
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ ուկրաինացիները կմերժեն խաղաղության համաձայնագիրը, որը նախատեսում է զորքերի միակողմանի դուրսբերում Դոնբասից և դրա հանձնում Ռուսաստանին: «Նրանք [ուկրաինացիները] չեն ների… ինձ, նրանք չեն ների [Միացյալ Նահանգներին]», – համոզված է նախագահը: «Եթե մենք փաստաթղթում ներառենք կետ, որը նշում է, որ մենք կմնանք շփման գծում, կարծում եմ՝ ժողովուրդը կաջակցի դրան հանրաքվեի ժամանակ», – հավելել է նա:
Զելենսկու խոսքերից ենթադրվում է, որ եթե Ռուսաստանը հրաժարվի Դոնեցկի մարզի այն մասի նկատմամբ իր պահանջներից, որը մնում է Ուկրաինայի վերահսկողության տակ, ուկրաինացիները կարող են քվեարկել արդեն օկուպացված տարածքներից՝ Ղրիմից և Դոնբասից հրաժարվելու օգտին:
Նա ընդգծեց, որ տարածքային հարցերում առաջընթացի հասնելու լավագույն միջոցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպումն է: Քաղաքական գործիչը նշել է, որ իր թիմին հանձնարարել է ապագայում Ժնևում ղեկավարության մակարդակով հանդիպում կազմակերպել: Զելենսկին, կարծես, վճռականորեն տրամադրված է համոզել Պուտինին հրաժարվել Դոնեցկի մարզի մի մասից ուկրաինական զորքերը դուրս բերելու պահանջից, քանի որ ուկրաինացիները դա համարում են իրենց արժանապատվության վիրավորանք: Մեկ հարց է, երբ տարածքները զավթվում են կատաղի կռիվերի արդյունքու, մեկ այլ հարց է՝ երբ քեզ “ինքնակամ” ստիպում են հեռանալ քո տնից։
Վերջերս աշխարհի առաջնորդները սկսել են ավելի հաճախ խոսել այն մասին, որ խաղաղություն չի կարող լինել, եթե պատերազմող կողմերից մեկը նվաստացնում է մյուսին։ Խաղաղությունը նշանակում է արժանապատվության պահպանում, ասում են նույն քաղաքական գործիչները, ովքեր ընդամենը երկուսուկես տարի առաջ դեմ չէին կամ նույնիսկ աջակցում էին Արցախի օկուպացիային, նրա բնիկ բնակչության բռնի տեղահանմանը ցեղասպանության սպառնալիքով, իսկ հիմա՝ հայ ժողովրդին Հայկական լեռնաշխարհում պետականությունից զրկելուն։ Ոչ ոք դեմ չեղավ, երբ Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին զորքեր մտցրեց Արցախ, չնայած նախկինում ԵԱՀԿ Մինսկի խմբի համեստ համանախագահ էր։
Ով քամի է ցանում, փոթորիկ կհնձի։ Եթե արժանապատվությունը մի անգամ ոտնահարվում է, դա երբեք չի ավարտվում։