Օկամպոն ի պաշտպանություն արցախցիների նոր արշավ է հայտարարել

Պատանդներին ազատ արձակելու և Հայաստանը պաշտպանելու ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հարգելու նպատակով սոցիալական ցանցերում նոր արշավ է մեկնարկելու։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտարարել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին ընդառաջ

2026 թվականի մայիսի 4-ին Եվրոպայի ավելի քան քառասուն ազգային առաջնորդներ՝ ներառյալ ԵՄ անդամ չհանդիսացող երկրները, ինչպես Միացյալ Թագավորությունը, Նորվեգիան և Շվեյցարիան, կհավաքվեն Երևանում՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին։ Գագաթնաժողովի նպատակն է «համակարգել համատեղ ռազմավարական մարտահրավերներին ուղղված արձագանքները»։ Հաջորդ օրը կկայանա առաջին Հայաստան–ԵՄ գագաթնաժողովը, որին կմասնակցեն ԵՄ կառույցների ղեկավարներ՝ նպատակ ունենալով խորացնելու Հայաստանի ինտեգրումը Եվրոպայի հետ։

Լեռնային Ղարաբաղի թեման ներառված չէ հանդիպումների օրակարգում։ Սակայն այն անխուսափելիորեն կլինի։ Եվրոպական առաջնորդները կառերեսվեն այն իրականությանը, որ 120,000 մարդ բռնի կերպով հեռացվել է իր պատմական հայրենիքից և այժմ ապրում է Երևանում կամ նրա շուրջը։ Նրանց աշխատակազմերը առաջիկա շաբաթներին կպատրաստեն իրենց դիրքորոշումները։ Սա այն ժամանակն է, երբ պետք է ներգրավել նրանց՝ բացատրելու խնդիրը, պահանջելու գործողություններ և դիմելու նրանց՝ հստակ աջակցության խնդրանքով:

(…) Պատանդներին ազատ արձակելու և Հայաստանը պաշտպանելու ու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հարգելու նպատակով սոցիալական ցանցերում նոր արշավ է մեկնարկելու՝

#EuropeanPoliticalCommunity #FreeArmenianHostages #EUrespectEUCharter

Վերահրապարակելով կամ մեկնաբանելով՝ մենք կարող ենք մասնակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանությանը։

Մենք կարող ենք մասնակցել 2023 թվականի հայոց ցեղասպանության ժխտման դադարեցմանը։

Հայերին պաշտպանելը նշանակում է պաշտպանել քաղաքակրթությունը»»:

Իսրայելը հայտարարեց Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահվան մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է Իսրայելի կողմից իրականացված հարվածի արդյունքում։ Իրանը դեռևս չի հաստատել նրա մահը։

Ավելի վաղ իրանական լրատվամիջոցները հայտարարել էին, որ Լարիջանիի մասին տեղեկությունները շուտով կհրապարակվեն։

Իսրայելցի զինվորական պաշտոնյան BBC-ին հաստատել է, որ Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարը Իսրայելի պաշտպանության բանակի հարվածի թիրախ է դարձել։

Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտնել է, որ Բասիջի հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանին սպանվել է առանձին հարվածի արդյունքում։

Քաբուլի հիվանդանոցի վրա Պակիստանի հարվածներից զոհվել է ավելի քան 400 մարդ

DW-ն հաղորդում է, որ Պակիստանն ու Աֆղանստանը մարտի 16-ին Քաբուլում և Նանգարհար նահանգում Պակիստանի կողմից իրականացված օդային հարվածների վերաբերյալ արմատապես տարբերվող վարկածներ են ներկայացնում:

Աֆղանստանում ներկայումս իշխող «Թալիբան» շարժումը պնդում է, որ Քաբուլի վրա կատարված հարվածների հետևանքով ոչնչացվել է թմրամիջոցներից կախվածություն ուցեղնորի համար կլինիկա, զոհվել է 400 մարդ, վիրավորվել՝ ևս 250-ը:

Պակիստանն իր հերթին հերքում է քաղաքացիական օբյեկտի վրա հարձակմանը իր մասնակցությունը: Ինչպես երեքշաբթի՝ մարտի 17-ին, իր X սոցիալական ցանցում գրել է Պակիստանի տեղեկատվության և հեռարձակման նախարար Աթաուլլահ Թարարը, «Արդար զայրույթ» գործողության թիրախը եղել են «Թալիբանի» ռազմական օբյեկտները:

Տնային պայմաններում խնամքի ծառայություններ՝ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց

Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ստանալ խնամքի ծառայություններ՝ տնային պայմաններում։ Այս մասին հայտնում է ԱՍՀ նախարարությունը։

Ծառայությունները ներառում են կենցաղային սպասարկում, բժշկական օգնություն և սպասարկում, խորհրդատվական և սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Ծառայությունները ստանալու համար կարող եք դիմել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։

Ներկայում տնային պայմաններում խնամքի ծառայությունները տրամադրվում են քաղաք Երևանում և մարզերում՝ դրամաշնորհային մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությունների կողմից։

Բարի գալուստ կլիմայական գարուն

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօրվանից կարող ենք ասել, որ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում արդեն կլիմայական գարուն է, որովհետև օդի օրական միջին ջերմաստիճանը +5 աստիճանից բարձր է։

Առաջիկա երեք օրերին հարավ–արևմուտքի տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմ աստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա ևս 4-6 աստիճանով և լեռնային մարզերում ցերեկը կունենանք մինչև +10, նախալեռնային հատվածներում մինչև +15, իսկ հովտային գոտիներում, այդ թվում նաև Երևանում, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի մինչև +17-18 աստիճան տաքության:

Մինչև մարտի 19-ը երկրի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումներ եղանակ, իսկ մարտի 20-ից մինչերկրագծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, տեղումները Հանրապետության ողջ տարածքում կվերսկսվեն, լեռնային մարզերում կտեղաթափվեն ձյուն, հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է անձրև»։

Եվրոպան դեմ է Լիբանանում Իսրայելի գործողություններին, որոնք կարող են հանգեցնել անեքսիայի

Երկուշաբթի՝ մարտի 16-ին, հրապարակված համատեղ հայտարարության մեջ Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Իտալիան և Կանադան խորը մտահոգություն են հայտնել Լիբանանում բռնության սրման վերաբերյալ և կոչ են արել այդ երկրի և Իսրայելի ներկայացուցիչներին հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններ սկսել։

«Հեզբոլլահի հարձակումները Իսրայելի և քաղաքացիական բնակչության վրա պետք է դադարեցվեն, և նրանք [Հեզբոլլահը – խմբ.] պետք է զինաթափվեն», – ասվում է հայտարարության մեջ։ «Մենք դատապարտում ենք Հեզբոլլահի որոշումը՝ միանալ Իրանին ռազմական գործողություններում, որն ավելի է վտանգում տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը»։

Միևնույն ժամանակ, Գերմանիան, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Իտալիան և Կանադան զգուշացրել են, որ Լիբանանում Իսրայելի լայնածավալ ցամաքային հարձակումը «կունենա ավերիչ մարդասիրական հետևանքներ և կարող է հանգեցնել երկարատև հակամարտության»։ «Սա պետք է կանխվի։ Լիբանանում մարդասիրական իրավիճակը, այդ թվում՝ մարդկանց շարունակական զանգվածային տեղահանությունը, արդեն իսկ խորապես մտահոգիչ է», – ասվում է հայտարարության մեջ։

Լիբանանի 5 միլիոն բնակչությունից մոտ 1 միլիոնը արդեն ներքին տեղահանված է, և Իսրայելը սպառնում է անեքսիայի ենթարկել հարավային Լիբանանը։

Մարտի 16-ին Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարեցին հարավային Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ «սահմանափակ ցամաքային գործողություն» սկսելու մասին։ Մարտի 14-ին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարեց, որ Իսրայելը պատրաստ է գրավել հարավային Լիբանանի տարածքները, եթե «Հեզբոլլահի» զինյալները չզինաթափվեն։

Axios-ը, հղում անելով իսրայելցի և ամերիկացի պաշտոնյաներին, հաղորդել է, որ Իսրայելը պատրաստվում է գրավել Լիտանի գետից հարավ գտնվող տարածքները՝ «Հեզբոլլահի ռազմական ենթակառուցվածքները քանդելու» համար։ «Մենք անելու ենք այն, ինչ արեցինք Գազայում», – հրատարակությանը ասել է իսրայելցի պաշտոնյաներից մեկը։

Լիբանանը կարող է դառնալ առաջին երկիրը, որի անեքսիան հիմք կդնի նոր համաշխարհային կարգի՝ նախադեպ ստեղծելով ավելի հզոր պետության կողմից փոքրերին անպատիժ կլանման համար։

Թրամփը Չինաստանին խնդրել է մեկ ամսով հետաձգել իր այցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խնդրել է Չինաստանին մեկ ամսով հետաձգել իր այցը Պեկին և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ ապրիլի սկզբին նախատեսված գագաթնաժողովը՝ Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով։

«Մենք բանակցություններ ենք վարում Չինաստանի հետ», – լրագրողներին ասել է Թրամփը Օվալաձև աշխատասենյակում։ «Պատերազմի պատճառով ես ուզում եմ այստեղ լինել. զգում եմ, որ պետք է այստեղ լինեմ։ Ուստի մենք խնդրել ենք հետաձգել հանդիպումը մոտ մեկ ամսով»։

Լրագրողների հարցերին պատասխանելով՝ ամերիկացի առաջնորդը նաև ասել է, որ պատերազմը, հավանաբար, այս շաբաթ չի ավարտվի։

«Չեմ կարծում [այս շաբաթ], բայց շուտով կլինի։ Դա երկար չի տևի», – հավելել է նա։

Ղրիմում փլուզվել է 15-րդ դարի հայկական եկեղեցու մի մասը

Ղրիմի Թեոդոսիայում փլուզվել է Միքայել և Գաբրիել Հրեշտակապետաց հայկական եկեղեցու մի մասը, հաղորդում է Ղրիմի լրատվական գործակալությունը։

Այս տարվա հունվարին փլուզվել է եկեղեցու զանգակատունը, իսկ այժմ շենքի մի անկյուն է փլուզվել։ Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել։

1408 թվականին կառուցված եկեղեցին մշակութային ժառանգության վայր է։ Դրա վերջին վերականգնումն տեղի է ունեցել է 1968 թվականին։

Որ ուժերն են Անկախության հռչակագրին կողմ. ցուցակ է կազմվում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միակ ուժն է, որ ասում է՝ նոր Սահմանադրության մեջ պետք է Անկախության հռչակագրին հղում չլինի», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը խոսել է ոչ թե Անկախության հռչակագրի չեղարկման, այլ դրա հղումը նոր Սահմանադրության մեջ չանելու մասին։ Սակայն դեռ որևէ քաղաքական ուժ բացահայտ չի աջացել ՔՊ-ի այս նախաձեռնությանը։

Այսօր կայացած ՀՅ Դաշնակցություն – Ռոբերտ Քոչարյան դաշինքի համաժողովի ժամանակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է․ “Մենք գալիս ենք Անկախության հռչակագիրը պահելու”։

Նախորդ շաբաթ կայացած Հայ Ազգային կոնգրեսի համագումարի հայտարարության մեջ խոսվում է “նոր Սահմանադրության” մասին, սակայն չի հիշատակվում Անկախության հռչակագիրը։

“Հայաստանի Սահմանադրությունը խաղալիք չէ։ Անկախության հռչակագիրը մեր պետականության սկիզբն է, մեր նախնիների ինքնությունը, մեր ազատատենչ նախնիների սրբազան ուղերձը։ Սահմանադրությամբ ամրագրված մեր Անկախության հռչակագիրը նախատեսում է պատասխանատվություն սերունդների առջև։ Սահմանադրությունը չի կարող վերանայվել որևէ օտարերկրյա պետության խնդրանքով, առավել ևս այնպիսի պետության, որի հռչակած նպատակը մեր ոչնչացումն է”, ասված է Արման Թաթոյանի “Միասնության թևեր” ծրագրային հայտարարության մեջ։ 

Աստված գթաց մեզ․ որդիս փրկվեց՝ շնորհիվ բանիմաց բժիշկների

Գոհար Կարապետյանն Արցախի Ստեփանակերտ քաղաքից է տեղահանվել։ Նա 10 զավակների մայր է։ Կրտսերը ծնվել է տեղահանությունից հետո՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Կարապետյանների ընտանիքը վերջերս բախվել է ցավալի մի իրողության, որը կարող էր նաև ողբերգական ավարտ ունենալ, եթե չլինեին բանիմաց ու սրտացավ բժիշկները։

Բազմազավակ մայրը չի կարողանում զսպել հույզերը 4-րդ զավակը՝ 12 տարեկան Նվերը, հրաշքով է փրկվել

– Նվերի ատամը ցավում էր։ Նրան տարա Վանաձորի ատամնաբուժական կլինիկաներից մեկը, որտեղ ատամնաբույժն ասաց, որ ատամը պետք է բուժվի, կարիք չկա այն հանելու։ Նախ կատարվեցին ատամնախողովակների մշակում, մինչև վերջնական կպլոմբավորվեր ատամը։ Եկանք տուն, երեխան սկսեց բողոքել ցավից։ Հասկացա, որ ինչ որ բարդություն է առաջացել։ Բուժող բժիշկը խորհուրդ տվեց ողողումներ կատարել, սակայն երեխայիս վիճակը գնալով վատանում էր։ Մոտեցանք նույն կլինիկայի վիրաբույժին։ Ես հասկանում էի, որ որդուս մոտ թարախային պրոցես է սկսվել, իմ մայրական սիրտն զգում էր, որ երեխայիս վիճակը բարդանում է։ Ինքս ասացի վիրաբույժին՝ գո՞ւցե կտրվածք անել․․․Կտրվածք անելուց հետո վիրաբույժն ինձ ուղարկեց  բժշիկ Աշոտ Պապյանի մոտ, որն էլ, տեսնելով երեխայի վիճակը, մեզ ուղարկեց Վանաձորի ԲԿ՝ դիմածնոտային բժիշկ Աշոտ Մարգարյանի մոտ։ Այստեղ մեզ տեղեկացրին, որ վճարովի հիմունքներով պետք է որդիս վիրահատվի։ Ասացին, որ կարող են ընդամենը 20 տոկոս զեղջ անել։

Ես անմիջապես տվեցի իմ համաձայնությունը՝ միայն թե Նվերը փրկվի։ Մարտի 4-ին կատարեցին որդուս վիրահատությունը, սակայն նրա վիճակն ավելի էր վատանում։ Դեղորայք ուզեցին․ բերեցի, բայց ամեն ինչ մնաց անփոփոխ։ Բժիշկ Մարգարյանը մի շարք բժիշկների հետ խորհրդակցելուց հետո ասաց, որ իրենց ուժերից վեր է երեխային փրկել և հաջորդ օրը՝ մարտի 5-ի գիշերը շտապ օգնության մեքենայով մենք հասանք Երևանի Մուրացան մանկական հիվանդանոց։ Այստեղ որդուս բուժումն իր վրա վերցրեց դիմածնոտային վիրաբույժ Նարեկ Մկրտչյանը։ Նա մեզ ներկայացրեց իրավիճակի ծանրությունը, միաժամանակ ասելով, որ ոչինչ խոստանալ չի կարող։ Սակայն ամեն ինչ բարեհաջող ընթացք ստացավ․ Աստված գթաց մեզ, և որդիս փրկվեց՝ շնորհիվ բժիշկ Մկրտչյանի ու հիվանդանոցի բժշկական անձնակազմի։

Տիկին Գոհարն ու որդին դեռևս հիվանդանոցում են։ Երեխայի լյարդում բարդություններ են առաջացել, որը բուժում է պահանջում։ Բուժող բժիշկը Մարինե Գրիգորյանն է։

Բազմազավակ մայրը չի դադարում փառք տալ Աստծուն ու շնորհակալ լինել բժիշկներին

-Ուզում եմ շնորհակալություն ասել Աշոտ Պապյանին, Աշոտ Մարգարյանին, որ ժամանակին ինձ ուղարկեցին Մուրացան հիվանդանոց, իսկ ամենամեծ շնորհակալությունս եմ հայտնում դիմածնոտային բժիշկ Նարեկ Մկրտչյանին և հիվանդանոցի ողջ բժշկական անձնակազմին։ Երախտապարտ եմ Վանաձորի քաղաքապետ Արկադի Փելեշյանին, Ակսել Բակունցի անվան 7-րդ դպրոցի կոլեկտիվին, ծնողներին, իմ բոլոր ծանոթ-բարեկամներին, Վանաձորի ՍՕԱՐ բարեգործական հիմնադրամի «Ադա» կենտրոնի անձնակազմին՝ Անի Գաբրիելյանի գլխավորությամբ։ Նրանց ցուցաբերած ուշադրությունն ու հոգատարությունը, ամեն բարի մի խոսքը մեծ ուժ է տվել մեր ընտանիքին։

Իմ որդին սխալ բուժման ու ոչ պրոֆեսիոնալ մասնագետի պատճառով քիչ մնաց կյանքին հրաժեշտ տար։ Ուզում եմ կոչ անել այն երիտասարդներին, ովքեր ընտրում են բժշկի բարդ մասնագիտությունը։ Երկար մտածեք․ չէ՞ որ գործ ունեք մարդկային կյանքի հետ։ Ուսումնառության տարիներին արեք հնարավորն ու անհնարինը, որ ստանաք պատշաճ կրթություն, դառնաք պահանջված մասնագետ, այլ ոչ թե փողով մասնագիտություն ձեռք բերող։

Չեմ բողոքում և չեմ ուզում տալ այն ատամնաբույժի անունը, ում պատճառով մենք օրեր շարունակ անցել ենք դժոխքի միջով։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ հաջողվեց փրկել որդուս կյանքը։ Աշխարհի բոլոր մանուկները թող առողջ լինեն։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Հայերը՝ «Օսկար 2026»-ում

news.am

Լոս Անջելեսում կայացավ ևս մեկ «Օսկար» մրցանակաբաշխություն, այս տարի՝ 98-րդ անգամ։ Եվ մինչ հայերով դեռ հպարտությամբ հիշում էինք Վաչե Թովմասյանի ու Կարեն Կարագուլյանի պարգևած էմոցիաները նախորդ տարվա մրցանակաբաշխությունից, երբ նրանց մասնակցությամբ «Անորան» հաղթեց 5 անվանակարգում (այդ թվում՝ «Լավագույն ֆիլմ»), այս տարի ևս հայերի ներկայության պակաս չեղավ կինոյի ոլորտում կարևրագույն իրադարձությանը։ Ռեկորդային անվանակարգերից մինչև բաղձալի մրցանակ։ Ովքե՞ր «Օսկարին» հայկական շունչ տվեցին այս անգամ։ 

Ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանը Sinners/«Մեղսավորները» ֆիմով տարվա սկզբից գրավում է հեղինակավոր մրցանակաբաշխությունները։ Իսկ «Օսկար 2026»-ում «Մեղսավորները» ռեկորդ գրանցեց՝ ստանալով 16 անվանակարգ և 4 մրցանակ։

Հայկական արմատներով ռումինացի սցենարիստ, ռեժիսոր Նատալի Մուստիատանի Two People Exchanging Saliva/«Երկու մարդ, ովքեր փոխանակվում են թքով» կարճամետրաժ ֆիլմը, որի ռեժիսորներն են Նատալի Մուստիատան և Ալեքսանդր Սինհը, հաղթող ճանաչվեց Best Live Action Short Film/Լավագույն կենդանի կարճամետրաժ ֆիլմ/ անվանակարգում։

Ռեժիսոր, սցենարիստ Մադլեն Շարաֆյանի ELIO ֆիլմը, որը համատեղ աշխատանք է Pixar-ի հետ, ներկայացված էր «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում։ Ֆիլմը չարժանացավ «Օսկարի», բայց հեղինակավոր մրցանակաբաշխությունը հայազգի ռեժիսորին վաղուց խորթ չէ;

Շարաֆյանն «Օսկարի» իր առաջին անվանակարգը ստացել էր 2021 թվականին՝ Pixar-ի BURROW-ի համար, որը ներկայացված էր որպես «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ»:

Ի դեպ, մրցանակաբաշխությանը ռեժիսորը ներկայացել էր հայազգի դիզայներ Վարդուհի Թորոսյանի զգեստով։

Մեկ այլ հայ դիզայներ հայտնվեց կարմիր գորգի վրա՝ շնորհիվ Հոլիվուդյան քասթինգ տնօրեն Ֆրանսին Մեյսլերի, ով աշխատել է «Մեղսավորները» ֆիլմի վրա: Արարողության համար նա ընտրել է հայ դիզայներ Լուիզ Բաբուրյանի զգեստը, որը հայտնի է իր քանդակագործական մոտեցմամբ՝ դրապերի և հեղուկ ուրվագծերի նկատմամբ: Կերպարը լրացվել է ոսկերիչներ Սոնյա Բոյաջյանի և Արման Սարկիսյանի զարդերով:

Երեկոյի նորաձևության մեկ այլ կարևորագույն պահերից մեկը ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Մեյլիս Վալյադն էր: Նա «Փոքրիկ Ամելի, կամ անձրևի կերպարը» ֆիլմի համահեղինակն է, որը կարմիր գորգին ներկայացավ հայ դիզայներ Վոն Վեմյանի երկար անանուխի գույնի կիսաշրջազգեստով։

Բրիտանիայում և Ֆրանսիայում Արցախի հարցը փակված չէ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանում պաշտոնապես մեկնարկած «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» (Erasing the Past: The Destruction of Cultural Heritage) խորհրդարանական հետաքննության շրջանակներում Արցախ Միությունը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանական քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև հանդես է եկել ի պաշտպանություն Արցախի վտանգված պատմամշակութային ժառանգության։

«Փետրվարի 23-ին կայացած անդրանիկ նիստին որպես հիմնական բանախոս ելույթ է ունեցել Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը։ Իր ելույթում նա բրիտանացի խորհրդարանականներին և միջազգային իրավական փորձագետներին է ներկայացրել համակողմանի փաստեր Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման, Արցախի ժողովրդի բռնի տեղահանման ու ներկա վիճակի և հայ գերիների իրավունքների խախտման վերաբերյալ:

Արտակ Բեգլարյանն ընդգծել է միջազգային մշտադիտարկման ու կանխարգելիչ մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, որոնք կնպաստեն ադրբեջանական բռնազավթման ներքո գտնվող՝ Արցախի ժողովրդի ժառանգության ու սեփականության պաշտպանությանը՝ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրամաններին համապատասխան: Նա հատուկ անդրադարձ է ունեցել նաև Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությանն ու միջազգային աջակցությանը՝ կարևորելով դրա նշանակությունը արդար, արժանապատիվ ու կայուն խաղաղության ապահովման համար:

Բացի Ա. Բեգլարյանի բանավոր վկայությունից, Արցախ Միությունը հաջորդիվ նաև Մեծ Բրիտանիայի խորհրդարանին և Փաստաբանների միջազգային ասոցիացիային է ներկայացվել Արցախ Միության և «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի համահեղինակությամբ պատրաստված համապարփակ զեկույցը՝ «Ադրբեջանի կողմից Արցախում հայկական մշակութային ժառանգության համակարգված ոչնչացումը և յուրացումը (2020-2026թթ.)» խորագրով:

Զեկույցը փաստագրում է հայկական եկեղեցիների, գերեզմանատների, հուշարձանների և թանգարանային հավաքածուների միտումնավոր ոչնչացումն ու յուրացումը՝ ներկայացնելով անհերքելի ապացույցներ առ այն, որ Ադրբեջանի գործողությունները կրում են ցեղասպանական բնույթ և նպատակ ունեն վերացնելու Արցախում հայկական հետքը և կանխելու բնիկ ժողովրդի վերադարձն իր հայրենիք։

Հետաքննությունն իրականացվում է Փաստաբանների միջազգային ասոցիացիայի Մարդու իրավունքների ինստիտուտի (IBAHRI) աջակցությամբ և Մեծ Բրիտանիայի բազմակուսակցական խորհրդարանական խմբի կողմից՝ պատգամավոր Բրենդան Օ’Հարայի նախագահությամբ։ Այն բաղկացած է լինելու հինգ փուլից, որոնց արդյունքում հրապարակվելու է վերջնական զեկույց՝ ուղղված Մեծ Բրիտանիայի կառավարությանն ու միջազգային դերակատարներին»։

Հիշեցնենք որ Արցահ Միությունը միջազգային տարբեր հարթակներում քայլեր է ձեռնարկում Արցախի հարցի պահպանման և Ադրբեջանում պահվող հայ գգերիների վերդարձի ուղղությամբ:

Այսպիսով, անցած տարվա դեկտեմբերին Միության ու Ֆրանսյի հայ համայնքի ջանքերի շնորհիվ  Փարիզի քաղաքային խորհուրդը ընդունել է բանաձև, որով վերահաստատում է իր հանձնառությունը Արցախի ժողովրդի, մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային իրավունքի կիրառման նկատմամբ՝ պահանջելով կամայականորեն պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակումը։

Նույն օրը Նիսում, քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի նախաձեռնությամբ, քաղաքապետարանի շենքի վրա ցուցադրվել են հայ գերիների լուսանկարները՝ նրանց ճակատագրին հանրային ուշադրություն հրավիրելու նպատակով։ Սոցիալական ցանցերում հրապարակված իր հայտարարության մեջ Նիսի քաղաքապետը արցախցի բանտարկյալներին գնահատել է որպես պատանդներ և կոչ արել Ֆրանսիային ու Եվրոպային հանդես գալ վճռական քայլերով ադրբեջանական իշխանությունների դեմ։