Պատերազմը տարածվել է Մերձավոր Արևելքից այն կողմ. պայթյուններ Եվրոպայում և ԱՄՆ-ում

Իրանում ընթացող պատերազմը տարածվում է Մերձավոր Արևելքից այն կողմ և աստիճանաբար ընդգրկում է Եվրոպան և Միացյալ Նահանգները։

Այսօր Ամստերդամի հրեական դպրոցում պայթյուն է տեղի ունեցել, որը Բենիլյուքսի երկրներում հրեական համայնքին վերաբերող կառույցների վրա այս տարի տեղի ունեցած երրորդ հարձակումն է։ Վերջերս անհայտ անձինք հրկիզել են Ռոտերդամում և Լիեժում (Բելգիա) գտնվող սինագոգներ։

Վերջերս Միացյալ Նահանգներում ևս հարձակման է ենթարկվել սինագոգ։

Այսօր Տեխասի Բեյպորտ Շոատ նավթավերամշակման գործարանում հզոր պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով վառելիքի բաքեր են այրվել։ Իշխանությունները կասկածում են պլանավորված հարձակում և քննարկում են տարբեր տեսություններ՝ որ հարձակման հետևում կարող է կանգնած լինել Մեքսիկայի կամ Վենեսուելայի թմրավաճառական կարտելներից մեկը կամ ԻՀՊԿ-ը։

Ջարդել են Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջը

Ջարդել են Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջը և հեռացրել որոշ տեսաուղերձ։

Այս մասին գրել է փաստաբան Ռոման Երիցյանն ու շարունակել. «Վստահաբար հայտարարում եմ, որ տեսանյութի հեռացման հետ որևէ կապ չունեն ո’չ պետնախարարը, ո’չ էլ «Արցախբանկ» ՓԲ ընկերությունը։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ այս պահին իրականացվում են գործուն քայլեր, այդ թվում՝ տարբեր ձևաչափերով հանդիպումներ, որոնք ուղղված են արցախցիների բարձրացրած խնդիրներին իրավական հարթակում լուծումներ տալուն։ Իրավական լուծման ճանապարհն արդեն ունենք, սակայն այդ մասին հայտարարել դեռևս վաղաժամ է։

Իր հերթին «Արցախբանկ» ՓԲ ընկերության ներկայացուցիչները հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ այս գործընթացին լիարժեք և անվերապահ աջակցություն ցուցաբերելու հարցում։

«Արցախբանկ» ՓԲ ընկերության ներկայացուցիչները վստահեցրել են, որ կանգնած են արցախցիների կողքին։ Հուսով ենք, որ շուտով բոլորդ կկարողանաք համոզվել այդ փաստում»։

Սահմանադրական դատարանը մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը․ Արցախը Հայաստա՞ն է, թե՞ ոչ

Սահմանադրական դատարանը մերժել է Ջալալ Հարությունյանի դիմումը՝ արձանագրելով, որ բարձրացվող հարցերը ՍԴ քննության ենթակա չեն։ Այդ մասին գրում է «Փաստինֆո»-ն։

Ջալալ Հարությունյանն, ինչպես արդեն հայտնի է, դատապարտվել է 5 տարի, 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ 44-օրյա պատերազմի ժամանակ զինվորական պաշտոնեական անփութության համար, խոսքը «ՑՕՐ-ի» դրվագի մասին է։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել դատավճիռը, Վճռաբեկ դատարանն էլ  վարույթ չի ընդունել բողոքները, ըստ այդմ, դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ, Հարությունյանն էլ տեղափոխվել է ՔԿՀ՝ պատժի կրման համար։

Ջալալ Հարությունյանի անունից անհատական դիմում է ներկայացվել ՍԴ, որում բարձրացվել են մի քանի հարցեր, այդ թվում, ընդդատության հարցը։

Ըստ Հարությունյանի՝ ՀՀ «դատարանի դատական տարածք» եզրույթին դատարանների կողմից հաղորդվել է լայն և ինքնավար (ավտոնոմ) սահմանադրության նախաբանի էությանը հակասող այնպիսի հակասահմանադրական մեկնաբանություն, որի արդյունքում «դատական տարածքում» է ներառվել միջազգայնորեն «ՀՀ տարածք» չհանդիսացող «ԼՂ տարածքը», որպես հետևանք՝ ԼՂ-ում կատարված ենթադրյալ հանցանքի վերաբերյալ վարույթը դիտարկվել է իբրև «ՀՀ դատական տարածքում կատարված հանցանքի վարույթ», և Հարությունյանը պահանջել  է այդ մեկնաբանությունը ճանաչել հակասահմանադրական։

Հարությունյանը ևս մի քանի հարց է ուղղել ՍԴ-ին, սակայն ՍԴ-ն մերժել է դիմումը՝ արձանագրելով, որ բարձրացված հարցերը ՍԴ քննության ենթակա չեն։

Իհարե՝ ենթակա չեն։ Թե չէ ՍԴ-ն կամ պետք է ճանաչեր, որ Արցախը Հայաստան է, կամ՝ ճանաչելով, որ Արցախը Հայաստան չէ, ՀՀ դատարաններում քննվող հազարավոր գործեր համարի ոչ իրավաչափ։ Չէ՞ որ մինչ օրս հազարավոր զինվորականներ, այդ թվում արցախցիներ դատվում են Արցախում տեղի ունեցած գործողությունների համար։ 

Այդ գործերը չեն կարճվել ոչ Պուտինի միջնորդությամբ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, ոչ Մակրոնի միջնորդությամբ 2022 թ․ հոկտեմբերին ստորագրված և սովետական սահմանները ճանաչող հուշագրից հետո, ոչ էլ 2025-ի օգոստոսի 8-ին Թրամփի միջնորդությամբ ստորագրված “խաղաղության պայմանագրի” նախաստորագրումից հետո։ 

Վերջին օրերին Փաշինյանը լծվել է “Արցախի մասին նույնիս հիշատակելն է կազուս բելլի” թեզի տարածման, սակայն դատարանները շարունակում են քննել Արցախում կատարված “ռազմական հանցագործությունները”։ 

Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ

Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ, այս մասին հայտնեց Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը: Հակակոռուպցիոն դատարանը երեկ վաղ առավոտից մինչև ուշ գիշեր քննում էր գործարար Սամվել Կարապետյանի տնային կալանքը ևս մեկ ամսով երկարաձգելու քննիչների միջնորդությունը։

«Մենք ունենք իրավիճակ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահի կողմից ընտրական գործընթացի ամենապատասխանատու փուլին, հատկապես՝ նախընտրական ցուցակների ձևավորման տեսանկյունից մենք ունենք լուրջ խնդիր: Սա քաղաքական գործընթացի, հավասարության, արդարության, մրցակցության պայմանների ապահովման տեսանկյունից լրջագույն խնդիր է: Այն, որ քաղաքական հետապնդումը կարող է վերաճել և տրանսֆորմացվել այն աստիճանի, որ ընտարական գործընթացին ուղիղ միջամտություն հանդիսանա, սա, իսկապես, կարծես նորություն է», – լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը՝ ընդգծելով, որ դատական ակտը կբողոքարկվի Վերաքննիչ դատարան:

Արցախցիների վերադարձն այս պահին հնարավոր չէ. Գլխավոր խնդիրը նրանց տնավորելն է ՀՀ–ում. Կարապետյան

Մարտի 13–ին, հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը, խոսելով արցախցիների խնդիրներից, ասաց, որ այս պահին գլխավոր խնդիրը նրանց Հայաստանում տնավորելն է. «Ինչ վերաբերում է նրանց Արցախ վերադարձին, եկեք իրար հետ ազնիվ լինենք. Ադրբեջանի այս ղեկավարը հնարավորություն  չի տալու, որ արցախցիներն անվտանգ այնտեղ ապրեն։ Երբ ունենանք այդ ապահովությունը, որ մեր հայրենակիցները ապահով են լինելու, այդ ժամանակ պետք է վերադարձի հարցը դնենք։ Առաջնահերթություն լինելու է բայց այս պարագայում ես ուզում եմ ազնիվ լինեմ մեր հանրության հետ։

Ադրբեջանի այս ղեկավարը 10 հայի հետ յոլա չգնաց այնտեղ, ո՞նց եք պատկերացնում, մեր մյուս հայրենակիցները ինչպես են ապրելու։ Երբ լինի այդ երաշխավորությունը, որ մարդիկ անվտանգ կլինեն, այդ ժամանակ հարցը կբարձրացնենք։ Դրա համար պետք է աշխատել, միջազգային աշխատանք, նաև հարաբերությունների կարգավորման շրջանակներում աշխատանք, որպեսզի կարողանան մեր հայրենակիցները իրենց հայրենիք անվտանգ վերադառնալ։ Բայց դա մեծ հարց է, պետք է մենք շատ լուրջ վերաբերվենք»։

Փաշինյանը Հայաստանի ապագայի ամբողջ պատասխանատվությունը դրեց հասարակության վրա

Երեկվա ցնցող հայտարարություններից հետո, որոնք սակայն բողոքի ցույցեր և քաղաքական մանիֆեստներ չհրահրեցին, Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանի ապագայի համար ամբողջ պատասխանատվությունը վերջնականորեն դրեց հայ հասարակության վրա։ Նա ագրեսիվորեն հիմք է դնում այն ​​պնդման համար, որ ժողովուրդը հեղափոխություն չարեց, երբ Փաշինյանը կոչ արեց մոռանալ Արցախի մասին և Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրի հղումը։ Ուրեմն, ժողովուրդը համաձայն է, այսինքը՝ պատասխանատու։

Փաշինյանի երեկվա հայտարարությունները սկզբից ցնցեցին հանրությանը, բայց ոչ մի կուսակցություն կամ հասարակական ուժ բողոքի ակցիաների կոչ չանեց։ Ոչ մի կուսակցություն չհայտարարեց իր աջակցությունը Արցախի դեօկուպացիային կամ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշման  իրականացմանը։ Ոչ մի կուսակցություն չպաշտպանեց Անկախության հռչակագրի պահպանումը ապագա Սահմանադրության մեջ։

Ավելին, այն ուժերը, որոնց Փաշինյանը անվանել է «պատերազմի կուսակցություն», ևս պաշտպանեցին խաղաղությունը, իսկ Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ «արցախցիների վերադարձը» անիրատեսական է, և, հետևաբար, անհրաժեշտ է օգնել արցախցիներին հաստատվել Հայաստանում։ Բացի այդ, այսօրվա Եկեղեցական խորհուրդը իր հայտարարության մեջ որևէ հիշատակում չարեց Արցախում եկեղեցիների պահպանման մասին։

Այնպես որ, իշխանության և այլ կուսակցությունների կողմից արված հայտարարությունների մեջ տարբերություն չկա՝ կապված Արցախի, Անկախության հռչակագրի կամ 1991 թվականի սահմանների վրա հիմնված քարտեզի հետ։ Ստացվում է, որ քաղաքական կուսակցությունները նույն բանի համար կպայքարեն, բայց միջազգային գործընկերներն ավելի շատ են “հավատում” Նիկոլ Փաշինյանին, իսկ մյուսները պետք է անեն ամեն ինչ, որպեսզի Հայաստանը չշեղվի իր ներկայիս ուղուց։ Պարզապես, եթե նախկինում բաժանում էին «սևերի» և «սպիտակների», «նախկինների» և «ներկաների», «ղարաբաղյան կլանի» և «հայաստանցիների», «ռուսամետների» և «արևմտամետների», այժմ մի կողմը կլինի «խաղաղության կուսակցությունը», իսկ մյուսը՝ «պատերազմի կուսակցությունը»։ Ովքեր կողմ են խաղաղությանը, հետևեք ինձ, այսօր կոչ արեց Փաշինյանը։

Քանի որ երեկ Փաշինյանի ցնցող հայտարարություններից հետո հեղափոխություն տեղի չունեցավ, դա նշանակում է, որ հասարակությունը պատասխանատվություն է ստանձնել Հայաստանի ապագայի համար։ Արդյո՞ք այն խաղաղ կլինի, ինչպես խոստանում է Փաշինյանը, թե՞ Երրորդ Հանրապետությունը կլուծարվի, իսկ Չորրորդ Հանրապետությունը չեն հասցնի ստեղծել։

TRIPP-ը հետաձգվում է, Փաշինյանն առաջարկում է Երասխով ճանապարհ, Ալիևը կարող է համաձայնվել

Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են հետաձգել TRIPP նախագծի իրականացումը։

«Ակնհայտ է, որ ԱՄՆ վարչակազմը, գոնե առայժմ, TRIPP-ը չի համարում առաջնահերթություն։ Ցավոք, մեծ հավանականություն կա, որ այս իրավիճակը կազդի գործընթացի ժամկետների վրա։ Եթե այդպես չլինի, ապա ավելի լավ», – երեկ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Փաշինյանը։

Իսկ նախորդ օրը Եվրախորհրդարանում Փաշինյանը, Թրամփին շնորհակալություն հայտնելուց հետո, հայտարարեց, որ TRIPP-ը բխում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծից։

«Մենք պատրաստ ենք անհապաղ ապահովել Ադրբեջանից Թուրքիա և հակառակ ուղղությամբ տարանցումը, քանի որ ներկայումս կարող ենք դա անել առկա ճանապարհների միջոցով։ Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան դեռևս չեն օգտվել այս հնարավորությունից։ Ես կասկածում եմ, որ նրանք կարծում են, թե նման որոշումը կարող է հետաձգել TRIPP նախագծի իրականացումը։ Այս ամբիոնից ես պաշտոնապես հայտարարում եմ, որ Հայաստանը ոչ միայն չի մտադիրվում, այլև չունի որևէ պատճառ հետաձգելու TRIPP նախագծի իրականացումը։ Հիմա ես նաև ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև ճանապարհային կապը՝ օգտագործելով Կոռնիձոր-Գորիս-Եղեգնաձոր-Երասխ երթուղու երկայնքով առկա ենթակառուցվածքները», – ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ այսպիսով Ադրբեջանը կարող է կապ հաստատել Հայաստանի միջոցով Նախիջևանի հետ, սակայն ի պատասխան Հայաստանը սպասում է Նախիջևանի միջոցով հարավային և հյուսիսային Հայաստանի միջև երկաթուղային կապի հաստատմանը։

BBC-ի տվյալներով՝ TRIPP-ի աշխատանքները նախատեսվում էր սկսել այս ամռանը։ Հունվարին ԱՄՆ-ն և Հայաստանը ներկայացրել են TRIPP-ի իրականացման շրջանակային նախագիծ, որը նախատեսում է ԱՄՆ կառավարության վերահսկողության ներքո ընկերության ստեղծում։ Այս ընկերությունը պետք է կառուցի երկաթուղին և ճանապարհը՝ շրջակա ենթակառուցվածքների հետ միասին, և կառավարի դրանք առնվազն 49 տարի։

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հարձակումներից հետո TRIPP-ը, հավանաբար, իրատեսական նախագիծ չի լինի։ Պատերազմի արդյունքից անկախ, Իրանը կփոխի իր վերաբերմունքը ամերիկյան ճանապարհի նկատմամբ, որը պետք է անցնի հայ-իրանական սահմանի ամբողջ երկանքով։

BBC-ի փորձագետները նշում են, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը Իրանի դեմ միայն մեծացրել է Ադրբեջանի կարիքը Հայաստանով անցնող երթուղու համար։ Իրանի միջոցով առևտրային կապերը խզվել են, իսկ Ադրբեջանը, ըստ երևույթին, «հրաժարվել է» Իրան ներխուժելու կամ Զանգեզուրի միջանցքը ուժով գրավելու իր մտադրությունից։ Ռեշտ-Աստարա նախագիծը ևս դադարեցվեց դեռ չսկսված։

Այսպիսով, Ալիևը կարող է համաձայնվել Փաշինյանի առաջարկին Երասխի վերաբերյալ, չնայած նա, հավանաբար, դրա դիմաց չի «բացի» Նախիջևանը, որը Փաշինյանը առատաձեռնորեն փորձում է նվիրել նրան։

Իր անկախ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր՝ շնորհիվ Ադրբեջանի հետ խաղաղության, չնայած դեռևս այդպիսին չէ, երեկ հայտարարել է Ալիևը։

Ալիևը նշել է, որ Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումների պահանջարկը մեծանում է։ Սակայն հակամարտությունների պատճառով տրանսպորտային կապերի խափանումը շատ դժվար իրավիճակ է ստեղծում միջազգային հանրության մեծ մասի համար։ Նա նշել է, որ Բաքուն և Երևանը խաղաղության են հասել ոչ միայն թղթի վրա, «սահմաններին հանգստություն է, առևտրային հարաբերություններ են հաստատվել» և «կնքվել է երկարաժամկետ խաղաղություն»։

Դիզակ Ֆոլկ Բենդը մարտի 31-ին հրավիրում է համերգի

Դիզակ Ֆոլկ Բենդ, համերգ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա, Երևան, Աբովյան 2 փող, 31 մարտ, 19:00

«Դիզակ Ֆոլկ Բենդ»-ը «Դիզակ ԱՐՏ» մշակութային ՀԿ-ի կողմից ստեղծված երաժշտական համույթ է, որի առաքելությունն է արցախյան ֆոլկ երգերի ավանդույթների կենդանացումն ու վերարժևորումը՝ ժամանակակից, դինամիկ և նորաշունչ ներկայացմամբ։ Համույթը միավորում է երիտասարդ և շնորհաշատ երաժիշտների՝ ստեղծելով բազմաշերտ ու հոգեհարազատ երաժշտական միջավայր։

Համերգի հատուկ հյուրերն են Արսեն Գրիգորյանն ու «Տիեզերք» բենդը, որոնց մասնակցությամբ երեկոն կդառնա ջերմ, հիշվող և զգացմունքներով լի։

Կազմակերպիչ՝ «Դիզակ ԱՐՏ» մշակութային ՀԿ

Ի՞նչ կորոշի Եկեղեցին Արցախի հարցով

Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում ոչ ոք չպետք է վարի կառավարությանից տարբերվող արտաքին քաղաքականություն։ Իսկ կառավարության արտաքին քաղաքականությունը հիմնված է «ղարաբաղյան շարժման» վերջնական փակման վրա։ Փաշինյանը նշեց, որ դեռևս կան ուժեր, որոնք ցանկանում են վերակենդանացնել ղարաբաղյան շարժումը։ Օրինակ՝ Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարությունը, ասաց Փաշինյանը․ նա անձամբ է լսել, որ պատարագի ժամանակ եկեղեցում հիշատակվում է Արցախի Հանրապետությանը։

Փաշինյանն այլևս չի անհանգստանում, որ Գարեգին Բ կաթողիկոսի անունը հիշատակվում է պատարագի ժամանակ. Փաշինյանը մեծահոգաբար մասնակցել է երկու պատարագի, որտեղ հիշատակվել է կաթողիկոսի անունը։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ 2026 թ․փետրվարի 17-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում գումարված Եպիսկոպոսաց հավաք հայտարարություն ընդունեց, որի մեջ Արցախի եկեղեցիները չեն հիշատակվել։

Այդ հավաքից հետո Փաշինյանը բանտից ազատ արձակեց քահանաներին  և կաթողիկոսի հարազատներին։

Հիշեցնենք, որ Փաշինյանի և եկեղեցու միջև «հակամարտությունը» սկսվեց այն բանից հետո, երբ կաթողիկոսը մասնակցեց Շվեյցարիայում կայացած ֆորումին և պահանջեց, որ միջազգային հանրությունը Եկեցեցուն  մուտք ապահովի դեպի օկուպացված Արցախում մնացած եկեղեցիներ, որոնք Հայ Առաքելական եկեղեցու սեփականությունն են։ Այս պահանջը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին և աջակցվում ամենաբարձր մակարդակով։ Սաայն այն դեմ էր Բաքվի և Երևանի “նոր քաղաքականությանը”։

Եկեղեցական ժողովի ավստրիական հայտարարության մեջ Արցախի եկեղեցիների մասին հիշատակման բացակայությունը, ըստ երևույթին, բավարար չէր։ Հիմա Փաշինյանը պահանջում է, որ պատարագի ժամանակ Արցախը չհիշատակվի։ Կարելի է ենթադրել, որ դրա տակ պարզ պահանջ կա՝ Եկեղեցին պետք է հրաժարվի Արցախում անշարժ գույքւ հանդեպ իր իրավունքներից։

Ի՞նչ կորոշի եկեղեցին։

Օրերս Էջմիածնում մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի նիստը, սակայն նույն օրը Խորհրդի աշխարհիկ անդամները կանչվել են հարցաքննությունների, և այդ պատճառով ժողովը ընդհատվել է։ Կարելի է ենթադրել, որ Խորհուրդը պետք է Արցախի եկեղեցիների հարցը կրկին մտցներ օրակարգ։ 

Նույն օրը Փաշինյանը Եվրախորհրդարանում մեղադրել է Եկեղեցուն, որ 2024-ին “ակտիվացրել է Ղարաբաղյան շարժումը, ասել է թե՝ կոնֆլիկտը”։ “Հոգեւորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ եւ բելոռուսամետ օլիգարխների, եւ փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին”, ասել է Փաշինյանը Եվրախորհրդարանում։

Այս հայտարարությունը Եկեղեցու դեն նոր ալիքի նախապատրաստություն է, եթե, իհարկե, բոլորը հրապարակավ չհրաժարվեն Արցախից։ Արցախը բոլորի կոկորդում է մնացել և կուլ չի գնում։

Ակնկալում էր մեղվաբուծության համար աջակցություն ստանալ, սակայն հույսերը չարդարացան

Արցախից բռնատեղահանված ընտանիքների մի մասը բնակապահովման հավաստագրերով բնակելի տներ են ձեռք բերում գյուղական համայնքներում՝ հույս ունենալով զբաղվել գյուղատնտեսական գործունեությամբ, որպեսզի կարողանան ապահովել ընտանիքի հոգսերը։

Այդ ընտանիքներից է կրկնակի տեղահանված, արցախցի գեղանկարիչ Արծիվ Լալայանի 7 հոգանոց ընտանիքը։ Լալայանները բնակելի տուն են ձեռք բերել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Կարբի գյուղում։ 

-Արցախից տեղահանվելուց հետո բնակություն էինք հաստատել Արարատի մարզի Անյթապ բնակավայրում։ Ի սկզբանե մտադրություն ունեինք տուն ձեռք բերել որևէ գյուղում, որպեսզի կարողանանք զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով, առավելապես շեշտը դնելով մեղվաբուծության վրա, քանի որ ունեմ բավականին փորձ այդ բնագավառում։ Օգտվելով արցախցիներին տրամադրվող հավաստագրից՝ տուն գնեցինք Կարբի գյուղում, որովհետև այստեղ որոշ չափով բարենպաստ են պայմանները մեղվաբուծության համար։ Նախորդ տարվա հոկտեմբեր ամսին տեղափոխվել ենք մեր նոր տունը։ Տան արժողությունը 76000 ամերիկյան դոլլար էր։ Մեր ընտանիքին տրամադրվեց ընդամենը 21 մլն ՀՀ դրամ (1 շնչին՝ 3 մլն), որը, բնականաբար, բավարար չէր և գումարին ավելացրինք նաև մեր խնայողություններից։ Տունը, որը երկհարկանի է, գտնվում է անմխիթար վիճակում, ունի վերանորոգման կարիք, որը դեռևս չենք կարող իրականացնել։

Տեղափոխվելուց հետո դիմեցի ՀՀ կառավարություն մեղվաբուծության աջակցության ծրագրից օգվելու համար, սակայն պատասխանեցին, որ ներկա դրությամբ նման ծրագիր չի գործում։ Իմ միջոցներով ձեռք եմ բերել 6 մեղվաընտանիք՝ յուրաքանչյուրին վճարելով 70000 դրամ գումար։ Նպատակ ունեմ հետագայում ընդլայնել մեղվաբուծական գործուենությունս, ստանալ անարատ մեղր և բացի ընտանիքիս կարիքները հոգալուց, ինչու չէ նաև ստանալ եկամուտ։

Ակնկալում էի կառավարության կողմից որևէ աջակցություն ստանալ, սակայն հույսերս չարդարացան։

Ունեմ փորձ, ինչպես նաև սեր մեղվաբուծության հանդեպ։ Մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը, Մեծ Թաղերում զբաղվում էի մեղվաբուծությամբ․ ունեի 15 մեղվաընտանիք։ Նպատակս էր իմ ընտանիքի, հարազատների համար անարատ մեղր ստանալ և երբեք շաքարաջրի կերակրում չէի իրականացնում։ Որպես դեղամիջոց՝ անարատ մեղրով ապահովում էի բարեկամներիս։

Այստեղ ևս կշարունակեմ նույն կերպ աշխատել ու ստանալ որակյալ արտադրանք։

Տնամերձ հողամասում սկսել եմ աշխատել, հողը նախապատրաստում եմ բանջարաբոստանային կուլտուրաների աճեցման համար։ Կարբիում բնակչությունը հիմնականում զբաղվում է խնձորի աճեցմամբ․ այստեղ գրեթե բոլորն ունեն խնձորի այգիներ ու ստանում են առատ բերք։ Ապրել գյուղական բնակավայրում ինձ համար շատ հաճելի է, առանձնապես, երբ կարող ես զբաղվել քո սիրած գործով, բերք ու բարիք ստեղծել,- ասում է Արծիվը։

Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղից տեղահանված գեղանկարիչ Արծիվ Լալայանը 5 զավակների հայր է կրտսերը ծնվել է 44-օրյա պատերազմից հետո, Ստեփանակերտում։

Արցախյան առաջին և 2020-ի 44 օրյա պատերազմներում զոհվել են Արծիվ Լալայանի եղբայրները՝ Խաչո և Վահրամ Լալայանները։

Առաջին տեղահանության ժամանակ նկարիչը ոչինչ չի վերցնել իր օջախից, իսկ երկրորդ անգամ հասցրել է Արցախից դուրս հանել իր և կնոջ՝ նկարչուհի Տաթև Ամիրջանյանի հեղինակային նկարները՝ մտածելով, որ գոնե այս անգամ կարող է փրկել նորաստեղծ գործերը, որոնցից ամեն մեկն իր յուրովի պատմությունն ունի։ Հադրութի Մեծ Թաղեր գյուղում են մնացել նրանց տարբեր չափի թղթերի վրա արված հազարավոր նկարներ և մոտ հարյուր կտավ։

Ամուսինները Երևան քաղաքում կազմակերպում են նաև հեղինակային նկարների ցուցահանդես-վաճառքներ՝ հույս ունենալով եկամուտ ստանալ իրենց աշխատանքից։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Արցախցիների մի շարք հրատապ խնդիրներ հնարավոր է լուծել

Նույնիսկ այս իրավիճակում, երբ ակնհայտ է, որ ՀՀ իշխանությունները որևէ քայլ չեն նախաձեռնում արցախցիների վիճակը մեղմելու կամ բարելավելու ուղղությամբ, մի շարք հրատապ խնդիրներ հնարավոր է լուծել։
Քանի որ խնդիրները բազմաթիվ են, և մեկ հրապարակման մեջ դրանք ամբողջությամբ ներկայացնելը դժվար է, դրանց կանդրադառնամ առանձին հրապարակումներով։
Խնդիրները, որոնց կանդրադառնամ, հետևյալն են․
– Արցախի ինստիտուտների չամբողջացված լինելու հարցը,
– «Արցախբանկ»-ի բաժնեմասի և հանրային շահի խնդիրը,
– Արցախի պետական բյուջեի 3,1 մլրդ դրամ սառեցված միջոցների ճակատագիրը,
– Արցախի հիմնադրամների վերագրանցման հարցը,
– Կուտակային կենսաթոշակների հետ կապված արցախցիների իրավունքների սահմանափակման հարցը։
Տեղեկացնեմ, որ որոշ հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն և պարզաբանումներ ստանալու նպատակով հարցումներ եմ ուղարկել ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստր, «Արցախբանկ» ՓԲԸ և ՀՀ կենտրոնական բանկ։ Ստացված պատասխանների հիման վրա հնարավոր կլինի ավելի ամբողջական պատկերացում կազմել առկա գործընթացների վերաբերյալ։
Այս հրապարակման մեջ կանդրադառնամ առաջին հարցին՝ Արցախի ինստիտուտների գործունեությանը։
Ամեն անգամ, երբ սոցիալական ցանցերում կամ հարցազրույցներում Արցախի քաղաքական գործիչներն ու պատգամավորները խոսում են արցախցիների վերադարձի իրավունքի, ինստիտուտների գործունեության և իրենց՝ վերադարձի իրավունքի լեգիտիմ ներկայացուցիչ լինելու մասին, առաջանում է տրամաբանական հարց․ ինչո՞ւ շուրջ մեկ տարի է, ինչ ինստիտուցիոնալ համակարգը մնում է կիսատ և չամբողջացված։
Գործող սահմանադրական կարգավորումների համաձայն՝ նախագահի ընտրությունն իրականացվում է պատգամավորների կողմից։ Սակայն շուրջ մեկ տարի է անցել, և նույն քաղաքական շրջանակներից որևէ մեկը չի գնացել անձնական պատասխանատվություն ստանձնելու և առաջադրվելու ճանապարհով։ Մինչդեռ ակնհայտ է, որ վերոնշյալ հարցերի զգալի մասը հնարավոր է լուծել իրավական հարթությունում և գործող ինստիտուտների միջոցով։ Առանց հստակ պատասխանատվության և գործնական քայլերի քաղաքական հայտարարությունները հաճախ մնում են ձևական և բովանդակազուրկ։
Խնդիրը միայն քաղաքական գնահատականների մեջ չէ, այլ կազմակերպված, իրավական և ինստիտուցիոնալ աշխատանքի բացակայության։
Ասվածի էությունն այն է, որ եթե ինստիտուտները գործեն համակարգված, կազմակերպված և պատասխանատվությամբ, ապա նույնիսկ այս ծանր պայմաններում հնարավոր կլինի լուծել առնվազն մի շարք հրատապ խնդիրներ։ Գործնական քայլերը միշտ էլ ավելի մեծ հանրային աջակցություն են ստանում, քան միայն քաղաքական հայտարարությունները։
Ակնկալում եմ, որ առաջիկայում ԱՀ քաղաքական ուժերի կողմից կտրվեն հրապարակային և անկեղծ պատասխաններ՝ վերոգրյալ խնդիրների վերաբերյալ։

Եվրախորհրդարանի մոտ հայոց այբուբենի հուշարձանը և Ամարասում Մաշտոցի դպրոցի “արգելքը”

Երեկ Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի ներկայությամբ բացվել է Հայոց այբուբենի հուշարձանը։

«Արմատագիր – երկխոսության ուժը» խորագրով արձանը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության կողմից ի նշան երախտագիտության՝ Եվրոպական խորհրդարանի շարունակական և անվերապահ աջակցության համար, ասված է Կառավարության լրատվականի հաղորդագրությունում:

Քանդակը բաղկացած է Հայոց այբուբենի տառերից:

«Այս գեղեցիկ գործով՝ Հայոց այբուբենի այս պատկերմամբ, հայերենն իր տեղն է ամրապնդում այն հարուստ և բազմազան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա», – մասնավորապես ասել է Ռոբերտա Մեցոլան և մեջբերել հայ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին. – «Ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, քո մայր լեզուն չմոռանաս»:

Նշելով, որ այոց այբուբենի գյուտը հայկական ինքնության կարևորագույն հիմնասյուներից է, Նիկոլ Փաշինյանն ասել է. – «Եվ շատ խորհրդանշական է այն փաստը, որ այս քանդակը կընդգծի կարևոր կապը հայկական ինքնության և եվրոպական ինքնության միջև»։

Հիշեցնենք, որ հայոց այբուբենի գյուտից հետո Մեսրոպ Մաշտոցը բացեց առաջին վանական դպրոցը արցախյան Ամարասում, որը կառուցվել էր 4-րդ դարում առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի օրոք։

Ստրասբուրգից Երևան վերադառնալուն պես Փաշինյանը կոշտ հայտարարություններ արեց Արցախի մասին՝ խոստովանելով, որ աշխատանքից ազատել է Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրենին՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսին Արցախի պատմության մասին գիրք նվիրելու համար։

Փաստորեն, նա արգելեց «Արցախ» բառը բարձրաձայն արտասանելը, և ոչ միայն։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի պետկադաստրը առաջարկել է Գիտությունների ակադեմիային մշակել Հայաստանի նոր քարտեզներ, որոնք կներառեն նաև բնակավայրերի ոչ հայկական անվանումները։

Նման վերաբերմունքը գիտական հանրությանը հանգեցնում է նրան, որ Բաքվի և Անկարայի կողմից առատաձեռնորեն վճարվող օգտատերերը անխնա «ուղղում» են տվյալների բազաները և պատմությունը ինտերնետում, մինչդեռ հայ գիտնականներին նույնիսկ արգելվում է առարկել։ Ահա թե ինչ տեսք ունի Վիքիպեդիայի Ամարասի մասին հոդվածը “խմբագրելուց” հետո։ Դրանից հետո ինչո՞ւ է պետք հայոց այբուբենի հուշարձան։