Հայաստանը պատրա՞ստ է 1 մլրդ․ դոլար նվիրաբերել Փաշինյանի՝ Խաղաղության խորհրդում ընդգրկվելու համար

Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ եւ ընդունել է այդ հրավերը։

Խաղաղության խորհրդում հիմնադիր անդամի տեղ զբաղեցնելու ցանկություն ունեցող երկրներին ԱՄՆ նախագահի վարչակազմը հորդորել է նվիրաբերել առնվազն 1 միլիարդ դոլար։ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե Հայաստանը պատրա՞ստ է 1 միլիարդ դոլար վճարել, ասաց․ «Կարծում եմ՝ այդ հարցը դեռ քննարկման պետք է ենթարկվի եւ հասկանանք, թե ինչ պարտավորություններ է ենթադրելու Խաղաղության խորհրդի կանոնադրությունը։ Բայց շատ կարեւոր է, որ Հայաստանը եւս հրավեր է ստացել այս կարեւոր նախաձեռնությանը մասնակից դառնալու»։

Ըստ Խանդանյանի՝ պետք է հաշվի առնել նաեւ հարցը, թե Հայաստանի բյուջեն ի վիճակի՞ է այդքան գումար վճարել․ «Իմ կարծիքով՝ 1 մլրդ դոլարի մասին հայտարարությունը կարծես թե քաղաքական հայտարարություն է եղել։ Նաեւ պետք է ուսումնասիրել, թե արդյոք Հայաստանի Հանրապետության բյուջեն ունի՞ նման հնարավորություններ՝ այդ գործընթացին մասնակցելու համար։ Բայց այնուամենայնիվ կարեւոր է, որ ընդունելով այս առաջարկը՝ Հայաստանը դառնում է այդ ֆորմատի հիմնադիր անդամ»։

Այդ պայմաններում էլի “քանդքանդ” ենք անում, բայց ինքնանպատակ

Արցախում հայտնի նկարիչ Գևորգ Սարգսյանը մասնակցել է «Մենք կանք» մշակութային-կրթական միջոցառմանը, որը նվիրված էր Արցախին։

«Արցախից բռնի տեղահանվելուց հետո եղել են արցախցիներիս հետ առնչվող և կարևոր միջոցառումներ’ ցույցեր, երթեր, նաև  մշակութային՝ <<Երազ>> պուրարկում ու վերջինը՝ մարզահամերգային համալիրում, որոնց մասնակցել ենք։

Դրանք կարևոր են մեզ հավաք պահելու, վերադարձի հույսն ու հավատը արթուն պահելու, մեր համախմբվածությունն ու ուժը ներկայացնելու, նաև հայաստանաբնակ հայությանը <<դասեր տալու>> համար:

Մենք’ արվեստագետներս Արցախ հայրենիքում կայացած էինք, ունեինք լավ թե վատ ստեղծագործելու պայմաններ։

Ցուցադրվում էինք (ոչ ինքնանպատակ), աշխատում էինք, գտնվում էինք թե կառավարության, թե մշակույթի նախարարության, թե Նկարիչների միության, թե քաղաքապետարանի ուշադրության տակ, որն այստեղ բացակայում է։

Գումարենք դրան ապրուստի դժվար պայմանները’ բնակարանային սուղ վիճակը, արցախցիներիս ցրված լինելը, թանկությունները, տուգանքները, տեղաբնակների վերաբերմունքը, քաղաքական իրավիճակը, անորոշությունը, մեր ընկճվածությունը։ Այդ պայմաններում էլի <<քանդքանդ>> ենք անում, բայց ինքնանպատակ», – նշում է Գևորգ Սարգսյանը:

Ալվարդ Գրիգորյան

Հունվարի 27–ը սահմանվեց որպես հիշատակի և խոնարհումի օր. Այն կլինի ոչ աշխատանքային

Հունվարի 27–ը կսահմանվի Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր և կլինի ոչ աշխատանքային։ ՀՀ Ազգային ժողովն այսօր 69 կողմ, 15 դեմ, 0 ձեռնպահ ձայյների հարաբերակցությամբ ընդունեց կառավարության առաջարկած նախագիծը։

Նշենք, որ նախագծի համահեղինակներն են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Օրինագծի հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվել է, չկա հատուկ օր` նվիրված բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և այլ անձանց հիշատակը հարգելուն և մեծարելուն։ Հետևաբար, մարդիկ զոհվածների հիշատակը հարգում են կամ տարբեր ռազմական իրադարձությունների նշման կամ հունվարի 28–ին՝ Բանակի օրը, որն ավելի շատ տոնական օր է, քան հիշատակի։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ը Հայկական բանակի օրն է։ Ինչո՞ւ Հիշատակի օրվա համար ընտրվեց հենց Բանակի օրվան նախորդող օրը։

Փաշինյանն ու Օրբանը ընդունել են ԱՄՆ նախագահի առաջարկը՝ միանալ Խաղաղության խորհրդին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը՝ Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Վարչապետ Փաշինյանը սիրով և պատասխանատվությամբ ընդունել է առաջարկը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը»,– հավելել է նա։

Դիվանագետների խոսքով՝ մինչ այդ միայն Հունգարիան, որի առաջնորդը Թրամփի մտերիմ դաշնակիցն է, անվերապահորեն ընդունել է հրավերները, որոնք ուղարկվել են մոտ 60 երկրների։

Ռոյթերսը հաղորդում է, որ դիվանագետները կարծում են, որ այս ծրագիրը կարող է վնասել Միավորված Ազգերի Կազմակերպության աշխատանքին։

Ինչո՞ւ ԱՄՆ-ն չպետք է զավթի Գրենլանդիան, եթե ԵՄ-ն թույլ է տվել զավթել Արցախը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է իր, փոխնախագահ Ջ.Դ. Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի լուսանկարը, որտեղ նրանք ամերիկյան դրոշ են տեղադրում Դանիայի ինքնիշխան տարածքում՝ Գրենլանդիայում։ Լուսանկարում նաև երևում է մի ցուցանակ, որի վրա գրված է. «Գրենլանդիա, ԱՄՆ տարածք, 2026»։ Լուսանկարը հրապարակվել է Truth Social սոցիալական ցանցում։

Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցները գնալով ավելի ու ավելի են եզրակացնում, որ տրանսատլանտյան գործընկերության նախկին մոդելը այլևս չի գործում։ Թրամփի սպառնալիքները՝ պատժիչ մաքսատուրքեր սահմանել ցանկացած երկրի նկատմամբ, որը կփորձի կանխել Գրենլանդիայի բռնագրավումը, Բրյուսելում և ԵՄ երկրների մայրաքաղաքներում դիտվել են որպես ուղղակի մարտահրավեր և հարձակում դաշնակիցների նկատմամբ։ Մասնավոր զրույցներում եվրոպացի պաշտոնյաները արտահայտել են իրենց վրդովմունքը և Դանիայի ինքնիշխան տարածքը բռնակցելու ծրագիրը անվանել են «խելագարություն»։

Ճգնաժամի ֆոնին Եվրոպայում նոր անվտանգության ճարտարապետության մասին քննարկումները սրվել են։ «Կամավորների կոալիցիան» դիտարկվում է որպես ապագա պաշտպանական դաշինքի հնարավոր հիմք, որը չի բացառի համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ, բայց նաև կախված չի լինի դրանից։

ԵՄ-ն ասում է, որ եթե Ուկրաինայի ռազմական ներուժը համատեղվի Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Միացյալ Թագավորության և այլ երկրների ռազմական ներուժի հետ, կոալիցիան կարող է դառնալ հզոր ուժ, որը կներառի ինչպես միջուկային, այնպես էլ ոչ միջուկային պետություններ։

Այսպիսով, եվրոպացիները հույս ունեն ուկրաինական բանակն օգտագործել որպես «թնդանոթի միս», իսկ իրենք ներդնեն միջուկային և այլ տեխնոլոգիաներ։ Բայց ումի՞ց է Եվրոպան պաշտպանվելու։ Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, ներքին միգրանտներից, թե՞ սեփական անսկզբունքայնությունից։ Ամբողջ աշխարհում ակնհայտորեն ձևավորվում է լուռ կոնսենսուս ԵՄ-ի փլուզման և Հին Աշխարհի նշանակության տապալման վերաբերյալ։ ԵՄ առաջնորդները սխալ ընտրություն կատարեցին, երբ 2022 թվականին աջակցեցին Ալիևի և Փաշինյանի կողմից Պրահայում փաստաթղթի ստորագրմանը, որը ոտնահարում էր միջազգային իրավունքը։ ԵՄ-ն հենվում է հենց այս իրավունքի վրա, և Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Արցախում ցեղասպանության իրականացման թույլտվությունը խարխլել է ԵՄ-ի հիմքերը: Ինչո՞ւ ԱՄՆ-ն չի կարող բռնագրավել Գրենլանդիան, եթե ԵՄ-ն թույլ է տվել Բաքվին բռնագրավել Արցախը, իսկ հիմա խրախուսում է Հայաստանին հանձնել իր հարավային սահմանները:

Սիրիայի քրդերի՝ Թուրքիայի հետ գործարքը տապալվեց․ Թրամփը զգուշացրել է Սիրիայի նախագահին

Թուրքամետ Սիրիայի կառավարության և ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերի միջև ենթադրյալ համաձայնագիրը ձախողվել է: Թուրքիան չի համաձայնում քրդական ինքնավարությանը, և ԱՄՆ-ն կարող է ցանկացած պահի փոխել իր դիրքորոշումը Սիրիայի թուրքամետ կառավարության նկատմամբ։

SANA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։

Գործակալության տվյալներով՝ հեռախոսազրույցի ընթացքում նրանք ընդգծել են Սիրիայի տարածքային ամբողջականության և անկախության պահպանման կարևորությունը, ինչպես նաև քուրդ ժողովրդի իրավունքների և պաշտպանության երաշխավորման անհրաժեշտությունը: Թրամփը և ալ-Շարաան համաձայնել են շարունակել համագործակցությունը ԴԱԻՇ-ի դեմ պայքարում և դրա սպառնալիքների վերացման գործում։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահի աշխատակազմը հերքել է այն տեղեկությունները, որ սիրիական բանակը, Անկարայի աջակցությամբ, ազատագրել է ԴԱԻՇ-ի զինյալներին: Ավելի վաղ քրդական «Սիրիական դեմոկրատական ​​ուժերի» (SDF) ղեկավարությունը հայտարարել էր, որ երկուշաբթի օրը սիրիական բանակը սկսել է հարձակումը Հասաքե նահանգի ալ-Շադդայի բանտի վրա, որտեղ պահվում են ԴԱԻՇ-ի հազարավոր զինյալներ։ Հայյտնի է դարձել, որ նրանք փախել են բանտից։

Սիրիական քրդական ուժերը հայտնել են Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող իրենց դիրքերի վրա թուրքական օդուժի հարվածների մասին։

Իրաքյան Քրդստանի կառավարությանը մոտ գտնվող Rudaw հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Սիրիայում քրդական ուժերի առաջնորդ Մազլում Աբդին պնդել է, որ Միացյալ Նահանգները, իբր, խոստացել է SDQ-ին ստեղծել ինքնավար կառավարում քրդաբնակ տարածքներում և պահպանել միասնական ռազմական ստորաբաժանումները։

Ի պատասխան՝ Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է, որ Դամասկոսը մտադիր չէ ինքնավարություն տրամադրել տարածաշրջաններին։

ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պարտավոր է պաշտպանել Սիրիայի բանտերը, որտեղ պահվում են ԴԱԻՇ-ի ամենավտանգավոր հազարավոր զինյալներ։

Սիրիայի ժամանակավոր նախագահը ԴԱԻՇ-ի երկարամյա անդամ էր։

«Ես դիմում եմ Սիրիայի կառավարությանը. խնդրում եմ հասկացեք, որ ԴԱԻՇ-ի զինյալների փախուստը բանտերից աղետ կլինի ԱՄՆ-ի, Սիրիայի և ամբողջ տարածաշրջանի համար։ Ես համոզված եմ, որ Ամերիկայի դիրքորոշումը այս բանտերի վերաբերյալ պետք է հստակ լինի. պաշտպանեք դրանք ցանկացած անհրաժեշտ միջոցով», – ասել է սենատորը։

«Եթե Սիրիայի կառավարական ուժերը շարունակեն առաջխաղացումը դեպի հյուսիս՝ դեպի Ռաքքա, ես կձգտեմ վերականգնել պատժամիջոցները՝ համաձայն «Կեսարի օրենքի»։ Եթե այսպես շարունակվի, ոչ միայն կհետևեն կաթվածահար անող պատժամիջոցներ, այլև անդառնալի վնաս կհասցվի Միացյալ Նահանգների և նոր սիրիական կառավարության միջև հարաբերություններին։ Եթե դուք ցանկանում եք հակամարտություն ԱՄՆ Սենատի հետ և մտադիր եք երկարատև վնաս հասցնել ԱՄՆ-Սիրիա հարաբերություններին, ապա շարունակեք։ Եթե ուզում եք փրկել այս հարաբերությունները, կանգ առեք և շրջվեք։ Հուսով եմ՝ ճիշտ ընտրություն կկատարեք», – ասաց Գրեհեմը։

Միևնույն ժամանակ, իրաքյան զորքերը կուտակվում են Սիրիայի հետ սահմանի երկայնքով, այն բանից հետո, երբ Դամասկոսը վերահսկողություն է հաստատել հազարավոր ԴԱԻՇ-ի  զինյալների պահման վայրերի նկատմամբ։ Իսկ Իրաքի քրդական Փեշմերգաները արդեն տեղակայվել են իրենց սիրիացի հայրենակիցներին օգնելու համար։

Թուրքիան պայքարում է Սիրիայի լիակատար վերահսկողության համար՝ փորձելով ճնշել քրդերի ինքնավար գոյության ցանկությունը։ ԱՄՆ-ի աջակցությունը քրդերին ցույց է տալիս, որ Թուրքիայի հավակնությունները Վաշինգտոնում չեն ընդունվում որպես օրինական, ոչ փոքր մասամբ՝ իսրայելական գործոնի պատճառով։ ԱՄՆ-ն ցանկանում է վերադառնալ Մոնրոյի դոկտրինին և մեկուսանալ Արևմտյան կիսագնդում, ինչը հարցեր է առաջացնում այն ​​մասին, թե ում ազդեցության ոլորտը կլինի Մերձավոր Արևելքում։ Այս հարցին չպատասխանելը կարող է ամբողջ Արևելյան կիսագունդը քաոսի մեջ գցել։

Ստեփանակերտի թատրոնը բեմում է․ այսօր՝ «Արա, պա ստի պեն կինի»

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնը այսօր՝ հունվարի 20-ին ներկայանալու է «Արա, պա ստի պեն կինի» ներկայացմամբ։

Երկար դադարից հետո թատրոնը՝ թեև փոքր կազմով, բայց լիարժեք վերադարձել է բեմ։

Ներկայացման բեմադրիչը Ռուզան Խաչատրյանն է։

Ներկայացումը զերծ է ծանր տխրությունից և հանդիսատեսին առաջարկում է անկեղծ ու ազատ ծիծաղ՝ առանց ցավի։ Դահլիճում մարդիկ լիաթոք ծիծաղում են՝ վերապրելով թատրոնի կենդանի շփումը։

Թատրոնի թիմի համար այս բեմադրությունը պարզապես ներկայացում չէ․ այն առաքելություն է և պայքարի ձև։

«Ստեփանակերտ» անունը շարունակում է ապրել բեմում՝ անկախ տարածքից ու պայմաններից։

Ներկայացման դերակատարներից է նաև երիտասարդ դերասան Շողեր Սարգսյանը, ում հետ մեր լրատվականը պատրաստել է դիմանկարային ռեպորտաժ։

Ասկերանը՝ առանց սվետաֆորի, բայց մեծ սրտով. Աշոտ Գաբրիելյանի հիշողությունների քաղաքը

Ասկերանը Արցախի այն քաղաքներից է, որը քարտեզի վրա փոքր է, բայց հիշողության մեջ՝ մեծ։ Փոքրիկ դարպասներով, ֆիննական տներով, ամուր համայնքով ու հյուրընկալությամբ այն դարձել է հազարավոր մարդկանց մանկության, ինքնության և կորստի խորհրդանիշ։

Աշոտ Գաբրիելյանը Ասկերանի մասին չի պատմում որպես անցյալ ժամանակի քաղաք. նրա խոսքում այն շարունակում է ապրել, առաջին հերթին՝ մարդկանց սրտերում։

Ասկերանը Աշոտի հիշողության մեջ փոքր ու հարազատ քաղաք է, որտեղ «փոքր լինելով՝ մեծ տեղ էր զբաղեցնում»։ Նա հիշում է ֆիննական տները, քաղաքի կոլորիտն ու այն ապահովության զգացումը, որ տալիս էր Ասկերանը։

Մեծ քաղաքները նա չափում է սվետաֆորների քանակով․ Ասկերանում դրանք չկային, բայց կար 400 երեխա ունեցող դպրոց՝ քաղաքի միակն ու առաջադեմը։

«Երբ ասում են Արցախ, ես ոչ թե պապ ու տատը, այլ առաջին հերթին հենց Ասկերանն եմ հիշում՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին, «Կրեպուստը», ինչպես այնտեղ էինք անվանում ամրոցը։ Իմ մանկությունն անցել է Ասկերանի սարերում ու ձորերում»,- պատմում է Աշոտը։

Նա նշում է՝ երկար տարիներ երբեք չի զգացել, թե ինչ է նշանակում «կոնֆլիկտային զոնա» հասկացությունը։ Սակայն 2020 թվականից հետո Ասկերանը դարձավ սահմանային քաղաք։ «Դժվար էր, որովհետեւ մեր գյուղերը, որտեղ այցելում էինք մեր հարազարտներին, մնացին ադրբեջանի տիրապետության տակ, քաղաքը սահման դարձավ, բայց հյուրընկալ ոգին պահպանեց։ Պատերազմից հետո Ասկերանը ընդունեց նաև տեղահանվածներին»,- ասում է նա։

«Գիտակցական մակարդակում բոլորը պատերազմի եւ տեղահանության մտքեր ունեինք,- ասում է, -բայց որ տեղի կուեննա մեզ հետ՝ չէի պատկերացնի»։

Հիշում է մի դրվագ, երբ Կարմիր Շուկայով անցնելիս հադրութեցի ընկերոջը մի հարց էր տվել, որին ինքը բախվեց 2023-ից հետո, երբ հասավ Գորիս՝ այդքան մոտ, բայց անհաանելի դարձած տանը։

Աշոտը հասկանում է, որ բնական է, երբ մարդիկ ամբողջությամբ չեն կարող հասկանալ արցախցիների ապրածը։ «Կարող են ապրումակցել, բայց ամբողջությամբ՝ ոչ»,- նշում է նա։

Բլոկադայի ընթացքում նա մի քանի փուլով է «ճաշակել» շրջափակումը։ Դեկտեմբերի 3-ին ճանապարհին էր, ապա մեկ շաբաթ անց մնաց Երևանում։ Այդ ընթացքում աշխատում էր որպես ուսուցիչ, կիսամյակային շրջանն էր։ Վախն ու պատասխանատվության զգացումը ծանր էին՝ հատկապես այն մտքից, որ չի կարողանում հասնել իր ընտանիքին։

Երևանում նա մասնակցում էր ցույցերին, իսկ «Դասավանդիր Հայաստան» ծրագրի շրջանակում աշխատում էր սահմանի այս կողմում մնացած երեխաների հետ։

Երբ արդեն կարողացավ վերադառնալ Ասկերան, ամենաանհարմարը էլեկտրականության անջատումներն էին։ «Անընդհատ ուզում էի ասել՝ լույսը միացրեք»,- հիշում է նա։

Կոլխոզաշենում Աշոտը 12-րդ դասարանի դասղեկ էր։ Ամռանը բլոկադայի պայմաններն արդեն խիստ ծանր էին։ Նա պատմում է, որ երբեք նպատակ չի ունեցել ցավի վրա բլոգ ստեղծել։ Թեպետ շատերն էին կարդում ու արձագանքում, ժամանակի ընթացքում նա սկսեց մտածել՝ ինչպես այսօր շատ են խոսում Գազայի մասին, բայց իրական փոփոխություններ չեն լինում։

«Ես իրազեկում արեցի, բայց միևնույնն էր»,- ասում է Աշոտը։ Այդ պատճառով նա ուզում է Արցախը հիշել ոչ միայն բլոկադայով։ Նրա համար Արցախը միայն շրջափակում ու պատերազմ չէ։

Աշոտի ընտանիքում երեք տղաներ են։ Նա հաճախ տեսնում է, թե ինչպես են նույնիսկ իր տնեցիները նայում իրենց տների նկարներին՝ ամեն մեկը իր ձևով, իր ոլորտով, իր մարդկանցով։ Այդ պատկերները երբեմն հույս են տալիս, երբեմն՝ հույսը կտրելու եզրին են հասցնում։ «Եթե մի օր տեսնենք մեր տունը՝ կա, թե չկա, դա բեկումնային պահ կլինի»,- նշում է նա։

Այսօր ընտանիքը փորձում է նոր տուն ստեղծել՝ պահպանելով այն մթնոլորտը, որ կար հայրական տանը։ «Կարևորը՝ մենք կանք»,- ասում է Աշոտը։

Ասկերանցիները, նրա խոսքով, փորձում են պահպանել համայնքային կապը նաև այստեղ։ Կարևոր է միաժամանակ և՛ համայնքի մնալը, և՛ ինտեգրվել։ «Մաման արցախյան ուտելիքներ է հյուրասիրում հարևաններին, զրույցներ են սկսվում ներքին մշակույթների մասին»,- ասում է Աշոտը, կյանքը կամաց-կամաց շարունակում է առաջ գնալ։

Ասկերանը Աշոտ Գաբրիելյանի համար ոչ միայն ծննդավայր է, այլ հիշողության ու ինքնության առանցք։ Քաղաք, որը սվետաֆորներ չուներ, բայց ուներ ճանապարհ ցույց տվող մարդիկ։ Այսօր, երբ դեռ շատերը չունեն տներ եւ համայնքը պահպանելու ֆիզիկական տարածք, Ասկերանի համայնքը շարունակում է ապրել՝ մարդկանց մեջ, բարբառը պահպանելու ու փորձի փոխանցման մեջ։

Մարիամ Սարգսյան

Բաքուն չի ներկայացնել փաստաթուղթ, որը կհաստատի «Արցախի և Նախիջևանի պատկանելությունը Ադրբեջանին»

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Ըստ պետդեպարտամենտի հաղորդագրության՝ պետքարտուղար Ռուբիոն բարձր է գնահատել Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստան վառելիքի մատակարարումները որպես կարևոր քայլ, որը ինչպես նշվում է հաղորդագրությունում, «ցույց է տալիս Ադրբեջանի հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը նախագահ Թրամփի կողմից առաջ մղած պատմական խաղաղության համաձայնագրին»:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև երկկողմ համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային իրավիճակը և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը:

«Ընդգծվեց «TRIPP»-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքի կարևորությունը», – ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ Բաքուն ԱՄՆ Կոնգրեսի կողմից «Ազատության մասին» 907-րդ բանաձևից հրաժարվելը ներկայացրեց որպես Հայաստանի հետ նախաստորագրված համաձայնագրի ստորագրման պայման։ Բանաձևն ընդունվել է 1992 թվականին և գործում է մինչև Արցախի և Հայաստանի դեմ շրջափակման և ագրեսիվ գործողությունների վերացումը։

ԱՄՆ Կոնգրեսում նորերս ներկայացվել է 907-րդ բաժինը չեղարկելու մասին բանաձև, սակայն Կոնգրեսի հայկական խմբակցությունը ներկայացրել է մի շարք այլ բանաձևերի նախագծեր, որոնք հստակորեն նշում են, որ Բաքուն չի դադարեցրել իր ագրեսիվ գործողությունները Արցախի և Հայաստանի դեմ։ Մասնավորապես, բանաձևերի նախագծերում նշվում է ամբողջ հայ բնակչության տեղահանությունը, ռազմագերիների գոյությունը և Արցախի քրիստոնեական ժառանգության ոչնչացումն ու յուրացումը։

Արդյո՞ք Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են այս հարցին։ Չնայած ագրեսիային, Արցախի օկուպացիային և բնիկ բնակչության տեղահանությանը, Բաքուն մինչ օրս չի կարող ներկայացնել որևէ փաստաթուղթ, որը կհաստատի «Արցախի և Նախիջևանի պատկանելությունը Ադրբեջանին»։

Չնայած Ալիևի կողմից «ուժի իրավունքի» մասին հղումներին, պարզ է, որ Բաքուն չի կարող օրինականացնել այն, ինչ նվաճել է ուժով։ 907-րդ բաժնի գոյությունը ևս մեկ ապացույց է այն բանի, որ Բաքուն կարճ կապանքի տակ է պահվում։ Եվ այն փաստը, որ աշխարհի ոչ մի երկիր, ոչ մի միջազգային կազմակերպություն դեռևս «կոչ չի արել» Հայաստանին հրաժարվել Անկախության հռչակագրից և Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի բանաձևից, վկայում է այս ակտրիի անթերիության և աունդամենտալ նշանակության մասին։

Հայաստանի ԱԺ խոսնակը Սոլովյովին անվանել է «… на палочке»

Հայաստանի խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը ռուս քարոզիչ Վլադիմիր Սոլովյովին, որը կոչ է արել Հայաստանում СВО անցկացնել, անվանել է «… на палочке»։

Սիմոնյանն ասել է, որ ՌԴ ղեկավարությունը դրական է տրամադրված TRIPP-ի հանդեպ, համենայնդեպս, հրապարակայնորեն հանդես չի գալիս բացասական տոնով։

«Եթե իրանց էդ ֆորմատը լավ ա, երբ որ մի հատ ոչ պաշտոնական «․․․ на палочке»՝ չգիտեմ դա իրենց աշխատելաոճն է, բայց ինչպես ասեցի ժամանակին այդ պատասխանները կան ու կլինեն», – հայտարարել է Սիմոնյանը։ Նա հայտնել է, որ Վալենտինա Մատվիենկոյից հրավեր է ստացել՝ պատասխան այցով Մոսկվա մեկնելու համար։

Ընդհանուր առմամբ, զրույցի ընթացքում Սիմոնյանը երեք անգամ կրկնել է «․․․․ на палочке»։

Կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում

Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ին։

Այս մասին «Ազատությանը» հայտնեց Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը: Նրա խոսքով՝ Հայ Առաքելական եկեղեցու որևէ ժողովական մարմին, բացառությամբ Ազգային-Եկեղեցական ժողովի, իր նիստերը կարող է գումարել ցանկացած վայրում։

Մայր Աթոռի փոխանցմամբ՝ նման նախադեպեր եղել են ինչպես Եպիսկոպոսաց ժողովի, այնպես էլ Գերագույն հոգևոր խորհրդի գումարման պարագայում։

Բաքվի բենզինը արդեն ճգնաժամ է առաջացրել Հայաստանում

Բաքվում արտադրված բենզինի և դիզելային վառելիքի՝ այլ երկրներից ներմուծվող վառելիքից ցածր գնով հայկական բենզալցակայաններում հայտնվելուց հետո, հեղուկ գազի գինը կտրուկ բարձրացավ, իսկ որոշ կայաններ ամբողջությամբ փակվեցին։

Այսօր լուրեր տարածվեցին, որ ռուսական հեղուկ գազը ևս շուտով Հայաստան կհասնի երկաթուղով՝ Ադրբեջանի և Վրաստանի միջով։

Բաքվի վառելիքը և շուկայի վերաբաշխումն արդեն իսկ ճգնաժամ են առաջացրել Հայաստանում. գազը թանկացել է կամ անհասանելի է դարձել, շատերը սկզբունքորեն հրաժարվում են Բաքվի բենզինը գնելուց, և որպես արդյունք՝ մարդիկ տառապում են։

Դժվար չէ կանխատեսել, թե ինչ կլինի, եթե Հայաստանը մեծապես կախված լինի Բաքվում արտադրվող վառելիքից։