ի՞նչ կասեք, ինչո՞ւ ՀՀ-ն չի գործադրում նշված իրավունքը։

-Այն, որ իրավական գործիքները կան, բայց դրանք չեն գործադրվում ամբողջ թափով, ունի մի քանի պատճառ՝ սկսած քաղաքական զգուշավորությունից մինչև ռազմավարական սխալ հաշվարկներ։ ՀՀ ներկայիս իշխանությունները որդեգրել են մի մարտավարություն, որտեղ ցանկացած կտրուկ իրավական քայլ, օրինակ, Արցախի սեփականության հարցով զանգվածային հայցերը միջազգային ատյաններում, դիտարկվում են որպես «խոչընդոտ» Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին։ Մեծ ցանկություն ունեմ մտածել, որ ՀՀ իշխանությունը, նկատի ունենալով սեփականության իրավունքի իրացման ժամկետի սահմանափակման իրավական ռեժիմի բացակայությունը, այդուհանդերձ սպասում է ներկայիս աշխարհակարգի փոփոխությանը։ Սակայն դա բնավ չի ազատում Արցախի իշխանություններին իր ժողովրդի առջև պատասխանատու լինել։ Անկեղծ ասած, ենթադրում եմ, որ Արցախի իշխանության մոտ նշված իրավական միտքը բացակայում է կամ առկա է, սակայն թափանցիկ չէ։ Արցախցիների մոտ դրանով իսկ ձևավորում են հուսալքության զգացողություն, ինչը անկասկած ոչ թե անթույլատրելի է, այլ խիստ վտանգավոր նրանով, որ կարող ենք կորցնել Արցախի էթնոմշակույթային տարրը, որն իր յուրօրինակությամբ թեև առանձին հատկանիշներ ունի, այդուհանդերձ, ամբողջացնում է ազգային նկարագիրը։

Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդին նվիրեց Դատաստանագիրքը

Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 25-ամյակի կապակցությամբ միջոցառում է կազմակերպվել ԵԽ կենտրոնակայանում։ Ելույթով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ Գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն։
Այս պատմական հոբելյանի կապակցությամբ այսօր ինձ համար մեծ պատիվ է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին հանձնել «Դատաստանագիրք» աշխատության՝ հայոց առաջին դատական օրենսգրքի մի հատվածի ձեռագիր վերարտադրության օրինակը, ասել է Արարատ Միրզոյանը։
12-րդ դարի  փիլիսոփա և օրենսդիր Մխիթար Գոշի կողմից գրված այս կարևորագույն աշխատանքը հայկական իրավական մտքի հիմնաքարն է։ Դարեր առաջ այն հիմք դրեց իրավունքի գերակայության մեր ընկալմանն՝ այն հիմնարար սկզբունքին, որը հանդիսանում է Եվրոպայի խորհրդի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կենսական առանցքը։

2025 թվականի ապրիլին «Դատաստանագիրքը» միաձայն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողության միջազգային ռեգիստրում»՝ որպես նրա մշակութային և քաղաքակրթական հավերժ նշանակության վկայություն։ Մենք վստահ ենք, որ այս նվերը, որն արտացոլում է Հայաստանի և Եվրոպայի խորհրդի կողմից կիսվող հիմնարար արժեքները, կզբաղեցնի իր նշանակալի տեղն այս հաստատությունում՝ դառնալով դրա սկզբունքների նկատմամբ մեր խորը հարգանքի և անսասան նվիրվածության խորհրդանիշը։ Այն նաև արտացոլում է մեր երախտագիտությունը Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության գործում ունեցած էական ներդրման համար, ասել է Արարատ Միրզոյանը:

Պուտինը Զելենսկիին հրավիրեց Եվլախ, վա՜յ, Մոսկվա

«Մենք Զելենսկիին հրավիրում ենք Մոսկվա, եթե նա պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ», – երեկ հայտարարել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։ «Մենք երաշխավորում ենք Զելենսկիի անվտանգությունը և անհրաժեշտ աշխատանքային պայմանները», – պնդել է Ուշակովը։

Հակամարտության «կարգավորման» վերաբերյալ ռուս-ուկրաինական բանակցությունները հասել են այն կետին, երբ վերջերս Աբու Դաբիում տեղի են ունեցել Կիևի և Մոսկվայի միջև ուղիղ բանակցություններ՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ, սակայն Վաշինգտոնը հայտարարել է, որ հաջորդ բանակցությունները կլինեն երկկողմանի։ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ կարող է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային միայն խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո, բայց չեն մասնակցի Դոնբասի ճակատագրի վերաբերյալ բանակցություններին։ Կիևը ստիպված կլինի քննարկել Ուկրաինայի տարածքների հանձնման հարցը Մոսկվայի հետ։

Նույն փազլն է ստեղծվում, ինչ 2023 թվականի օգոստոս-սեպտեմբերին Արցախում։ Բրատիսլավայում բանակցությունները տապալվել են (Հայաստանում ասում են, որ Արցախի ղեկավարությունն է հրաժարվել բանակցել՝ ռուսների ճնշման տակ, մինչդեռ արցախցիները պնդում են, որ մերժումը եկել է Բաքվից), որպեսզի արցախցիները ստիպված լինեն բանակցել Եվլախում՝ առանց Հայաստանի ներկայացուցչի։

Բանակցությունների վայրը կարևոր է։ Բաքուն պնդում էր Եվլախում բանակցությունների վրա, և աշխարհը դա ընդունեց որպես բնական արդյունք։ Պարզ դարձավ, որ խնդրի «ներքին»՝ ադրբեջանական լուծումն ընդունելի է աշխարհի համար։ Այն, ինչը 35 տարի համարվում էր միջազգային խնդիր, հանկարծ դարձավ «ներքին», իսկ Ալիևին թույլատրվում էր ամեն ինչ իր «տան» մեջ։  Այսպես են արձագանքել նաև Կիևում, Թեհրանում և եվրոպական մայրաքաղաքներում։

«Ադրբեջանի ամբողջականության վերականգնումը» ցեղասպանության և բնիկ բնակչության տեղահանության միջոցով ընկալվեց որպես երկար սպասված “լուծում”, չնայած այն հանգամանքին, որ Մինսկի խմբի համանախագահությունը գոյություն ուներ 35 տարի, և Արցախյան հարցը միակն էր, որի վերաբերյալ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հինգ համատեղ հայտարարություն էին արել։ Եվ այդ հայտարարությունները վերաբերում էին ոչ թե տարածքային ամբողջականության վերականգնմանը, այլ միջազգային իրավունքին։

Հիմա Պուտինը Զելենսկիին հրավիրում է Մոսկվա՝ ցույց տալով, որ ռուս-ուկրաինական հարցը միջազգային չէ, այլ «ընտանեկան», և որ անհրաժեշտ են ոչ թե միջազգային բանակցություններ, այլ Պուտինի և նրա անառակ որդու միջև «հայրական» զրույց՝ նրանց համատեղ մայրաքաղաքում, և, իհարկե, “գողացած” տարածքների «վերադարձ»: Ուկրաինայի ղեկավարությունը, հարյուր անգամ շնորհավորելով Ալիևին Արցախի «վերադարձի» կապակցությամբ, ստիպված կլինի գնալ Մոսկվա և «վերադարձնել» ամբողջ Դոնբասը։

Նմանատիպ իրավիճակ է ստեղծվում Իրանի շուրջ, որտեղ ադրբեջանական գործոնը կարող է օգտագործվել Թեհրանին էական զիջումների ստիպելու համար: Եվ ոչ ոքի չի զարմացնի, եթե իրանական հարցի շուրջ բանակցությունները տեղի ունենան Բաքվում. չէ՞ որ Իրանը նույնպես բազմիցս ողջունել է Ադրբեջանի «ամբողջականությունը վերականգնելու» մեթոդները: Թող ուրախանան. դրանք այժմ դարձել են համընդհանուր:

Իրանյան նյարդային խաղը. ԱՄՆ վերջնագիրը և Իրանի պատրաստակամությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածել Իրանին, եթե Թեհրանը չհամաձայնվի միջուկային համաձայնագրին: BBC-ի փոխանցմամբ՝ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ բաց են բանակցությունների համար, բայց կարձագանքեն ագրեսիային։

«Հուսով եմ, որ Իրանը արագ կգա բանակցությունների սեղանի շուրջ և կբանակցի արդար և հավասար համաձայնագրի՝ ՈՉ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ՝ շուրջ, որը կաշխատի բոլոր կողմերի համար: Ժամանակը սպառվում է», – գրել է Թրամփը իր սոցիալական ցանցի՝ Truth Social-ի էջում։

Չորեքշաբթի օրը Թրամփը հավելել է, որ Իրանին մոտենում է «հսկայական նավատորմ». «Դա ավելի մեծ նավատորմ է, որը գլխավորում է «Աբրահամ Լինքոլն» ավիակիրը, քան Վենեսուելա ուղարկվածը»։

Նա ասել է, որ Իրանի վրա նոր հարվածը, եթե համաձայնագիրը չկայանա, «շատ ավելի վատ» կլինի, քան այն, որը ԱՄՆ-ն հասցրեց Իրանի միջուկային օբյեկտներին անցյալ ամռանը՝ 12-օրյա իսրայելա-իրանական պատերազմի ժամանակ։

CNN-ի և Reuters-ի տվյալներով՝ քննարկվող տարբերակների թվում են Իսլամական Հանրապետության ղեկավարության և անվտանգության ուժերի դեմ հարվածները, որոնք ենթադրաբար պատասխանատու են ցուցարարների սպանությունների համար, ինչպես նաև միջուկային օբյեկտների և կառավարական հաստատությունների դեմ հարվածները։

Իրանը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հայտարարությանը, որում նա սպառնացել է Իսլամական Հանրապետությանը լայնածավալ ռազմական գործողություններով, եթե այն հրաժարվի ստորագրել միջուկային համաձայնագիրը։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​​​ներկայացուցչությունը պնդում է, որ Թեհրանը պատրաստ է «փոխադարձ հարգանքի և շահերի վրա հիմնված երկխոսության», բայց եթե «պարտադրեն», այն կպաշտպանվի և կպատասխանի «ինչպես երբեք»։

Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը կարող է կանխարգելիչ հարված հասցնել Իրանին, եթե դիտարկի Մերձավոր Արևելքում տեղակայված իր ուժերի դեմ հարձակման հավաստի սպառնալիք։ Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ ամերիկյան զորքերը գտնվում են իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի արդյունավետ հեռավորության վրա։

Արցախյան Վարարակն երգչախումբ․ “Հով արեք սարեր ջան” համերգ

Համերգը հանդիսատեսին տանում է Կոմիտաս Վարդապետի հոգևոր և ժողովրդական երաժշտության խորքերը` բացահայտելով նրա ստեղծագործական ուղու ամենանուրբ ու ապրեցնող էջերը։ <<Հով արեք սարեր ջան>> խորագիրը խորհրդանշում է հայրենի բնության, մարդկային զգացմունքների և ազգային հոգու միասնությունը, որն ամբողջությամբ արտացոլված է Կոմիտասի երգերում։

Արցախյան Վարարակն երգչախումբը Հայաստանում վերականգնվել և գործում է <<Դիալոգ>> կազմակերպության շնորհիվ:

Վայր ՝ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տուն , Իսահակյան 1
Ամսաթիվ՝ 05.02.2026թ., 19․00:

Կազմակերպիչ` «Արայիկ Լյուդվիգ Նավոյան» ԱՁ

“Բլոկադա”․ ներկայացումը փետրվարի 23-ին և 24-ին

Փետրվարի 23-ին և 24-ին, ժամը 19:30-ին, Հ. Պարոնյանի անվան թատրոնում՝ “Բլոկադա” ներկայացում:

Արցախյան 44 օրյա պատերազմից հետո Ստեփանակերտում բլոկադայի մեջ հայտնված արցախցի ընտանիքը հյուրընկալում է պատերազմի մասնակից զինվորին ու նրա հարազատներին: Հերոսներին բարդ ճանապարհ է սպասվում` ինքնաճանաչման, հանդուրժողականության ու ի վերջո սիրո:

Փարիզի քաղաքապետարանի դիմաց փակցնելու են Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարները

Մի քանի օրից Փարիզի քաղաքապետարանի դիմաց փակցնելու ենք Բաքվում պահվող հայ գերիների լուսանկարները: Այս մասին հայտարարել է Փարիզի փոխքաղաքապետ Արնո Նգաչան՝ Փարիզի քաղաքապետարանում տեղի ունեցած «Հիշում եմ քո ձայնը» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրության ժամանակ:

«Հուսով եմ, այդ օրը շատ մարդ կլինի մեր կողքին, քանի որ այդ կերպ ևս մեկ անգամ փորձելու ենք լսելի դարձնել գերիների ձայնը»,- ասել է նա։

«Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը 2023-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման մասին պատմող առաջին փաստավավերագրական ֆիլմն է: «Voices of hope» հիմնադրամի և ամերիկյան «All prime group» ընկերության համատեղ արտադրության «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմում հեղինակները 6 տեղահանվածների օրինակով ներկայացնում են 120 հազար հայերի ճակատագիրը:

ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո, ֆիլմը ցուցադրվել է Ֆրանսիայում՝ Փարիզի քաղաքապետարանում՝ G2iA ասոցիացիայի նախաձեռնությամբ և Փարիզի քաղաքապետարանի աջակցությամբ:

«Դուք չունեք նավթ, չունեք գազ, գուցե հենց այդ պատճառով էլ Արցախում տեղի ունեցածը որոշներին հետաքրքիր չէ: Ցավոք, դա շատ տեսանելի է, հատկապես, երբ տեսնում ենք, որ այլ հակամարտությունների մասին խոսում են միշտ և ամենուր, ուստի կարծում եմ, որ արցախցիների ձայնը ևս պետք է լսելի դարձնել աշխարհում»,-ասել է Փարիզի փոխքաղաքապետը:

«Սա փոքրիկ ֆիլմ է ընդամենը, բայց ինչպես հայտնի ասացվածքն է ասում՝ ավազահատիկներից մեկն է ի վերջո կոտրում ուղտի մեջքը: Թող սա այն փոքրիկ հատիկներից մեկը լինի, որը մի օր կկոտրի անարդարության ուղտի մեջքը»,- ասել է «All prime group» ընկերության համահիմնադիր Արշակ Կարապետյանը:

Նիկոլայ Մելիքյանի և Արայիկ Սարգսյանի «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը ցուցադրվել է նաև Ֆրանսիայի Թուլուզ քաղաքում՝ Թուլուզի հայկական ընկերակցության նախաձեռնությամբ:

«Մենք գիտենք, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ճնշել Հայաստանին՝ տարբեր ժամանակներում փոքրացնելով Հայաստանի տարածքը: Հիմա էլ շատ լավ գիտենք, թե TRIPP նախագիծը կոնկերտ որ երկրի շահերն է սպասարկում»-ասել է Թուլուզ մետրոպոլի փոխնախագահ, Թուլուզի քաղաքապետի տեղակալ Ժան-Կլոդ Դարդելեն և ընդգծել, որ «Հիշում եմ քո ձայնը» ֆիլմը պետք է ցուցադրվի միջազգային հարթակներում, աշխարհին հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակումից հետո, Ադրբեջանը ներխուժեց հայկական տարածք՝ սպանեց հայերի, իսկ ավելի քան 100 հազար մարդու դատապարտեց բռնել գաղթի ճանապարհը՝ միջազգային լիակատար լռության պայմաններում: Արցախի բռնի տեղահանման մասին ֆիլմի ֆրանսիական ցուցադրություններն ավարտվել են Նիսում: