Ո՞վ է տոկոսներ ստանում Արցախի սառեցված միջոցներից

  • 15:31 18.02.2026

«Խոսքս ուղղում եմ Բալայան Արտակին, արցախցիների շրջանում առավել հայտնի «Արցախաբանկի» Արտակին. պարոն Բալայան, «Արցախբանկի»  բաժնետոմսերի 43% պատկանում է ներդրումային հիմնադրամին, 20 միլիարդից ավելի գումարների կառավարմանը մենք որևիցե կերպ չենք կարողանում մասնակցել։

Միայն 2024 թվականին շահույթը կազմել է 1 միլիարդ 400 միլիոն դրամ։ Ինձ վստահեցրել են որ այդ հանդիպումը տեղի է ունենալու, բայց արդեն մի քանի ամիս է որևիցե դրական դինամիկա չկա։

Այս տեսանյութը կարող եք համարել հանդիպման ևս մեկ առաջարկ, ժամն ու տեղը որոշեք ինքներդ»։ Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը, նշելով, որ որոշ արցախյան պաշտոնյաներ հրաժարվում են պատասխանել պարզ հարցերին։

Հարցերը վերաբերվում են նախ արցախցիների միջոցներին։

2023 թվականի սեպտեմբեր 19-20-ը ադրբեջանի կողմից սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության հայաթափման հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից սառեցվել են Արցախի Հանրապետության անունով բացված բոլոր բանկային հաշիվները, որի հետևանքով մինչև այսօր հնարավոր չէ վճարել ավելի քան 22 հազար աշխատողների չվճարված աշխատավարձը, վերջնահաշվարկները և արձակման նպաստները: Խնդիրը բազմիցս ներկայացվել է ՀՀ կառավարությանը, սակայն մինչև օրս որևէ լուծում չկա: Այս մասին մի քանի օր առաջ հայտնել է Արցախի տեղեկատվական շտաբը։

Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրի համաձայն 2023 թվականի հոկտեմբերի 1-ից աշխատանքից ազատված աշխատողների վերջնահաշվարկները և արձակման նպաստները կազմել են ավելի քան 5 միլիարդ ՀՀ դրամ, իսկ 2023 թվականի սեպտեմբեր ամսվա չվճարված աշխատավարձը` ավելի քան 550 միլիոն ՀՀ դրամ։

Կուտակային կենսաթոշակային համակարգով արցախցիների կուտակած մոտ 20 մլրդ ՀՀ դրամին հասնող միջոցներն Արցախի օրենսդրությամբ պետք է վերադարձվեն արցախցիներին։ Հայաստանն այս գումարների նկատմամբ որևէ իրավասություն ունենալ չի կարող։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։

Այսպիսով, Արցախի ժողովրդին պատկանող միլիարդավոր դրամներ երկուսուկես տարի սառեցված են կամ տոկոսներ են բերում դրանք պահող բանկերին կամ ֆոնդերին։ Այս միջոցները չեն օգտագործվում Արցախի ժողովրդի կարիքները բավարարելու, ամենկարիքավորների համար սոցիալական բնակարաններ կառուցելու կամ սերտիֆիկատները լրացնելու համար։ Այս միջոցները չեն ուղղորդվում մեկ միասնական ֆոնդ, որը կարող է գնահատել Արցախի ժողովրդի կարիքները և ուղղորդել միջոցները կոնկրետ խնդիրների լուծմանը։ Ո՞ւմ են ծառայում այս միջոցները։