Նախարարությունը արցախցիներին կոչ է անում ամբողջական լրացնել դիմումները

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից արցախցիներին կոչ են անում ճիշտ լրացնել հրատապ սոցիալական աջակցության ծրագրի դիմումը, որպեսզի մերժումներ չստանան։

Հիշեցնենք՝ վերջին օրերին արցախցիները սոցիալական ցանցերում ահազանգում են, որ մեծ թվով մարդկանց դիմումները մերժվում են։ Համակարգը արցախցիներին հետեւյալ բովանդակությամբ ծանուցումներ է ուղարկում․ «Ձեր ընտանիքի դիմումը մերժել է, քանի որ քաղաքացիության կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ձեր դիմումում ներառված չեն գրանցված ամուսնության մեջ գտնվող անդամների ամբողջական տվյալները» կամ «Ձեր դիմումին ընթացք չի կարող տրվել, քանի որ բնակչության պետական ռեգիստրում բացակայում է Ձեր հաշվառման հասցեն։ Դիմումը կարող եք ներկայացնել Ձեր բնակության հասցեն հաշվառելուց հետո»։

Աշխատանքի եւ սոցիալական հարցրերի նախարարության մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը step1.am-ի հարցին ի պատասխան ասաց՝ եթե դիմումները լրացնեն սահմանված ձեւով, չեն մերժվի։ «Տվյալները լիարժեք ներկայացված չեն, զագսավորված լինելու դեպքում պետք է լրացնել նաեւ ամուսնու կամ կնոջ տվյալները։ Պետք է նաեւ ճիշտ լրացնել հաշվառման հասցեն։ Այսինքն՝ դիմումները պետք է լրացվեն ամբողջական, եթե նախկինում կիսատ են լրացվել, դա ընդունվել է, հիմա չի ընդունվում»,- ասաց նա։

Մեր հարցին՝ նախկինում մարդիկ լրացրել ու ստացել են աջակցությունը, ի՞նչ է փոխվել հիմա, եւ եթե փոփոխություն է եղել, ինչո՞ւ մարդիկ տեղեկացված չեն, ինչո՞ւ նախարարությունը որեւէ հայտարարություն չի տարածել այս մասին, Նվեր Կոստանյանը պատասխանեց․ «Որովհետեւ բան չի փոխվել։ Ինչ-որ բան փոխվելու մասին չէ խոսքը, պարզապես տվյալները պետք է լրացվեն ամբողջական»։

Նշենք, որ Արցախից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների հրատապ սոցիալական աջակցության ծրագրի պայմաններին համապատասխանող յուրաքանչյուր ընտանիքի համար աջակցության չափը կկազմում է 40 000 դրամ, որին ավելանում է 10 000–ական դրամ՝ բռնի տեղահանված յուրաքանչյուր անդամի համար՝ սկսած 2–րդ անդամից։ Աջակցությունից կարող են օգտվել ԼՂ-ից բռնի տեղահանված այն ընտանիքները, որոնք չեն գտնվում պետական հոգածության ներքո կամ չեն բնակվում համայնքային/պետական սեփականություն հանդիսացող տարածքներում, որոնց 1 անդամի հաշվով եկամուտները չեն գերազանցի 55,000 դրամը (գործող աջակցությունները մտնում են եկամտի հաշվարկում), որոնց անդամները միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականության կամ գնման իրավունք, որոնց անդամները չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա կամ որոնց ավտոմեքենաների գույքահարկը պակաս է 15,000 դրամից։

Կառավարությունը հայտարարել է, որ այս ծրագրի ժամկետը երկարացվել է մինչև 2026 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ։

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը

Արցախի նախագահի պաշտոնակար, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանն ընդունել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակությանը
Սույն թվականի փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչական շենք այցելեցին Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներ Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր Ալտեմատը, ինչպես նաև «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ջոն Այբները։
Պատվիրակությանն ընկերակցում էին նույն կազմակերպության պատասխանատու Ջոել Վելդկամպը և Պետեր Ֆուխսը։
Հանդիպմանը ներկա էին ԱՀ նախագահի պաշտոնակատար, ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը, ԱԺ խմբակցությունների ղեկավարները, ԱՀ ՄԻՊ-ը և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի ներկայացուցիչը։
Հանդիպման սկզբում Աշոտ Դանիելյանն Արցախի Հանրապետության «Երախտագիտություն» մեդալով պարգևատրեց Էրիխ Ֆոնտոբելին և շնորհակալագրեր հանձնեց Շտեֆան Մյուլլեր Ալտեմատին ու Ջոն Այբներին։
Այնուհետև Աշոտ Դանիելյանը ներկայացրեց Արցախի ժողովրդի իրավունքների վերականգման համար տարվող աշխատանքների քաղաքական ուղղվածությունը, ինչպես նաև անդրադարձավ ժողովրդի սոցիալական և հոգեբանական ընդհանուր իրավիճակին։
Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր Ալտեմատը ներկայացրին Շվեցարիայի երկու խորհրդարանական պալատների կողմից 2025 թվականին ընդունված «Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության ֆորում․ հայերի վերադարձի հնարավորության ապահովում» բանաձևի կատարման ընթացքը և այդ ուղղությամբ տարվող աշխատանքները։
Մասնակիցները տեսակետներ փոխանակեցին երկուստեք համագործակցության և հետագա ծրագրերի իրականացման ուղղությամբ նախատեսվող քայլերի մասին։

Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վատթարացել է

Ադրբեջանական գերությունից հունվարի 14–ին վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանն ահազանգում է՝ Վիգենի առողջական վիճակը վատթարացել է։

«Վիգենի առողջական վիճակը շատ մտահոգիչ է, այժմ փորձում ենք բուժել նրան։ Առողջապահության նախարարությունը և «Նաիրի» բժշկական կենտրոնը հոգացել են նրա բուժման ծախսերը։ Ապրելու պայմանները, սակայն, շատ ծանր են։ Մենք որևէ սոցիալական աջակցություն չենք ստանում, մեր վիճակն ամեն օր վատթարանում է։ Մեր մի քանի ընկերներ մեզ համար բնակարան են վարձել մեկ ամսով։ Վիգենը կորցրել է իր մեքենան, այն ամենն ինչի համար աշխատել է ամբողջ կյանքում»,–NEWS.am–ի հետ զրույցում պատմեց Լինդա Էուլջեքչյանը։

Նա նշեց, որ այս ընթացքում կառավարությունից ֆինանսական որևէ աջակցություն չեն ստացել։

«Ես սպասում էի, որ կառավարությունը նրա կողքին կկանգնի, բայց ցավոք՝ ոչ ոք ոչինչ չի արել, և նրան թողել են իր ճակատագրի հետ միայնակ։ Սա իրոք ամոթ է։ Ոչ ոք չի մտածել, որ այս մարդուն այժմ անհրաժեշտ է հոգեբանական, բարոյական և ֆինանսական աջակցություն»,–հավելեց Լինդա Էուլջեքչյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Ադրբեջանը 4-ի գերի փոխանցել է Հայաստանին։ Նրանք են՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքչյանը և Վագիֆ Խաչատրյանը։

Ֆրանսիայի սենատը միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին

Ֆրանսիայի սենատը երեկ միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին, հայտնում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

Լորան Վոկյեի ներկայացրած բանաձևին, որն առաջարկել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը, 183 ներկաներից ստացվել է 183 «կողմ» ձայն։

«Մենք զրոյի ենք հասցրել Ադրբեջանի ազդեցությունը Ֆրանսիայում»,- գրել է Փափազյանը։

Թրամփ. Պուտինը «պահել է իր խոսքը» էներգետիկ զինադադարի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պահել է իր խոսքը՝ խոստանալով մեկ շաբաթ չհրաձիգել ուկրաինական քաղաքները ուժեղ ցրտերի ժամանակ։ «Կիրակիից կիրակի էր, և այն նորից սկսվեց, և նա երեկ գիշեր ուժեղ հարվածեց», – ասաց Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Սպիտակ տանը երեքշաբթի՝ փետրվարի 3-ի երեկոյան։ «Նա պահել է իր խոսքը։ Դա երկար ժամանակ է, գիտեք, մեկ շաբաթ…», – ասաց ամերիկացի առաջնորդը՝ հավելելով. «Այնտեղ շատ, շատ ցուրտ է, բայց կիրակի էր, և նա դիմացավ կիրակիից կիրակի»։

Սպիտակ տան առաջնորդը կրկին կոչ արեց Պուտինին դադարեցնել Ուկրաինայում գրեթե չորս տարի առաջ Կրեմլի կողմից սանձազերծված պատերազմը։ «Ես ուզում եմ, որ նա ավարտի պատերազմը», – ասաց Թրամփը՝ պատասխանելով AFP լրագրողի հարցին։ Հարցին, թե արդյոք նա հիասթափված է, որ Պուտինը չի երկարաձգել հրադադարը, ամերիկացի նախագահը պատասխանեց. «Ես կցանկանայի, որ նա դա աներ»։

Ինչպես փետրվարի 3-ի երեկոյան գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ում, ուկրաինական իշխանությունները սպասում են Վաշինգտոնի արձագանքին ռուսական ագրեսիայի նոր ակտերին։ «Դա Ամերիկայի առաջարկն էր՝ դադարեցնել էներգակիրների վրա հարվածները դիվանագիտության այս ժամանակահատվածում և այս ցուրտ ձմեռային եղանակին», – հիշեցրել է նա՝ նշելով, որ Ռուսաստանը պատասխանել է ԱՄՆ նախագահի անձնական խնդրանքին «ռեկորդային բալիստիկայով»։ Զելենսկին ընդգծել է, որ «շաբաթվա չորս օրվանից էլ պակաս է անցել, որը խնդրել են Ռուսաստանից»։ «Ռուսաստանի պատերազմին նվիրվածությունը պետք է ստանա խաղաղ պատասխան», – կրկին կոչ է արել նա։

Իր հերթին, Հարավային Կարոլինայից հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմը խոստովանել է, որ «Պուտինի վրա մեր կողմից գործադրվող ճնշումը՝ նստելու բանակցությունների սեղանի շուրջ և դադարեցնելու Ուկրաինայի վրա զանգվածային հարձակումները, չի աշխատում», հաղորդում է DW-ն։

Արցախցիներին օգնության մերժում․ “տեխնիկական խնդիրնե՞ր”, թե՞ միտումնավորություն

Անուշ Ղավալյանը իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է, թե ինչպես են Հայաստանում “աննկատ և անդեմ” ոտնահարվում արցախցիների իրավունքները։

“Այն, որ Հայաստանում պետք է ապացուցեմ իմ՝ արցախցի լինելու փաստը, արդեն աբսուրդի աստիճանի է հասնում։

Սկսենք նրանից, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն Migration and Citizenship Service of Armenia ում երկու անգամ գրանցվելուց հետո ինձ ասում են, որ տվյալներս կորել են։ Նամակները ղեկավարներին՝ Armen Ghazaryan, Nelly Davtyan մնացին անպատասխան։

Միասնական սոցիալական ծառայությունից ասացին, որ իմ տվյալները Միգրացիան չի փոխանցել։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան – Human Rights Defender of Armenia-ին, մի երկու անգամ զանգեցին, հետո ասացին հազար ու մի գործ ունեն՝ կորան։

Դիմեցի դատարան։ Երկու տարի է գործի քննությունը շարունակվում է, որը կավարտվի Աստված գիտի՝ երբ։

Բնակարայինի ծրագրի համար մեր ընտանիքի դիմումը մերժվել է, որովհետև իմ տվյալները բացակայում են իրենց շտեմարանից։

Դիմել եմ փոխվարչապետի աշխատակազմ։ Ասացին պետք է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Arsen Torosyan, դիմումիս պատասխանը պետք է ստանայի հունվարի 26-ին։ Կորել են Ձեր աշխատակիցները, նամակներին ու զանգերին չեն պատասխանում։

Ո՞վ եք դուք և ՀՀ Սահմանադրության ո՞ր կետով եք առաջնորդվում։ Այս հարցը կհասնի Եվրոպական դատարան։ Ոնց տեսել եք՝ իմ համբերությունը կհերիքի”, գրել է Անուշ Ղավալյանը։

Վերջին ամիսներին արցախցիները բողոքում են, որ պետական ​​սոցիալական օգնության ծրագրերից առանց բացատրության մերժում են ստանում: Օրինակ՝ խոցելի խմբերի հրատապ օգնություն ստանալու համար տվյալներ մուտքագրելիս նրանք մերժում են ստանում այն պատճառաբանությամբ, որ տվյալները «չեն համապատասխանում գրանցամատյանում գրանցված տվյալներին»:

Գրանցամատյանը անհասանելի է մարդկանց համար, և ոչ ոք չի կարող տեսնել, թե ինչպես են անձի տվյալները գրանցված այնտեղ: Մեկ տառը կամ թիվը կարող է հանգեցնել մերժման: Անցյալ տարվա վերջին պարզվեց, որ մերժումներ էին տեղի ունենում, քանի որ գրանցման տվյալները մուտքագրվում էին փոքրատառերով, ինչպես անձնագրում է, բայց պետք էր մեծատառերով, չնայած ծրագրում չկա որևէ ցուցում, որ տվյալները պետք է մուտքագրվեն մեծատառերով:

Հունվարից հետո առաջացավ մեկ այլ խնդիր. համակարգը չի ընդունում դիմումներ, եթե ընտանիքի անդամը բացակայում է Հայաստանից: Շատերն ասում են, որ ընտանիքի մեկ անդամը ստիպված է մեկնել արտագնա աշխատանքի, քանի որ արցախցիների համար, ովքեր կորցրել են ամեն ինչ, չափազանց դժվար է Հայաստանում ապրուստ վաստակել: Մինչև հունվարը աշխատանքի մեկնող անձի անունը համակարգում չէր մուտքագրվում, և Հայաստանում մնացած նրա ընտանիքը կարող էր ստանալ որոշակի աջակցություն: Հունվարից հետո Հայաստանում գտնվող ընտանիքի անդամի մասին տեղեկությունների տրամադրումը պարտադիր է, սակայն համակարգը պատասխանում է. «Ձեր ընտանիքի անդամներից մեկը բացակայում է Հայաստանից» և մերժում է աջակցությունը։  

Ղարաբաղցիների՝ պետական համակարգերի հետ փոխազդեցություններով մասնագիտորեն զբաղվող արցախյան կազմակերպությունների չաթերը լի են մարդկանց հուսահատ հարցերով։ Կազմակերպությունները օգնում են իրենց ուժերի ներածին չափով՝ մատնանշելով տեխնիկական սխալները։

Սակայն հասունանում են լուրջ կասկածներ, որ «տեխնիկական սխալները» իրականում դիտավորյալ խոչընդոտներ են արցախցիներին սոցիալական օգնություն տրամադրելու համար։ Մի շարք մերժումներից հետո շատերը պարզապես հրաժարվում են և ապրելու համար փորձում են այլ, երբեմն ծայրահեղ միջոցներ։ Շատերը դեռևս գտնում են համակարգ մուտք գործելու միջոց՝ գիտակցելով, որ հաջորդ ամիս կարող են կրկին մերժվել։

Այնուամենայնիվ, արցախցիների շրջանում ձևավորվում է ամուր կարծիք, որ արցախցիների համար նախատեսված սոցիալական օգնությունը դիտավորյալ է զրոյացվում, հիմնականում՝ Հայաստանի ներքին գործերում արցախցիների գործոնը չեզոքացնելու համար։ Կա նաև համոզմունք, որ արցախցիների համար նախատեսված բյուջետային և միջազգային դոնորների միջոցները օգտագործվում են այլ նպատակներով։ Ոմանք ասում են, որ այս գումարն օգտագործվում է ընտրարշավի համար, մյուսները նույնիսկ պնդում են, որ արցախցիներից «խնայված» գումարն ուղղվել է պաշտոնյաների համար միլիոնավոր պարգևավճարների։

Ամեն դեպքում, կառավարությունը որևէ փորձ չի անում «հանգստացնելու» արցախցիների աճող դժգոհությունը՝ հավատալով, որ դա սպառնալիք չի ներկայացնում ներքին կայունության համար։ Իսկ երբ այն սկսում է սրվել, «տեխնիկական խնդիրները» ժամանակավորապես լուծվում են, և գոլորշին բաց է թողնվում։

Բայց որքա՞ն ժամանակ դա կշարունակվի։

 

Արցախի հարցը փակված չէ. շվեցարացի պատգամավոր Էրիխ Վոնտոբել

Christian Solidarity International (CSI)-ը և Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը (ՔԻՀԿ) հրավիրել է մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվում են կազմակերպությունների ուսումնասիրությունների արդյունքները Հայաստանում կրոնական ազատության և մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ, հայտնում է Ապառաժը։
Հայաստանում ասում են, թե Լեռնային Ղարաբաղի էջը փակված է, մենք այլ կերպ ենք տեսնում իրականությունը. հարցը չի կարող փակված համարվել, եթե տեղահանված անձիք չեն վերադարձել իրենց Հայրենիք։ Միջազգային համայնքը հստակ արձանագրեց, որ տեղի է ունեցել հանցագործություն։ Արցախից տեղահանված մարդկանց վերադարձը կայուն խաղաղության անքարտելի մաս պետք է լինի։ Ես և մենք կփորձենք անել այն ամենն ինչ կարող ենք. շվեցարացի պատգամավոր Էրիխ Վոնտոբել։

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, մի քանի օրից կրկին կբարձրանա

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ օդերևութաբանները կանխատեսում են օդի ջերմաստիճանի անկում ամբողջ Հայաստանում։

Նշվում է, որ փետրվարի 4-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, նախալեռներում և հովիտներում՝ ձյուն։

Ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, իսկ երկու օր անց նույնքան կբարձրանա։

Փետրվարի 4-ին Շիրակում ջերմաստիճանը կլինի -1°C, Կոտայքում և Լոռիում՝ +4°C, Գեղարքունիքում՝ 0°C, Տավուշում՝ +8°C, իսկ Արագածոտնում +5°C։ Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում ջերմաստիճանը կլինի +7°C, իսկ Սյունիքում՝ +9°C։

Տեղումներ են սպասվում նաև Երևանում, մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +5°C-ի։

Թրամփի վարչակազմը Իրանի խնդրանքով բանակցությունները Թուրքիայից տեղափոխել է Օման

Ըստ ամերիկյան Axios-ի՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են տեղի ունենալ ուրբաթ օրը Օմանում: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Թրամփի վարչակազմը համաձայնել է Իրանի խնդրանքին՝ բանակցությունները Թուրքիայից տեղափոխելու վերաբերյալ:

Reutersի աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանը պահանջել է, որ այս շաբաթ ԱՄՆ-ի հետ բանակցությունները տեղի ունենան Օմանում, այլ ոչ թե Թուրքիայում, և, որ միայն միջուկային հարցերի շուրջ երկկողմանի բանակցություններ լինեն:

Ավելի վաղ լրատվամիջոցների հաղորդմամբ Իրանի արտգործնախարարն ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ուրբաթ օրը կհանդիպեն Ստամբուլում՝ բանակցելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

Ալիևը կգա՞ մայիսին Երեւան

Աբու Դաբիում ավարտվել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի ընդլայնված կազմով հանդիպումը։ Նրանց հանդիպումը շարունակում են «դեմ առ դեմ» ձևաչափով։

Այսօր՝ փետրվարի 4-ին, Աբու Դաբիում նախատեսված է «Զայեդի» մրցանակաբաշխությունը։ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները «Զայեդ» մրցանակի կարժանանան խաղաղության համաձայնագրի համար:

Հիշեցնենք, որ ԵՄ նախկին նախագահ Շառլ Միշելը Զայեդ մրցանակի ժյուրիի անդամ է։ Օրերս նա եկել էր Հայաստան, որպեսզի հայտնի Փաշինյանին մրցանակի մասին և թելադրի հետագա քայլերը։

2022 թվականի հոկտեմբերին Միշելի և Մակրոնի միջնորդությամբ Փաշինյանն ու Ալիևը Պրահայում ստորագրեցին հուշագիր, որով ճանաչեցին Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային սահմանները՝ համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի։ Այսպիսով, Հայաստանը խոստացավ հրաժարվել իր ազգային իրավունքներից՝ կապված Արցախի, Նախիջևանի, Կարսի, Արդահանի և Արարատ լեռան հետ։

Նիկոլ Փաշինյանը անխոնջ կրկնում է, որ առանց խորհրդային սահմանների վերաբերյալ Պրահայի համաձայնագրի չէր լինի ո՛չ խաղաղություն, ո՛չ TRIPP և ո՛չ էլ «խաղաղության պայմանագրի» նախաստորագրում Վաշինգտոնում։

Պրահայի հուշագրի ստորագրումից երեք տարի անց միջազգային հանրությունը բախվել է մի իրավիճակի, երբ պետք է արդարացնի Արցախի անօրեն ուժային բռնագրավումը որպես «խորհրդային սահմանների վերականգնում», իսկ Ռուսաստանի կողմից Ղրիմի և Դոնբասի բռնագրավումը՝ որպես «խորհրդային սահմանների անօրինականության ուղղում»։ Եվրոպան չի կարող ընդունել, որ Արցախյան նախադեպն է օրինակ ծառայել Ռուսաստանի համար։

Այնուամենայնիվ, միջազգային հանրությունը չի կարողանում գտնել փաստարկներ՝ օրինականացնելու համար Արցախի բռնագրավումը, ուստի կարևոր է ապահովել, որ Հայաստանը «կամավոր» հրաժարվի իր իրավունքներից և տարածքներից՝ պաշտպանելով միջազգային հանրությանը 100 տարվա մեղքից։

Այսպես թե այնպես, Արցախի բռնագրավումը և Հայաստանին «կամավոր» հրաժարվելու և ինքնալուծարման հարկադրելը կդառնա այն թելը, որը քաշելով՝ միջազգային հանրությունը կլուծարի ամբողջ ներկայիս աշխարհակարգը։

Բայց առայժմ պետք է ավարտվի Միշելի հովանու ներքո Հայաստանի լուծարման գործընթացը, և դրան հասնելու համար Ալիևը պետք է կարևոր քայլ կատարի։ Ալիևը պետք է մայիսին գա Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և այնտեղ ստորագրի «խաղաղության պայմանագիրը»։ Իսկ Փաշինյանը, ի նշան «երախտագիտության», պետք է հանդիսավոր կերպով խոստանա փոփոխություններ կատարել Հայաստանի Սահմանադրությունում և հրաժարվել ազգային իրավունքներ հիշեցնող ամեն ինչից։ Հայաստանը կարող է միայն խաչմերուկ լինել։

Հայոց եկեղեցին պահանջներ է ներկայացնում, ոչ միայն Արցախի մասով

Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ բարդ հանելուկ է ձևավորվում. Հայաստանի կառավարությունը անուղղակիորեն արգելում է հայ եպիսկոպոսների մասնակցությունը Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին և ամեն կերպ փորձում է խափանել ժողովը; Հայաստան են ժամանել «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության անդամները, որոնք խոսում են Հայաստանի պետականությանը սպառնացող վտանգի մասին; «Եվրոպայում կրոնական ազատության ֆորում» (FOREF Europe) հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպություն դատապարտում է Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու վրա գործադրվող ճնշումը; ԱՄՆ կաթոլիկ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի՝ Հայաստան այցի նախօրեին հայտարարություններ են արվում այն ​​մասին, որ Միացյալ Նահանգները չի կարող հանդուրժել Հայկական եկեղեցու վրա հարձակումները և Արցախում հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացումը; Վաշինգտոնում անցկացվում է կրոնական ազատության միջազգային համաժողովը; Արցախում Հայ Առաքելական Եկեղեցու ունեցվածքի վերականգնման պահանջների ֆոնին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը պատրաստվում է դատական ​​հայց ներկայացնել ՄԻԵԴ՝ պահանջելով վերադարձնել Սիսում (այժմ՝ Թուրքիա) գտնվող իր նստավայրը։

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն վճռականորեն և անսասան պաշտպանում է իր ազգն ու հոտը և կատարում է իր պարտականությունը։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Այբները, որը հանդիպել էր պատրիարքին Էջմիածնում։

«Այսօր առավոտյան մենք նաև հնարավորություն ունեցանք այցելելու արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին բանտում։ Նա պահվում էր նույն խցում, որտեղ իր անվանակիցը՝ արքեպիսկոպոս Բագրատ Վարդազարյանը, սպանվել էր խորհրդային զորքերի կողմից 1937 թվականին», – ասաց Ջոն Այբները։

Այբները նշեց, որ արքեպիսկոպոս Բագրատը երկու նամակ է փոխանցել՝ մեկը ուղղված Վաշինգտոնում ներկայումս ընթացող կրոնական ազատության միջազգային համաժողովին, իսկ մյուսը՝ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսին, որը շուտով կայցելի Հայաստան և Ադրբեջան։

Դեռևս հայտնի չէ՝ Վենսի այցը կկայանա՞ փետրվարի 17-18-ը Վիեննայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովից առաջ, թե՞ հետո։ Սակայն կառավարությունը անում է ամեն ինչ, որպեսզի ժողովը չկայանա։

Գիտեք, որ 6 եպիսկոպոսների երկրից բացակայելու արգելք է դրվել. այս նոր իրավիճակով պայմանավորված տեղի կունենան քննարկումներ և կայացված որոշումների վերաբերյալ տեղեկություններ կփոխանցվեն։ Այս մասին ասել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Եպիսկոպոսաց ժողովը, որը նախատեսված է անցկացնել Ավստրիայում, տեղի կունենա, թե ոչ։  

Հունվարի 1-ին ամերիկյան «Compact» առցանց ամսագիրը հրապարակեց պրոֆեսոր Մեթյու Դալ Սանտոյի հոդվածը՝ «Արևմտականացման գինը Հայաստանում» վերնագրով։

Հոդվածում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի զայրույթի թիրախը Հայ Առաքելական եկեղեցու հիերարխիան է, մասնավորապես՝ նրա ղեկավար՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ը։

«Եկեղեցու հանցագործությունը Փաշինյանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ դիվանագիտական ​​​​պայմաններին հակառակվելն էր։ Փաշինյանի Ստամբուլ այցից տասը օր առաջ Գարեգին Բ-ը գտնվում էր Շվեյցարիայում, որտեղ նա կոչ արեց պաշտպանել Հայաստանի վտանգված մշակութային ժառանգությունը Ղարաբաղում՝ հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովում, որը կազմակերպվել էր Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից Շվեյցարիայի Բեռն քաղաքում։ Չնայած Փաշինյանը պատրաստ էր զիջել Հայաստանի իրավունքները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, կաթողիկոսը պնդեց, որ այդ տարածքը հայկական է։ Ի վերջո, Ղարաբաղում կան տասնյակ հին հայկական եկեղեցիներ և վանքեր, ինչպիսիք են 13-րդ դարի ապշեցուցիչ Գանձազար վանքը, ինչպես նաև սրբերի մասունքներ և գերեզմանատներ։ Ղարաբաղը կարևոր է նաև հայկական քրիստոնեության համար այլ առումներով», – նշում է հեղինակը։

Հայ Առաքելական Եկեղեցու սեփականության իրավունքների վերականգնումը վերաբերում է ոչ միայն Արցախին։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը պատրաստ է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ընդդեմ Թուրքիայի՝ Սիս քաղաքում գտնվող իր պատմական նստավայրը վերադարձնելու համար։ Այս մասին հայտնել է կաթողիկոսության պաշտոնական լրատվական ծառայությունը՝ «Կիլիկիա» հեռուստաընկերությունը։

Թուրքիայի Հանրապետության դեմ հայցը հարուցվել է դեռևս 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի առթիվ։ Տարիների ընթացքում գործը քննվել է բոլոր թուրքական դատական ատյաններում, սակայն պահանջը մշտապես մերժվել է։ Գործն այժմ քննվում է Թուրքիայի վճռաբեկ դատարանում։ Եթե գործը կրկին մերժվի, կաթողիկոսությունը մտադիր է այն ուղարկել ՄԻԵԴ։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, որը Հայ Առաքելական Եկեղեցու մաս է կազմում, հիմնադրվել է 13-րդ դարի վերջին (Կիլիկիայի Հայկական թագավորության գոյության ընթացքում) և կենտրոնը գտնվել է նրա մայրաքաղաք Սիսում։ Կաթողիկոսությունը այնտեղ գտնվել է մի քանի դար և լքել է քաղաքը 1921 թվականին՝ Հայոց ցեղասպանությունից հետո, երբ Կիլիկիայի բնակչությունը բնաջնջվել կամ արտաքսվել է։ Ներկայումս կաթողիկոսության նստավայրը գտնվում է Լիբանանի Անթիլիաս քաղաքում։ Նրա իրավասության մեջ են մտնում Լիբանանի, Սիրիայի, Իրանի, Կիպրոսի և հայկական սփյուռքի երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների հայկական թեմերը։

Շվեյցարացի գործիչները զգուշացնում են Հայաստանին․ մի հրաժարվեք իրավունքներից

Արցախից հետո Ադրբեջանը կարող է հավակնել Մեղրիին և Զանգեզուրին։ Երևանում անցկացված մամուլի ասուլիսում հայտարարել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ և Լեռնային Ղարաբաղի համար Շվեյցարիայի խաղաղության նախաձեռնության նախաձեռնող Էրիխ Վոնտոբելը։

Պատասխանելով հայերի Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի մասին հարցին՝ նա ընդգծել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի իր իրավունքներից, դա շատ վատ ազդանշան կլինի Ադրբեջանի համար. դա կնշանակի, որ նրանք ամեն ինչից չոր են դուրս գալիս։ «Վաղը կարող է լինել Մեղրին և Զանգեզուրը։ Եթե այսպես շարունակվի, 50 տարի հետո հայ ազգը չի լինի»,- զգուշացրել է շվեյցարացի պատգամավորը։

Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության (Christian Solidarity International) ղեկավար Ջոն Այբները նշել է, որ մարդու իրավունքները երբեք չեն կարող ճնշվել։ «Եթե այսօր ոտնահարվեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները, վաղը կարող են ոտնահարվել ձեր իրավունքները, և դա կարող է անել պետությունը»,- հիշեցրել է շվեյցարացի պատգամավորը։

Հայոց պետականությունն ինքնին մարտահրավեր է Թուրքիայի և Ադրբեջանի համար, հայտարարել է Ջոն Այբները ասուլիսում։

Հայերի վերադարձի դեպքում Արցախում էթնիկ զտումների կրկնության դեմ երաշխիքների մասին հարցին ի պատասխան՝ Այբները հայտարարել է. «Չենք կարող երաշխավորել, որ պատմությունը չի կրկնվի. չկան երաշխիքներ Արցախի ժողովրդի համար, և սա մեզ անհանգստացնում է։ Մենք էթնիկ և կրոնական զտումները համարում ենք ավելի մեծ պատմական ցեղասպանության մաս։ 1915-1918 թվականներին տեղի ունեցածն ավելի վաղ սկսված խոշոր ցեղասպանական գործողության գագաթնակետն էր։

Եթե հաշվի առնենք Հայաստանի վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի պատմական դիրքորոշումները, նրանք ոչ մի կերպ չեն ընդունում Հայաստանի պատմական դերը և պետականությունը։ Այն փաստը, որ Հայաստանն ունի պետականություն, արդեն իսկ մարտահրավեր է նրանց համար»։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է շարունակել աշխատանքը և հիշել, որ չքաղված դասերը երաշխիք են, որ պատմությունը կկրկնվի։