Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ ազատության իրավունքն անօտարելի է. Ստեփանյան

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այսօրվա բողոքի ցույցի ժամանակ ասաց, որ հայ գերիները գտնվում են Բաքվի բանտում մի շատ պարզ ու անօտարելի իրավունքի իրացման համար, եւ դա Արցախի ժողովրդի ինքնորոշման եւ ազատության իրավունքն է։

Ըստ նրա՝ ազատության եւ ինքնորշման ձգտող ժողովուրդների ներկայացուցիչները չեն կարող համարվել ահաբեկիչներ, եւ դա ԱՄՆ փոխնախագահ Վենսը շատ լավ պետք է իմանա։

«Դա մենք չենք ասում, դա ասում է միջազգային իրավունքը։ Հետեւաբար, նրանց չի կարելի ենթարկել կեղծ դատավարությունների, թե իբր նրանք ահաբեկիչներ են։ Մեր խնդրանքը միջազգային հանրությանը եւ այս պարագայում ԱՄՆ-ին այն է, որ չի կարող լինել խաղաղություն, երբ բուժված չեն վերքերը։ Չի կարող լինել խաղաղություն՝ առանց հումանիտար հարցերի կարգավորման»,- հայտարարեց Գեղամ Ստեփանյանը։

Հայ գերիների ազատ արձակման պահանջով բողոքի ակցիայի կազմակերպիչները նաեւ նամակ ընթերցեցին՝ ուղղված Հայաստանում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Վենսին։

Սա չիպեր են, որ աշխարհի երկրների մեծ մասում չկան․ Վենս

Հայաստանը շատ հիասքանչ երկիր է, որի հետ համագործակցելով ԱՄՆ-ն շատ հպարտանում է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9–ին, Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հայտարարության արարողության ժամանակ նշեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Նախագահ Թրամպը ուղարկում է անձամբ ձեզ և նաև Հայաստանի ժողովրդին իր անձնական բարևները։ Նախագահ Թրամփը և վարչապետ Փաշինյանը իրար հետ շատ մեծ բանի են հասել. խաղաղությունը չի կերտվում զգույշ մարդկանց կողմից, խաղաղություն անցյալում չի կերտվում, խաղաղություն կերտվում է ապագայում և քանի որ վարչապետ այսպիսի մեծ առաջընթաց է ունեցել իմ հետ աշխատելով և նախագահ հետ աշխատելով, մենք ոչ միայն Հայաստանի համար խաղաղություն ենք կերտում միասին, այլ նաև բարգավաճում ԱՄՆ-ի հետ միասին։

Այսօր մենք ուզում ենք հայտարարել այնպիսի բաներ, որոնք առանց ձեր առաջատարության, առանց ձեր հանձնառությունների հնարավոր չէր լինի, ինչպես նաև առանց մեր երկրի նախագահի առաջատարության։ Ես իրոք հավատացած եմ, որ այսօր մի նոր սկիզբ է Հայաստանի և Միացյալ Նահանգների գործակցության համար, գործընկերության համար։

Ես ուզում եմ մի քանի բան հայտարարել. պարոն վարչապետը արդեն նշեց, բայց ևս անգամ կընդգծեմ, թե  ինչի վրա ենք շարունակելու աշխատել։ Նախևառաջ, ինչպես նա նշեց, այս հիասքանչ տեխնիկական համաձայնագիրը ԱՄՆ-ն հպարտորեն հաստատեց NVIDIA ընկերության համար։ Դա նշանակում է նոր շուկաներ, նոր աշխատանք, ինչպես ամերիկյան աշխատուժի և ընկերությունների համար, այնպես էլ Հայաստանի համար։ Սա չիպեր են, որ աշխարհի երկրների մեծ մասում չկան, գոյություն չունեն, չեն էլ կարող լինել։ Հիմա այստեղ կառուցվելու են և արդեն կառուցվում են Հայաստանում վարչապետի առաջատարության արդյունքում»,–ասաց նա։

Նոր տեխնոլոգիաներ, աշխատատեղեր Հայաստանում․ Վենս

«Նոր դրոն տեխնոլոգիա ենք վաճառելու Հայաստանին, նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղություն ապահովելու լավագույն ձեւը այն է, որպեսզի աշխարհի լավագույն ռազմական տեխնոլոգիները տարածվեն ու տեղադրվեն։ ԱՄՆ-ն 11 մլն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք է հաստատել Հայաստանի համար։ Մենք համոզված ենք, որ այն խաղաղությունը, որը պետք է կերտվի, կմնա, կայուն կլինի։ Դա նշանակում է լրացուցիչ աշխատատեղերի բացում, լրացուցիչ ներդրումներ»,- այսօր Երեւանում հրավիրած ասուլիսում ասաց ԱՄՆ ափոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Ի շարունակություն երկու բազմամյա անվտանգային համագործակցությանը և արդեն երեք տարի անընդմեջ շարունակվող արծիվ գործընկեր զորավարժություններին, Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը, ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց․ «Մենք ոչ միայն խաղաղություն ենք կերտում Հայաստանի համար, այլ նաեւ բարգավաճում՝ ԱՄՆ հետ միասին։ Ես իրոք հավատացած եմ, որ այսօր մի նոր սկիզբ է Հայաստանի եւ ԱՄՆ գործընկերության համար»։

Ստորագրվեց Միջուկային էներգիայի խաղաղ նպատակով օգտագործման ոլորտում ՀՀ եւ ԱՄՆ կառավարության միջեւ համագործակցության մասին բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը։ Վենսն ասաց, որ ամերկյան տեխնոլոգիաները գալու են Հայաստան։ “Մեր երկիրը շատ քիչ դեպքերում է այնքան վստահ զգում, որպեսզի կոնկրետ տեխնոլոգիներ արտահանի այլ երկիր։ Սկզբում մոտ 5 մլրդ դոլար գումարի մասին ենք խոսում, ներդրումներ կարվեն, հետագայում երկրորդ փուլում՝ եւս 4 մլրդ։ Սա փոխշահավետ իրավիճակ է եւ Հայաստանի համար, եւ ԱՄՆ, ստեղծվելու են շատ աշխատատեղեր եւ ԱՄՆ-ում, եւ Հայաստանում»,- նշեց նա։

ԱՄՆ փոխնախագահը նաեւ ասաց․ «Ես իրոք հպարտ եմ, որ ԱՄՆ առաջին փոխնախագահն եմ, որը երբեւէ այցելել է այս երկիր։ Սա ամբողջ աշխարհի հնագույն քրիստոնյա պետություններից ու ազգերից մեկն է։ Ես գիտեմ, թե ինչ է նշանակում այս երկիրն ամբողջ աշխարհի համար»։

«Արցախ»-ը կհնչի, բայց անվանումը չի նշվի

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) եւ գեղասահքի միջազգային ֆեդերացիան քննարկել են Ադրբեջանի կողմից ներկայացված բողոքը:

25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը կարճ ծրագրում հանդես է գալու Արա Գեւորգյանի հեղինակած «Արցախ» երաժշտական ստեղծագործության ներքո։

Ադրբեջանական կողմը բողոք էր ներկայացրել, որ «Արցախ» անվանումով երաժշտական ստեղծագործության օգտագործումը Օլիմպիական խաղերի շրջանակում կունենա քաղաքական ենթատեքստ եւ հակասում է Օլիմպիական խարտիայի սկզբունքներին:

ՄՕԿ-ը հայ գեղասահորդների ծրագրի անվանումը փոխել է պաշտոնական ցանկում։ Օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում հայ գեղասահորդների երաժշտական ուղեկցման անվանումը պաշտոնապես նշված է որպես «Արա Գեւորգյանի երաժշտություն»։

Կարինա Հակոբյանը եւ Նիկիտա Ռախմանինը կարճ ծրագրով հանդես կգան փետրվարի 15-ին, իսկ ազատ ծրագրով օլիմպիական սառույց դուրս կգան փետրվարի 16-ին: Այս մասին հայտնում է news.am-ը։

Իհարկե, դրանով Արցախի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության հետեւանքներն ամբողջապես չեն վերացվի

«ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բարով է եկել Հայաստան, բայց շատ ավելի լավ կաներ, որ սկզբում գնար Բաքու և իր հետ բերեր մեր բոլոր հայրենակիցներին։ Մենք բոլորս գիտենք, որ հայ գերիներն այնտեղ պատանդներ են բռնապետ Ալիեւի ձեռքին։ Պատանդ նշանակում է, որ նրանք օգտագործվում կամ օգտագործվել են քաղաքական առեւտրի նպատակով։ Ուստի, ԱՄՆ ղեկավարությունը հնարավորություն ունի որպես տարածաշրջանում խաղաղության եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմամբ շահագրգռված կողմ՝ մեկ հստակ քայլ կատարելու, որը կմոտեցնի իրական խաղաղությունը։

Իհարկե, դրանով մեր ժողովուրդները չեն հաշտվի, դրանով Արցախի ժողովրդի դեմ կատարված ցեղասպանության հետեւանքներն ամբողջապես չեն վերացվի, սակայն սա հումանիտար շատ մեծ դրական քայլ կլինի դեպի առաջ եւ նոր հնարավորության դռներ կբացի հետագա հիմնախնդիրների հասցեագրման ու երկարաժամկետ խաղաղություն ապահովելու համար»,- այսօրվա ակցիայի ժամանակ ասաց Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ Բաքվի բանտերում դատապարտվում եւ խոշտանգվում են բոլոր հայերը, որովհետեւ այնտեղ գտնվող բոլորը մեզ են ներկայացնում։

Եվ քանի դեռ կա մեկ հայ ադրբեջանական բանտում, չի կարող լինել խաղաղություն եւ հաշտություն, հավելեց Բեգլարյանը։

«ԱՄՆ փոխնախագահ Վենսին խնդրումմ ենք, ինչու ոչ՝ նույնիսկ պահանջում ենք, որ Բաքվում հստակ բարձրացնի առաջին հերթին բոլոր 19 հայ պատանդների անհապաղ ազատ արձակումը։ Այնուհետեւ բարձրացնի անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ գործնական քայլերի կատարման եւ Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման ուղղությամբ գործնական մեխանզիմների ներդրման հարցերը»,- ասաց Բեգլարյանը։

Ակնհայտ է, որ ադրբեջանցիներն ուզում են ջնջել Արցախում հայկական հետքը

Դա բան չի փոխում. Թորոսյանը` ԼՂ-ից բռնի տեղահանվածի փոխարեն տեղափոխված ձևակերպումը օգտագործելու մասին

Պատասխանելով Factor.am-ի արցախցիներիմասին հարցերին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշել է․ “25 հազարից ավել Ղարաբաղից տեղափոխված մեր հայրենակիցներն ունեն ֆորմալ զբաղվածություն, տասնյակ հազարավոր քաղաքացիներ օգտվում են նաև սոցիալական ծրագրերից՝ թե 30 հազ․, թե 40 + 10 հազ․ դրամի չափով։ Նաև ունենք զբազվածության ծրագրեր, որոնք ընթացքում են։ Բացի այդ, մոտ 2000 ընտանիք արդեն իրացրել են իրենց բնակարանային սերտիֆիկատները”։

Ինչ վերաբերվում է նորերս Արցախից տեղահանված 10 քաղաքացիներին, Արսեն Թորոսյանն ասաց, որ զբաղվում են նրանց հարցերով, և հրապարակայնությունը այստեղ ավելորդ է։ Բոլորը մեր հոգածության կենտրոններում են, ասել է նա։

“Կա՞ որոշում, որ արցախցիներին այլևս չասել “բռնի տեղահանվածներ”, այլ տեղափոխվածներ”՝ Factor. am-ի հարցին Արսեն Թորոսյանը պատասխանել է․ “Ես չեմ կարծում, որ իրենց կյանքում դա ինչ-որ բան փոխում է”։

Սա ոչ թե հումանիտար տարհանում էր կամ կամավոր հեռացում. Արցախի ԱԺ նախագահ

Կոչ ենք անում Ձեզ՝ աջակցել միջազգային այնպիսի միջոցառումների, որոնք հնարավոր կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը: Արցախի ԱԺ նախագահը նամակով դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսին.

«Գրում եմ Ձեզ՝ որպես Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խորհրդարանի նախագահ՝ անդրադառնալու հումանիտար ծանր անարդարության և հրատապ քաղաքական պատասխանատվության խնդրին:

2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ հայ բնակչությունը բռնի տեղահանվեց իր հայրենի օրրանից: Սա ոչ թե հումանիտար տարհանում էր կամ կամավոր հեռացում, այլ երկարատև շրջափակման, հարկադրանքի և համակարգված ահաբեկման կանխատեսելի ու նպատակաուղղված հետևանք, որն իրականացվեց միջազգային հավաստի պաշտպանության բացարձակ բացակայության պայմաններում: Օրերի ընթացքում տարածաշրջանում հազարամյա արմատներ ունեցող բնիկ ժողովուրդը վերացվեց իր հայրենիքից:

Այսօր ավելի քան հարյուր հիսուն հազար հայեր ապրում են տեղահանության մեջ՝ զրկված իրենց տներից, մշակութային ու կրոնական ժառանգությունից և սեփական հողում ապահով ապրելու հիմնարար իրավունքից: Չնայած էթնիկ զտումների խորը վերքերին՝ նրանց պահանջը մնում է հստակ և միաձայն՝ միջազգայնորեն երաշխավորված անվտանգության, արժանապատվության և ինքնորոշման պայմաններում Լեռնային Ղարաբաղ անվտանգ և մշտական վերադարձի իրավունքը:

Ներկա իրավիճակը որպես խաղաղության հիմք ներկայացնելու ցանկացած փորձ պատրանք է: Ուժի կիրառման, ժողովրդագրական վերաձևումների և մի ամբողջ ժողովրդի տարհանման միջոցով պարտադրված խաղաղությունը չի կարող լինել կայուն կամ արդար: Հարավային Կովկասում տևական խաղաղությունը պահանջում է պատասխանատվություն միջազգային իրավունքի կոպտագույն խախտումների համար, տեղահանված բնակչության իրավունքների վերականգնում և նրանց կամավոր ու անվտանգ վերադարձը հնարավոր դարձնող հստակ մեխանիզմներ:

Նույնքան տագնապալի են Բաքվում տեղի ունեցող վերջին զարգացումները: Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական և ռազմական առաջնորդները դատապարտվել են ցմահ ազատազրկման՝ այնպիսի գործընթացների արդյունքում, որոնք հեռու են նույնիսկ պատշաճ դատական ընթացակարգի ամենատարրական չափանիշներից: Այս քաղաքականապես մոտիվացված դատավարությունները ոչ թե արդարադատություն են, այլ վրեժխնդրություն: Քանի դեռ հայ պատանդներն ապօրինաբար պահվում են անազատության մեջ, հաշտության կամ խաղաղության մասին ցանկացած հռետորաբանություն դատարկ է: Նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումն անկյունաքարային է:

Խորին և շարունակական մտահոգության առարկա է հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց անորոշ ճակատագիրը։ Սա բացառապես հումանիտար խնդիր է, որն ուղղակիորեն առնչվում է սեփական հարազատների մասին տեղեկություն ստանալու ընտանիքների հիմնարար իրավունքին։ Այս համատեքստում անկյունաքարային ենք համարում Ձեր և միջազգային կառույցների գործուն ներգրավվածությունը՝ անհայտ կորածների ճակատագրերի պարզման թափանցիկ ու արդյունավետ մեխանիզմներ ներդնելու և գործարկելու հարցում։

Միացյալ Նահանգները պատմականորեն հանդես է եկել որպես մարդու իրավունքների, միջազգային իրավունքի և այն սկզբունքի պաշտպան, որ սահմանները և խաղաղությունը չեն կարող վերագծվել ուժի միջոցով: Ուստի մենք կոչ ենք անում Ձեզ՝ անցնել մտահոգության արտահայտություններից և ակտիվորեն աջակցել միջազգային այնպիսի միջոցառումների, որոնք կապահովեն պատասխանատվությունը, կպաշտպանեն տեղահանված բնակչությանը և հնարավոր կդարձնեն Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը:

Այս անարդարությունը չլուծելը վտանգավոր նախադեպ ստեղծելու ռիսկ է պարունակում, այն է՝ էթնիկ զտումները կարող են պարգևատրվել քաղաքական կարգավորմամբ: Ընդհակառակը, դրան անդրադառնալը հզոր ազդակ կլինի առ այն, որ խաղաղությունը, տևական լինելու համար, պետք է հիմնված լինի արդարության, իրավունքի և մարդկային արժանապատվության վրա»:

Բաղրամյանի արձանի մոտ արցախցինրի ակցիան սկսել է

Հայաստանի նախագահական նստավայրի մոտ արցախցիները կազմակերպել են բողոքի ակցիա՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։

«Հավաքը կազմակերպվում է ԱՄՆ փոխնախագահի՝ Երևան կատարած այցի ընթացքում՝ ԱՄՆ և միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ այդ կարևոր հարցին հրավիրելու նպատակով։

Մենք պարտավոր ենք հստակ և միասնական ուժով բարձրաձայնել, որ յուրաքանչյուր հայ գերի պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակվի»,- նշել են Արցախի տեղեկատվական շտաբից։

Անհետ կորածների ծնողները պահանջում են իրենց տրամադրել 44–օրյա պատերազմի մասին զեկույցը

44–օրյա պատերազմում անհետ կորածների ծնողներն այս պահին Ազգային ժողովի ընդունարանի մոտ են, հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։

Նրանք նշում են, որ դեռեւս 2025–ի դեկտեմբերին նամակ են հղել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, նշելով, որ ցանկանում են ծանոթանալ 44–օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցին։ Անցել է 2 ամիս և դեռ որևէ պատասխան չեն ստացել ԱԺ նախագահից։

«Հիմա եկել ենք հասկանանք՝ ինչո՞ւ Ալեն Սիմոնյանը մեր նամակին չիի պատասխանում։ Մեզ այդ զեկույցի եզրակացությունը տալո՞ւ է, թե ոչ, որ մենք իմանանք մեր հարազատները ինչ պայմաններում են անհետացել, ինչ պայմաններում են զոհվել»,–ասաց նրանցից մեկը։

Վենսին ուղղված արցախցիների նամակներում խոսք չկա Արցախի մասին

Չնայած Արցախի Ազգային ժողովի խոսնակի և Արցախի նախագահի պաշտոնակատարի պնդմանը, որ Արցախի հարցը փակված չէ, ԱՄՆ փոխնախագահ Վենսի այսօրվա այցը ցույց է տալիս, որ արցախյան գործիչները իրենց համար փակել են այս հարցը։

Վերջին երկու օրերի ընթացքում փոխնախագահ Վենսը բառացիորեն ողողված է նամակներով և կոչերով՝ Բաքվում պահվող բանտարկյալների ազատ արձակմանը և այլ մարդասիրական հարցերի լուծմանը նպաստելու համար։

Նամակներում սակայն չի վիճարկվում 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը, որով Հայաստանը համաձայնվում է ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի։

Ալմա-Աթայի հռչակագիրը Միացյալ Նահանգների համար օրինական փաստաթուղթ չէ. հակառակ դեպքում, որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների միջնորդ, Միացյալ Նահանգները չէր առաջարկի Ալմա-Աթայի հռչակագրի ուղղակի խախտում։ Թրամփի ծրագրի համաձայն՝ Ուկրաինան պետք է հրաժարվի Ռուսաստանի կողմից ներկայումս օկուպացված սեփական տարածքների նկատմամբ իր իրավունքներից։ Այսինքն, խախտի Ալմա-Աթայի հռչակագիրը։

Իսկ Արցախի դեպքում ԱՄՆ-ն առաջ է մղում «խորհրդային սահմանները»՝ դառնալով 150,000 հայ քրիստոնյաների ցեղասպանության և տեղահանության մեղսակից։

Սակայն Արցախի ղեկավարների նամակներում այս մասին որևէ հիշատակում չկա։

Ավելին, նամակներից մեկում ացվում է, որ «Միջազգային խաղաղության և բարօրության Թրամփի ուղու» (TRIPP) հաջողությունը և 2025 թվականի օգոստոսի Վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքները մեծապես կախված են խորը հումանիտար վերքերի ապաքինումից»։

Այլ կերպ ասած, Վաշինգտոնի գագաթնաժողովի արդյունքները ընդունելի են արցախյան գործիչների համար, և հարցը միայն մարդասիրական խնդիրներն են։ Եվ եթե ԱՄՆ-ն նպաստի գերիների ազատ արձակմանը և անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանմանը, ապա դա կապացուցի, որ “խաղաղության այս գործընթացը խարսխված է արդարության, այլ ոչ թե լոկ հարմարվողականության վրա”։

Արցախի թեմի հոգևոր հովիվ Վրթանես սրբազանը նույնիսկ քաղաքական գնահատական ​​տվեց 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցածին։

«Բաքվի բանտում ապօրինաբար դեռևս պահվում են մեր հայրենակիցները, որոնք պատանդ են վերցվել 2023 թ․ սեպտեմբերի 20-ի պաշտոնական զինադադարից և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի իշխանությունների ստորագրած պայմանագրից հետո», գրել է նա Վենսին ուղված նամակում։

Այսպիսով, պարզվում է, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի իշխանություններն են ստորագրել ինչ-որ համաձայնագիր, որի համաձայն 120,000 բնիկ արցախցիներ լքել են իրենց տներն ու ունեցվածքը, իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվել է Բաքվում: Ոչ մի խոսք Հայաստանի կառավարության պատասխանատվության մասին, ոչ մի խոսք այն մասին, թե ինչ էին անում ռուսական զորքերը Արցախում։

Ավելին, Վենսին ուղղված նամակում Արցախցի հովիվը կոչ է անում ոչ թե վերականգնել դեպի Արցախում մնացած եկեղեցիների իր հոտի մուտքը, այլ նպաստել միջազգային առաքելությունների Արցախ ուղարկելուն։

«Ուստի մեր ողջ հավատացյալների դասի և հոգևորական եղբայրների անունից դիմում եմ Ձեզ՝ հորդորելով նպաստել մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված անհապաղ քայլերին՝ թույլատրելով և խթանելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ անաչառ գիտական ու մշակութային կառույցների միջազգային մոնիթորինգը և փաստագրումը՝ ապահովելով անսահմանափակ մուտք փորձագետների և անկախ լրագրողների համար, ինչպես նաև աջակցելով սրբավայրերի երկարաժամկետ պահպանության և վերականգնման նախաձեռնություններին», ասված է նամակում։

Ավելի վաղ Արցախցի հոգևոր հովիվը միացել է Գարեգին Բ կաթողիկոսի դեմ ուղղված արշավին, որն ավելի սրվեց այն բանից հետո, երբ կաթողիկոսը Շվեյցարիայում հանդես եկավ որպես Հայ Առաքելական եկեղեցու սեփականություն՝ Արցախում գտնվող եկեղեցիների հասանելիության ապահովման օգտին։

Արցախցիների այսօրվա հավաքի տեղը փոփոխվել է

Արցախի Տեղեկատվական շտաբ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ի լրումն Արցախի տեղեկատվական շտաբի 2026 թվականի փետրվարի 8-ի հայտարարության իրազեկում ենք ձեզ, որ տեղի է ունեցել հավաքի հասցեի փոփոխություն։
Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով հավաքը տեղի կունենա փետրվարի 9-ին ժամը 17:00 քաղաք Երևան, Բաղրամյան 26 հասցեում, ՀՀ նախագահի նստավայրի դիմաց («Մարշալ Բաղրամյան» կայարանի հարևանությամբ)։
Արցախի տեղեկատվական շտաբ