Յանա Կասյանի պատմությունը միայն մեկ ուսանողի մասին չէ

Արցախցի ուսանողներն այսօր ոչ միայն կրթություն ստացող երիտասարդներ են, այլ նաև սերնդի ներկայացուցիչներ, որոնց ուսանողական տարիները համընկել են պատերազմի, կորուստների և մշտական անորոշության հետ։ Նրանց ճանապարհը դեպի գիտելիք երբեք հարթ չի եղել այն անցել է շրջափակումների, բաժանումների, ցավի ու սպասման միջով։ Սակայն այդ նույն ճանապարհին ձևավորվել է նաև նրանց ամրությունը, նպատակասլացությունն ու պատասխանատվության զգացումը։

Այդ ուսանողներից մեկն է Յանան՝ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանողուհին, ում բուհ ընդունվելը եղել է պատերազմի ամենածանր տարիներին։

Յանային երբեք չեն լքում այն ապրումները, երբ նա պատրաստվում էր դառնալ բժշկական համալսարանի ուսանողուհի 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո էր

-Այդ շրջանում իմ հոգեվիճակը լի էր լարվածությամբ, վախով ու ներքին պայքարով․ մի կողմից՝ պատերազմական իրականությունը, մյուս կողմից՝ բժշկի մասնագիտության ընտրության մեծ պատասխանատվությունը։ Բայց ոչինչ չկարողացավ կոտրել ինձ։ Ընդհակառակը, դժվարությունները դարձան շարժիչ ուժ՝ սովորելու, առաջ գնալու և ապացուցելու, որ նույնիսկ ամենածանր պայմաններում հնարավոր է մնալ նպատակին հավատարիմ։

Երրորդ կուրսում էի, երբ Արցախը հայտնվեց շրջափակման մեջ։ Ստիպված եմ եղել ապրել Արցախի շրջափակման ծանր ամիսները՝ գտնվելով ընտանիքից հեռու։ Այդ բաժանումը, անհանգստությունը հարազատների համար, անորոշ սպասումը կարող էին շատերին կանգնեցնել, բայց ոչ ինձ։ Ես շարունակեցի սովորել՝ ցուցաբերելով բարձր առաջադիմություն, պարտաճանաչություն և մասնագիտական լուրջ մոտեցում։ Ի սկզբանե գիտեի, որ հեշտ չէ սովորել բժշկականում, սակայն բժշկուհի դառնալու իմ երազանքը շատ ավելին էր, քան ցանկացած դժվարություն։ Պարտավոր եմ սովորել, լինել լավագույն ուսանողներից մեկը․ չէ՞ որ պետք է արդարացնել ծնողներիս, իմ հարազատ՝ Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցիչներիս հույսերը։

Թեև դեռ չեմ ընտրել նեղ մասնագիտական ուղղությունը, բայց ինձ տեսնում եմ բժշկության տարբեր ոլորտներում։ Իմ երազանքը մեկն է՝ վերադառնալ Արցախ և այնտեղ աշխատել՝ իմ գիտելիքն ու կարողությունները ծառայեցնելով հայրենի հողին։ Դա երազանք է, ծնված ցավի ու կարոտի մեջ, բայց լի հույսով։ Մնում է միայն հավատալ, որ այդ երազանքն անկատար չի մնա։

Յանա Կասյանի պատմությունը միայն մեկ ուսանողի մասին չէ այն Արցախի բազմաթիվ երիտասարդների հավաքական դիմանկարն է, ովքեր, ցավի միջով անցնելով, չեն հրաժարվել իրենց երազանքներից։ Նրանք սովորում են ոչ միայն իրենց ապագայի, այլ նաև իրենց ժողովրդի վաղվա օրվա համար։

 Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Միացյալ Նահանգները ակնկալում է, որ կանադական Ալբերտա նահանգը կմիանա ԱՄՆ-ին

Կանադական Ալբերտա նահանգը «Միացյալ Նահանգների բնական գործընկերն է», և նրա բնակիչներն ունեն «գերազանց ռեսուրսներ», – ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը՝ հղում անելով հնարավոր անկախության հանրաքվեին։

«Կարծում եմ՝ մենք պետք է թույլ տանք նրանց միանալ Միացյալ Նահանգներին։ Իսկ Ալբերտան Միացյալ Նահանգների բնական գործընկերն է։ Նրանք ունեն մեծ ռեսուրսներ։ Ալբերտացիները շատ անկախ մարդիկ են։ Կան լուրեր, որ նրանք կարող են հանրաքվե անցկացնել՝ որոշելու, թե արդյոք ցանկանում են մնալ Կանադայի կազմում, թե ոչ», – ասել է նա Ջեք Պոսոբիեցի հետ հարցազրույցում։

2025 թվականի դեկտեմբերին CBC News-ը հաղորդել է, որ Կանադական նահանգի ընտրական հանձնաժողովը հաստատել է քաղաքացիների միջնորդությունը՝ անջատման հարցը տեղացի բնակիչների շրջանում հանրաքվեի դնելու համար։

Վաղուց նման եռակողմ ձևաչափ չենք տեսել. ինչպե՞ս են ընթանում բանակցությունները Աբու Դաբիում

Աբու Դաբիում երեկ ավարտվեց Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ԱՄՆ ծրագրի շուևջ ուղիղ բանակցությունների առաջին փուլը։ Բանակցությունները կշարունակվեն այսօր։

Սկզբնական փուլը տեղի է ունեցել փակ դռների հետևում, առանց լրագրողների ներկայության։ Հիմնական քննարկումները կենտրոնացած էին բուֆերային գոտու և վերահսկողության մեխանիզմների ստեղծման վրա, որտեղ եվրոպական կողմերը պնդում էին «էներգետիկ զինադադարի» հասնելու վրա։

Թրամփի վարչակազմը Աբու Դաբիում բանակցությունների առաջին օրը անվանել է արդյունավետ։

Աբու Դաբիում սկսված եռակողմ հանդիպումների շրջանակներում Ուկրաինայի, Միացյալ Նահանգների և Ռուսաստանի բանակցային թիմերի միջև արդեն տեղի է ունեցել «կարևոր զրույց»։ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին այս մասին հայտարարեց երեկոյան տեսաուղերձի ժամանակ։

Նա հաղորդել է, որ ՕՄԵ-ն քննարկում է «պատերազմը դադարեցնելու պարամետրերը»։ «Նման եռակողմ ձևաչափեր վաղուց չենք տեսել», – նշել է Զելենսկին։ Նա նշել է, որ այս բանակցությունները պետք է ներառեն Ռուսաստանի առնվազն որոշ արձագանքներ։ Գլխավորն այն է՝ Ռուսաստանը պատրա՞ստ է դադարեցնել իր կողմից սանձազերծված պատերազմը։

Ուկրաինայի վերաբերյալ հնարավոր բանակցությունների գլխավոր գործոնը տեղանքը չէ, այլ կողմերի կոնկրետ բովանդակությունը և քաղաքական կամքը՝ համաձայնության հասնելու համար։ «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

Դիվանագետը ընդգծել է նոր ռուսական շրջանների բնակիչների ինքնորոշման իրավունքը հարգելու և ճգնաժամի արմատական ​​պատճառները վերացնելու անհրաժեշտությունը։ Նա որպես կարգավորման պայմաններ նշել է Ուկրաինայի վերադարձը չեզոք կարգավիճակի, էթնիկ ռուսների լեզվական և կրոնական իրավունքների երաշխիքները և նեոնացիստական ​​գաղափարախոսության մերժումը։

Ֆրեդն այն ժամանակ չեկավ, քանի որ նրա տունը Ստեփանակերտի փողոցներն էին

«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ ձեզ, որ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարբաղում) բնակվող 10 հայ և մեկ ռուսական ծագում ունեցող ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի և Հայաստանի համապատասխան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։ Այդ դիմումների հիման վրա այդ անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն», – իր Ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Հայտարարությունը արվել է «խաղաղ» տոնով՝ ընդգծելով Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության՝ Արցախը ներառյալ “ճանաչումը”։ Ավելին, հայտարարության մեջ Արցախից տեղահանությունը որակվել է որպես սովորական տեղափոխություն, ինչը հիմնովին հակասում է իրականությանը։

«Արցախը Ադրբեջան չէ, և Արցախից չեն տեղափոխվել, այլ բռնի տեղահանվել են», – նշում է փաստաբան Ռոման Երիցյանը։

Արցախցիները իրենց տները լքել են ոչ թե քմահաճույքի պատճառով, ինչպես փորձում են ներկայացնել ներկայիս հայկական իշխանությունները և նրանց ենթակա կառույցները, այլ էթնիկ զտումների և ցեղասպանության սպառնալիքի հետևանքով։ Նրանք, ովքեր մնացել էին, քանի որ չէին կարողանում լքել իրենց հայրենիքը, հետագայում ենթարկվել են հանրային պարբերաբար նվաստացման և բռնության, ինչի մասին վկայում են սոցիալական ցանցերում տեղադրված տարբեր տեսանյութերը։

Մասնավորապես, համացանցում հաճախ հայտնվում էին տեսանյութեր, որտեղ Ֆրեդ Հայրապետյանը՝ հոգնած և գլուխը կախ, քայլում էր Ստեփանակերտի փողոցներով, մինչդեռ անցորդները ծաղրում էին նրան՝ ստիպելով նրան Ղարաբաղը անվանել ադրբեջանական հող։

Ֆրեդը 67 տարեկան է։ Նա ծնվել է մտավորականների ընտանիքում։ Մինչև 1988 թվականը նա և իր ընտանիքը բռնի կերպով տեղահանվել են Ադրբեջանից։ Նա բնածին հաշմանդամություն ունի։ Ծնողների և եղբայրների մահից հետո նա մնացել է լիովին մենակ և դիմել է ալկոհոլիզմի։ Նա ապրում էր Սարյան փողոցում՝ Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի կողքին։

Ֆրեդը սիրում էր քայլել Ստեփանակերտի փողոցներով և շփվել տեղացիների հետ, ովքեր նրան վերաբերվում էին ջերմությամբ և հոգատարությամբ։

Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնի աշխատակիցները Ֆրեդին առաջարկել էին իրենց հետ լքել Արցախը, սակայն նա հրաժարվեց և նախընտրեց մնալ հայրենիքում։

«Ճանաչելով նրան՝ կարելի էր ենթադրել, որ նա վախենում էր հայտնվել ծերանոցում կամ որևէ այլ խնամքի հաստատությունում։ Նա սիրում էր ազատությունը, և նրա տունը Ստեփանակերտի փողոցներն էին, որտեղ նրան կարելի էր հանդիպել ամեն քայլափոխի», – ասում են Ֆրեդի հարևանները։

Անկախ նրանից, թե ինչպես են փորձում ջնջել պատմությունը, Արցախյան հարցը մոռացված կամ փակված չէ, ինչի մասին վկայում են ինչպես հայ բնակչության շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված «խաղաղության պայմանագրի» ֆոնին տարբեր միջազգային ֆորումներում ձեռնարկված քայլերը։

Արսեն Աղաջանյան

Հերոսի մահով ընկան տղաները․ նախ՝ Արմենը, ապա՝ Արտակը

Ավետիս և Սրբուհի Խաչատրյանների ընտանիքն ապրում էր խաղաղ, բնականոն կյանքով․ երջանիկ լինելու համար ունեին ամեն ինչ: Չորս տղաներ ծնած, նրանց պատշաճ դաստիարակություն տված ծնողները հպարտ էին և շնորհակալ Աստծուց:

Սակայն 2020-ի 44-օրյա պատերազմն անտարբեր չանցավ նաև այս ընտանիքի կողքով։ Անավարտ մնացին նպատակներ ու երազանքներ, կիաստ մնաց մի մեծ պատմություն:

Հերոսի մահով ընկան տղաները․ նախ՝ Արմենը, ապա՝ Արտակը:

Արմենն ընտանիքի երրորդ որդին էր։ Ծնվել է 1997 թվականի հուլիսի 10-ին: Դեռևս փոքրուց տարբերվում էր երեք եղբայրներից: Համեստ էր, ուներ հանգիստ և զուսպ բնավորություն: Ավարտելով Իվանյանի հիմնական դպրոցը՝ ընտրում է ռազմական ուղին և 2012 թվականին ընդունվում  Ստեփանակերտի Ք. Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը: Չափազանց կարգապահ էր, պատասխանատու․ ուներ իսկական սպային հարիր կեցվածք։

2015 թվականին, ավարտելով վարժարանը, Արմենը որոշում է ուսումը կիսատ չթողնել և այն շարունակում է Երևանի Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտոհրաձգային ֆակուլտետում: Չորս տարի շարունակ Արմենը ջանք չէր խնայում ռազմական գործում ավելի հմտանալու, մասնագիտանալու և իսկական սպա դառնալու համար: 2019 թվականին, որպես հրաձգային դասակի հրամանատար, սկսում է ծառայությունը Մատաղիսի զորամասում: Արդեն լեյտենանտի կոչում ուներ։

Ընկերները պատմում են, որ Արմենը, լինելով խստապահանջ հրամանատար, միաժամանակ սեր ու հարգանք էր վայելում հրամանատարության ու զինվորների կողմից:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արմենն արդեն դիրքերում էր: Երբեք մենակ չթողնելով իր զինվորներին՝ նա կռվում էր խիզախորեն, հաղթելու տենչով: Նրա ստորաբաժանումն իրեն դրսևորում էր բարձր պատրաստվածությամբ:

Ցավոք, հոկտեմբերի 10-ը Արմենի երկրային կյանքի վերջին օրն էր։ Մահացու բեկորային վնասվածքներից ընկավ հայրենիքի նվիրյալը, մարտիրոսվեց՝ միանալով հազարավոր տղաների:

Նրա մարմինը գտնվեց հեկտեմբերի 18-ին, մինչդեռ հարազատները ամեն օր զանգի էին սպասում։ Նրանք չէին կորցնում հույսը, որ որդին կգտնվի ու անպայման տուն կվերադառնա։

Ընտանիքի ավագ որդին՝ Արտակը, ծնվել է 1993 թվականի ապրիլի 23-ին։ Արցախյան առաջին պատերազմի տարիներն էին․ ցանկացած տղա երեխայի ծնունդ մեծագույն պարգև էր արցախցու համար: Այնուհետև Խաչատրյանների ընտանիքում ծնվեցին հաջորդ որդիները: Ընտանիքը Նորագյուղից տեղափոխվել, ապրում էր Իվանյան համայնքում: Երեխաները հաճախում էին տեղի միջնակարգ դպրոցը և առանձնանում իրենց համեստությամբ, կարգապահությամբ ու շնորհքով:

Ավարտելով միջնակարգը՝ Արտակն ընտրեց բուժակի մասնագիտությունը և ընդունվեց Ստեփանակերտի Թ. Քամալյանի անվան բժշկական քոլեջի ռազմաբուժական ֆակուլտետը: Ընտրած մասնագիտության համար տղան ուներ համապատասխան բնավորության բոլոր գծերը․ բարեգութ էր, պատրաստակամ, ուներ մեծ սիրտ։

2013 թվականին, ավարտելով ուսումը, նա ժամկետային ծառայության անցավ Հադրութի զորամասում և հետագայում՝ որպես պայմանագրային զինծառայող, ստանձնեց Մարտակերտի զորամասի դեղատան պետի պաշտոնը: 2020 թվականի փետրվարից Արտակն արդեն գումարտակի ռազմաբուժակն էր:

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկած Արտակը չնահանջեց նաև այս պատերազմում:

Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեցին Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողությունները, Արտակը վերապատրաստման դասընթացների էր մասնակցում Երևան քաղաքում: Նույն օրը նա վերադարձավ Արցախ և մեկնեց առաջնագիծ: Այդ ահեղ պատերազմի ընթացքում հարյուրավոր կյանքեր փրկեց բանիմաց ռազմաբուժակը։ Նրա ցուցաբերած խիզախության մասին հետագայում պատմում էին ծառայակից ընկերները:

Մարտական դիրքում էր, երբ հասավ գույժը. Եղբայրն է զոհվել՝ Արմենը… Պատերազմական գործողությունների ողջ ընթացքում, առաջին անգամ լքեց դիրքը։ Եղբորը հողին հանձնելուց երկու օր անց՝ Արտակը կրկին ռազմաճակատում էր: Տանը մնալ չէր կարող. վիրավոր զինվորներն իր կարիքն ունեին, անպայման պետք է հասնի: Ժամեր անց ռազմաբուժակն իր գումարտակի հետ Մարտունու ամենաթեժ մարտական կետերից մեկում էր: Բացի վիրավորներին առաջին օգնություն ցույց տալուց՝ վարում էր նաև շտապ օգնության մեքենան: Հոկտեմբերի 27-ին վիրավոր ընկերներին մարտի դաշտից դուրս բերելու ժամանակ Արտակը ծանր վիրավորվեց և հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին զոհվեց թշնամու ԱԹՍ-ի հարվածից:

Միայն մեկ ամիս հետո գտնվեց հերոսացած Արտակի մարմինը:

Խաչատրյան եղբայրներն իրենց վերջին հանգրվանն են գտել Արցախի՝ հերոսների արյամբ սրբացած հողում, Նորագյուղի զինվորական պանթեոնում։

Ցուցաբերած արիության ու սխրագործության համար Արտակը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն»  և «Մարտական խաչ երկրորդ աստիճանի»  մեդալներով, իսկ Արմենը՝ «Արիություն» և «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալներով:

Հավերժ փառք ու պատիվ ձեզ, հայրենիքի նվիրյալներ

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Թրամփը հայտարարել է Հայաստանի հետ “միջուկային համագործակցության” մասին

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան՝ առաջ մղելու Թրամփի ուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար: Այս մասին Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ անցյալ օգոստոսի 8-ին ստորագրված խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար։

«Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունը Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր՝ մեր մեծ կիսահաղորդչային արտադրողների համար, ինչպես նաև կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոնները և նավակները, և ավելին՝ Ադրբեջանին», – գրել է ԱՄՆ նախագահը:

Այսպիսով, Թրամփը հայտարարում է Հայաստանի հետ միջուկային և բարձր տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության մասին։ Ադրբեջանին նա կտրամադրի զրահաբաճկոններ և նավակներ։ Վերլուծաբանների կարծիքով, Թրամփը Բաքվին կարող է տրամադրել նաև ԹՐԻՓՓ-ի իր բաժնի մի մասը։ 

Մյուս կողմից, Փաշինյանն օրերս հայտարարել է Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերի միացման մասին։ Հայաստանի էներգետիկ համակարգի ռազմավարական հենասյունը Մեծամորի ատոմակայանն է։ Ի՞նչ տեղ է այն զբաղեցնում Թրամփի պլանների մեջ։   

ՀՀ կառավարությունը այդպես էլ պարզ մարդկային խոսքերով չի դիմել արցախցիներին

Սոցիալական հարցերի և աշխատանքի նախարար Արսեն Թորոսյանի կողմից արցախցիների նկատմամբ օգտագործված բառամթերքը վրդովմունքի ալիք է բարձրացրել սեփական անցած ուղին հարգող մարդկանց շրջանում: Հիշեցնենք, որ Արսեն Թորոսյանը, խոսելով Արցախում մնացած 10 հայերի այսօրվա Հայաստան տարհանման մասին, նրանց անվանել է «Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) բնակվողներ», կարծես ինչ-որ մեկին խոստացված գին վճարելով։

Ինչո՞ւ Ալիևը մի քանի օր առաջ որոշեց ազատ արձակել Բաքվում մի քանի տարի պատանդ պահվող չորս հայերին: Եվ ինչո՞ւ այսօր տարհանվեցին Արցախում մնացած 10 հայերը։

Հիշեցնենք, որ Ալիևի հանկարծակի «ողորմածությունը» առաջին անգամ դրսևորվեց Վաշինգտոնում TRIPP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան հռչակագրի ստորագրման նույն օրը, իսկ երկրորդ անգամ՝ Դավոսում Թրամփ-Ալիև հանդիպման օրը, որի ժամանակ, ինչպես ենթադրվում է, կարող էր քննարկվել TRIPP-ի ամերիկյան որոշ բաժնեմասերի փոխանցումը Ալիևին։

Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները ներգրավված էին ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև գործարքներում: Եվ արդյո՞ք հայերի տարհանումը «մխիթարական մրցանակ» է Հայաստանի համար։

Փաշինյանն ու Վահագն Խաչատրյանը անխոնջ շնորհակալություն են հայտնում Ալիևին նրա «ողորմության» և էժան բենզինի համար, իսկ Արսեն Թորոսյանը, երախտագիտության նոպաիմեջ, նույնիսկ ասաց, որ Ղարաբաղը ոչ թե Հայաստան է, այլ Ադրբեջան։

Բայց այդ դեպքում ինչո՞ւ է Ալիևը ամեն օր պահանջում, որ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի որոշումը հանվի ՀՀ Սահմանադրությունից։ Եթե, ինչպես Թորոսյանն է ասում, Ղարաբաղը Ադրբեջան է, ապա ինչո՞վ է ՀՀ Սահմանադրությունը խանգարում Ալիևին։

Հասկանալի է ՀՀ ղեկավարության կողմից Ալիևի նկատմամբ խորը խոնարհումների քաղաքական հաշվարկը, բայց սեփական ժողովրդի մի մասի նկատմամբ մարդկային վերաբերմունքի բացակայությունը չի կարող արդարացվել որևէ հաշվարկով։

Երբեմն դժվար է բացատրել Հայաստանի իրականությանը անծանոթներին, որ տարիների պայքարից, դժվարություններից, զրկանքներից և ազգային զարթոնքից հետո Հայաստանի կառավարությունը տեղահանված արցախցիներին վերաբերվում է որպես բորոտների: Դժվար է բացատրել, որ Արցախի լիակատար օկուպացիայից և 150,000 մարդկանց տեղահանությունից երկուսուկես տարի անց Հայաստանի կառավարության անդամները ոչ միայն երբեք չեն հանդիպել արցախցիների հետ, այլև նույնիսկ նրանց հետ պարզ մարդկային խոսքերով չեն խոսել: Նրանք չեն ասել. «Սիրելի՛ հայրենակիցներ, մեր երկիրը հայտնվել է դժվարին իրավիճակում, և մենք ստիպված էինք զոհաբերել ձեզ՝ այն վայրը, որտեղ դուք ծնվել և ապրել եք, մեր մեծ հայրենիքը պահպանելու համար: Հիմա ձեր տները քանդվում են, և դուք չեք կարող վերադառնալ: Բայց մենք գնահատում ենք ձեր զոհողությունները և կանենք ամեն ինչ՝ միասին դիմանալու բոլոր դժվարություններին»:

Սակայն ոչ մի հայ պաշտոնյա չի արտահայտել ափսոսանք տեղի ունեցածի համար կամ հրապարակայնորեն չի արտահայտել մարդկային կարեկցանք, հատկապես այն ընտանիքներին, որոնք կրել են ծանր կորուստ: Սա չի վերաբերում տեղական իշխանություններին, հատկապես մարզերում, որտեղ շատ արցախցիներ զգում են ջերմ աջակցություն: Սակայն այս աջակցությունը ստվերվում է պետական ​​կառույցների սառը, կոպիտ, անփույթ և երբեմն ցինիկ վերաբերմունքով։ Այդ պաշտոնյներն իրենց մեկուսացրել են արցախցիներից անհոգի էլեկտրոնային ծրագրերով և նույնիսկ չեն ուզում լսել նրանց:

Տեղահանությունից հետո արցախցիներին անվանում էին «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եղբայրներ և քույրեր», սակայն շուտով այս անվանումը կրճատվեց մինչև «տեղահանված անձինք», առանց որևէ նշման, թե որտեղից կամ ինչու են նրանք տեղահանվել։ Սակայն նույնիսկ սա բավարար չեղավ. այժմ Արսեն Թորոսյանն ասում է, որ մարդիկ տեղահանվել են «Ադրբեջանի Հանրապետությունից (Ղարաբաղ)»։

Արցախցիները արդեն հիշեցրել են Թորոսյանին նրա ծառայության մասին Արցախի պաշտպանության բանակի շտաբում։ Սակայն լավագույն պատասխանը գտնվում է Հայաստանի Սահմանադրության և Անկախության հռչակագրի մեջ, որոնք դեռևս ուժի մեջ են։

Արաղչին ներկայացրել է Իրանում անկարգությունների ժամանակ զոհերի և վնասների թիվը

Իրանում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում վնասվել են երկու հայկական եկեղեցիներ, սոցիալական ցանցերում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նախարարը հրապարակել է երկրում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով գրանցված զոհերի և ավերածությունների մասին տվյալները։

Արտգործնախարարի խոսքով՝ վնասվել է 305 շտապօգնության մեքենա և ավտոբուս, 24 բենզալցակայան, 700 մթերային խանութ, 300 մասնավոր տուն, 750 բանկ, 414 կառավարական շենք, 749 ոստիկանական բաժանմունք, 120 Բասիջ կենտրոն, 200 դպրոց, 350 մզկիթ, 15 գրադարան, երկու հայկական եկեղեցի, 253 ավտոբուսի կանգառ, 600 բանկոմատ և 800 մասնավոր մեքենա։

Նախարարը նշել է, որ զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3117։

Այրվել է արցախցի Գոհար Սահակյանի բազմանդամ ընտանիքի տնակը

Արցախցի Գոհար Սահակյանի բազմանդամ ընտանիքը ձմռան կեսին մնացել է դրսում․ այս գիշեր ամբողջությամբ այրվել է Արմավիրի Ջրառատ համայնքում գտնվող տնակը, որտեղ ժամանակավորապես բնակվում էր Արցախից բռնի տեղահանված ընտանիքը։

Տնակում բնակվում էին Գոհարը, ամուսինը, 4 երեխաները, ընտանիքի տատիկն ու մորեղբայրը։ Ընտանիքը բնակապահովման ծրագրի շրջանակներում տուն է գնել նույն գյուղում՝ Ջրառատում, բայց տունը բնակության համար պայմաններ չունի, ներկայում վերանորոգում են իրականացնում։ Իսկ մինչ այդ, չգիտեն, թե որտեղ են բնակվելու, Գոհարն ասում է՝ 4 մակահասակ երեխաների հետ մնացել են դրսում։

«Սերտիֆիկատով տունը վերցրել ենք, ահավոր վիճակում էր, ռեմոնտ ենք անում։ Փողն ընդհանրապես չհերիքեց, վարկ ենք վերցրել, որ ռեմոնտ անենք։ Ստիպված վերցրեցինք այս տունը, որ սերտիֆիկատի փողը չկորեր»,- ասաց նա։

Բնակության համար ոչ պիտանի տունը 44 հազար դոլարով է գնել Գոհարի ընտանիքը, նա ասում է՝ բնակարնների գները թանկացել են այն բանից հետո, երբ սկսել են արցախցիներին բնակարանների վկայագրեր տրամադրել։ Եվ անգամ գյուղերում արցախցիները չեն կարողանում նորմալ պայմաններով տներ գտնել ու միանգամից տեղափոխվել բնակվելու։

«Հրդեհի հետեւանքով մեր բոլոր իրերը  կորցրել ենք, ամեն ինչ կար տնակի մեջ՝ մեր շորերը, փողերը, փաստաթղթերը, ամեն ինչ կորցրել ենք։ Վարկի գումարը չէր հերիքել, նաեւ ոսկի էի տարել գրավ դրել, որ վարպետներին գումար տայի, սաղ գումարը վառվել գնացել է։ Բայց ամենակարեւորն այն է, որ բոլոր դակումենտներս են այրվել, շատ եմ տանջվել դրանք դասավորելու համար»,- նշեց նա։

Գոհան ասում է՝ հրդեհը միանգամից է բռնկվել, հնարավոր չի եղել փրկել իրերը։ Հոսանք չի եղել, ինչի հետեւանքով ջուր էլ չի եղել, որ կարողանային հանգցնել․ «Ջուրը նասոսով էինք հանում, բայց հրդեհի հետեւանքով լույս չկար, չկարողացանք ջուրը նասոսով հասցնել ու  հրդեհը հանգցնել։ Մոլորվել ենք, չգիտենք՝ ինչ անել»:

Գոհար Սահակյանի ընտանիքը բռնի տեղահանվել է Արցախի Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղից։ Ընտանիքն այժմ ունի ամեն ինչի կարիք՝ ժամանակավոր կացարանից մինչեւ հագուստ։ Երեխաներից երեքը աղջիկ են՝ 3,6,11 տարեկան, մյուսը՝ 4 տարեկան տղա։

 

Լուսանկարում այրվող տնակն է

Արցախից տեղափախված մարդիկ հիմա Գորիսում են, բուժզննում են անցնում

Տասը Արցախի Հանրապետության քաղաքացիներ և մեկ ռուսական ծագում ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որոնք այսօր տեղափոխվել են Արցախից, Գորիսում են գտնվում։ Բժշկական զննումից և մի շարք անհրաժեշտ ընթացակարգերից հետո նրանք կկարողանան վերամիավորվել իրենց հարազատների հետ, հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Այս անձինք չեն լքել Արցախը ադրբեջանական օկուպացիայից և բնիկ բնակչության տեղահանությունից հետո։
Նա նշել է, որ ցուցակները պետք է ստուգվեն, որից հետո կպարզվի, թե արդյոք Արցախի Հանրապետության բոլոր քաղաքացիները հանձնվել են Հայաստանին։

Այսօր ավելի վաղ  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր. «Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) մինչ այժմ բնակվող 10 հայեր և ազգությամբ ռուս մեկ ՀՀ քաղաքացի դիմել են Ադրբեջանի եւ Հայաստանի պատկան մարմիններին՝ Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելու խնդրանքով։

Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն»։

Տպավորությունն այնպիսին է, որ Արսեն Թորոսյանը նման հայտարարություն արել է միայն Ղարաբաղը որպես “Ադրբեջանի մաս” նշելու համար։ Հակառակ դեպքում կարելի էր ուղակի գրել Արցախ։ 

Ընդհանրապես, արցախցիներին բնութագրող՝ ՀՀ կառավարության կողմից օգտագործվող բառամթերքը 2023-ի սեպտեմբերից հետաքրքիր էվոլյուցիա է ապրել․ “Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քույրեր և եղբայրներ”, “Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներ”, “տեղահանված անձինք”, հիմա էլ՝ Ադրբեջանի Հանրապետությունում (Ղարաբաղում) բնակվող»։ 

Եվրոպան կարող է հրաժարվել ԱՄՆ-ում կայանալիք 2026 թվականի աշխարհի առաջնությունից

2026 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը, որը կանցկացվի Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեքսիկայում, կարող է դառնալ Սպիտակ տան վրա քաղաքական ճնշման գործիք: Գրենլանդիայի շուրջ սրվող վեճի ֆոնին, եվրոպացի քաղաքական գործիչները, կարծես, մրցաշարը դիտարկում են որպես լծակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վրա ազդելու համար: Եվրոպական թիմերի կողմից Աշխարհի առաջնության բոյկոտը հարվ լինի ամերիկացի առաջնորդի «ամենազգայուն կետին», հաղորդում է Politico-ն։

«Աշխարհի առաջնությունը առանց եվրոպական թիմերի սպորտային առումով անտեղի կլիներ», – ասել է ՖԻՖԱ-ի կառավարման կոմիտեի նախկին նախագահ Միգել Մադուրոն: Նա նշել է, որ Բրազիլիայից և Արգենտինայից բացի, աշխարհի գրեթե բոլոր առաջատար ազգային հավաքականները ներկայացնում են Եվրոպան, և նրանց բացակայությունը լուրջ ֆինանսական հարված կլինի ՖԻՖԱ-ի համար:

Բունդեսթագի նախկին պատգամավորը դատապարտվել է Ղարաբաղի հարցով Ադրբեջանից կաշառք ստանալու համար

DW 

Հունվարի 22-ին, հինգշաբթի օրը, Մյունխենի Բարձրագույն շրջանային դատարանը Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության (CDU) Բունդեսթագի նախկին անդամ Ակսել Ֆիշերին մեղավոր ճանաչեց «Ադրբեջանի գործով» կաշառակերության մեջ և դատապարտեց նրան մեկ տարի և երկու ամիս պայմանական ազատազրկման։ Ֆիշերին նաև պարտավորեցրին վճարել 32,000 եվրո՝ 20,000 եվրո որպես կաշառքի մասնակի փոխհատուցում և ևս 12,000 եվրո որպես նվիրատվություն «Die Stiftung Opferhilfe» հիմնադրամին, որը աջակցում է հանցագործությունների զոհերին։ Նրան նաև արգելվել է պետական ​​պաշտոններ զբաղեցնել հաջորդ երկու տարիների ընթացքում։

Դատախազությունը պահանջել էր մեկ տարի և ութ ամիս պայմանական ազատազրկում և 100,000 եվրո տուգանք, մինչդեռ պաշտպանությունը պահանջել էր արդարացում։

Մյունխենի դատարանը ապացուցված է համարել, որ Ֆիշերը վճարումներ է ստացել Ադրբեջանից՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) այդ երկրի շահերը առաջ մղելու համար։ Մասնավորապես, 2016 թվականին ԵԽԽՎ-ում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քվեարկության ժամանակ նա իր ելույթում Բաքվի օգտին դիրքորոշում է արտահայտել, ասվում է դատարանի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։ ԵԽԽՎ-ում իր աշխատանքի ընթացքում նա նաև բազմիցս գաղտնի փաստաթղթեր է փոխանցել Բաքվի ներկայացուցիչներին։

Դատավճիռը հիմնավորելիս նախագահող դատավորը նշել է, որ Ֆիշերը 79,000 եվրոյի չափով կանխիկ վճարումներ է ստացել ոչ ուշ, քան 2011 թվականի սկզբին։ Սակայն Ադրբեջանից վճարումները պատժելի են դարձել միայն 2014 թվականի սեպտեմբերին նոր օրենսդրության ուժի մեջ մտնելուց հետո։ Հենց այս գումարն է հիմք հանդիսացել Մյունխենի Բարձրագույն տարածաշրջանային դատարանի որոշման համար։

Ակսել Ֆիշերը մշտապես հերքել է իր մեղքը, իսկ նրա փաստաբանները մեղադրել են դատախազությանը միակողմանի հետաքննություն անցկացնելու մեջ։ Քանի որ նախկին պատգամավորը երկար ժամանակ չէր ներկայանում դատական ​​նիստերին, նա կալանավորվեց 2025 թվականի դեկտեմբերի վերջին։ Դատարանը պարզեց, որ քաղաքական գործիչը փորձում էր չեղյալ հայտարարել իր դեմ առաջադրված մեղադրանքը՝ հղում անելով վաղեմության ժամկետի ավարտին։

«Transparency International» (TI) միջազգային հակակոռուպցիոն կազմակերպությունը հայտարարել է, որ Ակսել Ֆիշերի դատապարտումը «կմտնի իրավական պատմության նեջ»։ «Սա առաջին դեպքն է, երբ Բունդեսթագի նախկին անդամը մեղավոր է ճանաչվում խորհրդարանական մանդատ զբաղեցնելու ընթացքում կաշառք ստանալու մեջ», – հայտարարել է TI-ն։

Նույն գործով, 2025 թվականի հուլիսին, Բունդեսթագի նախկին Քրիստոնեա-սոցիալական միության անդամ Էդուարդ Լինտները դատապարտվել է ինը ամսվա պայմանական ազատազրկման՝ կաշառակերության համար։