ԱՄՆ Սենատը դեմ է Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակմանը

ԱՄՆ Սենատը չկարողացավ առաջ մղել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագիծը։

ԱՄՆ սենատորները 47-52 ձայնով քվեարկեցին դեմոկրատների կողմից ներկայացված օրինագծի դեմ, որը կսահմանափակեր նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները՝ Իրանում հետագա ռազմական գործողություններ սկսելու համար՝ առանց Կոնգրեսի հաստատման։

Նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում խոստացել էր շարունակել հարձակումը Իրանի դեմ՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ամուր դիրքում են Իսլամական Հանրապետության դեմ պատերազմում։

Մենք չենք ասում, որ ազատագրելու ենք Արցախը

Մեր քաղաքացիների մի ստվար զանգված մեզ հարցնում է՝ ինչպես եք պաշտպանելու արցախահայերի իրավունքները, և մենք ուղիղ պատասխանում ենք, որ արցախահայերի  Արցախ հավաքական վերադարձի իրավունքը մեր օրակարգում է։ Այս մասին, այսօր՝ մարտի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության և ՀՅԴ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«2021-ին, երբ Արցախը օկուպացված ու հայաթափված չէր, այլ բանի մասին էինք մենք խոսում, 2023 թվականին, երբ գործող իշխանությունների գործողությունների ուղիղ հետևանքով Արցախում հայ չի ապրում, մեր համար, մեր սրտերում, մեր հոգիներում Արցախը բնականաբար հայկական է, բայց մենք մեր քաղաքացիներին ՔՊ-ի պես խաբել չենք պատրաստվում, ոչ մենք չենք ասում, որ գալու ենք հաջորդ տարի ազատագրենք Արցախը, գալու ենք պատերազմ հրահրենք։

Մենք հիմա խոսում ենք արցախահայերի Արցախ հավաքական վերադարձի իրավունքի պաշտպանության մասին, որովհետև դա ենք իրատեսական տեսնում, դա է այս իրավիճակում իրատեսական»,–ասաց նա։

Իրանի դեսպանատուն են այցելել նաև Արցախի ղեկավարության ներկայացուցիչները

Հայաստանում Իրանի դեսպանատանը մարտի 4-ին, սգո մատյան է բացվել։ Բազմաթիվ քաղաքական ու հանրային գործիչներ են այցելում դեսպանատուն իրենց ցավակցությունը հայտնելու Իրանում պատերազմի հետեևանքով զոհվածների հիշատակին, նաև զորակցություն հայտնելու Իրանի ժողովրդին ու պետությանը։ Իրանի դեսպանատուն են այցելել նաև Արցախի ղեկավարության ներկայացուցիչները։ 
Նորայր Հովսեփյանը տեսանյութ է հրապարակել

Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ անում Սամվել Կարապետյանի շուրջ համախմբվել

Երեկ Ալեն Սիմոնյանը նենգորեն «մատնեց» ապագա խորհրդարանի կազմը՝ հայտարարելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կզբաղեցնի մեծամասնությունը, իսկ հիմնական ընդդիմադիր ուժերը կլինեն Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի կուսակցությունները։

Մի խոսքով՝ ոչ մի «ղարաբաղյան կլան» կամ «ազգայնականներ». ամեն ինչ մաքուր պետք է լինի։ Սկզբունքորեն բոլորը համաձայն են դրա հետ։

Նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը, ասում են, որոշել է ստանձնել պատրիարքի դերը և խորհուրդ է տվել միավորվել Սամվել Կարապետյանի շուրջ (չնայած, ինչպես հիշում եք, 2013 թվականին նա կառուցում էր «բուրժուա-դեմոկրատական» դաշինք Գագիկ Ծառուկյանի հետ)։

Տեր-Պետրոսյանը նաև մատնանշեց այն հիմնական ցուցանիշը, որով պետք է ընտրել ապագա կառավարությունն ու ընդդիմությունը։

«Կարելի է վստահորեն ասել, որ եթե Սամվել Կարապետյանը հաղթի, նա չի հրաժարվի արդեն ստորագրված միջազգային պայմանագրերից։ Ընդհակառակը, նա ավելի կամրապնդի Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունները», – նշեց Տեր-Պետրոսյանը։

«Միջազգային պայմանագրեր» ասելով, առաջին հերթին, նկատի են առնվում 2020-2026 թվականներին ստորագրված կամ նախաստորագրված փաստաթղթերը, որոնք հիմնված են բացառապես խորհրդային սահմանների վրա, այսինքն՝ բացառելով Արցախը, Նախիջևանը, Կարսը և Արարատ լեռը։ Այս պայմանագրերը կասկածի տակ դնողներից կրակի պես վախենում են և պատրաստ են կենդանի այրել, քանի որ դրանց հարցերին՝ կրակից բացի այլ փաստարկներ չունեն։

Հունական թերթին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանը նույնպես «խորհրդային սահմանները» մատնանշել է որպես սրբազան կով, որը անհրաժեշտ է ոչ միայն Հայաստանին, այլև Արևելյան Եվրոպայի երկրներին։ Ահսինքն, ով դեմ է սովետական սահմաններին, Եվրոպայի թշնամին է։

Հետևաբար, ընտրություններին մասնակցող կուսակցությունների համար «անցողիկ» միավորը կլինի այն մանտրան, որ Հայաստանը 29,900 քառակուսի կիլոմետր է, իսկ Արցախն ու Նախիջևանը Ադրբեջան են։ Առանց այս թեստի ոչ մեկի թույլ չի տրվի մասնակցել ընտրություններին. մոլդովական սցենարը վկա։

Նրանք, ովքեր կհանձնեն այս «թեստը» և կստանան մանդատներ, պետք է պատրաստ լինեն պատմության մեջ մտնել որպես ՀՀ-ի դագաղագործներ։

Հայկազովի պայթյունի հետևանքով անհետ կորածների ընտանիքները օգնություն կստանան

ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Մարտական ​​գործողությունների հետևանքով առաջացած պայմաններում և հանգամանքներում անհետ կորած անձանց մասին» նոր օրենքի նախագիծը։

Փոփոխությունների համաձայն՝ Հայաստանում անհետ կորած անձ կհամարվի զինծառայող կամ զինվորական ծառայություն չանցնող անձ, այդ թվում՝ կամավոր, որը անհետ կորել է մարտական ​​գործողությունների հետևանքով առաջացած պայմաններում, կամ հրադադարի ընթացքում, կամ մարտական ​​գործողություններից հետո խաղաղ ժամանակ։

Օրենքը նաև սահմանում է, որ ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ մահվան դեպքում պետությունը կարող է նրան տարեկան մեկ անգամ տրամադրել միանվագ ֆինանսական օգնություն։ Եթե անհետ կորած անձի ընտանիքը անօթևան է կամ ապրում է չորրորդ դասի վթարային շենքում, պետությունը կարող է նրան տրամադրել բնակարան կամ ֆինանսական միջոցներ՝ բնակարան գնելու համար։

Անհետ կորած անձանց ընտանիքների անդամները կօգտվեն մի շարք հարկային, կրթական և այլ արտոնություններից, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական աջակցությունից։

Ստեփանակերտի մոտ գտնվող բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով անհետ կորածների ընտանիքները կստանան նույն աջակցությունը, ինչ պատերազմի ընթացքում անհետ կորածները։

Sputnik-ի տվյալներով՝ 1988-ից 2005 թվականներին հայկական կողմից անհետ կորել է 437 մարդ, այդ թվում՝ 224 զինծառայող և 213 քաղաքացիական անձ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորած է համարվում ընդհանուր առմամբ 191 մարդ։ Իսկ Ստեփանակերտի նավթամբարում 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիայից անմիջապես հետո տեղի ունեցած պայթյունից հետո 22 մարդ դեռևս անհետ կորած է համարվում։

Թաթոյան․ Բաքուն նոր ներխուժումներ է իրականացրել ՀՀ տարածք

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն այսօր հրավիրած ասուլիսում փաստեր ներկայացրեց, որ ադրբեջանական զինված ուժեր նոր ներխուժումներ են իրականացրել ՀՀ տարածք։

Ըստ Թաթոյանի՝ նոր ներխուժումները տեղի են ունեցել 2025 թվականի հուլիսի 31-ից հետո մինչեւ օգոստոսի 19-ն ընկած ժամանակահատվածում, իսկ Հայաստանի իշխանությունները հանրությունից թաքցնում են այս փաստերը։

Մասնավորապես, Թաթոյանը արբանյակային լուսանկարների միջոցով ցուցադրեց, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մոտ ադրբեջանական նոր դիրք է տեղակայվել։ Մինչեւ 2025 թվականի հուլիսի 31-ն այս դիրքը գոյություն չի ունեցել, ըստ արբայնակային լուսանկարների՝ այս դիրքի տեղակայում տեղի է ունեցել մինչեւ օգոստոսի 19-ը։  Թաթոյանն ասաց, որ տեսանելի է՝ սա մարտական հերթապահություն իրականացնող ադրբեջանական դիրք է։

Դրան զուգահեռ Գեղարքունիքում ադրբեջանցիները նաեւ ճանապարհներ են կառուցել, բարելավել են իրենց կոմունիկացիաները, ՀՀ դիրքերին շատ մոտ թաքստոցներ են կառուցվել, որոնք կարող են օգտագործվել նաեւ հարձակվողական նպատակներով։

Ըստ Թաթոյանի՝ ադրբեջանական զինված ուժերն ուղիղ վերահսկողության տակ են պահում ՀՀ բնակավայրերը։ Սրանք ուղիղ վերահսկողությա տակ են պահում մեր գյուղերը։ Նորից մինչեւ 2025-ի հուլիսի 31-ը սրանք գոյություն չեն ունեցել»,- նշեց նա։

Վայոց ձորի մարզում, մասնավորապես, Ջերմուկի հատվածում եւս ներխուժման ու ամրաշինական աշխատանքների փաստեր են արձանագրվել։ Ջերմուկի հարեւանությամբ արդբեջանցիները նոր տարածքներ են ներխուժել, ականանետային դասակների համար նախատեսված դիրքեր են կառուցել։

«Ակնհայտ է, որ այստեղ կարմիր թելով գնում է Արցախի սցենարը։ Արցախում նույն բանն էին անում ադրբեջանական զինված ուժերն ու Ադրբեջանի իշխանությունները 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, 2021 թվականից սկսած։ Նրանք ռազմավարական առումով բարելավում էին իրենց կոմունիկացիաները՝ ճանապարհներ, դիրքերի բարելավումներ՝ անընդհատ ահաբեկելով մարդկանց եւ նախապատրաստվելով գործողությունների։

Ադրբեջանը շարունակում է ներխուժել ու կտրատել մեր երկրի տարածքները։ Սա այն գինն է, որն այս իշխանությունը այսպես կոչված խաղաղության համար հռչակել է։ Գնում են հանդիպումների, Ադրբեջանի իշխանությունների հետ պայմանավորված քննարկումների, եւ ի՞նչ է տեղի ունենում՝ գաղտնի, մեր ժողովրդի թիկունքում այսպիսի ներխուժումներ ու դիրքային բարելավումներ են տեղի ունենում»,- նշեց Թաթոյանը։

Իրաքի քրդերին պատրաստում են Իրան ներխուժելու համար

Իրանի քրդական զինված խմբերը վերջին օրերին քննարկումներ են անցկացրել ԱՄՆ-ի հետ՝ Իրանի արևմտյան հատվածում անվտանգության ուժերի դեմ հնարավոր հարձակումներ իրականացնելու վերաբերյալ, հայտնում է Reuters-ը։

Իրաքյան Քրդստանի տարածքում գտնվող այդ խմբերը պատրաստվում են հնարավոր գործողության։Աղբյուրների խոսքով՝ գործողության նպատակն է թուլացնել Իրանի իշխանություններին և հնարավորություն ստեղծել երկրի ընդդիմադիր ուժերի համար։

Վերջնական որոշում հնարավոր գործողության և դրա ժամկետների մասին դեռ չի ընդունվել։

Reuters-ի աղբյուրները նշում են, որ քննարկվում է ԱՄՆ-ի աջակցությունը, այդ թվում՝ հնարավոր զենքի մատակարարումը։ ԱՄՆ պաշտոնական կառույցները դեռ չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Ալի Խամենեիի որդին ընտրվել է Իրանի նոր առաջնորդ. լրատվամիջոցներ

Իրանի նոր գերագույն առաջնորդ է ընտրվել սպանված այաթոլլա Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին։ Այս որոշումը կայացրել է 88 բարձրաստիճան շիա հոգևորականներից բաղկացած խորհուրդը, DW-ին հայտնել են Իսլամական Հանրապետության աղբյուրները։

Իրանի կառավարությունը և լրատվամիջոցները դեռևս պաշտոնապես չեն հաստատել դա։ DW-ի աղբյուրների համաձայն՝ Մոջթաբա Խամենեիին ընտրելու որոշումը կայացվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) ճնշման ներքո։

Ալի Խամենեիի մահից հետո Իրանը ժամանակավորապես կառավարվում է երեք անդամից բաղկացած խորհրդի կողմից՝ նախագահ Մասուդ Պեզեշկիան, դատական ​​համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեյ և Պահապանների խորհրդի անդամ այաթոլլա Ալիռեզա Արաֆի։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, բայց սպասվում են տեղումներ

Մարտի 4-ի առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Երևանում մարտի  4-ի գիշերը, 5-ի ցերեկը, 6-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ին կեսօրից հետո, 5-ի գիշերն և առավոտյան, 7-ին սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին ձյան, ցերեկային ժամերին ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։

Հանրապետության տարածքում մարտի 4-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 4-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից շուրջ 4,5 մլրդ բռնագանձման գործը կարճվել է

Գեներալներ Մովսես Հակոբյանից և Արմեն Հարությունյանից որպես գույքային վնաս 4 մլրդ 370 մլն 985,000 դրամի բռնագանձման գործը ՀՀ հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը կարճել է։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
Այսպիսով, ըստ լրատվամիջոցի` դատարանը՝ դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, բավարարել է պատասխանող կողմի միջնորդությունը՝ հայցային վաղեմություն կիրառելու մասին։ Այս հայցադիմումով շուրջ 4,5 մլրդ դրամի չափով արգելանք էր դրվել Հակոբյանի և Հարությունյանի գույքերի վրա։
Կայքը հիշեցրել է, որ ՀՀ դատախազությունը ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ–գնդապետ Մովսես Հակոբյանից ու ԶՈւ հրթիռային զորքերի և հրետանու վարչության նախկին պետ, գեներալ–մայոր Արմեն Հարությունյանից պահանջում էր շուրջ 4,5 մլրդ դրամ բռնագանձել՝ որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում։ Հայցադիմումը ՀՀ Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան մուտքագրվել է 2025 թ. մարտի 17–ին և նույն օրը մակագրվել դատավոր Լիլի Դրմեյանին։

Իրանի և Միացյալ Նահանգների միջև տեղեկատվական պատերազմը պառակտել է աշխարհը

Իրանում արյունալի պատերազմը ուղեկցվում է նույնքան դաժան տեղեկատվական պատերազմով, որը բաժանել է աշխարհը, որն անհույս փորձում է գլուխ հանել տեղեկատվական հոսքից: «Ո՞վ է մեղավոր» և «ո՞վ է սկսել հարցը» ոչ ոքի չի հետաքրքրում. բոլորը կենտրոնացած են մեկ բանի վրա. սա ոչնչացման պատերազմ է, և միայն մեկ կողմը կմնա «ողջ»՝ կամ Իրանը, կամ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը։ 

Ինքը՝ Թրամփը, իսրայելամետ փորձագետների և լրատվամիջոցների հետ միասին, ասում է, որ Իրանը գրեթե փլուզվել է, որ ամերիկամետ ցամաքային ուժերը պատրաստվում են մտնել Իրան Իրաքյան Քրդստանից, և այդ ժամանակ ամեն ինչ կավարտվի։

Թրամփը նաև պնդում է, որ Իրանի ողջ ղեկավարությունը, ներառյալ նույնիսկ երկրորդ և երրորդ հերթի  “փոխարինողները”, վերացվել է, և այժմ անհասկանալի է, թե ում հետ են ամերիկացիները բանակցելու: Հաղորդվել է, որ ռմբակոծվել է շենքը, որտեղ, ըստ հաղորդագրությունների, պետք է հավաքվեին 88 իրանցի մոլլաներ և Գերագույն խորհրդի անդամներ՝ նոր այաթոլլա ընտրելու համար: Իսրայելամետ լրատվամիջոցները ակնարկում են, որ նրանք բոլորը մնացել են շենքի փլատակների տակ։ Բրանց մասին իրոք դեռ ոչ մի տեղեկություն չկա։

Իրանամետ քարոզչությունը, իր հերթին, հաղորդում է ամերիկացի զինվորների շրջանում բազմաթիվ զոհերի, Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմական բազաների ոչնչացման և Թուրքիայում Ինջիրլիքի ավիաբազայի վրա հարձակման մասին։

Իրանական լրատվամիջոցները հաղորդում են, որ Իրանի ռազմական և քաղաքական ղեկավարությունը շարունակում է ակտիվ լինել, որ գնդակոծված շենքում Գերագույն խորհրդի անդամներ չեն եղել, և որ սպանված այաթոլլա Խամենեիի որդին ընտրվել է նոր հոգևոր առաջնորդ։

Իրանի արտաքին գործերի նախարարը հրապարակում է գնդակոծության ժամանակ զոհված իրանցի հարյուրավոր աշակերտուհիների համար փորված գերեզմանների լուսանկար՝ նշելով, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ոչնչի առաջ չեն կանգնում, ինչը Իրանին իրավունք է տալիս նույնը անել։

Վերլուծաբաններն ու փորձագետները, որոնք չեն հավատում քարոզչությանը, խոսում են երկու հիմնական համաշխարհային սպառնալիքների մասին՝ միջուկային հարվածի հնարավորության և ամբողջ համաշխարհային տնտեսության փլուզման մասին՝ նավթի գների բարձրացման և լոգիստիկայի խափանման պատճառով։

Ե՛վ ԱՄՆ-ն, և՛ Իրանը հայտարարում են, որ պատրաստ են անորոշ ժամանակով պատերազմել, և մինչդեռ Թեհրանը գիտի իր նպատակը՝ գոյատևումը և տարածքային ամբողջականության և ինքնության պահպանումը, ԱՄՆ-ն և Իսրայելը անընդհատ փոխում են նպատակները՝ երբեմն խոսելով միջուկային սպառնալիքի վերացման, երբեմն ռեժիմի փոփոխության, երբեմն Իրանը բաժանելու և Իսրայելի սահմանները ընդլայնելու մտադրության մասին։

Հարավային Կովկասի երկրների ղեկավարությունը անհոգ է թվում. ամուսնալուծված Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում գրկախառնվում է Կոբախիձեին և թմբուկ նվագելու վարպետության դաս տալիս, մինչդեռ Ալիևը ընտանիքի հետ խարույկի շուրջ նշում է Ռամադանի օրերից մեկը (հետաքրքիր է՝ Ալիևը շիա՞ է, թե՞ սուննի)։

Մինչդեռ, ադրբեջանական զորքերը լուռ կուտակվում են Իրանի հետ սահմանի մոտ (կարդացեք՝ Հայաստանի), իսկ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պնդում է, որ Հայաստանին սպառնալիք չկա։

Անկայունությունն օրեցօր աճում է, և չնայած կյանքը Հայաստանում, կարծես, շարունակվում է սովորականի պես, ամեն առավոտ մարդիկ անհանգստությամբ նայում են Իրանի կողմը, փորձելով հասկանալ, թե որքան կտևի կայունությունը և արդյոք իմաստ ունի պլանավորել։