Չինաստանը պատրաստ է գերձայնային զենք վաճառել Իրանին. Reuters

Իրանը մտնում է Չինաստանի հետ բանակցությունների վերջին փուլ՝ առաջադեմ հակածովային հրթիռներ գնելու վերաբերյալ, որոնք կարող են զգալիորեն փոխել տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը։

Ռոյթերսի տվյալներով՝ դրանք CM-302 գերձայնային հրթիռներ են, որոնք կարող են հարվածել մինչև 290 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներին։ Աղբյուրների համաձայն՝ Իրանի և Չինաստանի միջև բանակցությունները գրեթե ավարտվել են, և միայն մատակարարման ժամանակացույցն է մնացել չլուծված։

Ռազմական վերլուծաբանները նշում են, որ եթե գործարքը կյանքի կոչվի, Իրանը զգալիորեն կբարձրացնի իր ծովային կարողությունները։ Սա, առաջին հերթին, վերաբերում է Պարսից ծոցում և հարակից ջրերում ներկայումս գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերին հնարավոր սպառնալիքին։

Բարձրանալու են նաև հաշմանդամություն ունեցող անձանց նպաստները

Բարձրանալու են նաև հաշմանդամություն ունեցող անձանց նպաստները։ Այդ մասին հայտնել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Առաջին, երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամություն ունեցողների, ինչպես նաև միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց համար թոշակը կբարձրանա 10 000 դրամով։ 36 000, 37 500 և 39 000 դրամի փոխարեն դրանք դառնալու են 46 000 դրամ, 47 500 և 49 000 դրամ։
Թորոսյանը նաև ընդգծեց, որ պատրաստվում են բարձրացնել զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները։ Այստեղ բարձրացումները մի փոքր այլ կլինեն․ միջին բարձրացումը մոտ 8000 դրամ կլինի, բայց որոշ դեպքերում էլ կլինի 10 000 կամ 15 000 դրամ։ Որոշ դեպքերում մի փոքր ավելի ցածր կլինի այդ բարձրացումը։ Ըստ նախարարի՝ այս կենսաթոշակները բավականին բարձր են, միջինը մոտ 100 000 դրամ է։
«Բարձրանալու են նաև որոշ քաղաքացիների վճարվող կենսաթոշակները, որոնք համեմատաբար ցածր են։ Օրինակ՝ կերակրողին կորցնելու կենսաթոշակը։ Ապրիլի 1-ից բոլորն այդ տարբերակով են ստանալու, չհաշված հետվճարը 20 տոկոսի չափով»,- ասաց Թորոսյանը։

Ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան` մինչև 10 հազ․ դրամ

Ընտրություններից մի քանի ամիս առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է՝ ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները կբարձրանան: Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում նա նշել է, որ համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր թոշակները՝ ավելի քիչ:

Մանրամասն հաշվարկներ վարչապետը չի հայտնել՝ շեշտելով, որ սրա մեջ ներառված չէ հետվճարը:

Դեռ երկու ամիս առաջ, սակայն, կենսաթոշակառուների մասին վարչապետ Փաշինյանը աղմկոտ հայտարարություն էր արել՝ պնդելով, թե նրանք չգիտեն՝ ինչպես արդյունավետ փող ծախսել։

«Թոշակառուների թոշակը ամսական 11 հազար դրամով կամ 10 հազար 400 դրամով ավելացնենք. ի՞նչ է անելու թոշակառուն։ Այդ գումարը ի՞նչ է անելու, ինչի՞ վրա է ծախսելու», – ասել էր վարչապետը:

Այսօրվա ուղերձում Նիկոլ Փաշինյանը նշեց՝ որոշումը կայացվում է հիմա, քանի որ 2025-ի տնտեսական աճը եղել է կանխատեսվածից ավելի բարձր, մեկ այլ պատճառ է այն, որ առողջության ապահովագրության համակարգի համար նախատեսված բյուջետային հատկացումները, հունվար-փետրվար ամիսների տվյալներով, իշխանության հաշվարկներով բավարար են դրա կարիքների համար: Մյուսը, նրա խոսքով, հարկերը վճարող քաղաքացիներն են:

ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ մանրամասնելով, թե ինչպես և որքանով կբարձրանան քաղաքացիներին տրվող կենսաթոշակներն ու հաշմանդամության նպաստները։

Ըստ նախարարի, բոլորին տրվող թոշակներն ավելանալու են 10 հազար դրամով։ Բարձրանալու են նաև զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները։

Բացի այս բարձրացումից, քաղաքացիներն իրենք էլ կարող են ևս մինչև 10 հազար դրամով բարձրացնել իրենց կենսաթոշակը՝ հետվճարի ծրագրով։

Ուղիղ 4 տարի է՝ Ուկրաինայի ժողովուրդը դիմադրում է ռուսական կայսրության բանակին

Ուղիղ 4 տարի է՝ Ուկրաինայի ղեկավարությունը, որքան էլ թերի և կոռումպացված լինի, դիմադրում է ռուսական կայսրության բանակին։
Ուկրաինան 4 տարի դաժան և մաշեցնող պատերազմից հետո, ոչ մի թիզ չի համաձայնվում զիջել առանց կրակոցի և նույնիսկ հակահարձակման է անցնում։
Չորս տարվա ընթացքում ռուսական զորքերին չհաջողվեց իրականացնել ոչ ենթադրյալ սկզբնական «խնդիրները» (Կիևի գրավում և Ուկրաինայում իշխանության փոփոխություն), ոչ էլ ավելի ուշ հայտարարված նպատակները՝ դուրս գալ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի վարչական սահմաններ, այն դեպքում, երբ Ուկրաինան բազմիցս զիջում է Ռուսաստանին զինված ուժերի թվաքանակով։
Ռուսաստանը կորցրեց ինտեգրումը համաշխարհային ֆինանսական, տեխնոլոգիական և ինստիտուցիոնալ համակարգերին։ Պատժամիջոցները սահմանափակեցին հասանելիությունը կապիտալին, պահուստներին, շուկաներին, լոգիստիկային, տեխնոլոգիաներին և միջազգային ապահովագրությանը՝ տնտեսությունը մղելով ավելի թանկ և պակաս արդյունավետ շրջանակներ։ Խզվեցին կապերը գիտության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում, իսկ միջազգային ձևաչափերին մասնակցությունը հասցվեց նվազագույնի։ Ռուսաստանը դարձավ աշխարհի ամենապատժամիջոցային երկրներից մեկը։
44-օրյա դիմադրությունից հետո Հայաստանի կապիտուլյանտ ռեժիմը զիջեց ավելի շատ տարածք, քան պատերազմով էինք զիջել։
Հայաստանը և հայկական բանակը 44-օրյա պատերազմի ընթացքում ունեին բոլոր հնարավորությունները պաշտպանելու Քարվաճառը՝ կանանց և երեխաներին դուրս բերելով Ստեփանակերտից, և նույնիսկ եթե մարզկենտրոնի ժամանակավոր կորստ լիներ, ապա՝ խրամատավորվելով, ձմեռային ամիսներին պաշտպանվելով և գարնանը ճիշտ արտաքին քաղաքականություն վարելով, հնարավոր էր անցնել հակահարձակման, վերագրավելով Ստեփանակերտը և ունենալով նվազագույն տարածքային կորուստներ, ստիպելվ թշնամուն զինադադարի։
Դրա փոխարեն Փաշինյանի կապիտուլյանտ ռեժիմը ստորագրեց Պուտինի կողմից գրված նոյեմբերի 9-ի դավաճանական հայտարարությունը, և երեք տարի անց հայկական բանակի ղեկավար կազմի հետ լուռ հետևեցին Արցախի մարզի հայաթափմանը և հայ ժողովուրդը մինչև այսօր դա հանդուրժում է։
Ուկրաինան գործում է իր շահերից ելնելով և, եթե պետք լինի, մերժում է Արևմուտքի առաջարկները ու շարունակում իր համար սրբազան պատերազմը։
Հայաստանն իր դավաճան իշխանություններով կատարում է բոլորի կամքը՝ թուրքերի, ռուսների և Արևմուտքի՝ զիջելով հայկական բոլոր շահերը և անցնելով բոլոր կարմիր գծերը։
Այսքանից հետո ծիծաղելի են այն հայերը, որոնք ծաղրում են Զելենսկուն և Ռուսաստան–Ուկրաինա հակամարտության մեջ բռնում են ռուսների կողմը։
Երջանահիշատակ Իգոր Մուրադյանի խոսքը հիշեցի․ պատերազմից ավելի վատ բան կա, դա՝ կապիտուլյացիան է։
Սամվել Ասլիկյան, Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ

ԵՄ արագ արձագանքման խումբը Հայաստանում “կօգմի” նաև հանրաքվեին

Ազատությունը հայտնում է, որ Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար՝ նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող «հիբրիդային արագ արձագանքման խումբ», ապա՝ մշտական քաղաքացիական առաքելություն։

ԵՄ-ն մտադիր է «աջակցություն հայտնել Հայաստանի ժողովրդավարական դիմադրողականության և տեղեկատվական ամբողջականության ամրապնդմանն ինչպես 2026 թվականի հունիսի ընտրություններից առաջ, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացի ընթացքում»։

Նոր առաքելությունը հավանության արժանանալու դեպքում ավելի շատ կկենտրոնանա հիբրիդային սպառնալիքների վրա՝ ներառելով «ընտրական գործընթացի ամբողջականության պաշտպանությունը, ինչպես նաև հնարավոր է՝ դրան անմիջապես հաջորդող սահմանադրական հանրաքվեն»:

Բրյուսելում՝ դիվանագիտական միջանցքներում, հույս կա, որ այս անգամ Ադրբեջանը կարող է ավելի դրական տրամադրված լինել Հայաստանում ԵՄ նոր առաքելության նկատմամբ, քանի որ այն շաղկապվելու է ԱՄՆ-ի գլխավորած խաղաղության գործընթացի և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հետ, հայտնում է Ազատությունը։

Օրերս հաղորդվել էր, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 200 միլիոն եվրո, որի մասին եվրահանձնակատար Մարթա Քոսը կհայտարարի մարտ ամսին Հայաստան կատարելիք այցի ժամանակ։

«Ազատության» տեղեկություններից դատելով՝ Հայաստանի կառավարությունը խնդրել է ԵՄ-ից ֆինանսավորում և «արագ արձագանքման խումբ», համարելով, որ առանց նման աջակցության չի կարողանա հաղթել ընտրություններում, ավարտել Ադրբեջանի հետ «խաղաղության գործընթացը» և անցկացնել սահմանադրական հանրաքվե։ ԵՄ-ն, հույս ունենալով, որ այս հարցերում Հայաստանին ուղղված աջակցությունը չի հրահրի բողոքներ Բաքվում, փաստորեն ընդունում է, որ այս երեք գործընթացներն էլ բխում են Ադրբեջանի շահերից։

 

Մարտունիում քանդել է Երկրորդ աշխարհամարտի և արցախյան ազատամարտի հուշահամալիրը

Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել Արցախի հայկական մշակութային և պատմական ժառանգությունը։ Արցախի Մարտունի քաղաքում ամբողջությամբ ավերել է հուշահամալիրը, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սոցցանցի օգտատեր Արտակ Մկրտչյանը՝ հրապարակելով լուսանկարներ:

«Այս հուշահամալիրը բացվել էր 2007 թվականի մայիսի 7-ին, որպես տարբեր սերունդների հերոսների հիշատակը միավորող խորհրդանիշ։ Այսօր այն այլևս չկա։

Սա վանդալիզմ չէ։

Սա մշակութային ցեղասպանություն է։

Սա նպատակային քաղաքականություն է ջնջելու հայկական հետքը, պատմությունն ու հիշողությունը Արցախում։

Առավել ցինիկ է այն փաստը, որ 2025 թվականին Ադրբեջանը ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, մինչդեռ օկուպացված տարածքներում շարունակվում է մշակութային արժեքների համակարգված ոչնչացումը։

Միջազգային հանրության լռությունը դառնում է համակերպում։

Մշակութային ժառանգության ոչնչացումը նույնպես հանցագործություն է։

Հուշարձանները կարելի է քանդել,

բայց ժողովրդի հիշողությունը երբեք։

Պատմությունը հնարավոր չէ ջնջել»,-գրել  է նա:

Զելենսկի. Չորս տարի է Պուտինը երեք օրում գրավում է Կիևը

«Այսօր լրանում է ուղիղ չորս տարի այն բանից հետո, երբ Պուտինը հայտարարեց, որ երեք օրում կգրավի Կիևը», – հայտարարեց Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ պատերազմի չորրորդ տարեդարձի առթիվ։
«Եվ սա շատ բան է ասում մեր դիմադրության, այն մասին, թե ինչպես է Ուկրաինան պայքարել այս ամբողջ ընթացքում։ Այս խոսքերը շատ բան են ասում մեր միլիոնավոր մարդկանց, մեծ քաջության, քրտնաջան աշխատանքի, դիմացկունության և այն երկար ճանապարհի մասին, որն Ուկրաինան անցնում է 2022-ի փետրվարի 24-ից ի վեր», – հայտարարեց Զելենսկին։
«Մենք իրավունք ունենք ասելու. մենք պաշտպանեցինք մեր անկախությունը, մենք չկորցրեցինք մեր պետականությունը, Պուտինը չհասավ իր նպատակներին։ Նա չկոտրեց ուկրաինացի ժողովրդին, նա չհաղթեց այս պատերազմում։ Մենք պահպանեցինք Ուկրաինան և մենք ամեն ինչ կանենք խաղաղության և արդարության հասնելու համար», – հավելեց նա։

Մեծ Բրիտանիայի խոհրդարանում մեկնարկել է Արցախի վերաբերյալ խորհրդարանական հետաքննություն

Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախմբի փոխանցմամբ փետրվարի 23-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի է ունեցել «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» խորագրով խորհրդարանական հետաքննության գործընթացի մեկնարկը, որի նպատակն է ուսումնասիրել 2023 թվականից ի վեր Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայկական ժառանգության ոչնչացումը, մինչ օրս ձեռնարկված իրավական արձագանքները, ինչպես նաև արդարության և հաշվետվողականության հասնելու հնարավոր ուղիները։ Առաջին նիստում ելույթ է ունեցել «Արցախի միության» նախագահ, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին  պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Հետաքննությունն իրականացնում են Միջազգային փաստաբանների ասոցիացիայի Մարդու իրավունքների ինստիտուտը (IBAHRI)` համագործակցությամբ Միջազգային իրավունքի, արդարադատության և հաշվետվողականության հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի  և Հայաստանի հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի։

Բազմակուսակցական հանձնախումբը նախագահում է խորհրդարանական Բրենդան Օ’Հարան, անդամակցում են նաև բարոնուհի Հելենա Քենեդին, խորհրդարանականներ Ջոն Ուիթինգդեյլը, Ջեսիկա Մորդենը, Լորդ Մաք’Իննեսը, Լորդ Ալթոնը և բարոնուհի Հուպերը։ Աշխատանքներին աջակցում է IBAHRI ծրագրերի համակարգող Էյն Մակդոնալդը։

Քննությունը ընթանալու է հինգ փուլով՝ քննարկելով․

  1. Մշակութային ոչնչացման վերաբերյալ ապացույցների և առկա իրավական արձագանքների քարտեզագրում։
  2. Դիմումների ընդունման գործընթացի մեկնարկ։
  3. Հանրային լսումներ՝ փորձագետների և վկաների մասնակցությամբ։
  4. Վերջնական զեկույցի հրապարակում։
  5. Շարունակական քննարկում Մեծ Բրիտանիայի կառավարության և միջազգային հաստատությունների հետ։

Խորհրդարանական հետաքննության աշխատանքներին  կարելի է հետևել սույն հղմամբ։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

24 փետրվար 2026թ.

ԱՄՆ վիզայի դիմորդները Հայաստանում պետք է անցնեն բժշկական հետազոտություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել ներգաղթային վիզայի դիմորդների համար։

«Ներգաղթային վիզայի բոլոր դիմորդները պետք է անցնեն բժշկական հետազոտություն ԱՄՆ դեսպանության կողմից հավատարմագրված բժշկի կողմից։

Բուժզննում անցնելը պարտադիր է ներգաղթային վիզայի դիմելու համար»,- հիշեցնում է դեսպանությունը։

Արցախից տեղահանված հաշմանդամ կինը հուսահատության մեջ է

Արցախից տեղահանված մեր հայրենակիցների վիճակն օրեցոր վատթարանում է։ Այդ են վկայում սոցիալական ցանցերում արվող բազմաթիվ մեկնաբանությունները, որտեղ երևում են, որ մարդիկ հուսահատ և հուսախաբ են։

Ստեփանակերտ քաղաքից տեղահանված, երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող կնոջ երկու հոգանոց ընտանիքը հուսահատության մեջ է։ Տիկին Արեգան ու որդին ստիպված ապրում են քրոջ բազմանդամ ընտանիքի հետ։

Նրանք չեն պատկերացնում, թե ինչպես է լուծվելու իրենց կարգավիճակն ունեցող մարդկանց ճակատագրերը։

 – Որդուս հետ, ով մանկուց տառապում է անբուժելի հիվանդությամբ, բնակություն ենք հաստատել քրոջս տանը։ ՀՀ կառավարության կողմից արցախցիներին տրվող աջակցության ծրագրի փոփոխությունից հետո մենք զրկվեցինք բնակվարձի աջակցությունից և ստիպված տեղափոխվեցինք քրոջս ընտանիքի հետ ապրելու (թե մինչև երբ, չգիտեմ), քանի որ ի վիճակի չէինք տան վարձավճարներն ու կոմունալ ծախսերը վճարել։ Որպես զոհվածի այրի՝ ստանում եմ 30000 դրամ պարգևավճար։ Իմ և որդուս հաշմանդամության թոշակները կազմում են 43500 և 36000 դրամ գումար։ Կարելի է ասել, այդ գումարը հերիքում է միայն մեր դեղորայքին։ Այդպես էլ մենք չընդգրկվեցինք հրատապ աջակցության ծրագրի մեջ։ Հիմա ես չեմ հասկանում՝ մենք խոցելի խո՞ւմբ ենք, թե՞ ոչ։ Մեր առողջական խնդիրները չեն ներում, որ աշխատենք։

Իմ և որդուս ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացն ընթացքի մեջ է, սակայն չեմ կարծում, որ կկարողանանք հավաստագրով բնակարան ձեռք բերել։

Մեր կարգավիճակում գտնվող ընտանիքները շատ-շատ են, և ես ոչ միայն իմ անունից եմ բարձրացնում այս հարցը։ Մի՞թե հնարավոր չէ գոնե սոցիալական բնակարաններ տրամադրել, քանի որ բնակապահովման ծրագրով փոքրակազմ ընտանիքների համար տուն ձեռք բերելն անհնարին է։ Կամ էլ, առանց խտրականության, բոլոր արցախցիներին ընդգրկեն բնակվարձերի աջակցության ծրագրի մեջ։ Չափազանց ծանր է, երբ սոցիալական ցանցերում հանդիպում եմ մեր հայրենակիցների ծանր վիճակը փաստող նյութերի։ Մարդիկ ստիպված են ապրել փայտե կամ երկաթե տնակներում, որոնք զուրկ են ամենատարրական հարմարությունից։ Շատերին անձամբ ճանաչում և ցավ եմ ապրում, երբ մտաբերում եմ, թե ինչպես էին նրանք ապրում Արցախում։ Իսկ այսօր հայտնվել են ահավոր վիճակում, ապագան էլ բոլորովին չի երևում։

Մենք բնավ օգնություն չենք մուրում։ Պարզապես ես ցանկանում եմ իմանալ, թե ինչպե՞ս են լուծվելու մեր կարգավիճակն ունեցող մարդկանց խնդիրները, ի՞նչ պետք է անեն այն մարդիկ, ովքեր ի վիճակի չեն տուն գնել։ Արդյո՞ք հերթով չեն հայտնվի դրսերում,-ասում է հուսալքված կինը և ավելացնում, որ արդեն քանի տարի է, ինչ պրոտեզավորված է նրա ողնաշարը, իսկ որդին հազվագյուտ հիվանդությամբ տառապում է դեռևս Արցախյան առաջին պատերազմի տարիներից։

Տիկին Արեգան ասում է, որ տեղահանությունից հետո Երևան քաղաքում հաստատվել են ստիպված, որովհետև հիվանդանոցները նրանց կյանքի անբաժան մասն են կազմում, իսկ մարզերից Երևան հասնելն այնքան էլ հեշտ չէ, առանձնապես, երբ հիվանդանոց վայրկյան առաջ հասնելը երբեմն կենաց ու մահու խնդիր է։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

«Երկրորդ կարգի մարդիկ». դատական ​​նիստ՝ արցախցիների քաղաքացիության հարցով

Այսօր ՀՀ վարչական դատարանում, դատավոր Լիլիթ Չիլինգարյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ՀՀ քաղաքացի Մերի Գարայանի կողմից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) դեմ ներկայացված հայցի վերաբերյալ դատական ​​նիստ: Դատարանի որոշումը կհրապարակվի մարտի 16-ին։

Մերի Գարայանը, ով իր առաջին հայկական անձնագիրը ստացել է Գորիսում, բայց ամուսնացել է Արցախում և 2019 թվականին այնտեղ ստացել 070 կոդով անձնագիր, ՀՀ անձնագրային գրասենյակում Արցախից տեղահանվելուց ի վեր այդպես էլ չի կարողացել գրանցվել: Այդ պատճառով նրա չորս հոգանոց ընտանիքը զրկվել է տեղահանվածների համար նախատեսված սոցիալական օգնությունից: Սոցիալական օգնության բացակայության պատճառով երկու երեխա ունեցող ընտանիքը չի կարողացել վարձակալել համատեղ բնակարան և ստիպված է բաժանվել և կիսված ապրել ազգականների հետ։

Հայցվորի ներկայացուցիչ Մարատ Եգանյանը իր խոսքի մեջ նշել է, որ Հայաստանում ընտանիքները պաշտպանված են Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով, և պետական ​​մարմինների անգործության պատճառով ընտանիքների քայքայումը խրախուսելը անընդունելի է։ Մասնավորապես, ըստ Մարատ Եգանյանի, Մերի Գարայանը չի կարող գրանցվել իր բնակության հասցեում, քանի որ Միգրացիոն ծառայությունը պնդում է, որ գրանցամատյանի տվյալներով Մերի Գարայանը ՀՀ քաղաքացի է և, համապատասխանաբար, հրաժարվում է գրանցել Գարայանին իր 070 ծածկագրով անձնագրում։

Անձնագրային ծառայությունը ստիպում է Մերի Գարայանին փոխարինել իր 070 ծածկագրով անձնագիրը մեկ այլ ՀՀ անձնագրով, չնայած պահանջի իրավական հիմք չի ներկայացնում։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) ներկայացուցիչը դատական ​​նիստում պնդեց, որ ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 26-ի 1864 Լ որոշման համաձայն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին ժամանակավոր պաշտպանություն տրամադրելու որոշումը չի տարածվում այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձանց վրա։ Պարզվում է, որ «այլ երկրների» մեջ է մտնում նաև Հայաստանը, թեկուզ որոշմն մեջ դա նշված չէ։

Դատական ​​նիստում պատասխանող կողմը այդպես էլ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք 070 կոդով ՀՀ  անձնագիրը այլևս անվավեր է, և եթե այո, ապա ինչ իրավական հիմքով։ Լսումների ընթացքում ՄՔԾ ներկայացուցիչը սկզբից նշել է, որ 070 կոդով անձնագրերը անվավեր են, ապա որ դրանք վավեր են, բայց միայն ժամանակավոր պաշտպանության վկայականի հետ միասին։

Մարատ Եգանյանի խոսքով՝ ՀՀ անձնագիրը կարող է անվավեր հայտարարվել միայն «Անձնագրերի մասին» օրենքի համաձայն, սակայն այն չի պարունակում որևէ դրույթ, որի համաձայն Գարայանի 070 ծածկագրով անձնագիրը պետք է անվավեր ճանաչվի։ Այս դեպքում, նա պնդում է, որ պետական ​​մարմինները չեն գործում օրենքին համապատասխան։

ՄՔԾ ներկայացուցչի խոսքով՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի կառավարության որոշումն է սահմանում, թե ով է ՀՀ քաղաքացի և ով չէ, նույնիսկ եթե ունի ՀՀ անձնագիր։

Մարատ Եգանյանը, որը ներկայացնում էր հայցվորին, ներկայացրեց երեք պահանջ՝ գրանցել Մերի Գարայանին նրա անձնագրում, ճանաչել նրա 070 կոդով անձնագրում գրանցվելու իրավունքը և  փոխհատուցել գրանցման մերժման պատճառով կորցրած սոցիալական օգնությունը։

ՓՄԳ ներկայացուցիչը փորձեց պնդել, որ առանց մեկ անձի գրանցման, ընտանիքի մյուս բոլոր անդամները կարող են դիմել սոցիալական օգնության համար։ Սակայն Մարատ Եգանյանը ներկայացրեց Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական պատասխանը, որում նշվում է, որ Մերի Գարայանի գրանցում չունենալու պատճառով նրա ընտանիքը չի կարող գրանցվել սոցիալական օգնության ծրագրում։

Դատական ​​նիստի ընթացքում օգտագործվել են «ՀՀ ստանդարտ անձնագիր» և «ՀՀ դասական քաղաքացի» տերմինները, սակայն անձնագրերը ստանդարտ կամ ոչ ստանդարտ, կամ ՀՀ քաղաքացիներին դասական կամ ոչ դասական դասակարգելու համար իրավական հիմք չի ներկայացվել։

ՀՀ անձնագրերը, որոնց ձևը որոշվում է 1998 թվականի 821 որոշմամբ, չեն տարբերվում ո՛չ բովանդակությամբ, ո՛չ էլ ձևով՝ անկախ նրանից, թե դրանք տրամադրվում են Ստեփանակերտում, թե Գյումրիում։

Մարատ Եգանյանի խոսքով՝ կա ավելի քան 100 դատական ​​որոշում, որոնցով 070 անձնագրերի տերերը ճանաչվում են որպես ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի քաղաքացիներ։

ՀՀ քաղաքացիության ճանաչման վերաբերյալ Արցախի բնակիչների պահանջները, ի թիվս այլ բաների, հիմնված էին 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «ՀՀ և ԼՂԻՄ վերամիավորման մասին» որոշման վրա, որի 3-րդ կետում նշվում է, որ «Հայկական ԽՍՀ քաղաքացիության իրավունքները տարածվում են Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա»։

Կա սակայն ներքին որոշում, որի մասին խոսում է ՀՀ կառավարությունը (և ոչ միայն ներկայիսը), որի համաձայն 070 անձնագրերը տրամադրվել են 1998 թվականից ի վեր, իբր, որպես «ճանապարհորդական փաստաթղթեր»։ Սակայն մինչև 2023 թվականի հոկտեմբեր 070 անձնագիր ունեցող անձը կարող էր գրանցվել ՀՀ տարածքում և ավտոմատ կերպով ընդգրկվել ՀՀ քաղաքացիների գրանցամատյանում։ 2023 թվականի հոկտեմբերից հետո ՀՀ քաղաքացիների գրանցամատյանում ընդգրկվելու համար պետք է դիմում ներկայացնել և սպասել ՀՀ նախագահի կողմից քաղաքացիություն շնորհելու հրամանագրին։

Ինչպես Գևորգ Սաֆարյանը հայտարարեց նախկին դատական ​​նիստերի ժամանակ. «ՀՀ-ում «ճանապարհորդական անձնագիր» հասկացություն գոյություն չունի. կան ՀՀ անձնագրեր: Բայց նույնիսկ եթե նման անձնագրեր լինեին, դրանք միևնույն է կտրամադրվեին միայն ՀՀ քաղաքացիներին»:

Նշենք, որ 2009 թվականին ՀՀ կառավարությունն ընդունեց «ճանապարհորդական անձնագրի» բնութագիրը սահմանող որոշում, սակայն այդ բնութագիրը որևէ աղերս չունի արցախցիներին տրամադրվող անձնագրերի հետ:

Ժամանակավոր պաշտպանության վկայական և, հետևաբար, սոցիալական օգնություն ստանալու համար բռնի տեղահանված արցախցիները ստիպված էին իրենց դիմումում հստակ նշել, որ իրենք «ոչ մի պետության քաղաքացի չեն»։ Ոչ ոք այդպես էլ պաշտոնական փաստաթուղթ չի ներկայացրել, որով արցախցիները պետք է զրկվեն ՀՀ քաղաքացիությունից։ Ընդհակառակը, կառավարության որոշման մեջ կա կետ, որով նշված է, որ ժամանակավոր պաշտպանությունը վերաբերում է քաղաքացիություն չունեցող անձանց։ Եվ հիմա Միգրացիոն ծառայությունը տասնյակ հազարավոր դիմումներ ունի, որոնցում արցախցի ՀՀ քաղաքացիները «կամավոր» նշել են, որ իրենք ՀՀ քաղաքացի չեն՝ գիտակցելով, որ հակառակ դեպքում կզրկվեն սոցիալական օգնությունից։

Այս շանտաժը շարունակվում է մինչ օրս, այժմ՝ արցախցիների համար բնակարանային ծրագրի շրջանակներում, որին մասնակցությունը անհնար է առանց «ՀՀ քաղաքացիության»։ Այնուամենայնիվ, ոչ ոք դեռևս փաստաթուղթ չի ներկայացրել, որով նշված կլինի, թե ինչպես 070 կոդով ՀՀ անձնագրերի 150,000 տեր մարդիկ զրկվել են ՀՀ քաղաքացիությունից՝ վերածվելով երկրորդ կարգի քաղաքացիների սեփական երկրում։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հող է նվիրել արցախցի 7 ընտանիքի

Տաթև համայնքում արցախցի 7 ընտանիքի հող է տրամադրվել՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով։

«Երբ իմացա այս որոշման մասին, առաջինը հենց Ռուբեն Վարդանյանի մասին մտածեցի, որ անգամ գերության մեջ՝ Բաքվում, կրկին իր ազգի մասին է մտածում», — ասում է Արցախի Ճարտար քաղաքից տեղահանված և այժմ Հալիձորում բնակվող Լյուսվարդ Օհանյանը։ Նա Տաթև համայնքում անհատույց օգտագործման իրավունքով հողատարածք ստացած յոթ ընտանիքներից մեկի ներկայացուցիչն է։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի նախաձեռնությամբ՝ ՏաԹևեր ճոպանուղուն պատկանող գյուղատնտեսական նշանակության հողատարածքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Տաթև համայնքում ապաստանած Արցախից տեղահանված ընտանիքների՝ այն մշակելու և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով։

Հողատարածքն օգտագործելու առաջարկը ներկայացվել է տարածքին մոտ գտնվող Շինուհայր և Հալիձոր բնակավայրերում բնակվող արցախցի ընտանիքներին։ Արձագանքել և հողը մշակելու պատրաստակամություն են հայտնել 7 ընտանիք։ Հողերի հանձնման գործընթացը համակարգել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը, որը հիմնադրել է Ռուբեն Վարդանյանը։

Շահառուները նոտարական հաստատմամբ արդեն ստացել են իրենց բաժին հողամասերը, որոնք բաշխվել են ըստ ընտանիքի անդամների թվի՝ հավասարության սկզբունքով։ Գործակալությունն իր վրա է վերցրել նաև փաստաթղթային ձևակերպումների և նոտարական ծախսերը՝ գործընթացը դարձնելով ամբողջությամբ հասանելի շահառուների համար։

Քաշաթաղից բռնի տեղահանված և այժմ Շինուհայրում բնակվող Կատին Հակոբյանի խոսքով, նախաձեռնությունն իրենց համար կենսական նշանակություն ունի.
«Ապրում ենք սոցիալապես ծանր պայմաններում, ընտանիքի անդամներից ոչ ոք չի աշխատում։ Այս հողը մեզ համար հնարավորություն է՝ մեր սեփական աշխատանքով թեթևացնելու ընտանիքի բեռը»։

Տաթև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանի խոսքով, համայնքում առկա գյուղատնտեսական նշանակության հողերն ամբողջությամբ մշակվում են, իսկ տեղահանված ընտանիքներն Արցախում ունեցել են գյուղատնտեսությամբ զբաղվելու մեծ փորձ, հետևաբար կարևոր էր նրանց համար ևս ստեղծել աշխատելու և ինքնուրույն եկամուտ ապահովելու հնարավորություն։
«Այս նախաձեռնությունը նրանց տալիս է իրական հնարավորություն՝ սեփական աշխատանքով ապահովելու ընտանիքի բարեկեցությունը և նվազեցնելու սոցիալական կախվածությունը», — ընդգծում է նա։

Ծրագիրը տեղահանված արցախցիների աջակցության հերթական նախաձեռնությունն է, որն իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և նրա ընտանիքի աջակցությամբ՝ «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության միջոցով։ Այն միտված է ոչ միայն սոցիալական հետևանքների մեղմմանը, այլև արժանապատիվ աշխատանքի, համայնքային ինտեգրման և ինքնաբավ կյանքի հնարավորությունների ստեղծմանը։