«Ինտերը» քննարկում է Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունը

«Ինտեր Միլանը» քննարկում է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու հարցը, հաղորդում է Calciomercato-ն՝ հղում անելով FCInter1908-ին։

Չնայած կողմերը դեռևս պաշտոնական բանակցություններ չեն վարել, ակումբի ղեկավարությունը մտադիր չէ բաժանվել 37-ամյա հայ կիսապաշտպանից։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը «Ինտերի» հետ ուժի մեջ է մինչև այս ամառ։ Հայաստանի հավաքականի նախկին ավագը այս մրցաշրջանում թիմի կազմում անցկացրել է 22 խաղ՝ խփելով մեկ գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում։

Իրանն ու ԱՄՆ-ն Օմանում բանակցություններ կանցկացնեն, բայց ԱՄՆ-ը զգուշացնում է

Իրանը և Միացյալ Նահանգներն այսօր Օմանում պատրաստվում են բարձր մակարդակի բանակցություններ անցկացնել: Իրանը հայտարարել է, որ պատրաստ է քննարկել միայն միջուկային ծրագիրը, իսկ բալիստիկ հրթիռների հարցը քննարկման առարկա չէ:

Նախագահ Դոնալդ Թրամփի Մերձավոր Արևելքի հարցերով բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին կգլխավորեն իրենց պատվիրակությունները:

«Իրանը բանակցություններին մոտենում է բաց աչքերով և անցած տարվա իրադարձությունների վառ հիշողություններով: Մենք բարի կամքով ենք գործում և անսասան ենք մեր իրավունքների պաշտպանության հարցում», – այսօրվա բանակցություններից առաջ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:

«Պարտավորությունները պետք է կատարվեն։ Հավասար դիրքը, փոխադարձ հարգանքը և փոխադարձ շահը հռետորաբանություն չեն. դրանք պարտադիր են և ամուր համաձայնագրի հիմնասյուներն են»։

Այս հանդիպումը կողմերի միջև կլինի առաջինը՝ անցած տարեվերջից Իրանում սկսված բողոքի ցույցերից և դրանք կոշտ բռնությամբ ճնշելու՝ Իսլամական Հանրապետության փորձերից հետո, որոնց հետևանքով հազարավոր ցուցարարներ սպանվեցին։ Ի պատասխան Միացյլա Նահանգների նախագահը գուշացրել էր, որ Վաշինգտոնը կարող է դիմել ռազմական միջամտության՝ տարաշածրջան ուղարկելով հավելյալ ուժեր ու ռազմանավեր։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է.-«Նրանք չեն ուզում, որ մենք հարվածենք նրանց, մենք մեծ նավատորմ ունենք այնտեղ»՝ նկատի ունենալով ավիակիրների խումբը, որը նա բազմիցս անվանել է «նավատորմ»։

ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը և, մասնավորապես, մտածեն ցամաքային ճանապարհով Հայաստան կամ Թուրքիա մեկնելու մասին, զգուշացրել է Իրանում ԱՄՆ դեսպանատունը։

«Մշակեք Իրանից հեռանալու ծրագիր, որը կախված չէ ԱՄՆ կառավարության օգնությունից», – ասվում է հայտարարության մեջ։

Ավելին, դեսպանատունը զգուշացրել է, որ Իրանում պետք է սպասել ինտերնետային ծառայությունների խափանումների։ ԱՄՆ քաղաքացիները նույնպես ենթարկվում են ձերբակալության բարձր ռիսկի, և ԱՄՆ անձնագրի կամ ԱՄՆ-ի հետ կապերի ցուցադրումը կարող է հանգեցնել ձերբակալության, ընդգծել է դեսպանատունը։

Արցախի պետնախարար․ Աշխարհը տեսնում է ձևական խաղաղության լույսը

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն անդրադարձել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատազրկմանը։

«Երեկ Աբու Դաբիում մի բացառիկ միջոցառում տեղի ունեցավ։ Փաշինյանն ու Ալիևը՝ խաղաղության հաստատման և տարածաշրջանային խաղաղ օրակարգի առաջմղման համար, ստացան «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 մրցանակը։ Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ միջազգային ղեկավարներ և պատվավոր հյուրեր։ Լուսավոր դահլիճ, ժպիտներ, շքեղ ելույթներ՝ ամեն ինչ տոնական ու գեղեցիկ էր։

Այսօր Բաքվում դատում են Արցախի նախկին նախագահներին ու ռազմաքաղաքական ղեկավարներին: Իրականությունը կտրուկ հակառակ է տոնական տեսարանի հետ. ոչ մի արդարություն չկա, միայն դատարկ ձևականություն, և այս ամենի ծանրությունը անտանելի է:

Աշխարհը տեսնում է ձևական խաղաղության լույսը, բայց իրականությունը պարզ է և հստակ՝ մեզ ճնշում են, մեր պատմությունը լռեցնում են, իսկ ճշմարտությունը փորձում են փոխարինել ստով ու ձևականությամբ: Մարդիկ, որոնց պաշտոններն ու անունները կապված են Արցախի ու արցախցիների, մեր ժողովրդի պատմության հետ, գտնվում են դատարաններում՝ ենթարկվելով քաղաքական պարսավանքի և մեղադրանքների։ Բոլոր պատանդները պետք է անմիջապես ազատ արձակվեն»,- գրել է նա։

Եվրոպայի խորհուրդը “բարձր է գնահատել” ՀՀ կառավարության արձագանքը արցախցիների նկատմամբ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն երեկ ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում է Կառավարությունը, զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել Ղարաբաղի փախստականների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Կառավարության որդեգրած քաղաքականությանը: Մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել տեղահանվածների կրթական, առողջապահական, սոցիալական պաշտպանության ծառայությունների հասանելիության, ինչպես նաև կայուն զբաղվածության և բնակարանային ապահովման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ:

“Անդրադառնալով փախստականների սոցիալ-տնտեսական ներառման ուղղությամբ արձանագրված արդյունքներին՝ հանձնակատար Օ’Ֆլահերթին բարձր է գնահատել ՀՀ կառավարության արագ և շուտափույթ արձագանքը”, նշված է հաղորդագրության մեջ։

Չնայած, որ 2,5 տարի առաջ Հայաստանում են հատնվել 150,000 ՀՀ անձնագիր ունեցող արցախցիներ, ովքեր զրկվել են իրենց սեփականությունից և իրավունքներից, Հայաստանի կառավարությունը այդպես էլ չի ստեղծել մեկ մարմին՝ արցախցիների խնդիրները համակարգված լուծելու համար: Նաև չի ստեղծվել համախմբված հիմնադրամ՝ արցախցիներին աջակցելու համար նախատեսված պետական ​​բյուջեից կամ դոնորներից միջոցներ կուտակելու համար: Հիմնադրամի համար չի ստեղծվել հոգաբարձուների խորհուրդ, որը կներառեր ՀՀ կառավարության, դոնորների և արցախյան կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք կարող էին արագ գնահատել արցախցիների կարիքները և մշակել արդյունավետ համագործակցության ծրագրեր: Նման աշխատանքը կարող է նաև պաշտպանել կառավարությանը այն կասկածներից, որ արցախցիներին աջակցելու համար հատկացված միջոցները ոչ նպատակային են ծախսվում:

Արցախցիներին աջակցելու համար հատկացված միջոցների նկատմամբ հանրային վերահսկողության համակարգի բացակայությունը հանգեցնում է տարբեր կասկածների և նույնիսկ բացահայտ մեղադրանքների: Թվերը ցույց են տալիս, որ միջոցները արդյունավետ չեն ծախսվել. արցախցիների միայն մի փոքր մասն է կարողացել բնակարան գնել պետական ​​ծրագրերի միջոցով, մինչդեռ տեղահանությունից երկու տարի անց արցախցիների մեծամասնությունը զրկվել է պետական ​​ֆինանսական աջակցությունից: Արցախցիների համար զբաղվածության ծրագիրը նույնպես ձախողվել է. չկան տվյալներ այն մասին, թե քանի արցախցի է կարողացել օգտվել դրանից:

Կառավարության անդամներն ևս ընդունում են այս միջոցների անարդյունավետ օգտագործումը: Սոցիալական հարցերի նախարարը նոր է սկսել քննարկել սոցիալական բնակարանաշինության անհրաժեշտությունը: Իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, արցախցիների հետ մի քանի հանդիպումներից հետո, ընդունել է, որ որոշ խնդիրներ կարելի է լուծել անմիջական շփումների ընթացքում։

Եվրոպայի խորհուրդը և այլ միջազգային դոնորներ կարող են գովաբանել Հայաստանի կառավարության արձագանքը միայն մեկ առումով. արցախցի փախստականները զանգվածաբար չեն հոսել Եվրոպա և չեն դարձել մեծ գլխացավանք եվրոպական երկրների համար: Նաև այն, որ արցախցիների կողմից էական բողոքի ցույցեր չեն եղել:

   

Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնությա՞ն են եկել։ Մոսկվան կպայմանավորվի ԱՄՆ-ի հետ՝ ընդդեմ ԵՄ-ի

Ռուսաստանի դերը Հարավային Կովկասի տարածաշրջանում սպասվող փոխակերպումներում մնում է հիմնական հարցերից մեկը։ Մինչդեռ ամեն ինչ ներկայացվում է որպես «Ռուսաստանի վտարում» տարածաշրջանից, Թուրքիայի դերի աճ և այլն, փաստերը վկայում են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հավանական պայմանավորվածության մասին։

Փաստորեն, տարածաշրջանում ստատուս քվոն սահմանող երկու կարևոր փաստաթղթերը ստորագրվել են Պուտինի (2020 թվականի նոյեմբերի 10) և Թրամփի (2025 թվականի օգոստոսի 8) միջնորդությամբ։ Միևնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը անխոնջ կրկնում է, որ ներկայիս ստատուս քվոն հնարավոր չէր լինի առանց 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ընդունված փաստաթղթի, որով Շառլ Միշելի և Մակրոնի միջնորդությամբ Հայաստանը «ճանաչեց» Հայաստանի խորհրդային սահմանները՝ և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի նկատմամբ։ Սա թույլ է տալիս Մոսկվային ազատվել 2020 թվականի «մեղքից» և պնդել, որ ԵՄ-ն է «ստիպել» Հայաստանին ճանաչել իր խորհրդային սահմանները։ Իսկ Ռուսաստանը ուզում էր օգնել։

Տարածաշրջանում ապագա զարգացումները կախված են նրանից, թե ինչպես կձևավորվի գլոբալ կենտրոնների «եռանկյունին»։ Եթե ​​Ռուսաստանը հեռացվի տարածաշրջանից, շրջափակումը չի վերացվի՝ Հայաստանում Ռուսաստանի ներկայության մասշտաբների պատճառով։ Սակայն, եթե ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան համաձայնության գան, ապա Եվրամիությունը այլևս ներկա չի լինի տարածաշրջանում։ Ըստ երևույթին, ընտրվել է վերջին տարբերակը։

Հայաստանի կառավարությունը պետք է օրինականացնի այս կոնսենսուսը և լուծի բարդ խնդիր. մի կողմից՝ ԵՄ-ից ֆինանսավորում ստանալ «քաղաքական կայունության և ռուսական սպառնալիքի դեմ պայքարի» համար, մյուս կողմից՝ ինչ-որ կերպ «բացատրի» Ռուսաստանի մասնակցությունը ԱՄՆ հաղորդակցական նախագծերին և ԵՄ-ի դուրս մղումը։

Այս նպատակով Մոսկվա է ուղարկվել Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, ով հատկապես սիրված չէ Ռուսաստանում։

Երևանը, խորացնելով հարաբերությունները Եվրամիության հետ, պետք է հստակ հասկանա հետևանքները, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ընդգծելով «այն փաստը, որ ԵՄ-ն վերածվում է Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվորեն տրամադրված ռազմաքաղաքական միության»։

Նշանակալից է, որ Ռուսաստանը ոչ մի խնդիր չունի Հայաստանի՝ ԱՄՆ-ի հետ համագործակցության կամ Թուրքիայի հետ սահմանների բացման հետ։

Հայաստանը չի կարծում, որ պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ)։ Սխալ է այն միտքը, որ Հայաստանը փորձում է փոխել իր կուրսը մեկ բևեռից մյուսը, հայտարարել է Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովը իր հերթին հայտարարել է, որ «Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ համաձայնագրերը հնարավորություն են տալիս լուծել Հարավային Կովկասում տրանսպորտային խնդիրները»։

Նրա խոսքով՝ Հայաստանը զգալիորեն կշահի այս որոշումներից, և տարածաշրջանի բնականոն գործունեությանը խոչընդոտող բոլոր գործոնները կվերացվեն։

Ինչպես երևում է, ԱՄՆ-ն և Հայաստանը դեմ չեն Ռուսաստանի մասնակցությանը հայկական հաղորդակցությունների բացմանը։

Միևնույն ժամանակ, Հայաստանի կառավարությունը, որը ֆինանսավորում է ստանում ԵՄ-ից «ապատեղեկատվության և հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարելու համար, համառորեն հրաժարվում է Ռուսաստանին անվանել այդ սպառնալիքների աղբյուր։ Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների և Հայաստանում ազգային պետության հիմքերի դեմ արշավը անուղղակիորեն ներկայացվում է որպես «Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքար»։ Սակայն Մոսկվայում Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ խնդիրը հոգևորականների Ռուսաստանի հետ ենթադրյալ կապերը չեն, այլ այն փաստը, որ «եկեղեցում կան մարդիկ, ովքեր չեն համապատասխանում հենց Հայ Առաքելական եկեղեցու կանոններին»։ Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը դրա հետ որևէ կապ չունի։

Ռուսաստանն այլևս չի մեղադրում ԱՄՆ-ին՝ Հայաստանը ռուսներից “պոկելու” մեջ

Ռուսաստանը գիտի Մոսկվայի հետ կապերը պահպանելու Հայաստանի պատրաստակամության մասին, սակայն Եվրամիությունում ոչ բոլորի սրտով է դա. ԵՄ-ն ակտիվորեն գործում է հակառակ ուղղություններով, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք (Հայաստանի) ղեկավարությունից լսում ենք հայտարարություններ՝ Ռուսաստանի Դաշնության հետ կապերի և համագործակցության ներկա մակարդակը պահպանելու շահագրգռվածության մասին, մյուս կողմից տեսնում ենք, թե ինչպես արտատարածաշրջանային երկրներից ոչ բոլորի սրտով է դա։ Եվրամիության մեր գործընկերները խիստ ակտիվորեն գործում են հակառակ ուղղություններով», – ասել է Լավրովը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը:

Նկատենք, որ Ռուսաստանը դադարեցրել է ենթադրական Արևմուտքին մեղադրել Հայաստանը Ռուսաստանից «պոկելու» փորձի մեջ և այժմ խոսում է միայն Եվրամիության մասին՝ առանց Միացյալ Նահանգների հիշատակման։

Կարո՞ղ է հրաշք լինել և գերիները ազատության մեջ հայտնվեն

Բնականաբար մտահոգիչ է, դատապարտելի է, բայց մյուս կողմից անակնկալ չկա, NEWS.am–ի հետ զրույցում նշել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ցմահ ազատազրկման որոշումներին, որոնք կայացվեցին այսօր։

«Հարցն այն է, թե հաջորդ քայլերը որոնք են լինելու։ Նկատի ունեմ նախ կբողոքարկեն, թե չէ հայերը, երկրորդը, Ադրբեջանի իշխանությունները հիմա արդյոք նախատեսո՞ւմ են օրինակ ներումով կամ համաներումով ազատ արձակել մի մասին։ Իրենք սովորաբար ազատ են արձակում շինծու դատավարություն անցած, արդեն չակերտավոր ասած պատիժը կրող հայերին և չի բացառվում, որ սա կապ ունի նաև ԱՄՆ փոխնախագահ Վենսի  այցի հետ, առնվազն մի մասի պարագայում։

Այսինքն ժամկետային առումով համընկնություն կա, թե մյուս կողմից սպասելի էր, որ հենց այս շաբաթներին պետք է այդ դատավճիռը լիներ, գործընթացը այդ ուղղությամբ էր գնում»,–ասաց նա։

Ժամկետներն իրոք համընկել են․ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Միլանում ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց հետո կժամանի Հայաստան և Ադրբեջան։

«Իտալիայից հետո Վենսը կմեկնի Հայաստան և Ադրբեջան, որտեղ Թրամփը նրան հանձնարարել է մշակել համաձայնագիր՝ ուղղված երկու երկրների միջև քառասունամյա հակամարտության դադարեցմանը», – գրում է Associated Press-ը՝ չհստակեցնելով, թե կոնկրետ որ օրը ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան և Ադրբեջան։

Իտալիայի Միլան քաղաքում ձմեռային Օլիմպիական խաղերի բացումը տեղի կունենա փետրվարի 6-ին:

Մինչ Վենսի այցը բազմաթիվ հայ և օտարերկրյա գործիչներ հրապարակավ դիմել են ԱՄՆ վարչակազմին՝ կոչ անել Ալիևին որպես խաղաղության հաստատելու բարի կամք ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին։ Վերլուծաբանները նշում են, որ այդ քայլը մեծ իմիջային օգութներ կբերի Թրամփի վարչակազմին, ինչպես նաև կհեշտացնի հաշտեցման գործընթացը։

Գերիների առկայությունը հուզմունքային ծանր կնիք է գործընթացի վրա․ չնայած հանրային հուզմունքը բուռն չի արտահայտվում, սակայն հոգու մեջ յուրաքանչյուրը հրաշքի է սպասում և ազատություն ցանկանում գերության մեջ պահվողներին։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Մելիքսեթ Փաշայանը դատապարտվել է 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարվա, Դավիթ Ալավերդյանը՝ 16 տարվա, Լևոն Բալայանը՝ 16 տարվա, Վասիլի Բեգլարյանը՝ 15 տարվա, Գուրգեն Ստեփանյանը՝ 15 տարվա և Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Ավելի վաղ «դատարանը» ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին և ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման, իսկ ԼՂՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և նրա տեղակալ Դավիթ Մանուկյանին՝ ցմահ ազատազրկման։

Արդյո՞ք Վենսի այցը ազատություն կբերի այսօրվա դատապարտյալներին, և արդյո՞ք դա կվերաբերի Ռուբեն Վարդանյանին։

Արցախի նախկին պետնախարար, հայտնի բարերար, գործարար, այժմ Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է հրապարակայնացնել Ալբեր Կամյուի «Ընդվզող մարդը» (1951) էսսեից հետևյալ միտքը.

«Մենք չենք կարող կանխատեսել ապագան, և հնարավոր է, որ վերածնունդը անհնար լինի», -ասել է Ռուբենը։-«Մենք պարզապես հրաժարվում ենք խոնարհ լինելուց: Մենք պարտավոր ենք խաղադրույք կատարել վերածննդի վրա: Այնուամենայնիվ, մեզ այլ ընտրություն չի մնացել. մենք կամ կվերածնվենք, կամ կմեռնենք»:

Արամ Ա-ն և Բագրատ սրբազանը նամակ են գրել Վենսին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նամակ է հղել ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին։

Կաթողիկոս Արամ Ա-ն ԱՄՆ փոխնախագահից անձնական օգնություն է խնդրել Բաքվում պահվող Ղարաբաղի նախկին ղեկավարության և հայ ռազմագերիների ազատ արձակման, ինչպես նաև Ղարաբաղի հոգևոր և մշակութային հուշարձանների պահպանման գործում։

Կաթողիկոսը նաև վերահաստատել է, որ միջազգային իրավունքը ընդգծում է այս երկու սկզբունքների կարևորությունը (ռազմագերիներին ազատ արձակելու անհրաժեշտությունը և հոգևոր և մշակութային հուշարձանների պահպանումը)։

Հիշեցնենք, որ Ջ.Դ. Վենսը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան, ապա՝ Ադրբեջան։

Քրիստոնյա հայ ազգը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև։ Այս մասին ասվում է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին, «Միջազգային Քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությանը և Վաշինգտոնում ընթացող միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված Բագրատ սրբազանի բաց նամակում։

«Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է որպես անվտանգ հայրենիք Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների համար։ Սակայն Ադրբեջանի բռնապետը, որը Հայաստանը կոչում է «Արևմտյան Ադրբեջան», ձգտում է Հայաստանը վերածել վասալ պետության, որը ի վիճակի չէ պաշտպանել հայ ազգին և նրա շահերը։

Այս ջանքերում Ադրբեջանին աջակցում է Թուրքիան, որը կառուցում է ազդեցության գոտի՝ Իսրայելի սահմաններից մինչև Կասպից ծով։

Այս ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն է` Հայ Առաքելական Եկեղեցուն զրկել հասարակության մեջ անկախ խոսելու կարողությունից։ Ինչո՞ւ։

Հայ Առաքելական Եկեղեցին քրիստոնյա հայ ազգի կենտրոնական հենասյունն է։ Իր պատմության գրեթե ողջ ընթացքին այն եղել է ազգը միավորող միակ հաստատությունը։ Այն վերապրել է իրար հաջորդող բռնի հալածանքներ Օսմանյան Կայսրության, Խորհրդային իշխանությունների և Ադրբեջանի կողմից։

Աշխարհը լավատեղյակ է Հայոց ցեղասպանության և դրա դաժան հետևանքների մասին, որի վերջին դրսևորումն էր Լեռնային Ղարաբաղից` Արցախից հայ քրիստոնյաների էթնիկ-կրոնական զտումը, որից դեռ 3 տարի էլ չի անցել։

Այսօր Հայաստանի ազգային եկեղեցին կրկին հարձակման տակ է։ Ադրբեջանը պնդում է, թե Հայ Առաքելական Եկեղեցին «խաղաղության խոչընդոտ» է և պահանջում է, որ որպես խաղաղության պայման հայկական պետությունը զրկի Եկեղեցուն ազգի կյանքում իր պատմական դերը կատարելու կարողությունից։

Պատմության ընթացքում միշտ եղել են հայեր, անգամ հոգևորականներ, որոնք դարձել են Եկեղեցու հալածիչների գործիքները։ Նրանք դա հաճախ արել են խաղաղության անվան տակ։

«Խաղաղություն, խաղաղություն են ասում, մինչդեռ խաղաղություն չկա» (Երեմիա 8:11)։ Այդպես էր մարգարե Երեմիայի օրոք։ Այդպես է նաև այսօր Հայաստանում»:

Ինչո՞ւ Իրանն ու Ուկրաինան հրաժարվեցին բանակցել Թուրքիայում, և ի՞նչ կապ ունի TRIPP-ը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները տեղի կունենան Օմանում ուրբաթ օրը։

Նախկինում հաղորդվել էր, որ Իրանը խնդրել է ԱՄՆ-ին բանակցությունները Ստամբուլից տեղափոխել Օման։

Ուկրաինան նույնպես մերժել է Ստամբուլը. ներկայումս ԱՄՆ-ի գլխավորությամբ Ռուսաստանի հետ բանակցությունները տեղի են ունենում Աբու Դաբիում, այլ ոչ թե Թուրքիայում, ինչպես նախատեսված էր։

Ինչո՞ւ Կիևը և Թեհրանը չեն ցանկանում բանակցություններ Ստամբուլում, և ինչո՞ւ է ԱՄՆ-ն այդքան հեշտությամբ մերժում թուրքական միջնորդությունը։

Թուրք քաղաքական վերլուծաբանները նշում են, որ Էրդողանը հավակնում է Մեծ Մերձավոր Արևելքի “նայողի” դերին։ Թուրք նախկին պատգամավոր Կարո Փայլանը նշում է, որ ԱՄՆ-ն, իբր, առանցքային նշանակություն է տալիս Թուրքիային հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում, որը պետք է «լինի տարածաշրջանում տնտեսական գործընթացների պաշտպանը»։

Այնուամենայնիվ, դատելով ԱՄՆ գործողություններից, Թուրքիայի դերի ավելացումը տարածաշրջանում Վաշինգտոնի համար առաջնահերթություն չէ, ընդհակառակը, ավելի շուտ մարտահրավեր է։

Այն փաստը, որ Թրամփը տարածաշրջանի ամենակարևոր հատվածը՝ հայ-իրանական սահմանը՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա ելքով, անվանել է իր անունով, ենթադրում է, որ Վաշինգտոնը, հնարավոր է, լիովին չի համաձայնվում տարածաշրջանը կառավարելու մանդատը Թուրքիային փոխանցելու գաղափարի հետ։ Հատկապես, որ Իրանն էլ համաձայն չէ։ Ուկրաինան ևս։

Կարինա Ակոպովա․ Հպարտ եմ, որ «Արցախը» ներկայացնելու ենք Օլիմպիական խաղերում

«Արցախ» ստեղծագործությունը արմատական կապ ունի մեր երկրի հետ եւ մեծ նշանակությունի ունի հայերի համար: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովան: Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգն արդեն մեկնել է օլիմպիական քաղաք Իտալիայում:

Կարճ ծրագիրը շատ կարեւոր է մեզ համար, քանի որ ներկայանալու ենք «Արցախ» ստեղծագործության ներքո: Կրկնակի ուրախացնող է այն փաստը, որ Օլիմպիական խաղերին մասնակցելուց բացի, հնարավորություն ունենք «Արցախ» ստեղծագործությամբ մասնակցել. աստղերն այդպես դասավորվեցին մեզ համար եւ դա շատ հուզիչ է: «Արցախ» երաժշտությունը շատ մեծ նշանակությունի ունի հայերի համար եւ այս առումով հպարտ եմ, որ հնարավորություն ունենք այդ ստեղծագործությամբ ներկայանալ Օլիմպիական խաղերին:

Ու՞մ մտահաղացումն էր «Արցախ» ստեղծագործությունն ընտրելը:

Կարինա Ակոպովա- Մտահաղացումն իմն էր, իհարկե (ծիծաղում է): Շատերը համաձայն չէին, որ մենք «Արցախով» ներկայանանք, բայց ես պնդեցի եւ եկանք համաձայնության: Հայաստանի դրոշի ներքո սա մեր առաջին օլիմպիական մրցաշրջանն է, եւ ես կարողացա համոզել բոլորին, որ «Արցախով» Օլիմպիական խաղերին մեկնարկելը լավագույն միտքն է: Այս ծրագիրը դրված է հենց Միլան-2026-ի համար:

Երկար ծրագիրը հնդկական ֆիլմից հատվածի մոտիվներով բեմադրություն է: Համոզված ենք, որ այն նույնպես կսիրվի հանրության կողմից եւ կգնահատվի Օլիմպիական խաղերում:

Ինչո՞ւ են արցախցիները ստիպված դիմել տարբեր մարմինների՝ ապացուցելով ակնհայտը

Armine Martirosyan

Երրորդ տարին է, ինչ հետևյալ հարցերը մնում են անպատասխան.

1. Որքա՞ն է Արցախից փախստականների ընդհանուր թիվը, և ո՞ր պաշտոնական փաստաթղթում է գրանցված այս թիվը։

2. Ինչո՞ւ, եթե Հայաստանի կառավարությունը Արցախը համարում է ադրբեջանի մաս, ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին տրվում է ոչ թե փախստականի միջազգային կարգավիճակի մասին փաստաթուղթ, այլ ժամանակավոր պաշտպանության անորոշ վկայական։

3. Ինչո՞ւ, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի կառավարությունը պաշտպանություն է տրամադրել արցախցիներին, որոնք «Հայաստանում կամ դրանից դուրս են գտնվում, որոնց վերջին գրանցված հասցեն Լեռնային Ղարաբաղն էր, կամ ովքեր իրականում բնակվել են այնտեղ և գրանցվել են Հայաստանի միգրացիոն մարմիններում սեպտեմբերի 19-ից հետո», և ըստ ընդունված փաստաթղթի՝ այդ անձինք «օրենքի ուժով ստանում են փախստականի կարգավիճակ և միջազգային իրավունքով երաշխավորված փախստականների իրավունքներ», այդ կարգավիճակը չի ճանաչվում Հայաստանից դուրս, բացառությամբ Հունգարիայի, որի վիճահարույց ծրագիրը նպատակ ունի արտաքսել արցախցիներին Հայաստանից։

4. Ինչո՞ւ, եթե Հայաստանի կառավարությունը Արցախը համարում է ադրբեջանի մաս, ստանձնում է մեկ այլ պետության գործառույթներ և հանում է Արցախում գրանցումը՝ նրանց ժամանակավոր գրանցելով Հայաստանում: Հայաստանը նման լիազորություն չունի այլ երկրների քաղաքացիների համար։

5. Ինչո՞ւ, եթե Հայաստանի կառավարությունը Արցախը համարում է ադրբեջանի մաս, արցախցիները միջազգայնորեն չեն ճանաչվում որպես փախստականներ: Նրանց չեն տրամադրվում ճանապարհորդական փաստաթղթեր, և նրանց մերժվում է մի շարք երկրներ մուտք գործելը, չնայած այն հանգամանքին, որ այդ երկրների դեսպանատները ուղղակիորեն հղում են կատարում Հայաստանի կառավարության որոշմանը և առաջարկում են մերժման պատճառները պարզաբանել ՀՀ Արտաքին գործերի նախարարության հետ։

6. Ինչո՞ւ են արցախցիները ստիպված ամիսներով դիմել տարբեր մարմինների՝ ապացուցելով իրենց ընտանեկան կապերը՝ ով ում որդին, թոռը կամ դուստրն է, և որոշ դեպքերում՝ նույնիսկ իրենց ծագումը Արցախում, եթե ամբողջ համապատասխան տվյալների բազան գտնվում է Հայաստանի կառավարության տիրապետության տակ։

Փախստականը «մարդասիրական քեյս» չէ, այլ իրավունքի սուբյեկտ: Նրանց իրավունքները ամրագրված են միջազգային իրավունքում և պարտադիր են դրան միացած պետությունների համար: Հայաստանը ՄԱԿ-ի «Փախստականների կարգավիճակի մասին» կոնվենցիայի կողմ է։

Կարո Փայլանը իսկապե՞ս ուզում է, որ Թուրքիան Հայաստանի պաշտպանը լինի

Հայ-թուրքական սահմանը  երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի մարտին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանը։  «Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի տևողությունը կախված է Թուրքիայի ձեռնարկած քայլերից»,- գրել է Փայլյանը։

Կարո Փայլանը ուզում է, որ այդպես լինի, և հակամաևտությունը “լուծվի” այնտեղ, որտեղ կանգնել է բիրտ ուժը և գլոբալ հանցավոր համաձայնությունը։ 

Կարո Փայլանը գրել է հոդված, որի թեզերը ներկայացնում ենք ստորև․

«Թրամփի կողմից որպես հաջողություններ նշված հակամարտությունների շարքում Հայաստան-Ադրբեջանը առանձնանում է, քանի որ հիմնական տարածքային վեճն արդեն ողբերգականորեն լուծվել է։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի 2023 թվականի վերանվաճումը, որը ուղեկցվել է նրա հայ բնակչության էթնիկ զտումներով, փակել է այն գլուխը, որը տասնամյակներ տևած պատերազմ էր հրահրել։

Երկու կառավարություններն այժմ պաշտոնապես ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հիմնված խորհրդային դարաշրջանի սահմանների վրա և պարտավորվում են դադարեցնել ուժի կիրառումը։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան, ինչը ազդանշան է այն մասին, որ տարածաշրջանը մնում է Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում։

Ռուսաստանի՝ որպես Հարավային Կովկասում անվտանգության երաշխավորի հեղինակությունը կտրուկ նվազել է 2020 թվականի Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմից և Ուկրաինայի վրա հարձակումից հետո։

Թուրքիան՝ չնայած Ադրբեջանի հետ իր անսասան դաշինքին՝ աջակցում է խաղաղությանը և ձգտում է վերաբացել արևելք-արևմուտք առևտրային ուղիները Հայաստանի միջով դեպի Կենտրոնական Ասիա։

TRIPP-ը անվիճելիորեն Թրամփի ոճով է. գործարքային, բրենդային և անվերապահորեն կենտրոնացած ԱՄՆ շահույթի վրա:

Միացյալ Նահանգները ձեռք է բերում հուսալի արևելք-արևմուտք միջանցք, որը կնվազեցնի ռուսական լծակը, կլրացնի Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացման ջանքերը և Թուրքիային՝ ի տարբերություն Ռուսաստանի, կդարձնի նոր տարածաշրջանային տնտեսական կարգի պաշտպան։

Թուրքիան այս ամենի հաջողության բանալին է, բայց դեռևս լիովին համաձայն չէ դրա հետ։ Անկարայի դաշինքը Բաքվի հետ, որը կառուցված է «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա, եղել է նրա արտաքին և պաշտպանական քաղաքականության հիմքը։ Անկարան ասում է, որ կբացի Հայաստանի հետ սահմանը միայն այն ժամանակ, երբ լինի հայ-ադրբեջանական վերջնական խաղաղության պայմանագիր՝ սա համարելով որպես գործարքի առարկա Բաքվի և Վաշինգտոնի հետ հարաբերություններում։

Թրամփը ցուցաբերել է Անկարայի հետ պրագմատիկորեն գործելու պատրաստակամություն Սիրիայի և այլ տարածաշրջանային հարցերի շուրջ։ Եթե Վաշինգտոնը ցանկանում է, որ այս խաղաղությունը պահպանվի, ապա պետք է Թուրքիային ներգրավի գործընթացում և կոչ անի Անկարային հնարավորինս շուտ ամբողջությամբ բացել սահմանը։

Սակայն խաղաղությունը պետք է իրականություն դառնա։ Կոշտ գծի և ռուսամետ ընդդիմադիր ուժերը Հայաստանում մոբիլիզացվում են՝ գործընթացը ներկայացնելու որպես կապիտուլյացիա՝ առանց փոխհատուցման։

Վաշինգտոնը պետք է արագորեն ներդնի տարածաշրջանային տնտեսական համաձայնագրի գաղափարը՝ սկսած առևտրից մինչև համատեղ ձեռնարկություններ, տվյալների կենտրոններ, էներգետիկա, զբոսաշրջություն և այլն, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ որպես կայունության հիմնական շարժիչ ուժ։

Որպես առաջին քայլ, Միացյալ Նահանգները պետք է ստեղծի Հարավային Կովկասի կայունության հիմնադրամ, որը կմիավորի ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Պարսից ծոցի ռեսուրսները՝ միջազգային ֆինանսական հաստատությունների հետ միասին։

Թրամփի վարչակազմը կարող է նաև ստիպել Հայաստանին և Ադրբեջանին պաշտոնապես ստորագրել խաղաղության համաձայնագիրը մինչև Հայաստանի հունիսյան ընտրությունները՝ ստեղծելով քաղաքական տարածք, որպեսզի Թուրքիան սկսի բացել իր սահմանները։

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կամրապնդի խաղաղության ճամբարը Հայաստանում և հզոր ազդանշան կուղարկի տարածաշրջանում, որ խաղաղությունը բերում է շոշափելի օգուտներ”։