Խորհրդային Հայաստանը ապորինի է ճանաչել Արցախը Ադրբեջանին բռնակցելու որոշումը

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊՕՐԻՆԻ Է ՃԱՆԱՉԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ԱՐՑԱԽԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԲՌՆԱԿՑԵԼՈւ ՄԱՍԻՆ 1921 Թ. ՀՈւԼԻՍԻ 5-Ի ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՈՐՈՇՈւՄԸ

36 տարիներ առաջ՝ 1990թ. փետրվարի 13-ին, Խորհրդային Հայաստանն ապօրինի է ճանաչել Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու մասին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի նիստում չքննարկված և քվեարկության չդրված, սակայն «ընդունված» որոշումը:

Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը,

  • հաշվի առնելով այն փաստը, որ Արցախը եղել է Հայաստանի անբաժան մասը և երբեք չի պատկանել Ադրբեջանին,
  • ելնելով այն հանգամանքից, որ Լեռնային Արցախի ճակատագիրը որոշվել է ոչ սահմանադրական և իրավասություն չունեցող կուսակցական մարմնի՝ Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի կամայական որոշմամբ,
  • հանդես գալով ԽՍՀՄ կազմավորման պայմանագրով և ԽՍՀՄ Սահմանադրությամբ ամրագրված ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի պաշտպանության դիրքերից,
  • հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի 1920թ. նոյեմբերի 30-ի որոշումը, ըստ որի՝ Խորհրդային Ադրբեջանը, մասնավորաբար, Լեռնային Արցախը ճանաչել է Խորհրդային Հայաստանի մաս, Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի 1920թ. դեկտեմբերի 1-ի հռչակագիրը, որով Խորհրդային Ադրբեջանը ճանաչել է Լեռնային Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի 1921թ. հունիսի 12-ի դեկրետը, որով հայտարարվել է, որ այսուհետ Լեռնային Արցախը հանդիսանում է Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը,

1990թ. փետրվարի 13-ին ընդունել է «ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի որոշումը անօրինական ճանաչելու մասին» որոշում:

Նշված որոշումը հրապարակվել է «Խորհրդային Հայաստան» թերթի 1990թ. փետրվարի 17-ի համարում:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը կկայանա երեքշաբթի Ժնևում

Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների երկրորդ փուլը կկայանա երեքշաբթի Ժնևում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով անանուն աղբյուրը։

Աղբյուրը նշել է, որ ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում են նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և փեսա Ջարեդ Քուշները, երեքշաբթի առավոտյան կհանդիպի իրանցիների հետ։ Ըստ աղբյուրի՝ Օմանի ներկայացուցիչները կլինեն տեղում և կմիջնորդեն ԱՄՆ-Իրան շփումները։

Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:

«Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը: Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»,– հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

1988-ի փետրվարի 13-ի իրադարձությունները՝ Շարժման լեգիտիմացման սկիզբ

ԿԱՃԱՌ Գիտական Կենտրոն

1988 թ. փետրվարի 13-ի ցույցը Ստեփանակերտում․ քաղաքական գործընթացի հանրային փուլը

Արցախյան շարժման ակտիվիստներից և քաղաքական վերլուծաբաններից Մանվել Սարգսյանը, հետադարձ հայացքով անդրադառնալով 1980-ականների վերջի իրադարձություններին, դրանք դիտարկել է ոչ թե զուտ ներքաղաքական, այլ համաշխարհային համակարգային վերափոխումների համատեքստում։ Նրա մեկնաբանությամբ՝ 1988 թ․ շարժումը պետք է հասկանալ որպես «հին համաշխարհային կարգի» ապամոնտաժման և նոր սուբյեկտների առաջացման գործընթացի տեղային արտահայտություն։ Խորհրդային վերակառուցումը՝ պերեստրոյկան, ըստ նրա, ստեղծեց քաղաքական դինամիկա, որի արդյունքում ոչ միայն վերաձևավորվեց խորհրդային քաղաքական դաշտը, այլև ի վերջո փլուզվեց ինքը՝ Խորհրդային Միությունը։ Այդ համատեքստում Ղարաբաղյան շարժումը դիտարկվում է որպես նույն ալիքի բաղադրիչ՝ վերելք ապրող քաղաքական պրոցեսների ներսում ձևավորվող նոր սուբյեկտայնության դրսևորում։

Սարգսյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը, ի տարբերություն շարժման կրող կողմի, կառչած էր պահպանողական, ժառանգական քաղաքական տրամաբանությունից։ Նրա ձևակերպմամբ՝ ադրբեջանական պետական կազմավորումը ձևավորվել էր թուրքական ծավալապաշտության և բոլշևիկյան «համաշխարհային հեղափոխության» ծրագրերի համադրությամբ և իր ինստիտուցիոնալ կայունությունը մեծապես պարտական էր խորհրդային համակարգին։ Այսպիսով, ԽՍՀՄ փլուզման հետ միասին խարխլվում էր նաև այդ կառուցվածքի հիմքը։ Թեև այս թեզը ենթակա է գիտական բանավեճի, այն կարևոր է որպես շարժման գաղափարական ինքնավերլուծության օրինակ՝ ցույց տալով, որ գործընթացը ընկալվում էր որպես պատմական պատուհան՝ նոր քաղաքական կարգի ձևավորման հնարավորությամբ։

Սարգսյանի քննադատական դիտարկումներից է նաև այն, որ խորհրդային կայսրության փլուզման և 1980-ականների ժողովրդավարական շարժումների էությունը լիարժեք չի ըմբռնվել հայ հասարակական-քաղաքական և գիտական մտքի կողմից։ Նրա համոզմամբ՝ գործընթացների տրամաբանության չընկալումը հանգեցրել է պաշտպանողական, երբեմն՝ պասիվ կեցվածքի, ինչը պատմականորեն ունեցել է ծանր հետևանքներ։ Այս մոտեցումը ընդգծում է ռազմավարական գիտակցվածության անհրաժեշտությունը․ քաղաքական պայքարում հաղթանակը պայմանավորված է ոչ միայն արդարացի պահանջով, այլև ընթացող համակարգային փոփոխությունների էության ըմբռնմամբ և դրանց ներսում արդյունավետ դիրքավորման կարողությամբ։

Փետրվարի 13-ի ստեփանակերտյան ցույցը հենց այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկել որպես շարժման հրապարակային փուլ մտնելու խորհրդանշական կետ։ Եթե մինչ այդ գերակշռում էին պատվիրակությունների, դիմումների և ստորագրահավաքների ձևաչափերը, ապա փետրվարի 13-ից սկսվեց բաց հանրահավաքային դրսևորումը՝ փողոցային քաղաքականության փուլը, որն արդեն ուղղակիորեն մարտահրավեր էր նետում խորհրդային-ադրբեջանական վարչական վերահսկողությանը։

Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորման հարցը նախորդ տասնամյակներում բազմիցս բարձրացվել էր, սակայն խորհրդային վարչակարգի պայմաններում այդ ձայները ճնշվել էին, իսկ նախաձեռնողները ենթարկվել էին հետապնդումների։ 1987 թ․ նոյեմբերին և 1988 թ․ հունվարին Արցախից պատվիրակություններ էին մեկնել Մոսկվա՝ խորհրդային կենտրոնական իշխանություններին ներկայացնելու ինքնորոշման պահանջը և հիմնավորելու ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու անհրաժեշտությունը։ Հետագա զարգացումները, սակայն, 1988 թ․ փետրվարին գործընթացին հաղորդեցին համաժողովրդական բնույթ։

Փետրվարի 13-ից Ստեփանակերտում սկսվեցին բազմահազարանոց հանրահավաքներ՝ հիմնականում Լենինի անվան հրապարակում, որոնք շարունակվեցին մինչև փետրվարի 20-ը և դրանից հետո ևս։ Հանրահավաքային շարժումը դարձավ պայքարի հիմնական ձևը՝ ապահովելով հասարակական մոբիլիզացիայի բարձր աստիճան և քաղաքական օրակարգի մշտական հրապարակայնացում։

Միևնույն ժամանակ, Ադրբեջանի Կոմկուսի ղեկավարությունը փորձեց իրավիճակը սրել՝ շրջաններից մեծաթիվ մարդկանց Ստեփանակերտ բերելու հնարավորության մասին հայտարարություններով, ինչը կարող էր հանգեցնել միջէթնիկական բախումների։ Տեղական ղեկավարների և ձեռնարկությունների պատասխանատուների կողմից Մոսկվային ուղղված հեռագրերը վկայում են, որ վտանգը գիտակցվում էր և փորձ էր արվում կանխել հնարավոր բռնությունները։

Փետրվարի 13-ի իրադարձություններն արտահայտում էին շարժման հանրային և դիմադրական բնույթը. դրանք կարելի է դիտարկել որպես շարժման հրապարակային լեգիտիմացման սկիզբ:

Լուսանկարը՝ Վալերի Պետրոսյանի

Գերմանիայի հզորացումը ասոցիացիաներ է առաջացնում, բայց ի՞նչ պետք է անի Եվրոպան

Կանոնների վրա հիմնված միջազգային կարգը անցյալում է։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ուրբաթ՝ փետրվարի 13-ին, Մյունխենի 62-րդ անվտանգության համաժողովում (MSC):

Ֆրիդրիխ Մերցը հիշեցրել է, որ համաժողովն անցկացվում է «Կործանման ներքո» մռայլ կարգախոսով։ «Մենք կրկին անցել ենք մի դարաշրջանի շեմը, որը բացահայտորեն բնութագրվում է ուժի կիրառմամբ և մեծ տերությունների քաղաքականությամբ», – նշել է Գերմանիայի կանցլերը։

«Ազատության պաշտպանությունը կպահանջի հաստատակամություն և կամքի ուժ», – հավելել է կանցլերը։ «Դա կպահանջի, որ մենք պատրաստ լինենք փոփոխությունների, ձևափոխությունների և, այո, նույնիսկ զոհաբերությունների։ Եվ ոչ թե մի օր, այլ հենց հիմա», – նշել է նա։

Ռուսաստանի ՀՆԱ-ն կազմում է մոտավորապես 2 տրիլիոն եվրո, մինչդեռ ԵՄ-ինը գրեթե 10 անգամ ավելի մեծ է, հիշեցրել է Մերցը։ ​​«Բայց Եվրոպան 10 անգամ ավելի ուժեղ չէ, քան Ռուսաստանը։ Մեր ռազմական, քաղաքական, տնտեսական և տեխնոլոգիական ներուժը հսկայական է։ Բայց մենք այն դեռևս լիովին չենք իրացրել», – ասել է նա։

Գերմանիայի կանցլերը, դիմելով համաժողովի մասնակիցներին, հաստատեց, որ ինքը կապ է պահպանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ միջուկային զսպման հարցի շուրջ՝ Եվրոպայում անվտանգության հետ կապված իր պարտավորությունները կատարելու ԱՄՆ-ի պատրաստակամության վերաբերյալ մտահոգությունների աճի ֆոնին։

«Հիմա ուժեղ Եվրոպայի ժամանակն է», – Մյունխենի համաժողովում ասել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ «Եվրոպան պետք է սովորի լինել աշխարհաքաղաքական ուժ։ Դա մեր ԴՆԹ-ի մաս չէր կազմում»։

Ավելի վաղ Foreign Affairs-ը հաղորդել էր, որ Գերմանիան, իր ռազմական հզորությունը զարգացնելով, կարող է դառնալ Եվրոպայի հաջորդ հեգեմոնը։ Այսօր Գերմանիայի ռազմական բյուջեն աշխարհում չորրորդն է։ Երկրի տարեկան ռազմական ծախսերը, կանխատեսումների համաձայն, 2029 թվականին կհասնեն 189 միլիարդ դոլարի, ինչը 2022 թվականի ցուցանիշից ավելի քան երեք անգամ գերազանցում է։

Սա ասոցիացիաներ է առաջացնում ինչպես Առաջին, այնպես էլ Երկրորդ համաշխարհային պատերազմների բռնկման հետ, որոնք նույնպես սկսվել են Գերմանիայի վերելքով։

Ռուսաստանի շուրջ լարվածության աճի և Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնողական արտաքին քաղաքականության ֆոնին, Միացյալ Նահանգների և առաջատար եվրոպական երկրների բնակիչները ավելի ու ավելի են կարծում, որ աշխարհը գնում է դեպի նոր խոշոր հակամարտություն: Politico-ի պատվերով անցկացված հարցման համաձայն՝ Միացյալ Նահանգներում, Կանադայում, Միացյալ Թագավորությունում, Գերմանիայում և Ֆրանսիայում Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունն ավելի բարձր է գնահատվում, քան կայունության պահպանումը։

Ֆրանսիայում, Գերմանիայում, Միացյալ Թագավորությունում և Կանադայում հարցվածների կեսից ավելին նշել է, որ իրենց երկրները պետք է ավելացնեն պաշտպանական ծախսերը։

Փետրվարի 14-ից 18-ը օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ ամբողջ Հայաստանում ջերմաստիճանը կբարձրանա։

Կանխատեսման համաձայն՝ փետրվարի 14-18-ը երկրում ջերմաստիճանը կբարձրանա 6-9 աստիճանով։

Փետրվարի 14-15-ը սպասվում են պարբերաբար տեղումներ, որոշ շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում։

Փետրվարի 14-ին Շիրակում ջերմաստիճանը կլինի +6°C, Կոտայքում՝ +8°C, Գեղարքունիքում՝ +7°C, Լոռիում՝ +14°C, Տավուշում՝ +16°C, Արագածոտնում՝ +9°C, Արֆրֆտում և Արմավիրում՝ +11°C, Վայոց Ձորում՝ +8°C, Սյունիքում՝ +20°C։

Փետրվարի 14-ին տեղումներ են սպասվում նաև Երևանում, որի դեպքում ջերմաստիճանը կհասնի +9°C-ի։

Ալիևը հրաժարվել է ազատ արձակել պատանդներին. Ֆրանսիան աջակցել է «անջատողականներին»

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը Երևան և Բաքու ուղեկցվում էր թույլ հույսով, որ հայ պատանդները, այդ թվում՝ արցախյան ռազմական և քաղաքական ղեկավարության անդամները, կարող են ազատվել Բաքվի բանտարկությունից: Վենսի այցի օրը արցախցիները բողոքի ցույց անցկացրեցին Բաղրամյանի հուշարձանի մոտ՝ կոչ անելով Վենսին ապահովել գերիների ազատ արձակումը, ինչը կլիներ «խաղաղության գործընթացին» իրական աջակցություն:

Սակայն ոչինչ տեղի չունեցավ. Ռուբեն Վարդանյանի դատավճիռը չհրապարակվեց Վենսի Բաքու այցի օրը, Ալիևը կրկին հայտարարեց գերիներին ազատ արձակելուց հրաժարվելու մասին, քանի որ հանձինս նրանց դատում է «անջատողականությունը», որին աջակցեցին բոլորը, այդ թվում՝ Ֆրանսիան: Ալիևը կրկին կոչ արեց փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրությունում (հեռացնել Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի որոշման հղումը – խմբ.), այդպիսով հաստատելով, որ «անջատողականությունը» և Արցախը փակ թեմա չի համարում:

Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) շրջանակներում FRANCE 24-ին տված հարցազրույցում Ալիևը խոստովանել է, որ Ադրբեջան կատարած իր այցի ժամանակ ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսը բարձրացրել է ղարաբաղցի առաջնորդներին ներում շնորհելու և ազատ արձակելու հարցը. «Նա բարձրացրել է այս հարցը,  ես էլ ներկայացրել եմ Ադրբեջանի դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ, այդքանը… Ինչ վերաբերում է ձեր նշած անձանց, նրանք անջատողական ռեժիմի առաջնորդներ են, որոնք անօրինական կերպով գործել են մեր տարածքում՝ ամբողջ միջազգային հանրության, այդ թվում՝ Հայաստանի կողմից ճանաչված ինքնիշխան ադրբեջանական պետության տարածքում: Երկար տարիներ այս անձինք եղել են ադրբեջանցիների և Ադրբեջանի դեմ բոլոր ռազմական հանցագործությունների կազմակերպիչները, և նրանք պատասխանատվության են ենթարկվել: Նրանք ձերբակալվել են Ղարաբաղում մեր ռազմական գործողության արդյունքում և պատասխանատվության են ենթարկվել»:

Ալիևը չի մեջբերել որևէ փաստաթուղթ, որի համաձայն «միջազգային հանրությունը, այդ թվում՝ Հայաստանը», ճանաչել է «Ադրբեջանի ինքնիշխան տարածքը» (նա իսկապե՞ս Ալմա-Աթայի հռչակագիրն է համարում նման փաստաթուղթ):

«Ցավոք, Ֆրանսիան աջակցեց անջատողականներին. Ազգային ժողովի և Սենատի ավելի քան տասը բանաձևերով աջակցեցին անջատողականներին: Նույնիսկ Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց այսպես կոչված Լեռնային Ղարաբաղը, չնայած նույնիսկ Հայաստանը չճանաչեց այն», – ասաց Ալիևը։

Հայ գերիներին ազատ արձակելուց հրաժարվելով՝ Ալիևը խոստովանում է, որ ոչինչ չի փոխվել Արցախի օկուպացիայից ի վեր. Հայաստանի Սահմանադրությունը դեռևս հղում է կատարում 1989 թվականի բանաձևին, «խաղաղության պայմանագիր» չի ստորագրվել, չկան օրինական միջազգային փաստաթղթեր, որոնք ճանաչում են Ադրբեջանի «իրավունքները», և ամեն ինչ կարող է ցանկացած պահի չեղարկվել։

30 տարի շարունակ Ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ռուսաստանը համանախագահել են ԵԱՀԿ Մինսկի խումբը: 30 տարի շարունակ նրանց ներկայացուցիչները հանդիպել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ՝ ճանաչելով ոչ միայն ինքնորոշման իրավունքը, այլև այն փաստը, որ այդ իրավունքը իրացվել է: 907-րդ հավելվածը դեռևս ուժի մեջ է Միացյալ Նահանգներում, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի փակումը միայն ընդգծեց Արցախյան հակամարտության ռազմական լուծման իրավական վակուումը։

Ալիևն ամեն օր հիշեցնում է, որ Արցախը Հայաստանի մաս է

Հայաստանում ընտրարշավը սկսվել է, քաղաքական ուժերի դիրքորոշումները աստիճանաբար ավելի հստակ են դառնում, և միայն մեկ հարց է մնում նրանց ծրագրերում նույնքան անարատ, որքան 16-ամյա աղջիկը՝ Արցախի հարցը։

Ընդամենը երկուսուկես տարի առաջ, ագրեսիայի, օկուպացիայի և ցեղասպանության հետևանքով, հայկական անձնագրեր ունեցող 150,000 մարդ բռնի տեղահանվեց իրենց հայրենիքից, որտեղ նրանք 1989 թվականին իրացրել են իրենց ինքնորոշման իրավունքը և Հայաստանի ու սփյուռքի օգնությամբ պաշտպանել այդ իրավունքը 30 տարի շարունակ։

Ընդամենը երկուսուկես տարի անց Հայաստանի կառավարությունը Արցախի հարցը համարում է փակված, Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի որոշումը՝ առոչինչ, իսկ դրա մասին ցանկացած հիշատակում որակում է որպես ոչմիթիզհողություն և ռևանշիզմ (արդարության համար պետք է նշել, որ Սահմանադրությունը դեռևս չի փոփոխվել)։

Շատ հայկական կուսակցություններ ևս փորձում են խուսափել իրենց հռետորաբանության մեջ Արցախի հարցը հիշատակելուց, կարծես Արցախը երբեք գոյություն չի ունեցել։ Ոմանք առաջարկում են առանձին թաղամասեր կառուցել արցախցիների համար և օգնել նրանց բնակարանային հարցերում։ Մյուսները որպես լուծում առաջարկում են «արցախցիների վերադարձը»՝ միջազգային կամ այլ պատրանքային երաշխիքների ներքո։ Այսինքն, ըստ էության, ոչինչ չեն առաջարկում։

Հիշեցումը, որ Արցախը Հայաստանի մաս է կազմում, և որ Հայաստանը պարզապես պարտավոր է պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքները բոլոր միջազգային հարթակներում, որքան էլ դա տարօրինակ հնչի, գալիս է Բաքվից։ Չնայած Արցախի օկուպացիային և բնիկ բոլոր բնակիչների տեղահանությանը, Ալիևը չի կարող յուրացնել այն, ինչը, ըստ Սահմանադրության, պատկանում է հայ ժողովրդին։

«Վաշինգտոնի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությունները, այդ թվում՝ համատեղ հռչակագիրը և խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, փաստացի նշանակում են խաղաղության հաստատում։ Դրա ձևական կողմը կախված է Հայաստանից։ Որքան շուտ Սահմանադրությունը փոփոխվի և վերացվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, այնքան շուտ կստորագրվի խաղաղության պայմանագիրը», – հայտարարել է Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։

Սակայն նույնիսկ Ալիևի հիշեցումները հետաքրքրություն չեն առաջացնում Արցախյան հարցի նկատմամբ հայկական քաղաքական դաշտում։ Եթե Հայաստանի Սահմանադրությունը Ալիևի թուլությունն է, ուրեմն այն Հայաստանի ուժն է։ Եվ եթե Ալիևը որևէ իրավունք ունենար Արցախի նկատմամբ, նա չէր հիշի Հայաստանի Սահմանադրությունը և կստորագրեր «խաղաղության պայմանագիրը», որն ինքն է անվանում Հայաստանի կապիտուլյացիա։

«Միայն միջազգային իրավունքին հենվելը բավարար չէ սեփական խնդիրները լուծելու համար։ Եվ Ադրբեջանի օրինակը իսկապես ցույց է տալիս դա։ Այսպիսով, նոր աշխարհակարգի կամ միջկառավարական հարաբերությունների նոր համակարգի ի հայտ գալը անկասկած դատապարտված է տեղի ունենալ։ Միակ հարցն այն էր, թե ով կստանձնի այս քայլի պատասխանատվությունը։ Եվ ես կարծում եմ, որ նախագահ Թրամփը հիանալի աշխատանք է կատարել՝ նախաձեռնելով Խաղաղության խորհրդի ստեղծումը՝ մի հաստատություն, որն ունի մեծ ապագա», – ասել է Ալիևը՝ հավելելով, որ ՄԱԿ-ը լիովին կաթվածահար է։

Ալիևը հակասում է ինքն իրեն, երբ ասում է, որ լուծել է իր խնդիրները՝ առանց հաշվի առնելու միջազգային իրավունքը։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ է նա «խաղաղության պայմանագիրը» պայմանավորում Հայաստանի Սահմանադրության փոփոխությամբ և 1989 թվականի որոշման չեղարկմամբ։ Որովհետև առանց Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու Բաքուն ոչ մի կերպ չի կարող ապացուցել, որ Արցախն ու Նախիջևանը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» մաս են կազմում։

«Դիզակ Ֆոլկ Բենդ»-ը մարտի 31-ին հանդես կգա համերգով

«Դիզակ Ֆոլկ Բենդ»-ը մարտի 31-ին Երևանի Աբովյան փ. 2 հասցեյում հանդես կգա համերգով

«Դիզակ Ֆոլկ Բենդ»-ը «Դիզակ ԱՐՏ» մշակութային ՀԿ-ի կողմից ստեղծված երաժշտական համույթ է, որի առաքելությունն է արցախյան ֆոլկ երգերի ավանդույթների կենդանացումն ու վերարժևորումը՝ ժամանակակից, դինամիկ և նորաշունչ ներկայացմամբ։ Համույթը միավորում է երիտասարդ և շնորհաշատ երաժիշտների՝ ստեղծելով բազմաշերտ ու հոգեհարազատ երաժշտական միջավայր:

Համերգի հատուկ հյուրերն են Արսեն Գրիգորյանն ու «Տիեզերք» բենդը, որոնց մասնակցությամբ երեկոն կդառնա ջերմ, հիշվող և զգացմունքներով լի։

Տոմսերը կարող եք ձեռք բերել  այս հղումով՝

https://eventhub.am/am/concert/event/dizak-folk-bend-0d3a79d9-8d0c-42cb-b684-1b7af4bdb069, նշված է «Դիզակ ԱՐՏ» մշակութային ՀԿ-ի հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ «ԴիզակԱրտ» երիտասարդական մշակութային կենտրոնի նպատակն է պահպանել Հադրութի շրջանի փրկված նյութական և ոչ նյութական մշակութային արժեքները։

Հիմնադրումից ի վեր կենտրոնը ակտիվորեն ընդլայնել է իր գործունեությունը ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում։ Երիտասարդական մշակութային կենտրոններ են բացվել Երևանում և Աբովյանում, որտեղ արցախցի փախստական ​​երեխաները ստանում են անվճար մշակութային կրթություն։ Գործում են տարբեր խմբակներ, այդ թվում՝ վոկալի, ազգային պարի, նկարչության, կիրառական և թատերական արվեստի։ Երեխաները նաև սովորում են նվագել հայկական ազգային երաժշտական ​​գործիքներ և մասնակցում են տարբեր հայկական և միջազգային ստեղծագործական մրցույթների՝ արժանանալով պատվավոր մրցանակների։ Այսպիսով հունվարին ATV-ի կողմից անցկացված «Երազանքի բեմը», երաժշտական ​​նախագծի հաղթող ճանաչվեց 13-ամյա Արման Հայրիյանը Հադրութից, ով  Դիզակ-ԱՐՏ կենտրոնի սաներից է:

 

Մոտ 30 հազար արցախցի ստացել են ՀՀ նոր անձնագրեր

2023-ից մինչեւ 2026թ. փետրվարի 5-ը Լեռնային Ղարաբաղից 20 769 ներքին տեղահանված անձ ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Այս մասին փետրվարի 13-ի մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այս ընթացքում ստացվել է 26 099 դիմում, գրանցվել է աճ։ Ավելի քան 9 000 երեխա նույնպես ստացել է հայկական անձնագիր։

Փաշինյանը առաջարկում է ՌԴ-ին վաճառել հայկական երկաթուղու կառավարումը

«Ռուսաստանը հայտարարել է, որ խոչընդոտ չի հարուցի մեր տարածաշրջանային նախագծերի վերաբերյալ եւ սրա մասին ես խոսել եմ ՌԴ նախագահի հետ, նա աջակից է այս բոլոր ծրագրերին։ Խնդիրն այն է, որ մի շարք երկրներում ավելի ծանրակշիռ է դառնում այն կարծիքը, որ Նախիջեւանից հետո պետք չի Հայաստանով շարունակել, քանի որ երկաթուղին գտնվում է Ռուսաստանի կառավարման ներքո։ Կողմնակիցներն ասում են, որ Հայաստանը պետք է շրջանցենք ու հիմա մենք փաստորեն դիրքերի կորուստ ենք ունենում։ Ռուսաստանի  դեմ ոչինչ չունենք, բայց լավ կլինի, որ երկաթուղու կառավարումը գնի մեր ու ՌԴ-ի հետ բարեկամ որևէ երկիր, սա տարբերակ է, որը պետք է քննարկել»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։ 

Փաստորեն, Փաշինյանը Ռուսաստանին առաջարկում է վաճառել Հայկական երկաթուղիների կառավարումը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի կոնցեսիան մինչև 2038 թ․ է։

Մինչդեռ Հայաստանի կառավարությունը շարունակում է աշխատանքը ռուսական կողմի գործընկերների հետ, մասնավորապես առաջին հերթին երկաթուղու Երասխի և Ախուրիկի հատվածում իրենց ներգրավվածությամբ աշխատանքներ իրականացնելու համար։ Այս մասին նշեց ՏՄԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը նախօրեին հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել այդ հատվածների վերանորոգումը։

Սակայն Փաշինյանի հայտարարությունը հաստատում է, որ  ռուսական կառավարումը ընդհանրապես անցանկալի չէ։ Արդյո՞ք Փաշինյանն այդ հայտարարությամբ ուզում է ռուսական կողմի վրա բարդել այն, որ Թրամփի ճանապարհը Հայաստանից բացարձակ անջատ է լինելու, և ոչ մի ապաշրջափակում չի լինելու։

Մոսկվան ըստ “սցենարի” պետք է հրաժարվեր նշված հատվածների վերանորոգումից, և այդ դեպքում Փաշինյանը “կբացատրեր”, թե ինչու Բաքուն և Անկարան հրաժարվում են օգտվել Հայաստանի ճանապարհներից։ Բայց հիմա, երբ Ռուսաստանը պատրաստակամ է, դժվար է խոստովանել, որ Թրամփի ճանապարհի իմաստն ի սկզբանե ապաշրջափակումը չէ, այլ հայ-իրանական սահմանի խուլ փակումը, ինչին Ռուսաստանը ուզում էր հասել դեռ 2020 թ, նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետով։

 

Հիմա էլ պարզվում է՝ խնդիրը Էջմիածնի գանձերն են, որը ուզում է յուրացնել Սփյուռքը

Ես թույլ չեմ տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին։ Այս մասին այսօր ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նախաձեռնությունը ՀԱԵ Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս հանելն ու որոշ ուժերի ձեռքում մարիոնետային Կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու որպես ՀՀ-ի դեմ գործիք օգտագործելն է»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նաեւ սպառնացել է սփյուռքի ներկայացուցիչներին. «Շատ կոշտ հակազդեցություն է լինելու, Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքն ուղղելու է այլ կողմ»։

Եկեղեցու դեմ արշավը Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել է սկզբից Կաթողիկոսի զավակի առկայությամբ, իսկ Փաշինյանի կինը՝ Շվեյցարիայում կայացած Արցախում մնացած ժառանգության մասին համաժողովով (ի՞նչ էիք ուզում փրկել Շվեյցարիայում, գրել է Աննա Հակոբյանը), այնուհետ՝ Կաթողիկոսի եղբոր՝ ԿԳԲ-ի գործակալ լինելով, իսկ վերջերս՝ որոշ երկրներից Եկեղեցու միջոցով Հայաստանն եկած փողերով, որը իբրև պետք է օգտագործվի քաղաքական նպատակներով։ Այսօր պարզվել է, որ Սփյուռքը ուզում է ռեղափոխել Էջմիածնից Կաթողիկոսությունը՝ գանձերով հանդերձ։