ԶԼՄ-ներ. այաթոլլահ Ալի Խամենեին սպանվել է, նրա մարմինը հայտնաբերվել է

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին սպանվել է, և նրա մարմինը հայտնաբերվել է նրա ավերված բնակարանում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրին։

Այս մասին հայտնել են նաև իսրայելական լրատվամիջոցները։ Axios-ը հաղորդում է, որ ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը տեղեկացրել է ամերիկացի բարձրաստիճան անձանց Խամենեիի մահվան մասին։

Իրանը չի հաստատել այս տեղեկությունները։

Հորմուզի նեղուցում դադարեցվել է նավագնացությունը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կից «Թասնիմ» լրատվական գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է Հորմուզի նեղուցի՝ նավթի փոխադրման կարևորագույն երթուղու փակման մասին։

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի կազմակերպությունը նույնպես հայտնել է, որ մի քանի նավեր ստացել են նեղուցով նավարկությունը դադարեցնելու ծանուցումներ։

Թեհրանը պաշտոնապես չի հայտարարել նավարկության դադարեցման մասին։

Ռոյթերսը հաղորդում է, որ արբանյակային պատկերները ցույց են տալիս, որ ավելի ու ավելի շատ նավեր մնում են տարածաշրջանի խոշոր նավահանգիստների մոտ (օրինակ՝ Ֆուջեյրա՝ ԱՄԷ-ում), այլ ոչ թե ուղղվում դեպի Հորմուզի նեղուց։

Հորմուզի նեղուցը համարվում է ծովային առևտրի ամենակարևոր երթուղիներից մեկը, որը մշակում է նավթի և գազի փոխադրումների մոտ 20%-ը։

Ողբերգությունը որպես ինքնություն

Ամեն տարի ողբերգությունների զոհերի հուշարձաններին ծաղիկներ դնելով, հայերը արտաբերում են «այլևս երբեք» բառերը, և հայ ժողովուրդը ապրում է հույսով, որ նման բան այլևս երբեք չի կրկնվի: Թվում է, թե ցավը հասել է իր սահմանին, որ դասը քաղվել է, որ աշխարհը լսել և հասկացել է: Բայց ժամանակը քայքայում է այս հավատը: Տարիներ են անցնում, և տեղի են ունենում նոր ողբերգություններ, նոր կորուստներ, կանգնեցվում են նոր հուշարձաններ: Ձևավորվում է արատավոր շրջա՝ ողբերգություն, վիշտ, հույս և ավելի շատ ողբերգություն:

Հաճախ ասում են, որ հայերը հարմարավետորեն են զգում իրենց հավերժական զոհի «բոժոժի մեջ», և որ ցավը դարձել է նրանց ազգային ինքնության մի մասը:

Ժամանակակից պատմության մեջ կար մի պահ, որը կարող էր շրջադարձային լինել: Դա 1990-ականների ղարաբաղյան շարժումն էր, որը հայ ժողովրդին բերեց դարերի ընթացքում միակ շոշափելի հաղթանակը՝ արժանապատվության զգացում, միավորվելու և արդյունքների հասնելու ունակություն: Դա հազվագյուտ օրինակ էր, երբ պատմությունը ձևավորվել է ոչ թե ողբերգությամբ, այլ հաջողությամբ: Սակայն, այս հաղթանակը վստահության և հասուն պետականաշինության հիմքի վերածելու փոխարեն, վերածվել է բարդույթի, պատրանքների և առասպելների աղբյուրի։

Այսօր հայ ժողովուրդը կանգնած է դժվար ընտրության առաջ՝ հիշողությունը վերածել ոչ թե արդարացման, այլ անվտանգության երաշխիքի։

Ալվարդ Գրիգորյան

Լուսանկարներում՝ Ստեփանակերտ, Հուշահամալիր, Սումգայիթում հայերի ջարդերի զոհերի հիշատակի օր

Ալավերդյան. 2022 թվականին Օկամպոն ասել էր, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, ցեղասպանական գործողություն է

«Մենք այստեղ հավաքվել ենք ոչ միայն Սումգայիթի ցեղասպանական ակտի զոհերի հիշատակը հարգելու համար։ Ադրբեջանում 327 բնակավայրերում ապրում էին հայեր՝ կամ միայն հայեր, կամ խառը ընտանիքներ»,- այսօր լրագրողներին ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, որ մինչեւ հանցագործը չպատժվի, հանցագործությունը շարունակվելու է։

Ալավերդյանը հիշեցրեց, որ դեռեւս 2022 թվականին Լուսի Մորենո Օկամպոն ասել էր, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, ոչ թե ուղղակի հումանիտար աղետ է, դա ցեղասպանական գործողություն է, որովհետեւ միտումնավոր ստեղծվում է այնպիսի իրավիճակ, որը կբերի կամ մասնակի կամ բոլորի ոչնչացմանը։

«Ավելին, Օկամպոն զգուշացրեց՝ այդպիսի մեթոդից հետո վրա է հասնելու ավելի դաժան մեթոդ։ Ի՞նչ ունեցանք մենք արդյունքում, արձագանք եղա՞վ Հայաստանից, ոչ։ Եվ իրոք, մենք ստացանք այն, ինչ ակնկալվում էր։ Ադրբեջանը չունի որեւէ խոչընդոտ, որ նույն իր նկրտումները չհայտարարի Հայաստանի հանդեպ։ Ցույց տվեք ինձ որեւէ հիմնավոր իրավական ակտ, որով ինքը պետք է ոչնչացներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Ես ուզում եմ հստակեցնել՝ այո, մենք ոչ միայն մարդկանց մասին ենք խոսում, այլեւ կայացած, գոյություն ունեցած պետության մասին, որի հետ հաշվի էին նստում ՄԱԿ-ի ԱԽ երեք մշատական անդամ պետությունները՝ ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Ֆրանսիան։ Եվ մենք պահանջում ենք, որ արցախցիների վերադարձը լինի ապահովված հենց իրենց կարգավիճակով։ Ադրբեջանը մեկ է, սպասում է, իրեն պատժելու պահը գալու է։ Պատահական չէ, որ իրենք հնարված Խոջալու են բերել մեջտեղ։ Խոջալուն դա Ադրբեջանի հերթական ցեղասպանական գործողությունն է, դա ապացուցված է բոլոր ձեւերով։ Դա Խոջալու չէ, աղդամյան դեպքեր են․ այն, ինչի մասին իրենք խոսում են, տեղի է ունեցել այն տարածքներում, որոնք գտնվում էին Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո»,- ասաց նա։

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ պետք է գա այն պահը, երբ Հայաստանը կունենա ազգային շահերով ապրող ղեկավարություն։ Եվ նրանցից պետք է պահանջել հասնել արդարության՝ թե միջազգային ատյաններում, թե ներպետական ատյաններում։ «Դատարանի առաջ կանգնելու են ոչ միայն նրանք, ովքեր իրականացրել են ցեղասպանություն, այլեւ նրանք, ովքեր լուռ կամ իրենց արտահայտություններով ու հայտարարություններով ուղղակի սպասարկում են հայի հանդեպ թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականությունը»,- հայտարարեց Ալավերդյանը։

“Ոչ ոք չէր պատկերացնում, որ Սումգայիթն ավելի կսրեր Շարժման տրամադրությունը”

Սումգայիթից բռնագաղթած Ռուզաննա Թումասյանը՝ Սումագայիթում զոհված Ռաֆիկ Թումասյանի դուստրն այսօր լրագրողներին մանրամասնեց պատմեց 1988 թվականի ջարդերի մասին։ Նա նշեց՝ հայերի ջարդերն սկսվել էին 1988-ի փետրվարի 26-ից՝ որպես պատասխան Արցախի հայության արդար պահանջի։ Ադրբեջանի քաղաքական պատասխանը եղան ջարդերը, որը 100 տոկոսով կարելի է որակել որպես ցեղասպանություն, որովհետեւ լիովին համապատասխանում են ցեղասպանության բովանդակությանը եւ եզրույթին։

«Ես 10 տարեկան երեխա էի, օրը կիրակի էր, երբ սկսվեց մեր թաղի ջարդը։ Խաղում էի բակում, ունեի ադրբեջանցի ընկերուհիներ, ընկերուհիս մոտեցավ ու ասաց՝ հիմա մենք հայերին պետք է կոտորենք, եւ Թուրքիան մեզ կօգնի։ Եվ ասաց՝ ձեր հայերը Ղարաբաղ են պահանջում։ Ես բարձրացա տուն, անմիջապես հայտնեցի, որ իմ ընկերուհին այդպիսի բան ասաց, տանը ոչ ոք ոչ մի բառ չասաց, անհանգստություն չկար, որովհետեւ ոչ ոք չէր պատկերացնում։ Բայց հայրս տեղյակ էր, ինքը գիտեր, թե ինչ է կատարվում, բայց մեզ չէր ասում։

Տղամարդիկ սկսեցին պատրաստվել ինքնապաշտպանության։ Ես տեսա, թե ինչպես էին հայրս ու պապիկս հանում խոհարարական դանակները, հայրս ինչ-որ կացին էր հանում, եռման ջուր էին պատրաստում, որպեսզի պատրաստվեին ինքնապաշտպանության։

Օրը կիրակի էր, փետրվարի 28-ն էր, մեր ամբողջ բակը լցվեց ջարդարարներով, որոնք բոլորը սեւ էին հագած, կրում էին սեւ ժապավեններ ու գոչում էին՝ մահ հայերին։ Այդ պահին, երբ ջարդարարների խումբը շրջապատեց շենքը, հայրս երեխաներին տարավ ապահով տեղ, մենք լոգանսենյակում էինք, ասաց, որ փակենք դռները։ Մի պահ լսվեցին ձայներ, ադրբեջանցիները գոռալով բարձրացան վերեւ, զարկեցին մեր դռները, նրանք նախապես գիտեին, թե որտեղ էին հայերը բնակվում։ Երբ դուռը ծեծեցին, հայս ու պապս պատրաստ սպասում էին։

Հարց հնչեց՝ դուք ադրբեջանցի եք, թե՞ հայ։ Պապս ասաց՝ հայ ենք, եւ սկսեցին դռները ջարդել։ Այդ ընթացքում մեքն ոչինչ չենք տեսել, մենք ուղղակի լսում էինք, թե ինչ էր կատարվում։ Ես շատ հետաքրքրասեր էի, երբ բացեցի լոգասենյակի դուռը, տեսա, թե ինչպես հայրս կացինը օդի մեջ արդեն պատրաստվում էր հարվածել։ Ես չկարողացա նայել, փակեցի դուռը։ Իմ մայրիկն ու տատիկը գտնվում էին ադրեբջանցի հարեւանուհու տանը, որը թույլ չտվեց, որ նրանք դուրս գան։

Այդ ընթացքում հայրս եկավ, մեզ տեղափոխեց ննջասենյակ եւ պետք է իջնեին ներքեւ, միանային մեր հարեւաններին եւ դիմադրեին։ Չորս հոգով դիմադրել էին 8-9 ժամ։ Երբ  հայրս վերջին անգամ մեզ արդեն տեղափոխում էր ննջասենյակ, ես հարցի՝ կվերադառնա՞ս, ասաց՝ այո։ Դա վերջին անգամ էր, երբ ես տեսա իմ հորը։ Ադրբեջանցիներին հաջողվել է շրջափակման մեջ վերցնել հորս, պապիկիս ու մեր երկու հարեւաններին։ Պապիկս պատմում էր, որ հայրս վիրավոր էր, բայց ինքը չէր կարողացել օգնել։ Հայրս զոհվեց, ինքը վերջինն էր, որին ադրբեջանցիները սպանեցին մեր մուտքում։ 10-15 րոպե հետո եկան զինվորները»,- պատմեց նա։

Ռուզաննա Թումասյանի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունեցել Սումագայիթում, նախապես ծրագրված էր ադրբեջանական իշխանությունների կողմից եւ Մոսկվայի կենտրոնական իշխանությունների թողտվության պայմաններում էր իրականացվում։ «Այսինքն՝ հայ ժողովրդի արցախյան պայքարը մարելու, Շարժումը կասեցնելու նպատակով թույլ տրվեց նման ոճրագործություն, բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ դա ավելի կսրեր Շարժման տրամադրությունը։ Այսօր հերքել պատմական ճշմարտությունը, նշանակում է լինել սեփական ազգային ինքնության թշնամին։ Եվ այն հայը, որը կհամարձակվի նման բան ասել, երեւի դրսի թշնամուց էլ ավելի թշնամի է»,- հավելեց նա։

Ռուզաննա Թումասյանը նշեց, որ ադրբեջանցիների վերաբերմունքը հայերի նկատմամբ այսօր էլ չի փոխվել, այսօր պաշտոնական Բաքուն շրջանառության մեջ է դրել թեզ եւ Հայաստանի Հանրապետությունը անվանում է այսպես կոչված «արեւմտյան Արդբեջան»։ Այդ պայմաններում ոչ մի խաղաղության մասին խոսք լինել չի կարող, նման «խաղաղությունը» ավելի վտանգավոր է, քան պատերազմը։

Մարիամ Ավագյան․ Խորհրդային տարիներին հայության դեմ ցեղասպանությունն ընթացել է քողարկված

1988 թվականին Սումգայիթում տեղի ունեցած ցեղասպանական գործողությունների հետեւանքով ոչ պաշտոնական թվերով մոտ 1500 հայ է սպանվել։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Ադրբեջանական ԽՍՀ-ից հայ փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը։

Ծիծեռնակաբերդի բարձրունքում՝ Սումգայիթում 1988 թվականի փետրվարի 26-29-ին հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ այսօր տեղի ունեցավ զոհերի հիշատակի արարողություն։ Փետրվարի 28-ը նշվում է որպես ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի եւ բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր:

Մարիամ Ավագյանն ասաց, որ խորհրդային տարիներին հայության դեմ ցեղասպանությունն ընթացել է քողարկված։ «Իմ ընտանիքը 1971 թվականի նոյմբերի 16-ին փախել է Բանանցից, որովհետեւ հայրս աշխատանքից զրկվել էր, գիշերային հերթափոխի ժամանակ լսել էր, որ իրեն պետք է վերցնեն։ Իր աչքի առաջ սպանել էին հայ մարդու, հորս ասել էին՝ Ավո, լավ մարդ ես, բայց հայ ես։ Հետո իրեն էին սպառնացել, թողեց փախավ։ Այսինքն՝ սա անընդհատ է եղել, պարզապես 1988-ին դա բացահայտվեց, թուրքն էլ չհամբերեց, էլ ինչ սպասեր, ուզում էր միանգամից հայերին մաքրել այդտեղից, որովհետեւ ինքը քոչվոր է, եկել է մեր կենսատարածք եւ պետք է մնա»,- նշեց նա։

Մարիամ Ավագյանը մանրամասներ ներկայացրեց Սումգայիթից բռնագաղթած ամուսինների հետ զրույցից, նրանք պատմել են, որ մարտի 6-7-ի գիշերը իրենց ադրբեջանցի հարեւանը, որն իրենց պատսպարել է իր տանը եւ որը քաղաքայի իշխանության պաշտոնատար անձ էր, եկել ասել է՝ այս գիշեր ձեր ազգակիցներին տանում են թաղելու։ «Քանի որ իրենք մնում էին այդ մարդու տանը, պատուհանը նայում էր այն փողոցին, որտեղով պետք է տանեին։ Ամուսինները պատմում են, որ այդ գիշերը միայն Սումգայիթից մոտ 20 խորհրդային ռազմական բեռնատար մեքենա եւ 5 «Պազ» ավտոբուս տարել են հայերի մարմնի մասերը ու դիերը։ Պաշտոնյա այդ հարեւանն ասել է՝  «Պազ»-երով տանում են ամբողջական դիակները, իսկ բեռնատարներով՝ մարմնի մասերը։ Ես շատ եմ հետազոտել, երբ սկսում ես ի մի բերել, հասկանում ես, որ պատահական չէր, որ Բաքվից ջրցան մեքենաները բերում էին եւ Սումգայիթի արյունոտ ասֆալտը լվանում էին։ Ի՞նչ է, Սումգայիթն իր սեփական ջրցան մեքենաներով չէր կարո՞ղ այդ պրոցեսն իրականացնել։ Այսինքն՝ այնտեղ ահավոր բաներ են կատարվել։ Ես հաշվարկ եմ արել, վերցրել եմ բեռնատար մեքենայի թափքի ամենափոքր չափը, հայ մարդու ամենամեծ քաշը, եւ ոնց հաշվում եմ՝ 20 բեռնատար մեքենաներն ու 5 «Պազ»-եը առնվազն 1500 դիակ էի տանում»,- նշեց Մարիամ Ավագյանը։

Ըստ նրա՝ հայ բժշկուհիներից մեկը պատմել է, որ իր բուժքույրը Բաքվում հեկեկալով եկել ու ասել է, որ մորգում բեռնատար մեքենաներից բահերով մարմնի մասեր են թափում։ Այսինքն՝ հայերի դիերը միայն Սումգայիթում չեն պահել, նաեւ Բաքվում էին պահում։ «Եվ այն փաստը, որ մինչ օրս մենք թիվ չենք ճշտել, չենք ճշել, թե ինչ ընտանիքներ ենք մենք այնտեղ կորցրել, սա խոսում է այն մասին,որ հայությունը, նրա մտավորական շերտը, քաղաքական վերնախավը ամուլ են եւ շարունակում են մնալ ամուլ»,- նշեց նա։

1988-ի Սումգայիթի հայերի ցեղասպանությունն հայ ժողովրդի ցեղասպանության շղթայի մի մասն էր. Բեգլարյան

«Մենք պետք է բարձրաձայնենք ոչ միայն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին, այլ նաեւ ադրբեջանահայության վերադարձի իրավունքի մասին։ Եվ իրենք պետք է որոշեն՝ վերադառնան, թե ոչ։ Ուղղակի դրա համար պետք է պայմաններ ապահովված լինեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նա նշեց, որ ընդ որում, որեւէ կերպ հայելային համադրելի չէ Արցախի ժողովրդի վերադարձը Հայաստանից տեղափոխված ադրբեջանցիների վերադարձի հարցի հետ, որը շահարկում են ադրբեջանական իշխանությունները եւ որով մեզ փորձում են վախեցնել Հայաստանի գործող իշխանությունները։

Արտակ Բեգլարյանը նշեց՝ բոլորս պետք է ընկալենք, որ 1988-ի Սումգայիթի հայերի ցեղասպանությունն ընդհանրապես հայ ժողովրդի ցեղասպանության ընդհանուր մեծ շղթայի մի մասն էր, որի գաղափարախոսական հիմքը հայատյացությունն է Թուրքիայում եւ Ադրբեջանում եւ հայ ժողովրդի ու հայոց պետականության ոչնչացման իրենց գաղափարախոսությունը։ Դա շարունակվում է, դրա դրսեւորումները տեսնում ենք առ այսօր։

«Արցախի ամբողջ բնակչությունը տեղահանվել է նույն ցեղասպանական քաղաքականության պատճառով, ուղղակի ցավալին այն է, որ մենք անտեսում ենք այս իրականությունը եւ բավարար ազգային ու պետական դիմադրողականություն չենք ցուցաբերում, որպեսզի առաջին հերթին կանխենք հետագա նմանատիպ օրինակների կրկնությունը արդեն ՀՀ տարածքում։ Եվ երկրորդը, փորձենք արդարության միջոցով որոշ չափով վերացնել այս ցեղասպանական քաղաքականության հետեւանքները՝ այս պարագայում Արցախի ժողովրդի վերադարձը, մեր անվտանգ, ինքնորոշված կյանքը Արցախում եւ ադրբեջանահայության վերադարձը եւ պատշաճ կյանքի ապահովումը այնտեղ։ Սրա համար մենք ունենք մի քանի պայմաններ, առաջին հերթին արդարադատություն, երկրորդ՝ Ադրբեջանի տարածքում հայատյացության ոչնչացում։ Եվ, իհարկե, դրան հետամուտ լինելու համար մենք պետք է ունենանք ազգային պատասխանատվությամբ Հայաստանի Հանրապետություն եւ բարձր դիմադրողականությամբ հայ ժողովուրդ»,- նշեց Բեգլարյանը։

Արցախում խրված սեպը ճաքեր է առաջացրել ամբողջ աշխարհում. Նեթանյահուի կոչը ադրբեջանցիներին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ազգին՝ ի պատասխան Իրանի տարածքին ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների։ «Ժամանակն է, որ իրանական ժողովրդի բոլոր հատվածները՝ պարսիկները, քրդերը, ադրբեջանցիները, բելուջները և ահվազիները, թոթափեն բռնապետության լուծը և ստեղծեն ազատ ու խաղաղ Իրան», – ասել է Իսրայելի վարչապետը։

2020-ից 2023 թվականներին Իրանը «ընբռնումով էր վերաբերում» Արցախում ռազմական գործողություններին, որը իրականացրել էին Ադրբեջանը և Թուրքիան՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի կոնսենսուսով և Իսրայելի աջակցությամբ։ Ընդամենը մի քանի ամիս առաջ էր Իրանի նախագահը այցելեց օկուպացված Շուշի (լուսանկարում) և կրկին ճանաչեց «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Այժմ Իսրայելը կոչ է անում իրանցի թուրքերին (ադրբեջանցիներին) տապալել ռեժիմը և ստեղծել «ազատ Իրան», ինչը ենթադրում է Իրանի՝ որպես ունիտար պետության լուծարում։

2020-2023 թվականներին տարածաշրջանի խնդիրները “առանց հայերի” լուծելու շուրջ կոնսենսուսի ձևավորումից հետո, Արցախում խրված սեպի ճաքերը տարածվել են ամբողջ աշխարհում: Եվրոպայի սրտում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը մտել է իր հինգերորդ տարին, Ուկրաինան բացահայտորեն հայտարարում է, որ խնդիրը կարող է լուծվել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը բաժանվի մի քանի պետությունների, Իսրայելը և արաբական աշխարհը շարունակում են «պարանը քաշել» Գազայում և ամբողջ Մերձավոր Արևելքում, իսկ Իրանը մեկ տարվա ընթացքում երկրորդ խոշոր հարձակումն է ապրում Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից: Պակիստանի, Հնդկաստանի և Աֆղանստանի միջև «փոքր բախումները» այլևս նույնիսկ հաշվի չեն առնվում։

Մինչև Արցախի ժողովուրդը չվերադառնա Հայկական Արցախ, ճաքերը կմեծանան, դրանք դժվար կլինի վերահսկել և կարող են հայտնվել ամենաանսպասելի վայրերում: Զարմանալի չէ, որ Իսրայելը անընդհատ խոսում է իր պետականությանը սպառնացող վտանգի մասին, մինչդեռ Բաքուն և Անկարան շտապեցնում են Հայաստանին հրաժարվել իր իրավունքներից՝ լուծարելով Երրորդ Հանրապետությունը:

Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը

Արցախի Հանրապետության Ազգային ժողով 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ
1988 թվականի փետրվարի 27–29-ին Ադրբեջանի ԽՍՀ Սումգայիթ քաղաքում կազմակերպվեցին և իրականացվեցին հայ բնակչության զանգվածային ջարդեր։
Ազգային պատկանելության հիմքով հայերը ենթարկվեցին էթնոցիդի՝ սպանությունների, բռնությունների, խոշտանգումների և բռնի տեղահանության։ Սումգայիթում տեղի ունեցած հանցագործությունները կրել են կազմակերպված և նպատակային բնույթ։ Դրանք դարձան հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող համակարգված քաղաքականության սկիզբը, որը հետագայում արձագանքվեց Կիրովաբադում` 1989թ. և Բաքվում` 1990թ. Ադրբեջանի մյուս հայաշատ բնակավայրերում իրականացված բռնություններով, Մարաղայի` 1992թ. խաղաղ բնակչության կոտորածով և Ադրբեջանի տարածքում հայ բնակչության ամբողջական տեղահանությամբ։
Սումգայիթի հանցագործությունների նկատմամբ պատշաճ իրավական գնահատականի և պատասխանատվության բացակայությունը ձևավորեց անպատժելիության վտանգավոր մթնոլորտ։ Այդ նույն քաղաքականությունն իր նոր դրսևորումը ստացավ Արցախի Հանրապետության դեմ քանիցս սանձազերծված ռազմական ագրեսիաների ընթացքում, որոնք ուղեկցվեցին պատերազմական հանցագործություններով, բնակչության նկատմամբ բռնություններով, համատարած շրջափակմամբ և 2023 թվականին Արցախի հայ բնակչության ամբողջական բռնի տեղահանությամբ։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը`
– խստորեն դատապարտում են ազգային պատկանելության հիմքով իրականացված բռնությունները և հայատյացության պետական խրախուսումը,
– արձանագրում են, որ հայերի նկատմամբ իրականացված զանգվածային բռնությունները, իրենց բնույթով և հետևանքներով, համապատասխանում են միջազգային իրավունքի շրջանակներում սահմանված ծանրագույն հանցագործությունների հատկանիշներին,
– վերահաստատում են, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ և խաթարում տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը,
– կոչ են անում միջազգային հանրությանը և համապատասխան իրավական ու քաղաքական ինստիտուտներին տալ համարժեք իրավաքաղաքական գնահատական՝ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված զանգվածային հանցագործություններին և ապահովել դրանց կազմակերպիչների ու կատարողների պատասխանատվությունը։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը հայտարարում են, որ շարունակելու են հետևողական քաղաքական ուղեգիծ վարել ՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, հայրենի բնակավայրեր անվտանգ և արժանապատիվ վերադարձի և ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման ուղղությամբ։
Սումգայիթի զոհերի հիշատակը մեզ պարտավորեցնում է հետևողական լինել արդարության վերականգնման և նմանատիպ հանցագործությունների կրկնությունը բացառելու հարցերում։
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն
«Միասնական Հայրենիք» խմբակցություն
«Արդարություն» խմբակցություն
«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն
«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն
28 փետրվարի, 2026թ.

Թրամփը հայտարարեց Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները սկսել է Իրանի դեմ խոշոր ռազմական գործողություն։

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի հրթիռները, նավատորմը և հողին կհավասարեցնի ռազմական արդյունաբերությունը, ասել է նա։

Իրանը պատրաստվում է հզոր հարված հասցնել ի պատասխան Իսրայելի հարձակման, Reuters-ին հայտնել է իրանցի պաշտոնյան։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հարվածել է մի քանի իրանական քաղաքների, այդ թվում՝ Թեհրանին։

Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Հաթամին սպանվել է Իսրայելի հարվածի արդյունքում։

Associated Press-ի տվյալներով՝ Իսրայելի հարվածը թիրախավորել է նաև Ալի Խամենեիի նստավայրը։ Սակայն Իրանի գերագույն առաջնորդը Թեհրանում չէ և տեղափոխվել է անվտանգ վայր։

Անուշիկը մեր օգնությամբ կարող է քայլել

Օրեր առաջ գրել էինք արցախցի Անուշ Գևորգյանի մասին, ով ծնվել է Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղում: Անուշի մոտ մանկուց ախտորոշվել է ՄՈՒԿ (Մանկական Ուղեղային Կաթված): Նա վերականգնողական բուժում էր ստանում Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում, սակայն լիարժեք վերականգնվելու համար նրան անհրաժեշտ էր վիրահատություն, որը պետք է կազմակերպվեր Երևանում, ինչը շրջափակման պայմաններում անհնար էր: Տեղահանվելուց հետո, չնայած բոլոր դժվարություններին, նրա վիրահատությունը կազմակերպվեց, և այժմ  հետագա վերկանգնողական փուլն անցնելու համար նրան անհրաժեշտ է ֆինանսական աջակցություն:

“Դիմում եմ իմ Սրտացավ և Բարեխիղճ Հայ ազգին

Իմ աղջիկը 22 տարեկան է։ Մանկուց ունի մանկական ուղեղային կաթված, բայց երբեք չի հանձնվել։

Այսօր նա քայլում է քայլակով և ունի ինքնուրույն քայլելու իրական հնարավորություն, սակայն նրան դրա համար անհրաժեշտ է շարունակական վերականգնողական բուժում։

Մեկ վերականգնողական կուրսի արժեքը կազմում է 300 000 դրամ։ Խնդրում եմ հիշեք, որ նույնիսկ ձեր ամենաչնչին աջակցությունը մեծ օգնություն կլինի մեզ համար։

Խնդրում եմ՝ օգնեք նրան հասնել իր ամենամեծ երազանքին։

Ձեր աջակցությունը նրա համար քայլ է դեպի անկախ կյանք։

Շնորհակալ ենք յուրաքանչյուր բարի սրտից

Աջակցելու համար կարող եք փոխանցում կատարել՝

Բանկային Քարտ 9051. 2152. 0943. 3575.  Հայէկոնոմ բանկ

Անուն, ազգանուն: Gevorgyan Anna”, նշում է Անուշի մայրը:

Արսեն Աղաջանյան

Սումգայիթի հայության ցեղասպանությունը․ 38 տարի անց

Լեռնային Արցախի հայության նկատմամբ Խորհրդային Ադրբեջանի բոլոր ժամանակների վարչակազմերի կողմից տասնամյակներ շարունակ սիստեմատիկաբար և հետևողական կերպով իրականացվող ատելության, խտրականության և ցեղասպանական քաղաքականության պատճառով 1988թ. փետրվարի 20-ին Ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային խորհրդի արտահերթ նստաշրջանն ընդունել է մի պատմական որոշում հետևյալ բովանդակությամբ. «Ընդառաջելով ԼՂԻՄ բնակչության ցանկություններին՝ խնդրել Խորհրդային Ադրբեջանին և Խորհրդային Հայաստանին դրսևորել խորը ըմբռնում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումների նկատմամբ և լուծել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Խորհրդային Ադրբեջանի կազմից Խորհրդային Հայաստանի կազմ տեղափոխելու հարցը: Միաժամանակ ներկայացնել միջնորդություն Խորհրդային Միության Գերագույն խորհրդին սույն հարցը դրական լուծելու նպատակով»:

Ի պատասխան սույն որոշման, ԽՍՀՄ կենտրոնական իշխանության մարմինների իմացության և հանցավոր անգործության ու թողտվության պայմաններում 38 տարիներ առաջ ճիշտ այս օրը՝ 1988թ. փետրվարի 27-ին, Խորհրդային Ադրբեջանի վարչակազմը Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ապրող հայ բնակչության նկատմամբ իրականացրել է պետական մակարդակով ծրագրված ցեղասպանություն և բռնի տեղահանություններ: Նշված գործողությունները տևել են երկու օր՝ մինչև փետրվարի 29-ը ներառյալ:

Ներկայացվող տեսանյութում Սումգայիթի հայերին գլխատողներից մեկը բացահայտ խոստովանել է իր գազանությունը՝ արհամարհանքով հայտարարելով. «նրանք պարզապես հայեր են, ինչու է դա այդքան կարևոր»:

https://www.youtube.com/watch?v=0cKNK5MzxVE

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ