Վենսի այցի օրակարգը ԱՄՆ-ը չի՞ համաձայնացրել Հայաստանի հետ

Այսօր՝ փետրվարի 9–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը չնշեց ԱՄՆ փոխնախագահ Վենսի գլխավորած պատվիրակության հետ հանդիպումների հստակ օրակարգ։ Նա չի բացառել, որ որոշ հարցեր կմտնեն օրակարգի մեջ, սակայն, ըստ էության, խոստովանեց, որ հաստատված հարցերի ցանկ չկա։

Նա տեղելացրեց, որ “այս պահի դրությամբ, եթե Որոտանի հիդրոկասկադի 120 մլն վարկային ներդրմանը, որն ընթացքի մեջ է, գումարենք TRIPP—ը՝ մոտ 200 մլն դոլար, գումարենք NVIDIA–ն, որը 500 և ավելի մլն դոլար է, գումարենք ատոմային էներգետիկան, ապա մեկ մլրդ դոլարի ներդրումային ծրագրեր կան”։ 

Պապոյանը նշեց, որ չի տիրապետում տեղեկության, թե ԱՄՆ–ն հետաքրքրված է Հայաստանի հարավում ուրանի հանքերով։ Չկա տեղեկություն նաև, թե ինչ լայնության տարածք է տրամադրվելու “ԹՐԻՓՓ”-ին, արդյո՞ք խոսքը մի քանի լիկոմետրի մասին է, և ո՞վ է տիրապետելու այդ հիպոպտետիկ տարածքում հայտնված հանքերին։

Անհասկանալի է նաև, Հայաստանը կպահպանի՞ Իրանի հետ անխոչընդոտ ճանապարհը։ Պապոյանը միայն ասաց, որ կքննարկվի Թրամփի հրամանը՝ մաքսատուրքեր սահմանել բոլոր այն երկրների նկատմամբ, որոնք առևտուր կանեն Իրանի հետ. «Վենսի հետ բոլոր հարցերը կքննարկվեն։ Ես ձեզ հավաստիացնում եմ, որ օրակարգում ավելի կարևոր ու ավելի հետաքրքիր հարցեր կան։ Դա էլ է կարևոր, բայց ավելի կարևոր հարցեր կան»։

Ինչ վերաբերում է ԹՐԻՓՓ-ին Ռուսաստանի մասնակցությանը, նա ասաց. «TRIPP–ում երկու կողմ կա՝ ԱՄՆ և Հայաստան»։ Նախարարը ավելացրեց․ «TRIPP-ը արդեն գնացել է, այլևս ոչ ոք չի կարող խանգարել TRIPP—ին»։ Պապոյանը չի պարզաբանել, թե Ռուսաստանը կարո՞ղ է մասնակցել, եթե ոչ թե “խանգարելու”, այլ “օգնելու” առաջարկ ներկայացնի։

Պապոյանը չի հաստատել, որ Հայաստանում ամերիկյան մոդելի մոդուլային ատոմակայան է կառուցվելու, նա ասաց, որ տարբեր երկրների հետ քննարկումներ են ընթանում»։

Կառավարվող սփյուռքի պարադոքսը

russia-artsakh.ru

Բաքվում Արցախի առաջնորդներին ցմահ բանտարկում են: Իսկ Մոսկվայում հայերը բողոքի ակցիա են անցկացնում Հայաստանի դեսպանատան դիմաց։

Ռուսաստանցի մի ընկեր, որը լավ հայտնի է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղին աջակցող իր ելույթներով, գրել է այս հոդվածի հեղինակին.

«Բաքվում արցախցի «անջատողական-ահաբեկիչ-ռազմական հանցագործներին», 65 տարեկանից փոքրերին, դատապարտել են ցմահ ազատազրկման: Իսկ ավելի մեծերին՝ 20 տարվա: Համարեք՝ նույնպես ցմահ բանտարկություն: Մեր կառավարության հետ ամեն ինչ պարզ է: Ես ամաչում եմ դրանց պատճառով։

Բայց որտե՞ղ է ձեր սփյուռքը: Ինչո՞ւ է այն բողոքում միայն Հայաստանի դեսպանատան դիմաց, մինչդեռ ադրբեջանականը հանգիստ և խաղաղ է: Միայն այն պատճառով, որ այստեղ թույլատրվում է (կամ, ավելի ճիշտ, անհրաժեշտ է), բայց այնտեղ կցրե՞ն այն»:

Դա լիովին ճիշտ է: Մարդիկ հավաքվել էին Հայաստանի դեսպանատան մոտ՝ պաստառներով, որ աջակցեն Հայաստանում ձերբակալված հոգևորականներին, ինչպես նաև ռուս գործարար Սամվել Կարապետյանին: Իհարկե, Փաշինյանի ռեժիմի կողմից ձերբակալված հոգևորականներին և բարերարներին պաշտպանելը անհրաժեշտ ձեռնարկում է:

Պարադոքսն այն է, որ հենց նույն օրը՝ Լեռնային Ղարաբաղի հայ ղեկավարների դեմ Բաքվի ֆարս դատավարության անօրինական դատավճռից հետո, Ալիևի նավթային սուլթանության դեսպանատունը դատարկ էր։

Տեսեք, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սիմոնյանի (իհարկե, չափազանց տհաճ կերպար, բայց դա չէ խնդիրը) այցի ժամանակ հավաքված մարդկանց համար Հայաստանի դեսպանատան առջև աղմկելը լիովին ընդունելի էր։ Բայց Ադրբեջանի դեսպանատուն չգնալը՝ բողոքելու Ալիևի նացիստական ​​ռեժիմի պատանդ դարձած Արցախի ղեկավարների նկատմամբ կիրառված հաշվեհարդարների դեմ, ընդունելի չէ։

Ակնհայտ է, որ հանրահավաքի կազմակերպիչներին խնդրել են գնալ Հայաստանի դեսպանատուն։ Եվ պարզ է, թե ով է նրանց խնդրել։ Կարծում եմ՝ նույն մարդն էր, որը զգուշացրել էր նրանց Ալիևի սուլթանության դեսպանատան առջև բողոքի ցույց չանել։

Բնութագրական մանրամասնություն. շաբաթ օրը՝ փետրվարի 7-ին, Հայ Առաքելական Եկեղեցու Տաճարային Համալիրում գտնվող Օլիմպիական պողոտայի «Տապան» հայկական թանգարանում տեղի ունեցավ ղարաբաղցի ռեժիսոր Գևորգ Տեր-Ղազարյանի «Շուշի. անհերքելի փաստեր» վավերագրական ֆիլմի պրեմիերան։

Եկեղեցուց երկու հարյուր մետր հեռավորության վրա գտնվող համալիրում ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ չներկայացավ դիտմանը։

Ինչպես երևում է, նրանք սառել էին նախորդ օրը Հայաստանի դիվանագիտական ​​​​ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ…

Ալեքսանդր ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Վենսի այցի կապակցությամբ արցախցիները վաղն ակցիա կանեն

Փետրվարի 9-ին՝ ժամը 17:00-ին, Հանրապետության հրապարակում՝ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի դիմաց, տեղի կունենա հավաք՝ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների ազատ արձակման պահանջով։

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ հավաքը կազմակերպվում է ԱՄՆ փոխնախագահի՝ Երևան կատարած այցի ընթացքում՝ ԱՄՆ և միջազգային հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ այդ կարևոր հարցին հրավիրելու նպատակով։

«Մենք պարտավոր ենք հստակ և միասնական ուժով բարձրաձայնել, որ յուրաքանչյուր հայ գերի պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակվի։ Գերիների հարցը քաղաքական սակարկության առարկա չէ. այն մարդու հիմնարար իրավունքների և արժանապատվության հարց է։

Կոչ ենք անում բոլորին միանալ հանրահավաքին՝ համերաշխությամբ և պատասխանատվությամբ արտահայտելու մեր պահանջը և ցույց տալու, որ մեր հայրենակիցների ճակատագիրը չի կարող մոռացության մատնվել։

Յուրաքանչյուրի ներկայությունը կարևոր է»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Արտակ Բեգլարյանի և Գեղամ Ստեփանյանի նամակը ԱՄՆ փոխնախագահին

Gegham G. Stepanyan-ի հետ համատեղ նամակ ենք ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ նրա ուշադրությունը հրավիրելով ոչ միայն պատանդների խնդրի, այլ նաև անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզման հարցի վրա։
Ստորև ներկայացնում եմ նամակը, որը Սպիտակ տան պաշտոնական ընթացակարգով ուղարկվել է փոխնախագահ Վենսի գրասենյակ։
Նամակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին
Արցախի (Լեռնային Ղարաբաղի) մարդու իրավունքների պաշտպաններ Գեղամ Ստեփանյանից և Արտակ Բեգլարյանից
Հարգելի՛ պարոն փոխնախագահ,
Մենք ողջունում ենք Ձեր դիվանագիտական առաքելությունը մեր տարածաշրջան։ Այս այցը տեղի է ունենում նախագահ Թրամփի կողմից հաստատված խաղաղության գործընթացի վճռորոշ պահին։ Որպես Արցախի (Լեռնային Ղարաբաղի) մարդու իրավունքների պաշտպաններ՝ մենք շեշտում ենք, որ «Միջազգային խաղաղության և բարօրության Թրամփի ուղու» (TRIPP) հաջողությունը և 2025 թվականի օգոստոսի Վաշինգտոնյան գագաթնաժողովի արդյունքները մեծապես կախված են խորը հումանիտար վերքերի ապաքինումից։
Մինչ քաղաքական համաձայնագրերը նախաստորագրվում են, հարյուրավոր հայ ընտանիքներ, որոնց հարազատներն անհետացել են 2023, 2020 և 1990 թվականների ադրբեջանական ագրեսիաների ժամանակ, շարունակում են մնալ տանջալից անորոշության մեջ։ Անհայտ կորած անձանց հարցում Բաքվի կողմից համագործակցության մշտական բացակայությունը երկրորդական խնդիր չէ. այն տարածաշրջանային լարվածության հիմնական աղբյուրներից է և հարազատների ճակատագիրն իմանալու մարդու հիմնարար իրավունքի կոպտագույն խախտում։
Կայուն խաղաղություն չի կարող կառուցվել «անհայտ ճակատագրերի» հիմքի վրա։ Մենք խնդրում ենք, որ ԱՄՆ վարչակազմը ստանձնի առաջամարտիկի դեր հետևյալ հարցերում.
• Ստեղծել չեզոք, տվյալահեն մեխանիզմ՝ մարտական գործողությունների և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վառելիքի պահեստի պայթյունի ժամանակ անհայտ կորածների գտնվելու վայրը պարզելու և նրանց նույնականացնելու համար։
• Ապահովել լիակատար թափանցիկություն և ադրբեջանական կողմի համագործակցությունն անձանց կամ նրանց աճյունների որոնման և հայրենադարձման հարցում։
• Հստակ հանձնառություն ստանձնել, որ անհայտ կորածների ճակատագրերի հստակեցումը կդիտարկվի որպես անհրաժեշտ պայման տարածաշրջանային նախագծերի լիարժեք իրականացման համար։
Անհայտ կորածների հարցում հստակության անհրաժեշտությանը լրացնում է Բաքվում դեռևս բանտարկված 19 հայերի հրատապ խնդիրը։ Նրանց շարունակվող գերությունը, որն ուղեկցվում է շինծու դատավարություններով և հենց այս ամսում կայացված ցմահ դատավճիռներով, մարդասիրական հստակ խոչընդոտ է, որը պետք է հաղթահարվի։
Այս անձանց ազատության ապահովումը պարզագույն և ամենաարդյունավետ քայլն է, որը Միացյալ Նահանգները կարող է իրականացնել՝ ապացուցելու համար, որ խաղաղության այս գործընթացը խարսխված է արդարության, այլ ոչ թե լոկ հարմարվողականության վրա։ Սա հանրային վստահություն ձևավորելու ամենաուղիղ և կարճ ճանապարհն է, որպեսզի հայ ժողովուրդը հավատա խաղաղության օրակարգին։ Առանց այս հիմնարար մարդասիրական քայլերի, տարածաշրջանային ենթակառուցվածքային նախագծերը կզրկվեն երկարատև կայունության համար անհրաժեշտ հասարակական հիմքից։
Նախագահ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ իսկական կայունությունը կառուցվում է ուժի և հստակ բարոյական հանձնառությունների միջոցով, հատկապես երբ խոսքը վերաբերում է խոցելի բնակչության և կրոնական ժառանգության պաշտպանությանը։ Ձեր ներկայությունը Հարավային Կովկասում հզոր ազդակ է առ այն, որ Միացյալ Նահանգները մտադիր է առաջնորդել այս միջնորդությունը դեպի վերջնական, արդար և արժանապատիվ խաղաղություն։
Մենք հորդորում ենք Ձեզ անհայտ կորածների հարցի հանգուցալուծումը և բոլոր հայ գերիների ազատ արձակումը դարձնել Բաքվում Ձեր քննարկումների առանցքային թեմաները:
_______
Գեղամ Ստեփանյան
Արտակ Բեգլարյան

“Արցախ”-ը հնչել է և կհնչի Օլիմպիական խաղերում

Կոմպոզիտոր Արա Գևորգյանը պաշտոնապես թույլատրել է, որ օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինն ու Կարինե Ակոպովան ելույթ ունենան «Արցախ» ստեղծագործության ներքո։
Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է հայտնել ձմեռային օլիմպիական խաղերում այդ ստեղծագործությունն օգտագործելու կապակցությամբ: Ու թեև «Արցախը» պարզապես երաժշտություն է` առանց բառերի, Բաքվում կարծում են, որ այն «քաղաքական և անջատողական ենթատեքստ» ունի։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի բողոքին, ապա Արա Գևորգյանը կարծում է, որ նրանց դուր չի գալիս ստեղծագործության անվանումը։
«Երևի վերնագիրը դուրները չի գալիս։ Ասում են` Արցախ չկա, ուրեմն այդ երաժշտության անունն էլ պետք է չլինի՞։ Այդպես չէ, ես համաձայն չեմ։ Ես ստեղծագործություններ ունեմ` Վան, Մուշ, Արարատ, Սիս, Ադանա, Վաղարշապատ, Ադանա… Հիմա ի՞նչ, վերնագրերը պետք է բռնենք ու փոխե՞նք։ Հեղինակի իրավունքն է, ինչ ուզում է, այդ անունն էլ դնում է իր ստեղծագործությանը»,– ասաց կոմպոզիտորը։
Արա Գևորգյանն ուրախ է ու հպարտ, որ Նիկիտա Ռախմանինը և Կարինա Ակոպովան հանդես են գալու իր «Արցախ» ստեղծագործության ներքո։
«Մեր գեղասահորդները շատ լավ երաժշտություն են ընտրել։ Այդ երաժշտությունը շատ «խերով» է, շատ մարզիկներ են այդ երաժշտությամբ ներկայացել ու հաղթել են կամ շատ լավ տեղ զբաղեցրել»,– ասաց նա։
Գևորգյանը հիշեցրեց, որ «Արցախ» երաժշտությունը արդեն 4-րդ օլիմպիական խաղերի ժամանակ է հնչելու, առաջինը՝ 2002-ին Սոլթ Լեյք Սիթիում, 2006-ին՝ Թուրինի օլիմպիական խաղերում, 2016-ին՝ Ռիո դե Ժանեյրոյում, չորրորդն էլ՝ հիմա։

Աբխազիան մերժո՞ւմ է ռուսական անձնագրերը

Աբխազիայում ռուսական ներքին անձնագրեր և վարորդական իրավունքներ տրամադրող գրասենյակները դադարեցնում են իրենց գործունեությունը աբխազ պատգամավորների կողմից «իրենց գործունեության օրինականությունը կասկածի տակ դնող» հայտարարությունների պատճառով, հայտարարել է Ռուսաստանի դեսպանատունը։

«Ռուսական կողմը, որը հարգում է անկախ Աբխազիայի Հանրապետության ինքնիշխանությունը, ստիպված կլինի դադարեցնել գործունեությունը։ Այս առումով, Աբխազիայի Հանրապետության քաղաքացիներին այդ փաստաթղթերի տրամադրումը կտեղափոխվի Ռուսաստանի Դաշնության տարածք», – հայտարարել է Ռուսաստանի դեսպանատունը։

Փետրվարի 4-ին Աբխազիայի Ժողովրդական ժողովում տեղի է ունեցել Պաշտպանության և ազգային անվտանգության կոմիտեի փակ նիստ, որտեղ տեղի է ունեցել «կարծիքների փոխանակում» Ներքին գործերի նախարարության գործունեության և ռուսական անձնագրերի ու վարորդական իրավունքների տրամադրման վերաբերյալ։

Նախագահ Վլադիմիր Պուտինը 2025 թվականի գարնանը հրամանագիր է ստորագրել, որը պարզեցնում է Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիների համար Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը: Փաստաթղթի համաձայն, երկու պետությունների յուրաքանչյուր չափահաս բնակիչ, որը մինչև 2008 թվականի օգոստոսի 26-ը ունեցել է իրենց համապատասխան երկրների քաղաքացիություն, իրավունք ունի ռուսական անձնագիր ստանալու: Անցյալ տարվա հուլիսին Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը հնարավորություն է տալիս Աբխազիայում և Հարավային Օսիայում ռուսական անձնագրեր ստանալ մինչև 2028 թվականի օգոստոսը։

Վրաստանից անջատված Աբխազիան 1992 թվականից դիմադրել է Ռուսաստանի փորձերին՝ կլանելու նորանկախ երկիրը: Չնայած Մոսկվան ճանաչել է Աբխազիայի անկախությունը 2008 թվականին, նրա իրական քաղաքականությունը առաջնորդվում է մետրոպոլիայի սկզբունքով: Աբխազական հասարակությունը դիմադրում է Մոսկվայի փորձերին՝ Աբխազիայում սեփականություն ձեռք բերելու հարցում: Անցյալ տարի Աբխազիայի խորհրդարանը որոշ զիջումների է գնացել Ռուսաստանին, այն բանից հետո, երբ Ռուսաստանը մի քանի ամսով դադարեցրել է աշխատավարձերի և կենսաթոշակների վճարումը աբխազ քաղաքացիներին, որոնցից գրեթե բոլորը կրկնակի քաղաքացիություն ունեն։

Այժմ, երբ տարածաշրջանային լանդշաֆտը փոխվում է, Ռուսաստանի և Վրաստանի միջև կարող է իմաստալից երկխոսություն սկսվել՝ Միացյալ Նահանգների միջնորդությամբ, Աբխազիայի հարցը դառնում է ավելի արդիական։

Վաղը ԱՄՆ փոխնախագահ Վենսը կայցելի Հայաստան․ ո՞րն է ԱՄՆ նպատակը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան կժամանի փետրվարի 9-ին՝ այցի շրջանակում կենտրոնանալով տարածաշրջանում առևտրի, ներդրումների և ենթակառուցվածքների վրա։ Այցի առանցքում է «Թրամփի երթուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity, TRIPP), այն նախատեսում է 43 կիլոմետրանոց ավտոմոբիլային և երկաթուղային երթուղի Հայաստանի տարածքով։

Թեկուզ նշվում է, որ այն կբացի “նոր՝ Ռուսաստանն ու Իրանը շրջանցող արևելք–արևմուտք առևտրային ուղի”, իրականում արդեն քննարկվում է Ռուսաստանի մասնակցությունը այդ ճանապարհին: Իսկ ԱՄՆ-Իրան բանակցություններից կախված հնարավոր կլինի խոսել նաև Իրանի մասնակցության մասին։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ԱՄՆ-ը կարծես այդքան էլ հակված չէ ճանապարհը փոխանցել Թուրքիային և այդ երկիրը դարձնել Մեծ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի “մետրոպոլիա”։ 

Այդ առումով վերլուծաբանները դժվարանում են հստակ գնահատել “Թրամփի ճանապարհի” ամերիկյան իրական նպատակները։ Արդյո՞ք ԱՄՆ-ը Հայաստանի հարավը դիտարկում է որպես մեծ տարածաշրջանում իր քաղաքականության պլացդարմ։ Եւ արդյո՞ք նվազում է Իսրայելի դերը։

Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի ավագ վերլուծաբան Ջոշուա Կուչերան Ազատությանն ասել է․ “Տարածաշրջանում շատերը նաև կհետևեն՝ տեսնելու, թե արդյոք Վենսը կազդարարի ԱՄՆ-ի ներգրավվածության խորացում հակամարտության կարգավորման գործընթացում»։

Դոնալդ Թրամփը հունվարի վերջին նշել է. «Մենք կխորացնենք մեր ռազմավարական գործընկերությունն Ադրբեջանի հետ, կկնքենք խաղաղ միջուկային համագործակցության հիանալի համաձայնագիր Հայաստանի հետ, պայմանագրեր մեր կիսահաղորդիչներ արտադրողների համար, Ադրբեջանին կվաճառենք ԱՄՆ-ում արտադրված պաշտպանական սարքավորումներ, ինչպիսիք են զրահաբաճկոններն ու նավակները և ավելին»:

Վենսը կլինի ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան, ով երբևէ այցելել է Հայաստան։

Վենսի այցից առաջ Հայաստանը նաև ազդակներ է ուղարկել, որ հակված է ընտրելու ամերիկյան ընկերություն, որը կկառուցի նոր միջուկային ռեակտոր՝ փոխարինելու ռուսական արտադրության արդեն հնացած Մեծամորի կայանը, գրում է Ազատությունը։

Սակայն Հայաստանի քաղաքական ուժերըն արդեն կտրականապես դեմ են արտահայտվել Մեծամորի ատոմակայանի հնարավոր փակմանը, նշելով ՀԱԷԿ-ի և էներգետիկ, և քաղաքական ռազմավարական նշանակությունը։

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նշել է, որ ընտրել են մոդուլային տարբերակը, որպեսզի լրացուցիչ ճկունություն ապահովեն Հայաստանի էներգետիկ համակարգում. այս տեխնոլոգիայի ոլորտում ամերիկյան ընկերությունները համարվում են առաջատար։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանն առաջարկել է Հաայատսանին նոր ատոմակայան կառուցել։ Նման առաջարկներ եղել են նաև Ֆրանսիայից և Չինաստանից։

ԱՄՆ-ն շահագռգրված է նաև Հայաաստանի օգտակար հանածոներով, որոնք ևս կենտրոնացված են երկրի հարավում։ Քանի որ դեռ պարզ չէ, թե ինչ լայնություն կունենա Թրամփի ճանապարհը (խոսք կարող է լինել մի քանի կիլոմետրի մասին), ապա հայտնի չէ, թե ո՞ր հանքերը կմնան “ճանապարհի” տարածքում։

Փետրվարի 4-ին Վենսը ներկայացրել է ծրագրեր՝ ԱՄՆ-ի գործընկերներին համախմբելու օգտակար հանածոների համար արտոնյալ առևտրային բլոկի շրջանակում՝ առաջարկելով համակարգված նվազագույն գների սահմանում։ Հանածոների շուրջ 50 ապրանքների խումբ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը գնահատել է որպես երկրի ազգային և տնտեսական անվտանգության համար կենսական։։

Այդ հարցով ԱՄՆ նոր նախաձեռնության մեկնարկին Վաշինգտոնում անցկացված միջոցառմանը մասնակցած 55 երկրների թվում էին նաև Հայաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի ներկայացուցիչները։

Սպասվում են կարճատև տեղումներ

Հանրապետության տարածքում փետրվարի 8-ի ցերեկը, 9-13-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վ, փետրվարի 8-ի ցերեկը, 9-10-ն առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 10-11-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, 12-13-ը նույնքան կբարձրանա։

Երևանում փետրվարի 8-ին կեսօրից հետո դեպի երեկո, 9-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Ուկրաինայի նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ մայիսին. Reuters

Ուկրաինան կարող է նոր նախագահական ընտրություններ անցկացնել 2026 թվականի մայիսին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Կիևի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցություններին ծանոթ անանուն աղբյուրներին, որտեղ քննարկվում են ուկրաինական ընտրությունները:

Reuters-ի տվյալներով՝ մայիսին Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրություններին զուգահեռ նախատեսվում է անցկացնել ազգային հանրաքվե: Հանրաքվեն նախատեսվում է հարցնել ուկրաինացիների կարծիքը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ, որը, ըստ ԱՄՆ-ի, շուտով կկնքվի։

Դոնեցկի մարզում ազատ տնտեսական գոտու գաղափարը նոր տարր դարձավ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև փետրվարի 4-ին և 5-ին Աբու Դաբիում կայացած բանակցություններում: Մոսկվան առաջին անգամ պատրաստակամություն հայտնեց քննարկել այս հարցը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին հայտարարել է ուկրաինական բանակցային թիմի զեկույցից հետո, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։

Զելենսկին նշել է, որ խոսքը վերաբերում է պոտենցիալ «գոտուն», որի մի մասը օկուպացված է Ռուսաստանի կողմից, իսկ մյուսները՝ ուկրաինական վերահսկողության տակ: «Սա մեր հողն է»: Մենք այն չենք ճանաչելու որպես ռուսական, նույնիսկ եթե դա ազատ տնտեսական գոտի լինի», – ասել է երկրի ղեկավարը:

«Սա աջակցության ծրագրերի դադարեցման ուղղակի հետևանք է»

Հազարավոր ընտանիքներ այսօր գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում՝ առանց կայուն եկամտի, առանց սոցիալական պաշտպանվածության և առանց վստահության իրենց ապագայի նկատմամբ։ Այս մասին ֆեյսբուքի էր էջում գրել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։

«Մարդկանց մեծ մասը աշխատում է բացառապես բնակվարձը վճարելու համար, իսկ սնունդը, բուժումը և նույնիսկ տարրական կենցաղային կարիքները հաճախ մնում են չլուծված։ Սա ոչ միայն արժանապատիվ կյանքի նվազագույն պայմանների խախտում է, այլև աջակցության ծրագրերի դադարեցման ուղղակի հետևանք։ Ստեղծված ճգնաժամը արդյունք է այն քաղաքականության, որի շրջանակում որոշումները կայացվել են առանց ժողովրդի հետ հաշվի նստելու և առանց դրանց սոցիալական ու առողջական հետևանքների գնահատման։ Արդյունքում՝ մարդիկ կանգնած են ոչ միայն սոցիալական ծանր վիճակի, այլև առողջական լուրջ խնդիրների առաջ։

Մարդկանց սոցիալական վիճակը օրեցօր վատանում է, իսկ պետական քաղաքականության մեջ առկա անորոշությունն ու անգործությունը խորացնում են խնդիրները։ Անհապաղ անհրաժեշտ է վերանայել գործող մոտեցումները, վերականգնել կամ փոխարինել դադարեցված աջակցության ծրագրերը իրական, արդյունավետ մեխանիզմներով և ապահովել համակարգված, կայուն լուծումներ։ Այսպես շարունակվել չի կարող։ Սոցիալական անտարբերությունը չի կարող և չպետք է դառնա պետական քաղաքականություն»,- գրել է նա։

ԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են մարտին խաղաղության հասնելու հարցը

Վաշինգտոնն ու Կիևը քննարկել են Ուկրաինայում հակամարտությունը հաջորդ ամիս ավարտելու հնարավորությունը, հաղորդում է Reuters-ը։ Դրա համար անհրաժեշտ կլինի հանրաքվե և ընտրություններ անցկացնել երկրում։ Գործակալության մեկ այլ աղբյուր այս ժամկետը անիրատեսական է անվանել։

Քննարկվող ծրագրի համաձայն՝ ցանկացած համաձայնագիր կներկայացվի ուկրաինացի ընտրողների կողմից հանրաքվեի, ովքեր միաժամանակ կմասնակցեն ազգային ընտրություններին։ Երկու աղբյուրներ հայտնել են, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պաշտոնյաները քննարկել են այդ քվեարկությունները մայիսին անցկացնելու հնարավորությունը։

Թրամփ. Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում։ Արաղչի. Սա լավ սկիզբ է

ԱՄՆ-ի և Իրանի միջև Օմանի միջնորդությամբ անուղղակի բանակցությունները կշարունակվեն հանգստյան օրերից հետո, և առաջին փուլը «շատ լավ» է անցել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս հայտարարություններն արել է փետրվարի 6-ի երեկոյան՝ Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ խոսելով։

«Մենք շատ լավ բանակցություններ ունեցանք Իրանի վերաբերյալ։ Իրանը, կարծես, շատ հետաքրքրված է համաձայնության հասնելու հարցում։ Կտեսնենք, թե ինչպիսին կլինի այդ համաձայնագիրը», – ասել է Թրամփը։ Այնուհետև նա հիշեցրել է, որ ամերիկյան «մեծ նավատորմը» ուղևորվում է Մերձավոր Արևելք։

Համաձայնության հասնելու սպասվող մոտավոր ժամանակացույցի մասին լրագրողի հաջորդ հարցին ի պատասխան՝ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ն «բավականին ժամանակ ունի»՝ հղում անելով Վենեսուելային, որը մի քանի շաբաթ գտնվում էր ԱՄՆ շրջափակման տակ, նախքան ԱՄՆ ուժերը առևանգեցին և տարհանեցին նրա առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին։ «Մենք որոշ ժամանակ սպասել ենք», – նշել է Թրամփը այս համատեքստում։ «Շտապողականություն չկա»։

Միևնույն ժամանակ, Թրամփը սպառնաց պատժիչ մաքսատուրքեր սահմանել Իրանի առևտրային գործընկերների նկատմամբ: Նախագահի կողմից ստորագրված գործադիր հրամանագրի համաձայն՝ մաքսատուրքեր կարող են սահմանվել ԱՄՆ ներմուծվող ապրանքների վրա այն երկրներից, որոնք ապրանքներ կամ ծառայություններ են գնում Իրանից: Սպիտակ տան ղեկավարը կոնկրետ երկրներ չի անվանել, բայց որպես օրինակ բերել է 25% մաքսատուրքը։

Օմանի միջնորդների միջոցով պատվիրակությունների շփումից հետո, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հանդիպումը տեղի է ունեցել «դրական մթնոլորտում», և երկու երկրների դիվանագետները համաձայնել են շարունակել քննարկումը: Սակայն, Արաղչին ընդգծել է, որ քննարկումները կենտրոնացած են եղել բացառապես «միջուկային հարցի» վրա։

Արաղչիի խոսքով՝ Մասկատում անուղղակի հանդիպումից հետո երկու երկրների պատվիրակությունները կվերադառնան իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների համար։