Մենք կանք․ Տարվա ընթացքում իրականացրել է 60-ից ավելի համերգներ, փառատոներ

«Արցախյան մշակույթի պահպանության կենտրոն» ՀԿ-ն ամփոփել է 2025 թվականը

ՙՙ2025 թվականը «Արցախյան մշակույթի պահպանության կենտրոն» ՀԿ-ի համար հեշտ տարի չէր։ Հայրենազրկման շարունակականությունը, արցախցիների ցրվածությունը և մշակութային միջավայրի կորուստը արցախյան մշակույթը դրեցին առավել խոցելի վիճակում։ Սակայն կազմակերպության առաքելությունը մնաց անփոփոխ՝ պահպանել կենդանի մշակույթը և այն դարձնել բոլոր հայերի սեփականությունը։

Տարվա ընթացքում կազմակերպությունը իրականացրել է 60-ից ավելի միջոցառում՝ համերգներ, փառատոներ, մշակութային նախաձեռնություններ՝ հատկապես Հայաստանի մարզերում և սահմանամերձ համայնքներում։ Այս ծրագրերով ոչ միայն պահպանվել է արցախյան մշակութային ներկայությունը, այլև աշխուժացվել է մարզերի մշակութային կյանքը։

2025-ը հիշվեց նաև միջազգային ներկայությամբ․

Արցախի պարի պետական համույթը հյուրախաղերով հանդես եկավ ԱՄՆ-ում՝ «Armenia Fund»-ի հրավերով, իսկ Իտալիայում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում անցկացվող միջազգային փառատոնում ներկայացան Արցախի ազգային նվագարանների նվագախումբը և Արցախի պարի պետական համույթը։

Մշակույթի միջոցով հնարավոր եղավ միջազգային հարթակներում ներկայացնել ոչ միայն արվեստը, այլ նաև Արցախի ճշմարիտ պատմությունը։

Սակայն մարտահրավերները շարունակում են խորանալ։ Արցախի մշակութային կոլեկտիվների մեծ մասը մինչ այսօր կայուն ֆինանսավորում և գործունեության նվազագույն պայմաններ չունի։ Շատերն աշխատում են տարբեր ոլորտներում՝ պարզապես գոյատևելու համար, իսկ բեմը դարձել է ոչ թե առօրյա, այլ հազվադեպ հանդիպում։

Այդուհանդերձ, կազմակերպությունը չի թուլացնում իր ջանքերը։ Առաջնահերթությունը նույնն է՝ պահպանել և հանրահռչակել արցախյան ոչ նյութական մշակութային ժառանգությունը։

Ամանորից անմիջապես հետո՝ հունվարի 18-ին

Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կայացավ  «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագիրը կրող լայնածավալ միջոցառում, որն իր շուրջը համախմբեց մեր բազմաթիվ հայրենակիցների։

Այն հիշեցում էր, որ մշակույթը դեռ ապրում է։ Եվ քանի դեռ այն ապրում է՝

ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ։՚՚

Նահանջի հրաման էր արձակվել․ Ջրականից տղաները նահանջում են Սարուշեն գյուղը

Արայիկ Վարուժանի Ղահրամանյանը ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 12-ին, Ստեփանակերտ քաղաքում։ Արայիկը մեկն է այն հազարավորներից, որ զոհվել է 2020 թվականի 44-օրյա պատերազմում՝ նվիրաբերելով իր մատաղ կյանքը հայրենիքի պաշտպանությանը։

Մայրը՝ Մարինեն, պատմում է

-Աշխույժ, ժիր, մի քիչ չարաճճի երեխա էր։ Դպրոցում լավ էր սովորում․ մեծին հարգել, սիրել գիտեր։ Բնավորության մեջ դրական շատ հատկություններ ուներ, որոնք հետագայում օգնեցին լավ ընկերներ ու շրջապատ ձեռք բերելու։ Արայիկը սիրում էր կիսվել՝ իր ուրախությամբ, նոր գաղափարներով, մտահոգություններով։ Շատ ընկերասեր էր, ազնիվ ու միշտ շրջապատված ընկերներով։

Մեր ընտանիքը, կարելի է ասել, զինվորականների ընտանիք է։ Ամուսինս ամբողջ կյանքում ծառայել է ԱՀ ՊԲ-ում։ Այժմ զինվորական թոշակառու է։ Ավագ որդիս՝ Հարութը, ռազմական բժիշկ է։ Ուսումը ստացել է Երևանում։

Արայիկը դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի «Նարեկացի» համալսարանի «Զինվորական ֆիզկուլտուրա» բաժինը։ 2018 թվականի հունվարին զորակոչվել է ԱՀ ՊԲ շարքերը։ Ծառայությունն անց էր կացնում Ջրականում՝ 5-րդ գումարտակում։ 6 ամիս հետո նրան ուղարկում են Երևանի զորամասերից մեկում սովորելու կապավորի գործը։ Մի քանի ամիս հետո որդիս վերադառնում է՝ որպես կապավոր-սերժանտ։ Ծառայության ընթացքում մի քանի անգամ նամակ ենք ստացել նրա զորամասից։  Տեղեկացնում էին, որ մեր որդին անբասիր և օրինակելի ծառայություն է իրականացնում։ Մեր հպարտությանը չափ ու սահման չկար։

Երբ 2020-ի սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսվեց պատերազմը, Արայիկն իր 17՝ նորակոչիկ, զինովորների հետ էր ու նրանց հետ մնաց մինչև վերջ։ Բոլորս գիտեինք արդեն, որ Ջրականում սարսափելի իրավիճակ էր։ Հարյուրավոր տղաներ էին զոհվում։

․․․Հավանաբար նահանջի հրաման էր արձակվել․ Ջրականից տղաները նահանջում են Սարուշեն գյուղը։ Երբ լսեցի, որ որդիս Սարուշենում է, տեղս չէի կարողանում գտնել, անհապաղ ուզում էի տեսնել նրան։ Ամուսնուս հետ գնացինք այնտեղ։ Չէր թողնում գրկեմ, համբուրեմ, ասելով՝ տղաների ծնողները հեռու են, մի՞թե նրանք չեն ցանկանա մայրերի գրկում հայտնվել։ Որդիս ասես միանգամից հասունացել էր․ հետո հասկացա, որ պատերազմն իրենն արել է․ ինչե՜ր ասես, որ չի տեսել։

Հոկտեմբերի 29-ի լուսադեմին հրահանգվում է մեկնել Քերթ գյուղը։ Զինվորական երկու մեքենաներ հայտնվում են թշնամու անօդաչուների թիրախում։ Երբ լսում ենք սարսափելի դեպքի մասին, սկսում ենք ամենուր փնտրել մեր որդուն։ Նկարը ձեռքիս վազում եմ Ստեփանակերտի հոսպիտալ ու ցույց տալիս զինվորներին․ գո՞ւցե տեսնող է եղել։ Մի տղա մոտենում է ինձ ու ասում՝ ձեր որդին այդ մեքենայում չէր, ես բոլորի դեմքերը լավ հիշում եմ։ Մի փոքր հույսով եմ լցվում, սակայն զուր էր իմ հուսալը։ Որդիս մյուս մեքենայի մեջ էր։ Նրանց մեքենայից մի հոգի է փրկվել, քանի որ դրսում էր ու չէր հասցրել նստել մեքենան։ Այդ տղային ալքիը մի կողմ է շպրտել։

Որդուս մարմինը, սակայն, չէինք գտնում։ Նոյեմբերի սկիզբն էր․ մենք ապաստան էինք գտել եկեղեցու նկուղում, որտեղ այդ օրերին միայն տղամարդիկ էին, քանի որ պատերազմի ելքն արդեն պարզ էր։ Ինձ հորդորում էին որդուս Հայաստանում գտնել․ փնտրտուքներն արդյունք չէին տալիս։

Նոյեմբերի 7-ին մեկնեցինք Երևան ու շարունակեցինք շրջել Հայաստանի հիվանդանոցներով, դիահերձարաններով։ Այդ ընթացքում նույնականացման համար 10 անգամ արյան անալիզ եմ հանձնել։ Դատաբժշկականում ասում էին՝ կգտնենք։ Դեկտեմբերի 3-ին ինձ զանգահարում են  ու ասում, որ գտել են որդուս։ Անմիջապես գնում ենք այնտեղ, ու այդ պահին մի կին մոտենում է ինձ ու արտասվելով ասում՝ երանի քեզ, գտար զավակիդ։ Երբեք չեմ մոռանա այդ պահը․ որդեկորույս մայրը երանի է տալիս որդու աճյունը գտած մորը․․․

Արայիկին հուղարկավորում ենք դեկտեմբերի 5-ին՝ Եռաբլուրում։ Հիմա եմ հասկանում, որ ճիշտ որոշում ենք կայացրել ու նրան թողել այստեղ․ այլապես չէինք դիմանա։

 Արայիկ Վարուժանի Ղահրամանյանը հետմահու արժանացել է «Մարտական խաչ երկրորդ աստիճանի» և «Մարտական ծառայության» մեդալների։

Փառք ու պատիվ քեզ, հերոս հայորդի։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Արցախի թեմի առաջնորդը դիմել է Ջեյմս Դեյվիդ Վենսին

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նամակով դիմել է ԱՄՆ փոխնախագահ պարոն Ջեյմս Դեյվիդ Վենսին: Ստորև ներկայացնում ենք նամակի բովանդակությունը.

Մեծարգո պարոն փոխնախագահ,

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի և այն հավատացյալների անունից, որոնց ես ծառայում եմ որպես առաջնորդ, Ձեզ եմ հղում իմ խորին հարգանքն ու երախտագիտությունը Միացյալ Նահանգների՝ Հարավային Կովկասում խաղաղության և մարդկային արժանապատվության պահպանմանն ուղղված երկարամյա հանձնառության համար։ Այսօր Ձեզ գրում եմ ոչ միայն որպես հոգևոր առաջնորդ, այլև որպես հովիվ՝ տեղահանված հոտի, որի պատմական եկեղեցիները, հազարամյա կրոնական հուշակոթողներն ու սրբավայրերը ներկայումս գտնվում են լուրջ վտանգի ներքո։ Բաքվի բանտում ապօրինաբար դեռևս պահվում են մեր հայրենակիցները, որոնք պատանդ են վերցվել 2023 թ․ սեպտեմբերի 20-ի պաշտոնական զինադադարից և Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի իշխանությունների ստորագրած պայմանագրից հետո։ Բացի դրանից, մենք ունենք բազմաթիվ անհետ կորածներ վերջին Արցախյան պատերազմից։

Այս վճռորոշ պահին դիմում եմ Ձեզ մեծ հույսերով՝ խնդրելով Ձեր անհապաղ բարոյական և դիվանագիտական առաջնորդությունը երկու՝ խորապես մարդասիրական և հոգևոր նշանակության հարցերում։

I. Հայ ռազմագերիների և պատանդների վերադարձը, ինչպես նաև՝ անհետ կորածների կամ նրանց աճյունների որոնումը

2023 թ․ սեպտեմբերի ռազմական գործողություններից հետո կալանքի մեջ մնացող հայ գերիների ճակատագիրը մեծ ցավ է պատճառում մեր համայնքներին և խոր վերք հասցնում անհետ կորածների ընտանիքներին։ Թեպետ վերջին շաբաթներին արձանագրվել են որոշ ազատ արձակումներ, վստահելի աղբյուրները վկայում են, որ բազմաթիվ հայ տղամարդիկ և կանայք շարունակում են պահվել առանց թափանցիկ իրավական գործընթացների և, որոշ դեպքերում, առանց կանոնավոր կապի թե՛ անկախ դիտորդների, թե՛ իրենց ընտանիքների հետ, որոնք որևէ լուրի սպասման մեջ են։ Այս ընտանիքների ապրած անորոշությունն ու տառապանքը պահանջում են անհապաղ միջազգային ուշադրություն և մարդասիրական միջամտություն։ Հարգանքով խնդրում եմ, որ Միացյալ Նահանգների իշխանությունն իր ազդեցությունն օգտագործի՝ կոչ անելով Ադրբեջանի ղեկավարությանը՝ երաշխավորել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի և այլ անաչառ դիտորդական կառույցների անհապաղ և անխոչընդոտ մուտքը անազատության մեջ պահվող բոլոր անձանց մոտ։ Որովհետև ինչպես Տերն է խոստանում Իր ժողովրդին՝ «Ես կ՚երևամ ձեզ, և կվերացնեմ ձեր գերությունը» (Երեմ. 29։14)։

II. Արցախի թեմի եկեղեցիների, քրիստոնեական հուշակոթողների և պատմական գերեզմանների ոչնչացումը, որը մաս է կազմում համաշխարհային կրոնական ժառանգության

Արցախի մեր հնագույն եկեղեցիները, վանքերը, գերեզմանատները և հուշարձանները, որոնք այսօր կանգնած են լուրջ վտանգի առջև և օրեցօր ոչնչացվում են, անբաժանելի մասն են քրիստոնեական աշխարհի նյութական և հոգևոր ժառանգության։ Անկախ փորձագետները և հեղինակավոր դիտորդները փաստագրել են հայկական կրոնական և մշակութային վայրերի վնասումն ու ոչնչացումն այն տարածքներում, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո։ Շուշի քաղաքի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ Ժամ) և Մոխրենեսի 18-րդ դարի Սուրբ Սարգիս եկեղեցին ընդամենը երկու օրինակ են արդեն հողին հավասարեցված սրբավայրերից։ Այս վայրերը միայն ազգային խորհրդանիշներ չեն. դրանք կենդանի վկայություններ են տարածաշրջանի քրիստոնեական ժառանգության և բազմաթիվ ժողովուրդների համատեղ պատմության մասին։ Ուստի մեր ողջ հավատացյալների դասի և հոգևորական եղբայրների անունից դիմում եմ Ձեզ՝ հորդորելով նպաստել մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված անհապաղ քայլերին՝ թույլատրելով և խթանելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ անաչառ գիտական ու մշակութային կառույցների միջազգային մոնիթորինգը և փաստագրումը՝ ապահովելով անսահմանափակ մուտք փորձագետների և անկախ լրագրողների համար, ինչպես նաև աջակցելով սրբավայրերի երկարաժամկետ պահպանության և վերականգնման նախաձեռնություններին։

Ես վստահ եմ, որ Ձեր այցը Հայաստան, ինչպես նաև Ձեր բարոյական հեղինակությունը՝ որպես Միացյալ Նահանգների փոխնախագահ, ներկայացնում են բացառիկ հնարավորություն՝ առաջ մղելու հրատապ մարդասիրական լուծումներ վերոնշյալ խնդիրներում։ Հնարավորության դեպքում խորապես կգնահատեմ Ձեզ կամ Ձեր պատվիրակության բարձրաստիճան անդամներից մեկին հանդիպելու առիթը՝ անձամբ ներկայացնելու նշված ընտանիքների, հոգևորականների և տեղական համայնքների վկայությունները, և քննարկելու այն կոնկրետ քայլերը, որոնք կարող են իրականացվել առաջիկա ամիսներին։

Աղոթում եմ, որ մարդու իրավունքներին, արդարության և գթասրտության սկզբունքներին Ձեր հավատարմությունը նպաստի վշտահար ընտանիքների ցավի թեթևացմանը և այն սրբազան ժառանգության պահպանմանը, որը պատկանում է ողջ քրիստոնեական համայնքին և ամբողջ մարդկությանը։

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում քննարկե՞լ է Նախիջևանի հարցը և Կարսի պայմանագիրը

Սևրի պայմանագրի քարտեզը

Հայ-ռուսական «համագործակցությունը» վերահաստատելու համար Մոսկվա ուղարկված ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը զրուցել է Վալենտինա Մատվիենկոյի և Սերգեյ Լավրովի, ինչպես նաև «Ռոսատոմ»-ի ղեկավարի և այլ կարևոր դեմքերի հետ: Այցի հիմնական ուղերձն այն էր, որ Հայաստանը մտադիր չէ դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), որ դեռևս կան խնդիրներ ՀԱՊԿ-ի հետ (չնայած ի՞նչ է ՀԱՊԿ-ն), որ Ռուսաստանը կարող է միանալ տարածաշրջանը ապաշրջափակելու ամերիկյան ծրագրին, և որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը այժմ ունեն ընդհանուր հակառակորդ տարածաշրջանում՝ ԵՄ-ն:

Այնուամենայնիվ, սրանք բոլորը տեխնիկական հարցեր են, որոնք չեն անդրադառնում 100 տարի առաջ Ռուսաստանի և Թուրքիայի միջև Հայաստանի բաժանման հիմքերին: 1921 թվականի Կարսի պայմանագիրն է մնում այդ հիմքը, և անհրաժեշտ է որոշել, թե արդյոք այս պայմանագիրը գոյություն ունի, թե ոչ: Հայաստանը պետք է առաջինը բարձրացնի այս հարցը, քանի որ այն պայմանագրի առարկան էր, և հենց Հայաստանն է բաժանված Ռուսաստանի և Թուրքիայի միջև:

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում քննարկե՞լ է Կարսի պայմանագիրը: Հիշեցնենք, որ 2011 թվականին պայմանագրի 90-ամյակի առթիվ Էրդողանը հատուկ այց կատարեց Մոսկվա և Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ վերահաստատեց, որ Կարսի պայմանագիրը ուժի մեջ է մնում։ Այն ուժի մեջ է մնում մինչ օրս, չնայած հայկական իշխանությունների փորձերին՝ ձևացնել, թե այլևս Հայաստանն է որոշում իր սահմանները։

Մինչդեռ, Սիմոնյանի Մոսկվա այցից մեկ օր առաջ տեղեկություն հայտնվեց, որ Նախիջևանը իր Սահմանադրությունից հանել է 1921 թվականի ռուս-թուրքական Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հղումը։ Հենց այդ պայմանագրերով է, որ Հայաստանի մաս կազմող Նախիջևանը հայտնվել է Ադրբեջանի ժամանակավոր պրոտեկտորատի ներքո։ Եւ հենց այն պատճառով, որ Արցախը չէր ընդգրկվել այս պայմանագրում, 1989 թվականին հնարավոր դարձավ հայտարարել Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին։

Հայաստանում Կարսի պայմանագրի և 1989 թվականի որոշման հարցը խորը տաբուի տակ է․ բոլորը ձևացնում են, թե դրանք հնացած և չգործող փաստաթղթեր են։ Միայն մի քանի մասնագետներ են համառորեն նշում, որ Հայաստանի և տարածաշրջանի երկրների ներկայիս սահմանները հիմնված են Կարսի պայմանագրի և հայերի 1989 թվականի միակ ինքնիշխան որոշման, այլ ոչ թե հայտնի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։

Տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն կամ օրինականացում չի կարող իրականացվել առանց երկու հիմնարար փաստաթղթերի՝ Կարսի պայմանագրի և Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի որոշման։

Ահա թե ինչու Բաքուն և Անկարան պահանջում են դրանց չեղյալ հայտարարումը՝ ընդունելով, որ մինչև այս փաստաթղթերի չեղյալ հայտարարումը, տարածաշրջանի բանալիները Հայաստանում են։

Ոչ պաշտոնական Երևանը, ոչ էլ Մոսկվան չեն մեկնաբանել Կարսի պայմանագրի հղումը Նախիջևանի Սահմանադրությունից հանելու վերաբերյալ։ Ոչ Անկարան, ոչ էլ Մոսկվան չեն հայտարարել Կարսի պայմանագրի դադարեցման մասին։

Այս հարցը կբարձրացվի՞ ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան կատարած այցի ժամանակ։ Երկար տարիներ Պենտագոնի կայքում տեղադրված էր Մեծ Մերձավոր Արևելքի քարտեզ, որը պատկերում էր տարածաշրջանը այնպես, կարծես Կարսի պայմանագիրը երբեք գոյություն չի ունեցել։

Արցախի ԱԺ հայտարարությունը

Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել Ադրբեջանի Հանրապետությունում հայազգի ռազմագերիների նկատմամբ իրականացված «դատավարությունների» և «դատավճիռների» վերաբերյալ.

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես արցախահայության օրինական ներկայացուցչական մարմին, խստորեն դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած շինծու «դատավարությունները» Արցախի Հանրապետության գերեվարված հայազգի ռազմաքաղաքական գործիչների և քաղաքացիական անձանց նկատմամբ։

Այդ գործընթացներում ներկայացված շինծու մեղադրանքներն ու դրանց հիման վրա ընդունված դատավճիռները որևէ կապ չունեն արդարադատության հետ և հանդիսանում են պետական ահաբեկչության ու քաղաքական հաշվեհարդարի բացահայտ դրսևորում՝ նպատակ ունենալով վարկաբեկել հայության երեք տասնամյակից ավելի տևած սեփական իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքարը, որն իրականացվել է միջազգային իրավունքի, մասնավորապես, դրա հիմնարար սկզբունքներից մեկի՝ ինքնորոշման իրավունքի լիակատար համապատասխանությամբ:

Ադրբեջանում այդ շինծու «դատավարությունները» շարունակությունն են Արցախի դեմ 2020թ. սանձազերծված պատերազմական հանցագործություններով ուղեկցվող ռազմական ագրեսիայի և 2023թ. իրականացված էթնիկ զտումների ու ցեղասպանական գործողությունների, որոնք միջազգային իրավունքը միանշանակորեն որակում է որպես մարդկության դեմ կատարված հանցագործություններ:

Անընդունելի և դատապարտելի է Հայաստանի Հանրապետության իշխանությունների շարունակական անգործությունն ու անտարբերությունը ոչ միայն հայրենակիցների նկատմամբ ներկայացված շինծու մեղադրանքների ու կայացված սարքովի «դատավճիռների» նկատմամբ, այլև քաղաքական կարճատեսությունը, քանի որ դրանով Հայաստանի Հանրապետության դեմ ձևավորվում են ապագայում ներկայացվելիք մեղադրանքների հիմքեր՝ որպես ահաբեկչությունը խրախուսած պետություն։

Անկախ այն բանից’ միջազգային հանրությունը աշխարհաքաղաքական վայրիվերումների բովում նկատում է դա, թե ոչ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երեք տասնամյակից ավելի եղել է միջազգային հարաբերությունների ու ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի օրակարգերի անբաժան մասն ու 15 տարի շարունակ Մինսկի խմբի համանախագահներն ու ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ պետությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ղեկավարները հաստատել են, որ հակամարտությունը պետք է լուծվի բանակցությունների միջոցով և ինքնորոշման իրավունքի հիման վրա։

Հետևաբար, այդ ինստիտուտների համապատասխան արձագանքի բացակայության դեպքում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում ընդունված «դատավճիռները» հավասարապես վերաբերում են այդ երկրների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է’

մենք հետևողականորեն պայքարելու ենք մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ու մեր ժողովրդի՝ հայրենի բնակավայրեր վերադառնալու համար և համոզված ենք, որ ի վերջո արդարությունը հաղթելու է և իրական հանցագործները ստանալու են իրենց արժանի պատիժը»:

Արցախցիների բնակապահովման ծրագրից օգտվել է 4404 ընտանիք

Փետրվարի 6–ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է  գերատեսչության 2025 թվականի գործունեության արդյունքների ամփոփ հաշվետվությունը, որին ներկա է եղել Նիկոլ Փաշինյանը։

Արսեն Թորոսյանը նշել է, որ Ղարաբաղից տեղահանված անձանց կայուն կենսաապահովմանն ուղղված ծրագրերը պետության ուշադրության կենտրոնում են։ Նախարարի խոսքով՝ 2025 թվականի ընթացքում առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալուն ուղղված ծրագրի շրջանակում 44,414 անձի տրամադրվել է 40,000 դրամ աջակցություն (աջակցությունը շարունակվում է 30,000 դրամ յուրաքանչյուր անձի հաշվով)։ Կարիքավոր ընտանիքներին հրատապ աջակցության ծրագրի շրջանակում ևս աջակցություն է ստացել 6,168 ընտանիք։

Պետական բյուջեից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրին ուղղվել է 7.1 մլրդ դրամ՝ 4167 շահառուի աջակցություն տրամադրելու համար։ 2025 թ․ ընթացքում հավաստագիր է ստացել 3947 ընտանիք, որից իրացվել է 3697-ը։ Տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում 2026 թ․ փետրվարի 1–ի դրությամբ հավաստագիր ստացած անձանց թիվը 4404 է, որից 1932-ն իրացրել է հավաստագիրը։

Հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեից վճարվել է շուրջ 3 մլրդ դրամ։ Տեղահանված անձանց համար ուսուցման և աշխատանքային փորձ ձեռքբերելու համար աջակցության տրամադրման ծրագրից 2025 թ․օգտվել է 952 անձ (նախատեսվածի 95.2 %):

Արսեն Թորոսյանը ներկայացրել է նաև սոցիալական բնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով, որ առաջիկայում կվերանայվեն և կհստակեցվեն սոցիալական բնակարանների տրամադրման քաղաքականությունն ու ընթացակարգերը։

Առաջին օրը առանց միջուկային զսպման պայմանագրի. ԱՄՆ-ն հանգիստ է, Մոսկվան՝ անհանգստացած

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմավարական հարձակողական զենքի կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը (Նոր START) լրացել է 2026 թվականի փետրվարի 5-ին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է պահպանել Նոր START սահմանափակումները պայմանագրի ժամկետի լրանալուց հետո մեկ տարի: Միացյալ Նահանգները առաջարկում է նոր պայմանագիր՝ ակնարկելով, որ Չինաստանը պետք է ներառվի դրանում։

Մոսկվան ենթադրում է, որ Նոր START-ի կողմերը այլևս կապված չեն պայմանագրի պարտավորություններով և ազատ են ընտրելու իրենց հաջորդ քայլերը: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«ԱՄՆ-ի պաշտոնական արձագանքը ռուսական նախաձեռնությանը երկկողմանի ուղիներով դեռևս չի ստացվել: … Գործնական տեսանկյունից մեր երկիրը այս զարգացումը ընդունում էի գիտություն՝ այս ոլորտում Ռուսաստանի ապագա քաղաքականությունը որոշելիս», – ասվում է Ռուսաստանի դիվանագիտական ​​​​առաքելության հայտարարության մեջ Նոր START-ի ժամկետի լրանալու վերաբերյալ։

Այն պարզաբանում է, որ ամերիկյան կողմի հրապարակային մեկնաբանությունները հիմք չեն տալիս եզրակացնելու, որ Միացյալ Նահանգները պատրաստ է հետևել Մոսկվայի առաջարկած «Նոր START» գործողությունների ընթացքին։

ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «Նոր START» պայմանագրի ժամկետի ավարտը նշանավորում է միջուկային զենքի վերահսկման վերջին համաձայնագրի ավարտը և համաշխարհային անվտանգության դարաշրջանի սկիզբը՝ զրկելով Ռուսաստանին գերտերության կարգավիճակի վերջին մնացորդից։ Մինչդեռ Վաշինգտոնը չի շտապում երկարաձգել համաձայնագիրը և նույնիսկ անհանգստության պակաս է ցուցաբերում, Կրեմլը լրջորեն անհանգստացած է այս զարգացումից, գրում է CNN-ի միջազգային հարաբերությունների լրագրող Մեթյու Չանսը։

Հենց միջուկային գերտերության կարգավիճակն էր Ռուսաստանին համեմատելի դարձնում ԱՄՆ-ի հետ, և հենց այն էր տասնամյակներ շարունակ երաշխավորում նույնիսկ թուլացած Ռուսաստանի տեղը համաշխարհային դիվանագիտության գագաթնակետին։

«Եթե այն լրանա, թող լրանա», – ասաց Թրամփը հունվարին՝ կարծես ակնարկելով, որ Վաշինգտոնը Մոսկվային լուրջ մրցակից չի համարում միջուկային զենքի հնարավոր մրցավազքում։

Մինչդեռ Կրեմլը կանգնած է ամերիկյան միջուկային զինանոցների անսահմանափակ կուտակման հեռանկարի առջև։ Ռուսաստանի տնտեսությունն ու ռազմական բյուջեն շատ ավելի փոքր են, քան Միացյալ Նահանգներինը, և նոր սպառազինությունների մրցավազքը միայն կմեծացնի երկու երկրների միջև կարողությունների տարբերությունը։

Միացյալ Նահանգները ցանկանում է ապագա համաձայնագրերում ներառել Չինաստանին, որը արագորեն ընդլայնում է իր միջուկային զինանոցը։ Սակայն Պեկինը դեռևս չի ցուցաբերել նման ստուգման ռեժիմներին մասնակցելու պատրաստակամություն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի՝ փետրվարի 5-ին, երբ պայմանագրի ժամկետը լրացավ, արտահայտվեց միջուկային զենքի վերահսկման նոր պայմանագրի մշակման օգտին։

«Նոր START-ը (Միացյալ Նահանգների համար վատ գործարք, որը, ի թիվս այլ բաների, կոպտորեն խախտվում է) երկարաձգելու փոխարեն մենք պետք է մեր միջուկային փորձագետներին ուղղորդենք մշակել նոր, բարելավված և արդիականացված պայմանագիր, որը կարող է երկարատև լինել», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական մեդիա հարթակում։

Գիտնականների ամերիկյան ֆեդերացիայի գնահատականների համաձայն՝ Միացյալ Նահանգները և Ռուսաստանը կազմում են աշխարհի միջուկային զենքի զինանոցի մոտավորապես 86%-ը։

Բաքուն ՄՕԿ-ին բողոքել է Հայաստանի գեղասահորդների ընտրած «Արցախ» ստեղծագործության վերաբերյալ

Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեին Միլանում այսօր մեկնարկող ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդների ընտրած երաժշտության վերաբերյալ, պնդելով, թե այն «քաղաքականապես լարված և անջատողական է»։ Այդ մասին հայտնում է Ազատությունը։

Նիկիտա Ռախմանին և Կարինա Ակոպովա զույգը որոշել է սահադաշտ դուրս գալ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո։

Ադրբեջանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, ՄՕԿ-ի ներկայացուցիչներին տեղեկացրել է, թե «Արցախ» արտահայտությունն արտացոլում է Հայաստանի «անօրինական և անջատողական քաղաքականության գաղափարախոսությունը՝ Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ»։ «Նման ծրագրի ընտրությունը միջազգային մարզական միջոցառմանը, որը պետք է լինի ապաքաղաքական, ակնհայտորեն հակասում է օլիմպիական արժեքներին», – պնդում է Ադրբեջանի ԱՕԿ-ը:

Ձմեռային Օլիմպիադայի բացման արարողությանը Հայաստանի դրոշը տանելու են գեղասահորդները:

Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով

Վերաքննիչ դատարանն այսօր՝ փետրվարի 6–ին հրապարակեց Միքայել արքեպիսկոպոս  Աջապահյանի կալանքը վերացնելու փաստաբանների միջնորդության վերաբերյալ իր որոշումը։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվեց տնային կալանք։
Նախորդ նիստում պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել կալանքը վերացնելու վերաբերյալ՝ հաշվի առնելով արքեպիսկոպոսի վիճակը, նրա առաջիկա երկրորդ վիրահատությունը և վիրահատությունից հետո քրեակատարողական հիմնարկ վերադառնալու հետ կապված վտանգները։

Միքայել սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ Նա մեղադրվում է այն բանում, որ «ունենալով մեծաթիվ կողմնակիցներ, 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա 2025 թվականի հունիսի 21-ին, ԶԼՄ ներկայացուցիչների հետ հարցազրույցներում հրապարակայնորեն կոչ է արել զավթել իշխանությունը»։ Փաստաբաններն ու դատախազությունը դատական ակտը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում։

Միքայել սրբազանի գործը հասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

«Հրապարակ». ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, օրեր առաջ ԱՄՆ-ից Հայաստան մեծ պատվիրակություն է ժամանել՝ հավանաբար, փոխնախագահ Վենսի այցը նախապատրաստելու։

Նրանց «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում մի ամբողջ հարկաբաժին են հատկացրել՝ տասնյակ սենյակներ, որտեղ կահույքից թողել են միայն սեղան-աթոռներ, մնացածը դուրս են բերել։ Հյուրանոցի աշխատակիցներին արգելված է այդ հարկում գտնվել։

Պատվիրակության անդամների գիշերակացը հյուրանոցի մեկ այլ հատվածում են կազմակերպել։ Նրանք եկել են 2 շաբաթով։ Հիշեցնենք, որ Վենսը ժամանելու է փետրվարի 9-ին, հաջորդ օրը մեկնելու է Բաքու։

Բիթքոյնի գինը կտրուկ անկում ապրեց՝ հասնելով 60,000 դոլարի

Փետրվարի 6-ի գիշերը, ըստ Binance-ի, Bitcoin-ի (BTC) գինը ակնթարթորեն անկում ապրեց մինչև $60,000: Ethereum-ի (ETH) գինը իջավ $1,750-ից ցածր: Նախորդ օրվա գագաթնակետից այս կորուստները համապատասխանաբար գերազանցեցին 18%-ը և գրեթե 20%-ը։

Փետրվարի 5-ի առևտրային օրվա ավարտին Bitcoin-ի գինը գրանցեց իր ամենամեծ օրական տոկոսային անկումը վերջին երեք տարվա ընթացքում՝ 14.02%: Ավելի մեծ անկում տեղի է ունեցել միայն 2022 թվականի նոյեմբերի 9-ին, երբ գինը նվազեց 14.15%-ով:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-9-ը կբարձրանա 6-10 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ Հայաստանի ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում։

Փետրվարի 6-ին տեղումներ չեն սպասվում։ Փետրվարի 6-9-ը ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով։

Փետրվարի 6-ին Շիրակում ջերմաստիճանը կլինի +1°C, Կոտայքում և Արագածոտնում +5°C, Գեղարքունիքում՝ +3°C, Լոռիում՝ +6°C, Տավուշում՝ +11°C, Արարատում, Արմավիրում և Վայոց Ձորում՝ +8°C, իսկ Սյունիքում՝ +14°C։

Ուրբաթ օրը Երևանում տեղումներ չեն սպասվում, ջերմաստիճանը Հայաստանի մայրաքաղաքում կհասնի +7°C-ի։