Եթե ​​Ռուսաստանը և Ուկրաինան չպայմանավորվեն մինչև մայիսի 15-ը, ԱՄՆ-ը դուրս կգա բանակցություններից

Վաշինգտոնը վերջնաժամկետ է սահմանել Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ խաղաղ բանակցությունների համար: Պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի խոսքով՝ ԱՄՆ-ն կոնկրետ արդյունք է ակնկալում մինչև մայիսի 15-ը. դրանից հետո ամերիկյան կողմը կարող է ամբողջությամբ դուրս գալ բանակցային գործընթացից: Գոնչարենկոն՝ աղբյուրներին հղում անելով պնդում է․ Վաշինգտոնը հստակեցրել է, որ եթե կողմերը չկարողանան հասնել իրական համաձայնությունների մինչև մայիսի կեսերը, խաղաղ բանակցությունները կհանվեն օրակարգից։

Միացյալ Նահանգները պատրաստ է Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ պատերազմից հետո, եթե Կիևը խաղաղության համաձայնագրի շրջանակներում դուրս բերի իր զորքերը Դոնեցկի մարզից: Այս մասին հայտնել է Financial Times-ը՝ հղում անելով ներքին տեղեկություններին:

Հնդկաստանի և Եվրոպայի խոշորագույն առևտրային համաձայնագիրը. Բայրամովը մեկնում է Չինաստան

Եվրամիությունը և Հնդկաստանը հայտարարել են պատմական առևտրային համաձայնագրի մասին: Բանակցությունները, ընդհատումներով, շարունակվում են գրեթե երկու տասնամյակ տարի: Երկու կողմերն էլ ձգտում են խորացնել կապերը՝ Միացյալ Նահանգների հետ լարվածության ֆոնին։

«Մենք կնքել ենք համաձայնագիր, որը կարելի է անվանել «բոլոր գործարքների մայրը», – գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Նյու Դելիում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպումից հետո արված հայտարարության մեջ: Նա համաձայնագիրը անվանել է պատմական։

Համաձայնագիրը թույլ կտա ապրանքների ազատ առևտուր իրականացնել ԵՄ 27 անդամ երկրների և աշխարհի ամենախիտ բնակեցված երկրի միջև: Միասին նրանք ներկայացնում են համաշխարհային համախառն ներքին արդյունքի գրեթե 25%-ը և երկու միլիարդ բնակչություն ունեցող շուկան։

Կանխատեսվում է, որ համաձայնագիրը զգալիորեն կնվազեցնի սակագները և կընդլայնի մուտքը շուկա երկու կողմերի համար։

Հիշեցնենք, որ Հայաստանը ակտիվորեն համագործակցում է Հնդկաստանի հետ, իսկ Հնդկաստանի անկախության օրվա կապակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Հնդկաստանի հետ ամենահամարձակ համագործակցության։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով մեկնել է Չինաստան, որտեղ հունվարի 28-ին կհանդիպի Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ: Բայրամովը Պեկին է ժամանել չինացի գործընկերոջ հրավերով:

ԵԽԽՎ–ն կոչ է արել ազատ արձակվել Բաքվում պահվող բոլոր հայերին

Քիչ առաջ Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում «Եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ», իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

ԵԽԽՎ Վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի վարչապետի և Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության և եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու փորձի մասին հաղորդումների կապակցությամբ, ասված է վեհաժողովում այսօր ընդունված զեկույցում։

«Վերահաստատելով, որ 2018 թվականից ի վեր մեկը մյուսին հաջորդած ընտրությունները զերծ են եղել խախտումներից, Վեհաժողովը միաժամանակ վերստին ընդգծում է, որ անհրաժեշտ է կանոնակարգեր կիրառել՝ պետական միջոցների չարաշահման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման ոլորտում», – ասված է լատվիացի պատգամավոր, Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակ Զանա Կալնինա-Լուկաշևիցայի զեկույցում։

«2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Վեհաժողովը կոչ է անում Հայաստանին բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները՝ ապահովելու, որ ընտրարշավը լինի թեմաների ու քաղաքական ուղղվածության շուրջ և զերծ՝ ընտրությունների մասնակիցների միջև անձնական հարձակումներից: Այս համատեքստում Վեհաժողովը հղում է կատարում Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի (ECRI) առաջարկությանը, որ «ընտրված մարմինները և քաղաքական կուսակցությունները պետք է ընդունեն համապատասխան վարքագծի կանոններ, որոնք արգելում են ատելության խոսքի օգտագործումը, կոչ են անում իրենց անդամներին և հետևորդներին ձեռնպահ մնալ դրա մեջ ներգրավվելուց, հավանություն տալուց կամ տարածելուց՝ նախատեսելով պատժամիջոցներ», – ասված է զեկույցում:

Վեհաժողովը նաև ի գիտություն է ընդունել վարչապետ Փաշինյանի՝ 2026 -ի հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո սահմանադրական հանրաքվե կազմակերպելու մտադրությունը։

«ԵԽԽՎ-ն շարունակում է լրջորեն մտահոգված մնալ Ադրբեջանում մարդու իրավունքների հետագա վատթարացմամբ և ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով կալանավորված անձանց թվի աճով, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության ակտիվիստների, լրագրողների և լրատվամիջոցների աշխատողների, գիտնականների, ընդդիմադիր քաղաքական գործիչների և կառավարության այլ քննադատների», – ասված է զեկույցում:

Աչքներիդ մատաղ․ ինչու են բռնի տեղահանվել Արցախի վերջին բնակիչները

Մեր հայրենակիցները Գորիսից դուրս են եկել, բայց թե որտեղ են այս պահին գտնվում, չենք կարող ասել։ Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը՝ անդրադառնալով Արցախից օրերս Հայաստան վերադարձած 10 մեր հայրենակիցներին։

«Նրանք գտնվում են պետական հոգեծության ներքո, անցնում են անհրաժեշտ բուժզննումները և հոգեբանական աջակցությունները։ Միայնակ ապրող և հարազատ չունեցող մարդիկ կգտնվեն պետության աջակցության ներքո այնքան ժամանակ, մինչև բնակարան ձեռք բերեն տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում»,–ասաց նա։

Վերջին 10 մարդկանց բռնի տեղահանումը, ովքեր ցանկանում էին մնալ իրենց տներում, արցախցիների կողմից ընկալվեց որպես վերջնական հարված։ Ոմանք լուռ նախանձում էին այն մարդկանց, ովքեր վերջերս էին տեսել Արցախը՝ աչքներիդ մատաղ, իսկ մյուսները խորը հառաչում՝ հասկանալով, որ վերադարձի վերջին թելը կտրվել է. եթե Ստեփանակերտում 10 հայի համար տեղ չկար, ապա ի՞նչ կարելի է ասել մնացածի մասին։

Չնայած դրան, քաղաքական ուժերը դեռևս պնդում են «վերադարձի իրավունքը»՝ խանգարելով արցախցիներին ձևակերպել իրենց բնական իրավական և քաղաքական պահանջները։ Միջազգային իրավաբանները ցնցված են, որ հայկական կողմը, և մասնավորապես արցախցիները, դեռևս չեն որոշել, թե ինչ են ուզում՝ վերամիավորման մասին 1989 թվականի բանաձևի իրականացում, վերադարձ Հայաստանից անջատ պետություն, թե՞ վերադարձ ադրբեջանի իրավասության ներքո։ 

10 հայերի և մեկ ռուս ազգությամբ հայ քաղաքացու տեղահանումը Ղարաբաղից, ենթադրաբար, պայմանավորված է Բաքվի իշխանությունների կողմից ռասիզմով և անտանելի կենսապայմաններով։ Միջազգային իրավունքի մասնագետ և իրավաբան Արա Ղազարյանը այս տեսակետը հայտնել է «Սպուտնիկ Արմենիայի» հետ հարցազրույցում՝ հիշեցնելով, որ 2023 թվականի հարկադիր տեղահանման ժամանակ այդ անձինք կամավոր որոշել էին մնալ Ստեփանակերտում։

Արա Ղազարյանը կարծում է, որ իշխանությունների լռությունը կարող է պայմանավորված լինել փոխադարձ համաձայնություններով, իսկ ղարաբաղցի քաղաքացիների տեղահանումը հետևանք է Ադրբեջանի կողմից ճնշման աճի, այն բանից հետո, երբ Ստեփանակերտում ձերբակալված Կարեն Ավանեսյանը դատապարտվեց 16 տարվա ազատազրկման։ Կարեն Ավանեսյանին “մեղադրել են” Ալիևի վրա “մահափորձի” մեջ։

Պաշտպանությունը չի կարողացել ադրբեջանական կողմից տեղեկատվություն ստանալ Կարեն Ավանեսյանի առողջության մասին։

«Սպուտնիկ Արմենիայի» հետ հարցազրույցում Ղազարյանը նաև հայտնել է, որ անցյալ շաբաթ Եվրադատարան է ներկայացվել 335 դիմում՝ վերադարձի իրավունքի հիման վրա, ղարաբաղցի բռնի տեղահանված բնակիչների անունից։

«Եվրոպական դատարանը մեզ հնարավորություն է տվել դիմումներ ներկայացնել Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների անունից՝ որոշ չափով պարզեցված ընթացակարգով։ Մենք այս գործընթացն իրականացնում ենք արդեն մեկ տարուց ավելի։ Մենք դիմումներն ընդունում ենք որպես մասնավոր խումբ՝ առանց պետական ​​մարմինների որևէ օգնության կամ միջամտության», – նշեց նա։

Փաստաբանի խոսքով՝ սեփականության իրավունքի և վերադարձի իրավունքի հիմքով հավաքագրվել է ևս ավելի քան 1000 դիմում։

Մարդիկ մտածել են՝ իրենց տանում են սպանելու, օկուպացված Ստեփանակերտում շուրջ երկուսուկես տարի անցկացրած հայերի մասին պատմում է արցախցի հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը: Օրերս Հայաստան տեղափոխվածների մեջ նրա ծանոթն է, որի հետ կարճ խոսել է: «Իրենք չէին իմանում, որ գալիս են դեպի Հակարի: Հակարի հասնելու, էդտեղ են հասկացել, որ փոխում են», – «Ազատությանը» փոխանցեց Պետրոսյանը:

Ըստ ականատեսներից մեկի՝ ողջ ճանապարհին մահվան սարսափից հեկեկում էր Ռիտան՝ ազգությամբ ռուս, բայց Արցախում որդեգրված-մեծացած մի կին, որ շներին ու կատուներին էր կերակրում: Հակարիի անցակետ հասնելուն պես հասկացել են, որ Հայաստան են տեղափոխվում, և մեկ էլ պարզել են՝ իրենցից մեկը չկա:

«Ասել է՝ «չեմ գալիս, ինձ հայերը սպանելու են», և այլն, [Միշա Գրիգորյանը], որը ինչ-որ բաներ էր խոսում: Վախենում էր, որ էստեղ իրեն սպանելու են, ոտերի տակ է ընկել թուրքերի, թուրքերը ասել են՝ «եթե մնաս, մենք ենք քեզ էստեղ սպանելու», ասել է՝ «լավ է դուք ինձ սպանեք»: Ասում է՝ լացուկոծը դրել է, դրան նորից գցել են ավտոն, տարել են», – պատմեց Տիգրան Պետրոսյանը:

Միշա Գրիգորյանը ադրբեջանական լրատվամիջոցների ֆավորիտն էր, անընդհատ հարցազրույցներ էր տալիս, տարակուսում՝ այս հայերն ինչո՞ւ հեռացան Արցախից:

Նա նաև Բաքվի դատարանում ցուցմունքներ էր տալիս Ռուբեն Վարդանյանի դեմ, հայաստանցի իրավապաշտպանները վստահ էին, որ ադրբեջանական ճնշումներն են իրենց գործն անում: Այժմ փաստն այն է, որ Միշա Գրիգորյանը Ստեփանակերտից դեպի Հայաստան ուղևորվող վերջին տրանսպորտից ճանապարհի կեսից հետ է գնացել:

Տիգրան Պետրոսյանի տեղեկությամբ՝ վերջին ամիսները դժոխային են եղել Ստեփանակերտի «Դղյակ» հյուրանոցում. այստեղ էին ադրբեջանցիները հավաքել շուրջ մեկ տասնյակ հայերի՝ հիմնականում առողջական խնդիրներով, միայնակ մարդիկ:

«Իրենք վերջին ամիսներին բոլորովին փակված էին՝ գերու կարգավիճակով, էնքան որ սնունդ էին տալիս: Իրենք միշտ ասում էին՝ «խի՞ եք է մնացել, խի՞ չեք գնում, խի՞ չեք գնում, գնացեք, գնացեք», – նշեց Պետրոսյանը:

Վերադարձածներից մեկի հարազատը պատմեց՝ ընտանիքի անդամին երկուսուկես տարի անց տեսել է ծեծված, բռնության հետքերով:

Առողջապահության նախարարությունից ասացին՝ երեք հոգի հոգեբուժական հաստատություններում են՝ բուժզննման նպատակով: Ծանր վիճակում գտնվողներ չկան:

«Ազատության» տեղեկությամբ՝ 11 տեղափոխվածների մեծ մասը Աղվերանում՝ մի հյուրանոցում են տեղավորվել:

Այսպիսով, 2023-ին Արցախում մնացած վերջին հայերին ևս բռնի տեղահանել են, ցույց տալու համար, թե ինչ էր սպասում այն մարդկանց, որոնց ուզում էին “թողնել” Արցախում 2023-ին։ Պետք էր մնալ, ամեն ինչ լավ կլիներ, ասում էին որոշ հայ պաշտոնյաներ։ Ռուս զինվորականները ևս համոզում էին մնալ՝ “մենք ձեզ կպաշտպանենք”։  

2,5 տարի անց ով ողջ, ով մեռած, խոշտանգված, վախեցած կբերեին Հակարի և կհանձնեին։ 

 

ժամանակավոր պաշտպանության վկայականի փոխանակման կամ ստացման դիմումը՝ նաև առցանց

Այժմ հնարավոր է ժամանակավոր պաշտպանության վկայականի փոխանակման կամ նոր ստացման դիմում ներկայացնել նաև առցանց՝ MiD (բջջային էլեկտրոնային ստորագրություն) օգտագործելով։ Թղթային դիմում ներկայացնելու հնարավորություն մնում է այն քաղաքացիների համար, ովքեր չունեն MiD։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

Հիշեցնենք, որ Հայաստանի Կառավարության որոշմամբ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Դուք կարող եք շարունակել օգտագործել ձեր ժամանակավոր պաշտպանության վկայականը, որի վրա ժամկետ նշված չէ, սակայն առկա է QR կոդը։

«Մուտքի ուղղությամբ սահմանը հատելիս ժամանակավոր պաշտպանության վկայականի առկայությունը պարտադիր չէ։

Եթե ժամանակավոր պաշտպանության վկայականը ստանալուց հետո անձնագիրը փոխվել է (կորուստ, ժամկետի ավարտ, վնասում), ապա անհրաժեշտ է ներկայացնել դիմում՝ նոր տվյալներով վկայական ստանալու, քանի որ ժամանակավոր պաշտպանության վկայականը տրվում է միայն գործող անձնագրի հիման վրա։

Տեղեկացնում ենք նաև, որ սահմանահատումից առաջ կարող եք ստուգել ձեր քարտի QR կոդը, որը ցույց է տալիս վկայականի վավերականության ժամկետը»,- ասված է հաղորդագրությունում։

Արցախ Միությունը ձևավորել է արցախյան տեղահանված ձեռներեցների տեղեկատվական շտեմարան

Արցախ Միությունը, Իզմիրլյան հիմնադրամի համաֆինանսավորմամբ, ձևավորել է արցախյան տեղահանված ձեռներեցների տեղեկատվական շտեմարան։ Ծրագրի նպատակն է, բացի բիզնես կարողությունների զարգացումից, բարձրացնել արցախյան բիզնեսների տեսանելիությունը և նպաստել նրանց տնտեսական զարգացմանը։

Ծրագրի շրջանակներում, որպես լրացուցիչ գործնական աջակցություն՝ հունվարի 18-ին կայացած «Մենք կանք» կրթամշակութային միջոցառման շրջանակում Արցախ Միությունը ֆինանսավորել է իր շահառու 7 փոքր ձեռնարկությունների մասնակցությունը։ Տրամադրված տաղավարների շնորհիվ ձեռներեցները հնարավորություն են ստացել ներկայացնելու իրենց արտադրանքներն ու հաստատելու նոր գործարար կապեր։

Մասնակից ձեռներեց Սրբուհի Վանյանը, կարևորելով նման հարթակների դերը, նշել է. «Մեզ՝ փոքր արտադրողներիս համար, սա սեփական արտադրանքը գնորդին հասցնելու հրաշալի առիթ էր։ Շատ նորաստեղծ բիզնեսների համար նման ցուցահանդեսները հաճախ հասանելի չեն բարձր վարձավճարների պատճառով։ Անվճար տաղավարի տրամադրումը հնարավորություն տվեց ոչ միայն վաստակել, այլև գտնել նոր գործընկերներ և վերլուծել զարգացման հեռանկարները»։

Ձևավորվող համապարփակ շտեմարանը դառնալու է հիմնական հարթակը, որի միջոցով արցախցի ձեռներեցները պարբերաբար տեղեկություններ կստանան՝

Դոնոր կազմակերպությունների աջակցության ծրագրերի մասին.

Մասնագիտական վերապատրաստումների և դասընթացների հնարավորությունների վերաբերյալ.

Տեղական և միջազգային ցուցահանդեսներին մասնակցության հրավերների մասին:

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԵԽԽՎ փոխնախագահ

Հայաստանին անցած քվոտայով ընտրվեցի ԵԽԽՎ փոխնախագահ: Այս մասին գրել է  ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

Հիշեցնենք, որ Ստրասբուրգում հունվարի 26-ին մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը կտևի մինչև հունվարի 30-ը: Լիագումար նստաշրջանի կարևորագույն իրադարձություններից են Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի և ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթները:

Թրամփ. Ինձ թույլ չեն տալիս խոսել Մադուրոյին բռնելու համար օգտագործված գաղտնի զենքի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ թշնամու սարքավորումներն ու զենքերը վնասազերծելու ունակ գաղտնի զենքը վճռորոշ դեր է խաղացել Վենեսուելայի բռնապետ Նիկոլաս Մադուրոյին գերի վերցնելու առաքելության ընթացքում: Սպիտակ տան գործող նախագահը այս զենքն անվանել է «Ապակողմնորոշիչ» և նշել, որ այն վնասազերծել է ռուսական և չինական հրթիռները և կաթվածահար արել վենեսուելացի զինվորներին, ըստ The New York Post-ի։

«Դա ապակողմնորոշիչ է։ Ինձ թույլատրված չէ խոսել դրա մասին», – ասել է Թրամփը Օվալաձև աշխատասենյակում տված հարցազրույցի ժամանակ։

Ըստ Թրամփի՝ Մադուրոյի ուժերը լավ պատրաստված էին հարձակումը հետ մղելու համար և ունեին ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգեր, այդ թվում՝ ռուսական և չինական հրթիռային համակարգեր, բայց «Ապակողմնորոշիչի» պատճառով ոչ մի հրթիռ չի արձակվել։

Կարակասում ամերիկյան գործողությունից հետո Վենեսուելայից ապացույցներ են հայտնվել, որոնք նկարագրում են Մադուրոյի անվտանգության ուժերի տարօրինակ ախտանիշներ: Ականատեսները պնդում էին, որ նրանցից մի քանիսը գետնին են տապալվել՝ քթից արյունահոսություն ունենալով և արյուն փսխելով: Վենեսուելայի նախկին առաջնորդի անվտանգության աշխատակիցներից մեկը նաև պնդում էր, որ գործողության գագաթնակետին պաշտպանական համակարգերը հանկարծակի խափանվել են։

Հայաստանը պատրաստ է Հնդկաստանի հետ զարգացնել հավակնոտ նախաձեռնություններ

Հայաստանը պատրաստ է զարգացնել նոր հավակնոտ նախաձեռնություններ Հնդկաստանում, Հանրապետության օրվա կապակցությամբ իր գործընկեր Սուբրամանիամ Ջայշանկարին ուղղված շնորհավորական ուղերձում գրել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Հայաստանը պատրաստ է առաջ մղել հավակնոտ նոր նախաձեռնությունները Հնդկաստանի հետ համագործակցության բոլոր ոլորտներում և մեր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի», – գրել է Միրզոյանը X-ում:
Նիկոլ Փաշինյանն էլ շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին: Նափաստելէ, որ արագ փոփոխվող աշխարհում երկու բարեկամ երկրների միջև փոխշահավետ և բազմաոլորտ համագործակցությունը շարունակում է խորանալ և ընդլայնվել:
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը՝ ի շահ մեր բարեկամ երկրների և ժողովուրդների», – նշել է Փաշինյանը:

Արցախի հինավուրց հայկական Դրմբոն գյուղը սպասում է իր բնիկ տերերին

2026թ. հունվարի 13-ին օկուպանտ և ցեղասպան, արհեստական, կեղծ կազմավորման՝ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը այցելել է օկուպացված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղ:

«Ազերթաջ» պետական լրատվական գործակալության հրապարակման համաձայն՝ «Գյուղն օկուպացիայից ազատագրվել է 2023 թվականին իրականացված հակաահաբեկչական գործողության արդյունքում։ …Իլհամ Ալիևն այցելել է գյուղի բնակիչ Սարվան Աբասովի ընտանիքին, ծանոթացել նրանց նոր տանը ստեղծված պայմաններին… Կիսելով հայրենի հող վերադառնալու ուրախությունը՝ Սարվան Աբասովը երախտագիտություն է հայտնել… Իլհամ Ալիևն ընտանիքին մաղթել է բարեկեցություն հայրենի հողում։»:

Պետք է նշել, որ հինավուրց հայկական Դրմբոն գյուղն, այսպես կոչված, ադրբեջանական ներկայացվելու մասին դատողությունները կատարյալ սուտ են ու կեղծիք:

Ասվածն ապացուցվում է հետևյալ փաստերով:

Սկզբնապես ներկայիս Դրմբոն գյուղը հայերեն կոչվել է Մաչախ, իսկ հետագայում եկվոր թյուրք-թաթարներն իրենց լեզվով այն կոչել են Հեյվալու կամ Յարմ յայլաղ:

«Հեյվալու»-ն բացատրվում է հետևյալ կերպ. «հեյվա» թարգմանաբար հայերեն նշանակում է «սերկևիլ» կամ «սերկևլենի»: «Լու»-ն, ըստ երևույթին, նշանակում է «տեղ», «վայր»: Հետևաբար, «Հեյվալու» նշանակում է սերկևլուտ, այսինքն` տեղ, որտեղ կան մեծաքանակ սերկևիլի ծառեր: Ամենայն հավանականությամբ Մաչախ գյուղում բավական շատ են եղել սերկևիլի ծառերը, որն էլ հաշվի առնելով` թյուրք-թաթարները գյուղն իրենց լեզվով անվանել են Հեյվալու:

«Յարմ յայլաղ»-ը բացատրվում է հետևյալ կերպ. «յարմ» հայերեն թարգմանաբար նշանակում է «կես», իսկ «յայլաղ»-ը` լեռնային հով վայրերում գտնվող արոտավայր, որտեղ ամառները խաշնարածներն ապրում են իրենց անասնահոտերով: Հետևաբար, «յարմ յայլաղ»-ը բառացի թարգմանաբար կնշանակի «կես արոտավայր», ըստ երևույթին վայր, որի կեսն օգտագործվում է որպես ամառային արոտավայր:

Գյուղի «Մաչախ» անունը «Մաչեղ» ձևով առաջին անգամ հիշատակվել է 13-րդ դարի Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի կառուցած Գանձասարի եկեղեցու շինարարության վերաբերյալ պատմող մեծ արձանագրության մեջ, որը փորագրվել է 1240թ. տաճարի հյուսիսային պատին:

Ներկայացնելով եկեղեցու կառուցման մանրամասները` իշխանաց իշխանը միաժամանակ նշել է, որ ինքը հոգացել է միաբանության պետքերը` եկեղեցուն նվիրելով Մաչեղ, Հարջանտուս, Բոլորքոչ գյուղերն իրենց շրջակայքով և ուրիշ բազմաթիվ կալվածքներ. «ՅԱ[Ւ]ԺԱՐՈՒԹԵԱՄԲ ԿԱՄԱՑ ՄԵՐՈՑ, ՈՐՊԷՍ ՏԵՍԱՆԷ ԱՍՏՈՒԱԾ ՀՈԳԱՑԱՔ ԶՊԷՏՍ ՄԻԱԲԱՆԻՑՍ Գ[ԵՂՈՐ]ԱՅՍ ՄԱՉԵՂ, ՀԱՐՋԱՆՏՈՒՍ, ԲՈԼՈՐՔՈՉՆ…»:

Հիմք ընդունելով հիշյալ արձանագրությունը` կարող ենք վստահաբար պնդել, որ 1240 թվականի դրությամբ Մաչախ անվամբ գյուղը գոյություն է ունեցել: Միաժամանակ կարելի է ասել, որ նշված տեղում բնակավայր գոյություն է ունեցել 1240 թվականից ավելի վաղ:

Բանն այն է, որ այժմյան Դրմբոն գյուղի արևելյան մասում` նախկին Մաչախ գյուղից քիչ վերև, գտնվում է մի մատուռ, որի շուրջը կան բազմաթիվ տապանաքարեր, որոնցից մեկը թվագրված է 1187 թվականով: Սա թույլ է տալիս պնդել, որ 1240 թվականից էլ շատ առաջ այնտեղ բնակավայր է եղել:

Արցախի 14 երևելի անձանց վկայությունների հիման վրա 1630թ. կազմված Գանձասարի վանքի կալվածագրքում Մաչախ գյուղի վեց մասը նշված է որպես եկեղեցուն նվիրված կալվածք:
Արցախի Խաչեն և Ջրաբերդ գավառների երևելի անձանց 1848թ. մայիսի 21-ին տված գրավոր վկայության համաձայն` Մաչախը կամ Դրմբոնը հանդիսացել է Գանձասարի եկեղեցու ձմեռանոց:

Համաձայն Արցախի միտրոպոլիտ Բաղդասար արքեպիսկոպոս Հասան-Ջալալյանի 1854թ. հունիսի 15-ի կտակի և 1854թ. օգոստոսի 23-ին կազմված Արցախի թեմի վանքապատկան կալվածքների ցուցակի` Դրմբոն գյուղն, ի շարս բազմաթիվ կալվածքների՝ ներկայիս Մարտակերտի շրջանի Գառնաքար, Ծմակահող, Շահմասուր, Վերին Հոռաթաղ, Վաղուհաս և Հարությունագոմեր գյուղերի հանդիսացել է Հասան-Ջալալյանների տոհմական կալվածքը:

Միաժամանակ Բաղդասար մետրոպոլիտը նշել է, որ ինքը Հասան-Ջալալյանների ունեցած կալվածքների մասին 1853թ. հունվարի 21-ին հայտնել է Արցախի Կոնսիստորիային, որն էլ իր հերթին նույն թվականի ապրիլի 3-ին N 247 գրությամբ հայտնել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցուն:

Փաստորեն, ներկայիս Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի յոթ գյուղեր` Գառնաքարը, Ծմակահողը, Շահմասուրը, Դրմբոնը, Վերին Հոռաթաղը, Վաղուհասը և Հարությունագոմերը հանդիսացել են Հասան-Ջալալյանների թագավորական-իշխանական տան տոհմական սեփականությունը:

Համաձայն Արցախի վանքապատկան կալվածքների կառավարիչ Նիկոլայ բեկ Փիրումյանցի 1879թ. հուլիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում կազմած վանքապատկան կալվածքների ցուցակի` ներկայիս Մարտակերտի շրջանի Վանք գյուղի բնակիչներն իրենց անասունները ձմռանը պահում են գյուղի կալվածքների մեջ մտնող Դրմբոն տեղամասում, ինչի համար հարկ են վճարում Հասան-Ջալալյաններին:

Այսպիսով, համաձայն պատմական սկզբնաղբյուրների ու փաստաթղթերի՝ 1840-ական թվականների սկզբին Վանք գյուղի մի խումբ բնակիչներ Հասան-Ջալալյանների թույլտվությամբ, սկզբում ձմռանը, ապա նաև տարվա մյուս եղանակներին, իրենց անասունները պահել են ներկայիս Դրմբոն գյուղի և նրան մերձակա տարածքներում, ինչի համար հարկ են վճարել Հասան-Ջալալյաններին:

Տեսնելով, որ ժամանակի ընթացքում մեծանում է Դրմբոնում իրենց անասունները պահել և մշտական բնակություն հաստատել ցանկացող Վանք գյուղի ռամիկների թիվը` Հասան-Ջալալյան տոհմի չորս եղբայրներ՝ Սիրական բեկը, Բաղդասար բեկը, Գրիգոր բեկը և Նիկոլայ բեկը, իրենց հետ վերցնելով նշված գյուղացիների ընտանիքներին, որոնք կազմում էին մի քանի առանձին տոհմեր, Սիրական բեկի գլխավորությամբ մոտավորապես 1890-ական թվականների սկզբներին վերջնականապես Վանքից տեղափոխվել են Դրմբոն:

Գյուղի հիմնադիր և առաջին տանուտերն էլ դարձել է Սիրական բեկ Հասան-Ջալալյանը՝ տողերիս հեղինակի պապի պապը, ով, ի դեպ, ապրել է 120 տարի՝ 1814-1934թթ.:

Որպես բնակավայր պատմական սկզբնաղբյուրներում իր հիշատակման օրից մինչև 2023 թվականի սեպտեմբեր ամիսը Դրմբոն գյուղում հայերից բացի այլ ազգի որևէ ներկայացուցիչ չի բնակվել: Այդ մասին վկայում են թե՛ նախախորհրդային, թե՛ խորհրդային և թե՛ Արցախի Հանրապետության վարչակազմի Արցախում իշխանավարման օրոք անցկացված բոլոր մարդահամարները:

Սակայն, չնայած Դրմբոն գյուղի հայերի կողմից հիմնադրված ու հայապատկան լինելու մասին վերոնշյալ անառարկելի փաստերին, Ադրբեջան անունով արհեստական, կեղծ կազմավորման քարոզչամեքենան Ադրբեջանի նավթային դիկտատոր, օկուպանտ և ցեղասպան Իլհամ Ալիևի հրահանգով գյուղը ներկայացնում է որպես, այսպես կոչված, ադրբեջանական:

Հետևաբար, պետք է հնարավորինս շուտ փոխել Ադրբեջանի կողմից միջազգային իրավական ակտերի կոպտագույն խախտմամբ ուժի և դրա սպառնալիքի կիրառման հետևանքով ստեղծված անօրեն ու անբնական իրավիճակը և վերականգնել իրերի նախկին օրինական ու բնական դրությունը:

Հրատապ անհրաժեշտություն է ձեռնարկել գործուն քայլեր կովկասյան թաթարներից (ադրբեջանցիներից) ազատագրելու ինչպես Դրմբոն գյուղն, այնպես էլ բովանդակ Արցախի Հանրապետությունը և վերադարձնելու իրենց օրինական ու իրական տերերին:

Արցախահայության վերադարձին այլընտրանք չկա ու չի կարող լինել:

Արցախի բնիկ տերերը պետք է վերադառնան Արցախ` տիրոջ իրավունքով և կարգավիճակով, որտեղ պետք է շարունակեն գործել Արցախի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները, իսկ Արցախի ժողովրդի կողմից ձևավորված վարչակազմը պետք է շարունակի կատարել իր պարտականություններն ու իրականացնել իր լիազորությունները:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ                                  

Վառելիքի պայթյունի և պատերազմի քաղաքացիական զոհերի ընտանիքները սպասում են կարգավիճակի և երաշխիքների

Արցախցիների հարկադիր տեղահանման վերջին օրերին Ստեփանակերտի մոտ գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցած ողբերգական պայթյունից անցել է ավելի քան երկու տարի։

Չնայած այն հանգամանքին, որ արցախյան իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պարբերաբար բարձրացնում են պայթյունից տուժածների ընտանիքների կարգավիճակի հարցը, մինչ օրս որևէ քայլ այս ուղղությամբ չի ձեռնարկվել։

Ըստ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի, հարցը բազմիցս բարձրացվել է ՀՀ տարբեր շրջանակներում և ատյաններում՝ հատուկ շեշտադրելով կարգավիճակի կարևորությունը, սակայն մինչ օրս ոչ մի մարմին չի ցուցաբերել այն լուծելու քաղաքական կամք։

Միևնույն ժամանակ, տուժած ընտանիքների մեծ մասը կորցրել է իրենց միակ կերակրողին և հայտնվել ծանր սոցիալական պայմաններում։ Փաստորեն, պայթյունի հետևանքով զոհվածների 238 ընտանիք դեռևս կարգավիճակ չունի։

Վերջերս Ազգային ժողովում Հայաստանի սոցիալական հարցերի նախարարը խոստովանեց ակնհայտը. Արցախում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունը սովորական պատահար չէր և պահանջում է հատուկ մոտեցում և լուծում: Նույնիսկ դրանից հետո և մինչ օրս որևէ դրական քայլ չի ձեռնարկվել: «Մենք ակնկալում ենք, որ պայթյունի հետևանքով տուժածների ընտանիքները, մասնավորապես՝ զինծառայողների և ոստիկանների ընտանիքները, կստանան կարգավիճակ և կկարողանան օգտվել աջակցությունից և պետական ​​այլ երաշխիքներից», – հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։

Գեղամ Ստեփանյանը հավելեց, որ վերջին պատերազմի ժամանակ քաղաքացիական զոհերի ընտանիքների կարգավիճակի և նրանց աջակցության տրամադրման հարցը նույնպես բաց է մնում:

Արցախում գործում էր քաղաքացիական զոհերի և քաղաքացիական զոհերի ընտանիքների կարգավիճակ, որի արդյունքում 2020 թվականի պատերազմում զոհված քաղաքացիական անձանց ընտանիքները ստացել էին 5 միլիոն դրամի միանվագ օգնություն: Սակայն Հայաստանի Հանրապետությունում նման կարգավիճակ գոյություն չունի, և 2023 թվականի քաղաքացիական զոհերի ընտանիքները չեն ստացել որևէ միանվագ կամ այլ տեսակի աջակցություն, ինչը էլ ավելի է բարդացնում այդ ընտանիքների սոցիալական վիճակը։

Պայթյունի հետևանքով զոհվածների և վերջին պատերազմի քաղաքացիական զոհերի կարգավիճակը մեզ համար առաջնահերթություն է, և ես կարծում եմ, որ անհրաժեշտ է այս հարցը պահել ուշադրության կենտրոնում, նշեց օմբուդսմենը։

Ալվարդ Գրիգորյան

Թագուհին վստահ է, որ մի օր անպայման կերգի հայրենի Տումիի բեմում

Չնայած բոլոր խոչընդոտներին և դժվարություններին, Արցախյան մշակույթն ու արվեստը շարունակում են պահպանել իրենց գոյությունը Հայաստանում: Գործող ստեղծագործական կոլեկտիվների պահպանման հետ զուգահեռ շարունակում են աճել ու զարգանալ արցախցի տաղանդների նոր սերունդներ:

Երիտասարդ երգչուհի Թագուհի Խաչատրյանը ծնվել է 2009 թվականին Հադրութի շրջանի Տումի գյուղում: Երգարվեստի հետ նրա ծանոթությունը սկսել է 5 տարեկանից: Սկզբնական շրջանում նա երգում էր հայրենի գյուղի բեմում: Ավելի հասուն տարիքում ընդունվեց Հադրությի DizakArt մշակութային կենտրոնի ժողովրդական երգի և երգեցողության բաժին, սակայն 44-օրյա պատերազմի և տեղահանության պատճառով նրա ուսումը ընդհատվեց:

Պատերազմից հետո մեկ տարի նրա ընտանիքը մնաց Երևանում, որտեղ նա սկսեց հաճախել Ջիվանու անվան աշուղական դպրոցը, սակայն 2021 թվականին DizakArt մշակութային կենտրոնը վերաբացվեց Ստեփանակերտում: Նույն թվականին Թագուհին ընտանիքի հետ վերադարձավ հետպատերազմյան Արցախ և որոշեց շարունակել ուսումը կենտրոնում՝ հարազատ ուսուցիչների ու դասընկերների կողքին:

Նա մեծ ջերմությամբ է նշում հատկապես երգի իր առաջին ուսուցչուհու ընկեր Ռուզաննայի կարևոր դերն իր կյանքում, քանի որ հենց նա բացահայտեց Թագուհու տաղանդն ու երգեցողության հանդեպ մեծ սերը:

2023 թ. Արցախից տեղահանվելուց հետո Թագուհու ընտանիքը հաստատվել է Աբովյան քաղաքում: Այժմ նա ավարտել է ուսուցումը DizakArt մշակութային կենտրոնում և ընդունվել Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան:

Ուսման հետ զուգահեռ Թագուհին արդեն հասցրել է մասնակցել մի շարք տեղական ու միջազգային մրցույթների և փառատոնների, զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ։ Մասնավորապես մասնակցել է ՙՙՓոքրիկ քայլ ՚՚ և ՙՙArt Music՚ ՚երաժշտական մրցույթ-փառատոններին:

Շուտով նա պատրաստվում է մասնակցել նաև ՙՙԹաքնված տաղանդ՚՚ երաժշտական նախագծին, որը կցուցադրվի Շանթ հեռուստաընկերության եթերում: Նախագծի նախնական փուլը նա արդեն հաղթահարել է:

Թագուհին երազում է աշխարհահռչակ բեմերում երգելու մասին, բայց դրա հետ մեկտեղ նաև չի կորցնում հայրենիք վերադառնալու հույսը: Շատ հաճախ երգում է Արցախի մասին և վստահ է, որ մի օր անպայման կերգի հայրենի Տումիի բեմում հայկական դրոշի ներքո:

Արսեն Աղաջանյան