Վերաքննիչ դատարանը տնային կալանք է կիրառել Դավիթ Համբարձումյանի նկատմամբ

Հայաստանի վերաքննիչ դատարանը՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, Դավիթ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանք է կիրառել։ Որոշումը հրապարակվել է հենց նոր՝ նիստի ընթացքում։

Կալանքից ազատ արձակելու միջնորդությունն այսօր ներկայացրել է փաստաբան Գայանե Պապոյանը։

Հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը 14:00-ին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է վեց տարի երեք ամիս ազատազրկման։ Նա «Պատիվ ունեմ» կուսակցության վարչապետի թեկնածուն է։

 

Թրամփը Պուտինին և Տոկաևին հրավիրել է Խաղաղության խորհուրդ

Միացյալ Նահանգները հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին միանալ Գազայի խաղաղության խորհրդին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ըստ RBC-ի թղթակցի։

«Այո, նախագահ Պուտինը նույնպես դիվանագիտական ​​​​ուղիներով հրավեր է ստացել միանալու այս Խաղաղության խորհրդին։ Մենք ներկայումս ուսումնասիրում ենք այս առաջարկության բոլոր մանրամասները և հույս ունենք կապ հաստատել ամերիկյան կողմի հետ՝ բոլոր նրբությունները պարզաբանելու համար», – ասել է Պեսկովը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները հրավիրել է Թուրքիայի, Եգիպտոսի և Ղազախստանի նախագահներին մասնակցել Խաղաղության խորհրդին։

Ամուսիններով ծառայում էին ԱՀ ՊԲ-ում

2023-ի սեպտեմբերի 19-ին Աննան զորամասում էր։ Գիշերային հերթապահությունից հետո պատրաստվում էր տուն գնալ։ Այդ օրն ասես սիրտը վատ բան էր զգում։ Շտապում էր րոպե առաջ հասնել տուն, որտեղ սպասում էին երեխաները։ Ամուսիններով ծառայում էին ԱՀ ՊԲում։

Աննան չգիտեր, որ վերջին անգամ է տեսնում ամուսնուն

-Մի օր առաջ արդեն կասկածներ ունեինք, որ թշնամին կրկին ինչ որ բան է ձեռնարկում, քանի որ զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ էինք նկատում։ Սիրտս կանխազգում էր, սակայն փորձում էի ինձնից ցրել վատ մտքերը։ Առավոտյան ինձ փոխարինող կապավորին ասացի, որ ուզում եմ շուտ գնալ տուն։ Անգամ իրար հետ մի բաժակ սուրճ չխմեցինք, ինչը անում էինք մշտապես։

Հասա տուն, մի քանի րոպե հետո սկսվեցին հրետակոծությունները։ Ստեփանակերտը հրետակոծվում էր․ տարբեր տեղերից լսվում էին պայթյունների ձայները, իսկ թիրախը ռազմական օբյեկտներն էին։ Կապը կորել էր, չէի կարողանում խոսել ամուսնուս հետ, իմանալ տեղը։ Լսում էինք զոհերի, շրջաններից մարդկանց տարհանման մասին։

Թշնամին առաջին ծանր ռումբը գցեց իմ զորամասի՝ ՊԲ-ի բունկեր կոչվող օբյեկտի վրա, որտեղ այդ պահին գտնվում էր նաև իմ ամուսինը։ Նա ու իր ծառայակից ընկերները զոհվել են տեղում։ Իմ ծառայակից կապավորներից զոհվել են 3 հոգի ու վիրավորվել 5-ը, որոնց թվում կային նաև կանայք։ Կյանքս փրկվել է միայն այն պատճառով, որ ես շտապել եմ տուն, որովհետև նրանք, ովքեր հերթափոխի ընթացքում մնացել են մի քիչ զրուցելու և սուրճ խմելու, զոհվել են ռմբակոծության ժամանակ։

Ավետիք Աշոտի Օհանյանը 17 տարեկանից էր ծառայում։ Նախ, որպես կամավոր, միացել էր Քրիստափոր Իվանյանի խմբին, ապա 1993 թվականից՝ որպես հրետանավոր, ծառայում էր ՊԲում։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մասնակցություն է ունեցել Մատաղիսի, Մարտակերտի, Հադրութի, Շուշիի համար մղվող մարտերին։ Մասնակցել է 2016, 2020 թվականների պատերազմներին։ Վերջին տարիներին ծառայությունը շարունակում էր ԱՀ ՊԲ շտաբի ինժեներական խմբում։ Ավելի քան 35 տարի նա անմնացորդ նվիրված էր Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։

Աննան չի հանդարտվում

-Ամուսինս առաջին անգամ է մտել այդ զորամասը, և այն ճակատագրական եղավ նրա համար։ Միշտ ասում էր՝ ամենավտանգավոր տեղը հենց բունկերն է, այն թշնամու համար միշտ թիրախ է։ Եվ հենց այդտեղից էլ սեպտեմբերի 19-ին թշնամին սկսեց ռմբակոծությունը։ Երբ պատերազմն սկսվեց, Ավոն շտաբում էր։ Հրահանգվեց գնալ բունկեր։ Առաջին անգամ ոտք դրեց այնտեղ ու զոհվեց ընկերոջ հետ։

Չորս օր շարունակ փնտրում էի նրա մարմինը․ սկզբից դիահերձարանում, ապա՝ հիվանդանոցներում։ Սեպտեմբերի 24-ին ինձ ասացին, որ դիահերձարանում 2 անճանաչելի մարմին կա։ Գնացի․ հարյուրավոր դիակներ կային։ Մեկ առ մեկ նայեցի, հետո մոտեցա բոլորովին անճանաչելի դարձած մարմիններին։ Ճանաչեցի․․․ Դագաղ չէինք գտնում։ Որոշ ժամանակ հետո Հայաստանից դագաղներ ուղարկեցին։

Ամուսնուս հուղարկավորեցինք Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում, որտեղ նույն պահին հողին էին հանձնվում տասնյակ հայորդիների աճյուններ։ Այս պահին անգամ սարսռում եմ, երբ հիշում եմ։ Տեսարանը ծանր էր, հիշողությունից երբեք չջնջվող։ Մարդկանց ողբը մինչև երկինք էր հասնում, աշխարհը երես էր թեքել մեզանից։

Նույն օրն արդեն հրահանգվել էր թողնել Արցախը։

Աննան ծանրացած սրտով երեխաների և ամուսնու հոր հետ սեպտեմբերի 24-ի երեկոյան բռնեցին գաղթի ճանապարհն ու հասան Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքը, որտեղ ապրում էր ավագ դստեր՝ Արևի ընտանիքը։ Ուրիշ տեղ չունեին գնալու։

-Հաստատվեցինք Մեծամորում ու մեր համար սկսվեց նոր, անասելի դժվար կյանք՝ առանց Ավետիքի։ Աղջիկներս շատ էին կապված հոր հետ։ Մեր ընտանիքում միշտ ջերմ մթնոլորտ էր, բոլորս իրար հասկանում էինք կես խոսքից։ Ավետիքը հանդարտ, շատ բարի ու համեստ անձնավորություն էր։ Երբեք ոչ մեկին մի ցուրտ խոսք ասած չկա։ Ճակատագիրը շատ դաժան է գտնվել նրա հանդեպ։ Երեք եղբայր ու մի քույր էին։ Միջնեկ եղբայրը դիպուկահարի կրակոցից տարիներ առաջ զոհվել է մարտական դիրքում, իսկ քույրը մահացել է անբուժելի հիվանդության պատճառով։ Սկեսրայրս չդիմացավ Ավոյի ու Արցախի կորստի ցավին։ Տեղահանվելուց ամիսներ հետո կնքեց իր մահկանացուն։

Այժմ փորձում ենք ոտքի կանգնել։ Աղջիկներիս հետ ապրում եմ մեկ սենյականոց բնակարանում։ Շատ դժվար է, սակայն հանուն ամուսնուս հիշատակի փորձում եմ հավաքել բոլոր ուժերս, որ կարողանամ դստրերիս տեր կանգնել, նրանց հասցնել իրենց նպատակներին։ Երեխաներս սովորում են Երևանում, և իհարկե, շատ դժվար է ամեն օր գնալ, գալը։ Ֆինանսապես ի վիճակի չեմ Երևանում տուն վարձակալել, քանի որ տների գները շատ բարձր են։ Արդեն ընդունել ենք ՀՀ քաղաքացիություն և ցանկանում եմ հավաստագորվ տուն ձեռք բերել, սակայն չգիտեմ՝ կկարողանա՞մ արդյոք։ Ուզում եմ Երևանի հարակից բնակավայրերում տուն գնել, որ երեխաներիս համար հեշտ լինի սովորել ու աշխատել։ Միջնեկ աղջիկս՝ Մարիաննան, ուսման հետ համատեղ նաև աշխատում է, իսկ կրտսերը՝ Օքսաննան, սովորում է քոլեջում։

Մեր միակ սփոփանքի վայրը, որտեղ կարող ենք Ավոյի հետ լինել, դա Եռաբլուրն է ու այնտեղ մեր տղաների հիշատակին կառուցված <<Արցախի կանչ>> հուշակոթողը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Կոլխոզաշենից՝ արտակարգ կրթության առաջնագիծ. ինչպես է ուսուցչությունը դառնում ապաքինման գործիք

2023 թվականից հետո Հայաստանի կրթական համակարգը կանգնած է նոր, աննախադեպ մարտահրավերների առաջ։ Պատերազմն ու բլոկադան իրենց ծանր հետքն են թողել ոչ միայն արցախցի երեխաների հոգեբանական, այլև ակադեմիական վիճակի վրա։ Այս պայմաններում ուսուցչի դերը վաղուց արդեն սահմանափակված չէ միայն դասավանդմամբ․ այն վերածվել է աջակցության, կայունացման ու երբեմն՝ փրկության գործի։

«Դասավանդի հանուն Հայաստան» կազմակերպության միջոցով տեղափոխվեցի Կոլխոզաշեն։ Սկզբում նույնիսկ մտածում էի՝ գուցե գյուղի անունը փոխեմ՝ Կոլխոզաշենի։ Բայց այնտեղից դուրս եկա որպես Կոլխոզաշենի պատվավոր քաղաքացի՝ ավագանու որոշմամբ»,- պատմում է Աշոտ Գաբրիելյանը, ով 2 տարի աշխատել է Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում։

«Ուսուցչությունը մեր ընտանիքում միշտ կարևոր է եղել։ Հպարտությամբ եմ նշում, որ այս ուսուցիչների աշակերտն եմ եղել։ Մաման էլ է ուսուցիչ։ Երբեմն հեգնանքով ասում էի՝ «ուսուցիչ չե՞ս», բայց Կոլխոզաշենում շատ հստակ հասկացա, թե որքան մեծ ու կենսական նշանակություն ունի այս մասնագիտությունը»,- նշում է Աշոտը, ով հիմա ղեկավարում է արտակարգ կրթության բաժինը «Դասավանդիր հանուն Հայաստանի» հիմնադրամում։

2023 թվականից հետո սկսեցին իրականացնել «Կրթություն արտակարգ իրավիճակներում» ծրագիրը՝ շեշտը դնելով սոցիալ-հուզական աջակցության և երկարօրյա դպրոցների վերափոխման վրա։

Առաջին տարում թիրախավորել էին 1–9-րդ դասարանների արցախցի երեխաներին։

«Ունեինք երեխաներ, որոնք վախից չէին խոսում։ Կային աշակերտներ, որոնք վախենում էին դասի զանգից․ զոհվածի երեխա էր, չէր կարողանում շփվել մյուսների հետ։ Կամ երեխաներ, որոնք ականատես էին եղել համադասարանցու մահվան։ Երբեմն երեխաներին ասում էին՝ բարբառով մի խոսիր, որ միջավայրին հարմարվես։ Բայց դա ավելի էր խորացնում նրանց ցավը։ Երեխաները ծանր էին տանում ինքնությունից զրկվելու այդ փորձը»,- նշում է նա։

Պատերազմի ու բլոկադայի ընթացքում տուժել էր նաև երեխաների ակադեմիական մակարդակը․ տառերի թերի իմացություն, դասերի բացթողումներ՝ ցրտի, շրջափակման պայմանների պատճառով։

«Այսօր մեր թիրախում միայն արցախցի երեխաները չեն։ Այն մեթոդներն ու աշխատանքները, որոնք մշակել ենք, արդեն իրականացվում են Հայաստանի տարբեր դպրոցներում։ Մենք հասկանում ենք՝ սա կաթիլ է օվկիանոսում։ Սակայն Համաշխարհային բանկի իրականացրած ուսումնասիրությունները ևս ցույց են տալիս, որ արցախցի աշակերտները շարունակում են մնալ բարձր սթրեսային վիճակում։ Եվ սա երկարաժամկետ, համակարգային աշխատանքի կարիք ունի»,- նշում է Աշոտը։

Սա ոչ թե Աշոտի եւ ուսուցչությունի արտակարգ կրթությանն անցնելու պատմություն է, այլ ամբողջ համակարգի մասին է, որը ստիպված է վերանայել իր մոտեցումները՝ կրթությունը դարձնելով ոչ միայն գիտելիքի փոխանցման, այլև ապաքինման տարածք։

Երբ դպրոցը դառնում է անվտանգ միջավայր, ուսուցիչը՝ վստահելի մեծահասակ, իսկ լեզուն ու ինքնությունը՝ պաշտպանված արժեք, կրթությունը սկսում է իր ամենակարևոր գործը՝ բուժել։

Մարիամ Սարգսյան

2025 թվականին հակառակորդի հետ շփման գծում մենք որեւէ մահվան դեպք չենք ունեցել

«Պաշտպանության նախարարությունն ուշադրության կենտրոնում է պահում այդ թեման, մեզ համար եւս յուրաքանչյուր զինծառայողի մահվան դեպքը ողբերգական է։ Բայց դուք մոռանում եք հիշատակել, որ 2025 թվականին հակառակորդի հետ շփման գծում մենք որեւէ մահվան դեպք չենք ունեցել։ Դա ուզում եմ ֆիքսենք որպես խաղաղության պատկեր եւ դրական ցուցանիշ»,- ԱԺ նիստում ասաց պաշտանության փոխնախարար Արման Սարգսյանը։

2025 թվականի բանակում գրանցվել է 30 զինծառայողի մահվան դեպք, որից 26-ը ծառայության հետ կապ չի ունեցել։

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցրեց՝ 2025 թվականին ունեցել ենք 30 զոհ, ի՞նչ հետեւություններ են արվել, ի՞նչ պատժամիջոցներ են կիրառվել հրամկազմի նկատմամբ, ում թողտվությամբ տեղի են ունեցել ծառայության հետ կապ չունեցող մահվան դեպքեր։

Արման Սարգսյանն ասաց, որ խաղաղ պայմաններում զոհերի այս թիվը մտահոգիչ է․ «Բայց նաեւ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ վիճակագրությունը մշտապես ներկայացվում է համեմատության մեջ։ Եվ համեմատության մեջ մենք ունենք դրական տեղաշարժ։ Բանակում մշտապես եղել են նման դեպքեր, վերլուծությունը եւ համեմատությունը արեք ընդհանուրի մեջ»։

Նա հավելեց՝ եթե պաշտպանության նախարարությունը հետեւություն չաներ այս դեպքերից ու կոնկրետ քայլեր չիրականացներ, դրական տեղաշարժ չէր լինի․ «Ես ձեզ հորոդրում եմ՝ դրական լույսի ներքո նայեք, որովհետեւ եթե մենք հետեւություններ չանեինք, մեր ցուցանիշները կլինեին ավելի վատը»։

 

Թուրքիայի հետ հարաբերությունների մասին պետք է զգույշ արտահայտվել

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հստակ չի ասում՝ հայ-թուրքական սահմանի բացում առաջիկայում սպասվում է, թե՞ ոչ։ Թուրքական կողմից տեղեկություն կա, որ նորոգում են Ալիջանի անցակետը, հայկական կողմն աշխատանքներ է իրականացրել Մարգարայի անցակետում։

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Ռուբինյանն ասաց․ «Այո, դուք ճիշտ եք, թուրքական կողմը վերականգնում է Ալիջանի անցակետը։ Ովքեր չգիտեն, ասեմ՝ մեր կողմից Մարգարայի անցակետն է, թուրքական կողմից՝ Ալիջանի։ Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին, թույլ տվեք, հիմա բան չասեմ, երբ որ ժամանակը գա, պատշաճ կերպով կտեղեկացնեմ։ Ես հիմա չեմ ուզում այս թեմայով շատ բան ասել, որովհետեւ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, իմ փորձը ցույց է տալիս, որ ավելի լավ է սպասել ինչ-որ բան լինի, այն ժամանակ հայտարարել։»։

Նա հիշեցրեց, որ դեռեւս 2022 թվականին էր թուրքական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերվել՝ սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար։

Անդրադառնալով հարցին, թե առհասարակ հայ-թուրքական սահմանը կարո՞ղ է բացվել, նա պատասխանեց․  «Դուք գիտեք՝ մեր դիրքորոշումը մշտապես այն է եղել, որ մենք ուզում ենք ունենալ ամբողջապես բաց սահմաններ եւ հաստատված դիվանագիտական հարաբերություններ հենց վաղը։ Բայց այնուամենայնիվ մենք ունենք նաեւ հստակ պայմանավորվածություն երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար սահմանը բացելու վերաբերյալ։ Եվ հույս ունենք, որ դա շուտափույթ կիրականացվի»։

Միաժամանակ Ռուբինյանը նշեց, թե Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը ոչ միայն չի վնասի Հայաստան-Ադրբեջան գործընթացին, այլ նաեւ կօգնի եւ նոր ազդակ կտա։

 

Պարզվում է՝ պաշտոնյաների աշխատավարձը բարձրացրել է, բայց դեռ չեն ձևակերպել

«Մարդիկ, ովքեր էսօր խաղաղություն են բերում, պետության բոլոր ուղղություններով աշխատում են եւ ամեն ինչի մեջ մեղադրվում են, էդ մարդիկ պետք է կարողանան երկիր ներկայացնել, նորմալ շոր հագնել, աշխատանքի գալ»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է նախորդ տարեվերջին պաշտոնյաներին խոշոր չափի պարգեւավճար հատկացվել։

Նա նշեց, որ այսուհետ կառավարության անդամներն ու պատգամավորներն այդքան բարձր աշխատավարձ են ստանալու։ Պաշտոնյաների աշխատավարձը բարձրացրել է, բայց իրավական հարթությունում դեռ չեն կարողացել դա ձեւակերպել։

«Դա պարգեւատրում չէ, այդ մարդկանց աշխատավարձն է, որը տարվա վերջում հավաքվել եւ տրվել է։ Ասեմ ավելին՝ էլի է տրվելու։ Ֆիքսեք՝ պատգամավորի աշխատավարձը պայմանականորեն 1 մլն դրամ է, թե ինքը էն մյուս 500 հազարը կհավաքվի տարվա վերջում միանգամից կստանա, կտոր-կտոր կստանա, դա իր աշխատավարձի մի մասն է, անունը կլինի պարգեւավճար, թե այլ բան»,- հավելեց նա։

Նշենք, որ պատգամավորները նախորդ տարեվերջին մոտ 3 մլն դրամ պարգեւավճար են ստացել, իսկ նախարարները՝ յուրաքաչյուրը 6-7 մլն դրամ։

Հիմա 44-օրյա պատերազմի մասին զեկույցը կա՞ թե՞ չկա․ հարց ԱԺ-ում

ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը բարձրացրեց հարցը, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չի ներկայացվում հանրությանը։ Նա հարցրեց՝ փաստորեն սա այս Ազգային ժողովի վերջին նստաշրջանն է, այս նստաշրջանում արձանագրվելո՞ւ է, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողվողվի զեկույցը չի հրապարավելու։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ բոլոր պատգամավորները հնարավորություն ունեն ծանոթանալու զեկույցի հետ։ «Բայց այն բանի բերումով, որ զեկույցը պարունակում է նաեւ գաղտնի տեղեկություններ, դահլիճում ներկայացնելու հնարավորությունը սահմանափակ է։ Բայց ինչպես դուք, այնպես էլ բոլոր պատգամավորները, ովքեր ունեն գաղտնիության թույլտվություն, կարող են ծանոթանալ»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

«Հիմա համարենք այս զեկույցը կա, թե՞ չկա։ Եթե քննչ հանձնաժողովը ձեւավորվում է ու կազմում է զեկույց, այդ զեկույցը ներկայացվում է ԱԺ-ին։ Բայց մինչեւ հիմա այդ զեկույցը ներկայացված չէ Ազգային ժողովին»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Ալեն Սիմոնյանն արձագանեքեց․ «Հիմա, եթե դուք ծանոթացել եք, այդ զեկույցը կա՞, թե՞ չկա»։

ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց․ «ԱԺ նախագահն ասում է՝ գնացեք, ծանոթացեք։ Դա զեկույցի ներկայացման տեսա՞կ է։ Զեկույցի ներկայացման ժամանակ նաեւ հարց ու պատասխան կա, այդ հարց ու պատասխանի ընթացքում նաեւ պարզ կդառնա, թե ինչու ընդդիմությունն ի վերուստ բոյկոտեց այդ զեկույցի աշխատանքներին մասնակցելը, որորվհետեւ գիտեինք՝ ինչ էր լինելու, ում եք մրոտելու, ում եք լողացնելու, սպիտակացնելու եւ ներկայացնելու հունիսի 7-ին»։

Պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ասաց․ «Ընդդիմության մեծ մասը ապօրինի քրեական գործերի հարուցման տակ է, եւ ըստ օրենքի՝ ես իրավունք չունեմ ծանոթանալու այդ զեկույցին»։

Էրդողանը Սիրիայում փորձարկում է Թուրքիայի ապագա սահմանադրությունը, որը սկսել էր կառուցել Արցախում

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է քրդական «Սիրիական դեմոկրատական ​​ուժերի» (SDF) հետ հրադադարի համաձայնագրի մասին: Այս մասին կիրակի՝ հունվարի 18-ին, հայտնել է SANA լրատվական գործակալությունը: Սակայն, ոչ բոլոր հարցերն են լուծվել. SDF-ի հրամանատար Մազլում Աբդին երեկ չի մասնակցել հանդիպմանը, և չնայած հաղորդվում է, որ հանդիպումը տեղի կունենա այսօր, իրավիճակը դեռ կարող է փոխվել: Հաղորդվել է, որ Իրաքյան Քրդստանի նախկին ղեկավար Մասուդ Բարզանին հրամայել է Էրբիլից (Իրաքի Քրդստանի մայրաքաղաք) երեք փեշմերգա (քրդական կիսառազմական ուժեր) ուղարկել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Հասաքա նահանգ՝ զինված տարբեր տեսակի զենքերով և ռազմական տեխնիկայով:

Քրդերը բնակվում և վերահսկում են Սիրիայի և Իրաքի զգալի մասը, ներառյալ ոչ միայն ռազմական ուժերը, այլև սահմանային անցակետերը և նավթահանքերը: Չնայած քրդերը չունեն անկախ պետություն, Սիրիայի, Իրաքի, Թուրքիայի և Իրանի քրդերի միջև պահպանվում են ամուր ցանցային կապեր, և այս գործոնը շատերի կողմից օգտագործվում է որպես ազդեցության լծակ տարածաշրջանի մեծ երկրների վրա:

Հիմա, երբ նոր աշխարհակարգը կառուցվում է փոքր երկրների ինքնիշխանությունից զրկելու և «ազդեցության գոտիներ» կամ կայսրություններ վերադառնալու վրա, Թուրքիան փորձում է վերահսկողություն հաստատել այն երկրների և տարածքների նկատմամբ, որոնք նա համարում է «օսմանյան»։ Այս ուղղությամբ առաջին քայլը Արցախի գրավումն էր և, ըստ այդմ՝  Հայաստանի փաստացի ներառումը Թուրքիայի ազդեցության գոտու մեջ։ Այնուհետև, իր պրոքսիների միջոցով, Թուրքիան իրականացրեց ռեժիմի փոփոխություն Սիրիայում։ Մինչ Իսրայելի հետ համագործակցությունը Թուրքիային ձեռնտու էր Արցախում, Սիրիայում և հատկապես Երուսաղեմում, Անգորան բախվում է Իսրայելի հետ։ Մասնավորապես, ըստ որոշ տեղեկությունների, Սիրիայում քրդական ուժերը դաշնակից են ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև Իսրայելի հետ։

Կիրակի օրը Սիրիայում ստորագրված փաստաթուղթը կոչ է անում «համապարփակ և անհապաղ հրադադարի և քրդական վարչակազմի և ուժերի ինտեգրման պետական ​​կառույցներին», չնայած քրդերը ձգտում էին պահպանել փաստացի ինքնավարությունը։ Սիրիայի իշխանությունները կվերահսկեն քաղաքացիական հաստատությունները, սահմանային անցակետերը, ինչպես նաև նավթագազային հանքավայրերը։

Դամասկոսը նաև վերահաստատեց իր հանձնառությունը քրդերի մշակութային և լեզվական իրավունքները ճանաչելու հարցում, ներառյալ քրդերին պաշտոնական լեզվի կարգավիճակ շնորհելը և քրդական Նոր տարին ազգային տոն հայտարարելը՝ դա քրդական իրավունքների առաջին պաշտոնական ճանաչումն է 1946 թվականին Ֆրանսիայից Սիրիայի անկախացումից ի վեր։

Սիրիայում Էրդողանը փորձարկում է իր նոր սահմանադրությունը, որի վերաբերյալ հանրաքվեն նախատեսված է 2028 թվականին: Այս սահմանադրությունը նախատեսված է ժողովրդի անունից հաստատել Թուրքիայի նոր սահմանները, որոնք ներկայումս սահմանված են Լոզանի և Կարսի պայմանագրերով:

Մասնագետները նշում են, որ Էրդողանը ցանկանում է փոխել 1000-ամյա գործելակերպը և անցնել նվաճումից, ասիմիլյացիայից, ցեղասպանությունից, բնիկ ժողովուրդների էթնիկական իրավունքներից և ինքնությունից զրկվելուց դեպի դաշնային-կայսրական կառավարման, որը ճանաչում է էթնիկական իրավունքները: Սա թույլ կտա «ինտեգրել» նախկին օսմանյան գաղութները ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Հայկական լեռնաշխարհում, Կովկասում, ներառյալ Հարավային Ռուսաստանը, Ղրիմը և այլուր:

Քրդերը, որոնք վերջին 100 տարի չեն հրաժարվել իրենց իրավունքներից և սեփականությունից, դժվար թե հեշտությամբ համաձայնվեն Թուրքիայի մտադրությունների հետ:

Քրդական «Սիրիական ժողովրդավարական ուժեր» (SDF) կոալիցիան չի լուծարվի: Այս մասին հայտարարել է կազմակերպության հրամանատար Մազլում Աբդին, ըստ «Ալ Արաբիա»-ի: «Մենք ընդունել ենք համաձայնագրի պայմանները՝ արյունահեղությունը դադարեցնելու համար», – նշել է նա: Նա հավելեց, որ ՍԴՀԿ-ն «չի քայքայվել կամ պարտություն չի կրել» և «կշարունակի պաշտպանել իր տարածքը»։

«Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ և ընդգծել է Թուրքիայի բարձր գնահատականը Սիրիայի տարածքային ամբողջականության, միասնության, համերաշխության, կայունության և անվտանգության նկատմամբ։ Նա նշել է, որ Սիրիայի տարածքի լիակատար ազատագրումը ահաբեկչությունից կարևոր է ինչպես Սիրիայի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար», – ասվում է Էրդողանի գրասենյակի հայտարարության մեջ։

Սիրիացի քրդերը չեն ձգտում անջատման կամ անկախ պետության ստեղծման և իրենց ապագան կապում են միասնական Սիրիայի հետ, Reuters-ին ասել է Քրդական ժողովրդական պաշտպանության ջոկատների (YPG) հրամանատար Սիփան Համոն։

«Մեր գլխավոր հույսն այն է, որ կլինի կոնկրետ արդյունք, հիմնականում կոալիցիայի և Միացյալ Նահանգների կողմից, այսինքն՝ նրանք ավելի վճռականորեն կմիջամտեն առկա խնդիրներին, քան այժմ անում են», – ասել է Համոն։

Համոն նշել է, որ սիրիացի քրդերը «Իսրայելին դիտարկում են որպես տարածաշրջանում ուժեղ պետություն՝ իր սեփական օրակարգով»։ Մենք հույս ունենք, որ այն դիրքորոշումը, որը տարածաշրջանի մյուս երկրները զբաղեցրել են Սիրիայի որոշ փոքրամասնությունների նկատմամբ, կտարածվի նաև քրդերի վրա»։

Հարցին, թե արդյոք սա վերաբերում է Իսրայելի դիրքորոշմանը դրուզ փոքրամասնության նկատմամբ անցյալ ամռանը, երբ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ հասցրին Դամասկոսին և սիրիական ուժերին, Համոն պատասխանեց. «Իհարկե»։

Միայն մի հարց է մնում․ եթե ԱՄՆ վերադառնան Մոնրոյի դոկտրինին և մեկուսանան Արևմտյան կիսագնդում, ինչպիսի՞ն է լինելու Իսրայելի ճակատագիրը։

Ջիվան Ավետիսյանի վարպետության դասը Լոս Անջելեսում

Հունվարի 26-ին, ժամը 7:30-ին, Ջիվան Ավետիսյանը Լոս Անջելեսի AFS-ի գլխավոր գրասենյակում կանցկացնի անվճար վարպետության դաս՝ կենտրոնանալով «ՎԵՐԱԾՆՎԱԾՆԵՐ» գեղարվեստական ​​ֆիլմի վրա: Նա կքննարկի մի շարք թեմաներ, այդ թվում՝ իր անձնական և մասնագիտական ​​​​ճանապարհի համառոտ ակնարկ, թե ինչպես է ապրված փորձը վերածվում կինեմատոգրաֆիկ պատմության, ստեղծագործական տեսլականի պահպանումը ֆինանսավորման կամ քաղաքական միջամտության պայմաններում և միջազգային համատեղ արտադրության մարտահրավերների հաղթահարումը: Սեմինարի ընթացքում նաև կցուցադրվի ֆիլմի հատված, որին կհաջորդի բաց քննարկում:

Հիշեցնենք, որ հայտնի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, «Թևանիկ», «Դրախտի դարպասներ», «Վերջին բնակիչը» և շատ այլ ֆիլմերի ստեղծողը, մեծացել է Արցախում:

Ջիվանի հայրը մեծ հայրենասեր էր և նույն ոգով էր դաստիարակել իր երեխաներին։ Պատահական չէ, որ նրա գրեթե բոլոր ֆիլմերը պատկերում են Արցախյան ազատագրական պայքարի և երեք պատերազմների իրադարձությունները։ Նա ավելի քան մեկ տասնամյակ է, ինչ կինոարտադրության միջոցով կիսվում է Արցախյան պատմություններով՝ ստեղծելով պատմություններ ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ փորձառություններից։ Նրա ֆիլմերից շատերը միջազգային ճանաչում են ստացել և ցուցադրվել են Եվրոպայի և աշխարհի հայտնի փառատոներում։

«Վերածնվածներ» ֆիլմի սյուժեն պտտվում է մի կնոջ գաղտնիքի շուրջ, որը հանգեցնում է երեք տարբեր ճակատագրերի միահյուսման. Ֆրանսիայում ապրող ռոբոտաշինության ուսանողը որոշում է մեկնել Հայաստան, Արցախ՝ պատերազմում զոհված հոր մասին ճշմարտությունը բացահայտելու համար։ Նրա ընկերուհին, որը նույնպես Ֆրանսիայում է ապրում, որոշում է այցելել իր հորը՝ Իսլանդիայում ապրող հրաբխաբանին, որպեսզի բացահայտի իր կանադական արմատները։ Նրա հայտնի ֆրանսիացի պրոֆեսորը՝ Հոլոքոստը վերապրածի ժառանգը, որոշում է վերադառնալ Իսրայել, իր հրեական արմատներին՝ կյանքի իմաստը փնտրելու համար։ Հերոսների դժվարություններին և զոհաբերություններին զուգընթաց, որոնք նրանց ավելի են մոտեցնում իրենց իրական ինքնությանը, զարգանում է արհեստական ​​բանականության ծրագիրը։

Վարպետության դասը բաց է բոլորի համար, այդ թվում՝ ստեղծագործական գործընթացով հետաքրքրված կինոսերների և կինոարդյունաբերության մեջ արդեն աշխատողների համար: Այս վարպետության դասը հատկապես արժեքավոր կլինի կինոսիրողների, կինոուսանողների, սկսնակ կինոգործիչների և գործող կինոգործիչների համար: Տեղերը սահմանափակ են, ըստ միջոցառման կազմակերպիչների:

Արսեն Աղաջանյան

Հնդկաստանը հայտնել է Հայաստան «Պինակա» կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակն ուղարկելու մասին

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը հայտնել է Նագպուրի Solar Defence and Aerospace Limited (SDAL) արտադրող գործարանից «Պինակա» կառավարվող հրթիռների առաջին խմբաքանակը Հայաստան ուղարկելու մասին, տեղեկացնում է The Hindu Business Line-ը:

Ինչպես նշում է հնդկական լրատվամիջոցը, Հայաստանն ավելի վաղ «Պինակա»-ի չորս մարտկոցի մատակարարման պայմանագիր էր ստորագրել, որը ներառում էր կառավարվող հրթիռների արտահանում համազարկային կրակի համակարգերի համար և պաշտպանական այլ սարքավորումներ:

2024 թվականի ամռանը հնդկական լրատվամիջոցները հաղորդել են, որ Հայաստանի կողմից Հնդկաստանից զենքի գնումները հասել են 600 միլիոն դոլարի։

Նախկինում Հայաստանը գնել է հնդկական Pinaka բազմակի կրակող հրթիռային համակարգեր, Konkurs հակատանկային հրթիռային համակարգեր (արտադրված Հնդկաստանում՝ ռուսական լիցենզիայով), ինչպես նաև 80 մմ հաուբիցներ և այլ զենքեր։

Ուրբաթ օրը Բաքվում բացվել է «Հնդկաստանի կառավարության կողմից սիկհերի նկատմամբ ճնշումները» թեմայով համաժողով, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ռասիզմ և բռնություն սիկհերի և այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ Հնդկաստանում. ներկայիս իրականություն» խորագրով համաժողովը կազմակերպվել է Բաքվի նախաձեռնողական խմբի (BIG) կողմից։

Երևանի համալիրում փոքրիկ Արցախ էր, միքիչ սյուր

2026 թվականի հունվարի 18-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Արցախի մշակույթին նվիրված լայնածավալ “ՄԵՆՔ ԿԱՆՔ” մշակութային միջոցառումը, որը մեկ հարկի տակ համախմբեց Արցախի գրեթե բոլոր մշակութային կոլեկտիվներին, ինչպես նաև հայաստանյան և արցախյան ճանաչված մենակատարներին։
Օրվա ընթացքում համալիրի տարածքում գործեց ցուցահանդես, տեղի ունեցավ ցուցադրությունների ներկայացում և տաղավարների ներկայացուցիչների անմիջական շփում այցելուների հետ, իսկ երեկոյան կայացավ մեծ համերգ՝ բարձր մակարդակի կատարումներով և բացառիկ մասնակցությամբ։
Միջոցառումը կյանքի կոչվեց Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն ՀԿ և ՄՈՒՆՔ» տեխնոդպրոցի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ՝ դառնալով կարևոր հարթակ Արցախի մշակութային ժառանգության ներկայացման, համախմբման և շարունակականության ապահովման համար։
Կազմակերպիչների հետևողական և պատասխանատու աշխատանքի շնորհիվ միջոցառումը վերածվեց ոչ միայն մշակութային տոնի, այլև համերաշխության, միասնականության եւ ապագա վերադաձի հստակ ուղերձի։