
Հայաստանում աստիճանաբար ձևավորվում է քաղաքական ուժերի մի շրջանակ, որոնք պատրաստ են մտնել իշխանության համար պայքարի մեջ հայոց պատմության այս ծանր խաչմերուկում: Բացի «Քաղաքացիական պայմանագրից», որն արդեն իսկ ագրեսիվ քարոզչություն է սկսել և սպառնում է անկախության կորստով, Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժերն են հայտ ներկայացրել մասնակցելու համար, և ավելի փոքր կուսակցություններն արդեն սկսում են միանալ նրանց: Չնայած երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է ընտրություններին մասնակցելու մասին, դեռևս հայտնի չէ, թե որ կուսակցությունը կամ դաշինքը կգլխավորի նա։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը դեռևս չի հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին, և, հավանաբար, բաց կթողնի այս ընտրական ցիկլը: ՀՀԿ-ն իրեն ներկայացնում է որպես ազգային կուսակցություն, որը առաջնորդվում է Գարեգին Նժդեհի ցեղակրոն ուսմունքով։
ՀՀԿ-ի և այլ ազգային կուսակցությունների (օրինակ՝ Ազգային ժողովրդավարական բևեռի) բացակայությունը ընտրական մրցակցությունից կնշանակի, որ ազգային դիսկուրսը տաբու տակ է այս ընտրություններում: Սա եզակի իրավիճակ է հայոց ժամանակակից պատմության մեջ, քանի որ մինչ օրս քաղաքական մրցակցությունը պտտվում էր ազգային-պետական նպատակների շուրջ։
Այն, որ ներկայիս ընտրարշավը կլինի անդեմ արտաքին տնտեսական կողմնորոշման շուրջ, հիմնականում վկայում է քաղաքական ուժերի հռետորաբանության մեջ Արցախի հարցի բացակայությունը: Կուսակցությունները այս հարցը տոքսւկ են համարում՝ մասնավոր զրույցներում խոստանալով վերադառնալ դրան ընտրություններից հետո։
Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ քաղաքական կուսակցությունները կկարողանան խուսափել այս հարցից, և որոշ պահի նրանք ստիպված կլինեն արտահայտել իրենց դիրքորոշումը, եթե ոչ Արցախի, ապա՝ արցախցիների հարցի վերաբերյալ։
Այսօր Ավետիք Չալաբյանի նոր կուսակցությունը՝ «Հայկական քվեն», հայտարարեց նման դիրքորոշման մասին՝ նշելով, որ իր նախընտրական ծրագրի հիմնական կետերից մեկը կլինի Արցախի վերահայացումը, որը նա անվանեց դժվար, բայց ոչ անհույս խնդիր։
Սամվել Կարապետյանի կուսակցությունը նախկինում խոստացել էր հաղթանակի դեպքում տարբեր քաղաքներում կառուցել կոմպակտ թաղամասեր արցախցիների համար։
Մնացածը լուռ աջակցում են կառավարության կողմից հայտարարված՝ արցախցիների «ինտեգրման», այլ կերպ ասած՝ «նատուրալիզացիայի» միջոցով նրանց իրավազրկելու կուրսին։
Իշխող կուսակցությունը ոչ միայն անտեսում է այս հարցը, այլև նախապես մեղադրում է այն բարձրացնողներին Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ, նաև սպառնում են, որ այդ հարցի բարձրաձայնելը կարող է հանգեցնել սրացման և անկախության կորստի։
Որոշ արցախցիներ կամաց-կամաց միանում են այս կամ այն քաղաքական ուժին։ Սակայն քիչ հավանական է, որ արցախցիները նախընտրական քարոզարշավի ընթացքում բարձրացնեն արցախյան խնդիրները և բարձրացնեն դրոշներ։
Նրանց, ով բարձրացնում է Արցախի դրոշն, իշխանությունները մեղադրում են “անջատողականության” մեջ և ասում, որ «չեն հանդուրժի պետություն պետության մեջ»։ Մինչդեռ երբ արցախցիները ծածանում են Հայաստանի դրոշը, դա դիտվում է որպես ռևանշիզմ և հղում է 1989 թվականի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշմանը, ինչը անընդունելի է և՛ իշխանության, և՛ “ընդդիմության” համար։
Արցախցիները հայտնվում են միջհայելային վիճակում՝ օտարներ յուրայինների մեջ։
Կառավարության վերաբերմունքը Ղարաբաղից տեղահանված անձանց նկատմամբ վերջին երկուսուկես տարիների ընթացքում փոխվել է՝ նվազագույն սոցիալական օգնությունից, որը ուղեկցվում էր ատելության և մեղադրանքների հռետորաբանությամբ, մինչև գրեթե զրոյական աջակցություն և լիակատար անտեսում։
Ղարաբաղցիների մեծ մասը մնում է Հայաստանում՝ չնայած սոցիալական օգնության կրճատումներին և ակնհայտորեն անիրատեսական բնակարանային ծրագրերին: 070 կոդով հայկական անձնագրերի փոխարեն նրանց տրամադրվում են 099 կոդով ՀՀ անձնագրեր, որը տրվում է առաջին անգամ է Հայաստանի քաղաքացիություն ստացող անձանց: Ժամանակավոր պաշտպանության վկայականի համար դիմելիս արցախցիներին ստիպում էին գրել. «Ես որևէ պետության քաղաքացի չեմ»:
Արցախցիների նկատմամբ իրավական և սոցիալական կամայականությունը, Արցախից փախստականների հարցերով զբաղվող միասնական պետական մարմնի և նրանց սոցիալական խնդիրները համապարփակ լուծող միասնական ֆոնդի բացակայությունը՝ հստակ քաղաքականության մաս է, որը պետք է ցույց տա, որ գոյություն չունի «արցախցիները Հայաստանի լիիրավ քաղաքացիներ» հասկացություն:
Ինչպե՞ս են այս հարցին արձագանքելու ընտրարշավին մասնակցել ձգտող քաղաքական ուժերը: Ի վերջո, այս հարցի պատասխանն է որոշելու, թե ինչպես են քաղաքական ուժերը պատկերացնում Հայաստանի ապագան, իրենց երեխաների ապագան, այն, թե ուր ենք գնում: