«Սումգայիթ» կազմակերպող ու իրականացնող հանցավոր խումբերի հանդեպ պետք է լիներ «Նյուրնբերգ»

«Սումգայիթ»-ից անցել է 38 տարիներ, թվում է, թե դրա քաղաքական նշանակությունը պետք է խամրեր, առնվազն դրա հույսն ունի հայկական կարճամիտ ու ապազգային «քաղաքագիտական» դաշտը։ Սակայն, արի ու տես, որ Մերձկասպյան տարածքներում տաքուկ տեղավորված հակամարդ ռեժիմը անհանգստանում է հենց «Սումգայիթի» համար։

«Խոջալուն», ինչը իրական ներքաղաքական նշանակության հանցանք էր մահմեդական վրացիների հանդեպ, որոնց Խոջալուի ողբերգությունից առաջ էին քշել Միջին Ասիայից դեպի ԼՂԻՄ, շատ բարեհաջող Հեյդար Ալիևի ձեռքով դարձավ հակահայկական գործիք։ Փաստացի Խոջալուի ոճրագործության կազմակերպիչ Հեյդար Ալիևը ողջ հանցանքը վերամշակեց ու փորձեց կախել հայության վզից։ Սրանով նույն «Սումգայիթի» կազմակերպմանն ուղղակի մասնակցություն ունեցած Հեյդար Ալիևը ստեղծեց «Սումգայիթը» ստվերող «պատմություն», ու ոչ միայն ստեղծեց «պատմություն», այլև շատ պարտաճանաչ այդ պատմությունը իր ողջ պետական կազմով դրեց շրջանառության մեջ, ապա և խնամքով փոխանցեց նաև իր ժառանգորդին։

Ու հենց այդ երկտակ հակահայ քաղաքականությամբ՝ Արցախյան առաջին պատերազմում պարտված ցեղասպան Բաքուն և մշակում ու իրողություն էր դարձնում հայության դեմ ցեղասպանական դրվագները, և մյուս կողմից ի լուր աշխարհի հայությանը ներկայացնում էր որպես ցեղասպանի և ագրեսորի։ Դա սկսվել է արդեն 1994 թվականից և այսօր էլ կանգ չի առել, շարունակվում է։

«Սումգայիթ» կազմակերպող ու իրականացնող հանցավոր խումբը պետք է որ հայության կողմից տարվեր «Նյուրնբերգ», բայց դրա իրավունքը և պարտավորությունը ունեցողները Հայաստանում այնքան հեռու էին հայոց ցավից, հայության արժանապատվության պաշտպանության մղումից, ազգային կենսունակության ապահովման ու պահպանման հարցից, որ անգամ չգնահատեցին «Խոջալու» պրոյեկտը ու դրան հետևող այլ սցենարները, ասենք, երբ պարբերաբար «Սումգայիթի» կազմակերպիչ ու տանող հայտարարում էին ինչ-որ Գրիգորյանի։

Այսօր էլ «ադրբեջանական» տարատեսակ քաղաքական գործիչներ, հայկական հարցազրույցներում միանշանակ հանցավոր են հայտարարում հենց Հեյդար Ալիևին, իսկ դուք տեսել ե՞ք, որ ՀՀ դատախազությունը, ՀՀ ԱԱԾ-ն անցկացնեն հետաքննություն, ուզում եք ասել, թե ԱԱԾ-ում քի՞չ նյութ կա։

Այսօր ցեղասպան Բաքվում հայտարարում են «Նյուրնբերգի» մասին, երբ հանցանքների շարանը «Սումգայիթից» հետո բազմապատկվել է, անգամ Արցախն է ցեղասպանվել։ Ու սա նորից Բաքվի վախերի պոռթկում է, նաև ստուգում է, թե արդյո՞ք ՀՀ դատախազության և ՀՀ ԱԱԾ-ի խորը «քունը» չի խախտվում։ Ո՛չ, չի խախտվում…

Միջազգային դատարաններում չպատժված «Սումգայիթը» շարունակում է լինել ցեղասպան Բաքվի համար լակմուսի թուղթ, թե որքանով է հայությունը իր կենսատարածքի այս վերջին բեկորի վրա պահպանում իր կենսունակությունը, պատրա՞ստ է վերապրելու ու հառնելու, թե կփոշիանա Դեր Զորի ավազներում։

Այսօր միջազգային դատարաններում չպատժված «Սումգայիթը» շարունակում է անձամբ ինձ համար մնալ պետական ու ազգային մտածողության չափանիշ, որով ես շարունակում եմ չափել արդեն ներկա իշխանություններին։

Միայն հիշեցնեմ, որ 1990 թվականի փետրվարի 13-ին Հայկ. ԽՍՀ ԳԽ-ն ընդունեց որոշում, որտեղ Ադր. ԽՍՀ-ի վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրերում 1987-1990 թվականներին տեղ գտածը գնահատեց ցեղասպանություն։

Ե՞րբ կորցրինք պետականությունը, ո՞ր պահից կորցրինք պետական ու ազգային մտածողությունը։

Մարիամ Ավագյան 

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող

Փետրվարի 22-ը Ասկերանի Վերածննդի օրն է. “մեր պահանջն էր միանալ մայր Հայաստանին”

Փետրվարի 22-ը Ասկերան քաղաքի Վերածննդի օրն է: 1988 թվականի հենց այդ օրն ասկերանցիներն ու հարակից բնակավայրերի բնակիչները կարողացան արժանի հակահարված տալ թշնամուն և հետագա հաղթանակների հիմքը դնել: Հետագայում Ասկերանի քաղաքապետարանի որոշմամբ այն հռչակվեց Ասկերան քաղաքի Վերածննդի օր, իսկ քաղաքի կենտրոնական հրապարակը, որտեղ հեռավոր 88-ին առաջին անգամ բռունցքվեցին ասկերանցիները, կոչվեց Փետրվարի 22-ի հրապարակ:

 Իր հիշողություններն է մեզ հետ կիսում Արցախյան շարժման առաջամարտիկ, Արցախյան բոլոր պատերազմների մասնակից, Ասկերանի նախկին քաղաքապետ Թաթուլ Շեկյանը

-1988-ի փետրվարը կարևորագույն իրադարձություններով էր լցված։ Այլևս հատել էր արցախցու համբերության սահմանը, և մեր պահանջն էր միանալ մայր Հայաստանին: Այդ ժամանակ մենք շատ համախմբված էինք, վճռական, համարձակ:

Առաջին անգամ պատմության մեջ մեր ժողովուրդը որոշեց չենթարկվել քաղբյուրոյի որոշմանը, քանի որ այն մեզ տանում էր դեպի կործանում: Մենք որոշեցինք չարժանանալ Նախիջևանի ճակատագրին, և ժողովուրդն ընտրեց ընդդիմանալու, պայքարելու ճանապարհը:

1988 թվականի փետրվարի 22-ը պատմական նշանակալից օր էր բոլորիս համար։ Այդ օրը ադրբեջանական բազմահազարանոց խառնամբոխը հայտնվեց Ասկերան քաղաքի մատույցներում և փորձեց հատել այն ու հասնել Ստեփանակերտ, սակայն ճիշտ ու ժամանակին ինքնակազմակերպման ու դիմադրության շնորհիվ ձախողվեց թշնամու ծրագիրը: Մենք կարողացանք արժանի հակահարված տալ ու հետ շպրտել նրանց՝ անտեսելով բոլոր վտանգներն ու հետագա հետապնդումները։

Այսօրվա պես հիշում եմ այդ օրը․ հավաքվել էին Ասկերանի ու հարակից բնակավայրերի բնակիչները՝ մեծից փոքր։ 88-ի ոգին շատ էր ուժեղ։ Հիմա, որ մտաբերում եմ այն ոգևորված դեմքերը, վճռական քայլերը, հասկանում եմ, որ հենց այդ էր մեր հաղթանակների գրավականը։

1988 թվականի փետրվարի 22-ին վերածնվեց Ասկերանը: Այդ օրն Ասկերանն իր դարպասները մեկընդմիշտ փակեց ոսոխի դեմ, կարողացավ պահպանել իր դեմքը, թշնամուն ցույց տվեց իր կամքը, ուժեղ ոգին: Կանխվեց ցեղասպանությունը և սկիզբ դրվեց մեր ինքնապաշտպանությանն ու անկախ պետականությանը:

Պատմական տարբեր ժամանակներում թշնամիներին դիմակայելու համար Ասկերան բնակավայրը միշտ էլ կարևորագույն դերակատարություն է ունեցել և փետրվարի 22-ը այդ ամենի ապացույցն էր։ Այդ օրն ասկերանցին իր անունը փառքով է պսակել դեռևս նոր հասունացող Արցախյան շարժման տարեգրության մեջ, և Արցախյան շարժման և դրան հաջորդած ազգային-ազատագրական պայքարի ողջ ընթացքում Ասկերանն իր ռազմավարական դիրքով ու նշանակությամբ ամրակուռ բերդ-ամրոցի դիրքից երբեք չի նահանջել։

Սակայն, ցավոք, հազարավոր հայորդիներ զոհվեցին մեր պայքարի ճանապարհին։ Նրանք իրենց կյանքը զոհաբերեցին հանուն անկախ ու ազատ երկրի, որտեղ պիտի ապրեին սերունդներ․․․

Հավերժ փա՜ռք ու պատիվ մեր նվիրյալներին․․․ Տղաների արյամբ շաղախված սուրբ հողում ապրեցինք ու շարունակեցինք կերտել բարգավաճ երկիր։ Իհարկե, թշնամին շարունակում էր իր ոտնձգությունները։ Մեր ժողովուրդը հաղթահարեց ապրիլյան քառօրյա, 2020-ի 44-օրյա պատերազմները, 9-ամսյա շրջափակումը, սակայն 2023-ին, ցավոք, կորցրինք մեր դրախտավայր Արցախը․․․

․․․Այսօր Ասկերանի Վերածննդի օրն է, և ես ուզում եմ շնորհավորել իմ հաղթանակած ժողովրդին ու հորդորել, որ երբեք չընկճվի, չկորցնի Արցախ վերադարձի հույսը։ Ուզում եմ հավատալ, որ վերածնունդներ դեռևս լինելու են․․․

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Իրանում վերսկսվել են ուսանողական բողոքի ցույցեր․ արևմտյան լրատվամիջոցներ

DW-ն հաղորդում է, որ Իրանում վերսկսվել են ուսանողական բողոքի ցույցերը նոր ուսումնական կիսամյակի առաջին օրը:

Հեղինակավոր Ամիրքաբիր տեխնոլոգիական համալսարանի և Շարիֆի տեխնոլոգիական համալսարանի ուսանողները հավաքվել են իրենց համալսարանական տարածքներում և կարգախոսներ են վանկարկել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի դեմ, հաղորդել է Financial Times (FT)-ը շաբաթ օրը՝ փետրվարի 21-ի երեկոյան:

Շարիֆի համալսարանում բախվել են հակադիր ուսանողական խմբերը: Հակակառավարական ցուցարարները պատասխանել են Իրանի կառավարության կողմնակիցներին՝ վանկարկելով «Կեցցե՛ շահը»՝ նկատի ունենալով Ռեզա Փահլավիին՝ վերջին շահի որդուն, որը տապալվեց 1979 թվականի Իսլամական հեղափոխության ժամանակ:

Բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Թեհրանի համալսարանում և Շահիդ Բեհեշթիի համալսարանում: Որոշ ուսանողներ, պաստառներ պահելով, պահանջել են ազատ արձակել հունվարյան բողոքի ցույցերի ժամանակ իշխանությունների կողմից ձերբակալված իրենց համակուրսեցիներին:

Հայաստանն էր, որ պետք է բողոքեր Նախիջևանի հարցով, բայց Հայաստանը չի բողոքել

Step1.am-ի զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

-Պարոն Պապյան, Ադրբեջանը Նախիջեւանի սահմանադրությունից հանեց Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերի մասին հիշատակումները։ Փաստացի ի՞նչ տեղի ունեցավ, Նախիջեւանի բռնազավթո՞ւմ։

-Սա այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կայացման հետեւանք է, ինչը նշանակում է, ինչպես իրենք են համարում, Ադրբեջանի երկու հատվածների միացում։ Եթե ուշադրություն դարձնեք, Թրամփի երաշխավորությամբ Փաշինյանի եւ Ալիեւի ստորագրած փաստաթղթի մեջ ասվում է՝ «Ադրբեջանը եւ իրեն պատկանող Նախիջեւանի ինքնավար հանրապետությունը»։ Հիմա տեղի է ունեցել ոչ միայն Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի որտնահարում (թեեւ ըստ էության դրանք անօրինական են), տեղի է ունեցել նաեւ օգոստոսի 8-ի փաստաթղթի ոտնահարում։ Այդ փաստաթղթում հստակ նշված է Նախիջեւանի ինքնավարությունը։ Սա ցույց է տալիս, որ Ալիեւի խոսքին վստահել չի լինի, իրենք գնում են իրենց պանթուրքական եւ պանթուրանական ծրագրի իրականացմանը։

Հասկանում են, որ հիմա Նիկոլ Փաշինյանից արդեն միջանցքի հարցում ստացել են ամեն ինչ, թեեւ անգամ ամենավատ փաստաթղթով, որը նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էր, միջանցքի կարգավիճակ պետք  է ունենար միայն Լաչինի միջանցքը։  Բայց անցավ մի քանի տարի, մենք ունենք հակառակը՝ չունենք Լաչինի միջանցք, ունենք Զանգեզուրի միջանցք։ Սա այն է, ինչ ասել ենք՝ կարեւորը պետությունների խորքային մտադրություններն են, ոչ թե հայտարարությունները։ Այո, իրենք իրենց ծրագիրը շարունակում են, եւ գնալով մեր վիճակը վատանալու է։

-ԱՄՆ փոխնախագահի այցը ի՞նչ ցույց տվեց, Վենսը եւս Նախիջեւանը Ադրբեջանի մաս անվանեց, սա ի՞նչ է նշանակում, ԱՄՆ-ն համաձայնությունը կա՞ այս հարցում։

-Օգոստոսի 8-ի փաստաթղթում հիշատակված է Նախիջեւանը, բայց այտեղ ինքնավարություն է նշված։ Հարցը հետեւյալն է՝ Ամերիկան չի հանդիսանում ոչ Մոսկվայի, ոչ էլ Կարսի պայմանագրերի մաս, հետեւաբար, ինքը որեւէ պարտավորություն չունի, ինչպես ուզենա, այնպես կանվանի։ Հիշեցնեմ, որ Նախիջեւանը Կարսի պայմանագրով է որպես պորտեկտորատ տրվել Ադրբեջանին։ Հարցը հետեւյալն է՝ եթե Հայաստանը գտնում է, որ Կարսի պայմանագիրն ուժի մեջ է, ուրեմն Հայաստանն էլ պետք է առաջին հերթին այս հարցը բարձրացնի։ Հայաստանն էր, որ պետք է բողոքեր, բայց Հայաստանը չի բողոքել։ Եվ սա շատ վատ է, որովհետեւ միջազգային իրավունքի մեջ գոյություն ունի էստոպեն հասկացությունը, դա այն է, երբ դու քո գործունեությամբ կամ անգործությամբ համաձայնել ես ստեղծված իրավիճակին։ Վաղը, եթե անգամ մենք այս հարցը բարձրացնենք եւ Արդբեջանին մեղադրենք այդ փաստաթղթերի ոտնահարման հարցում, ինքը կասի՝ ձեր պետությունն իր անգործությամբ լրիվ համաձայնել է մեզ հետ։ Հետեւաբար, սպասել, որ ԱՄՆ-ն ավելի շատ պետք է պաշտպանի Հայաստանի  շահերը, քան Հայաստանի հարկատուների հաշվին ապրող ՀՀ իշխանությունը, սխալ է։

Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ ԹՐԻՓՓ-ի շրջանակներում որոշ  երկրներ պնդում են, որ երկաթուղային ճանապարհը պետք է շրջանցի Հայաստանը։ Ի՞նչ է նշանակում սա՝ ԹՐԻՓՓ-ն իրականում ՀՀ ապարշրջափակման ու զարգացման մասի՞ն չէ, ինչպես փորձում են ներկայնացնել ՀՀ իշխանությունները։

-Ես ինքս բազմիցս ասել եմ՝ ԹՐԻՓՓ-ն ի՞նչ կապ ունի Հայաստանի ապաշրջափակման հետ։ ԹՐԻՓՓ-ը Ադրբեջանի մի մասը անխափան միջանցքով կապում է մյուս մասի հետ։ Մենք անգամ մուտք չունենք այդ տարածք, այսինքն՝ այդ տարածքը մեզանից օտարվել է մի միջազգային ընկերության, որի մեջ Հայաստանն ընդամենը 26 տոկոս բաժնեմաս ունի։ ԹՐԻՓՓ-ը ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ ռազմական առումով մեզ համար նպաստավոր չէ այս պայմաններում։ ԹՐԻՓՓ-ն իմաստ կունենար, եթե այդ երկաթուղին Նախիջեւանով, Սադարակով, Մասիսով, Գյումրիով միանար Կարսին։ Այդ դեպքում այդ երկաթուղին ինչ-որ չափով կլիներ եկամտաբեր։ Իհարկե, Ռուսաստանը ձախողել է երակթուղու կառավարումը, բայց հիմա, անկախ նրանից, թե ով կկառավարի այդ երկաթուղին, այն ոչ եկմատաբեր է լինելու, որովհետեւ Ադրբեջանն ու Թուրքիան ի սկզբանե նպատակ չունեին Հայաստանի տարածքով լուրջ բեռնափոխադրում կազմակերպել։ Իրենք օգոստոսի 8-ից օրեր անց սկսեցին Նախիջեւան-Իգդիր-Կարս երկաթուղու կառուցումը։ Իրենք շրջանցելու են Հայաստանը, Հայաստանի տարածքով միայն 42 կմ ճանապարհն է անցնելու, որից Հայաստանը տարեկան ընդամենը 2-3 մլն դոլար փող է ստանալու։ Դա չնչին գումար է։ Իրենք ոչ միայ Հայաստանի տարածքով երկաթուղին չեն օգտագործելու, ավելին, իրենք նաեւ մեզ չեն տալու համարժեք փոխադրման հնարավորություն՝ Երասխից Ջուլֆայով դեպի Իրան։

Այսինքն՝ տեղի ունցավ այն, ինչը հաճախ է տեղի ունենում՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է մի բան, վերջում տեղի է ունենում տրամագծորեն դրա հակառակը։ ԹՐԻՓՓ-ը բերելու է Հայաստանի էլ ավելի շրջափակմանը։ Այո, սուվերենիտետը պահպանվում է, այսինքն՝ այդ 42 կմ-ոց հատվածը ՀՀ տարածք է, բայց 100 տարով տրված է ինչ-որ մի կազմակերպության, որի բաժնետոմսերը վաճառքի ենթակա են։ Եվ մենք անգամ չգիտենք, թե ովքեր են լինելու այդ ներդրողները։

Տեղեկություն եղավ, որ ամերիկյան կողմը ներդրումների հարցով բանակցում է ադրբեջանցիների հետ։

-Այո, դրանք շատ հավաստի տեղեկություններ են։ Հավանաբար ամերիկյան Black Rock խոշոր ներդրումային ընկերությունն է լինելու ներդրողը, եւ տեղեկություն կա, որ Black Rock-ն արդեն իսկ բանակցում է Ադրբեջանի հետ։ Վերջը հանգելու է նրան, որ Արդբեջանն ու Թուրքիան Հայաստանից ավելի շատ բաժնոտոմսեր են ունենալու ԹՐԻՓՓ-ում։ ԱԺԲ-ն ի սկզբանե գրավոր հայտարարություն էր տարածել, որ այդ ամբողջը իմաստ կունենա, եթե մենք գոնե Նախիջեւանի վրայով ստանանք համարժեք անխափան փոխադրման իրավունք։ Քանի դեռ դա որեւէ տեղ ամրագրված չէ, հիմա տեսնում ենք, որ հակառակն է տեղի ունենում՝ Նախիջեւանի կարգավիճակը փոխելով՝ Ադրբեջանը դնում է ուղիղ կառավարման տակ։ Այսինքն՝ մենք ունենք մի վիճակ, որ Ադրբեջանը ստացավ այն, ինչ ուզում էր՝ անխափան միջանցք Հայաստանի տարածքով, իսկ Հայաստանը ոչինչ չստացավ։ Փոխարենը Նիկոլ Փաշինյանը ստացավ հնարավորություն՝ ընտրությունների ժամանակ հերթական կուտը տալու սեփական ժողովրդին, իսկ ժողովուրդն էլ այդ կուտը հաճույքով ուտելու է։

-Այս ամենը կանխելու համար, օրինակ, ձեր քաղաքական ուժն ինչ-որ քայլեր անո՞ւմ է։

-Մինչ այս էլ մենք եւ մեր լոբբիստները նույն Վենսի գրասենյակի հետ հսկայական նամակրգություն ու կապեր ենք հաստատել։ Բայց ուժներս չպատեց ինչ-որ հարց լուծելու, որովհետեւ մյուս կողմում պետությունն է իր անսպառ միջոցներով։ Մենք լոբբինգ են անում՝ ամերիկացիներին բացատրելու իրականությունը, Նիկոլը եւ դեսպանատան, եւ մյուս ռեսուրսներով տասնապատիկ ավելին է անում։ Իսկ մյուս քաղաքական ուժերն էլ այս հարցերով ոչինչ չեն անում, զբաղված են ներքին գզվռտոցով։

 

Մարդիկ անտանելի վիճակում են, օգնություն է պետք

Մի քանի ամիս առաջ մահացած քրոջս ընտանիքը այժմ կանգնած է նոր փորձության առջև։ Քույրս ուներ երկու երեխա՝ մեկ տղա, որը զոհվել է 44-օրյա պատերազմում ու մեկ աղջիկ(35 տարեկան), որն իր 11 տարեկան աղջկա հետ վարձով ապրում է արցախյան առաջին պատերազմի մասնակից՝ երկրորդ կարգի հաշմանդամ հայրիկի հետ։ Երկու ամիս առաջ քրոջս աղջկան վիրահատել են( ողնաշարի ճողվածքներ՝ 6 հատ իմպլանտների տեղադրումով)։ Իմպլանտների գումարը կազմել էր 1 200 000 ՀՀ դրամ, որը քրոջս ամուսինը պարտքով էր վերցրել ու մուծել։ Հետվիրահատական ժամանակահատվածը անցել է շատ ցավոտ ու բարդ։ Երեկ ահավոր ցավերով նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ երկուշաբթի օրը նորից պիտի վիրահատեն։
Նրանց ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր ֆինանսական վիճակում, քանի որ քույրս չարորակ ուռուցք ուներ ու բոլոր ֆինանսական միջոցները ծախսվել են նրա բուժման ու հուղարկավորության համար։
Նրանք այս պահին նույնիսկ դեղերի գումար չունեն։
Խնդրում եմ, եթե հնարավոր է, ով ինչքան կարող է օգնի։
Խնդրում եմ հնարավորինս տարածել։
Արարատ բանկ
1510085830088300
Առաքելյան Գրիշա (հայրը)

Ինչպես է “անանցյալ” Հայաստանը ապելու երկրների հետ, որոնք “պատմություն” են կերտում հայկական քարերով

«Կարդալ պատմություն, սովորել պատմության դասերը և ստեղծել ոչ թե անցյալի, այլ այսօրվա/ապագայի Նոր՝ խաղաղության, զարգացման և երջանկության պատմություն։ Սա այն է, ինչով զբաղվում ենք ամեն օր, ժողովրդի հետ, ժողովրդով»,- երեկ ԱՄՆ-ից վերադառնալու ճանապարհին նշել է Նիկոլ Փաշինյանը:

“Նոր պատմություն” ստեղծելու և բազմադարյա ժառանգությունից ազատվելու նրա մոլուցքը ներկայացվում է որպես “զարգացում”։ Պատմությունը թոք է մեր վզին, ասում է Փաշինյանը այլ երկրների ֆոնին, որոնք հայոց “լքված” պատմության քարերով կերտում են սեփական ազգային պառմություն։

Ինչպե՞ս է “անանցյալ” Հայաստանը պատրաստվում ապրել մի տարածաշրջանում, որտեղ բոլոր երկրները պատմություն և ազգ կերտելով են զբաղված, քանի որ միայն անցյալի հիմքերով կարելի է ապագա կառուցել ներկայիս աշխարհում։

Հայերի մեջ սեփական անցյալից, ավելի ճիշտ՝ հազարամյա պատմությունից՝ ինչպես պատկառելի տարիքից ամաչելու մի անհասկանալի մոլուցք կա։ Հայերի մշակույթից սերված ազգերը ակտիվ բորբոքում են հայերի այդ մոլուցքը, հեգնանքի և այլ ձևերով ստիպելով հայերին չհիշատակել իրենց ահռելի ազդեցությունը աշխարհի քաղաքակրթական զարգացման վրա։ Հարյուրամյակներով հսկայական ջանքեր են գործադրվում հայոց լեզվի, մշակույթի, ազգային տարածքի, պատմական ներդրման մասին տեղեկությունների ջնջմանը, և այդ ջանքերը գրեթե հասել են արդյունքի։

Միայն մեկ օրինակ՝ պատմական աշխարհագրական Հայկական լեռնաշխարհը ինչպես ասես անվանվում է՝ էլ Հարավային Կովկաս, էլ Անդրկովկաս, էլ Անատոլիա, էլ Ուրարտու, միայն թե Արարատ և Հայաստան չասեն։

Նույնը վերաբերվում է հայերեն բառերին․ նույնիսկ հայերը գերադասում են բուն հայկական բառը պարսկերենից կան թուրքերենից փոխառություն անվանել, ակամա “ապացուցելով”, որ հայերենը տարբեր լեզուներից հավաքածու է։ Հայու գեն հասկացությունն էլ հեգնական է առաջին հերթին հայերի շրջանում։

38 տարի առաջ հայերի պատմության անկման ընթացքը կանգ առավ․ պարզվեց, որ հայերը հող ունեն, իրավունքներ, դարավոր եկեղեցիներ, որ Հայաստանն է քրիստոնեությունն առաջինը ընդունած երկիրը, որ Երկրորդ Հռոմի կայսրական դինաստիաների կեսը հայկական էին, որ քաղաքակրթական ամենահայտնի նորարածությունների մեծ մասի հեղինակները հայեր էին, որ Բրիտանիայի, Գերմանիայի պատմությունների հիմքում “Արարատից եկած մարդիկ էին”, որ հայերը կարող են սիրել իրենց հայրենիքը և կռվել դրա համար։

Բայց այդ կարճ դարաշրջանն արագ վերջացավ՝ հայերը չհավատացին իրենց հզորությանը, և հիմա կրկին ուրիշներն են գալիս Հայաստան ու հիշեցնում քաղաքարթության մեջ հայերի ներդրման մասին։ Բայց միայն որպես հիշողություն։

Իմ 45-ամյա պրակտիկայի ընթացքում ես պաշտպանել եմ քրիստոնյաներին ողջ աշխարհում, բայց այն, ինչ տեսնում եմ այսօր Հայաստանում, աննախադեպ է: Այս մասին գրել է միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը․ «Ես չեմ ճանաչում որևէ այլ երկիր, որի կառավարությունն այդքան քրտնաջան աշխատի սեփական մշակույթը, պատմությունն ու հավատքը տապալելու ուղղությամբ”:

Արցախ, Գազա, Դոնբաս. «զորքերի դուրսբերումը» նշանակում է բնիկ ժողովուրդների վտարում

ԱՄՆ-ն, ինչպես և Ռուսաստանը, պահանջում է ուկրաինական ուժերի դուրսբերումը Դոնբասից, AFP-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ամերիկացիներն ու ռուսներն ասում են, որ եթե դուք ուզում եք, որ պատերազմը վաղը ավարտվի, ապա պետք է լքեք Դոնբասը», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը (RFI-ի մեջբերումը)։

Խոսքը վերաբերում է ուկրաինական զորքերի դուրսբերմանը Դոնբասի այն քաղաքներից, որոնք մնում են Ուկրաինայի վերահսկողության տակ։

«Զորքերի դուրսբերումը» նշանակում է, որ ուկրաինացիները կլքեն իրենց տները, որոնք կհանձնվեն Ռուսաստանին։ Ճիշտ այնպես, ինչպես, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության, հայկական զորքերը դուրս են եկել Արցախից, որտեղ մտել էին ռուսական օկուպացիոն ուժերը։ Երեք տարի անց Ռուսաստանը Ղարաբաղը հանձնեց Ադրբեջանին և “անվտանգությունից ելնելով” պարզապես վտարեց բնիկ հայ բնակչությանը։

Ուկրաինայի ղեկավարությունն այն ժամանակ հավանություն տվեց Ռուսաստանի քաղաքականությանը և շնորհավորեց ցեղասպան Ադրբեջանին «տարածքային ամբողջականության վերականգնման» կապակցությամբ, թեկուզ 150,000 մարդ զրկվեց հազարամյա հայրենիքից։ Այժմ Ուկրաինայի ղեկավարությունը բողոքում է, որ Ռուսաստանը նույնն է անում Դոնբասում։

«Настоящее время»-ի լրագրողները հարցում են անցկացրել Դոնվասի Սլավյանսկի և Կրամատորսկի բնակիչների շրջանում՝ հարցնելով նրանց «չեզոք տարածքի» գաղափարի նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին, որը փաստացի նշանակում է ուկրաինական զորքերի դուրսբերում: Ըստ հարցման՝ մարդիկ հոգնել են պատերազմից, բայց պատրաստ չեն ընդունել ռուսական օկուպացիոն ծրագրի հիմքում ընկած բանաձևերը։

Դրուժկովկայում, որը մնում է Ուկրաինայի վերահսկողության տակ, տարհանումները ինտենսիվանում են: Քաղաքից տարհանվում են երեխաներ և տարեցներ: Ուկրաինայի ոստիկանությունը հաստատում է, որ հարյուրավոր մարդիկ ստիպված են լքել վտանգավոր տարածքները: Մարդիկ արցունքն աչքերին իրենց իրերը բեռնում են մեքենաների մեջ՝ հույս ունենալով մի օր վերադառնալ տուն:

Նմանատիպ իրավիճակ է այժմ նաև Գազայի հատվածում, որի վերականգնման համար Թրամփը ստեղծել է Խաղաղության խորհուրդը և նույնիսկ հավաքել մի քանի միլիարդ դոլար: Սակայն, վերակառուցման համար վերադարձած պաղեստինցիները պետք է լքեն իրենց տները, որոնց մեծ մասը վերածվել է ավերակների:

Սակայն Համասը պնդում է, որ Գազայի վերաբերյալ ցանկացած քննարկում պետք է սկսվի Իսրայելի «ագրեսիայի» լիակատար դադարեցմամբ: Նրանք ընդգծեցին, որ շրջափակումը պետք է վերացվի, և ժողովրդի օրինական ազգային իրավունքները, մասնավորապես՝ ազատության և ինքնորոշման իրավունքը, պետք է երաշխավորվեն։

Ի՞նչն է փոխարինել միջազգային իրավունքին, որտեղ ազատությունն ու ինքնորոշումը գոնե ձևականորեն «կանխում» էին իշխանություն ունեցողներին բաժանել աշխարհը։

Լևոն Զուրաբյանը ելույթ է ունեցել Արցախի ներկայացուցչությունում

Այսօր ելույթ ունեցա Արցախի ներկայացուցչությունում Ղարաբաղյան շարժման 38-ամյակին նվիրված միջոցառմանը: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և ներկայացրել իր ելույթի հիմնական դրույթները։

«Ղարաբաղյան շարժումը երբեք չի եղել պայքար միայն Արցախի ազատագրման համար:

Այն եղել է պայքար ազատության, արժանապատվության, ինքնորոշման համար, արդարության և օրենքի համար

Շատ լավ եմ հիշում 1988 թվականի փետրվարյան օրերը, երբ մենք, արբեցած ազատության օդից, դուրս եկանք փողոցներ և արարեցինք պատմությունը:

Դա զարթոնք էր, որը թույլ տվեց մեզ դառնալ միասնական ազգային օրգանիզմ, վերցնել սեփական ճակատագիրը մեր ձեռքը:

Սկսվեց որպես Ղարաբաղյան շարժում, բայց շատ արագ ընդլայնեց օրակարգը, ընդգրկելով ժողովրդավարությունը, Հայաստանի անկախությունը, տնտեսական ազատականությունը:

Հիմա հետին թվով փորձում են վարկաբեկել Շարժումը, ասել, որ իբր այն դրեց մեր այսօրվա աղետների հիմքը: Դա սուտ է: Այն դրեց մեր ազգային մեծ զարթոնքի, հաղթանակի, զոհի հոգեբանության հաղթահարման և պետականության վերստեղծման հիմքը:

Այսօրվա աղետների հիմքը պետք է այլ տեղ փնտրել` իշխող վերնախավերի առավելապաշտությունը, կոռուպցիան, այնուհետև, «ազգակործան պատուհասի» դեպքում` նաև տգիտությունը, հիվանդագին ինքնասիրահարվածությունը, կառավարման անկարողությունը, եթե ոչ դավաճանությունը, ինչի հավաքական արդյունքում մերժվեց ձեռք բերված հաղթանակի հիման վրա խաղաղ կարգավորումը:

Իսկ հիմա մեկ այլ ծայրահեղության մեջ ենք ընկել` հանձնվելու, հնազանդվելու, սեփական օրակարգից հրաժարվելու, օտարի կամքին և օրակարգին ենթարկվելու «իմաստնության»:

Վախենում են անգամ Արցախի անունը տալուց, հետապնդում եկեղեցին, կասկածի տակ դնում մեր պատմությունն ու ինքնությունը:

Մեր խորին համոզումը` հայ ժողովրդի փրկությունը այդ երկու կործանարար ծայրահեղությունների ճանկերից դուրս գալու մեջ է: Հնարավոր է համատեղել գործնական խաղաղասիրությունն ու ազգային ոգին` մեկը մյուսի հաշվին ձեռք բերելն է աղետաբեր:

Ամենալավ դասը այդ առումով` 1988 թվականի փետրվարի Զարթոնքն է, որն իր առջև դրեց իրատեսական նպատակներ և վերադարձրեց մեզ պետությունը և ինքնապաշտպանության կարողությունը»:

Արցախի Ազգային ժողովի հայտարարությունը

Ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար: Այս մասին ասված է Արցախի ԱԺ-ի տարածած հայտարարության մեջ:

«Սիրելի’ հայրենակիցներ

38 տարի առաջ Ստեփանակերտում հրավիրվեց ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջան, որի որոշումները՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու և Հայկակական ԽՍՀ կազմում ընդգրկելու վերաբերյալ ճակատագրական եղան մեր ժողովրդի հետագա չորս տասնամյակների ընթացքի համար։ Դրան հաջորդած երեք տասնամյակների ընթացքում հազարավոր նվիրյալների կյանքի ու մեր ողջ ժողովրդի հերոսական պայքարի գնով մենք վերագտել էինք մեր արժանապատվությունն ու ինքնությունը և մոտ էինք մեր ու մեր նախնիների դարավոր երազանքի իրականացմանը՝ մայր հայրենիքի և պետության հետ լիարժեք միասնությանն ու համաքայլ ընթացքին։

Սակայն Հայաստանի ներկայիս իշխանությունների արկածախնդիր «քաղաքականության», Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության սահմանադրությունների և միջազգային իրավունքի հիմնարար նորմերի կոպիտ ոտնահարումների արդյունքում ոչ միայն կորցրեցինք ծանր զրկանքների ու անասելի մաքառումների գնով ձեռք բերվածը, մեր հայրենի օջախները, այլև արցախահայությունը ենթարկվեց էթնիկ զտումների ու ցեղասպանության՝ ամբողջությամբ արտագաղթելով Արցախից։

Այսօր թշնամին ոչ միայն զավթել է հայրենի Արցախը, շինծու մեղադրանքների հիմքով «դատավճիռներ» է կայացնում Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերյալների հանդեպ, այլև ոչնչացնում է մեր հոգևոր ժառանգության նյութական վկայությունը՝ սրբատեղիները, վանքերն ու եկեղեցիները՝ փորձելով ջնջել Արցախի հայկական դիմագիծն ու արժանանում է Հայաստանի իշխանությունների գնահատանքին ու շնորհակալություններին։

Մենք, որպես Արցախի Հանրապետության ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչներ,

մեր շնորհավորանքներն ենք հղում 1988թ․ ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկներին, այդ զարթոնքով տոգորված բոլոր հայորդիներին՝ աշխարհի բոլոր կողմերում,

մեր խոնարհումն ենք բերում ազատագրական պայքարի բոլոր փուլերում իրենց կյանքը նվիրաբերած հազարավոր նահատակների ընտանիքներին և

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ

հանուն մեր նահատակների հիշատակի, Արցախի հազարամյակների հերոսական պատմության ու մեր նախնիների երազանքների իրականացման, անսասան ենք պահելու Արցախի ժողովրդի միասնությունը,

պահպանելու ենք մեր հազարամյակների ժառանգությունը,

ապավինելու ենք մեր ժողովրդի վճռականությանը՝ հայրենի Արցախ վերադառնալու վերաբերյալ,

ամեն ջանք գործադրելու ենք մեր ժողովրդի՝ Արցախ վերադառնալու և ինքնորոշման անքակտելի իրավունքները լիարժեքորեն իրացնելու համար։

«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն

«Միասնական Հայրենիք» խմբակցություն

«Արդարություն» խմբակցություն

«ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն

«Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն»:

Դևրեքի հայկական եկեղեցին կվերածվի թանգարանի

Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Դևրեք քաղաքի քաղաքապետ Օզջան Ուլուփընարը հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության գրադարանների և հրատարակությունների գլխավոր տնօրեն Թաներ Բեյօղլուի հետ։

Հանդիպմանը քննարկվել է Դևրեք քաղաքի երբեմնի հայկական եկեղեցու շենքի վերականգնման հարցը։ Նշվում է, որ այդ պատմական կառույցի վերանորոգման աշխատանքները, որը նախկինում ծառայել է նաև որպես կինոյի շենք, կսկսվեն առաջիկա օրերին։ Նշվել է, որ այդ նախագծով շենքը կվերականգնվի սկզբնական տեսքին համապատասխան ու կգործի որպես եկեղեցի, թանգարան և գրադարան։ Հիշեցվել է նաև, որ այդ շենքը գրանցվել է որպես մշակութային ժառանգության վայր։

Համալիր ուսումնասիրությունների արդյունքում Դևրեքի հայկական եկեղեցին կվերածվի թանգարանի։

ermenihaber.am/am

Առանց 1988 թ. փետրվարի 20-ին վերադառնալու՝ նոր աշխարհակարգը անհնար է

1988 թվականի փետրվարի 20-ին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների արտահերթ նստաշրջանը ընդունեց կոչ, որում ասվում էր. «Ելնելով ԼՂԻՄ աշխատավորների ցանկություններից՝ խնդրում ենք Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին խորը ըմբռնում ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ձգտումների նկատմամբ և լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ տեղափոխելու հարցը։ Մենք նաև դիմում ենք ԽՍՀՄ Գերագույն խորհրդին ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ տեղափոխելու վերաբերյալ դրական որոշում կայացնելու համար»։

1989 թվականի դեկտեմբերի 1-ին ԼՂԻՄ-ի և Հայկական ԽՍՀ-ի խորհրդարանները ընդունեցին վերամիավորման մասին որոշում, որը ուժի մեջ է մինչ օրս։

1988 թվականի փետրվարի 20-ի և 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումները արցախցիների ինքնորոշման իրավունքի իրականացման միասնական ակտ էին, որը իսկական աշխարհաքաղաքական փոթորիկ առաջացրեց միջազգային հանրությունում. առաջին անգամ միջազգային փաստաթղթերում հանդիսավոր կերպով ամրագրված տեսական իրավունքները գործնականում իրականացվեցին։

Աշխարհը սկզբում շփոթված էր, նույնիսկ աջակցում էր արցախցիների պայքարին՝ այն համարելով փոփոխությունների եզակի հնարավորություն։ Եւ իրոք. ոչ միայն ԽՍՀՄ-ն, այլև ամբողջ սոցիալիստական ​​բլոկը փլուզվեց՝ նշանավորելով Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենամեծ աշխարհաքաղաքական ցնցումը, որը նույնիսկ անվանվեց «պատմության ավարտ»՝ բառի լավագույն իմաստով։ Եվ Ղարաբաղը ընկալվում էր որպես ապագա ժողովրդավարական աշխարհի խորհրդանիշ։

Սակայն մի քանի տարի անց դիրքորոշումները սկսեցին փոխվել, առաջին հերթին Ռուսաստանում, որտեղ ժողովրդավարական կառավարումը փոխարինվեց ՊԱԿ-ի ռեժիմով։ Պուտինը ԽՍՀՄ փլուզումը անվանեց 20-րդ դարի աշխարհաքաղաքական աղետ՝ անուղղակիորեն մեղադրելով Ղարաբաղին։ Եվրոպական երկրները Բաքվի հետ ստորագրեցին «դարի պայմանագիրը» նավթի և գազի արդյունահանման վերաբերյալ և աստիճանաբար սկսեցին խոսել «տարածքային ամբողջականության» գերակայության մասին։ Միացյալ Նահանգները փորձեց պահպանել հարթ հարաբերություններ Թուրքիայի հետ և, չնայած դեռևս չի չեղարկել 907-րդ բանաձևը, ոչինչ չարեց 2020-2025 թվականներին Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։

Միջազգային հանրության նահանջը Արցախի ինքնորոշման իրավունքից ճաքեր է առաջացրել ամբողջ աշխարհում՝ Մերձավոր Արևելքից մինչև Ուկրաինա։ Այս ճաքերը հանգեցրել են ներկայիս աշխարհակարգի փլուզմանը, որը սպառնում է վերածվել քաոսի և աղետի։ Մահացու զենքեր, որոնց մասին խոսվում էր լուռ սարսափով ընդամենը մի քանի տարի առաջ, այժմ օգտագործվում են ամենօրյա ռեժիմով։

Բայց չնայած բոլորը փորձում են արդարացնել իրենց անկարողությունը պահպանել համաշխարհային կարգը՝ ասելով, որ «ուժն» է այժմ տիրում, միջազգային իրավունքը ոչ մի տեղ չի գնացել, և աշխարհը դեռ հնարավորություն ունի վերադառնալու 1988 թվականի փետրվարի 20-ի Ստեփանակերտ, ճանաչելու ժողովրդի իր հայրենիքում ազատ ապրելու իրավունքը, դատապարտելու իրավունքի ճնշումը և դնելու առաջին քարը նոր, իրավական աշխարհակարգի կառուցման գործում։

Միացյալ Նահանգները դեռևս չի չեղարկել 907-րդ բանաձևը, որն արգելում է ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Ադրբեջանին մինչև «Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ագրեսիայի դադարեցումը»։ ԱՄՆ նաև պաշտոնապես չի հրաժարվել Վիլսոնի արբիտրաժային դատարանից, այսինքն՝ Հայաստանի իրական սահմաններից։

Ինքը՝ Ալիևը, պնդում է, որ Ֆրանսիայի խորհրդարանը վերջին տարիներին ընդունել է 10 բանաձև Արցախի վերաբերյալ և նույնիսկ ճանաչել է նրա անկախությունը։

Եվրոպական խորհրդարանը նույնպես բազմիցս ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքը որպես անվիճելի։ Միևնույն ժամանակ, Ալիևի ռեժիմը վախենում է դիմել միջազգային դատարաններ՝ Բաքվում բեմադրելով Նյուրնբերգյան թատրոն՝ իր ագրեսիան և ցեղասպանական գործողությունները արդարացնելու համար։

Ինչպես նշում է միջազգային իրավաբան Արա Ղազարյանը, Բաքուն ցանկանում է օգտագործել այս դատավարությունները՝ ապացուցելու համար, որ Արցախի անկախությունը երբեք գոյություն չի ունեցել որպես պատմական փաստ, որ այս անկախությունը իրավական հիմք չի ունեցել, և որ Հայաստանը հարձակվել է Ադրբեջանի մի մասի վրա, խախտել է նրա ինքնիշխանությունը և փոխարինել այնտեղի կառավարությունը՝ օգտագործելով իր կանոնավոր բանակը և հենվելով Արցախում գործող անօրինական խմբավորումների վրա։ «Միայն սա կարող է «արդարացնել» Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա, այն ագրեսիան, պատերազմը և ահաբեկչությունը, որը Ադրբեջանը կիրառել է Արցախի ժողովրդի դեմ», – ասում է Արա Ղազարյանը։

«Միջազգային մակարդակում Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ իրավական կամ աշխարհաքաղաքական կոնսենսուս չկար։ Արդյունքում բոլորը հաշտվում էին մինչև 2020 թվականի ստատուս քվոյի հետ», – DW-ին ասել է Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդի (DGAP) վերլուծաբան Ստեֆան Մայստերը։

Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց տարածաշրջանի նկատմամբ, Եվրամիությունը դատապարտեց հայ բնակչության փաստացի վտարումը։ Սակայն, ըստ Ստեֆան Մայստերի, ԵՄ անդամ պետությունները չկարողացան համաձայնության գալ Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցում։

Ամեն ինչ դեռ առջևում է։