Դատաստանի օրվա ժամացույց. միջուկային ապոկալիպսիսը շատ մոտ է

Խորհրդանշական «Ահեղ դատաստանի ժամացույցի» սլաքները ևս չորս վայրկյան առաջ են տարվել՝ կանգ առնելով 23:58:35-ի վրա, կամ մինչև  «միջուկային կեսգիշեր» 85 վայրկյան առաջ։ Այս մասին երեքշաբթի՝ հունվարի 27-ին, հայտնել է ամերիկյան «Bulletin of the Atomic Scientists» ամսագիրը, որը գրեթե 80 տարի է, ինչ իրականացնում է այս նախագիծը։

«Գիտնականները եզրակացրել են, որ մինչև 2025 թվականը մարդկությունը էական առաջընթաց չի գրանցել գոյաբանական ռիսկերի հաղթահարման գործում», – հայտարարել է ամսագրի տնօրեն Ալեքսանդրա Բելը։ Նրա խոսքով՝ ռիսկերը շարունակում են աճել, իսկ միջազգային համագործակցությունը թուլանում է։ «Մենք ժամանակ չունենք», – ընդգծել է Բելը։

23:58:35-ը  նախագծի մեկնարկից ի վեր ամենավատ ցուցանիշն է։ 2023 թվականին «Ահեղ դատաստանի ժամացույցը» տարվել է կեսգիշերից 90 վայրկյան առաջ՝ Ուկրաինայում պատերազմի հնարավոր միջուկային սրման սպառնալիքի պատճառով, իսկ 2025 թվականին՝ ևս մեկ վայրկյան առաջ։

Բանակի օրն՝ այն մասին, որ բանակը միայն նվազեցնում է անվտանգության մակարդակը

Երկրի անվտանգության ապահովման հարցում անհրաժեշտ է բանակի դիմաց ավելացնել նոր անվտանգային բուֆերներ։ Այս հայտարարությունն արել է Նիկոլ Փաշինյանը ՀՀ զինված ուժերի կազմավորման 34–րդ տարեդարձի առիթով պաշտպանության նախարարությունում անցկացված հանդիսավոր նիստի ժամանակ։

«Չի կարելի անվտանգության ամբողջ հոգսը դնել բանակի վրա: Անվտանգության երաշխիքը այն չէ, որ տանկ կամ զինվոր է կանգնած։ Դրանից մեր անվտանգության մակարդակը չի ավելանում, հակառակը․․․․ Պետք է լինել համաշխարհային առևտրային մատակարարման շղթաների մի մասը։ Երբ պետությունը և բանակն իր խնդրով հենված է միջազգային լեգիտիմության վրա՝ դա ուրիշ վիճակ է, երբ բանակը հիմնված չէ միջազգային լեգիտիմության վրա, դա բոլորովին այլ վիճակ է»,– շեշտեց նա։

Առաջին հայացքից աբսուրդ թվացող նման հայտարարությունները արդեն նորմա են դառնում Հայաստանում: Բանակի օրը, որի պատմությունը սկսվել է հաղթանակներով և ձերքբերումներով, ՀՀ վարչապետն ասում է, որ տանկերի և զինվորների առկայությունը չի բարձրացրել անվտանգությունը, այլ…

Փաշինյանի հայտարարությունները բանակի մասին ուղղված են իր հիմնական ընտրողներին, ինչպես ինքն է ասում՝ հայ մայրերին, ովքեր չեն ուզում պատերազմներ և զոհեր: Հայ մայրերին ուղղված ուղերձը՝ «Ձեր որդիները այլևս չեն զոհվի Ղարաբաղում», դարձավ Փաշինյանի հիմնական քարոզարշավային փաստարկը 2018 և 2021 թվականների ընտրություններին:

Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ որդիներն այլևս զոհվում են Ջերմուկում, Սոթքում և այլ «ոչ ղարաբաղյան վայրերում», Փաշինյանը փոխեց իր քարոզարշավային հռետորաբանությունը: Նա սկսեց խոսել բանակի անօգուտության մասին՝ կրճատելով զինվորական ծառայության տևողությունը երկուսից մինչև մեկուկես տարի և խոստանալով ընդհանրապես վերացնել զորակոչը:

Մինչդեռ, նույնիսկ ԵՄ-ն, որը երկար տարիներ հույսը դրել էր ՆԱՏՕ-ի վրա և չէր ստեղծել իր սեփական բանակը, սկսել է կառուցել եվրոպական զինված ուժեր: Էլ չասած հարևան Ադրբեջանի մասին, որը երբեք բաց չի թողնում իր սուրը ճոճելու հնարավորությունը:

Այս ֆոնի վրա բանակը որպես անվտանգության գործոն հրապարակավ նսեմացնելը նման է դիմադրությունից հրաժարվելու հայտարարության՝ հօգուտ փոփոխական դիվանագիտական ​​և տնտեսական կոնյունկտուրայի:

Արարատ Միրզոյան. Հոգևորականներին չեն հալածում և չեն ստիպում աղոթքում չհիշատակել կաթողիկոսին

Չնայած շաբաթվա սկզբին ԵԽԽՎ ընդունած զեկույցին, որում խորը մտահոգություն կար Հայաստանի վարչապետի և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության կապակցությամբ, եվրոպացի պատգամավորները դեռ հարցեր ունեն:

Խորհրդարանական վեհաժողովի նիստում արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթից հետո Պահպանողականների խմբից հարց հնչեց՝ եպիսկոպոսների ձերբակալությունները, վարչապետի հռչակած բարեփոխման ծրագիրն արդյո՞ք կրոնական և խոսքի ազատության խախտում չէ:
Միրզոյանը պատգամավորի հայտարարությունը բամբասանք որակեց: Պնդեց՝ Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանք չկա:

«Կա մի իրավիճակ, երբ Հայաստանի որոշ քաղաքացիներ հրապարակայնորեն կոչ են անում հեռացնել ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը՝ զինված հեղաշրջման միջոցով: Եվ հրապարակային կոչեր են անում սպանել Հայաստանի իշխանության որոշ ներկայացուցիչներին, այդ թվում՝ ինձ։ Ինչպիսի՞ն կլինի ձեր որոշումը, ի՞նչ գործողություններ կանեք այս իրավիճակում։ Հայաստանում օրենքի գերակայություն կա, և Հայաստանի բոլոր քաղաքացիները պետք է ենթարկվեն օրենքին՝ լինի դա հոգևորական, քաղաքական գործիչ, պաշտոնյա, չգիտեմ, դիրիժոր, արտիստ, ով էլ որ լինի»,- պատգամավորի հարցին պատասխանեց նախարար Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը չհիշատակեց Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցու «բարեփոխմանն» ուղղված  գործողությունները, նաև այն, որ քահանաներին ստիպում են աղոթքներում չհիշատակել կաթողիկոսին։

Արմադան արդեն տեղում է, բայց արդյո՞ք հարված կլինի Իրանին

Ամերիկյան ավիակիր հարվածային խումբը ժամանել է Պարսից ծոց՝ Իրանի ափերի մոտ։ Դեռևս անհայտ է, թե արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները՝ Իրանին նոր հարված հասցնելու մասին՝ ի պատասխան բողոքի ցույցերի դաժան ճնշման, կիրականացվեն, սակայն ռազմական դիտորդները կարծում են, որ անհրաժեշտ ուժերը հավաքվել են։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պաշտոնապես հայտարարել է երկուշաբթի օրը Մերձավոր Արևելքում USS Abraham Lincoln ավիակիրի գլխավորած հարվածային խմբի ժամանման մասին։

Միջազգային լրատվամիջոցները ենթադրում են, որ այժմ, երբ Իրանի շուրջ հարվածային խումբը հավաքվել է, հարվածը կարող է սկսվել արդեն այս շաբաթվա վերջին։

Այնուամենայնիվ, բազմաթիվ լրագրողներ, քաղաքական գործիչներ և ռազմական դիտորդներ ընդունում են, որ անհնար է կանխատեսել, թե արդյոք հարված կլինի։ Ամեն ինչ կախված է ԱՄՆ նախագահի որոշումից, իսկ նա անկանխատեսելի է, ըստ BBC-ի։

Երկուշաբթի օրը, նույն օրը, երբ հայտարարվեց ավիակիրների խմբի ժամանման մասին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Axios-ին ասաց, որ «այժմ Իրանի մոտակայքում կա մեծ նավատորմ», բայց Թեհրանը պատրաստ է բանակցել։

«Նրանք ցանկանում են գործարք կնքել։ Ես դա գիտեմ։ Նրանք բազմիցս զանգահարել են», – ասաց Թրամփը։

Վերջին օրերին իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ եթե ԱՄՆ-ն որոշի հարվածել, Իրանը պատրաստ է հակահարված տալ։

Ռազմական դիտորդները վստահորեն կանխատեսում են, որ նման հակահարվածի հիմնական թիրախները կարող են լինել Իսրայելը և ԱՄՆ բազաները Իրանի սահմանների մոտ՝ Կատարում, Իրաքում, Քուվեյթում, Բահրեյնում, Օմանում, Սաուդյան Արաբիայում և տարածաշրջանի այլ երկրներում։

Իսպանիայում օրինականացվել է 500,000 միգրանտ, իսկ Ռուսաստանում անչափահաս միգրանտների թիվը նվազել է մեկ քառորդով

Երեքշաբթի՝ հունվարի 27-ին, Իսպանիայի կառավարությունը հայտարարեց մի ծրագրի մեկնարկի մասին, որը օրինական կարգավիճակ կտրամադրի երկրում առանց թույլտվության ապրող և աշխատող ներգաղթյալներին: Ինտեգրացիայի, սոցիալական ապահովության և միգրացիայի նախարար Էլմա Սաիսի խոսքով՝ այս միջոցառումը կազդի մինչև 500,000 մարդու վրա։

Այն օտարերկրացիները, որոնք Իսպանիայում միջազգային պաշտպանության համար դիմել են մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը և կկարողանան ապացուցել, որ այդ ամսաթվից առաջ ապրել են երկրում առնվազն հինգ ամիս, կկարողանան ստանալ մեկ տարվա բնակության և աշխատանքի թույլտվություն: Նրանք նաև պետք է ապացուցեն, որ չունեն քրեական անցյալ։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանում անչափահաս միգրանտների թիվը, ըստ որոշ տեղեկությունների, նվազել է 25%-ով: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռուսաստանը խստացրել է միգրանտների երեխաներին դպրոցներ ընդունելու կանոնները։

Ղրղզստանը դատական ​​հայց է ներկայացրել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)՝ միգրանտ աշխատողների ընտանիքի անդամներին պարտադիր առողջապահական ապահովագրության պոլիսներ տրամադրելու վերաբերյալ։

Իսկ Ուզբեկստանի փոխարտգործնախարարը Ռուսաստանի դեսպանի հանդիպման ժամանակ ընդգծել է Ռուսաստանում միգրանտների, այդ թվում՝ միգրացիոն օրենքները խախտածների իրավունքներն ու արժանապատվությունը հարգելու կարևորությունը ստուգումների և ռեյդերի ժամանակ։

Կարգալույծ է հռչակվել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը

Սույն թվականի հունվարի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդառաջ Գերագույն Հոգևոր Խորհրդի 27․01․2026թ․ որոշման, հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։

Կարգալուծության համար ի մասնավորի հիմք է ծառայել, որ նա վիճարկել է Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու վերաբերյալ Հայրապետական տնօրինությունը՝ խոչընդոտելով Մասյացոտնի թեմի բնականոն գործունեությունը և դատական իր հայցով առիթ ու պայման ստեղծել իշխանության պատկան կառույցների կողմից ներեկեղեցական կյանքին միջամտելու համար։

Գևորգ եպս․ Սարոյանը կանոնական շեղումներով և կարգազանց գործողություններով դրժել է հնազանդության ուխտը։

Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով։

Հիշեցնենք, որ Սարոյանը քաղաքացիական հայց էր ներկայացրել Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ պահանջելով վերականգնել իրեն ՀԱԵ Մասիածոտնի թեմի առաջնորդի պաշտոնում։ Հունվարի 10-ին Գարեգին Բ-ի հրամանագրով նա ազատվեց թեմի առաջնորդ եպիսկոպոսի պաշտոնից։ Դատարանը վերականգնել էր նրան պաշտոնում՝ մինչև դատարանի վերջնական որոշումը։ 

Գեղամ Գաբրիելյան․ մի՞թե հայրենիքի պաշտպանից բացի ուրիշ մասնագիտություն էլ կա

Բոլորի հուշերում նա մնաց՝ որպես կենդանի լեգենդ

2020 թվականի 44-օրյա պատերազմում կյանքը հայրենիքին զոհաբերած հերոսներից է ԱՀ ՊԲ գնդապետ Գեղամ Գաբրիելյանը։ Նվիրյալ հայորդի, ով 17 տարեկան պատանի էր, երբ զինվորագրվեց ՊԲ շարքերը, իսկ ամիսներ անց՝ 1994 թվականի սեպտեմբերի 2-ին, նրան շնորհվեց լեյտենանտի կոչում։ Ծառայակից ընկերների խոսքով՝ նա ծնվել էր ծառայության համար։ Ասում են՝ Գեղամը հաճախ էր կատակում՝ իսկ մի՞թե ուրիշ մասնագիտություն էլ կա։

Միջնակարգ ուսում ստանալուց հետո Գեղամ Գաբրիելյանն ավարտել է Շուշիի ժողովրդական ինստիտուտի Իրավագիտություն ֆակուլտետը, ապա կարմիր դիպլոմով ավարտել ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան։

Երկար տարիներ տարբեր պաշտպանական շրջաններում, զորամիավորումներում զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ։

Գեղամ Գաբրիելյանի հրամանատարությամբ Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանը տարիներ շարունակ ճանաչվել է լավագույն զորամաս։

Նա մասնակցել է 2016 թվականի ապրիլյան քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմներին։ Վերջին պատերազմի ժամանակ դիվիզիայի շտաբի պետ էր։ Կռվում էր մի քանի ուղղություններով, ղեկավարելով ամենաթեժ մարտերը։ Հրամանատարն անձամբ էր առաջնորդում իր զորքին։ Հարավում նա կարողանում էր իր հմուտ որոշումներով ու գործողություններով դիմադրել թշնամու անհավասար ուժերին։ Կորպուսի շտաբի պետը զինվորների հետ էր՝ խրամատում, դաշտում, անտառում։ Նրա զինվորներն անվերապահորեն վստահում էին հրամանատարին, ով նրանց համար ոչ միայն հրամանատար էր, այլ նաև ավագ ընկեր, ամուր թիկունք։

Կինը՝ Մարինեն, պատմում է

-Գեղամի համար կյանքում ամենակարևորը հայրենիքն էր։ Այդպես էր նա դաստիարակվել մանկուց։ Պատահական չէ, որ աշակերտական նստարանից նա մեկնեց ծառայության ու ամբողջ կյանքում հայրենիքի նվիրյալը մնաց։ Նրա պատանեկան տարիները համընկել էին Արցախյան շարժման հետ, և հայրենասիրական գաղափարները վճռորոշ դարձան Գեղամի հետագա քայլերի համար։ Նա հասկացավ, որ հայրենիքը վտանգի մեջ է և նետվեց նրա պաշտպանության գործին՝ 17 տարեկանում սկսելով մարտական ուղին։

Գեղամը հոգատար որդի, եղբայր, հայր ու ամուսին էր։ Մենք բոլորս հարմարվել էինք, որ նրա համար հայրենիքն առաջնահերթ է։ Հարազատների ընտանեկան միջոցառումներին հազվադեպ էր մասնակցում, և գիտեինք, որ հենց այդպես էլ պետք է լինի․ նա ծառայության մեջ է։ Բայց, երբ ազատ ժամանակ էր ունենում, իհարկե, երեխաների հետ էր անցկացնում, ու այդ պահերը մեր տանն իսկական տոնի էին վերածվում։ Երջանիկ էինք, լավատեսությամբ լցված։ Նրան ոգեշնչում էր և՛ իր աշխատանքը, և՛ ընտանեկան սերն ու ջերմությունը․․․ Գեղամի մեջ մեկտեղված էին հայրենիքը, ընտանիքն ու հավատն առ Աստված։

2020 թվականի սեպտեմբերը տակն ու վրա արեց ամեն ինչ։ Գեղամը պետք սեպտեմբերի 26-ին գար տուն, սակայն չեկավ։ Զանգեցի, ասաց՝ վաղն եմ գալու․ այսօր չստացվեց։ Իսկ հաջորդ օրն արդեն պատերազմ էր։ Մեզ համար արդեն պարզ էր՝ Գեղամն առաջնագծում է՝ իր զինվորի կողքին։

․․․Պատերազմը երկարում էր, Արցախը շարունակում  վտանգված մնալ։ Հազվադեպ էր ստացվում կապվել ու խոսել ամուսնուս հետ։ Վերջին անգամ հոկտեմբերի 15-ին խոսեցի հետը։ Մեկ-մեկ հարցրեց երեխաների, մոր, քույրերի որպիսության մասին։ Մայրը սրբություն էր նրա համար, իսկ քույրերը միշտ ուշադրության կենտրոնում էին (4 քույրերի մինուճար եղբայր էր): Այդ օրը մի քիչ երկար խոսեցինք։ Ասաց՝ ես լավ եմ, ամեն ինչ լավ է լինելու։ Մեր խոսակցության ընթացքում, սակայն, կրակոցները չէին դադարում։ Սիրտս զգում էր, որ Գեղամը վտանգի մեջ է։ Հաջորդ օրը նա արդեն չկար։

Լեգենդար հրամանատարը մինչև վերջ կանգնած էր զինվորի կողքին։ Նա իրեն դրսևորեց որպես իսկական առաջնորդ ու քաջարի մարտիկ։ Կորպուսի շտաբի պետ, գնդապետ Գեղամ Գաբրիելյանն ընկավ 2020 թվականի հոկտեմբերի 16-ին, Ջրականի ծանր մարտերում։ Հերոսի մահով զոհվեց հմուտ զինվորականը, մեծատառով մարդը՝ թողնելով ազնիվ անուն, վառ հիշատակ։

Հայրենիքի անձնուրաց պաշտպանության համար գնդապետ Գեղամ Գաբրիելյանը հետմահու արժանացել է ՀՀ մարտական խաչ1- ին աստիճանի շքանշանի։ Հերոսի մարմինն ամփոփված է Եռաբլուրում։

 Զոհված հրամանատարի այրին փորձում է հաղթահարել դժվարությունները

-2020-ի պատերազմից հետո մեր կյանքը լրիվությամբ փոխվեց։ Գեղամի կորուստը շատ ծանր էր ոչ միայն իմ ընտանիքի, այլ նաև մեր հայրենի գյուղի՝ Խանցքի համար։ Նա շատ էր սիրում իր գյուղը։ Թեև ապրում էինք Ստեփանակերտում, բայց հոգով ու սրտով միշտ հարազատ գյուղում էր, համագյուղացիների հետ։ Գյուղի հպարտությունն էր։

Փորձում եմ հանուն ամուսնուս հիշատակի հավաքել ուժերս, որ ոտքի կանգնեցնեմ մեր բալիկներին։ Արցախի կորստից հետո նորից թևաթափ եմ եղել։ Հոգուս խորքում ցավ եմ ապրում, որ Գեղամի ու նրա ընկերների արյամբ շաղախված հողը մնացել է թշնամուն։ Միաժամանակ գիտակցում եմ, որ հրամանատարի կինն իրավունք չունի զենքերը վայր դնելու։ Ես պարտավոր եմ երեխաներիս դաստիարակել Գեղամի ոգով, որպեսզի արժանի զավակներ դառնան ու բարձր պահեն հոր անունը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Նեթանյահու․ Գազայի հատվածում ոչմի պաղեստինյան պետություն չի լինի

Իսրայելը թույլ չի տա Պաղեստինյան պետության ստեղծումը Գազայի հատվածում, և տարածաշրջանի վերակառուցումը չի սկսվի մինչև արմատական ​​իսլամիստական ​​«Համաս» շարժումը չապազոնականացվի և լիովին չզինաթափվի։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի՝ հունվարի 27-ին։ Նա ընդգծել է, որ Իսրայելը մտադիր է պահպանել վերահսկողությունը Հորդանան գետից մինչև Միջերկրական ծով ամբողջ տարածքի, այդ թվում՝ Գազայի հատվածի նկատմամբ։

«Ես լսում եմ հայտարարություններ, որ մենք արդեն թույլ կտանք Գազայի վերակառուցումը ապազոնականացումից առաջ։ Դա տեղի չի ունենա։ Ես լսում եմ, որ մենք պատրաստվում ենք թուրք և կատարցի զինվորներ տեղակայել Գազայում։ Դա նույնպես տեղի չի ունենա։ Ես լսում եմ, որ ես թույլ կտամ Պաղեստինյան պետության ստեղծումը Գազայում։ Դա տեղի չի ունեցել և տեղի չի ունենա», – Նեթանյահուի խոսքերն է մեջբերում The Times of Israel-ը։

Իսրայելի վարչապետը ընդգծել է, որ վերջին պատանդի՝ 24-ամյա Ռան Գվիլիի մնացորդների վերադարձից հետո՝ հունվարի 26-ին, Իսրայելը կենտրոնացած է Համասի զենքի ոչնչացման և Գազայի հատվածի ապազոնականացման վրա, որը ներառում է զինյալների թունելների ոչնչացումը։

Բարո․ «Թուրքիայի և Ֆրանսիայի միջև գործընկերությունը չափազանց ինտենսիվ է»

Ֆրանսիան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը», – այսօր Անկարայում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը՝ թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո։

Ժան-Նոել Բարոն պնդել է, թե այս զարգացումները դրական կազդեն տարածաշրջանի բարգավաճման վրա։ Բարոն նաև նշել է, որ «Թուրքիայի և Ֆրանսիայի միջև գործընկերությունը չափազանց ինտենսիվ է», հավելելով, որ ֆրանսիական ընկերությունները վերջին տարիներին 3 միլիարդ եվրո են ներդրել Թուրքիայում։ «Չնայած երբեմն լինում են անհամաձայնություններ, մենք միշտ փորձում ենք ընդհանուր լեզու գտնել», – ասել է նա։

Թուրքիայի արտգործնախարարն իր հերթին խոսել է Եվրամիության հետ բանակցություններից. «Մենք մտքեր փոխանակեցինք այն մասին, թե ինչպես կարող ենք հաղթահարել Թուրքիա -Եվրամիություն հարաբերություններում առկա փակուղին և ինչ կարելի է անել այս առումով»,- ասել է Հաքան Ֆիդանը։

Եվրոպայի անվտանգության համակարգի փլուզումը սկսեց Արցախից և այնտեղից էլ կարող է վերականգնվել

ԵԽԽՎ քննարկումները, որոնց ընթացքում հիչեցին հայտարարություններ Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ, պարզ արտացոլեցին եվրոպական անվտանգության համակարգի քայքայումը, որը արագաացվ 2020-2023 թվականների Արցախյան պատերազմից հետո:

ԵԽԽՎ բանաձևում այլևս չի հիշատակվում Արցախի հարցը, որը խոսում է ոչ թե մոռացության կամ հարցի լուծվածության հարցի, այլ Եվրոպայում դրա հիմնարար նշանակության խորը գիտակցության մասին: Այս մասին չեն խուսում, ինչպես մարդ աշխատում է չհիշել իր օրգանիզմը քայքայող փոքր ուռուցքը, բայց դրանից ուռուցքը չի դադարում գոյություն ունենալ։

Արցախի հարցը անտեսանելիորեն ուրվագծվում է բոլոր միջազգային գործերում՝ բարձրացնելով լուր հարցեր, որոնք այսօրվա «պրագմատիկները» չեն ուզում լսել: Սակայն այս հարցերը մնում են՝ դառնալով ականապատ դաշտ նոր «եվրոպական անվտանգության համակարգի» համար, որը կառուցված է ուժային լուծումների ընդունման վրա՝ հղի լուրջ հետևանքներով հենց Եվրոպայի համար:

Հենց այս չարտահայտված հարցերին ուշադրություն դարձնելու և համակարգային լուծումներ գտնելու կարողությունը կորոշի Եվրոպայի ապագան: Ներկայիս միջազգային գործընթացների համատեքստում Արցախի հարցի լուծման սկզբունքներին վերադառնալը կարող է նախադեպ դառնալ նոր, անվտանգ աշխարհակարգ կառուցելու համար, որը պաշտպանված կլինի բռնապետերի քմահաճույքներից և ցեղասպանությունից:

«Հայերի էթնիկ զտումները նշանավորեցին այն պահը, երբ միջազգային արդարադատությունը դադարեց լինել պաշտպանության մեխանիզմ և դարձավ ուժով ստեղծված իրականությունն ընդունելու ձև։ Մենք տեսանք, թե ինչպես մի ամբողջ ժողովրդի իրավունքների ոչնչացումը արդարցվեց «դժվար, բայց անհրաժեշտ փոխզիջումների» լեզվով։ Ինչպես պատասխանատվությունը փոխարինվեց հետևանքների կառավարմամբ։ Ինչպես իրավունքի լեզուն փոխարինվեց աշխարհաքաղաքական ռեալիզմի լեզվով», – նշվում է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի ելույթում, որը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում, «Միջազգային արդարադատության մարտահրավերները» քննարկման բաժնում:

«Եվրոպայում ստեղծված միջազգային արդարադատության համակարգը այլևս չի համապատասխանում այն  քաղաքական իրականությանը, որը նախատեսված է կարգավորելու համար։  Մարդու իրավունքների պաշտպանության գործող մեխանիզմները դադարելեն կատարել իրենց զսպման գործառույթը։

Անհատներին պետությունից պաշտպանելու համար ստեղծված համակարգը սպառնում է դառնալ այնպիսի համակարգ, որը պետություններին պաշտպանում է պատասխանատվությունից։ Սա հենց այն իրավիճակն է, որից մենք ցանկանում էինք խուսափել, երբ այս դահլիճում բարձրացնում էինք Արցախում հայերի էթնիկ զտումների հարցը։

Եվրոպան, ընդունելով ուժով ձևավորված իրականությունը, ստեղծել է վտանգավոր նախադեպ։ Սա միայն հայ ժողովրդի մասին չէ։ Խոսքը Եվրոպայի ապագայի մասին է՝ ներառյալ ռազմավարական առումով կարևոր տարածաշրջանները, ինչպիսին  Գրենլանդիան է։

Այսօրվա քննարկումն անցյալի մասին չէ։ Այն վերաբերում է կանոններին, որոնցով կապրի Եվրոպան», ասվում է ելույթում։

«Դուք ասացիք, որ Ռուսաստանը լքեց Հայաստանը Ղարաբաղի հարցում»…

russia-artsakh.ru

Դեկտեմբերի 26-ին մեր կայքը հրապարակեց հայտնի դիվանագետ և գիտնական Նիկոլայ Պլատոշկինի (Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության 4-րդ ԱՊՀ վարչության Հայաստանի բաժնի ղեկավար 1998-2004 թվականներին) հետ ռուսական ռադիոկայանում տված հարցազրույցի տեսագրությունը (http://russia-artsakh.ru/index.php/node/24570): Ընթերցողին ենք ներկայացնում ձայնագրության վերծանումը։

 

«Պարզվեց, որ մենք երաշխիք տվեցինք տեղի բնակչությանը, իսկ մեզ պարզապես դուրս շպրտեցին»

Թղթակից. Դուք ասացիք, որ Ռուսաստանը լքել է Հայաստանը Լեռնային Ղարաբաղի դեպքում: Ես կցանկանայի հարցնել ձեզ. երբ սկսվեց Ադրբեջանի հետ վերջին հակամարտությունը, երբ այն կարողացավ վերադարձնել այս տարածքը, ո՞րն է ձեր բողոքը Ռուսաստանի դեմ այս դեպքում: Հաշվի առնելով, որ Մոսկվան երբեք չի ճանաչել այս տարածքը որպես Հայաստան, հետևաբար չպետք է միջամտեր նրա անունից, նույնիսկ հաշվի առնելով բոլոր պայմանագրերը, և հաշվի առնելով Հայաստանի ներկայիս վերաբերմունքը մեր նկատմամբ, դա լիովին տրամաբանական էր թվում։

Նիկոլայ Պլատոշկին. Լավ, եկեք անդրադառնանք դրան կետ առ կետ։ Ես Արտաքին գործերի նախարարության (Ռուսաստանի Դաշնություն – մեր նշում) Հայաստանւ բաժնի վարիչն էի։ Իմ պաշտոնավարման ընթացքում Հայաստանի հետ ստորագրվել է ավելի քան 100 համաձայնագիր, որոնցից մի քանիսը նույնիսկ հիմա չեմ հանրայնացնի։ Կարող եմ պարզապես ասել, որ ռազմական համագործակցության մակարդակը անգերազանցելի էր նույնիսկ Բելառուսի հետ համեմատ։

Մենք այնտեղ ռազմական բազա ունեինք. լավ, Աստծո փառք, այն դեռ գոյություն ունի՝ առայժմ։ Մենք պահպանում ենք Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը՝ մենք էինք դա անում։ Ռուսաստանի ԱԴԾ-ն պահպանում էր այն՝ նրանց խնդրանքով, և նրանք վճարում էին դրա համար։ Հիշում եմ, մի անգամ մենք գումար չունեինք մեր սպաներին վճարելու՝ նրանք էին վճարում։ Գիտե՞ք որևէ այլ երկիր, որտեղ համաձայնագրով հայաստանի քաղաքացիներին թույլատրվում էր հավատարմության երդում տալ Ռուսաստանի Դաշնությանը և ծառայել մեր ստորաբաժանումներում։ Մենք այդ ամենը անում էինք։ Մենք ունեինք միասնական ՀՕՊ համակարգ, որը շատ կարևոր է՝ հաշվի առնելով հարավային ուղղությունը։ Այսպիսով, համագործակցության մակարդակը գերազանց էր։

Երբ Փաշինյանը իշխանության եկավ, մարդիկ սկսեցին գոռալ, որ նա «Սորոսի որդին» է և այլն։ Կարող եմ ասել ձեզ, որ այս ամբողջ ժամանակահատվածում՝ իսկ դա 2018 թվականն էր, Ղրիմն արդեն կար, նրանք ՄԱԿ-ում նույնիսկ մեկ անգամ ձեռնպահ չմնացին. նրանք ամբողջ ընթացքում մեզ հետ էին։ Իսկ որոշ այլ ԱՊՀ երկրներ քվեարկում էին մեր դեմ, հասկացեք, մեր դեմ։

Հայաստանին մի քանի անգամ հրավիրեցին ՆԱՏՕ, և նրանք ասացին. «Ոչ, մեր երաշխավորը Ռուսաստանի Դաշնությունն է, ցտեսություն»։ Մենք նրանց հետ ունենք երկու պայմանագիր՝ մեկը՝ փոխօգնության մասին՝ 1997 թվականից, ինչը նշանակում է, որ մենք պարտավոր ենք օգնության հասնել նրանց, և նրանք պարտավոր են մեզ օգնել։ Մենք ունենք նաև բազմակողմ պայմանագիր՝ Հավաքական անվտանգության պայմանագիրը։ Ադրբեջանը դրա մաս չի կազմում և չի էլ ուզում լինել։ Նրանք չեն ուզում։

Թղթ։ Բայց Ռուսաստանը չէր ճանաչում Լեռնային Ղարաբաղը…

Ն. Պլատոշկին։ Անցնենք առաջ. ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին։ Ադրբեջանը, Հայաստանը և մենք անդամներ էինք, և մենք նաև առաջնորդներ էինք ԵԱՀԿ Մինսկի խմբի, որը վարում էր բանակցությունները, և հարցն այն էր, որ միայն խաղաղ միջոցներով։ Բանակցությունները շարունակվում էին, կարգավորման տարբեր տարբերակներով։ Եվ ոչ թե Ադրբեջանն էր հարձակվել Հայաստանի վրա Ղարաբաղում, այլ Իսրայելը, Թուրքիան և Ադրբեջանն էին։ Իսկ հետո, այդ 2020 թվականի պատերազմը իրականում ցույց տվեց մեզ, թե ինչ էր մեզ սպասում. այդ բոլոր անօդաչու թռչող սարքերը, բայց, ցավոք, մենք ոչ մի դաս չքաղեցինք։

Տեսեք, դրանից հետո Ղարաբաղը մնաց. հայերը այնտեղ ապրում էին, և միշտ էլ ապրել են, և նրանք հրաժարվել են մնացած ամեն ինչից։ Բայց նրանց էլ դուրս մղեցին։ Ի դեպ, մենք մեր խաղաղապահներով երաշխավորեցինք Ղարաբաղը 2020 թվականից հետո։ Նրանք մեզ դուրս մղեցին։

Այսպիսով, պարզվեց, որ մենք երաշխիք տվեցինք տեղի բնակչությանը, և մեզ պարզապես դուրս մղեցին, և վերջ։

Տեսեք, թե ինչ արեցին նրանք (Հայաստանը – խմբ.) դրանից հետո։ Նրանք մեզ՝ ՀԱՊԿ-ին, խնդրեցին դիտորդներ տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, քանի որ փորձեր էին արվում գրավել սահմանամերձ գյուղերը հենց Հայաստանում։ Մենք հրաժարվեցինք։

Եվ դրանից հետո նրանք խնդրեցին Եվրամիությանը։ Եվ ԵՄ-ն չմերժեց։ Նրանք անմիջապես այնտեղ առաքելություն ուղարկեցին՝ զինված գերմանական ոստիկաններ։ Ինչո՞ւ մենք հրաժարվեցինք։ Ահա թո ինչու մարդիկ այսպես են ընկալում. Հայաստանը պայմանագրային դաշնակից է, Ադրբեջանը՝ ոչ, և չի ուզում։ Դա նրանց իրավունքն է։ Այդ դեպքում ինչո՞ւ են այդ երկրներին հավասար վերաբերվում։

Ապա ինչո՞ւ է պետք դաշնակիցը, բացատրեք։

Թղթ. Լավ, ինչո՞ւ Ռուսաստանը սկզբից չճանաչեց Ղարաբաղը։ Գուցե դրա համար պատճառներ կային։ Նաև՝ իրավիճակի սրումից խուսափելու համար։

Ն. Պլատոշկին. Լավ, ինչո՞ւ մենք հիմա չենք ճանաչում Մերձդնեստրը։ Մենք չենք սրում իրավիճակը, չէ՞։ Այս СВО-ի պատճառով, չէ՞։

Թղթ. Բայց մյուս կողմից, իրավաբանորեն Ռուսաստանը չպետք է կարողանար պաշտպանել Ղարաբաղը, քանի որ չէր ճանաչում այն, որպեսզի չվիճեր Ադրբեջանի հետ։

Ն. Պլատոշկին. Բայց Ադրբեջանն այժմ փակել է մեր դռները, դուք ինքներդ ասացիք դա։ Ստացվում է, որ միևնույն է՝ չվիճեցիք, չէ՞։

Կարող եմ ասել ձեզ, որ, ցավոք, այս մասին քիչ է գրվել։ Գիտեք, ադրբեջանցիները ոչնչացրին մեր հզոր ռադարային կայանը Գաբալայում։ Դա հսկայական խորհրդային ռադարային կայան էր, հավանաբար ձեր շենքի բարձրության։ Այն պաշտպանում էր ԽՍՀՄ-ն հարավից հրթիռների արձակումից։ Վաղ նախազգուշացման կայան։ Սկզբում մենք նրանց հսկայական գումարներ վճարեցինք, ապա նրանք մեզ դուրս շպրտեցին։ Դա շատ վաղուց էր՝ Ղրիմից առաջ, ամեն ինչից առաջ։

Տեսնո՞ւմ եք։ Սա երբեք տեղի չի ունեցել Հայաստանի հետ։ Որպես դիվանագետ՝ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է դա հնարավոր։ Մենք լավ հարաբերություններ ունենք այս երկրի հետ, բայց մյուս երկրի հետ ՝ ոչ։ Ինչո՞ւ է մեր վերաբերմունքն այդքան հավասար։ Դա նույնիսկ տրամաբանական չէ։

Թղթ։ Կարծում եմ, որ եթե Ադրբեջանը ներխուժեր Հայաստանի որևէ ճանաչված տարածք, մենք կհակաճառեինք ՀԱՊԿ-ի շրջանակներում, բայց Ղարաբաղում մենք պարտավոր չէինք։

Ն. Պլատոշկին։ Բայց մենք մտանք Լեռնային Ղարաբաղից մնացած հատցած։ Մենք այնտեղ տեղակայեցինք խաղաղապահներ, համակարգման կենտրոն, և ինչ-ինչ պատճառներով նույնիսկ թուրքերին հրավիրեցինք այնտեղ։ Ինչո՞ւ։ Ի՞նչ էին կորցրել նրանք այնտեղ։ Դե, նրանք, իհարկե, ուրախ էին։

Թղթ։ Դե, նրանք, հավանաբար, Ադրբեջանի կողմից են…

Ն. Պլատոշկին։ Արդյունքում մեզ պարզապես լիովին վռնդեցին այնտեղից։ Եվ այսօր Հայաստանն ասում է մոտավորապես այսպիսի բան. լավ, քանի որ մենք Ռուսաստանից անվտանգության երաշխիքներ չունենք, կգնանք ուրիշ տեղ։ Լավ, ի՞նչ պետք է անեն, երկիրն այնքան փոքր է։

 

Խմբ. Ռուս դիվանագետի հետ հարցազրույցի համաձայն՝ թե՛ Փաշինյանից առաջ, թե՛ հետո՝ մինչև այսօր, Ռուսաստանը պահպանում է լիակատար վերահսկողությունը Հայաստանի նկատմամբ և նրա համար պատրաստում է ապագա, ինչը արել է Ղարաբաղում։ Ոչ մի պայմանագիր կամ իրավական ու փաստական հիմք չի փոխվել։