Հունվարի 23-ին և 24-ին ձյուն է կանխատեսվում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ կանխատեսվում է ձյուն Հայաստանի մի քանի շրջաններում։

Հունվարի 23-ին և 24-ին տեղումներ են սպասվում։ Ջերմաստիճանը գիշերը կբարձրանա։

Հունվարի 23-ին ջերմաստիճանը կլինի՝ -4°C Շիրակում, -1°C Կոտայքում և Արագածոտնում, -3°C Գեղարքունիքում, -2°C Լոռիում, +4°C Տավուշում, 0°C Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում, իսկ +6°C Սյունիքում։

Հունվարի 23-ին Երևանում սպասվում է ձյուն, իսկ մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի 0°C-ի։

ՌԴ-ն, Ուկրաինան և ԱՄՆ-ը համաձայնեցրել են առաջին եռակողմ հանդիպումը, սակայն տարածքային հարցը մնում է չլուծված

ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Վիտկոֆը և Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, բանակցություններ են վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլը հայտարարել է, որ նրանց հանդիպումը տևել է ավելի քան երեքուկես ժամ։ Դրանից առաջ Թրամփը Դավոսում «լավ» հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ և ասել, որ և՛ Պուտինը, և՛ Զելենսկին պատրաստ են խաղաղության։

Մոսկվայում կողմերին հաջողվել է համաձայնության գալ անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպման վերաբերյալ, որը կկայանա հունվարի 23-ին Աբու Դաբիում, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Միևնույն ժամանակ, Մոսկվան հանդիպման ժամանակ կրկին ընդգծել է, որ առանց «Անքորիջում համաձայնեցված բանաձևով տարածքային հարցը լուծելու» , հակամարտության երկարաժամկետ կարգավորման հույս չկա, հավելել է Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովը։ «Մինչև դրան հասնելը, Ռուսաստանը կշարունակի հետապնդել СВО-ի նպատակները», – հավելել է նա։

Դավոսում լրագրողների հետ զրույցում Զելենսկին ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթուղթը լիովին պատրաստ է, սակայն տարածքային վերահսկողության վերաբերյալ համաձայնություններ դեռևս չկա։

Այս շաբաթ ԱՄԷ-ում Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունների ժամանակ կողմերը կարող են փոխանակել տարածքային հարցի լուծման տարբերակներ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին հայտարարել է Դավոսում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ըստ Novyny.LIVE-ի։

Հիվանդ մարդուն 2,5 դժվար տարի պահանջվեց վիրահատության համար Արցախից Երևան հասնելու համար

Վագիֆ Խաչատրյանը, որը հունվարի 14-ին վերադարձել էր ադրբեջանական գերությունից, այսօր Երևանում ենթարկվել է սրտի բաց վիրահատության։

2023 թվականի հուլիսի 29-ին, 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը՝ Լեռնային Ղարաբաղից հիվանդը, որին Միջազգային Կարմիր Խաչի (ԿԽՄԿ) միջնորդությամբ տեղափոխում էին Արցախից Հայաստանում բժշկական հաստատություն սրտի վիրահատության համար, առևանգվել էր Ադրբեջանի կողմից՝ Հակարի կամրջի մոտ գտնվող անօրինական անցակետով անցնելիս։ Արցախի քաղաքացու անցումը նախապես համաձայնեցված էր Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ։

Չնայած կոչերին, բողոքներին և դատական ​​​​հայցերին՝ Վագիֆ Խաչատրյանը երկուսուկես տարի պահվել է ադրբեջանական գերության մեջ և վերադարձվել է միայն 2025 թվականի վերջում առողջական լուրջ խնդիրներ ունենալու հետո։ Նա հոսպիտալացվել է Բաքվում, նրա վիճակը, ըստ երևույթին, որոշ չափով բարելավել են, բայց որոշել, որ ավելի լավ կլինի նրան վերադարձնել հայկական կողմին։

Հայկական կողմը հունվարի 14-ին՝ Վաշինգտոնում TRIPP հռչակագրի ստորագրումից հետո, Բաքվից վերադարձված չորս գերիների առողջական վիճակը գնահատել է լավ։ Մինչդեռ վերադարձված գերիներից մեկը կրում էր պարանոցի ամրակ, իսկ երկրորդը մեկ շաբաթ անց ենթարկվել է սրտի բաց վիրահատության: Հայկական կողմը չխոսաց վերադարձածների առողջական խնդիրների մասին, ինչը թույլ տվեց Բաքվին ներկայանալ որպես մարդասիրական երկիր: Իսկ Հայաստանին բենզին վաճառելու համաձայնությունը Ալիևին վերածեց կարեկից բարերարի, որին հայ ղեկավարները ամեն անգամ շնորհակալություն են հայտնում գթասրտության համար:

Սակայն տարեց, հիվանդ մարդուն երկուուկես դժվար տարի պահանջվեց վիրահատության համար Արցախից Երևան մեկնելու համար: Եվ այս պատմությունը բացահայտում է Ալիևի «մարդկայնության» ողջ թշվարությունը:

Ստրասբուրգում Եվրախորհրդարանի շենքի մոտ կտեղադրվի հայոց այբուբենի հուշարձան

Եվրոպայի խորհրդարանի նախագահի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Ֆրանսիայի Ստարսբուրգում գտնվող Եվրոպայի Խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում տեղադրել հայոց այբուբենի հուշարձան։

Ըստ այդմ, կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 22–ի նիստում որոշում կայացրեց կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին ձեռք բերել համապատասխան գեղարվեստական քանդակ՝ մեկ անձից գնման ձևով։

Կանխավճարի չափը սահմանվում է 60 տոկոս, որը քանդակի նախապատրաստման աշխատանքների համար անհրաժեշտ չափն է:

Խաղաղության խորհրդի կանոնադրությունը ստորագրվեց. Փաշինյանն ու Ալիևը հիմնադիրների թվում են

Դոնալդ Թրամփը ստորագրեց «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը՝ հայտարարելով դրա ստեղծման մասին։

Նա հայտարարեց, որ Պուտինն ևս համաձայնել է միանալ։ ԱՄՆ նախագահը նշեց, որ ցանկանում է կազմակերպությունում տեսնել «իրական իշխանություն և ազդեցություն ունեցող» առաջնորդների, այլ ոչ թե «քաղաքական մանուկների»։

«Երբ այս «Խաղաղության խորհուրդը» լիովին ձևավորվի, մենք կկարողանանք անել գրեթե ամեն ինչ, ինչ ուզում ենք։ Մենք դա կանենք ՄԱԿ-ի հետ համատեղ», – հայտարարեց Թրամփը։

Նիկոլ Փաշինյանը մի քանի այլ առաջնորդների շարքում էր, ովքեր ստորագրեցին կանոնադրությունը։

Ո՞ր ազգանուններից են մարդիկ ամենաշատը հրաժարվել Թուրքիայում

Թուրքիայի բնակչության և քաղաքացիության հարցերի գլխավոր վարչությունը տվյալներ է հրապարակել այն ազգանունների վերաբերյալ, որոնցից քաղաքացիները ցանկացել են հրաժարվել և այլևս չկրել։

Ի դեպ՝ Թուրքիայում ազգանունների մասին օրենքն ընդունվել է 1934-ին։ Մինչ այդ Օսմանյան կայսրության մահմեդականնրի մեծ մասը դեռևս ազգանուն չուներ: Նրանց տրվեցին թուրքական ազգանուններ, իսկ հույների, հայերի և հրեաների ազգանունները թուրքացվեցին օրենքով։

Տարիների ընթացքում շատ ազգանուններ փոփոխության են ենթարկվել, քանի որ մարդիկ չեն ցանկացել կրել դրանք այդ տեսքով։ Իսկ որոշ ազգանուններից էլ քաղաքացիները պարզապես հրաժարվել են։ Ամենաշատ մերժելի ազգանունների հնգյակը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև։ Դրանցից մարդիկ հրաժարվել են բառիմաստի նշանակության պատճառով։

Top- գնդակ

Koyun- ոչխար

Çıplak- տկլոր

Kör- քոռ, կույր

Satılmış- ծախված

Ավելի վաղ հրապարակվել էր Թուրքիայում ամենաշատ տարածված ազգանունների ցանկը։ Ամենատարածված ազգանունների ցանկը գլխավորում է Յըլմազ ազգանունը։ Դրան հաջորդում են Քայա, Դեմիր, Չելիք, Յըլդըզ, Յըլդըրըմ, Օզդեմիր ազգանունները։

Աղբյուր՝ Sözcü

Իսկ Մարտա Կոսը տեսե՞լ է որևէ փաստաթուղթ՝ Նախիջևանի պատկանելիության մասին

Ես հանդիպում եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ։ Այս մասին հայտնել է ընդլայնման հարցերով Եվրամիության հանձնակատար Մարտա Կոսը։

«Մենք քննարկել ենք Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի իրագործմանը ԵՄ աջակցությունը։ Մենք պայմանավորվել ենք ակտիվացնել աշխատանքը Եվրոպայի և Հարավային Կովկասի միջև առևտրային կապերի ամրապնդման ուղղությամբ», – նշել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ:

Մարթա Կոսը նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանի ականազերծման ջանքերին, ինչպես նաև Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման նախագծերին։

Մարթա Կոսը չի մանրամասնել, թե որ փաստաթղթի հիման վրա է ԵՄ-ն Ադրբեջանի ղեկավարի հետ քննարկում Նախիջևանում կապի ներդրումները: Ո՞ր միջազգային փաստաթուղթն է հաստատում, որ Նախիջևանը Ադրբեջանի մաս է կազմում: Արդյո՞ք ԵՄ-ն ճանաչում է 1921 թվականի Կարսի պայմանագիրը, որը Նախիջևանի Հայկական Ինքնավար Հանրապետությունը դրեց ժամանակավոր թուրքական պրոտեկտորատի տակ: Եվ եթե Կարսի պայմանագիրն այլևս ուժի մեջ չէ, ապա ի՞նչ փաստաթղթերի վրա է հիմնվում ԵՄ-ն Հայաստանի և Ադրբեջանի սահմանները սահմանելիս:

2022 թվականին Պրահայում Շառլ Միշելի և Մակրոնի միջնորդությամբ ստորագրվեց մի փաստաթուղթ, որով իբր ճանաչվում էին խորհրդային սահմանները՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի: Սակայն այս «ճանաչումը» այնքան աննշան է, որ Պրահայի հռչակագիրը երբեք չի վավերացվել կամ ճանաչվել որպես միջազգային փաստաթուղթ: Դրա փոխարեն, Եվրախորհրդարանն ընդունել է առնվազն երեք բանաձև, որոնցում 2023 թվականի Արցախում տեղի ունեցած իրադարձությունները որակվել են որպես էթնիկ զտում:

Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցին։

«Նրանք կռվել են երկար տարիներ։ Եվ վերջապես, ես երկու երկրրին հրավիրեցի իմ գրասենյակ։ Օվալաձև աշխատասենյակը գեղեցիկ է։ Այն հիմա շատ ավելի գեղեցիկ է, քան երբևէ։ Եվ նրանցից մեկն ասաց. «Ես 22 տարի եղել եմ Ադրբեջանի առաջնորդը։ 22 տարի ես սպանել եմ նրանց ժողովրդին»։ Իսկ մյուս պարոնը, երկուսն էլ շատ լավ տղաներ, ասաց. «Ես այստեղ եմ յոթ տարի, և յոթ տարի ես սպանել եմ նրանց ժողովրդին»։ Եվ նրանք ամեն ինչ սկսեցին նորից, ապա հայտնվեցին կողք կողքի։ Երբ մենք ավարտեցինք, նրանք արդեն գրկախառնվում էին միմյանց հետ»,- պատմել է ԱՄՆ նախագահը։

Թե ինչ է եղել գրկախառնությունից հետո, Թրամփին հետաքրքիր չէ․ նախաստորագրված փաստաթուղթը դեռ չի ստորագրվել, իսկ վերկուծաբանները գնալով քիչ հույս են հայտնում, որ դա տեղի կունենա։

Սակայն ուժային լուծումը Արցախում դոմինոյի էֆֆեկտ ունեցավ՝ դրան հաջորդեցին պատերազմներ Ուկրաինայում, Սիրիայում, Գազայում, Իրանում, գործողություններ Վենեսեուելայում։

ԱՄՆ-ը ԹՐԻՓՓ-ի իր 70 տոկոս մասնաբաժինը Ալիևի հետ է քննարկում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, որ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակագերը միանալու են։

«Կարո՞ղ է մի օր էլ բանակները միացնի իրար։ Կարող է ասի՝ օպտիմալ ծախսերը կազմակերպելու համար եկեք Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերը միացնենք իրար։ Նույն տրամաբանությունն է, ես հիմա պետք է բացատրե՞մ, թե ինչ ստրատեգիական կարեւորություն ունի էներգետիկ համակարգը, ինչքան վտանգավոր է դա։ Սիրելի քաղաքացիներ, դուք օքե՞յ եք մեր էներգետիկ համակարգի, այսինք՝ լույսի ռուբիլնիկը տալու ադրբեջանցիներին։ Ես օքեյ չեմ։ Բայց ստեղ նստած էին մարդիկ, որոնք օքեյ էին»,- ասաց նա։

Ըստ Մամիջանյանի՝ էականն այն չէ, թե ինչ է գրված այդ թղթում, որտեղ «ինքնիշխանություն» բառը 16 անգամ շեշտվում է, էականը այն բացահայտումներն են, որոնք արվում են։ «Ազգային ժողովում երեկ Արարատ Միրզոյանին հարց ուղղվեց, որին նա բացարձակ չպատասխանեց։ ԱՄՆ տնտեսական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյան գնացել, Ադրբեջանի հետ քննարկում է ադրբեջանական պետական ընկերությունների ներդրումների հարցը ԱՄՆ այն մասնավոր ընկերություններում, որոնք զբաղված են լինելու ԹՐԻՓՓ-ով։ Տեսեք, թե ինչ սիրուն է թղթի վրա, թղթի վրա 20 քանի տոկոսը Հայաստանինն է, 70 քանի տոկոսն ԱՄՆ-ն է։ Բայց եթե մի քայլ ներքեւ ես գնում, պարզվում է՝ ԱՄՆ այդ 70 քանի տոկոսի իրական տերերի վերաբերյալ այս պահին Արդբեջանի հետ քննարկումներ են գնում։ Ու ես ԱՄՆ-ին մեղադրելու ոչ մի իրավունք չունեմ, ես մեղադրում եմ ՀՀ այսպես կոչված կառավարությանը»,- ասաց Մամիջանյանը։

Նշենք, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հարցրել էր Արարատ Միրզոյանին․ «Այն օրը, երբ Մարկո Ռուբիոյի հետ կնքեցիք ԹՐԻՓՓ-ի իրագործման շրջանակը, նույն օրը ԱՄՆ առեւտրի եւ զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը այցելել է Ադրբեջան ու ըստ պաշտոնական հաղորդագրության ադրբեջանական կողմի հետ քննարկել է Ադրբեջանի պետական գործակալություններն ԱՄՆ մասնավոր ընկերությունների հետ կապելուն առնչվող  հարցերը, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ԹՐԻՓՓ ենթակառուցվածքների զարգացման գործում կորպորատիվ ներդրումներ անել։ Այսինքն՝ այն ընկերությունները, որոնք կառուցելու են, ինչ-որ դերակատարություն են ունենալու ԹՐԻՓՓ-ում, դրանցում կարող են 60 տոկոս մասնաբաժին ունենալ ադրբեջանական կամ թուրքական ընկերությունները։ Սրա մասին ի՞նչ կասեք, սա կանխարգելելու համար որեւէ քայլ ձեռնարկո՞ւմ եք»։

Արարատ Միրզոյանը հստակ չէր պատասխանել այս հարցին, միայն կրկնել էր նախկինում արած հայտարարությունը, թե առանց Հայաստանի համաձայնության բաժնեմասերի օտարում կամ մասնակցություն չի կարող տեղի ունենալ։

 

2023 թվականի 2023-ի սեպտեմբերի 30-ից մինչեւ այսօր բողոքում ենք, պահանջում ենք, խնդրում ենք

Այն արցախցիները, որոնց որդիներն ու հարազատները զոհվել են 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմում ու հուղարկավորված են Արցախում, պահանջնում են, որպեսզի ՀՀ կառավարությունը արտաշիրմում իրականացնի եւ զոհերի աճյունները տեղափոխի Հայաստան։ Սեպտեմբերյան պատերազմի հետեւանքով 30-ից ավելի արցախցիների աճյուններ այսօր հողարկավորված են Արցախում, եւ արցախցիներն ասում են, որ տեսանյութեր ունեն՝ ադրբեջանցիները պղծում են իրենց որդիների գերեզմանները։

Այսօր զոհերի հարազատները դարձյալ բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի մոտ՝ հանդիպում պահանջնելով Նիկոլ Փաշինյանի հետ։

Արցախցի Բորիկ Արզումանյանի որդին՝ Արթուր Արզումանյանը զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։ Բորիկ Արզումանյանը լրագրողներին ասաց, որ 6-7 անգամ հանդիպել են ԱԱԾ նախկին տնօրենի հետ, ձեւացրել է, թե կիսում է իրենց վիշտը, հասկանում է իրենց, բայց խաբել է, ոչ մի քայլ չի ձեռնարկել՝ իրենց պահանջը կատարելու համար։ Իսկ ԱԱԾ նոր տնօրենի հետ հանդիպել հնարավոր չէ։

«Մեզ երկու տարուց ավելի է՝ խաբում են, էս սուտասանը 8 տարի է՝ մեզ խաբում է։ Եկավ, ասաց՝ «Ղարաբաղը Հայաստան է», մենք էլ ասացինք՝ ավելի լավ է սա լինի, քան թե Սերժն ու Քոչարյանը։ Բայց վերջում մեր տները քանդեց։ 2023 թվականի սեպտեմբերի 30-ից մինչեւ այսօր բողոքում ենք, պահանջում ենք, խնդրում ենք, որպեսզի արտաշիրմում անեն։ Էսօր, վաղը, ուղարկել է ԱԱԾ-ի մոտ, ընդեղ էլ են կեղծավոր դիմավորում, սաղ սուտ են ասում»,- նշեց նա։

Անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանը բանակցություններից հանել է Արցախի ու արցախցիների հարցը, Բորիկ Արզումանյանն ասաց․ «Մեր վերադարձի հարցը մենք չենք մոռանում, մենք ծնվել ենք Արցախում, ես 68 տարեկան մարդ եմ, ծնվել եմ Ղարաբաղում։ Իմ հարազատներն այնտեղ են, իմ կյանքն այնտեղ եմ անցկացրել, ո՞նց կարող եմ մոռանալ, ինքը կարող է մոռանալ, բայց ոչ մի ղարաբաղցի չի կարող մոռանալ իր ծննդավայրը։ Ինքն իրավունք չունի որոշել Արցախի հարցը, ինքը Հայաստանի բնակիչ է, ես ղարաբաղցի եմ»։

Բորիկ Արզումանյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այսօր առեւտուր է անում թուրքերի հետ, թող իրենց որդիների աճյուններն էլ բերի, դա մեկ օրվա գործ է։ «Արտաշիրմում անելը մեկ օրվա գործ է՝ Մարտակերտ, Մարտունի, Ստեփանակերտ։ Զոհվածների շիրիմներ կան, որ ոչ մի բան չկա վրան դրված, անտեր վիճակ է։ Մենք խնդրում ենք, որ արտաշիրմում անեն, մեր երեխեքին բերեն այստեղ։ Եթե ինքը չի կարողանում, այսօր Ալիեւն է Հայաստանի հարցերը որոշում, պրյամո գնանք Ալիեւին խնդրենք, խի՞ ենք իրեն խնդրում»։

Ակցիայի մասնակիցներից Ռուզան Ստեփանյանն էլ տեղեկացրեց, որ արցախցիների անունից նամակ են փոխանցում կառավարությանը։ Պահանջում են անհապաղ հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։

«Եթե կոնկրետ պատասխան չլինի, մյուս շաբաթ գալու ենք, նստացույց ենք անելու, ոչ մեկ ստեղից չի գնալու, հերիք է, ինչքա՞ն կարելի է»,- հայտարարեցին արցախցիները։

 

ԱՄՆ-ն կստանա Գրենլանդիայի մի մասը. նոր աշխարհակարգը հիմնված կլինի օրենքի գերակայության վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած Գրենլանդիայի գործարքը չի ներառում կղզու վաճառքը ԱՄՆ-ին, հաղորդում է The Telegraph-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին: Դրա փոխարեն, Դավոսում համաձայնեցված շրջանակը թույլ կտա ԱՄՆ-ին ինքնիշխան վերահսկողություն ձեռք բերել Գրենլանդիայի որոշակի մասերում գտնվող ռազմական բազաների նկատմամբ: Մեծ Բրիտանիա-Կիպրոս համաձայնագրի նման առաջարկի համաձայն՝ այդ բազաները կհամարվեն ԱՄՆ տարածք։

Գրենլանդիայի հարցը դառնում է նոր աշխարհակարգի կառուցման խթան և նախադեպ: Մինչ աշխարհը խոսում է իրավունքն ուժով փոխարինելու և հին աշխարհակարգի անդառնալիորեն անհետացման մասին, պարզ է դառնում, որ նոր կարգը նույնպես հիմնված կլինի իրավունքի գերակայության վրա: Սա նաև վկայում է այն փաստը, որ Թրամփը կարիք ունի ՄԱԿ-ի փոխարեն Խաղաղության խորհրդի․ միջազգային խնդիրները լուծելու համար «քաղաքում նոր շերիֆը», ինչպես ԱՄՆ առևտրի նախարարը նկարագրեց Թրամփին, բավարար չէ։

Այն փաստը, որ առանց իրավական կարգավորման՝ օկուպացիաների, պատերազմների և ցեղասպանությունների արդյունքները չեն ճանաչվի, վկայում է նաև հայկական հարցերի շուրջ ստեղծված իրավիճակը. հինգ տարվա ագրեսիայից հետո չկա ոչ մի փաստաթուղթ, որը կօրինականացնի օկուպացիայի և բնակչության տեղահանության արդյունքները։

Դոնալդ Թրամփը Դավոսի տնտեսական ֆորումում իր ելույթի մեծ մասը նվիրել է Գրենլանդիային՝ «սառույցի կտորին», որը, նրա կարծիքով, պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Թրամփը նաև խոսեց Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելու անհրաժեշտության, ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներդրման և իր վարչակազմի բազմաթիվ հաջողությունների մասին։ Նա իր ամենամեծ հաջողություններից մեկը համարում է հայ-ադրբեջանական «35-ամյա պատերազմի» ավարտը։ Սակայն պարզվում է, որ խաղաղության ինստիտուցիոնալացումը պահանջում է օրինական, իրավական լուծում։ Թրամփը կարծում է, որ այս լուծումը պետք է ընդունվի Խաղաղության խորհրդի կողմից։

Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնեց Շվեյցարիա, որտեղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով նա կմասնակցի Դավոսում Խաղաղության խորհրդի կանոնադրության ստորագրման արարողությանը՝ որպես նախաձեռնության հիմնադիր անդամներից մեկը։

Մոտ 35 երկիր արդեն համաձայնել է միանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նախաձեռնված Խաղաղության խորհրդին։ Հրավերներ են ուղարկվել մոտ 60 երկրների ղեկավարներին, այդ թվում՝ Ռուսաստանին, Բելառուսին և Չինաստանին։

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ հունվարի 21-ի դրությամբ Արգենտինան, Ադրբեջանը, Հայաստանը, Բելառուսը, Հունգարիան, Ղազախստանը, Մարոկկոն, ԱՄԷ-ն, Վիետնամը և մի շարք այլ երկրներ իրենց համաձայնությունն էին հայտնել Խաղաղության խորհրդին միանալու համար: Մինչդեռ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է մերժել հրավերը, հաղորդում է Reuters-ը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն բացատրել է, որ Խաղաղության խորհրդի կանոնադրության պատճառով Ֆրանսիայի անդամակցությունն այս մարմնին անհամատեղելի կլինի այլ միջազգային կազմակերպությունների, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի նկատմամբ Ֆրանսիայի պարտավորությունների հետ։

Շվեդիան և Նորվեգիան նույնպես հրաժարվել են միանալ Խաղաղության խորհրդին: Մինչդեռ, Իտալիան և Գերմանիան դեռևս որոշում չեն կայացրել։

Պուտինը հայտարարել է Ռուսաստանի պատրաստակամության մասին՝ ԱՄՆ նախկին վարչակազմի օրոք սառեցված ռուսական ակտիվներից 1 միլիարդ դոլար նվիրաբերել Խաղաղության խորհրդին, սակայն պարզաբանել է, որ Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ Խորհրդին դեռևս վերջնական որոշում չի կայացվել։

Դավոսում ամենաշատ քննարկվող ելույթը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիինն էր, որը հայտարարեց «աշխարհի կարգի խզման» մասին, ինչը պայմանավորված է մեծ տերությունների կողմից սահմանված կանոններին հետևելու մերժմամբ։ Նա հայտարարեց, որ աշխարհը մտել է «դաժան իրականության» մի փուլ, որտեղ աշխարհաքաղաքականությունն այլևս սահմանափակված չէ միջազգային նորմերով։

Նա նաև նշեց, որ բազմակողմանի ինստիտուտները, այդ թվում՝ ԱՀԿ-ն, ՄԱԿ-ը և կոլեկտիվ որոշումների կայացման ճարտարապետությունը, զգալիորեն թուլացել են, ինչը երկրներին ստիպում է զարգացնել ռազմավարական ինքնավարություն էներգետիկայի, ֆինանսների, սննդի և մատակարարման շղթաների ոլորտներում։

Նա նշեց, որ հին աշխարհակարգը չի վերադառնա և չպետք է սգալ դրա համար՝ հավելելով, որ «նոստալգիան ռազմավարություն չէ»։ Նա պնդեց, որ ներկայիս ճգնաժամից կարելի է կառուցել ավելի ուժեղ և արդար միջազգային կարգ։

Էմանուել Մակրոնը Դավոսում հայտարարեց. «Մենք սահում ենք դեպի անօրեն աշխարհ, որտեղ միայն ուժն է կարևոր թվում», վկայակոչելով միջազգային ասպարեզում կայսերական նկրտումների վերադարձը, մասնավորապես՝ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ։

ԱՄՆ-ի կողմից «մրցակցությանը» անդրադառնալով՝ Մակրոնը այն անվանեց «նոր գաղութային մոտեցում», որը նպատակ ունի «թուլացնել և ենթարկեցնել Եվրոպան»։ Այս առումով նա կոչ արեց Ֆրանսիային և ԵՄ-ին ամրապնդել իրենց ինքնիշխանությունն ու ինքնավարությունը՝ միաժամանակ պաշտպանելով արդյունավետ բազմակողմանի մոտեցումը։

Պաշտպանելով եվրոպական մոդելը՝ Էմանուել Մակրոնը ընդգծեց, որ «Եվրոպան կարող է դանդաղ լինել, բայց այն կանխատեսելի է և հիմնված է իրավունքի գերակայության վրա, ինչը առավելություն է այս ժամանակներում»։

Նա հավելեց, որ Ֆրանսիան և Եվրոպան «հավատարիմ են» «ազգային ինքնիշխանությանը» և ՄԱԿ-ի կանոնադրությանը, նախքան կրկնելը. «Մենք օրենքի գերակայությունը նախընտրում ենք դաժանությանը»։

Գրենլանդիայի գործարքը, կարծես, պատրաստ է նախադեպ ստեղծել միջազգային հարցերի «պայմանագրային» լուծման համար՝ շրջանցելով ՄԱԿ-ը։ Բայց ինչպե՞ս են այս «գործարքները» փաստաթղթավորվելու, և ո՞վ է լինելու միջազգային իրավունքի պահապանը։

Սոնյա Ադամյան. Արցախցի վարպետներին անհրաժեշտ է մշտական ​​հարթակ՝ աշխատանքները ներկայացնելու համար

Սոնյա Ադամյանը Արցախից տեղահանված անձ է։ Նրա ձեռագործ աշխատանքները, որոնք ներկայացված են «L Art De Sophie» ապրանքանիշի ներքո, կարելի է տեսնել հազվագյուտ ցուցահանդեսներում և տոնավաճառներում։ Մինչդեռ եթե ձեռագործությունը մի ժամանակ Սոնյայի համար պարզապես հոբբի էր, այսօր նա հույս ունի, որ բիզնեսը կապահովի փոքր, բայց կայուն եկամուտ՝ սոցիալական խնդիրների լուծմանը նպաստելու համար։

«Ես սկսեցի ձեռագործ աշխատանքներ պատրաստել Արցախում։ Հայաստան տեղափոխվելուց հետո  ընդլայնեցի իմ տեսականին։ Այժմ ես պատրաստում եմ դեկորատիվ իրեր էպօքսիդային խեժից և գիպսից, կենցաղային իրեր, տան կահույք և հուշանվերներ հատուկ առիթների համար։ Չնայած դա փոքր բիզնես է, յուրաքանչյուր իր պատրաստված է սիրով։ Ես ունեմ սոցիալական ցանցերի էջ, որտեղ կարող եք տեսնել իմ աշխատանքները», – ասում է Սոնյան։

Ինչպես Արցախցի հազարավոր ընտանիքներ, տուն ունենալը մնում է Սոնյայի ընտանիքի հիմնական խնդիրը։ Նա փոքր ընտանիք ունի, ուստի չի կարող պատկերացնել, թե ինչպես լուծել բնակարանային խնդիրը։

«Բնակարանային խնդրի լուծում ես պարզապես չեմ տեսնում։ Հաշվի առնելով անշարժ գույքի գները ոչ միայն Երևանում, այլև մարզերում, դժվար է պատկերացնել, թե որքան աշխատանք կպահանջվի սեփական տուն գնելու համար։ Արցախում մենք ունեինք մեր սեփական տունը, բայց Հայաստանում դա մնում է անիրատեսական երազանք։ Բնակարանային վկայականները իրական լուծում չեն առաջարկում։ Մենք կարող ենք միայն հույսը դնել Աստծո օգնության վրա և հավատալ, որ հայրենիք վերադառնալու մեր հավատը մի օր կիրականանա», – ասում է նա։

Սոնյա Ադամյանը վերջերս իր աշխատանքները ներկայացրեց Երևանում կայացած ցուցահանդես-տոնավաճառում՝ «Մենք կանք» լայնածավալ միջոցառման շրջանակներում, որը նվիրված էր Արցախին։

«Նման միջոցառումները չափազանց կարևոր են արցախցիների համար։ Ես հասկանում եմ, որ դրանք կազմակերպելն առանց անհրաժեշտ ֆինանսական միջոցների դժվար է, բայց կազմակերպիչներին հաջողվեց ստեղծել արցախյան մթնոլորտ, գոնե մի քանի ժամով։ Մենք հանդիպեցինք, խոսեցինք արցախյան բարբառով և տեսանք միմյանց աշխատանքները. դա զգացողություն տվեց, որ մենք չենք կորել, չենք ցրվել», – խոստովանեց նա։

Սոնյայի խոսքով՝ հաշվի առնելով ցուցահանդեսում ներկայացված հետաքրքիր և մրցունակ աշխատանքների քանակը, գուցե ժամանակն է միավորել արցախցի արհեստավորներին և ստեղծել միասնական կառույց կամ միավորում։

«Մեզ նաև անհրաժեշտ է մշտական ​​կենտրոն՝ հարթակ, որտեղ արհեստավորները կարող են պարբերաբար ներկայացնել իրենց աշխատանքները, որտեղ ամեն օր կարող են գալ արցախյան ձեռագործ իրերով հետաքրքրված մարդիկ։ Տոնավաճառներն ու ցուցահանդեսները հազվադեպ են լինում, և նման կենտրոնը մեզ կխրախուսի պահպանել, զարգացնել և չկորցնել արցախյան արհեստներն ու կիրառական արվեստը», – ասում է Սոնյա Ադամյանը։

Ալվարդ Գրիգորյան

Ընտրություններից հետո Հայաստանը կկանգնի երկու ծանր փորձությունների առաջ

Միջազգային վերլուծական կենտրոնները, որոնք փորձում են մոդելավորել Հարավային Կովկասում իրադարձությունների զարգացումը և Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունները 2026 թվականին, պնդում են, որ հաստատված խաղաղությունը փխրուն է և հակված է սրացման։

Այս տարվա հունիսին Հայաստանում կայանալիք ընտրությունների արդյունքները նշվում են որպես իրավիճակի զարգացման հիմնական գործոն, սակայն նշվում է, որ նույնիսկ եթե Փաշինյանի կուսակցությունը հաղթի, նրան սպասվում են մահացու փորձություններ։

Մասնավորապես, եթե Փաշինյանը չկարողանա ընտրություններից հետո փոփոխել Հայաստանի Սահմանադրությունը, այսինքն՝ պաշտոնապես հրաժարվել Արցախի, Նախիջևանի, Կարսի և Արարատ լեռան նկատմամբ ազգային իրավունքներից, ապա ռազմական գործողությունները կարող են վերսկսվել։ Եթե Սահմանադրությունը փոփոխվի, Հայաստանը կարող է կորցնել իր պետականությունը և դառնալ Թուրքիայի վասալ պետություն։

Նշվում է, որ 2020 թվականի աշնանից ի վեր այդպես էլ չի ստեղծվել քաղաքական և իրավական հիմք Հայաստանի պարտության և Արցախից հրաժարվելու ինստիտուցիոնալացման համար։

Ոչ մի ընդունված փաստաթուղթ իրավական ուժ չունի, քանի որ չի վավերացվել ստորագրող երկրների խորհրդարանների կողմից՝ սկսած 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից, Պրահայում 2022-ին  ստորագրված՝ խորհրդային սահմանների ճանաչման վերաբերյալ հռչակագրից, վերջացած 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված TRIPP համաձայնագրով։ Նրանցից ոչ մեկը չի վավերացվել։

Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվել, այլ միայն նախաստորագրվել է։ Այսինքն, ուժի մեջ է մնում մինչպատերազմյան քաղաքական և իրավական շրջանակը՝ Հայաստանի Սահմանադրությունը, Արցախի և Հայաստանի վերամիավորման մասին որոշումը, Կարսի պայմանագիրը և 907-րդ բանաձևը։ Միակ փոփոխությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի չեղարկումն է, ինչը ենթադրում է ավելի շատ նախկին շրջանակի պահպանում, քան փոփոխություն։

Բայց եթե քաղաքական և իրավական իմաստով ոչինչ չի փոխվել, դա նշանակում է, որ հակամարտությունների, իրավունքների խախտումների և տարածքային պահանջների պատճառները չեն սպառվել և կարող են ցանկացած պահի վերստին ի հայտ գալ։ Եվ չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության զեկույցում նշվում է, որ Հայաստանում ռազմական սրացման ռիսկերը նվազագույնի են հասցվել 2026 թվականին, սա թվում է ցանկալին իրականի տեղ դնել։

Մեկ այլ թաքնված սպառնալիք է դինամիկ փոփոխվող միջազգային իրավիճակը։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ձգտումը՝ փոքր երկրները ինքնիշխանությունից զրկելու, ՄԱԿ-ը Թրամփի Խաղաղության խորհրդով փոխարինելու փորձերը, տնտեսական պատժամիջոցների միջոցով քաղաքական գործողությունների հարկադրանքը, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և Թուրքիայի հավակնությունները, ինչպես նաև Եվրոպայի թուլացումը՝ այս ամենը չի կարող չազդել Հայաստանի ապագայի վրա:

Կան լուրջ կասկածներ, որ աշխարհը նույնը կլինի հունիսին կայանալիք Հայաստանի ընտրությունների ժամանակ: Եվ այս համատեքստում պարզ չէ, թե արդյոք 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելը օգտակար կլինի Հայաստանի համար: