«ԹՐԻՓՓ» ծրագիրը իրավական ուժ չունի, քանի չի վավերացվել խորհրդարաններում

Մեղրի

Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին այն մասին, որ հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված «ԹՐԻՓՓ» ծրագրի իրականացման շրջանակը ոչ Հայաստանի, ոչ ԱՄՆ համար իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ չի պարունակում, հետեւաբար, պարտադիր կատարման բնույթ չունի, վաղը կարող է չեղարկվել, կարող է ամբողջովին փոխվել։ Պատգամավորը նշեց, որ իր գնահատմամբ՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանին տրվող անխոչընդոտ ճանապարհն իրականում միջանցք է։ Նշվում է, որ փոխարենը Ադրբեջանը Հայաստանին տրամադրում է փոխադարձ առավելություն։

«Մեր քննադատություններն ու հարցերն ուղղված էին՝ հասկանալու համար, թե վերջիվերջո ի՞նչ փոխադարձ առավելություն է դա։ Ասում էիք՝ անցում՝ անցման դիմաց։ Հիմա հունվարի 14-ին այս փաստաթուղթը ստորագրվեց, բայց որեւէ հստակեցում չկա, թե վերջիվերջո Հայաստանի քաղաքացիներն Ադրբեջանի տարածքով ինչ պայմաններով են օգտվելու։ Արդյոք տեղյա՞կ եք, Ադրեջանի եւ ԱՄՆ միջեւ համանման փաստաթուղթ ստորագրվելու է, թե՞ ոչ։ Արդյոք ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են ՀՀ տարածքով անցնող երկաթգծից օգտվել, դիցուկ, որեւէ մեկը Սյունիքի արեւելքից նստի գնացք եւ Ագարակում իջնի։ Եվ երրորդ հարցը՝ այդ ենթակառուցվածքը, որն անցնում է՝ էներգետիկ, ճանապարհային, մալուխային եւ այլն, դա Հայաստանի էնորգետիկ ցանցին միանալու է, թե՞ չէ։ Եվ արդյոք Ադրբեջանի տարածքում մենք նույնպես իրավո՞ւնք ենք ստանալու դրան համարժեք ենթակառուցվածքներից օգտվելու»,- հարցրեց Արթուր Խաչատրյանը։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Այո, միանշանակ եւ աներկբա Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար եւ փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման, եւ ներմուծման հնարավոր պայմաններից»։

Անդրադառնալով հարցին, որ «ԹՐԻՓՓ»-ի վերաբերյալ փաստսաթուղթը չունի իրավական պարտադիր ուժ, Նիկոլ Փաշինյանն ասաց՝ իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի նախագծերը կգրվեն եւ խորհրդարանում կհաստատվեն։

«Ասում եք՝ ՀՀ-ն պետք է ստանա փոխադարձ առավելություններ, այդ ի՞նչ փոխադարձ առավելություն է, ամոթ էլ է, եթե մենք դա չենք նկատում։ Հարգելիներս, մենք արդեն ստացել ենք այդ փոխադարձ առավելությունների մի մասը։ Բա որ բենզինի գինը 20 տոկոսով ընկել է, բա ցորեն է ներկրվում ՀՀ Ռուսաստանից եւ Ղազախստանից, դա փոխադարձ առավելությո՞ւն չէ։ Ադրբեջանում հիմա էլ հետեւում են, ասում են՝ հետաքրքիր է, ՀՀ խորհրդարանում մեկը կնկատի՞, որ այդ փոխադարձ առավելության մի մասն արդեն իսկ ստացվել է։ Ասում եք՝ իմ գնահատմամբ միջանցք է։ Ի՞նչ ասեմ։ Իմիջիայլոց, այսօր Ադրբեջանի ներկայացուցիչներն էլ հայտարարել են, որ իրենք իրենց երկրի տարածքով միջանցքներ են տրամադրել ՀՀ-ին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Արթուր Խաչատրյանը կրկնեց հարցը՝ մենք երբ ենք մեր գնացքով հատելու Ադրբեջանի սահմանը, որո՞նք են լինելու այդ անցման պայմանները։ «Կոնկրետ ժամանակն ասեմ՝ դա տեղի է ունենալու այն ժամանակ, երբ երկաթգիծը պատրաստ լինի, որը ձեր քաղաքական առաջնորդն ու ձեր խմբակցության ղեկավարը իրար հետ քանդել-ծախել են։ Մենք չենք կարա ուսով գնացք տանել, գնացքը գնալու է  երկաթուղիով։ Հիմա ինչո՞ւ է գալիս Վրաստանի տարածքով, որովհետեւ Հայաստանը Վրաստանին կապող երկաթուղի կա»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

Այն, ինչ կատարվում է արցախցիների նկատմամբ, անթույլատրելի է, հատկապես բնակարանային ծրագիրը

«Այս փուլում ոչինչ չպետք է արվի, որովհետեւ նախընտրական ժամանակշրջան է Հայաստանում։ Էլի արցախցիներին փորձելու են կապել ինչ-որ անձանց հետ, հասարակ արցախցիների նկատմամբ հալածանքներ են սկսվելու։ Իմ կարծիքն այն է, որ հիմա ձեռնպահ պետք է մնանք հանրահավաքներից, մինչեւ ընտրությունները կավարտվեն, որպեսզի հասարակ ժողովուրդը մանրադրամի չվերածվի»,- step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի գործիչ Գագիկ Ավանեսյանը՝ անդրադառնալով Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի հայտարարությանը, որ գարնանից նախատեսում են փողոցային պայքար սկսել։

Նախորդ տարի արցախցիների կազմակերպած վերջին հանրահավաքը մարդաշատ չէր, ինչցի հետո որոշում կայացվեց դադարեցնել փողոցային պայքարը։ Հարցին, թե ինչո՞ւ մարդիկ դուրս չեն գալիս իրենց իրավունքների համար պայքարելու, Գագիկ Ավանեսյանը պատասխանեց․ «Հիմնական պատճառը հիասթափությունն է, որ իրենց ձայնը չի լսվում։ Այսինքն՝ հանրահավաքը ձայն է, ճիչ է, եթե չի լսվում, մարդիկ հիասթափվում են»։

Գագիկ Ավանեսյանի խոսքով՝ միանշանակ կարիք կա, որ արցախցիները միասնական դուրս գան պայքարի՝ կոնկրետ առաջարկներով։ Պետք է առաջ քաշվեն եւ քաղաքական իրավունքների, եւ սոցիալ-տնտեսական հարցերը։ «Այն, ինչ կատարվում է այսօր արցախցիների նկատմամբ, անթույլատրելի է։ Մասնավորապես, բնակարանային ծրագիրը․ թեկուզ ինչ-որ կերպ այդ ծրագիրն իբր շարժվում է առաջ, բայց կարելի է համարել ձախողված։

Բայց ելնելով դառը փորձից եւ իմանալով, որ քիչ մարդ է փողոց դուրս գալու, դա հակառակ էֆեկտն է ունենալու։ Էլի շահարկելու են, ասելու են՝ եթե մարդիկ դուրս չեն գալիս փողոց, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Դրա համար հիմա պետք չէ ոչինչ անել, թող այս նախընտական ժամանակաշրջանն անցի, նոր արդեն պարզ կլինի»,- նշեց նա։

Հայաստանյան եկեղեցին կդիմանա՞ ահռելի ճնշմանը

Արցախյան և այլ եկեղեցիների սեփականության հարցը

Այսօր հայտնի դարձավ, որ օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչությունը լույս է ընծայել պ․գ․թ․ Արմինե Տիգրանյանի «Արցախի մշակութային Ժառանգության ոչնչացման և բռնայուրացման՝ Ադրբեջանի քաղաքականությունը (2020-2025 թթ․)» վերնագրով ուսումնասիրությունը։

Հիշեցնենք, որ Արցախում՝ Հայաստանի դեմ 2020 թ․ պատերազմից հետո Հայաստանյան Առաքելական եկեղեցին՝ որպես ՀԱՍԵ անշարժ գույքի միակ սեփականատեր, դեմել է միջազգային դատարաններ՝ Կանաչ ժամի և այլ արցախյան եկեղեցիներին մուտք ապահովելու և ժառանգությունը պահպանելու պահանջով։ 2025 թ․ մայիսին Շվեյցարիայում Կաթողիկոս Գարեգին Բ-ը հաստատեց, որ հետամուտ է լինելու հայցերի քննությանը։ Ինչից հետո Կաթողիկոսի դեմ Նիկոլ Փաշինյանի արշավը դաժան ընթացք ստացավ։

Եկեղեցիների սեփականության իրավունքն ամնողջ աշխարհում ու ՀՀ կառավարության իրավասությունը

Խնդիրը միայն Արցախում մնացած եկեղեցիները չեն, որոնց սեփականատերը իրավաբանորեն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է։ Եկեղեցիների, այսինքն՝ հայկական հսկայական ժառանգության սեփականության հարցը Հայաստանի տարածքում և դրանից դուրս փաստորեն ՀՀ կառավարության իրավասության տակ չէ։ Փաշինայնը, հավակնելով կառավարել Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու սեփականությունը Հայաստանի տարածքում, չի կարողանում դա անել, քանի որ եկեղեցու սեփականությունը, պարզվում է, սահմններ չի ճանաչում։

Այս հարցը “լուծելու” համար Փաշինյանը որոշել է առանձնացնել հայաստանյան եկեղեցին, այն առնել ՀՀ իրավասության տակ, իսկ Առաքելական եկեղեցու մնացած սեփականությունը թողնել այն երկրներին, որոնց տարածքում նրանք գտնվում են։ 

Այդ նպատակով Փաշինյանին կից ստեղծվել է 10 եպիսկոպոսներից բաղկացած Խորհուրդ, որի նպատակը՝ զուտ հայաստանյան եկեղեցական կազմակերպություն հռչակելն է։ Հիշեցնենք, որ մինչ օրս, բացի Էջմիածնից, գործում են Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսությունը, Պոլսո և Երուսաղեմի պատրիարքարանները։ Սակայն բոլորը այս կամ այն ձևով ճանաչում են Էջմիածնի գերակայությունը։ Հիմա խնդիր է դրվել զրկել Էջմիածինը այդ գերակայությունից։

Կկաայանա՞ Եպիսկոպոսաց ժողովը Ավստրիայում

Օրերս հայտարարվեց, որ Էջմիածնի Մայր Աթոռը որոշեց Եպիսկոպոսաց ժողով անցկացնել Ավստրիայում փետրվարի կեսերին՝ չթաքցնելով, որ ժողովը անհնար է անցկացնել Հայաստանում՝ ճնշման պատճառով։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի շարք եպիսկոպոսների մուտքը Հայաստան արգելվել է 2025 թվականի դեկտեմբերին նախատեսված ժողովին մասնակցելու համար։

Փաշինյանը փորձեց Գարեգին Բ-ին ստիպել հրաժարական տալ, բայց քանի որ դա չհաջողվեց, նա կարողացավ համոզել 57 եպիսկոպոսներից 10-ին միանալ իր ստեղծված Խորհրդին։  Եւս 4 եպիսկոպոս բանտում են։

Այսօր Փաշինյանին միացած 10 եպիսկոպոսները անվավեր կառույց են հռչակել Գերագույն հոգևոր խորհուրդը։ Փաշինյանամետ Խորհուրդը կոչ է արել չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողովը, “չենթարկվել Մայր Աթոռի վերնախավում դեռևս գործող ապազգային, օտար ուժերին ծառայող, Հայ Եկեղեցին պառակտող և հակապետական խմբակի սադրանքներին”։

Ռուսաստանի հետ կապերը՝ որպես “բարեփախման” պատճառ

Նիկոլ Փաշինյանը փորձում է արդարացնել Եկեղեցու դեմ գործողությունները նրանով, որ Եկեղեցու ներկայիս ղեկավարությունը իբր ծառայում է կայսրական շահերին, իմա՝ Ռուսաստանին։ «Դարեր շարունակ Թուրքիայի ղեկավարն է նշանակել Ամենայն Հայոց կաթողիկոս։ Որոշ դարեր ի վեր՝ Պարսկաստանի ղեկավարը, որոշ դարեր ի վեր՝ Ռուսաստանի ղեկավարը և այդպես շարունակ։ Մինչև հիմա վերջին էդպիսի փաստաթղթերը, որ ընդունվել են, ընդունվել են կա՛մ ռուսական, կա՛մ թուրքական կայսրության ֆորմատով են», ասել է նա։

Ոչ ոք չգիտի, թե մեր եկեղեցին ինչպես է ֆինանսավորվում, ինչքան գումար է մուտք գործում, ինչպես է այն ծախսվում։ Մեք պետք են գործիքներ ստուգելու հոգևորականների, եկեղեցականների բարեվարքությունը և այլն, հայտարարել է Փաշինյանը։

Մինչ այդ իշխանական մամուլը մի փաստաթուղթ է հրապարակել, ըստ որի 1986-88 թթ․ Գարեգին Բ-ի եղբայրն իբր հավաքագրված է եղել խորհրդային КГБ -ի կողմից։ Դա ներկայացվել է որպես մահացու մեղք, սակայն, ըստ ՀՀ օրենքի, КГБ ագենտ լինելը Հայաստանում քրեորեն պատժելու արարք չէ։ Հակառակ դեպքում Հայաստանի կեսը հիմա պետք է դատվի։

Բացի այդ, ինչպես գրել է “Քրիստիան պոստը”, հայկական եկեղեցին, դարերով լոյալ լինելով տիրացող կայսրություններին, կարողացել է պահպանել ոչ միայն իրեն, այլև հայ ազգի գոյությունը, սակայն կարող է ոչնչանալ ՀՀ կառավարության դիրքորոշման շնորհիվ։

Ինչ դիչքորոշում ունի Երուսաղեմի հայոց պատրիարքը

Երուսաղեմի հայոց պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը իր զորակցությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին։

«Հայ ժողովուրդի կեանքի բաժինը եղան դարեր շարունակ եւ մանաւանդ 1915-ի և 1916-ի սեւ տարիներուն՝ իբրեւ հետեւանք կայսերապաշտական եսամոլ շահերու եւ անխիղճ բռնակալներու քաղաքականութեան, որը շարունակուեցաւ նաեւ մեր օրերուն յատկապէս 2020-ին, Արցախի մեր քոյրերու եւ եղբայրներու նկատմամբ, որոնք կը մարտնչէին անարդարութեան դէմ՝ նախընտրելով ազատ մեռնիլ, քան ստրուկ ապրել:

Մեր անխառն եւ հաստատուն սէրը կը յայտնենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, եւ մեր սիրեցեալ Հայրապետ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսին”, գրել է պատրիարքը:

Ինչ կարծիք ունի Պոլսո պատրիարքը

Խոսելով համայնքի նկատմամբ թուրքական իշխանությունների տրամադրվածության ու վերաբերմունքի մասին՝ Պոլսո Պատրիարքը փաստեց, որ ներկայիս ղեկավարությունը բավական դրական է տրամադրված։ «Իրենց ժամանակով մենք վերատիրացանք մեր կալվածքներին, մեր ազատություններն ունեցանք, այսօր կարող ենք նորոգել մեր կառույցները, մեր եկեղեցիները։ Եղել է ժամանակ, երբ անգամ մեխ գամելու համար պետք է թույլտվություն ստանայինք։ Հիմա այդ բոլորը շատ ավելի հեշտ է արվում»,- ասաց Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Եթե այսօր մենք 35-40 հազար ենք, 25 տարի հետո 10-15 հազար ենք մնալու։ Մեր համայնքի կառույցները 125 հազար հայերի համար են։ Այս քաղաքում 50 եկեղեցի ունենք՝ 33 առաքելական, 12 կաթոլիկ, 4 բողոքական։ Բայց այլևս չենք կարողանում լցնել մարդկանցով։ Ժամանակին ունեինք 50 վարժարան, հիմա միայն 17-ը։ Մեր վարժարաններում 3000 աշակերտ կա։

Մենք մեր ունեցած հարստությամբ սփյուռքյան լավագույն օջախներից մեկն ենք։ Մեր աղոթքն է, որ այն, ինչ շուրջ 600 տարի պահպանել ենք եկեղեցու շուրջ, շարունակենք նույն կերպ պահպանել»,- ընդգծեց Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։

Հայ Առաքելական եկեղեցու հարցը՝ միջազգային խնդիր է և հավասարեցվում է ցեղասպանության

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարության քաղաքականությունը Հայաստանյան եղեկեցու հանդեպ համեմատել է ցեղասպանության հետ։ Եկեղեցին հայ ազգի հենասյուներից է, և դրա ոչնչացումը հավասարազոր է հայ ազգի ոչնչացման փորձի, նշված է Ինստիտուտի հայտարարության մեջ։

«Ներկայիս իշխանության քայլերը Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ, ըստ միջազգային շրջանակների գնահատականների, անցել են ներքին քաղաքական դաշտի սահմանները և դարձել են միջազգային քննարկման առարկա։ Այդ համատեքստում Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում տեղի ունեցավ Հայ Առաքելական Եկեղեցու և քրիստոնեության պաշտպանության կոմիտեի առաջին նիստը, որը նպատակ ուներ ձևակերպել համատեղ դիրքորոշում և ներկայացնել հստակ պահանջներ։

Միջազգային աջակցության մասին խոսեց նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմ Գվիդո Լոմբարդին՝ հայտնելով, որ աջակցում է Կոմիտեի բոլոր առաջարկներին և պատրաստ է դրանք առաջ մղել Միացյալ Նահանգներում, այդ թվում Վաշինգտոնում նախատեսվող միջկրոնական համաժողովի շրջանակում”, գրում է հայկական մամուլը։

Ամերիկացի փորձագետ Ջոն Էյբները՝ «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» իրավապաշտպան կազմակերպության նախագահը, որը մանրակրկիտ ծանոթ է իրավիճակին, տալիս է ավելի կոնկրետ կանխատեսում. «Հայաստանը դառնալու է վասալական, պարտված պետություն՝ հանձնված Թուրքիայի և Ադրբեջանի տանդեմի ողորմածությանը։ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը փաստացի դարձել է տարածաշրջանի նահանգապետ, հայտարարել է, որ որոշ ցեղեր (նկատի ունի հայերին) պետականություն ստացել են պատահաբար, այսինքն՝ ակնարկում է, որ Հայաստանի Հանրապետությունը չունի գոյության լեգիտիմ իրավունք”։

«Ես կարծում եմ, որ այն քաղաքական հորդորների ֆոնին, որ պետք է ստեղծել մեկ այլ կազմակերպություն, պետք է տեղափոխել աթոռանիստը, կարող է մեկ այլ հենց նույն կրոնական կազմակերպություն մեկ այլ իրավաբանական անձ ձևակերպվի ու վերագրանցի», – ասել է ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը, մեկնաբանելով մի օրինագիծ, որով Եկեղեցիների օտարումը պետք է համաձայնեցվի կառավարության հետ:

Եկեղեցին և փորձագետները չեն հասկանում, թե ինչի համար է ՔՊ-ն առաջ քաշել այս օրինագիծը։ Սակայն եթե դիտարկենք այն Եկեղեցու հնարավոր պառաքտման կոնտեքստում, պարզ կդառնա, որ Կաթողիկոսին ուզում են կանխավ զրկել Հայաստանում եկեղեցիների և այլ սրբությունների հանդեպ սեփականության իրավունքը իրականացնելուց։ Եթե, իհարկե, ստացվի տիրանալ Էջմիածնին։

Կարո՞ղ է ՀՀ-ն բեկանել Կաթողիկոսի որոշումները

Օրեր առաջ Վեհափառը պաշտոնանկ էր արել վարչապետի հակակաթողիկոսական արշավին միացած 10 եպիսկոպոսներից Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ սրբազանին: Գևորգ սրբազանը դատի է տվել, և ՀՀ դատարանը վերականգնել է նրան պաշտոնում, մինչև վերջնական որոշումը։

Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանն ևս ազատվել է իր պաշտոնից: Տարեսկզբին հակակաթողիկոսական թիմին միացած Տեր Գուսան Ալջանյանն ավելի վաղ Վեհափառին հակականոնական քայլերի համար էր մեղադրել:

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է։ «Դե հիմա տեսնենք, թե որ մի դատարան է դիմելու տիրադավը, որ վիճարկի այս որոշումը` Ժնևի՞ թե Ցյուրիխի”։

Սակայն եթե ՀՀ դատարանը բեկանի Կաթողիկոսի գոնե մեկ որոշում, դա նախադեպ կդառնա բոլոր որոշումների բեկանման համար։

Բաքուն 36 ընտանիք է բնակեցրել Ստեփանակերտում՝ հայերի տներում

APA գործակալության փոխանցմամբ՝ այսօր ադրբեջանցի վերաբնակիչների առաջին խումբը ժամանել է Ստեփանակերտ։

Ադրբեջանական իշխանությունների փոխանցմամբ, Ստեփանակերտ տեղափոխված ադրբեջանցիների ընդհանուր թիվը 162 է՝ ընդհանուր առմամբ 36 ընտանիք։ 2020-23 թվականներին Բաքվի վերահսկողության տակ հայտնված շրջաններում վերաբնակեցված ադրբեջանցիների թիվը հասել է 26 հազար 500-ի։

Ստեփանակերտում 36 ընտանիքները վերաբնակեցվել են 2.5 տարի առաջ օկուպացիայի, ցեղասպանության և տեղահանության հետևանքով լքված հայերի տներում։

Թաղավարդից Ստեփանավան․ բոլորիս երազանքները հոդս ցնդեցին 2023 թ. սեպտեմբերի 19-ին

Ալվինա Գևորգյանը Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է։ Step1.am-ի հետ զրույցում նա պատմել է հետպատերազմյան Արցախում իր ապրած կյանքի ու տեղահանության մասին:

“2020 թվականին 44-օրյա պատերազմից հետո գյուղի մի մասը անցավ ադրբեջանական օկուպացիայի տակ: Պատերազմի ավարտից հետո, չնայած վտանգավոր պայմաններին, մենք շարունակեցինք ապրել Թաղավարդի մեր վերահսկողության տակ մնացած մասում, հույս ունենալով, որ շուտով ազերիներին կպարտադրեն լքել մեր հայրենիքը, ու մենք առաջվա պես կապրենք ազատ ու անկախ Արցախում:

Մեր բոլորիս երազանքները հոդս ցնդեցին 2023 թ. սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեց հերթական կործանարար պատերազմը: Այդ ժամանակ ես ու ամուսինս՝ Արկադին, 83-ամյա մորս Նինա Թամրազյանի հետ ապրում էինք Թաղավարդում, իսկ հարսս երեխաների հետ բնակվում էր Ստեփանակերտ քաղաքում: Որդիս 44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից մասնակցել է Ջրականի մարտերին և 30 օր շրջափակման մեջ գտնվելուց հետո մի կերպ դուրս էր եկել: 2023 թվականի սեպտեմբերին նա ակտիվորեն մասնակցել է մարտական գործուղություններին և մինչև վերջին վարկյանը պաշտպանել հայրենի Թաղավարդ գյուղը:

Երբ սկսվեց մեկօրյա պատերազմը, ես աշխատում էի գյուղում գտնվող ձեթի գործարնում: Սեպտեմբերի 19-ին թշնամու հրետակոծության ներքո մի կերպ աշխատավայրից հասա մորս տուն: Մայրս նստած էր դռան մոտ և վախից դողում էր: Ես նրան արագ դուրս բերեցի տնից և հարևանների հետ ուղարկեցի Կարմիր շուկա՝  թաքստոց, իսկ ինքս գնացի տուն, որպեսզի ուտելիք պատրաստեմ և ուղարկեմ դիրքեր:

Առավոտյան, երբ մարտերն ավելի թեժացան, մեզ տեղափոխեցին մի ուրիշ գյուղ: Այնտեղ մնացինք 4 օր, այնուհետև ասեցին, որ պետք է ամեն ինչ թողնենք ու լքենք Արցախը, քանի որ հանրապետության նախագահը այլևս պատասխանատու չէ մեր անվտանգության համար:

Մի կերպ զանգեցի տղայիս, որպեսզի նա գա և միասին դուրս գանք: Ոնեինք 2 մեքենա, սակայն վառելիքի պակասի պատճառով կարողացանք դուրս բերել միայն մեկը: Մի կերպ դուրս եկանք գյուղից և դաժան խոչընդոտներ հաղթահարելով հասանք Ստեփանակերտ:

2 օր տարեց մորս հետ միասին մնացինք մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում անտանելի պայմաններում: Այնուհետև հաջողվեց հայթայթել փոքր ծավալով վառելիք ու դուրս գալ Արցախից:

Սեպտեմբերի 28-ին, հաղթահարելով դժողքի ճանապարհը, հասանք Գորիս: Մեկ օր հետո Գորիսից տեղափոխվեցինք Ստեփանավան, որտեղ բնակվում ենք առ այսօր:

Ապրում ենք վերադարձի մեծ հույսով  և հենց դա էլ օգնում է հաղթահարել առօրյա մեր բոլոր դժվարություները”:

Արսեն Աղաջանյան

Բարբառով երգը՝ որպես տուն. Հենրի Իսրայելյան

Հենրի Իսրայելյանը Թբլղու գյուղից է արմատներով։ Ինքը դա երբեք չի թաքցնում․ «ես ինձ համարում եմ գյուղացի»,— ասում է, թեկուզ մեծացել է Մարտակերտ քաղաքում։ Այդ ինքնությունը նրա համար ոչ թե կենսագրական դետալ է, այլ աշխարհընկալում։

Հենրին զբաղվում է երաժշտությամբ ու հումորով։ Արտաքինից էլ՝ ինչպես ինքն է ժպիտով նշում, շատ նման է գերմանացու, ու Երևանում անգամ պատահել է, որ մուրացկանները նրան շփոթելով արտասահմանցու հետ՝ եվրո են խնդրել։

Բայց այդ արտաքին «օտարության» հակառակ՝ նրա ներսի լեզուն խիստ տեղական է, արմատավորված, բարբառով։

Մինչ պատերազմը Հենրին գյուղատնտեսությամբ էր զբաղվում․ ֆերմա ուներ, խոզեր էր պահում։ Այսօր ապրում է Վանքազատ գյուղում, որտեղ էլ շարունակում է հողագործությամբ ու թռչնաբուծությամբ զբաղվել։

«Այստեղ հիմնական զբաղմունք չունեմ»,— ասում է, բայց հենց այդ «չունեմ»-ի մեջ է ծնվել իր ամենակարևոր զբաղմունքը՝ ստեղծագործելը։

Հենց այստեղ էլ Հենրին սկսեց երգել Արցախի բարբառով։ Երգեր՝ գյուղի տան մասին, կարոտի, հողի ու սիրո։

«Երբ ասում եմ գյուղ, պատկերացնում եմ տանիքներ, ձմեռ, անտառներ, երդիկներից ելնող ծուխ»,- ասում է նա։

Սկզբում մտածել էր՝ հումորային մի երգ լինի, բայց նաև կարոտի մասին։ Եվ ինչպես հաճախ է լինում, հումորը կամաց-կամաց նահանջեց, ու վերջում «հումորային հատվածից գրեթե բան չմնաց»․ մնաց հազարավորների կարոտի մասին երգ։

Քիչ անց ծնվեց Հենրիի երկրորդ երգը՝ «Լավ կինար լոխ լավ ինար»։ Սա ևս բարբառով երգ է, որտեղ նա պատմում է ոչ միայն մարդու, այլև իր շան՝ Արչիի կարոտի մասին։ Արչին նրա ընկերն էր Թբլղուում, երբ Հենրին միայնակ տեղափոխվել էր գյուղ։ Պատմելիս աչքերը լցվում են․ շունը պարզապես կենդանի չէր, այլ հավատարիմ ընկեր։

«Պատերազմից հետո ամեն ինչ ճնշում էր, – ասում է Հենրին,- և միակ գեղեցիկն ու իրականը գյուղում եմ գտել»։

Պապիկը նրան հողատարածք էր նվիրել։ Շատերը չէին հավատում, որ նա կդիմանա, մտածում էին՝ մի քանի օրից կտեղափոխվի։

«Բայց երբ պապան տեսավ, որ մնում եմ, աշխատում եմ, որոշեց՝ տուն պետք է գնենք։ Տուն գնեցին։ 25 տարեկանում արդեն ունեի տուն, մեքենա, շուն։ Բայց փակեցի դուռն ու եկանք»,- ասում է նա։

Հեռացումի ժամին, երբ հայրը հարցրեց՝ դուռն ինչո՞ւ ես փակում, Հենրին պատասխանել է․ «չմտածեն, որ վախից փախել ենք, ուղղակի ստիպված ենք»։

Միայն թե շունը չեկավ։

Այսօր Հենրի Իսրայելյանի երգերը պարզապես անձնական պատմություններ չեն։ Դրանք բարբառով պատմված հիշողություններ են, որոնք պահպանում են ոչ միայն լեզուն, այլև աշխարհը, որ այդ լեզվով էր մտածում։

Բարբառով երգը այստեղ դառնում է տուն․ մի տուն, որի դուռը փակված չէ, թեկուզ մարդիկ ստիպված են եղել դուրս գալ։

Մարիամ Սարգսյան

Լոնդոնում Չինաստանի դեսպանատունը կլինի հսկայական, բայց ավելի փոքր, քան Երևանում

Ամիսներ տևած քննարկումներից հետո Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաստատել է Չինաստանի դեսպանատունը Լոնդոնի կենտրոնում գտնվող նախկին Royal Mint համալիր տեղափոխելու ծրագրերը՝ Լոնդոն Սիթիի մոտ, չնայած մտավախություններին, որ այն կարող է օգտագործվել որպես լրտեսական բազա։

20,000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող համալիրը կլինի Եվրոպայում Չինաստանի ամենամեծ դեսպանատունը։

Շինարարությունը հաստատելու որոշումը կայացվել է Քեյր Սթարմերի՝ այս տարվա սկզբին Պեկին կատարվելիք այցի ֆոնին։ Սթարմերը կլինի առաջին բրիտանացի վարչապետը, որը կայցելի Չինաստան 2018 թվականից ի վեր։

Գլոբալ զարգացումների համատեքստում, երբ Թրամփի գլխավորությամբ ԱՄՆ-ն մեկուսանում է Արևմտյան կիսագնդիում, Արևելյան կիսագունդը ձեռք է բերում գործողությունների և դաշինքների ազատություն։ Այս համատեքստում Չինաստանի և Հնդկաստանի հետ դաշինքները ձեռք են բերում հատուկ նշանակություն, և եվրոպական երկրները սկսել են ավելի ու ավելի շատ նայել Չինաստանին։ Նույնիսկ Ռուսաստանից եկող սպառնալիքներին հակազդելը դիտարկվում է Չինաստանի՝ որպես Ասիայի տիրակալի հետ դաշինքի համատեքստում։

Լոնդոնում նոր դեսպանատան նախագծի հաստատումը վաղուց առաջնահերթություն է եղել Չինաստանի կառավարության համար, որը 2018 թվականին տարածքը գնել է 255 միլիոն ֆունտ ստեռլինգով (մոտավորապես 340 միլիոն դոլար): Ինչպես մյուս երկրները, Չինաստանը նույնպես ցուցադրում է իր քաղաքական հավակնությունների մասշտաբները իր դեսպանատների ծավալներով։

Հիշեցնենք, որ Երևանում Չինաստանի դեսպանատան շենքը զբաղեցնում է մոտ 4 հեկտար (40,000 քառակուսի մետր), ինչը այն դարձնում է Չինաստանի ամենամեծ դիվանագիտական ​​​​ներկայացուցչություններից մեկը: 2017 թվականին կառուցված համալիրը խորհրդանշում է Չինաստանի աճող հավակնությունները Հայաստանում։

Չինաստանը իր դեսպանատունը Հայաստանում կառուցել է Երևանյան լճի ափին՝ ԱՄՆ դեսպանատան անմիջապես դիմաց և ոչ հեռու այն վայրից, որտեղ Ռուսաստանը կառուցել է ուղղափառ եկեղեցի։

Երևանում ԱՄՆ դեսպանատան համալիրը զբաղեցնում է ավելի մեծ տարածք՝ մոտ 9 հեկտար (90,469 քառակուսի մետր), ինչը այն դարձնում է աշխարհի ամենամեծ ամերիկյան դեսպանատներից մեկը (երկրորդը Բաղդադից հետո)։

Այնուամենայնիվ, Թրամփը հետ է կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպանին, ինչպես նաև մոտ 90 այլ դեսպանների։ Փորձագետներն ակնարկում են, որ ՀՀ-ում նոր դեսպան կարող է չնշանակվել. Թրամփը կարող է հրաժարվել փոքր երկրներում դեսպաններ պահելու պրակտիկայից։

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Մեղրու լեռնանցքը, Վանաձոր-Դիլիջան, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Լուսաշող-Լանջառ  ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Ապարանի, Արագածի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Շառլ Միշելի ծանր մեղքը. ինչու՞ Փաշինյանին շնորհվեց արաբական «խաղաղության մրցանակը»

Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի» գլխավոր քարտուղար Մոհամեդ Աբդելսալամին, մրցանակաբաշխության կոմիտեի անդամ, Եվրոպական խորհրդի նախկին նախագահ և Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելին, ինչպես նաև մրցանակաբաշխության կոմիտեի անդամ, Աֆրիկյան միության նախկին նախագահ և Չադի նախկին վարչապետ Մուսա Ֆակի Մահամաթին։

Մուհամեդ Աբդելսալամը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի Զայեդ մրցանակի դափնեկիր է ճանաչվել՝ ի նշան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության, համագործակցության և կայունության օրակարգի առաջխաղացմանն ուղղված իր հետևողական ջանքերի։ Նույն մրցանակը շնորհվել է նաև Իլհամ Ալիևին։

Հանդիպման ընթացքում Փաշինյանը հրավիրվել է Աբու Դաբիում փետրվարի 4-ին կայանալիք Զայեդ մրցանակի հանձնման արարողությանը։

Մրցանակը կրում է Արաբական Միացյալ Էմիրությունների հիմնադիր, հանգուցյալ շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի անունը։ 2019 թվականից ի վեր մրցանակը շնորհել է 16 դափնեկիրի 15 երկրներից։

Շառլ Միշելը, որը եվրոպական պաշտոններից հրաժարական տալուց հետո հարմարավետ դիրք է գտել հարուստ հիմնադրամի ժյուրիում, որոշեց «Արաբական մրցանակի» միջոցով ինստիտուցիոնացնել «խաղաղությունը» Հայաստանի համար, որին, ինչպես ասում են, նա ներդրել է իր ամբողջ հոգին։

Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ առանց Շառլ Միշելի և Մակրոնի ներդրման, Հայաստանում ներկայիս «խաղաղությունը» գոյություն չէր ունենա։ Նա հիշեցրել է, որ հենց Միշելի և Մակրոնի նախաձեռնությամբ է 2022 թվականին Պրահայում ստորագրվել փաստաթուղթ, որով ճանաչվել են Հայաստանի խորհրդային սահմանները՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի։ Այլ կերպ ասած, հենց այդ ժամանակ է, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Արցախից՝ խախտելով իր սեփական Սահմանադրությունը և Անկախության հռչակագիրը, որը հղում է կատարում 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշմանը։

Միշելն ու Մակրոնը դեռ երկար ժամանակ կկրեն իրենց «նախաձեռնության» մեղքի ծանր բաժինը, որի արդյունքում տեղի ունեցավ Արցախի օկուպացիան, բնիկ բնակչության տեղահանությունը և Հայաստանի հարավային սահմանը կորցնելու վտանգը։ Առայժմ այս սահմանը պահպանվում է Թրամփի «վիրաբուժական» միջամտության շնորհիվ, որը ժամանակավորապես հայ-իրանական սահմանը անվանեց իր անունով։

2022 թվականի Պրահայի հռչակագրից և 2023 թվականին Արցախի օկուպացիայից հետո, որը Աղդամում ռուս գեներալը իր թուրք գործընկերոջը ներկայացրեց որպես «վերջապես Ղարաբաղում հաստատված խաղաղություն», «կարգավորման» գործընթացը ընկավ խորը իրավական փոսի մեջ, որի ճաքերը հասել են ԵՄ-ին, Մերձավոր Արևելքին, Իրանին, Ուկրաինային, Ռուսաստանին, Թուրքիային, Իսրայելին և բոլոր այն երկրներին, որոնք դեռևս չեն գիտակցել, թե ինչ են ջարթել Արցախում։

«Խաղաղությունը» և օկուպացիան այդպես էլ չեն “օրինականացվել”։ Այսօր Euronews-ին տված հարցազրույցում Ալիևը խոստովանեց, որ Եվրախորհրդարանը, ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը և բոլոր լեգիտիմ միջազգային կազմակերպությունները ճանաչել են հայերի իրավունքը Արցախում։ Ահա թե ինչու է նա դադարեցրել նրանց հետ գործ ունենալը՝ շփվելով միայն Եվրահանձնաժողովի հետ, որը հասկանում է ուժի կիրառումը։ Հիմա կանոնները փոխվում են, և օրենքի գերակայությունը փոխարինվում է ուժի գերակայությամբ, հայտարարեց Ալիևը, թեկուզ տոնայնությունն այդքան էլ վստահ չէր։

Նա այդպես էլ չբացատրեց, թե այդ դեպքում ինչու է նա ձգտել փակել Մինսկի խումբը, կամ ինչո՞ւ է այդքան համառորեն պահանջում փոխել Հայաստանի Սահմանադրությունում, հետ վերցնել միջազգային դատական ​​հայցերը և չեղարկել ԱՄՆ-ի 907-րդ բանաձևը։ Եթե իրավունքը ուժ չունի, ապա ինչպե՞ս է Հայաստանի Սահմանադրությունը խանգարում նրա ուժին։

Հիմա Շառլ Միշելը Փաշինյանին և Ալիևին արաբ շեյխի անունով մրցանակ է շնորհում՝ ազատվելու Արցախում տեղի ունեցածի և այժմ Գրենլանդիայում և Ուկրաինայում տեղի ունեցողի պատասխանատվությունից։

Բաքվից տեղահանված Գայանեի հիշողության մեջ ամեն ինչ դեռևս թարմ է

Գայանե Գաբրիելյանն առաջին անգամ բռնատեղահանվել է Բաքվից և ընտանիքի հետ հաստատվել Արցախում, որտեղ նրա ապուպապերի արմատներն էին։ Թեև ընդամենը 15 տարեկան աղջնակ էր, սակայն նրա հիշողության մեջ ամեն ինչ դեռևս թարմ է։

Գայանեն պատմում է

-Իմ հիշողության մեջ ամենաշատը դաջվել է մի դրվագ, որը երբեք չեմ մոռանում։ Մի օր երեկոյան մի խումբ մարդկանց հետ մեր տուն եկավ թաղամասյին տեսուչը։ Նրանք սկսեցին ցուցակագրել մեր ունեցվածքն ու վերջում ջղայնացած հայտարարեցին, որ մենք՝ հայերս, մեր <<կայսրությունն>> ենք ստեղծում։ Սկզբից չէինք հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Հետո պարզվեց, որ նրանք շրջում էին բոլոր հայերի տներով, որ իմանան մարդկանց կարգավիճակը։ Հաջորդ օրը ադրբեջանցիների խմբերը հարձակվեցին նաև մեր տան վրա։ Լավ էր՝ հայրս արդեն տանն էր․ շուտ էր վերադարձել աշխատանքից։ Այդ պահին մեր տանն էր գտնվում նաև մեր նոր հարևանի աղջիկը։ Նրանք նոր էին մեր հարևան հայերի տունը գնել ու տեղափոխվել Աղդամից։ Երբ զինված ադրբեջանցիները մոտեցան շենքին, մեր հարևանուհին դուրս եկավ ու նրանց ասաց, որ հայերը տունը վաճառել ու գիշերը հեռացել են քաղաքից։ Նրանց տանը մարդ չկա։ Հրոսակները հավատացին և չներխուժեցին մեր տուն։ Ադրբեջանցի հարևանուհին ստեց, որ մենք փրկվենք։ Գուցե նրա համար, որ իր դուստրը մեր տանն էր ու իրեն լավ էր զգում հայերի հետ։ Հավանաբար նա հասկացավ, որ մենք թշնամի չենք իրենց։ Կարելի է ասել, մեզ փրկեց փոքրիկ աղջնակը։

Բաքվում վիճակն օրեցօր շիկանում էր։ Լսում էինք, որ այստեղ-այնտեղ հայերի են սպանում, հարձակվում տների վրա, ունեզրկում նրանց։ Այդ ողջ ընթացքում իմ հայրը օգնում էր շատ ու շատ մեր հայրենակիցների։ Նրանց սնունդ էր հասցնում, օգնում մի շարք հարցերում։ Մաքուր տիրապետում էր ադրբեջաներեն լեզվին, ու այդ հանգամանքն օգնում էր նրան տեղաշարժվել քաղաքում։

Մենք բնակվում էինք Վորովսկի ավանում, որը հիմնականում հայերով էր բնակեցված։ Ընդունվել եմ թիվ 30 հայկական դպրոցը, որտեղ տնօրենը նույնպես հայ էր։ Սակայն իմ ընդունվելու տարում այն դարձավ ռուս-ադրբեջանական դպրոց։ Ուստի ես ստացա ռուսական կրթություն։ Մեր դասարանը բազմազգ էր, սակայն երբևէ թշնամություն չէր նկատվում ոչ մեկի կողմից։ Իհարկե ամեն ինչ փոխվեց հետո։

1989 թվականի դեկտեմբերի 30-ի երեկոյան մեր հարևաններն ասացին, որ լավ բան չի սպասվում, և իրենք ոչնչով չեն կարողանալու օգնել մեզ։ Հայրս հասկացավ, որ ողջ մնալու համար պետք է շտապ հեռանանք։ Դեպտեմբերի 31-ին դուրս եկանք Բաքվից ու բռնեցինք տեղահանության ճանապարհը։ Մեզ չհաջողվեց վաճառել, կամ էլ փոխանակել մեր տունը։ Տանից ոչինչ չենք վերցրել։ Մեր մեքենայով էինք, որի մեջ տեղավորվել էր ընդամենը մի քանի հագուստ։ Մեծ դժվարությամբ հասանք Ասկերան՝ անցնելով Օմոն-ի անցակետերը։ Մեր հեռանալուց 13 օր անց Բաքվում սկվեցին հայերի ջարդերը։

Որոշ ժամանկ անց հայրս մեկնեց Երևան, որտեղ մեր ընտանիքը գրանցվեց՝ որպես փախստական ընտանիք։ Օրեր հետո մեզ զանգեցին ու ասացին, որ փաստաթղթերն արդեն պատրաստ են, և կարող ենք մեկնել ԱՄՆ։ Հայրս, սակայն, փոխեց մտադրությունը՝ հայտարարելով, որ մնալու ենք Արցախում՝ հարազատ Ղլիժբաղում։

Գայանեի համար Արցախում սկսվեց նոր կյանք տակավին երիտասարդ աղջիկը դարձավ հայրենիքի պաշտպան

-Միջնակարգ ուսումս շարունակել եմ Ստեփանակերտի թիվ 10 դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել եմ բժշկական ուսումնարան։ Սովորել եմ ընդամենը մեկ տարի։ Արցախյան շարժումն արդեն վեր էր ածվել պատերազմի։ Մի օր դասերի ժամանակ մեր լսարան մտավ մեր դասախոսն ու ասաց, որ վիրավոր տղաներին շտապ օգնություն է պետք։ Ես անմիջապես արձագանքեցի ու վազեցի վիրավորների մոտ։ Հենց այդպես էլ սկսվեց իմ ծառայությունը Ստեփանակերտի հոսպիտալում։ Որոշ ժամանակ անց, որպես բուժքույր, արդեն մարտի դաշտում էի։ Իմ 18-ը դեռ չէր լրացել, իսկ եղբայրս 13 տարեկան էր, ու մենք արդեն ահեղ մարտերի մեջ էինք։ Պատերազմի ժամանակ ստացել եմ գլխուղեղի ցնցում, որը մինչ այսօր զգացնել է տալիս։ Հետո տեղափոխվել եմ Ասկերանի շտապ օգնություն, սակայն հաճախակի կրկնվող ցնցումների պատճառով չէի կարող այլևս աշխատել։ Ինձ տրվել է 2-րդ կարգի հաշմանդամություն։

Բաքվից տեղահանվելուց հետո մեր ընտանիքին ցանկանում էին փախստականների համար կառուցված ֆիննական թաղամասում տուն տրամադրել, սակայն հայրս հրաժարվեց՝ ասելով, որ մենք փոքրիկ տուն ունենք, դա բավական է։ Նա նկատի ուներ տատիկիս հին, կապիտալ վերանորոգման ենթակա տունը։

․․Իսկ կյանքն Արցախում շարունակվում էր։ Պատերազմի հաղթական ավարտից հետո մարդիկ փորձում էին վերստին ստեղծել, շենացնել հայրենի բնօրրանը։ Տարիներ հետո ես ևս իմ տունն ունեի, որը, իհարկե, իմ ուժերով եմ ձեռք բերել՝ օգտվելով տարբեր վարկերից։ Առողջությանս վատթարացման պատճառով տարիներով չէի աշխատում, իսկ որդուս պետք է մեծացնեի։ Օրերից մի օր, այն ժամանակ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սամվել Հարությունյանը առաջարկեց շրջանում ստեղծել արհմիություններ՝ զգուշացնելով, որ պետք է ամեն ինչ զրոյից սկսել։ Համաձայնեցի ու սկսեցի աշխատել մարդկանց հետ։ Պետք է ասեմ, որ այն ինձ հաջողվել է։

Այդ ընթացքում ստացել եմ նաև երկու բարձրագույն կրթություն՝ իրավաբանի և տնտեսագետի։ Այդ մասնագիտություններն ինձ օգնել են նոր բնագավառում։ Իմ ու գործընկերներիս ջանքերով շրջանում ստեղծել էր ուժեղ ու համերաշխ կառույց, որը պատրաստ էլ միշտ լինել աշխատողի կողքին։ Ավելի քան 18 տարի Ասկերանի շրջանի արհեստակցական կազմակերպությունների միության նախագահն էի։

Գայանե Գաբրիելյանը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, իսկ երբ Արցախում Ադրբեջանի կողմից կրկին պատերազմներ էին սանձազերծվում՝ նա մարտական ընկերների հետ մարտի դաշտում էր։ Եղբայրը՝ Սամվելը, հեռավոր Ռուսաստանից նույնպես միանում էր քրոջը։

2023-ի սեպտեմբերին երկրորդ անգամ է բռնել տեղահանության ճանապարհը։ Արցախի կորուստը շատ ծանր է տանում

-Ինչո՞ւ համար ենք կռվել, ինչո՞ւ է այնքան արյուն թափվել, եթե պետք է թողնեինք մեր երկիրը։ Տղաներին եմ ափսոսում։ Քանի՜, քանի՜ հոգի զոհվեցին իմ ձեռքերում, քանի՜-քանիսը հրաշքով ողջ մնացին։ Բաքվից տեղահանվելուց հետո 33 տարի ապրել ենք հայրենի հողում, ստեղծել, ոտքի կանգնել՝ հույս փայփայելով, որ այլևս չենք տեսնի այն սարսափելի օրերը։ Սակայն պատմությունը կրկնվելու հատկություն ունի։ Նորից ձեռնունայն հեռացանք մեր երկրից՝ այնտեղ թողնելով մեր բոլոր սրբությունները։

Տեղահանվելուց հետո հաստատվել ենք Արարատի մարզում։ Ամուսինս ու որդիս աշխատում են, ես դստերս եմ խնամում։ Դեռևս քաղաքացիություն չենք վերցել, չենք կարողանում հարմարվել այն մտքին, որ Արցախն այլևս մերը չէ։ Հույս ու հավատ ենք պահում, որ մի օր անպայման կվերադառնանք։

Իմ հայրենակիցներին մաղթում եմ ուժեղ լինեն, որ կարողանան հաղթահարել դժվարությունները, առանց այն էլ շատ ենք կորուստներ տվել ու շարունակում ենք տալ։ Առողջություն եմ մաղթում բոլորին, ու թող անպայման իրականանա մեր երազանքը․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Շողեր Սարգսյան․ թատրոնը՝ տուն, անուն և շարունակություն

Շողեր Սարգսյանը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի երիտասարդ դերասաններից է։ Նրա ճանապարհը բեմում ձևավորվել է մի թատրոնում, որի մասին երկար ժամանակ խոսվում էր ոչ թե որպես ստեղծագործական օջախի, այլ որպես բացակայության, կորստի ու սպասման պատմության։

Շատերը չէին հավատում, որ Ստեփանակերտի թատրոնը երբևէ կրկին կհավաքվի ամբողջական թիմով ու կվերադառնա բեմ։ Բայց թատրոնը վերադարձավ։ Թեպետ ոչ ամբողջ կազմով, ոչ նախկին պայմաններով, բայց՝ բովանդակությամբ։

Այսօր այն գործում է փոքր կազմով, սակայն նույն գիտակցումով՝ բեմ բարձրանալը միայն արվեստ չէ։ Սա առաքելություն է։ Սա պայքարի ձև է։

Շողերը հիշում է, որ անգամ Արցախում թատրոնը միշտ շենք չուներ։ Տարբեր տարիներին ներկայացումները բեմադրվում էին տարբեր վայրերում, տարբեր պայմաններում։ Բայց թատրոնը երբեք չէր դադարել գոյություն ունենալ։

«Ստեփանակերտ» անունը միշտ պահպանվել է՝ անկախ տարածքից։ Այդ անունը թիմի համար ոչ միայն քաղաք է, այլ ինքնություն։ Այս գիտակցությամբ է բեմ բարձրանում նաև այսօր։

«Արա, պա ստի պեն կինի» ներկայացումը, որի բեմադրիչը Ռուզան Խաչատրյանն է, դիտավորյալ զերծ է ծանր տխրությունից։ Դահլիճում մարդիկ լիաթոք ծիծաղում են՝ առանց ցավի։ Եվ հենց այդ ծիծաղն է դառնում թատրոնի լեզուն՝ այսօրվա իրականության մեջ»,- ասում է Շողերը։

Դերասանուհու համար այս հանդիպումները հանդիսատեսի հետ առանձնահատուկ հուզական լարվածություն ունեն։

«Տպավորություն է, թե ձերոնք են գալիս, ձեր տնեցիները՝ մի 200 հոգով»,- ասում է նա։ Այդ զգացողությունը ստիպում է առավելագույնը տալ բեմում, ավելի զգույշ, ավելի պատասխանատու լինել յուրաքանչյուր շարժման ու խոսքի մեջ։

Այսօր Շողերը սովորում է Գալյա Նովենցի անվան դպրոցում՝ թատերական կուրսում։ Նրա օրը լցված է դասերով, փորձերով ու մշտական շարժումով բեմի ու ուսանողական կյանքի միջև։ Բայց թատրոնը մնում է նրա կյանքի կենտրոնում՝ որպես տուն, որտեղ միշտ պետք է վերադառնալ։

Շողեր Սարգսյանին լայն լսարանը ճանաչում է նաև «Ամանորյա զարմանք երկիր» ֆիլմից, որը Արցախի հանրային հեռուստատեսության եթերում ներկայացնում էր Արցախը՝ իր հումորով, առօրյայով ու կյանքի գունեղությամբ։ Շատերի համար այդ ֆիլմը դարձել է ամենաջերմ ամանորյա պատմություններից մեկը, իսկ այսօր այն դիտվում է ավելի խորը զգացողությամբ՝ որպես հիշողություն։

Շողեր Սարգսյանի պատմությունը միայն մեկ դերասանի ճանապարհ չէ։ Այն Ստեփանակերտի թատրոնի շարունակությունն է՝ բեմում պահված անունով, ծիծաղով ու կենդանի ներկայությամբ։ Թատրոնը այստեղ գոյություն ունի ոչ թե պայմանների շնորհիվ, այլ մարդկանց կամքով։ Եվ հենց այդ կամքն է, որ բեմը դարձնում է տուն։

Մարիամ Սարգսյան

Սարգիս Խանդանյան․ «Ադրբեջանցիների վերադարձի» հարց Հայաստանի իշխանությունը որեւէ փուլում չի քննարկի

«Ադրբեջանի այդ խոսույթն օգտակար չէ խաղաղության գործընթացի համար։ Եվ մենք անընդհատ այդ մեսիջը տալիս ենք Արդբեջանին, որ սա չի նպաստում այն պրոցեսներին, որոնք հիմա տեղի են ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Պիտի խոստովանեմ, որ որոշ առումով դա մեղմվել է, բայց այդուհանդերձ մենք պետք է փորձենք խաղաղության գործընթացին համապատասխանեցնել նաեւ խոսույթը»,- այսօր լրագրողներին ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը՝ անդրադառնալով ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հրապարակմանը։

ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հրապարակած զեկույցում որպես Հայաստանի համար արտաքին սպառնալիք նշվում նաեւ այն, որ Ադրբեջանն առաջ է քաշում այսպես կոչված «արեւմտյան ադրբեջանցիների» թեզը։ Ըստ զեկույցի՝ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով առաջ տարվող, այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» եւ «արեւմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթներն ու դրանց ուղեկցող գործողությունները երկարաժամկետ հեռանկարում խաղաղության կառուցման վրա էականորեն բացասաբար ազդող եւ ռիսկային գործոն են։

Հարցին, թե ՀՀ իշխանությունը քննարկո՞ւմ է «ադրբեջանցիների վերադարձի» հարց, Սարգիս Խանդանյանը պատասխանեց․  «Այդ խոսակցությունը Հայաստանի իշխանությունը որեւէ փուլում չի քննարկի, հատկապես այն շեշտադրումներով, որով տեւական ժամանակ խոսել է Ադրբեջանը։ Դա ընդհանրապես չի նպաստում խաղաղության մթնոլորտին, ուստի, մի թեմա է, որը չարժե արծարծել։ Մենք ավելի լայն օրակարգեր ունենք մեր հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից, եւ պետք է կենտրոնանալ այդ աշխատանքի վրա»։