Հենրիխ Մխիթարյանը կհեռանա՞ ֆուտբոլից

Tuttosport-ի փոխանցմամբ՝ «Ինտերը» դադարեցրել է Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգման բանակցությունները։

Հայ կիսապաշտպանը կարող է ավարտել կարիերան ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները 12 տարվա ընթացքում առաջին անգամ այցելել են ԱՄՆ

DW

Ռուսաստանի Պետդումայի պատգամավորների պատվիրակությունը Վաշինգտոնում 12 տարվա ընթացքում առաջին խորհրդարանական բանակցություններն է անցկացրել ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ։ Այս մասին հինգշաբթի՝ մարտի 26-ին, Telegram-ում հայտարարել է Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի առաջին փոխնախագահ Վյաչեսլավ Նիկոնովը։

«Կոնգրեսականների հետ առաջին հանդիպումը լավ է անցել։ Մինչ այժմ ամեն ինչ ավելի լավ է, քան ես սպասում էի։ Միջխորհրդարանական կապերի վերականգնումը հնարավոր է», – հայտարարել է Նիկոնովը։

AFP-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պատվիրակության կազմում էին ինչպես Կոնգրեսի կուսակցությունների՝ հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների ներկայացուցիչներ։ Վաշինգտոնում Թրամփի խաղաղության ինստիտուտում տեղի ունեցած հանդիպումը նախաձեռնել է Ֆլորիդայից հանրապետական ​​կոնգրեսական Աննա Պաուլինա Լունան։

«Որպես երկու խոշորագույն միջուկային տերությունների ներկայացուցիչներ՝ մենք պարտավոր ենք ապահովել մեր քաղաքացիների բաց երկխոսությունը, մտքերի փոխանակումը և հաղորդակցության ուղիների պահպանումը», – այդպես է Լունան սոցիալական ցանցերում մեկնաբանել Պետդումայի ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները։

Ապրիլի 22-ին, «Սարից այն կողմ» դրամայի ցուցադրություն

Ապրիլի 22-ին, Հ. Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոնում, ՀԲԸՄ աջակցությամբ, կկայանա Կարինե Քոչարյանի «Սարից այն կողմ» դրամայի ցուցադրությունը:
2020 թվականի Արցախյան պատերազմի ծանր հետևանքների համապատկերում ստեղծված այս դրամայի հիմքում երկու դեռահասների սերն է, որոնց անձնական վիշտը դառնում է այն ցավոտ պրիզման, ինչի միջով բացահայտվում է իրենց լեռները հավերժ կորցրած ժողովրդի ճակատագիրը:
Գործողությունները տեղի են ունենում 44 օրյա պատերազմից 5-6 ամիս հետո, զուգահեռ պատմությունների միջոցով՝ ներկայացնելով իրենց հողին անքակտելիորեն կապված տարբեր սերունդներին: 85-ամյա պապը, ով տենչում է վերադառնալ սարերի մեջ կորած իր տունը, Արցախյան առաջին պատերազմում հաշմանդամություն ստացած ազատամարտիկը, ով չի պատկերացնում իր կյանքն Արցախից դուրս, տղամարդը, ով փորձում է զրոյից վերակերտել Հադրութում իր կորցրած տունը և խլված ինքնությունը, հույսով ապրող երիտասարդ աղջիկը, ով սպասում է պատերազմում անհայտ կորած իր փեսացուին: Անձնական կորստի և ազգային ողբերգության հատման կետերով՝ այս պիեսը փառաբանում է մի ժողովրդի անկոտրում ոգին, որի համար հայրենիքը սոսկ տարածք չէ, այլ սեփական էության անբաժանելի և շնչող մասնիկը:

Թրամփը 10 օրով հետաձգեց Իրանի վրա հարվածները, բայց այնտեղ ուղարկեց 10,000 զինվորական

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ որոշել է Իրանի էներգետիկ օբյեկտներին հարվածները հետաձգել ևս 10 օրով՝ Թեհրանի հետ բանակցություններ վարելու համար: Նա ասաց, որ որոշումը կայացվել է Իրանի կառավարության խնդրանքով, սակայն Թեհրանը հերքում է, որ դա խնդրել է։

Անհասկանալի է մնում, թե Իրանում ԱՄՆ-ն կոնկրետ ում հետ է բանակցություններ վարում: Թրամփը երեկ հայտարարեց, որ իրանցի պաշտոնյաները հերքում են բանակցություններին մասնակցելը՝ վախենալով սպանվելուց։

Լրատվամիջոցների հաղորդագրությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն տարածաշրջան է ուղարկել լրացուցիչ 10,000 զինվորական՝ ցամաքային գործողություն անցկացնելու համար։

Ինքը՝ Իրանը, խոսում է 1 միլիոն հետևակի զինվորականների մոբիլիզացիայի մասին։

Միևնույն ժամանակ, Իսրայելը հայտնում է իր զինվորական անձնակազմի լրացնելու հետ կապված խնդիրների մասին։

Մինչև 2020 թվականը Արցախում ռուս զինվորներ չկային, իսկ երաշխավորը ԵԱՀԿ Մինսկի խումբն էր

Հասկանո՞ւմ եք, թե ինչի մասին են խոսում ռևանշիստները։ Սա արվում է, որպեսզի Հայաստանը դառնա մեկ այլ պետության մաս, որպեսզի լինեն ռուս խաղաղապահներ և հավերժական պատերազմ, միջնորդով, հայտարարեց Ալեն Սիմոնյանը՝ սպառնալից աչքերը ֆռացնելով։

«Մեր երաշխավորը՝ նա, ով այստեղ ունի ռուսական բազա, և ով խաղաղապահներ ուներ Լեռնային Ղարաբաղում, ով դարեր շարունակ երաշխավոր է եղել, բաևեկամ, ասաց հետևյալը. զգույշ հեռացեք, որպեսզի չվնասեք մնացածը», – հավելեց նա։

Ալեն Սիմոնյանը, ինչպես Նիկոլ Փաշինյանը, փորձում է աղավաղել կոլեկտիվ հիշողությունը, որը փորձում է, բայց չի կարողանում հիշել, թե 2020 թվականից առաջ որ պահին են Արցախում ռուսական զորքեր եղել։

30 տարի շարունակ Արցախում ռուսական զորքեր չեն եղել, ի տարբերություն Հայաստանի, որտեղ մինչ օրս ռուսական բազա կա, գործում են ռուս-հայական համատեղ ռազմական խմբավորում, համատեղ օդային պաշտպանության հրամանատարություն, սահմանապահ զորքեր և այլ «երաշխիքներ»։

30 տարի շարունակ Ղարաբաղը միակ “ռուսֆռի” հետխորհրդային հակամարտություն էր, առանց Ռուսաստանի՝ ի տարբերություն Աբխազիայի, Մերձդնեստրի և Ղրիմի։ Հետևաբար, Ղարաբաղի հակամարտությունը միակն էր, որտեղ առաջարկվող լուծումը ոչ թե «տարածքային ամբողջականության» վերականգնումն էր, այլ «ինքնորոշման իրավունքը»։

Մինչև 2020 թվականը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն էր Արցախում «երաշխավորի» դերում՝ հաջողությամբ խափանելով Ռուսաստանի բոլոր փորձերը միակողմանիորեն զորքեր մտցնել Արցախ։ Ռուսական զորքերը Արցախում հայտնվեցին միայն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին հայտարարություն ստորագրեց։ Եւ ընդամենը երեք տարվա ընթացքում նրանք «երաշխավորեցին» Արցախի լիակատար օկուպացիան և հայաթափումը։

Արցախցիների համար պետական ​​ծրագրերի արդյունավետությունը ցածր է, չնայած մեծ միջոցներ են հատկացվում

Արցախից բռնի տեղահանվածների միայն 10%-ն է կարողացել Հայաստանում բնակարան գնել պետական բնակապահովման ծրագրով, իսկ 25 000–ն արտագաղթել է. Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը` անդրադառնալով 2023թ–ից ի վեր ՀՀ կառավարության կողմից արցախցիներին ուղղված ծրագրերի արդյունքներին։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2023 թ-ից ի վեր Հայաստանի պետական բյուջեից տարբեր ծրագրերով շուրջ 145 միլիարդ դրամ է հատկացվել ԼՂ–ից տեղահանվածների կարիքները հոգալու համար։
Իսկանդարյանը նշեց, որ 2023–ի բռնի տեղահանումից հետո ՀՀ կառավարությունը որևէ ձևով չի համագործակցել Արցախի կառավարության հետ` արցախցիների հոգսերը թեթևացնելու նպատակով։
«Առաջին իսկ օրվանից մենք ասել ենք, որ բնակապահովման ծրագրում բազմաթիվ են խնդիրները։ Բոլորիս համար էլ պարզ է, որ Հայաստանում չկա մի բնակավայր, որտեղ 2-3 հոգանոց ընտանիքները կարողանան իրենց հասանելիք 5 կամ 10 միլիոն դրամով բնակարան ձեռք բերել։ Պետք է շեշտել, որ տվյալ բնակավայրում քաղաքացին պետք է նաև աշխատանքով ապահովվի։ Երբ մենք խոսում ենք արցախցիներին նույն համայնքում, համատեղ բնակեցնելու ծրագրի մասին, նրանք պնդում են, որ ուժ է գեներացվում»,– ասաց նա։
Արցախից բռնի տեղահանված անձանց համար կառավարությունը նաև ձեռնարկատիրական գործունեություն սկսելու պետական աջակցության ծրագրեր է իրականացնում։
Նժդեհ Իսկանդարյանի գնահատմամբ`այս ծրագրերը իրականում արցախցիների համար հասանելի և մատչելի չեն։ «Թող իրենք տվյալներ հրապարակեն, մենք էլ կփորձենք պարզել, թե քանի արցախցի է կարողացել է մինչ օրս կառավարության կողմից հատկացված միջոցներով Հայաստանում բիզնես սկսել։ Համենայնդեպս, իմ շրջապատում նման մարդ չկա»,– նշեց նա։
Ինչ վերաբերում է Արցախից բռնի տեղահանվածների ՀՀ քաղաքացիություն ստանալուն, Իսկանդարյանի դիտարկմամբ, խնդիրը ավելի շատ էմոցիոնալ դաշտում է։ Ոմանք, ըստ նրա, պնդում են, որ իրենք արդեն իսկ ՀՀ քաղաքացիներ են, քանի որ նույն կապույտ անձնագիրն ունեն, ոմանք անհանգստանում են, որ այդ կերպ կկորցնեն Արցախի հետ իրենց կապն ու բռնի տեղահանվածի իրենց կարգավիճակը։

Հայկական երկաթուղիները կարող են անցնել Ղազախստանին

Հայաստանը տեսականորեն առարկություն չունի Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) կառավարումը ղազախական ընկերությանը փոխանցելուն, եթե դա ընդունելի լինի ռուսական կողմի համար։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Դժվար է սա քննարկում անվանել։ Մենք բանակցություններ չենք վարում մեր ռուս գործընկերների հետ, քանի որ նրանք դեռևս իրենց համաձայնությունը չեն հայտնել», – նշել է Փաշինյանը։ Նա հավելել է, որ Երևանը հույս ունի լուծում գտնել գործընկերության միջոցով։

Ի՞նչ տարբերություն կա Ռուսաստանի և Ղազախստանի միջև, բացի այն, որ Ղազախստանը Թյուրքական միության անդամ է։

Հանդիպում Արցախի ներկայացուցչությունում․ Արցախի հիմնախնդիրը մնում է չլուծված

Սույն թվականի մարտի 25-ին Արցախի ներկայացուցչությունում ընդունել են ֆրանսիացի երաժիշտ, լրագրող և փիլիսոփայության դոկտոր Ուլիս Մանեսին և ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականի լրագրող Ադրիեն Բրիանին։
Հյուրերը Հայաստան են ժամանել Ուլիս Մանեսի և Հերմինե Ավագյանի համահեղինակած «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա. Ստեփանակերտ–Փարիզ» գրքի շնորհանդեսի առիթով:
Քննարկվել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և միջազգային հանրության իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությունը։
Արցախի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել հյուրերին՝ այս դժվար ժամանակահատվածում Արցախի թեմայի շուրջ իրականացվող գործունեության և հետևողական ուշադրության համար։
Ընդգծվել է, որ Արցախի հիմնախնդիրը շարունակում է մնալ չլուծված, և կարևոր է, որպեսզի միջազգային հարթակներում շարունակաբար բարձրաձայնվի Արցախի ժողովրդի իրավունքների հարցը։
Զրուցակիցները նշել են նաև, որ ֆրանսիական «Լը Ֆիգարո» պարբերականը դեռևս արցախյան շարժման սկզբնական փուլից անդրադարձել է թեմային, շարունակել և շարունակելու է հնարավորինս հաճախ ներկայացնել ճշմարտությունը։
Իր հերթին Ուլիս Մանեսը և Ադրիեն Բրիանը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը շարունակելու լուսաբանել Արցախի շուրջ զարգացումները և ներկայացնել առկա իրողությունները միջազգային հանրությանը։

Մինչև այսօր «Ազնավուր Սաղյան»-ի անվան կրթաթոշակի է արժանացել 90 ուսանող

«Լորիկ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Շանթ Չարշավճյանը ներկայացնում է այն աշխատանքները, որ կատարվում են հիմնադրամի միջոցով, ինչպես նաև պատմում է առաջիկա ծրագրերի մասին։

-Գիտենք, որ հիմնադրվել է կրթամշակութային հիմնադրամ, որը նահատակված Ազնավուր Սաղյանի հիշատակին է։ Ի՞նչ նպատակով է այն ստեղծվել:

Ազնավուր Սաղյանի անվան կրթաթոշակային հիմնադրամը ստեղծել ենք, որ միշտ վառ մնա հերոս հայորդու հիշատակը և ուսանողներն ավելի պարտավորված զգան իրենց։

Կրթամշակութային ծրագիրը կյանքի է կոչվել 2025 թվականի նոյեմբերից։ Հիմնադրամում առաջին բարեգործությունը կատարվել է իմ կնոջ՝ Մարինեի՝ «Մարալն ու հայրիկը Արցախում» գրքի վաճառքի հասույթից, որն իրականացվել է ԱՄՆ-ում։ Հետո ամերիկահայ մեր բարեկամները սկսել են նվիրատվություններ կատարել։

Մեծ նվիրատուներ չունենք, սակայն կան նվիրված մարդիկ, որոնք իրենց ունեցածից նվիրաբերում են ու աջակցում արցախցի ուսանողին։ Հիմնականում նվիրաբերում են 50-100 ԱՄՆ դոլար։

Ամեն ինչ արվում է Արցախից տեղահանված ուսանողներին օգնելու համար, քանի որ շատ-շատերը գումարի պատճառով կարող են զրկվել բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորելու հնարավորությունից։

Մինչև այսօր «Ազնավուր Սաղյան»-ի անվան կրթաթոշակի է արժանացել 90 ուսանող, ովքեր սովորում են Հայաստանի 20 հաստատություններում՝ պետական համալսարաններ, բժշկական հաստատություններ, մանկավարժական և լեզվաբանական ուղղություններով համալսարաններ, մասնավոր և անկախ բուհեր, մասնագիտացված / Սպորտային /Գիտահետազոտական և այլ կրթական հաստատություններ։

Ուսանողներին տրամադրված ընդհանուր կրթաթոշակը կազմել 16 մլն ՀՀ դրամ։ Մեկ ուսանողին տրամադրվում է 160-180 հազար ՀՀ դրամ։

Մենք աշխատում ենք հնարավորության սահմաններում օգնել սովորողներին, պահպանել նրանց կրթության հասանելիությունը։

Կրթաթոշակից օգտվել են փայլուն սովորող ուսանողներ Շուշիից, Մարտակերտից, Ստեփանակերտից, Հադրութից, Մարտունուց, Թաղավարդից, Մուշկապատից, Ճարտարից, Սպիտակաշենից, Ծովատեղից, Գիշուց, Շեխերից, Մաճկալաշենից, Եմիշճանից, Խերխանից, Հերհերից, Կոլխոզաշենից, Աշանից։

Ուրախ եմ շատ, որ կարողանում ենք օգտակար լինել արցախցի տեղահանված ուսանողներին, և այս ծրագիրը, կարծում եմ՝ շարունակական է լինելու։

2023 թվականի սեպտեմբերից «Լորիկ» հիմնադրամի միջոցով փորձում եք տեղահանված արցախցիներին ապահովել բնակարաններով։ Ինչքանո՞վ է հաջողվել այդ ծրագիրն իրականացնել։

-Ծրագիրն սկսել ենք կյանքի կոչել տեղահանությունից անմիջապես հետո։ Ունենք 13 շահառու, որոնցից 5-ը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհվածների ընտանիքներ են։

Շահառուների համար այդ տները ձեռք ենք բերել մեծամասամբ Լոռու մարզում, 1 տուն Սևան, 2-ը՝ Աբովյան քաղաքներում, իսկ 1 տուն՝ Երևանին հարակից բնակավայրում։ Զոհված զինծառայողների ընտանիքներին տներ ենք տրամադրել իրենց նախընտրած բնակավայրերում։ 2023-ի հոկտեմբերի վերջին մենք 1 ընտանիքի արդեն իսկ ապահովել էինք բնակարանով։

Ներկա պահին չենք կարողանում նույն ձևով շարժվել։ Քանի որ արցախցիների մեծ մասը սկսել են հավաստագրերով բնակարաններ ձեռք բերել, տների գներն ակնհայտ աճել են։ Այդ պատճառով հիմնադրամը հնարավորություն չունի տուն գնել։ Մենք ընդամենը կարող ենք ֆինանսական աջակցություն ցուցաբերել հավաստագրով տուն ձեռք բերած մարդկանց (կարող է դա լինել վերանորոգման, կահույքի ձեռք բերման կամ էլ տան գումարի պակասը լրացնելու համար)։ Առաջնահերթությունը տալիս ենք զոհված զինծառայողների ընտանիքներին։

-Ի՞նչ կասեք առաջիկա ծրագրերի մասին։

-Նախատեսում ենք ծրագիր փոքր բիզնեսի զարգացման համար։ Ունենք 74 դիմորդ, ովքեր առցանց հայտ են լրացրել։ Ապրիլի սկզբին կավարտենք ուսումնասիրությունը, կկայացվի որոշում, ու շահառուները կստատան աջակցությունը։

Մյուս ծրագիրը, որը նոր ենք կյանքի կոչել, իրենից ներկայացնում է Արցախի համայնքների, առանձին գերդաստանների պատմության վավերագրություն։ Իմ նախապապերը Արևմտյան Հայաստանից են, ես գրեթե տեղեկություններ չունեմ նրանց մասին, ու դա միշտ ինձ ցավ է պատճառում։ Ուզում եմ, որ սերունդները իմանան իրենց պատմությունը ու փոխանցեն իրենց ժառանգներին։

Մեծ ու ծավալուն աշխատանք ենք սկսել, աշխատում ենք 3 խմբով, որտեղ ներգրավված են ակտիվ ու բանիմաց երիտասարդներ։ Քանի որ Արցախում ապրել եմ Մարտունու շրջանում, մտադրություն ունեմ ծրագրում ներառել շրջանի բոլոր գյուղերն իրենց հետաքրքիր մարդկանցով, մշակույթով, ավանդույթներով։

Արդեն ունենք ավելի քան 200 հարցազրույց՝ Հացի, Աշան, Ավդուռ, Կղարծի գյուղերի բնակիչների հետ։

Հետագայում, իհարկե, մեր բոլոր հարցազրույցները՝ որպես արցախյան համայնքների պատմության խոսուն վկաներ, կհրապարակվեն և հասանելի կլինեն աշխարհի բոլոր ծայրերում։

Ասեմ, որ փոքր գումարներով մեծ աշխատանք է կատարվում։ Ողջունում եմ այն մարդկանց, ովքեր կանգնած են մեր կողքին, ովքեր թև են տալիս, խրախուսում մեր հայրենանվեր գործին։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Հայաստանցին սարսափով հետևում է, թե ինչպես է Փաշինյանը արցախցիների հետ վարվում

Նիկոլ Փաշինյանը, մի կողմ թողնելով Կաթողիկոսին, նախանձելի եռանդով կրկին հարձակվել է արցախցիների վրա, յուրաքանչյուր օր նրանց գլխին թափելով տոննաներով կեղտ։ Էլ փախածներ, էլ հայաստանցիների միլիարդներ կերածներ։ Եվրոպական ԶԼՄ-երը շոկի մեջ նկարագրում են, թե ինչպես է Փաշինյանը մետրոյում խոսում Արցախցից տեղահանված կնոջ և նրա երեխայի հետ։ 

Բայց ամենաուշադիրը հայաստանցիներն են հետևում, թե Փաշինյանը ինչպես է վարվում արցախցիների հետ․ նրանք հասկանում են, որ հաջորդը իրենք են։    

Կարծես ոչ ոք էլ չի փորձում վիճել կառավարության հետ։  Սևին սպիտակ ասողի հետ ի՞նչ իմաստ ունի վիճելու։ Կեղտի հերթական բաժնեմասն այսօր էր․

Միֆ է, թե Ղարաբաղում մինչև վերջ կռվել են։ Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 2023 թվականի դեպքերից հետո (Լեռնային Ղարաբաղում – խմբ․) տեղի է ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստ, որի ժամանակ վերլուծվել են մարտական գործողությունների արդյունքները, և պնդումները, թե կռվել են և այլն, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը։

Փաշինյանը հավելել է, որ, հետախուզության տվյալներով, սպառազինության առյուծի բաժինը (80-90%-ը) անձեռնմխելի է մնացել։ Նա առասպել է անվանել այն խոսակցությունները, թե մինչև վերջ մարտեր են մղվել։ «Իմիջիայլոց, կարիք լինի այդ տվյալները կգաղտնազերծենք։ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի փաստաթղթերի նման ճիշտ պահին հրապարակեմ։ Սուտ է, չեն կռվել, չի եղել նման բան, փախել են, ճողոպրել են, – նշել է Փաշինյանը։

Նա չի ասել, թե այդ դեպքումինչու չի հրապարակվել 44-օրյա պատերազմի մասին զեկույցը։

Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ նույնպես «ճողոպրել են» որոշակի պլանի շրջանակներում, որպեսզի դա ներկայացվի որպես Հայաստանի իշխանությունների դավաճանություն և այդ ֆոնին իշխանափոխություն իրականացվի։ «Բայց նրանք չէին կարող դա անել, քանի որ չէին ներկայացնում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ղարաբաղի ժողովուրդներին։ Նրանք լեգիտիմություն չունեին», – նշել է Փաշինյանը։

Նա վստահեցրել է, որ մինչ այդ իշխանությունները պայմաններ էին ստեղծել, որպեսզի քաղաքական գործընթաց տեղի ունենա, իսկ Ղարաբաղի ղեկավար շրջանակների որոշ ներկայացուցիչներ ոչ միայն խոչընդոտել են դրան, այլև իրականացրել են իշխանափոխություն, ինչի կապակցությամբ Հայաստանի խորհրդարանում միմյանց շնորհավորում էին՝ հակառակ գնահատականներին և զգուշացումներին։

«Ընդամենը մի շաբաթ հետո տեղի ունեցան այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան։ Այն, ինչ որ արեցին Ղարաբաղում՝ հաջորդիվ ուզում են անել Հայաստանում։ Այդ մարդիկ, ընդ որում, նրանց մի մասը Հայաստանի իշխող շրջանակների և քաղաքական ուժերի ներկայացուցիչներ էին, բառիս բուն իմաստով՝ նրանք փախան Ղարաբաղից։ Ընդ որում՝ ինձ մեղադրելով, որ սահմանները մենք փակել ենք և թույլ չենք տալիս, որ ժողովուրդը դուրս գա։ Ղարաբաղի ներկայացուցիչներին ես այն ժամանակ զգուշացրել եմ, ասել եմ, եթե դուրս եկաք՝ իմացեք, այլևս վերադարձի հնարավորություն չի լինելու», – նշել է Նիկոլ Փաշինյանը։

Արցախցիների համար 4 մլն․ ծրագիրը հաստատվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 26–ի նիստում ԼՂ–ից տեղահանված ընտանիքներին բնակապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություն կատարելու մասին որոշում կայացրեց։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ այս որոշմամբ առաջարկում են վերանայել աջակցության չափերը. «Մասնավորապես, առաջարկում ենք ծրագրի շրջանակներում որպես ընտանիքի անդամ դիտարկել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31–ը ծնված երեխաներին՝ անկախ նրանից, թե երբ են ներկայացրել առցանց դիմում–հայտարարությունը և ստացել ծրագրով նախատեսված հավաստագիրը։

Մյուս առաջարկով առաջարկում ենք, որ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունից կարող են օգտվել նաև այն շահառուները, որոնք բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական տան կառուցման նպատակով 2025–ի հուլիսի 1–ի դրությամբ ստացել են ոչ թե հիփոթեքային վարկ, այլ հիփոթեքային վարկի վերաֆինանսավորման նպատակով նրանց տրամադրվել է անշարժ գույքի գրավով սպառողական վարկ։

Առաջարկում ենք նաև սահմանել, որ եթե շահառուն դրական մնացորդը ցանկանում է իրացնել կահույքի կամ կենցաղային տեխնիկայի  գնման ուղղությամբ, ապա այս դեպքում աջակցության գումարը փոխանցվում է վաճառողի բանկային հաշվին։

Հաջորդը, այս նախագծով առաջարկվում է վերանայել ծրագրով սահմանված աջակցության չափը, մասնավորապես, ընդլայնել 4 մլրդ դրամ սահմանաչափով  բնակավայրերի ցանկը, որոնք հիմա 611–ն են, ավելացնել դրանք 150 բնակավայրով։ Խոսքը վերաբերում է սահմանակից համայնքներին համայնքներին։ Նախկինում նրանք կարող էին ստանալ 3 մլն դրամ։ Այսինքն Երևանը կմնա 3 մլն, որոշ սահմանամերձ համայնքներ, որոնք 5 մլն են, կմնան 5, իսկ մնացածը կդառնան 4 մլն»,–ասաց նախարարը։

Թորոսյանը նշեց, որ խոսքը հետևյալ համայնքների մասին է՝ Աշտարակ, Արտաշատ, Մասիս, Փարաքար, Աբովյան, Նաիրի, Նոր Հաճն, Գառնի և Ջրվեժ. «Ես տվեցի խոշորացված համայնքների անունները, բայց սա  իրենց բոլոր բնակավայրերին է վերաբերում, այսինքն որոշումը, մոտ 150 բնակավայրի մասին է։

Այդ բնակավայրերում այս պահի դրությամբ ապրում է մոտավորապես 25000 մեր հայրենակից, այդքան մարդու վրա կազդի, բայց նաև կարող է ուրիշ բնակավայրերում ապրող քաղաքացիները ընտրեն այս նոր համայնքները»։

Իրաքը կարող է պահանջել ԱՄՆ-ի բազաների դուրսբերումը

Ծոցի երկրները Իրաքին կոչ են արել միջոցներ ձեռնարկել իր տարածքից սկսվող հարձակումները կանխելու համար, չորեքշաբթի հաղորդել է The National պարբերականը։

«Վեց երկրներ հայտարարել են, որ Իրաքի իշխանություններին կոչ են արել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Իրաքի տարածքից հարևան պետությունների դեմ խմբավորումների, աշխարհազորայինների և զինված խմբավորումների հարձակումները անհապաղ դադարեցնելու՝  եղբայրական հարաբերությունները պահպանելու և հետագա սրացումից խուսափելու համար»,- գրել է պարբերականը՝ հղում անելով Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Բահրեյնի և Հորդանանի հայտարարությանը։

Բացի դրանից, հայտարարության հեղինակները դատապարտել են «Հըզբոլլահի» անդամների և Իրանի հետ կապված այլ թաքնված բջիջների գործողությունները տարածաշրջանում։

Մյուս կողմից, Իրանը ռմբակոծում է Իրաքում տեղակայված ամերիկյան բազաները, որտեղից հարվածներ են հասցվում Իրանի տարածքին։ 

Մինչդեռ Իրաքում բազավորված քրդական կազմավորումները, որոնք կապեր ունեն ԱՄՆ և Իսրայելի հետ, հրաժարվել են մասնակցել Իրանում հնարավոր ցամաքային գործողություններին։ 

Իրաքը, որը երկար տարիներ պատերազմել է Իրանի հետ, չի կարող լինել և ԱՄՆ-ի, և Իրանի կողմը և, ըստ էության, կարող է պահանջել, որ ԱՄՆ-ը հանի իր բազաները երկրի տարածքից։