Արցախյան Վաղուհասում ոչնչացվել է փռշնի ծառի տակ գտնվող 12-րդ դարի խաչքարը

2026 թ․ մարտի 11-ին TikTok սոցիալական ցանցում գրանցված xanabat muhavizə օգտատերը հերթական տեսանյութն է հրապարակել Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ գյուղից։ Այս մասին գրել է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը:

«Տեսանյութից ակնհայտ երևում է, որ «շինարարական աշխատանքների» պատրվակով ոչնչացվել է գյուղում՝ փռշնի ծառի տակ գտնվող 12-րդ դարի խաչքարը։

Այս փաստը հերթական վկայությունն է այն համակարգված քաղաքականության, որով Ադրբեջանը հետևողականորեն վերացնում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը։ Առավել մտահոգիչ է, որ հենց նույն ժամանակաշրջանի Արցախի հուշարձանները ադրբեջանական պետական քարոզչամեքենան մի կողմից փորձում է ներկայացնել որպես «աղվանական» ժառանգություն, իսկ մյուս կողմից՝ նույն այդ հուշարձանները ենթարկվում են միտումնավոր ոչնչացման։ Այս հակասական, բայց հստակ նպատակ ունեցող քաղաքականությունը ցույց է տալիս, որ պատմական ժառանգության «վերագրումը» և ֆիզիկական ոչնչացումը իրականացվում են զուգահեռաբար՝ պետական մակարդակով համակարգված ձևով։

Հատկանշական է նաև, որ այդ գործընթացում ներգրավված են ոչ միայն քարոզչական կառույցները, այլև Ադրբեջանի զինված ուժերը և այլ ուժային ստորաբաժանումներ, ինչը մշակութային ժառանգության ոչնչացումը դարձնում է պետական քաղաքականության մաս։ Նման դեպքեր արձանագրվել են տասնյակներով՝ թե՛ Արցախում, թե՛ Նախիջևանում, որտեղ հայկական հուշարձանների համակարգային վերացումն իրականացվել է դեռևս նախորդ տասնամյակներում։

2026 թ․ փետրվարի 2-ին «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը ահազանգել էր, որ ադրբեջանական վանդալիզմի թիրախում է հայտնվել Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ադրբեջանցիները կոտրել են եկեղեցու բակում տեղադրված խաչքարերից առնվազն մեկը և պոկել եկեղեցու սրբապատկերները։

Կարևոր է ընդգծել, որ Արցախի տարածքում գտնվող մշակութային արժեքները ոչ միայն հայկական, այլև համամարդկային նշանակություն ունեցող ժառանգություն են։ Դրանց ոչնչացումը ուղղված է ոչ միայն պատմության կեղծմանը, այլև ամբողջական մշակութային հիշողության վերացմանը։

Միևնույն ժամանակ ակնհայտ է դառնում, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման թուրք-ադրբեջանական տանդեմի գործելաոճը սահմանափակված չէ միայն Արցախով կամ Նախիջևանով։ Նմանատիպ մեթոդաբանություն կիրառվում է նաև Մերձավոր Արևելքի տարբեր տարածաշրջաններում, որտեղ պատմական և կրոնական հուշարձանների նկատմամբ իրականացվող քաղաքականությունը հիշեցնում է նույն ձեռագիրը։ Սա վկայում է, որ Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս ոչ միայն որպես մշակութային ցեղասպանություն իրականացնող պետություններ, այլև այդ քաղաքականության մեթոդաբանության արտահանողներ։

Այս համատեքստում կարևոր է ընդգծել, որ նման գործողությունները չեն կարող դիտարկվել միայն որպես առանձին պետությունների ներքին մշակութային քաղաքականություն։ Դրանք առնչվում են համամարդկային մշակութային ժառանգության պաշտպանությանն առնչվող միջազգային իրավական նորմերին և պարտավորություններին, որոնք պարտադիր են բոլոր պետությունների համար։ Հետևաբար, պատմամշակութային արժեքների, մասնավորապես՝ հայկական խաչքարերի նկատմամբ իրականացվող թիրախային ոչնչացումը դուրս է գալիս տարածաշրջանային հակամարտությունների շրջանակից և մտնում է միջազգային իրավունքի ու համաշխարհային մշակութային ժառանգության պաշտպանության ոլորտ։

Խաչքարերի թիրախավորումն արգելված է միջազգային օրենքներով և համարվում է ծանր հանցագործություն ուղղված ողջ մարդկությանը, քանզի «Հայկական խաչքարերի արվեստը. խաչքարերի սիմվոլիզմն ու վարպետությունը» 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2003 թ. ընդունված «Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում» և համարվում է համամարդկային արժեք։ Սա նշանակում է, որ խաչքարային արվեստն ունի համամարդկային բացառիկ համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պահպանություն։

Խաչքարային մշակույթը լրացուցիչ պաշտպանություն ունի նաև պատերազմի ժամանակ և դրանից հետո։ Ի մասնավորի, համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության սկզբունքների, խաչքարային ողջ մշակույթն ունի ուժեղացված պաշտպանություն, և դրան հասցված ցանկացած վնաս, համաձայն արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Ասվածը փաստվում է նշված արձանագրության՝ մշակութային արժեքների ուժեղացված պաշտպանության վերաբերյալ 10-րդ հոդվածով, համաձայն որի՝ մարդկության համար մեծագույն նշանակություն ունեցող մշակութային ժառանգությունը պետք է առնվի ուժեղացված պաշտպանության տակ, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, փաստորեն, 2010 թվականից խաչքարային ողջ մշակույթը համարել է հենց այդպիսին։ Համաձայն արձանագրության 12-րդ հոդվածի՝ օկուպացված տարածքներում արձանագրության կողմ պետությունը, դիցուք՝ Ադրբեջանը, պետք է ապահովի ուժեղացված պաշտպանության տակ գտնվող մշակութային արժեքների անձեռնմխելիությունը՝ ձեռնպահ մնալով այդպիսի արժեքները հարձակման կամ հաշվեհարդարի օբյեկտ դարձնելուց:

Նման բազմաթիվ փաստեր ցույց են տալիս, որ ադրբեջանական իշխանությունների գործողությունները կարելի է դիտարկել որպես 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկի դրսևորում, որի նպատակն է վերացնել տարածաշրջանի հայկական ներկայության պատմական և նյութական վկայությունները»,-գրել է նա:

ԱՄՆ-ն և Իսրայելը որոշե՞լ են վերջնական նպատակները։ Խարգ կղզի և Լիբանան

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին առաջին անգամ դիմեց ազգին։

Խամենեիի ազգին ուղղված առաջին ուղերձը հինգշաբթի կեսօրին կարդաց Իրանի պետական ​​հեռուստատեսության լրատվական հաղորդավարը։ Այսպիսով, մարտի 8-ից, երբ երկրի նոր գերագույն առաջնորդ ընտրվեց, հանրությունը նրան դեռևս չի տեսել կամ լսել։

Ռոյթերսը, հղում անելով անանուն իրանցի պաշտոնյաներին, հաղորդել է, որ Խամենեին թեթև վնասվածքներ է ստացել՝ հնարավոր է՝ իր հոր՝ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան պատճառ դարձած հարվածի հետևանքով։ Սակայն այլ աղբյուրներ նշում են, որ նա կոմայի մեջ է։

Իր հայտարարության մեջ Մոջթաբա Խամենեին խոստացել է, որ բոլոր մահերի համար վրեժ կլուծվի։

Նա նաև հայտարարել է, որ Իրանը կշարունակի փակել Հորմուզի նեղուցը, որի միջով անցնում էր պատերազմից առաջ աշխարհի նավթի և գազի մատակարարումների զգալի մասը։ «Ժողովուրդը պահանջում է, որ մենք շարունակենք մեր արդյունավետ պաշտպանությունը և ստիպենք թշնամուն զղջալ իր գործողությունների համար։ Հորմուզի նեղուցը փակելու գործիքը պետք է շարունակվի օգտագործվել», – ասել է Խամենեին հայտարարության մեջ։

Մոջթաբա Խամենեին նաև ասել է, որ Իրանը «բարեկամության» քաղաքականություն է վարում հարևան երկրների հետ, սակայն խորհուրդ է տալիս նրանց փակել ամերիկյան բազաները, որոնք Իրանը շարունակելու է համարել իր հարձակումների թիրախներ։

Ռոյթերսը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իրանի ղեկավարությունը մեծ մասամբ անփոփոխ է մնում և մոտ ապագայում փլուզման վտանգի տակ չէ։

Մինչ Դոնալդ Թրամփը խոստացել է շուտով ավարտել պատերազմը, փորձագետները կարծում են, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հետապնդում են երկու հիմնական նպատակ. ԱՄՆ-ն ցանկանում է գրավել Խարգ կղզին և վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի նկատմամբ։ Մինչդեռ Իսրայելը փորձում է անեքսիայի ենթարկել Լիբանանի մի մասը։

«Պարսից ծոցը կլցվի զավթիչների արյունով», եթե իրանական կղզիներից որևէ մեկը հարձակման ենթարկվի։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր-Ղալիբաֆը ամերիկյան X ընկերության սոցիալական ցանցերում՝ մեկնաբանելով Պարսից ծոցում գտնվող Խարգ կղզու վրա հարձակվելու ԱՄՆ հնարավոր ծրագրերի մասին հաղորդագրությունները։ Կղզին համարվում է երկրի նավթի արտահանման գլխավոր տերմինալը։

Ինչ վերաբերում է Լիբանանին, ապա այս երկիրը, որի տարածքը կազմում է մի փոքր ավելի քան 10 հազար քառակուսի կիլոմետր, իսկ բնակչությունը՝ 5 միլիոն, արդեն ունի գրեթե մեկ միլիոն ներքին տեղահանված անձ և փլուզման եզրին է։

ԵՄ-ի «լոյալությունը» Արցախում ռազմական «լուծման» նկատմամբ նոր ուժային լուծումներ է առաջացրել

Մարտի 12-ի նիստում Հայաստանի կառավարությունը հաստատեց ՀՀ-ի և Եվրոպական հանձնաժողովի միջև «Բազմաճյուղ բյուջետային աջակցության համաձայնագրի» ֆինանսավորման համաձայնագիրը։ Այն նախատեսում է ՀՀ-ին 90 միլիոն եվրո բյուջետային աջակցության և 53 միլիոն եվրո տեխնիկական օգնության տրամադրում։

Երեկ Եվրախորհրդարանում ելույթ ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը խուսափեց ԵՄ-ին Հայաստանի մոտալուտ անդամակցության մասին խոսելուց։ Նա նշեց, որ ոչ մի երկիր չի կարող դառնալ ԵՄ անդամ՝ առանց ԵՄ չափանիշներին համապատասխանելու։ «Հետևաբար, մեր խնդիրն է շարունակել բարեփոխումների ուղին՝ մեր եվրոպացի գործընկերների աջակցությամբ, և նախ օբյեկտիվորեն բավարարել ԵՄ անդամակցության չափանիշները», – ասաց նա։

Դիվանագիտականից թարգմանելով սա նշանակում է. Եվրոպա, տուր մեզ գումար բարեփոխումների համար, իսկ հետո մենք կորոշենք՝ կմիանա՞ Հայաստանը ԵՄ-ին։ Կարևորը գումարն է՝ պայքարելու հիբրիդային սպառնալիքների դեմ, ապահովելու իշխանության վերարտադրությունը և ամենակարևորը՝  կանխելու ռևանշիզմը։ Փաշինյանը մանրամասն բացատրեց, որ եթե ինքը չմնա իշխանության գլուխ, կգան նրանք, ովքեր կվերակենդանացնեն «ղարաբաղյան շարժումը» և ԿԳԲ-ի հրամանով կխաթարեն «խաղաղությունը»։ Իսկ  դրանց դեմ պայքարելու համար անհրաժեշտ են մեծ գումարներ։

Ստրասբուրգից վերադառնալուց անմիջապես հետո Փաշինյանը կառավարության նիստում հաստատեց ԵՄ աջակցությունը, որը հիմնականում կուղղվի բյուջե։ Նույն օրը նա ևս 4,6 միլիարդ դրամ հատկացրեց բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների համար։

ԵՄ-ի կողմից Հայաստանում իշխող կուսակցությանը և նրա տարածաշրջանային քաղաքականությանը ցուցաբերվող բացահայտ աջակցությունը խիստ բացասաբար է անդրադառնում ԵՄ-ի հեղինակության վրա, որը Հայաստանում միշտ ընկալվել է որպես միջազգային իրավունքի և ժողովրդավարական սկզբունքների պահապան: Հայաստանում միշտ գիտեին, որ աջակցություն կգտնեն Բրյուսելում և Ստրասբուրգում, եթե հանդիպեն իրավունքների և միջազգային կանոնների խախտումների։

Այնուամենայնիվ, 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում, Շառլ Միշելի և Էմանուել Մակրոնի աջակցությամբ, Փաշինյանն ու Ալիևը ստորագրեցին փաստաթուղթ, որը «հաստատում էր» Հայաստանի սահմանները խորհրդային վարչական սահմաններին և Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան: Սակայն նույնիսկ Մակրոնը զարմացավ Փաշինյանի կրծքին խփած նշանից, որը պատկերում է Հայաստանի «խորհրդային» սահմանները: Չէ՞ որ պետությունների ղեկավարները սովորաբար հպարտանում են նվաճումներով և սահմանների ընդլայնմամբ, այլ ոչ թե դրանց կրճատմամբ։

Չնայած այն հանգամանքին, որ 2020-2024 թվականներին Եվրախորհրդարանը մի քանի բանաձևեր ընդունեց, որոնք դատապարտում էին Արցախում էթնիկ զտումները, իսկ Ֆրանսիայի խորհրդարանը նույնիսկ կոչ արեց ճանաչել Արցախը և վերադառնալ 1994 թվականի սահմաններին, Եվրոպական հանձնաժողովը և պետությունների ղեկավարները չեն դատապարտել Արցախում ուժային «կարգավորումը» կամ հայկական տարածք ներխուժումը։

Արցախում ուժի կիրառման նկատմամբ ԵՄ-ի «լոյալ» մոտեցումը «ծննդաբերեց» Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը, այնուհետ՝ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումը Իրանի վրա: Եվ հիմա եվրոպական ղեկավարության ներսում ներքին պայքար է ընթանում. արդյո՞ք Եվրոպան կմնա միջազգային կարգի պահապանը, թե՞ կհրաժարվի դրանից։

Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը քննադատության է ենթարկվել Եվրախորհրդարանում իր դաշնակիցների կողմից՝ կանոնների վրա հիմնված միջազգային կարգից հրաժարվելու մեղադրանքով: Հակասությունները ծագել են ֆոն դեր Լեյենի այն հայտարարությունից, որ «Եվրոպան այլևս չի կարող լինել հին աշխարհակարգի պահապանը» Մերձավոր Արևելքում հակամարտության համատեքստում: Առաջին օրերին Եվրահանձնաժողովի ղեկավարը աջակցություն է հայտնել Թեհրանում ռեժիմի փոփոխությանը և առնվազն մեկ տասնյակ հեռախոսազրույցներ է ունեցել ԵՄ-ի և Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ։

Ֆոն դեր Լեյենը, մարտի 9-ին ԵՄ դեսպանների համաժողովում ելույթ ունենալով, հայտարարել է, որ «իրանյան ռեժիմի համար արցունքներ չպետք է թափվեն», և որ իրանցի ժողովուրդը արժանի է իր ապագան որոշելու իրավունքին, նույնիսկ եթե դա նշանակում է վտանգ և անկայունություն”։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան, իր հերթին, ասել է. «Մենք հասկանում ենք նոր իրականությունը, որտեղ Ռուսաստանը խաթարում է խաղաղությունը, Չինաստանը՝ առևտուրը, իսկ Միացյալ Նահանգները մարտահրավեր է նետում կանոնների վրա հիմնված միջազգային կարգին»։

Կոստան ընդգծեց, որ ԵՄ-ն ձգտում է, որ իրանցիները ձեռք բերեն իրավունքներ և ազատություններ, «սակայն ազատությունն ու մարդու իրավունքները չեն ձեռք բերվում ռումբերով: Միայն միջազգային իրավունքն է դրանք պաշտպանում»:

Դրանից հետո Կոստան մեկնել է Բաքու, որտեղ հայտարարել է, որ «Բաքու-Նախիջևան երկաթուղու կառուցումը կլինի կարևոր քայլ, որը կարող է ամրապնդել Եվրոպայի և Ասիայի միջև առևտրային կայունությունը»: Նա Բաքվին չի մեղադրել միջազգային կանոնները խախտելու մեջ:

Մինչդեռ, ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը հայտարարել է, որ Իսրայելը պետք է դադարեցնի իր գործողությունները Լիբանանում: «Իսրայելի արձագանքը «Հեզբոլլահի» գործողություններին չափազանց կոշտ է եղել: Նրանց գործողությունները զանգվածային տեղահանության պատճառ են դառնում և ավելի են անկայունացնում փխրուն իրավիճակը», – հավելել է նա:

Արցախը հիշատակելը կառավարության դեմ է

«Այո, իմ ցուցումով է եղել, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Երբ երկրի վարչապետն ասում է՝ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարցի թեմայով գիրք նվիրելը ի՞նչ է նշանակում։ Ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն եւ սադրիչ գործողություն»,- այսօր լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ղեկավարի պաշտոնից Էդտիա Գզոյանի հրաժարականին։

Փաշինյանը նշեց, որ Հայաստանում արտաքին քաղաքականություն վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ «Եվ Հայաստանի այն պետական պաշտոնյան, ով կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից, ըտեղ ի՞նչ թեմա կա։ Այսինքն՝ մենք պետություն ենք, թե՞ ինքնագործ խմբակ։ Եթե մենք նվեր ունեինք, կարո՞ղ է վախենում էինք նվիրել, պետք է այլ մարդու միջոցով փոխանցեինք»,- հավելեց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Էդիտա Գզոյանն ուղեկցել էր Ցեղասպանության հուշահամալիր այցելած ԱՄՆ փոխնախագահ Վենսին եւ նրան Արցախի մասին գիրք էր նվիրել։

Փաշինյան․ ասել եմ՝ “Արցախը Հայաստան է”, որ զորքերը չհանեն՝ բերեն իշխանափոխություն անեն

«Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, որովհետեւ Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ ու ուզենալ անկախ պետություն կառուցել»,- այսօր լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա անդրադարձավ նաեւ եկեղեցու դեմ պայքարին․ «Ինչո՞ւ եմ ասում, որ եկեղեցին ստանձել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը, որովհետեւ ես գնում եմ պատարագների, այն օրը գնացել եմ պատարագի, արարողակարգում նման բան չկա, բայց տեսնում եմ, որ պատարագի տեքստից շեղվում են եւ հղում են անում Արցախի Հանրապետություն եւ այլն։ Շատ լավ, եկեք բոլորս հղում անենք Արցախի Հանրապետությանը, դա ի՞նչ է նշանակում՝ դա նշանակում է կոնֆլիկտ։

Ամեն այդպիսի նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ, գիտեմ, որ հեսա կասեք՝ բա ինչո՞ւ եք դուք ասել՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։ Այն ժամանակ, երբ պայքարելու ժամանակն էր, բոլորը կենտրոնացած էին նրա վրա, թե ոնց Երեւանում կառավարությունը փոխեն։ Ուզում էին զորքը հետ քաշեին եւ հեղաշրջում անեին։ Ավարտվել է այդ պատմությունը, ես ասել եմ՝ Ղարաբաղյան շարժում չկա։ Եվ ամեն անգամ, երբ խորանից հղում են անում Արցախի Հանրապետությանը, դա պատերազմի ճանապարհին ոտք դնել է նշանակում»,- հայտարարեց Փաշինյանը։

Ինչու է ձգձգվում արցախցիներին նոր անձնագրերի տրամադրումը․ կան վարկածներ

Վերջին ժամանակաշրջանում բավականին ակտիվացել է արցախցիների ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու ցանկությունը։ Օնլայն հարթակների մեկնաբանություններից և առանձին մարդկանց կարծիքները լսելով՝ հասկանալի է դառնում, որ այն պայմանավորված է բնակապահովման ծրագրից օր առաջ օգտվելու հնարավորության հետ։ Քանի որ այլևս հնարավոր չէ և՛ բնակարանի վարձավճար վճարել, և՛ հոգալ կենցաղային մնացած հարցերը։ Առանձնապես մեծ խնդրի առաջ են կանգնել այն մարդիկ, ովքեր ոչ մի սոցիալական աջակցությունից չեն օգտվում։

Սակայն քաղաքացիություն ստանալն էլ այնքան հեշտ չէ։ Արցախցիներից շատերը դժգոհ են, որ այդ գործընթացը ձգձգվում է ամիսներով, ստեղծելով արհեստական դժվարություններ։

Ստեփանակերտ քաղաքից տեղահանված Անահիտն արդեն մեկ ամիս է, ինչ օնլայն հայտ է լրացրել քաղաքացիություն ստանալու համար։

-Քանի որ 2026 թվականի հունվարից այլևս թղթային դիմումներ չեն ընդունում, ես օնլայն եմ հայտ ներկայացրել, որին ի պատասխան հաղորդագրություն ստացել հայտը վարույթ ընդունելու մասին։ Անցել է ավելի քան 25 աշխատանքային օր, սակայն այցելության օր նշանակելու համար նոր հաղորդագրություն չեմ ստացել։ Երեք անգամ զանգահարել եմ թեժ գիծ, որպեսզի իմանամ, թե գործընթացն ինչ ընթացքում է, ինչումն է խնդիրը։ Վերցրել են տվայլներս, ասելով, որ կփոխանցեն համապատասախան բաժին, սակայն մինչև այսօր պատասախան չկա։

Քաղաքացիություն ընդունելու իմ շտապողականությունը կոնկրետ կապված է բնակապահովման ծրագրից օգտվելու հետ։ Այլևս հնարավոր չէ ողջ աշխատավարձս ուղղել տան վարձավճարին ու մնալ դատարկաձեռն։ Ունեմ երկու երեխա։ Նրանց տրամադրվող աջակցության գումարով ենք գոյատևում։ Ինձ նման շատ մարդիկ կան, ովքեր սպասում են քաղաքացիություն ընդունելուն։ Լսել եմ, որ փաստաթղթերը վերջնական հանձնելուց հետո ամիսներ անց միայն կարող է քաղաքացիություն շնորհվել։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Արցախցիները սոցցանցերում ահազանգում են, որ չնայած այն խոստումներին, թե արցախցիներին նոր անձնագրեր կտրամադրվի 2 ամսվա ընթացքում, մարդիկ 5-6 ամսով սպասում են։

Simonyan Dawid-ը գրւմ է, որ Արցախից փախստականներին արհեստականորեն մերժում են Հայաստանի քաղաքացիություն տրամադրելը։ “Ես և իմ ընտանիքը դիմում ենք պետական ​​մարմիններին ամեն անգամ, երբ փորձում ենք քաղաքացիություն ստանալ, և ամեն անգամ մերժում են՝ ասում են՝ գնանք դժոխք։

Եթե որևէ մեկը չի հավատում ինձ, կարող եք այցելել նույն պետական ​​մարմիններ՝ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերով։

Կան երկու պատճառ. որպես քաղաքացի չհանդիսացողներ՝ մենք չենք կարողանա քվեարկել ապագա ընտրություններում, և երկրորդ՝ փախստականների բնակարանների համար ֆինանսական օգնությունը մեզ չի տրամադրվում, այլ շրջանառվում է բանկերում՝ միլիարդավոր դոլարներ վաստակելով տոկոսների տեսքով”։

“Քաղաքացիության” կամ նոր ՀՀ անձնագրեր ստանալու հարցը կառավարությունը հեշտությամբ կարող էր լուծել ավտոմատ կերպով, ինչպես մարդկանց կամքից անկախ բորոր արցախցիներին ավտոմատ կերպով տրամադրել է “ժամանակավոր պաշտպանություն”։ Այդ կարգավիճակը զրկել է արցախցիներին փախստականի միջազգային կարգավիճակ ստանալում, միաժամանակ “զրոյացրել է” նրանց ՀՀ քաղաքացիությունը, որն արցախցիներին տրամադրվել է ավտոմատ կերպով 30 տարի առաջ։  

 

Մոլդովական սցենար հայկական տարբերակով. Փաշինյանը հայտարարեց «դատավճիռը»

Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ Եվրախորհրդարանում և հայտարարեց, որ «որոշ հոգեւորականներ, ովքեր ցինիկ կերպով խախտել են հոգեւոր բարեվարքության բոլոր կանոնները, այդպիսով՝ իրենք իրենց խոցելի դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների համար (ի դեպ՝ նրանցից ոմանց ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ լինելու փաստը ապացուցվում է փաստաթղթերով), ահա այդ հոգեւորականները Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը՝ իրենց շուրջ հավաքելով Հայաստանի նախկին ղեկավարներին, նրանց հետ կապված որոշ ուժերի, որոշ ռուսաստանաբնակ եւ բելոռուսամետ օլիգարխների, եւ փորձում են Հայաստանի անկախությունը զոհաբերել երրորդ երկրների շահերին։ Մենք նոր հակամարտություն, նոր պատերազմ թույլ չենք տալու»։

Փաշինյանի Ստրասբուրգում ելույթի պահին Հայաստանի քննչական կոմիտեն քրեական գործ հարուցեց՝ հիմնվելով Արտաքին հետախուզության ծառայության զեկույցի վրա՝ ընտրական գործընթացին հնարավոր արտաքին միջամտության վերաբերյալ։

Մարտի 10-ին Արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարեց, որ տեղեկություններ ունի օտարերկրյա պետությունում հայ ձեռնարկատերերի և ՀՀ քաղաքացիների վրա ճնշում գործադրելու փորձերի մասին։ Ծառայության տվյալներով՝ մի քանի անձինք, ներկայանալով որպես հետախուզության աշխատակիցներ, փորձում են համոզել նրանց աջակցել Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող որոշակի քաղաքական ուժերին։

Քննչական կոմիտեի տվյալներով՝ ճնշում են գործադրում խոշոր գործարարները, երկրի հայ համայնքի առաջնորդները և քրեական հեղինակությունները։ Դրա դիմաց նրանք խոստանում են կազմակերպել ընտրողների ժամանումը Հայաստան և ապահովել նրանց կացարանով ընտրությունների շրջանում։

Դանիել Իոննիսյանը գործի էությունն ավելի պարզ բացատրեց. «Փորձ է արվում մոտ 80,000 ընտրող բերել 100,000 ռուբլի ընտրակաշառքի դիմաց»։ Իոննիսյանը նշեց, որ բողոք է ներկայացրել Ռուսաստանի ԱԴԾ-ի դեմ։

Այսպիսով, դեռևս քննության ավարտից առաջ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր դատավճիռը, հայտարարելով, որ քահանաները՝ ԵՄ-ում հայ լոբբիստները, որոնք դարձել են «պատերազմի կուսակցություն», ցանկանում են «վերագործարկել ղարաբաղյան շարժումը» և ոչնչացնել այն ամենը, ինչին Փաշինյանը հասել է անհավանական ջանքերի շնորհիվ։ Նա հայտարարեց, որ «թույլ չի տա» այդ ուժերի հաղթանակը՝ առանց նշելու, թե ինչ մեթոդներ կօգտագործի թույլ չտալու համար։

Հայաստանում վաղուց խոսվում է «մոլդովական սցենարի» իրականացման մասին, ըստ որի կարող է մերժվի որոշ ուժերի գրանցումը։ Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը հայտարարեց, որ իրենք որևէ մեկի գրանցումը նախապես մերժելու ծրագրեր չունեն։ Սակայն «մոլդովական սցենարի հայկական ոճը» կարող է ավելի օրիգինալ լինել. հնարավոր է կչեղարկվի ոչ թե գրանցումը, այլ հենց ընտրությունները, քանի որ, անկախ արդյունքից, դրանք կարող են ճակատագրական լինել Նիկոլ Փաշինյանի համար։ Եթե նա հաղթի, Փաշինյանը ստիպված կլինի լուծարել Հայաստանի Հանրապետությունը՝ մնալով նրա փլատակների տակ։ Իսկ եթե պարտվի, նրան սպառնում է լուրջ քրեական հետապնդում։

Հայկական շատ կուսակցություններ դեռևս տատանվում են և չեն հայտարարել ընտրություններին իրենց մասնակցության կամ դրանց հավանական ձևաչափի մասին: Սա վերաբերում է և՛ Սերժ Սարգսյանի Հանրապետական ​​կուսակցությանը, և՛ Դաշնակցությանը: Հնարավոր է՝ նրանք տեղյակ են մոլդովական սցենարի հայկական տարբերակից և չեն ցանկանում էներգիա վատնել ընտրությունների վրա, որոնք կամ չեն կայանա, կամ նոր Սահմանադրության ընդունումից հետո խորհրդարանը կլուծարվի։

Միայն Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժերն են վճռականորեն հայտարարել ընտրություններին իրենց մասնակցության մասին: Չնայած նրանցից ոչ մեկը երբեք չի խոսել դեօկուպացիայի կամ ռևանշիզմի մասին, Փաշինյանն արդեն նրանց անվանել է «պատերազմի կուսակցություն»։

Փաշինյանի երեկվա հայտարարությունները նման են ընտրությունների հնարավոր չեղարկման և արտակարգ դրություն հայտարարելու հոգեբանական նախապատրաստության՝ «պատերազմի կուսակցության» և ռևանշիզմի դեմ պայքարի պատրվակով:

Սուրենյանը նոր ցիկլոն ավետեց

Միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Ցիկլոնի ներթափանցումը կսկսվի մարտի 13-ի լույս 14-ի գիշերը և այն Հայաստանում կգործի մինչև մարտի 16-ը ներառյալ:

Այսպիսով մարտի 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան մարտի 15-ից 16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, իսկ հովտային գոտիներում թաց ձյան և անձրևի տեսքով։

Մարտի 17-ից տեղումները ժամանակավորապես երկու օրով կդադարեն։

Օդի ջերմաստիճանը առաջիկա հինգ օրերին, ցերեկային ժամերին էապես չի փոխվի, բայց գիշերային ժամերին ունենք օդի ջերմաստիճանի բարձրացում։

Այսպիսով, մարտի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում այսօրվա համեմատ օդի ջերմաստիճանը Հանրապետության ողջ տարածքում գիշերային ժամերին կբարձրանա 7- 10 աստիճանով, և արդեն մարտի 15-ից սկսած հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում գիշերը օդի ջերմաստիճանը կլինի զրոյից բարձր, տատանվելով +2-ց +4 աստիճան տաքության սահմաններում»,- նշել է նա։

ՄԱԿ-ը կոչ արեց դադարեցնել հարվածները, բայց միայն Իրանին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պահանջեց անհապաղ դադարեցնել Իրանի հարձակումները Պարսից ծոցի հարևան պետությունների վրա: Համապատասխան բանաձևն ընդունվեց չորեքշաբթի՝ մարտի 11-ին, միջազգային իրավունքի և անվտանգության պահպանման համար պատասխանատու ՄԱԿ-ի գլխավոր մարմնի 15 անդամ երկրներից 13-ի քվեարկությամբ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական ​​անդամներ՝ Ռուսաստանը և Չինաստանը, ձեռնպահ մնացին բանաձևի քվեարկությունից: Ռուսաստանը նույնպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ներկայացրեց իր սեփական բանաձևը Մերձավոր Արևելքի հակամարտության վերաբերյալ, սակայն այն վետոի տակ հայտնվեց Միացյալ Նահանգների կողմից։

Պարսից ծոցի երկրների բանաձևի նախագիծը ստացավ պատմության մեջ ամենամեծ թվով համահեղինակներ՝ 135 երկիր։

Բահրեյնը հայտարարեց․ քվեարկությունը ցույց է տալիս, որ սա պարզապես տարածաշրջանային խնդիր չէ, այլ Պարսից ծոցի կենսական նշանակության ճանաչում համաշխարհային կայունության և էներգետիկ անվտանգության համար։

ԱՄՆ-ն հայտարարեց, որ Իրանի կողմից քաոս սերմանելու և հարևաններին պատանդ պահելու ռազմավարությունը ակնհայտորեն հակառակ արդյունք է տվել։

Տեքստում չի հիշատակվում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա իրականացված ավիահարվածները, որոնք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նույնպես համարել է ՄԱԿ-ի կանոնադրության խախտում։

Ռուսաստանը նաև կասկածի տակ է դրել Պարսից ծոցի երկրների պնդումը, որ իրենց տարածքները չեն օգտագործվել Իրանի վրա հարձակումներ իրականացնելու համար։

Մոսկվայի առաջարկը, որը կոչ էր անում բոլոր կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները, բավարար ձայներ չի հավաքել։

Իրանը մեղադրեց Պարսից ծոցի երկրների առաջարկը աջակցողներին՝ պնդելով, որ դա թույլ է տալիս քաղաքական նկատառումներին գերակշռեն ՄԱԿ-ի կանոնադրությանը, սա անվանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հեղինակության վրա արատ։

Սկսվեց. Հորմուզի նեղուցում երեք առևտրային նավեր են վնասվել

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ մղվող պատերազմի ֆոնին չորեքշաբթի օրը Հորմուզի նեղուցում հարված են հասցրել երեք առևտրային նավերի, որոնցից մեկը հրդեհվել է։ Միևնույն ժամանակ, Միջազգային էներգետիկ գործակալությունը (ՄԷԳ), Պարսից ծոցի նավթի արտահանման անկումը փոխհատուցելու համար, որոշել է կառավարության պահուստներից շուկա դուրս բերել 400 միլիոն բարել նավթ։ BBC-ի տվյալներով՝ նավթի գները գրեթե անփոփոխ են մնացել այս իրադարձություններից։

Չնայած տեղեկություններ չկան այն մասին, թե ով է հարվածել նավերին, կարելի է վստահաբար ասել, որ Իրանի սպառնալիքները՝ կանխելու նույնիսկ մեկ լիտր նավթի անցումը նեղուցով, սկսում են իրականանալ։ Դեռ երկու կոնտեյներատար և մեկ բեռնատար նավ են հարվածվել, նավթատար նավերին չեն վնասել։ Սա, հավանաբար, պայմանավորված է էկոլոգիական աղետի սպառնալիքով։

Ինչ է կատարվում հայ-իրանական սահմանին․ Ագարակ

Հայ-իրանական սահմանին Ագարակի անցակետում թվում է, թե արտառոց ոչինչ չի կատարվում, թեկուզ հայ սահմանապահն ասում է, որ “չի կարող ասել, անցակետը բաց է, թե փակ”:

Այս պահին հազվագյուտ իրանցիներ են գաիս Հայաստան, ովքեր հիմնականում բաց չեն խոսելու համար: Ինչեւէ, իրանցի մի կին ասում է, որ հիմնականում մարդիկ փողի համար չեն կարողանում երկիրից դուրս գալ: “Ոչ դեղ ենք կարողանում գնել, ոչ սնունդ: Առաջին օրն, իհարկե, սարսափելի էր, բայց այնպես չէ, որ հիմա լավ է: Ավելին, պատերազմը տարածվել է Թեհրանի շուրջ: Մարդիկ նկուղներում ու տանն են գերադասում մնալ, քանի որ այդպես ավելի ապահով են համարում”:

Այս կինը Հայաստան է եկել ընտանիքով` երրորդ երկիր տեղափոխվելու համար, որը չի ցանկանում նշել:

Իրանական բեռնատարների հոսքը կարծես նվազել է, ավելի շատ հայկական եւ վրացական համարանիշերով բեռնատարներ են հանդիպում Սյունիքում:

Բեռնատարներն ելումուտ են անում անցակետում:

Ագարակում տեղացիները նույնպես չգիտեն, բաց է թե փակ է անցակետը: “Ամեն ժամ բան է փոխվում, չգիտենք: Այսօր փակ է, օրինակ, բայց չենք կարող ասել, մեկ ժամ հետո ինչպես կլինի”, ասում է տեղացի տաքսու մի վարորդ:

Տեղացի մեկ ուրիշն ասում է, որ ոչ մի ռումբի ձայն չեն լսել: “Սուտ է, որ ասում են Կապանում լսել են, մեր քթի տակ, ոնց է, մենք չենք լսել, իրենք լսել են…”, ասում է մի մեղրեցի:

Դե իսկ Մեղրու երկաթուղում էլ ժանգոտ վագոններն շարունակում են կանգնած մնալ, Արաքսն էլ իր հունով դեպի ծով է հոսում: Միակ բանն, որ փոխվել է “Թրամփի ուղում”, դա նոր հայկական դրոշն է, որին հանգիստ և ուշադիր նայում է Նոր Զելանդիայից մի տուրիստ:

Մարութ Վանյան

Վավեր ճանաչելով 070 ծածկագրով անձնագիրը, ստիպում են, որ այդ նույն անձնագիրը փոխի

Արցախից բռնի տեղահանված Անուշ Ալեքսանյանը չի կարողանում օգտվել սոցիալական աջակցության ծրագրերից, քանի որ Միգարցիայի եւ քաղաքացիական ծառայությունը չի հաշվառում նրան՝ ստիպելով, որ փոխի 070 կոդով անձնագիրը։

Օրերս Գերղարքունիքի մարզի վարչական դատարանում տեղի է ունեցել այս գործով դատական նիստը, որն արցախցի Մարատ Եգանյանը step1.am-ի հետ զրույցում խայտառակություն որակեց։

«Փաստորեն Անուշ Ալեքսանյանին բոլորը ճանաչում են որպես ՀՀ քաղաքացի, բայց անձնագրայինը չի հաշվառում, եւ սոցիալական աջակցությունից զրկված է այդ միայնկան թոշակարու կինը։ Օրենքում գրված է, որ իգական սեռի ներկայացուցիչը պետք է ներկայացնի միայն անձնագիր եւ հայտնի հաշվառման հասցեն, որպեզի օգտվի սոցաջակցությունից։ Բայց իրեն չեն հաշվառում, մի կողմից ճանաչում են, որ անձնագիրը վավեր է, մյուս կողից ասում են՝ անձնագիրդ փոխիր, որ հետո հաշվառենք։ Այսինքն՝ վավեր ճանաչելով անձնագիրը, ստիպում են, որ այդ նույն անձնագիրը փոխի»,- ասաց Մարատ Եգանյանը։

2023 թվականի հոկտեմբերի 26-ին կառավարությունը որոշում է ընդունել, որով սահմանվել է, որ բռնի տեղահանված անձինք պետք է ստանան ժամանակավոր պաշտպանություն ու դրանից բխող փախստականի կարգավիճակ։ Անուշ Ալեքսանյանը եւս դիմել է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ փախստականի կարգավիճակ ստանալու համար, բայց ստացել է մերժում։ Անուշ Ալեքսանյանը հարցադրում է անում՝ եթե մյուս արցախցիներին տրամադրել են ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, ինչո՞ւ իրեն չեն տրամադրում։ Նա նշում է, որ իրեն հատուկ չեն հաշվառում, որպեսզի ստիպեն անձնագիրը փոխել։

«Արցախցիների նկատմամբ անմարդկային եւ հանցավոր վերաբերմունք է ցուցաբերվում։ ՀՀ համապատասխան մարմինները, շանտաժի ենթարկելով Արցախից բռնի տեղահանված որոշ քաղաքացիների, փորձում են ստիպել, որպեսզի նրանք դիմեն անձնագրային ծառայություն եւ փոխեն իրենց անձնագրերը։ Այսինքն՝ իրենց ապօրինի եւ նույնիսկ հանցավոր պահանջի կատարման համար շանտաժի են ենթարկում մարդկանց։ Քաջ գիտակցելով, որ իրենց այս պահվածքի պատճառով նշված անձինք զրկված են սոցիալական աջակցություն ստանալուց, փորձում են այնպես անել, որ կարիքից դրդված արցախցիներն իրենց բոլոր պահանջները կատարեն»,- ասում է Մարատ Եգանյանը։

Նմանօրինակ մի քանի հայցեր կան դատարաններում։ Սեւան քաղաքում օրերս տեղի է ունեցել հերթական դատական նիստը, եւ Մարատ Եգանյանի խոսքով՝ Սեւանի դատարանի կողմից ընդունված անմարդկային որոշումների պատճառով  միայնակ թոշակառու կինն ապօրինի կերպով զրկվում է կյանքի ու առողջության համար անհրաժեշտ գումարներից։

«Ամեն ինչ անում են, որպեսզի այդ մարդը հրաժարվի իր անցյալից, ամեն ինչից, իսկ մարդը չի հրաժարվում, դիմում է դատարան։ Դատարանում տեղի է ունեցել հետեւյալը՝ անձը դիմել է, ասել է՝ քանի դեռ գործն ընթացքի մեջ է, այնպես արեք, որ ես կարողանամ սոցիալական աջակցությունը ստանալ։ Եվ դատավորը որոշում է կայացնում, որ՝ չէ, չեմ անի՝ քաջ գիտակցելով, որ այդ որոշումն անելանելի դրության մեջ կդնի տարեց կնոջը։ Ես ուզում եմ անդրադառնալ Սեւանի Վարչական դատարանի դատավոր Անի Քամալյանի պահվածքին, որը այդ միջնորդությունը մերժել է։ Ես՝ որպես հացվորի ներկայացուցիչ, հարցրել եմ՝ իսկ առհասարակ այդ անձնագիրը, որը հրաժարվում են ընդունել, վավեր է, թե՞ չէ։ Եվ ի զարմանաս ինձ՝ Միգարցիայի եւ քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը պատասխանեց, որ վավեր է։ Ուշադրություն եմ հրավիրում այս խնդրին, որովհետեւ պահանջներից մեկն այն է, որ դատարանը վավեր ճանաչի արցախցու անձնագիրը, բայց պարզվում է՝ այդ անձնագիրը վավեր է։ Վերջիվերջո դատավորը որոշում կայացրեց, որ՝ չէ, դու պետք է ենթարկվես ապօրինի պահանջին։ Երբ դատարանում պատասխանող կողմն էլ ընդունեց, որ տվյալ անձնագիրը վավեր է, ըստ էության այստեղ արդեն խոսելու բան չկա, բայց միեւնույն է, դատարանը շարունակեց այդ գործը քննել։ Այսինքն՝ շատ աբսուրդային իրավիճակ է տեղի ունեցել։ Հիմք չկա անձի անձագիրն անվավեր համարելու, վեճն այդ հարցի շուրջ բացակայում է, բայց ստացվում է, որ դատարանը դա չի ընդունում»,- ասաց Եգանյանը։

Մարատ Եգանյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նմանօրինակ այլ դատական գործով Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունն արցախցի Մերի Ղարայանի անձնագիրը վավեր չի համարում,  բայց Անուշ Ալեքսանյանի դեպքում ասում է, որ անձնագիրը վավեր է։ «Այսինքն՝ բարդակ վիճակ է»,- արձանագրում է Եգանյանը։

Իսկ ընդհանրապես արցախցիներն այդ դատավարության ընթացքում շեշտադրում են այն հանգամանքը, որ իրենք ՀՀ քաղաքացի են 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման որոշման համաձայն։

Հիշեցնենք, որ տվյալ դատական գործընթացներում խոսքը ՀՀ քաղաքացիության գրանցամատյանում որպես ՀՀ քաղաքացի գրանցված, սակայն Արցախում 070 ծածկագրով ՀՀ անձնագիր ստացած և 2020-2023 թթ․ Արցախից բռնի տեղահանված մարդկանց մասին։ Նրանց չեն պարտադրում նոր “քաղաքացիություն” վերցնել, բայց ներքին կարգով՝ շանտաժով պարտադրում են փոխել 070 ծածկագրով անձնագիրը։