Արցախցիների դժվարությունները չեն վերջանում. անտերության մատնված

Արցախից տեղահանված 62-ամյա կնոջ ամեն մի օրն սկսում և ավարտում է աղոթքով։ Նա հավատում է, որ Աստված լսում ու տեսնում է ամեն ինչ և չի կարող իր տանջված ժողովրդին մենակ թողնել։ Տիկին Ռիտան ապրում է հույսով, որ մի գեղեցիկ օրը կկատարվի արցախցիների երազանքը:

Ռիտա Մարտիրոսյանն Արցախից տեղահանվել է 2023-ի սեպտեմբերի վերջին։

Նա խոսում է այն դժվարությունների մասին, որոնց բախվում են արցախցիները

-62 տարեկան եմ։ Ոչ թոշակառու եմ, ոչ էլ կարող եմ աշխատանք գտնել, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունեմ։ Գիտեմ՝ ինձ նման հարյուրավոր տեղահանված արցախցիներ կան, որոնք կանգնած են նույն խնդրի առաջ։ Արցախցիներին տրվող աջակցությունների դադարեցումից հետո մեր վիճակը շատ է վատացել։ Ես ունեմ երեք դուստր և ստիպված եմ ապրել նրանց մոտ՝ պարբերաբար փոխելով բնակությանս տեղը, քանի որ այլընտրանք չունեմ։ Մեկ հոգով չես կարող տուն վարձակալել ու ապրել։ Իսկ ի՞նչ ասեն այն մարդիկ, ովքեր ճակատագրի բերումով բոլորովին միայնակ են, զավակներ չունեն ու ստիպված ապրում են բարեկամների հետ, ինչը, սակայն, չի կարող երկար ձգվել։ Մի քանի անգամ դիմել եմ հրատապ աջակցությունից օգտվելու համար, սակայն միշտ մերժվել է դիմումս։ Պարզաբանությունը նույնն է, ինչպես շատ-շատերինը՝ բնակչության ռեգիստրում բացակայում են ձեր տվյալները:

Ստացվում է այնպես, որ 62 տարեկան մարդը, ով ոչ մի տեղից աջակցություն չի ստանում, թոշակառու չէ և չունի աշխատանք՝ մատնված է անտերության։ Վերջերս միացել եմ կրտսեր դստերս ընտանիքին, կրկին փորձել ընդգրկվել հրատապ աջակցության ծրագրում։ Այս անգամ պատասխանը դրական էր և իմ աջակցությունը կազմում է 10 հազար դրամ։ Դե արի ու ապրի։

Անցած տարվա սեպտեմբերին առողջությունս հանկարծակի վատացել է։ Սրտի զոնդավորում և հետագա մի շարք հետազոտություններ եմ անցել։ Միայն զոնդավորումն էր անվճար, իսկ մնացած ամեն ինչը վճարովի հիմունքներով է։ Եթե Ռուսաստանում ապրող քրոջս նյութական օգնությունը չլիներ, ապա ես չէի կարող բուժում ստանալ և ամենօրյա դեղորայք գնել։

Իմ շրջապատում շատ կան արցախցիներ, որոնք աշխատում են, սակայն այդ աշխատավարձը միայն բնակվարձերին է հերիքում։ Մարդիկ ստիպված են դիմել բանկերին․ վարկեր են վերցնում, ոսկեղենն են գրավադրում և ընդամենը ժամանակավոր դուրս գալիս ստեղծված ծանր դրությունից։ Իսկ ի՞նչ կլինի հետո, երբ գոյատևելն անգամ անհնարին լինի։

Ճիշտ է, Արցախում ևս դժվարություններ կային, սակայն մենք կարողանում էինք հաղթահարել դրանք, որովհետև մեր տունն ունեինք ու ստիպված չէինք բնակվարձերի մասին մտածել, որոնք այստեղ հասնում են աստղաբաշխական թվերի։ Արցախում ես իմ տունն ու փոքրիկ բանջարանոցն ունեի։ Այդ մի փոքրիկ հողակտորը կերակրում էր մեզ, ինչպես նաև եկամտի աղբյուր էր։ Հիմա մեր վիճակն անելանելի է, իսկ կառավարության խտրական որոշումները՝ անարդար։

Տիկին Ռիտան հիշում է այն տարիները, երբ դժվարությամբ ոտքի էր կանգնեցնում իր երեք անչափահաս երեխաներին  

-Ամուսինս Արցախյան առաջին պատերազմի մասնակից էր։ 1994 թվականի հուլիսի 19-ին, Քարագլուխ կոչվող տարածքում հերթական հանձնարարությունն էր կատարում․ իր հրամանատարի՝ Գագիկ Ավշարյանի հետ էր։ Մեքենան պայթում է հակատանկային ականի վրա։ Ամուսինս վիրավորվում է թոքերի շրջանում, ինչն էլ հետագա ծանր ու անբուժելի հիվանդության պատճառ է դառնում։ 2007 թվականին, 57 տարեկան հասակում նա մահանում է թոքերի քաղցկեղից։ Իմ ուսերին են մնում անչափահաս երեխաներիս միայնակ պահելն ու ոտքի կանգնեցնելը։ Իհարկե, ծանր տարիներ էին, բայց կարողանում էի արժանապատվորեն հաղթահարել բոլոր փորձությունները։ Դուստրերս ստացել են բարձրագույն կրթություն և կազմել իրենց ընտանիքները։ Հպարտանում եմ նրանցով և համոզված եմ, որ նրանք կկարողանան ցանկացած դժվարություն հաղթահարել։ Արցախցու տեսակն է այդպիսին։

Արցախցի կինը նշում է, որ միայն կենցաղային հարցերը չէ, որ այսօր մտահոգում են արցախցիներին

-Մեր ամենակարևոր հարցն Արցախի ժողովրդի հավաքական վերադարձն է և պատմական հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելը։ Մենք երազում ենք վերադառնալ տուն, ապրել մեր հողում և ոչ ոքից ոչինչ չսպասել։ Սակայն հասկանում ենք, որ դեռևս դա հնարավոր չէ, միաժամանակ գիտակցում, որ նաև անհնարին չէ։ Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Արցախում է մեր տունն ու տեղը։

Մեր ցավոտ հարցերից է Բաքվում ապօրինաբար պահվող գերիների հարցը։ Ինձ համար շատ ցավալի է, որ հային դատում է մեր դարավոր թշնամին։ Ի՞նչ սպասել նրանից, ով ամբողջ կյանքում երազում է ոչնչացնել հային։

Իմ աղոթքներում ես Աստծուց խնդրում եմ, որ մեր գերիները տուն վերադառնան, անհայտ կորած տղաներից բարի լուրեր լսենք, դեռևս լիարժեք կյանքի չվերադարձած մեր վիրավոր տղաները շուտ ապաքինվեն։ Ուզում եմ, որ իմ ժողովուրդը վերջապես ապրի հանգիստ կայնքով։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Փաշինյանն ու Վենսը ասել են, որ գերիների հարցը կքննարկվի․ այսօր կլինի Վարդանյանի դատավճիռը

Այդ հարցն, անշուշտ, կբարձրացվի։ Այս մասին փետրվարի 10–ին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Բաքվում բարձրացնելու է հայ գերիների ազատ արձակման հարցը։

«Այսինքն՝ մենք շատ լավ հարաբերություններ ենք ունեցել և՛ վարչապետ Փաշինյանի,  և՛ նախագահ Ալիևի հետ։ Գիտեք, ես երեկ լսեցի վարչապետի ասածը, որ նա լավատեսորեն է տրամադրված խաղաղության համաձայնագրի նկատմամբ՝ հիմնվելով այն բանի վրա, թե որտեղ ենք մենք գտնվում՝ համեմատած մի քանի ամիս առաջվա հետ։

Այսպիսով, մենք անպայման մի շարք թեմաներ ենք բարձրացնելու, բայց կարծում եմ, որ մենք շարունակելու ենք շատ հաջողությամբ աշխատել ադրբեջանցիների և հայերի հետ»։

Վենսի հետ քննարկել ենք նաեւ Բաքվում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը։ Այս մասին Հ1–ի եթերում նույն երեկոյան ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այդ հարցում ինչքան անաղմուկ ենք գործում… խնդրում եմ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալել ինձնից, բայց ասում եմ՝ մենք այդ հարցը քննարկել ենք։ Որևէ բանակցություն չկա, որտեղ այդ թեմային չանդրադառնանք»,– ասել է նա։

15 հայ գերիների ազատ արձակումը կլիներ ևս մեկ կարևոր քայլ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հասնելու ուղղությամբ, ասված է Եվրոպական խորհրդարանի անդամների համատեղ հայտարարության մեջ։

«Փետրվարի 5-ին, հինգշաբթի, Բաքվի ռազմական դատարանը 19 ձերբակալված հայերից 15-ին, որոնք դեռևս պահվում են Ադրբեջանում և ձերբակալվել են նախկին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կապակցությամբ, դատապարտեց երկարատև ազատազրկման։ Մենք խորապես ցավում ենք այդ որոշման համար, որը նախատեսում է հինգ ցմահ ազատազրկում»,- ասված է Եվրախորհրդարանի պատգամավորների հայտարարության մեջ։

Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը երեկ իր եզրափակիչ խոսքն ասաց Բաքվի «դատարանում» վերջնական «դատավճռի» հրապարակումից առաջ, որը կհնչի այսօր՝ Բաքվում ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի հիմնական օրը։

Վարդանյանը հայտարարել է պաշտպանական վերջին խոսքից։ Իր եզրափակիչ խոսքում Վարդանյանը պարզապես նշել է, որ երկու տարվա ընթացքում ծանոթացել է ադրբեջանական պոեզիային և ռուսերենով կարդացել է Մուհամմադ Ֆիզուլիի բանաստեղծություններ և Հուսեյն Ջավիդի բանաստեղծության մի հատված։

Այսօր կհրապարակվի Ռուբեն Վարդանյանի դատավճիռն։ Այդպիսով Բաքվում պահվող հայ պատանդների հանդեպ այլևս բոլոր իրավական ընթացակարգերն ավարտված են։

Ըստ միջազգային հումանիտար իրավունքի, դատավճռից հետո անձն իրավունք ունի պահանջել “պատիժը” կրել այն տեղը, այն երկրում, որտեղ նրան կապահովվի հարազատների հետ հանդիպումներ։

Այ եթե հայկական երկաթուղին ռուսական չլիներ, ԹՐԻՓՓ-ը կծառայեր Հայաստանին

Չնայած Նիկոլ Փաշինյանը փորձում է պնդել, որ Թրամփի ճանապարհը ԱՄՆ-Հայաստան ներդրումային նախագիծ է, ակնհայտ է, որ դա այդպես չէ։ Մասնավորապես, այսօր հայտարարվեց, որ «Թրամփի ճանապարհի» վրա մաքսատուրքերը կվճարվեն եվրասիական համակարգի համաձայն, քանի որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Իրանը կրկին հայտարարել է, որ տարածաշրջանային սահմանների փոփոխությունը Թեհրանի համար անընդունելի է։ Մինչդեռ ԱՄՆ փոխնախագահ Վենսը Ալիևի հետ հուշագիր է ստորագրել Միջին միջանցքը TRIPP-ի հետ կապելու վերաբերյալ։ Հայաստանն այդ ամենում չկա։

Թեհրանը ակնկալում է, որ Երևանն ու Բաքուն հաշվի կառնեն իր դիրքորոշումը որոշումներ կայացնելիս։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային՝ պատասխանելով ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջան այցի վերաբերյալ հարցին։

Իրանցի դիվանագետի խոսքով՝ Թեհրանը աջակցում է հարևան երկրների միջև տրանսպորտային կապերի զարգացմանը, բայց անընդունելի է համարում տարածաշրջանի սահմաններին սպառնացող ցանկացած նախաձեռնություն։

«Թրամփի ուղու» դեպքում մաքսային ծառայություն գործելու է, և քանի որ Հայաստանը երկիրը ԵԱՏՄ անդամ է, ապա այս դեպքում գործելու է միության ամբողջ իրավական համակարգը, փետրվարի 10–ին հայտարարեց ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։ Նա եկար-բարակ բացատրեց, որ ուղեվորները հայ մաքսավորների “երես” չեն տեսնելու, և դա լինելու է “ապագայի սահման”։

Միաժամանակ Ռուսաստանը պատրաստակամություն է հայտնում մասնակցել ԹՐԻՓՓ-ին, հիշեցնելով, որ հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարիչն է։ Սակայն պարզվում է, որ ԹՐԻՓՓ-ը ոչ միկապ չունի հայկական երկաթուղիների հետ։

Ռուսաստանի շահերին վնասելը չկա, որեւէ մեկը չի կարողանալու մեզ ներքաշելու Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ։ Այս մասին Հ1–ի եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Մենք դիմել ենք ՌԴ մեր գործընկերներին և քաղաքական առումով, կարծես ունենք դրական արձագանք, բայց այստեղ կա մի շատ կարևոր գործնական մի խնդիր։ Ակնհայտ է, որ երկաթուղին Զանգելանից մտնելու է Մեղրի, ապա՝ Նախիջան։ Թուրքիան ու Ադրբեջանը հայտարարել են Կարսից Նախիջան նոր երկաթուղի կառուցելու նախագծի մասին։ Մենք ակնկալում ենք, որ երկաթուղին գործի Երասխ–Ախուրիկ երթուղով, որտեղ կա գործող երկաթուղի։ Այն փաստը, որ երկաթուղու մի հատվածը գտնվում է ռուսական ենթակայության ներքո, օգտագործվում է Կարս–Դիլիջու երթուղին ավելի նպաստավոր ներկայացնելու համար։

Մենք այստեղ պետք է մտածենք, թե ինչ պետք է անենք։ Սա 1-2 տարվա հարց չի։ Մենք պետք է լուծում գտնենք և դա պետք է գտնենք բարեկամական, եղբայրական, ընկերական տրամաբանության մեջ»,–ասաց Փաշինյանը։

«Ես այդ հարցը տվել եմ մեր գործընկերներին, և Թուրքիայի, և Ադրբեջանի նախագահին, ասել եմ՝ տեսեք, մենք գնում ենք կարգավորման, Հայաստանով արցեն անցնում է երկաթուղին, ինչո՞ւ եք մի քանի միլիարդ ծախսում մի բանի համար, որն արդեն գոյություն ունի։ Իհարկե, այդ հարցին,  դիվանագիտական լռությամբ են պատասխանել։ Բայց միջազգային քննարկումները տեսնելով, մենք հասկանում ենք, որ հիմնական խնդիրը սա է»,– ընդգծեց Փաշինյանը։

Փաստորեն նա ասում է, որ եթե Հայկական երկաթուղին Ռուսաստանի տիրապետության տակ չլիներ, Թուրքիան և Ադրբեջանը սիրով կօգտվեին Հայաստանւ ճանապարհներից։ Սա լավ ձև է արդարացնելու ի սկզբանե ակնհայտ միտոմը, որ ԹՐԻՓՓ-ը ոչ թե Հայաստանի ապաշրջափակում է նշանակում, այլ Հայաստանի լիակատար մեկուսացում՝ հայ-իրանական սահմանի օտարմամբ։ Հենց դա էր խնդիրը, որը նախատեսվում էր դեռ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։    

 

Վենսի Ծիծեռնակաբերդ այցը և “սովետական սահմանները” ԱՄՆ-ին պատիվ չեն բերում

«Ազատությունը» բացառիկ մեկնաբանություն է ստացել Վենսի աշխատակազմից՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցի մասին գրառումը ջնջելու վերաբերյալ։

Վենսի աշխատակազմից հայտնել են, թե գրառումը սխալմամբ է տեղադրվել անձնակազմի կողմից, որոնք փոխնախագահի գլխավորած պատիրակությունում չեն եղել:

Վենսի խոսնակն իր հերթին հայտարարել է. «Այդ օգտահաշիվը կառավարվում է այն աշխատակիցների կողմից, որոնք հիմնականում տարածում են փոխնախագահի լուսանկարներն ու տեսանյութերը: Այս հարցի շուրջ փոխնախագահի տեսակետին կարող եք ծանոթանալ ինքնաթիռի մոտ նրա արած մեկնաբանությունում»:

Ջեյ Դի Վենսի սոցիալական ցանցերի էջից հեռացվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելության մասին հրապարակումը։ Այդ հրապարակման մեջ երկու անգամ հիշատակվել էր «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

Վենսի հրապարակումը փոխարինվել է նրա մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քիրքի վերահրապարակմամբ՝ Ջեյ Դի Վենսի և նրա տիկնոջ այցելության մասին, որում ասվում է. «Հայաստան կատարած մեր այցի վերջին օրը ծաղիկներ խոնարհեցինք Անմար կրակի մոտ և գրառում կատարեցինք պատվավոր հյուրերի գրքում»։

Անդրադառնալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցելությանը, Վենսն ասաց. «Վաղը մենք այցելելու ենք Ադրբեջանի մի քանի կարևոր վայրեր, և երբ խոսեցինք հայերի հետ, նրանք ասացին, որ սա մեզ համար շատ կարևոր վայր է։ Ակնհայտ է, որ ես առաջին փոխնախագահն եմ, ով երբևէ այցելել է Հայաստան։ Նրանք խնդրեցին մեզ այցելել այդ վայրը։ Ակնհայտ է, որ տեղի է ունեցել շատ սարսափելի բան մի փոքր ավելի, քան 100 տարի առաջ։ Դա շատ կարևոր է նրանց համար մշակութային առումով։ Այսպիսով, ես մտածեցի՝ դա հարգանքի նշան կլինի ինչպես զոհերի, այնպես էլ Հայաստանի կառավարության նկատմամբ, որը մեզ համար շատ կարևոր գործընկեր է եղել տարածաշրջանում։

Ես ուզում էի այցելել և հարգանքի տուրք մատուցել»։

Փաստորեն, ԱՄՆ փոխնախագահը Հայոց ցեղասպանությունը հայերի համար կարևոր է համարում միայն «մշակութային առումով»։ Հավանական է, որ երբևէ հայտնի չդառնա, թե ով կամ ինչն է ստիպել Վենսին փոխել Ծիծեռնակաբերդ այցելության մասին իր գրառումը և հանել «Ցեղասպանություն» բառը։ Սակայն ակնհայտ է, որ Վենսի այցի ամբողջ տրամաբանությունն ուղղված էր տարածաշրջանում «խորհրդային սահմանների» օրինականացմանը՝ Արվախի հարցի չհիշատակում, Բաքվում արված հայտարարությունն այն մասին, որ նա առաջինն էր, որ թռավ Թրամփի «Ադրբեջանի երկու մասերը կապող» մայրուղու վրայով, և «Ցեղասպանություն» բառի և դրա քաղաքական ու իրավական հետևանքների մերժում։

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված հայ-ադրբեջանական փաստաթղթի վերջնական ստորագրումը կլինի Հայաստանին՝ Արցախի, Նախիջևանի, Կարսի և Արարատ լեռան նկատմամբ իր ազգային իրավունքներից զրկելու վերջին գործողությունը։ ԱՄՆ-ն պնդում է Հայաստանի «խորհրդային սահմանները», և դա նրանց պատիվ չի բերում։

Վենսի անձնական երաշխիքները կարճ կապանք է Փաշինյանի համար, ով ստիպված կլինի գնալ մինչև վերջ

ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը Հայաստանից մեկնում է Բաքու: Երեկ երեկոյան Վենսը թվարկեց, թե ինչ է ԱՄՆ-ն պատրաստ տալ Հայաստանին՝ հայկական բռնակցված տարածքներում գտնվող հանքային պաշարների և ճանապարհների օտարման դիմաց: Սա ներառում է ոչ միայն հայ-իրանական սահմանը և Սյունիքը, այլև Նախիջևանը և Արցախը:

Վենսը հայտարարեց ԱՄՆ-ի կողմից Հայաստանին 11 միլիոն դոլարի արժողությամբ հետախուզական անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիա և մոդուլային ատոմակայաններ վաճառելու մտադրության մասին, ինչը կպահանջի 5 միլիարդ դոլարի ներդրում: Նա նաև ուղղակիորեն աջակցեց Նիկոլ Փաշինյանին առաջիկա ընտրություններում՝ հայտարարելով, որ վարչապետին դժվար աշխատանք է սպասվում:

Բայց ավելի կարևոր է այն, ինչ չասաց Վենսը. նա չմեկնաբանեց «խաղաղության պայմանագրի» պայմանները, Ալմա-Աթայի հռչակագիրը կամ «խորհրդային սահմանները», որոնցով ԱՄՆ-ն որոշեց «բաժանել» տարածաշրջանը: Վենսը չառաջարկեց Հայաստանի անվտանգության երաշխիք այն դեպքի համար, եթե «խաղաղության պայմանագիրը» չստորագրվի կամ քաղաքական իրավիճակը փոխվի: Նա չասաց, թե արդյոք Հայաստանի ատոմակայանը կփակվի, կամ թե ինչպես է Միացյալ Նահանգները վերաբերվում Նախիջևանի Սահմանադրությունից 1921 թվականի Կարսի պայմանագրին հղումը հանելուն։

Հունվարի կեսերին ԱՄՆ-ն և Հայաստանը ստորագրեցին TRIPP-ի վերաբերյալ հայտարարություն, որում խոսվում էր «Ադրբեջանի հիմնական մասի… և նրա Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև կապի մասին»։ Մենք այն ժամանակ հարցրեցինք, թե արդյոք հայ-ամերիկյան հայտարարությունը ստորագրած Հայաստանի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները կարող են ներկայացնել փաստաթուղթ, որում նշված լինի, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը ադրբեջանի մաս է կազմում։ Կարսի գործող պայմանագրի համաձայն՝ Նախիջևանը հայկական ինքնավար հանրապետություն է, որը ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի պրոտեկտորատի ներքո։

Երևանում Վենսը նույնպես խոսաց TRIPP-ի մասին՝ դրանով իսկ հաստատելով, որ ԱՄՆ-ն “օրինականացնում” է հայկական տարածքների՝ ոչ միայն Նախիջևանի, այլև Սյունիքի բռնակցումը։ Հենց հունվարին Վաշինգտոնում  հայ-ամերիկյան հայտարարության ստորագրումից հետո Բաքուն որոշեց Նախիջևանի Սահմանադրությունից հեռացնել Կարսի պայմանագրի հղումը՝ այդպիսով բռնակցելով այն։

Մեկնաբանելով «Թրամփի ճանապարհը»՝ Վենսը նշեց, որ իր կարծիքով խնդիրը ներդրումները չեն, այլ Հայաստանի վարչապետի՝ այս ծրագիրը շարունակելու կարողությունը։

«Հարցն այն է, թե ինչպես անենք, որ խաղաղության գործարքը հաջողությամբ հաջորդ փուլ տեղափոխվի, ինչպես անենք, որ վարչապետը կարողանա կենտրոնանալ ապագայի վրա:

Ես գիտեմ, որ ընտրություններն առջևում են, այդ մասին չեմ ուզում խոսել, բայց եթե իմ աջակցությունը ինչ-որ բան նշանակում է, ապա նա անշուշտ ունի այդ աջակցությունը: Նա մի մարդ է, ով կարող է երկարատև գործընկերություն կառուցել, որպեսզի նման ծրագրերը գլուխ գան: Սա մի գիշերում գլուխ եկած բան չէ, բայց օգոստոսի 8-ին հաջորդած ամիսներին մենք արդեն նշանակալի առաջընթաց ունենք»,- Երևանում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը:

Այսպիսով, Վենսը բացահայտորեն հայտարարում է, որ Փաշինյանը պետք է մինչև վերջ կատարի Վաշինգտոնում ստորագրված հայտարարությունը: Այժմ, երբ հայտնի չէ, թե արդյոք Փաշինյանը կվերընտրվի, նա չի կարող «կենտրոնանալ ապագայի վրա»: Այլ կերպ ասած, նա չի կարող կատարել Բաքվի և Անկարայի պահանջները՝ փոփոխել Հայաստանի Սահմանադրությունը և համաձայնվել երկրի հարավի օտարմանը փաստացի միջանցքի անվան տակ։

Այսպիսով, Վենսը երաշխիքներ է տալիս Բաքվին և Անկարային, որոնք պնդում են ընտրություններից առաջ փոփոխել Հայաստանի Սահմանադրությունը: Ի տարբերություն Հայաստանի շատ քաղաքական ուժերի, Բաքուն և Անկարան ՀՀ Սահմանադրությունը ընկալում են որպես հայ ժողովրդի օրինական վկայագիր՝ Կարսի պայմանագրով, Ալմա-Աթայի հռչակագրով և 100-ամյա պատերազմով ու ցեղասպանությամբ Հայաստանից խլված տարածքների նկատմամբ։

Վենսը չի նշել TRIPP-ի լայնությունը կամ թե քանի հայկական հանքավայրեր կփոխանցվեն Միացյալ Նահանգների և «երրորդ երկրների» (որոնք նույնպես ներառված են հայ-ամերիկյան հունվարյան համաձայնագրում) վերահսկողության տակ 99 տարով: Վենսը չի ասել, թե արդյոք կկատարվի Թուրքիայի վաղեմի պահանջը՝ փակել Հայկական ատոմակայանը, որը տարածաշրջանում ռազմավարական եզակի օբյեկտ է։ Նա նաև չնշեց, թե ինչ կլինի հայ-իրանական սահմանին, եթե TRIPP-ը գործի։

Սա ներդրում չէ, այլ զավթում, որը հաստատում է, որ Միացյալ Նահանգները ստանձնում է Ռուսաստանի դերը, որը 2011 թվականից ի վեր վարում է Կարսի պայմանագիրը ավարտելու և տարածաշրջանը Թուրքիային հանձնելու քաղաքականություն: Միացյալ Նահանգները անտարբեր չէ Ռուսաստանի կողմից տարածաշրջանը որպես խաղաքար հմտորեն օգտագործելու նկատմամբ և ցանկանում է ևս օգտվել այս թանկարժեք լոթից: Սակայն Ռուսաստանն արդեն բախվել է իր «մեծապետության» մտածելակերպի դաժան հետևանքներին՝ հայտնվելով փլուզման եզրին, և Միացյալ Նահանգները՝ իր MAGA գաղափարախոսությամբ, նույնպես կբախվի ծանր փորձությունների:

Միացյալ Նահանգները լավ գիտակցում է Հայաստանի ճակատագրական նշանակությունը, որը կարող է լինել և՛ թալիսման, և՛ սև բիծ:

«Սա ամբողջ աշխարհի հնագույն ազգերից, պետություններից մեկն է: Ես ինքս անձամբ քրիստոնյա եմ և ես գիտեմ, թե այս երկիրը ինչ է նշանակում ամբողջ աշխարհի համար և այն կրոնի համար, որ մենք երկուսով դավանում ենք, պարոն վարչապետ», – հայտարարեց Միացյալ Նահանգների փոխնախագահը՝ հավաստիացնելով. – «Ե՛վ նախագահ Թրամփը, և՛ ես շատ նվիրված ենք այս համագործակցությունն ամրապնդելու գործում»:

Այդուհանդերձ Վենսը չի մեկնաբանել Հայաստանի կառավարության կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված արշավը. այս արշավի ակունքները բխում են Եկեղեցու կողմից ազգային իրավունքները պաշտպանելու փորձերից, որոնք քողարկվում են, այդ թվում՝ Միացյալ Նահանգների մեղսակցությամբ։

Նիկոլ Փաշինյանի դեմքի արտահայտությունը, երբ նա փորձում էր Վենսի այցը Հայաստան ներկայացնել որպես պատմական, արտացոլում էր ապագայի նկատմամբ նրա վախը. Վենսի անձնական երաշխիքները կարճ կապանք են, որը թույլ չի տա Փաշինյանին ցատկել դեպի անդունդը սլացող գնացքից։

Կրոնական հարցերով Ֆրանսիայի ԱԳՆ խորհրդականը Հայաստանում է

Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կրոնական հարցերով խորհրդական պարոն Ժան-Քրիստոֆ Պոսելը աշխատանքային այցով ժամանել է Հայաստան։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Ալեն Սիմոնյան․ Գերիների հարցով հրապարակային չենք խոսում

«Շնորհավորում եմ բոլորիս՝ ձեռք բերված պայմանավորվածությունների, պատմական այցի եւ այն հնարավորությունների համար, որոնք Հայաստանի համար բացվեցին։ Պետք է ընդգծեմ ՀՀ անվտանգության մակադրակի ընդհանուր բարձրացումը եւ այն օրակարգի, որը մենք ի կատար ենք ածում, այսինքն՝ խաղաղության օրակարգը, որը մեկ տարվա, երկու տարվա չէ, այլ տասնամյկաներիի է, եթե ոչ՝ հարյուրամայակների»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի կատարած այցին Հայաստան։

Հարցին, թե հայ գերիների վերադարձի հարցում շոշափելի արդյունք կա՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Հաճախ դուք ինձ այդ հարցը տալիս եք, մենք ասում ենք, որ հրապարակային այդ մասին չենք խոսում։ Այդ ասածից հետո ինչ-որ քանակությամբ մարդիկ վերադառնում են ՀՀ։ Որեւիցե բան այդ մարտավարության մեջ չի փոխվել, մշտապես խոսվում է թե գերիների մասին, թե անհայտ կորածների ճակատագրի, թե բոլոր այլ խնդիրների մասին։ Պետք է ասեմ, որ շատ դրական ենք գնահատում այն աշխատաոճը, որը երկուստեք որդեգրել ենք Ադրբեջանի հետ։ Կարծում եմ՝ եթե այս ճանապարհով շարունակենք առաջ ընթանալ, մեր երկու երկրներն այլեւս մոտ ապագայում որեւէ խնդիր չեն ունենա»։

Եթե ​​Հայաստանի ատոմակայանը փակվի. Ի՞նչ ռումբի մասին է խոսում Ֆիդանը

Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ներկայիս վիճակը։

Ֆիդանը, ուղիղ եթերում խոսելով ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային զենքի շուրջ լարվածության համատեքստում, նշել է հետևյալը.

«Այժմ ի հայտ են գալիս սցենարներ, որոնց համաձայն՝ Թրամփի օրոք հատկապես ուժեղացած ամերիկյան նոր անվտանգության դոկտրինի և ԱՄՆ-ի կողմից իր դաշնակիցների համար ավանդական պաշտպանական հովանոցից հնարավոր զրկելու պատճառով, որոշ երկրներ կարող են արագորեն ընտրել միջուկային զենքի ստեղծման ուղին։

Ապագայում ավելի ու ավելի շատ պետություններ, հավանաբար, կսկսեն ձգտել միջուկային զենքի, և դրանք կլինեն ոչ թե Իրանը կամ Մերձավոր Արևելքի այլ երկրներ, այլ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Եվրոպայի պետությունները»։

Ֆիդանը չի պատասխանել «Պե՞տք է արդյոք Թուրքիան ունենա միջուկային զենք» հարցին։

Միացյալ Նահանգները երկար տարիներ միջուկային զենք է պահել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի տարածքում, սակայն թուրքական կառավարությունը դրանց հասանելիություն չի ունեցել։ Մերձավոր Արևելքում լարվածության սրման ընթացքում ՆԱՏՕ-ն իր միջուկային զենքը դուրս է բերել Թուրքիայից՝ տեղակայելով այն Իսպանիայում և այլ բազաներում։

«Միջազգային անվստահությունը» հանգեցրել է նրան, որ Թուրքիան դեռևս չունի գործող ատոմակայան. Ռուսաստանի կողմից ներկայումս կառուցվող Աքքույու ատոմակայանը դեռևս շահագործման չի հանձնվել։

Թուրքիան բազմիցս հրապարակավ պահանջել է փակել Մեծամորի ատոմակայանը Հայաստանում, որը գտնվում է ներկայիս թուրքական սահմանից 30 կմ հեռավորության վրա։ Չնայած ինտենսիվ լոբբինգի, Թուրքիան մինչ օրս չի կարողացել հասնել այս նպատակին։ Ավելին, Թուրքիան ատոմակայանի առկայությունը Հայաստանում համարում է ատոմային ռումբի համարժեք։

Երեկ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան կատարած այցի ժամանակ ստորագրվեց համաձայնագիր Հայաստանում ամերիկյան ոճի մոդուլային ատոմակայաններ կառուցելու մասին: Սա ներկայացվեց որպես տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու փորձ (ՀԱԷԿ-ը, որի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2036 թվականը, գործում է ռուսական նախագծով ռեակտորով), չնայած Ռուսաստանը ներկայումս անմիջականորեն չի շահագործում ՀԱԷԿ-ը: Արդյո՞ք ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը նշանակում է, որ ՀԱԷԿ-ը կփակվի, և արդյո՞ք սա ԱՄՆ-ի «տուրք» է Թուրքիային:

Անկարան բազմիցս մտահոգություն է հայտնել Հայաստանում բարձր տեխնոլոգիաների առկայության վերաբերյալ. ամերիկյան կազմակերպությունների կողմից վերջերս Հայաստանում գերհամակարգիչ բացելու որոշումը (հզոր չիպերի փոխանցման մասին Վենսը հայտարարեց Երևանում) որակվեց որպես սպառնալիք Թուրքիայի ազգային անվտանգությանը:

Միևնույն ժամանակ, Ադրբեջանը նույնպես մտադիր է համագործակցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ արհեստական ​​բանականության ոլորտում, բայց ամերիկյան միջուկային տեխնոլոգիաները Բաքու կամ Անկարա փոխանցելու մասին խոսք չկա:

Իրանը, իր հերթին, հայտարարեց, որ կարող է ուրանի հարստացումը կրճատել մինչև 60%, եթե ԱՄՆ-ն հրաժարվի պատժամիջոցների քաղաքականությունից: Իրանում ևս ռուսական ՀԷԿ է գործում։

Ռուբեն Վարդանյանի դատավարությունը Բաքվում կշարունակվի փետրվարի 10-ին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում Արցախի նախկին վարչապետ Ռուբեն Վարդանյանի դատավարությունը կշարունակվի փետրվարի 10-ին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսը այսօր՝ փետրվարի 10-ին կմեկնի Երևանից Բաքու։

Երեկ Երևանում տեղի ունեցավ բողոքի ցույց՝ հայ բանտարկյալների ազատ արձակման պահանջով, և Վենսին բազմաթիվ նամակներ ուղարկվեցին՝ խնդրելով նրան աջակցել գերիների ազատ արձակման հարցում։ Սակայն ԱՄՆ փոխնախագահը և Նիկոլ Փաշինյանը հրապարակավ չեն մեկնաբանել այս հարցը։

Տյառընդառաջի տոնական ձեռնարկ Երազ այգում

Սիրով հրավիրում ենք Տյառընդառաջի տոնական ձեռնարկի Երազ Այգում
«ԴԻԱԼՈԳ» կազմակերպությունը և «ՔԻՐՍ» նախագիծը հրավիրում են ձեզ միասին նշելու հայկական ամենաջերմ ու լուսավոր տոներից մեկը՝ Տյառընդառաջը։
Տոնը, որը խորհրդանշում է ընտանիքի օրհնություն, սեր, միասնություն և նոր սկիզբ, այս տարի կնշենք յուրահատուկ մթնոլորտում՝ ազգային շնչով ու արցախյան ջերմությամբ։
Սա պարզապես միջոցառում չէ․ սա հանդիպում է հիշողությունների, մշակույթի և համայնքային ջերմության շուրջ։ Միասին վառ պահենք մեր ավանդույթների կրակը, ստեղծենք անմոռանալի երեկո
Փետրվարի 13
Երազ Այգի
16:00` ցուցհանդես-վաճառքի մեկնարկ
18:00՝ ծրագրի մեկնարկ
Մուտքն ազատ է

Indie Peace կողմից անցկացվեց երկօրյա մասնագիտական սեմինար

Երևան | 6–7 փետրվարի, 2026 թ.
Indie Peace կազմակերպության կողմից անցկացվեց երկօրյա մասնագիտական սեմինար՝ «Աշխատանք անհետ կորածների ընտանիքների հետ. ոչ միանշանակ կորուստ» թեմայով։
Սեմինարին մասնակցեցին հոգեբաններ և անհետ կորածների հարազատներ, ինչը հնարավորություն տվեց թեման քննարկել ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական դիտանկյունից։
Սեմինարի ընթացքում քննարկվեցին ոչ միանշանակ կորստի հոգեբանական առանձնահատկությունները, դրա տարբերությունները մահվան հաստատված փաստով պայմանավորված կորստի և սգի ապրումներից, ինչպես նաև այն հիմնական մոտեցումները, որոնք կարևոր են անհետ կորածների ընտանիքների և հարազատների հետ աշխատելիս։
Մասնակիցները ծանոթացան ժամանակակից տրավմաթերապևտիկ մեթոդի՝ Պատկերի փոխակերպման թերապիայի (Image Transformation Therapy, ImTT) շրջանակում կիրառվող Ցավի / սարսափի ազատման պրոտոկոլին, որը նախատեսված է տրավմատիկ փորձառությունների հետ աշխատանքի համար։
Սեմինարը ներառում էր նաև գործնական հատված, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան փորձարկել պրոտոկոլը և քննարկել դրա կիրառման հնարավորությունները տարբեր խմբերի հետ, այդ թվում՝ անհետ կորածների ընտանիքների, ինչպես նաև մասնագետների ինքնախնամքի շրջանակում։

Վենսն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այսօր՝ փետրվարի 10–ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Նշենք, որ վաղ առավոտից հուշահամալիր տանող բոլոր մուտքերի մոտ վարչապետի անվտանգության աշխատակիցներն են ու ոստիկաններ։