Փաշինյանը արցախցիների մասին․ մենք նրանց սին հույսեր չենք տալիս

Մեր կարևոր խնդիրներից է այն, որ փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերի և եղբայրների էմոցիաները չշահարկվեն նրանց սին հույսեր տալով։ Այս մասին, այսօր՝ մարտի 11–ին, Ստրասբուրգում, Եվրոպական խորհրդարանում իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մեր ռազմավարությունը այս հարցում շատ հստակ է. Ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում։ Մենք արդեն սկսել ենք նրանց բնակավորման ծրագիրը, որի շահառու են դարձել 4886 ընտանիքներ այս պահի դրությամբ։

Մենք մեր միջազգային գործընկերների հնարավորինս մեծ աջակցության կարիքն ունենք խաղաղության ամրապնդմանն ուղղված այս խնդիրը լուծելու համար»։

Իրանի դեսպան․ Կարծում եմ՝ Մոջթաբա Խամենեին հիվանդանոցում է վնասվածքների պատճառով

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է փետրվարի 28-ին տեղի ունեցած հարվածի ժամանակ, որի հետևանքով զոհվել են նրա ընտանիքի վեց անդամները, այդ թվում՝ հայրը։ Այս տեղեկությունը The Guardian-ին տված հարցազրույցում հաստատել է Կիպրոսում Իրանի դեսպան Ալիռեզա Սալարիանը։

«Նա նույնպես այնտեղ է եղել և վիրավորվել է ռմբակոծության ժամանակ, բայց ես չեմ տեսել, որ դա արտացոլվի արտասահմանյան լրատվամիջոցներում», — ասել է նա։ «Լսել եմ, որ նա վիրավորվել է ոտքերի, բազկի և դաստակի շրջանում… Կարծում եմ՝ նա այժմ հիվանդանոցում է վնասվածքների պատճառով»։

Պարզաբանելով, թե ինչու հոգևոր առաջնորդը հրապարակավ չի հայտնվել և հայտարարություններ չի արել կիրակի օրը հորը փոխարինելուց հետո, դեսպանը հավելել է. «Չեմ կարծում, որ նա այն վիճակում է, որ կարողանա ելույթով հանդես գալ»։

Հարձակումը տեղի է ունեցել Իրանի դեմ ԱՄՆ օդային հարվածների առաջին օրը, երբ թիրախավորվել էր Թեհրանի կենտրոնում գտնվող նախագահական ընդարձակ համալիրը։ Դա Ռամադան սուրբ ամսվա տասներորդ օրն է եղել, նշել է դեսպանը։ Այաթոլլա Ալի Խամենեին ընտանիքի մի քանի անդամների հետ գտնվել է իր նստավայրում։ Ներկաների մեջ են եղել նաև Մոջթաբայի կինը Զահրան, որը նույնպես զոհվել է հարձակման հետևանքով։

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալի Խամենեիի կինը՝ Մանսուրը, մահացել է ավիահարվածից երեք օր անց։

Ահա թե ինչ է քննարկել Բայրաքթարը Խուդաթյանի հետ

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարն X-ի իր էջում անդրադարձել է նախօրեին Հտարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ իր հանդիպմանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք ենթակառուցվածքների և էներգետիկայի հարցեր, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը: Ներառվում են համագործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են միջտարածաշրջանային էլեկտրաէներգետիկ ցանցերը, ատոմային էներգետիկան և բնական գազը»,- նշել է թուրք պաշտոնյան»։

Ի՞նչ համագործակցություն կարող են ունենալ Հայաստանն ու Թուրքիան նշված ոլորտներում, եթե Թուրքիան կտրականապես հրաժարվում է բացել սահմանը Հայաստանի հետ, պահանջելով, որ Երևանը նախ “կարգավորի” հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Իսկ Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը և “հաստատի” սեփական տարածքը “խորհրդային” 29 հազ․ ք․ կմ սահմաններում։

Նման տարածքը կնշանակի ոչ թե Հայաստանի, այլ Թուրքիայի ներկայիս սահմանի հաստատում։ Դա թույլ կտա Էրդողանին 2028 թ․ նոր սահմանադրություն ընդունել և, առանց Կարսի պայամանագրի չեղարկման կամ երկարացման, լեգիտիմացնել Թուրքիայի ներկայիս հյուսիսային սահմանները՝ Կարսով, Արդաղանով և Սուրմալույով հանդերձ։ Էրդողանը չի կարող իրեն թույլ տալ այն, ինչ Ալիևը արեց Նախիջևանի հանդեպ՝ ուղղակի փոխեց Նախիջևանի սահմանադրությունը։  

Թուրքիան կարող է հաստատել իր սահմանները միայն Հայաստանի ձեռքով, ինչը հիմա պատրաստ է անել Փաշինյանը, որը 29 հազարանոց քարտեզը դոշին է խփել։ Այդ դեպքում Թուրքիան կարող է բարեհաճել համագործակցել Հայաստանի հետ, նույնիսկ ատոմային էներգետիկայի ոլորտում։ 

Ահա թե ինչ են քննարկել Բայրաքթարն ու Խուդաթյանը։     

Երեխաներին սպանում են Ուկրաինայում, Արցախում, Գազայում և Իրանում

Ռուսաստանը համակարգված կերպով մարդկության դեմ հանցագործություններ է կատարում՝ անօրինական կերպով արտաքսելով ուկրաինացի երեխաներին և ստեղծելով պայմաններ նրանց անորոշ ժամանակով Ռուսաստանում պահելու համար։ Այս եզրակացությանն է հանգել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների անկախ միջազգային հանձնաժողովը իր վերջին զեկույցում՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, որը հրապարակվել է երկուշաբթի՝ մարտի 9-ին։

ՄԱԿ-ի միջազգային հանձնաժողովը ապացույցներ է հավաքել առնվազն 1205 ուկրաինացի երեխաների Ռուսաստան և նրա կողմից օկուպացված ուկրաինական տարածքներ ապօրինի արտաքսման վերաբերյալ։

ՄԱԿ-ը չի հաշվարկել, թե քանի ուկրաինացի երեխա է սպանվել Ռուսաստանի ներխուժման պատճառով, քանի որ դա կնշանակեր Ռուսաստանի ագրեսիայի ճանաչում, ինչը, միջազգային պայմանագրերի համաձայն, չի համարվում «մարդկության դեմ հանցագործություն»։

2023 թվականի գարնանը Միջազգային քրեական դատարանը (ICC) միջազգային ձերբակալման օրդեր է տվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վերաբերյալ՝ Դոնբասից երեխաներին արտաքսելու, այլ ոչ թե Ուկրաինայի հանդեպ ագրեսիա կատարելու կասկածանքով։

Մինչդեռ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին 24-ժամյա մարտերի և ագրեսիայի արդյունքում Արցախում զոհվեց 229 մարդ, այդ թվում՝ 34 քաղաքացիական անձ, որոնցից հինգը՝ երեխաներ։ Վիրավորվեց 244 մարդ, այդ թվում՝ 31 քաղաքացիական անձ, որոնցից տասը՝ երեխաներ։

Երբ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին սկսեց իր ռազմական գործողությունը, արցախյան Սառնաղբյուր գյուղի բնակիչ Զարինե Ղազարյանը Ասկերանում էր՝ իր կրտսեր որդու՝ Կարենի համար մանկական կաթնախառնուրդ փնտրելով։ Այս մասին հաղորդել է BBC-ն։ Տարածաշրջանի ինը ամիս տևած փաստացի շրջափակման պատճառով մանկական կաթնախառնուրդը դժվար էր ձեռք բերել։

Վերադառնալով՝ Զարինեն իմացավ, որ իր որդին՝ Սեյրանը, վիրավորվել է և ռուս խաղաղապահների կողմից տեղափոխվել Ստեփանակերտի հիվանդանոց։ Սակայն հիվանդանոցում նրան սարսափելի լուր հայտնեցին. նրա մյուս երկու որդիները՝ ութամյա Միքայելը և տասը տարեկան Նվերը, զոհվել էին հրետակոծության ժամանակ։

«Մենք երեխաներին հավաքեցինք ծառերի տակ և ուզում էինք նրանց անվտանգ տեղ տանել։ Այդտեղ էլ կրակեցին մեզ վրա», – BBC-ին պատմեց 15-ամյա Արմանը։

Իսկ ավելի վաղ երեքամյա Լեոն և վեցամյա Գիտան մահացել էին, երբ նրանց մայրը՝ Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղի բնակիչը, ստիպված էր լքել նրանց և գնալ Մարտակերտ՝ սննդամթերք գնելու համար՝ օգտագործելով բլոկադայի կտրոնները։ Պարզվեց, որ երեխաները ինքնուրույն հասել էին քաղաք, նստել էին ինչ-որ մեկի մեքենան, քնել և խեղդվել շոգից։

Այս միջադեպերը միջազգային կազմակերպությունների կողմից չեն գրանցվել որպես մարդկության դեմ ուղղված աղաղակող և հրեշավոր հանցագործություններ։

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը կոչ արեց անհապաղ և անկախ հետաքննություն անցկացնել Իրանի Մինաբ քաղաքում գտնվող աղջիկների դպրոցի վրա հարձակման վերաբերյալ։ Հրապարակված տեսանյութերի փորձագիտական ​​վերլուծությունը ցույց տվեց, որ ԱՄՆ «Տոմահավկ» հրթիռն է հարվածել դպրոցի մոտ գտնվող ռազմական բազային, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը հայտարարեց, որ դպրոցի վրա հարձակման համար պատասխանատու է Իրանը։

Իրանական իշխանությունների տվյալներով՝ հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 176 մարդ, հիմնականում երեխաներ։

Ո՞վ պետք է անցկացնի հետաքննությունը, եթե ոչ ՄԱԿ-ի հանձնաժողովը։

Արդյո՞ք ձերբակալման օրդերներ կտրամադրվեն Թրամփի, Ալիևի և երեխաների սպանությունը պատվիրած մյուսների համար։

 

Հրթիռային հարված` Թեհրանի հայկական թաղամասին

ՀՀ-ում Իրանի դեսպանատունը հաղորդում է Թեհրանի հայկական թաղամասի վրա հրթիռային հարվածի մասին

Ամերիկա–իսրայելական հանցագործ կոալիցիան հարվածել է Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկում՝ Մաջիդիեում գտնվող բնակելի համալիրին։ Բարեբախտաբար, վերջին տվյալների համաձայն զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ մնացել են փլատակների տակ։
Տեսանյութում ազգությամբ հայ կինը պատմում է իրենց բնակելի համալիրի վրա հասցված հրթիռային հարվածի մասին՝ քննադատելով ԱՄՆ նախագահին նման դաժանության համար։
Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկն է։ Այն հայտնի է իր աշխույժ մթնոլորտով և զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ձևավորման և զարգացման գործում կարևոր դեր են ունեցել իրանահայերը։

Եվրոպական խորհրդարանը 27 տարի առաջ ճանաչել է Արցախի անկախության հռչակագրի օրինականությունը

27 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1999թ. մարտի 11-ին, Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Կովկասում խաղաղության գործընթացին աջակցելու մասին» բանաձև, որտեղ Արցախի անկախության հռչակման վերաբերյալ, մասնավորապես, արձանագրել է. «…Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը հռչակել է իր անկախությունը 1991 թվականի սեպտեմբերին՝ հետևելով ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների կողմից նմանատիպ հռչակագրերի ընդունմանը»:

Մեջբերումից պարզ է դառնում, որ միջազգային հանրությունը ճանաչել է Լեռնային Արցախի անկախության հռչակման օրինականությունն (լեգալություն) ու լեգիտիմությունը:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ 

Հրանուշ Խառատյան․ Կրկին Նախիջևանի միշտ երերուն կարգավիճակի մասին

Նախիջևանը իրավականի, ցանկալիի և փաստացիի միջև/կրկին Նախիջևանի միշտ երերուն կարգավիճակի մասին

Ադրբեջանը շարունակում է տագնապել, որ Թուրքիան ակտիվացնում է Նախիջևանի կարգավիճակի խորհրդային և ետխորհրդային Ադրբեջանի ինքնագլխությունների “հիծողությունը”․ ո՞վ է այսօր լինելու 1922-1924թթ․ Անդրֆեդերացիայի Կենտգործկոմին, Կավբյուրոյին և ԽՍՀՄ ԿԿ Քաղբյուրոյին փոխարինողը

Նախիջևանը Ռուս – թուրքական Մոսկվայի և Հայ թուրքական ու ադրբեջնա-թուրքական Կարսի պայմանագրերում

Ուշադիր կարդանք 16 մարտ, 1921 (1337)թ., Մոսկվա, Ռուս-թուրքական պայմանագրի որոշ դրույթներ

Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կառավարությունը և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը, հավատարիմ ազգերի եղբայրության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներին, նշելով իրենց միջև առկա համերաշխությունն իմպերիալիզմի դեմ մղվող պայքարում, ինչպես նաև այն իրողությունը, որ երկու ժողովուրդներից մեկի համար ստեղծված ամեն տեսակ դժվարությունները վատթարացնում են մյուսի դրությունը, և ամբողջովին խանդավառված միմյանց միջև մշտական սրտագին փոխառնչություններով ու երկու կողմերի փոխադարձ շահերի վրա հիմնված անխզելի բարեկամություն հաստատելու ցանկությամբ, որոշեցին կնքել բարեկամության և եղբայրության պայմանագիր․․․

Հոդված 3. Երկու կողմերը համամիտ են, որ Նախիջևանի մարզը սույն Պայմանագրի 1-ին (Գ) հավելվածում նշված սահմաններում կազմի ինքնավար տարածք` Ադրբեջանի խնամակալության ներքո, պայմանով, որ Ադրբեջանը սույն խնամակալությունը չի զիջի երրորդ պետության:

Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակություններից կազմված հանձնախումբը կշտկի Նախիջևանի տարածքի եռանկյունի կազմող գոտու` արեւելքում Արաքսի հնահունի և արևմուտքում Դաղնա (3829)-Վելիդաղ (4121)-Բագարզիք (6587)-Քյոմուրլուդաղ (6930) լեռների վրայով անցնող գծի միջև պարփակված տարածքի սահմանագիծը, որն սկսվում է Քյոմուրլուդաղ (6930) սարից, անցնում Սերայ Բուլաք սարի վրայով դեպի Արարատ կայարանը և վերջանում Կարասուի ու Արաքսի միացման տեղում:

Ռուսերեն բնագրում՝ «խնամակալություն» բառը ներկայացված է «протекторат-պրոտեկտորատ» բառով։

Обе договаривающиеся стороны согласны, что Нахичеванская область в границах, указанных в приложении I (С) настоящего Договора, образует автономную территорию под протекторатом Азербайджана, при условии, что Азербайджан не уступит сего протектората третьему государству.

Առաջին պարբերության մեջ նախիջևանը մարզ է (ռուսերեն բնագրում՝ область), որը պայմանագիրը ստորագրելուց հետո պիտի դառնա «ԻՆքնավար տարածք Ադրբեջանի խնամակալության ներքո»։ Երկրորդ պարբերությունում առկա է միայն «Նախիջևանի տարածք» ձևակերպումը, որի սահմանները պիտի ճշգրտի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակություններից կազմված հանձնախումբը։

Պարզ է, թե ինչքան պիտի կաշկանդված լինեին հանձնախմբի կազմում բոլոր կողմերից պարտված Հայաստանի ներկայացուցիչները՝ իրենց դեմ ունենալով Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին։

Վեց ամիս անց՝ 1921թ․ հոկտեմբերի 13-ին Հարավային Կովկասի երեք խորհրդային հանրապետությունները՝ Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը ԹԱՄԺ-ի՝ Թուրիքայի Ազգային Մեծ ժողովի կառավարության հետ Կարսում պայմագիր են ստորոգրաում, որի հոդված 5-ով «Թուրքիայի կառավարությունը և Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ սույն պայմանագրի երրորդ հավելվածում նշված սահմաններում Նախիջևանի մարզը կազմի ինքնավար տարածք` Ադրբեջանի խնամակալության ներքո»:

Ռուսերեն բնագրում «խնամակալություն» բառը ներկայացված է «покровительство-հովանավորություն» բառով։

Ст а т ь я 5. Правительство Турции и Правительство Советской Армении и Азербейджана соглашаются, что Нахичеванская область в границах, определенных в приложении 3 настоящего договора, образует автономную территорию под покровительством Азербейджана.

Ինչպես տեսնում ենք, պայմանագրերից երկուսն էլ Նախիջևանի մարզի՝ պայմանագրին հաջորդող կարգավիճակը ձևակերպել են «ինքնավար տարածք», Մոսկվայի պայմանագրի ռուսերեն տեքստում՝ Ադրբեջանի պրոտեկտորատի, հայերենում խնամակալության ներքո, Կարսի պայմանագրում՝ ռուսերենում՝ Ադրբեջանի հովանավորության, հայերենում՝ կրկին խնամակալության ներքո բառերով։ Կարսի պայմանագրում չկա պայման, որ Ադրբեջանը այդ հովանավորություն/խնամակալությունը չպիտի զիջի երրորդ պետության:

Ես չգիտեմ, թե ինչպես են այս բառերը առկա պայմանագրի թուրքերեն և ադրբեջաներեն, նաև՝ ֆրանսերեն լեզուներում։

Պայմանագրերը կազմվել և ստորագրվել են հինգ օրինակով, Կարսում, 1921 թվականի հոկտեմբերի 13-ին:

Պայմանագրերից երկուսում էլ Ադրբեջանն ընդամենը անկախ Նախիջևանի տարածքի խնամակալը/հովանավորն է։ Ոչ մի կետով Նախիջևանը Ադրբեջանի կազմում չէ։ Հասկանալի չէ «Նախիջևանի անկախ տարածք» հասկացությունը՝ ակնհայտորեն ոչ Թուրքիան, ոչ Ռուսաստանը Նախիջևան անունից զատ պատկերացում չունեին այդ «անկախ տարածքի» գոյության ձևի և բովանադակության մասին՝ ումի՞ց է անկախ, ինչի՞ց է անկախ, ինչպե՞ս պիտի անկախություն ձևավորի հայերի ու թուրքերի փոխադարձ ատելությամբ եռող այդ տարածքը, ինչպե՞ս պիտի «անկախ Նախիջևան» վերադառնան հայ փախստականները, ինչպե՞ս է իրականացվելու Ադրբեջանի խնամակալությունը/հովանավորությունը, ո՞վ է վերահսկելու այդ «խնամակալությունը» «անկախ տարածքի» վրա, ով և ինչպես են ձևավորվելու իշխանության մարմինները, ինչ դեր պիտի ունենա այդ ամենում տեղի բնակչությունը՝հայերը և թուրքերը և այլ հարցեր։

Հակասական են տեղեկությունները, թե պայմանագիրը ստորագրած կողմերը երբ և ինչպես են վավերացրել այդ պայմանագրերը։ Որոշ վերլուծաբաններ պնդում են, որ Կարսի պայմանագրերը չեն վավերացվել։ Այլ տեղեկությամբ Թուրքական կողմը Կարսի պայմանագիրը վավերցրել է ստորագրությունից վեց ամիս անց՝ 1922թ․ մարտի 16-ին՝ Մոսկվայի պայմանագրի առաջին տարելիցին (A Guide to Turkish Treaties (1920-1964), HYPERLINK “https://www.google.am/search?hl=hy&tbo=p&tbm=bks&q=inauthor:%22Ahmet+G%C3%BCnd%C3%BCz+%C3%96k%C3%A7%C3%BCn%22” Ahmet Gündüz Ökçün, Հրատարակիչ՝ Ankara Üniversitesi Basimevi, Ankara, 1966, էջ 4.)

Հայաստանի կողմից այն վավերացվել է Թուրքիայի կողմից վավերացվելուց չորս օր անց՝ 1922թ․ մարտի 20-ին։ 1922թ․ մարտի 22-ին լույս տեսած Խորհրդային Հայաստան օրաթերթի թիվ 63-ը «Կարսի դաշնագրի հաստատումը» վերնագրով հոդվածով տեղեկացնում է, որ «Ամսոյս 20-ին Հայաստանի Կենտրոնական Գործադիր Կոմիտեն միաձայն հաստատեց Կարսի դաշնագիրը և այդպիսով իր բարձրագույն սանկցիան տվեց այն ակտին, որը կնքվեց անցած տարի հոկտեմբերի 13-ին»։

Ես չգիտեմ, թե երբ է պայմանագիրը վավերացրել Ադրբեջանը։

Վավերագրերի փոխանակումը կատարվել է Երևանում 1922 թ. սեպտեմբերի 11-ին: 1922թ․ սեպտեմբերի 10-ին լույս տեսած Խորհրդային Հայաստան օրաթերթի թիվ 205-ը «Վաղվան օրը» հոդվածով տեղեկացնում է, որ «Այսօր կամ վաղը տեղի կունենա Ղարսի դաշնաֆգրի վավերացման, թղթերի փոխանակումը Անդրկովկասյան ֆեդերացիայի երեք խորհրդային հանրապետությունների և Տաճկաստանի Մեծ Ազգային Ժողովի միջև»։ Հաջորդ տեղեկությունը թերթի սեպտեմբերի 13-ի համարում է՝ «Կարսի դաշնագրի ռատիֆիկացիան «հոդվածով՝ «Սեպտեմբերի 12-ի ցերեկվա ժ 4-ից 10 պակաս Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի սրահում կայացավ Կարսի դաշնագրի վավերացման օօրինակների փոխանակումը։ Հայաստանի ՍԽՀ կողմից մասնակցում էր արդարադատության ու բանվորագյուղացիակն տեսչության ժողկոմ ընկ․ Ալ․ Շավերդյանը, Ադրբեջանի ՍԽՀ կողմից ընկ․ Համիդ Սուլթանովը, Վրաստանի ՍԽՀ կողմից ռազմական գործերի ու ժովային ժողլոմ ընկ․ Կվարկելիսն ու Տաճկաստանի Ազգային Մեծ Ժողովի կողմից Մուխթար բեյ և Հայդար բեյը»; Կարդացվել են բնագրերի ընթերցում։ Այդ օրերին Խորհրդային Հայաստանի օրաթերթի բոլոր համարները լեցուն են Հունաստանի դեմ Տաճկաստանի զորքերի հաջողությունների մասին լուրերով, և Թուրքական կողմի ներկայացուցիչ Մուխթար բեյը, դաշնագրերի փոխանակման երևութը շնորհավորում է բարեմաղթանքով՝ «Ցանկանում եմ, որ մեր այս կապը լինի հավիտենական և անքակտելի, որպեսզի մեր մեծ եղբայր Ռուսաստանի առաջնորդությամբ Ալևելքի ժողովուրդներին ազատություն բերենք ընդդեմ բոլոր երկրների իմպերիալիսների։ Կեցցեն Խորհրդային Հանրապետությունները»։ Ընթացիկ պահի «գլխավոր իմպերիալիստը» Հունաստանն էր, որից Ռուսաստանի «առաջնորդությամբ» և «Անդրկովյկասի խորհրդային հանրապետությունների հետ» «արևելքի ժողովուրդներին» ազատություն էր մաղթում Մուխթան բեյը։ Ճիշտ այն ազատությունը, ինչ ստացան Կարսի, Սուրմալուի, Իգդիրի, Նախիջևանի մահմեդականները և կորցրին հայերը։ Նախագահող ընկ. Ալ. Շահվերդեանը, փակելով նիստը, ասում է՝ « Այս րոպեիս, երբ կատարվեց դաշնագրի ոսսիֆիկացնան, արևելքի ժովուրդների համար բացվում է կյանքի նոր դարաշրջան»:

Թուրքիան այդ «դաշնագրերի» վավերացման համար շատ էր շտապում։ Երկու ամիս հետո, նոյեմբերին, պիտի սկսվեր Լոզանի կոնֆերանսը, որի ընթացքում պիտի ներկայացներ իր պայմանագիր-դաշնագիրը Հայաստանի հետ՝ ազատվելով պատերազմների ընթացքում ջարդված հայերի հանդեպ պատասխանատվությունից։

Այսօր Ադրբեջանում շատ են գրում, որ Մոսկվայի պայմանագրով Ռուսաստանն ու Թուրքիան, Կարսի պայմանագրով Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը մի կողմից, Թուրքիան մյուս կողմից հաստատապես համաձայնել են, որ Նախիջևանը մնում է Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության իրավունքներով։ Բայց, ինչպես տեսնում ենք, պայմանագրերում ոչ մի խոսք չկա Նախիջևանի՝ Ադրբեջանի կազմում գտնվելու, և ինքնավար հանրապետություն լինելու մասին։ Պայմանագրերում խոսքը բացառապես անկախ Նախիջևանի տարածքի և Ադրբեջանի կողմից հովանավորվելու մասին է։

Այլ խնդիր է, որ ոչ Ռուսաստանը, ոչ Ադրբեջանը, իհարկե, չէին էլ փորձում անկախ Նախիջևանի հարցը լուծել։ Նրանք պարզապես լուրջ չէին համարում Մոսկվայի և Կարսի պայմանագրերի այդ կետը։ Ըստ նրանց ծրագրերի Նախիջաևնը պարզապես Ադրբեջանի տարածք էր։ Արդյունքում միակ շահագրգիռ կողմը՝ Թուրքիան 1923թ․ հունիսի 25-ին նոտա է հղում Ռուսաստանի Արտգործնախարարություն, բողոքելով, որ Ադրբեջանը պարզապես անեքսիայի է ենթարկել Նախիջևանը։ Լոզանի կոնֆերանսում լուրջ հարվածների ենթարկվող Ռուսաստանը չէր կարող ուղղակի «դեն գցել այդ նոտան», ինչն, իհարկե, շատ կուզենար, ուստի ստիպված է լինում «գործը քննել» Ռուսաստանի Կենտկոմի նիստում։ Սա նախապատրաստելու համար Ռուսաստանի արտգործնախարար Չիչերինը 1923թ․ օգոստոսի 21-ին դիմում է Ստալինին՝ պատճեն ուղարկելով Քաղբյուրոյի անդամներին, գրելով․ «Մենք Թուրքական կառավարությունից բողոք ենք ստացել Ադրբեջանի կողմից Նախիջևանը անեքսիայի ենթարկելու մասին․․․ Թուրքական կառավարությունն իմացել է, որ Ադրբեջանական Հանրապետության Կենտգործկոմի որոշմամբ Նախիջևանը վեր է ածվել Ադրբեջանական տարածքի մի մասի, ինչը հակասում է Թուրքիայի հետ պայմանագրերին․․․․ Ընկեր Օրջոնոկիձեն ինձ գրել է, որ Նախիջևանի երկրամաս համագումարը իրեն հայտարարել է Ադրբեջանի անբաժան մասը և որ ինքը հիմա ուեզդի (գավառ-Հ․Խ․) իրավունքներով է։ ԸՆկեր Օրջոնոկիձեն ավելացնում է, որ ինքը դրան չի առարկել, ենթադրելով, Նախիջևանն այդ իրավունքն ունի։ Դա, ցավոք, հնարավոր չէ։ Եթե որևէ տարածք պայմանագրով ունի հայտնի կարգավիճակ, ապա նրա կարգավիճակը չի կարող փոխվել առանց պայմանավորվորվող կողմերի համաձայնության․․․Այսպիսով տվյալ դեպքում տեղի է ունեցել Թուրքիայի հետ մեր պայմանագրերի խախտում։ Ես չգիտեմ, ինչու չենք կարող Նախիջաևնը հայտարարել ինքնավար մարզ, ինչը, ըստ էության, առանձնապես չի տարբերվում նրա ուեզդային վիճակից»:

Պարզ էր, որ Նախիջևանի հարցում ոչ ռուսներն էին հետամուտ լինելու Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի իրենց պարտավորություններին, ոչ Ադրբեջանը՝ Կարսի պայմանագրին։

Ադրբեջանի համար երևի վիրավորական էր, որ ստիպված լինելով 1923թ․ ստեղծել հայաբնակ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, նույն կարգավիճակը «շնորհեն» բնակչության 50 տոկոսից ավել թուրքերով բնակեցված Նախիջևանին, ուստի Ադրբեջանի Կենտկոմը Նախիջևանը հայտարարեց Ինքնավար Հանրապետություն Ադրբեջանի կազմում, իսպառ «մոռանալով» պայմանագրերով նրա համար սահմանված «անկախ տարածք» կարգավիճակը։ 1924 թ․ հունվարի 8-ին Անդրկովկասյան Կենտգործկոմը հավանություն տվեց Ադրբեջանի կազմում Նախիջևանի խորհրդային ինքնավար հանրապետության ստեղծման մասին Ադրբեջանի Կենտգործկոմի որոշմանը։ Հայաստանը նույնպես այդ կենտգործկոմի նիստին ներկա էր։ Նախիջևանի հարցում լինելով պայմանագիրը ստորագրած կողմ, Հայաստանը նույնպես պատասխանատվություն է կրում Անդրկովկասյան Կենտգործկոմի այդ որոշման համար։ Հարկավոր է գտնել 1924թ․ հունվարի 8-ի Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի նիստի արձանագրությունը՝ առնվազն տեսնելու համար, թե ինչպես են լռել, կամ խոսել Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի անդամ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները։

1924թ. հունվարի 31-ին ընդունվեց ԽՍՀՄ 1-ին Սահմանադրությունը, որի առաջին գլուխը ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագրի դրույթներն էին։ Անդրֆեդերացիայի դեռևս իրավապես անկախ համարված խորհրդային հանրապետությունները դարձան ԽՍՀՄ մեկ ընդհանուր հանրապետություն՝ որպես Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն (ԱԽՖՍՀ) ԽՍՀՄ կազմում։

Հաջորդ ամսին, 1924 թ. փետրվարի 9-ին Ադրբեջանի Կնտգործկոմը դեկրետ ընդունեց Նախիջևանի հանարապետության ստեղծման մասին, որով անհասկանալի «անկախ Նախիջևանի տարածքը» որպես հանրապետություն հռչակվում է Ադրբեջանի կազմում՝ հղում անելով Մոսկվայի և Կարսի պայմանագրերին, բայց փաստացի խախտելով այդ պայմանագրերի համաձայնությունները։ Սրա դեմ «մի փոքր» բողոքեց Թուրքիայի հանրապետությունը՝ միջազգային պայմանագիրը խախտելու վերաբերյալ նոտա ուղարկելով ԽՍՀՄ-ին։ Բայց եղածն արդեն եղած էր։ Լոզանի կոնֆերանսում 1922-23թթ․ Թուրքիայի մի շարք «հարվածներ» կերած Ռուսատանը մի փոքր նեղացրեց Թուրքիային։

ԽՍՀՄ առաջին Սահմանադրությունից հետո ԽՍՀՄ հանրապետությունները վերանայեցին իրենց սահմանադրությունները։ Ադրբեջանը դա անում է 1925թ․ Այդ Սահմանադրության 2-րդ հոդվածով Նախիջաևանի Ինքնավար Սովետական Սոցիալիստական հանարապետությունը համարվում է Ադրբեջանի կազմում։ Այսպես «Նախիջաևանի ինքնավար տարածքը» դառնում է ԽՍՀՄ ինքնավար հանրապետություններից մեկը՝ Ադրբեջանի կազմում, դրանով նաև դառնալով ԽՍՀՄ տարածքի մաս։ Հետագա զարգացումները միայն խորացրին արդեն ստեղծված ստոտուս-քվոն։

1990թ․, Բաքվում հայկական ջարդերի եռուն շրջանում, Ադրբեջանի ժողովրդական ճակատի նախաձեռնությամբ Նախիջևանի որոշ ակտվիստներ սկսեցին ջարդոտել Իրանի իսլամական հանրապետության հետ Նախաիջևանի սահմանային կառույցները։ Խորհրդային մի շարք քաղաքական գործիչներ հետագայում գրեցին, որ հենց դա եղավ Բաքվում զորքեր մտցնելու պատճառը։

Հարյուր տարի անց, 2025թ․ Նախիջևանի ինքնավար հանրապետությունում Սահմանդրական փոփոխություններ եղան, որոնց հիմքում ընկած էին Նախիջևանի «ինքնավարության» լրացուցիչ սահմանափակումները, Բաքվի հպատակության անշրջելիության ջանքերը․ կտրուկ սահմանափակվում են Նախիջևանի գերագույն մեջլիսի լիազորությունները, վարչակազմը իր մինիստրներով դառնում է Ադրբեջանի նախագահի ուղղակի ենթակայության, Նախիջևանում հաստատվում է «փոխարքայի» պաշտոն՝ Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ։

Օրերս, Իրանի դեմ սկսված պատերազմից հետո, Ալիևի հրահանգով Նախիջևանի ինքավար հանրապետության Սահմանադրությունից նախաբանից հանվել են Մոսկվայի և Կարսի պայմանագրերի մասին հիշատակումները, ամրագրվում է «Նախիջևանը Ադրբեջանի հանրապետության անկապտելի մասն է» ձևակերպումը։

Ավելի քան 78 միլիոն եվրո․ ԵՄ-ի հատկացրած բյուջեն՝ Ղարաբաղից տեղահանված հայերի համար

Ավելի քան 78 միլիոն եվրո․ 2023 թվականից ի վեր ԵՄ-ի հատկացրած բյուջեն՝ աջակցելու Ղարաբաղից տեղահանված հայերի հրատապ մարդասիրական կարիքները հոգալուն և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրմանը։
Նշված գումարից 21.5 միլիոն եվրոն տրամադրվել է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գլխավոր տնօրինության (DG ECHO-ի) միջոցով, 40 միլիոն եվրոն՝ որպես ԵՄ-ի կողմից բյուջետային աջակցություն Հայաստանի Հանրապետությանը, 9 միլիոն եվրոն` ՔՀԿ-ների կողմից իրականացվող ծրագրերի համար, իսկ 8 միլիոնը՝ «Փախստականների դիմակայության պատուհան Հայաստանի համար» ծրագրին, որի իրականացնողը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն է։

Սոցիալապես անապահով արցախցիները խաբեության զոհ են դառնում. «Արցախի տեղեկատվական շտաբը» զգուշացնում է

«Արցախի տեղեկատվական շտաբը» մի քանի օր առաջ հայտարարություն է տարածել և զգուշացրել հայրենակիցներին, որ խուսափեն խաբեության զոհ դառնալուց։

«Տեղեկացնում ենք, որ ֆեյսբուքյան կեղծ օգտատերը սոցիալապես անապահով արցախցիներին աջակցություն տրամադրելու նախապայմանով, խոցելի խմբերում գտնվող արցախցիներից տարբեր եղանակներով պահանջում են իրենց հաշվին փոխանցել տարբեր չափերի դրամական միջոցներ։

Մեր հայրենակիցները խարդախության զոհ են դառնում նաև ՀՀ ՆԳՆ ՄՔԾ կողմից քաղաքացիություն ստանալու հայտերը առցանց լրացնելու ընթացքում` կեղծ օգտատերերի կողմից վճարի դիմաց աջակցություն տրամադրելու խոստումներին հավատալով:

Առավել ցավալին այն է, որ խարդախության զոհ են դարձել հիմնականում զոհված զինծառայողների և ՎՔՆ պահեստի պայթյունի հետևանքով մահացած անձանց հարազատները, որոնց խոցելի վիճակից էլ օգտվել են կեղծ օգտատերերը։

Խնդրում և հորդորում ենք չտրվել նման առաջարկներին։ Արցախցիների համար կազմակերպվող միջոցառումները հրապարակվում են տեղեկատվական շտաբի միջոցով և դրանց մասնակցելու համար որևէ ֆինանսական նախապայման լինել չի կարող։

ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում արդեն հավաքագրվում է տվյալներ՝ հետագա ընթացքավորման նպատակով։ Հետևաբար, խնդրում ենք նշված երևույթին առնչված բոլոր անձանց կապ հաստատել մեզ հետ։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործող աշխատանքային խմբերը շարունակում են իրավախորհրդատվական աջակցություն ցուցաբերել մեր հայրենակիցներին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ամբողջ գործընթացի վերաբերյալ, որը ներառում է նաև էլեկտրոնային համակարգի (mcs-citizenship) միջոցով քաղաքացիություն ստանալու հայտերի ներկայացման գործընթացը։

Իրավախորհրդատվական օգնություն ստանալու կամ հայտերը առցանց ներկայացնելու նպատակով կարող եք այցելել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն կամ զանգահարել ստորև նշված հեռախոսահամարներով։

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նաիրի Զարյան 17ա։ Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00–17:00։ Հեռախոս՝ 099 948 765, 091 948 765»,- ասված է հայտարարության մեջ։

Ցուրտ և հիվանդ մարտը նահանջո՞ւմ է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ մարտի 11-ին որոշ շրջաններում հնարավոր են տեղումներ։ Մարտի 11-14-ը ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով։

Շիրակում ջերմաստիճանը կլինի +3°C, Կոտայքում և Արագածոտնում +6°C, Գեղարքունիքում՝ 0°C, Լոռիում +4°C, Տավուշում +7°C, Արարառում և Արմավիրում +9°C, Վայոց Ձորում +10°C, Սյունիքում +8°C։

Երևանում տեղումներ չեն սպասվում, մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +8°C-ի։

Համեմատաբար տաք փետրվարի համեմատ, մարտը Հայաստանում ցուրտ և հիվանդ է սկսվել. մարդիկ վաղ են “մերկանացել”։ Բայց գարունը կանգնեցնել հնարավոր չէ։

Առաջին ծիծեռնակ․ Իրաքը հրաժարվում է լինել Իրանի դեմ հարձակումների հարթակ

Իրաքի վարչապետ Մոհամմեդ Շիա ալ-Սուդանին այս երեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ կայացած զրույցում հայտարարել է, որ Իրաքը չպետք է հենադաշտ դառնա Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի շրջանակում հարձակումներ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է AFP-ն։

Իրաքը սահմանակից է Իրանին, որին փետրվարի 28-ին ԱՄՆ-ն ու Իսրայելը զանգվածային հարվածներ են հասցրել, ինչպես նաև Պարսից ծոցի երկրներին, որոնց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարվածներ է հասցրել:

Ինչպես նշում է լրատվամիջոցը՝ պատերազմի մեկնարկից ժամեր անց Իրաքի օդային տարածքը լցվել էր բոլոր ուղղություններից թռչող կործանիչներով և հրթիռներով։

Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում ալ-Սուդանին ընդգծել է «այն կարևորությունը, որ Իրաքի օդային տարածքը, ցամաքը և ջրերը չպետք է օգտագործվեն որևէ ռազմական գործողության համար՝ ուղղված հարևան երկրների կամ տարածաշրջանի դեմ»։ Այս մասին նշված է վարչապետի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Ալ-Սուդանին մերժել է «երկիրը շարունակվող հակամարտությունների մեջ ներքաշելու ցանկացած փորձ», ինչպես նաև «որևէ կողմից երկրի օդային տարածքի խախտումները»։

Իրաքը, որը երկար ժամանակ Վաշինգտոնի և Թեհրանի միջև անուղղակի պատերազմների դաշտ էր, հակամարտության մեջ է ներքաշվել հենց սկզբից։ Այդ ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը մեղադրվել են իրանամետ խմբավորումներին հարվածելու մեջ, որոնք էլ իրենց հերթին հայտարարել են Իրաքում և ընդհանուր տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա հարձակումների մասին։

Այսպիսով, Իրաքը կարող է դառնալ Իրանի հարևաններից առաջինը, որը կհետևի Իրանի պահանջին․ Թեհրանը հայտարարել է, որ պատրաստ է ձեռնպահ մնալ հարևան երկրների վրա հարվածերից, եթե նրանք թույլ չտան ԱՄՆ-ին և Իսրայելին օգտագործել իրենց տարածքները Իրանի վրա հարձակումների համար: Արդյո՞ք Պարսից ծոցի երկրները, որոնք, չնայած իրենց տարածքում գտնվող ամերիկյան բազաների վրա Իրանի հարվածներին, չեն մտել Իրանի դեմ պատերազմի մեջ, կհետևեն Իրաքի օրինակին:

Ի դեպ, Իրանը ներկայացրել է ևս մեկ վերջնագիր. նա թույլատրվելու է օգտագործել Հորմուզի նեղուցը այն երկրներին, որոնք վտարեն ԱՄՆ-ի և Իսրայելի դեսպանատները: Այսօր լուրեր են շրջանառվել, որ Իրանը մտադիր է ականապատել Հորմուզի նեղուցը:

ՊՆ-ն ինքնուրույն “դելիմիտացիա՞” է արել Գեղարքունիքում

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը անդրադարձել է լրատվամիջոցներում տարածված այն լուրին, թե 2025 թվականին Ադրբեջանի ԶՈՒ-երը ՀՀ ինքնիշխան տարածքում տեղակայել են նոր դիրք։ Թորոսյանն այն որակել է կեղծ, իրականությանը չհամապատասխանող։

«ՀՀ Գլխավոր շտաբն առաջնորդվում է 1975 թվականի տեղագրական քարտեզներով, որոնք ունեն իրավական ուժ»,- ասել է մամուլի քարտուղարն ու տեսանյութով ցույց տվել այն։

Այսօր ՊՆ-ի մոտ են գնացել «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչները  և ներկայացրել Գեղարքունիքի մարզում ադրբեջանական նոր դիրքորոշման վերաբերյալ տվյալներ՝ պահանջելով իշխանություններից պարզաբանումներ։

Փաստորեն, Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ինքնուրույն “դելիմիտացիա” է արել և թույլ տվել հակառակորդ կողմին զբաղեցնել նոր դիրքեր։