Գալյան․ Կառավարությունը տեղահանվածների նկատմամբ հոգատարություն է գեներացնում

Խնդրում եմ այլևս չփորձեք մեկնաբանել այնպես, որ տեղահանված մեր քույրերի և եղբայրների նկատմամբ որևէ ձևով կարող է ատելություն գեներացվել իշխանության կողմից։ Այս մասին այսօր՝ մարտի 23–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով մետրոյում միջադեպին, երբ Փաշինյանը արցախցիներին “փախածներ” անվանեց։

«Նախորդ շաբաթ ներառականության մասով մեծ միջոցառում ունեցանք, որը նվիրված էր տեղահանված մեր քույրերի և եղբայրների պաշտպանությանը։ Այնտեղ շատ մարդիկ կային, որոնք հաստատվել են Հայաստանում և օգտվում են սոցիալական ծրագրերից։ Այդ ամենում ես ոչ թե ատելություն նկատեցի իշխանության կողմից կամ, առհասարակ, վարած քաղաքականությունից, այլ ընդհակառակը՝ հոգատարություն, մեծ խնամք ու մեծ պատրաստակամություն աջակցելու։

Բռնի տեղահանված անձանց հետ կապված, այսօր կան և գործում են բազմաթիվ ծրագրեր, որոնք իրականացվում են կառավարության կողմից, իսկ վարչապետը հանդիսանում է հենց այդ կառավարության ղեկավարը»,–ասաց նա։

Հայաստանը դեռ պատրաստ չէ Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելուն․ ԱԳՆ

Հայաստանը դեռևս պատրաստ չէ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսել։ Այս մասին մարտի 23-ին Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ, հայտարարել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը:

Նրա խոսքով՝ չնայած «ԵՄ-ին անդամակցելու գործընթացը սկսելու մասին» օրենքի ընդունմանը, ներկայումս աշխատանքը հիմնականում կենտրոնացած է տարբեր ծրագրերի և բարեփոխումների իրականացման վրա, որոնց արդյունքներով հանրապետությունը պետք է սկսի համապատասխանել Եվրոպական միության չափանիշներին: «Այն պահին, երբ երկիրը սկսի համապատասխանել եվրոպական չափանիշներին, տվյալ հարցի վերաբերյալ կկայացվի քաղաքական որոշում: Այս փուլում նման որոշում չկա», – նշել է Կոստանյանը:

Մենք փրկվել ենք ցեղասպանվելուց, այլ ոչ թե փախել ու լքել մեր հողը

Լուսանկարում՝ Իննայի տունը Ստեփանակերտում

Սոցիալապես ծայրահեղ ծանր պայմաններում է ապրում Արցախից բռնատեղահանված Իննա Բարսեղյանի 3 հոգանոց ընտանիքը, որը 2023 թվականի սեպտեմբերի տեղահանությունից հետո հաստատվել է Գորիս քաղաքում։

Իննան ունի առողջական լուրջ խնդիրներ և այդ պատճառով ի վիճակի չէ աշխատել։ Նրա ուսերին է նաև հաշմանդամ մոր խնամքը, ով Արցախյան առաջին պատերազմում զոհված զինծառայողի մայր է ։

-Մինչև տեղահանումն ապրում էինք Ստեփանակերտ քաղաքում։ Աշխատում էի կաթնամթերքի, ապա պահածոների արտադրամասերում: Այժմ իմ առողջական վիճակը թույլ չի տալիս աշխատել։

Արդեն մեկ տարի է, ինչ ՀՀ կառավարության կողմից որևէ աջակցություն չի տրամարվում ինձ։ Քանիցս դիմել եմ սոցապ նախարարություն, սակայն հայտնել են, որ չեմ համապատասխանում կառավարության կողմից սահմանված պահանջներին՝ չունեմ հաշմանդամություն, տարիքային կենսաթոշակառու չեմ:

Քանի որ ՀՀ մարմինները չեն ընդունում Արցախի հանրապետության կողմից տրված որևէ փաստաթուղթ, ստիպված եմ եղել դիմել դատարան, որպեսզի որոշում կայացվի, որ ի վիճակի չեմ աշխատել ու գտնվում եմ որդուս խնամքի տակ։ Դատարանը բավարարել է իմ դիմումը, սակայն դատական ակտը սոցապի կողմից չի ընդունվել։  Հիմա էլ պատճառաբանում են, որ դատական ակտը բավարար չէ․ անրաժեշտ է հաշմանդամութուն, որպեսզի ինձ տրամադրվի աջակցություն։

Առողջական վիճակս օր օրի վատթարանում է։ Ճիշտ է, բժշկական հետազոտությունները պետական պատվերով հնարավոր է իրականացնել, սակայն կան որոշ հետազոտություններ, որոնք Գորիսում անվճար հնարավոր չէ կատարել։ Ուղեգրում են մարզկենտրոն կամ Երևան: Սոցիալական վիճակից ելնելով չեմ կարողանում այդ հետազոտությունները իրականացնել, որպեսզի ուղեգրեն ԲՍՓ փորձաքննության և հաշմանդամության կարգ տրամադրեն ինձ:

Որպես բռնի տեղահանված՝ շատ դժգոհ եմ այդ քաշքշուկներից։ Հաշվի չեն առնում իմ առողջական խնդիրները ու միանգամից հաշմանդանության խումբ չեն որոշում, այլ ուղարկում են կրկնակի հետազոտությունների։ Արցախի բուժհաստատության կողմից տրված աշխտորոշումը հիմք չի ընդունվում այստեղ: Անգամ դատարանն է արձանագրել, որ ինձ անհրաժեշտ է մտշական խնամք և հոգածություն։ Այսօրվա դրությամբ որդիս է խնամում ինձ ու անկողնուն գամված մորս։

Բնակապահովման ծրագիրը մեզ համար անհասանելի է, քանի որ այդ գումարով չենք կարող տուն գնել, քանի որ տների գներն օրեցօր աճում են։ Արցախում թողել ենք մեր տուն ու տեղը, և դա մեր կամքին հակառակ է կատարվել։ Մենք փրկվել ենք ցեղասպանվելուց, այլ ոչ թե փախել ու լքել մեր հողը։ Տարիներ շարունակ պայքարել ենք Արցախը հայկական պահելու համար, դիմացել ենք պատերազմների, անգամ 9 ամիս տևած շրջափակումը չի կոտրել մեզ, ավելին՝ ուժեղացրել է, համախմբել։ 2023-ի սեպտեմբերին տեղի ունեցածը մեծ աղետ էր ողջ հայության համար։

Շատ եմ կարոտում Արցախը և չեմ ուզում կորցնել հույսս, որ մի օր կվերադառնամ տուն,- ասում է արցախցի կինը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Թրամփ. «Հորմուզի նեղուցը կլինի իմ և այաթոլլահի վերահսկողության տակ»

Հորմուզի նեղուցը «շատ շուտով» կբացվի, եթե Միացյալ Նահանգները կարողանա համաձայնության գալ Իրանի հետ բանակցությունների միջոցով, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Հանրապետականի խոսքով՝ նեղուցը «կլինի համատեղ վերահսկողության տակ, և հնարավոր է՝ իմ և այաթոլլահի վերահսկողության տակ»։ Թրամփը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ով կվերահսկի ծովային ճանապարհը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայության մեջբերած աղբյուրը պնդել է, որ Թրամփի՝ բանակցությունների մասին խոսքերը «հոգեբանական պատերազմի» մի տեսակ են, որի շրջանակներում «Հորմուզի նեղուցը չի վերադառնա իր նախապատերազմյան վիճակին»։ Նա պնդել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններ չեն եղել։

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները տեղի են ունեցել երեկ՝ մարտի 22-ին, և կշարունակվեն այսօր՝ երկուշաբթի՝ մարտի 23-ին, հեռախոսազրույցի ժամանակ, լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մենք հավանաբար այսօր հեռախոսով կխոսենք, քանի որ [իրանցի բանակցողների] համար, կարծում եմ, շատ դժվար է արտասահման մեկնել։ Բայց մենք շատ, շատ շուտով կհանդիպենք։ Մենք համաձայնեցինք հնգօրյա [ԱՄՆ-ի կողմից Իրանի էներգետիկ ոլորտին հարվածների դադարեցման]։ Կտեսնենք, թե ինչպես կընթանան իրադարձությունները։ Եվ եթե ամեն ինչ լավ ընթանա, մենք ի վերջո կլուծենք այս հարցը։ Հակառակ դեպքում, մենք պարզապես կշարունակենք ռմբակոծել [Իրանը]», – ասաց հանրապետականը։

Հանրապետականի խոսքով՝ Իրանի հետ բանակցությունները «շատ ուժեղ» էին, կողմերը հասան «համաձայնության հիմնական կետերի»։ Թրամփը նշեց, որ մասնակցել են իր հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆը և նրա փեսան՝ Ջարեդ Քուշները։ «Նրանք իսկապես ցանկանում են գործարք կնքել», – վստահեցրեց նախագահը՝ նկատի ունենալով իրանական կողմին։

Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ Թուրքիան, Եգիպտոսը և Պակիստանը միջնորդում են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում։

Նրանց խոսքով՝ վերջին երկու օրերի ընթացքում այս երկրների արտաքին գործերի նախարարները առանձին բանակցություններ են վարել Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ։

Ավելի ուշ, Ֆլորիդայից մեկնելուց առաջ լրագրողների հետ զրույցում Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Իրանի «առաջատար անձի» հետ, բայց ոչ թե գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի։

Իսրայելը կարծում է, որ Իրանի խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆն է գլխավորում բանակցությունները ԱՄՆ-ի հետ։

Իսրայելի բանակը երկուշաբթի օրը հայտարարեց, որ շարունակում է Թեհրանի վրա հարվածները։

Թրամփի՝ Իրանի վերաբերյալ հայտարարությունից հետո նավթի գները ընկան գրեթե 14%-ով

Լոնդոնի ICE բորսայում Brent նավթի հունիսյան ֆյուչերսների գինը Մոսկվայի ժամանակով ժամը 14:08-ին նվազել է 13.65%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 91.89 դոլարի: Մոսկվայի ժամանակով ժամը 14:32-ին անկումը դանդաղել էր մինչև 6.23%՝ վերականգնվելով մինչև մեկ բարելի համար 99.79 դոլար։

Շուկան արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը: Նա հրամայել է հնգօրյա կասեցնել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած ռազմական հարված՝ Թեհրանի հետ բանակցությունները շարունակելու համար:

Ծառուկյան․ այստեղ խաղաղություն չկա, թելադրանք է

Մեկնաբանելով Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե ՔՊ–ն սահմանադրական մեծամասնություն չունենա հաջորդ ԱԺ–ում, ապա սեպտեմբերին աղետալի պատերազմ է լինելու, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասաց. «Այսօր ոչ մեկը պատերազմ չի ուզում, խաղաղությունը ոչ թե ձևական խոսքով, տեսական է, որ ասենք, ադրբեջանցիները բոլոր բարձունքների վրա նստած թելադրանքով ասում են՝ էս պիտի տաք, էս պիտի կատարեք, մեր զորքերը քչանան, մենք զենք չառնենք, իրենք ուժեղանան… այդտեղ խաղաղություն չկա, դա թելադրանք է։ Եթե այսօր հնարավորություն տրվի, որ մենք որոշելու լինենք, որի բոլոր նախադրյալները կան, անմիջապես խաղաղությունը պետք է լինի երաշխավորված։ 3, 4, 5 ազդեցիկ, հզոր պետությունների հետ որպես դաշնակից, փաստաթուղթ կստորագրենք, և ճանճը չի դզզա այդ տարածքում, որը կլինի երաշխավորությամբ խաղաղություն”։

Թրամփ. ԱՄՆ-ն հինգ օրով կհետաձգի հարվածները և կբանակցի Իրանի հետ

Միացյալ Նահանգները հինգ օրով կհետաձգի Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները։ Նախագահ Դոնալդ Թրամփը համապատասխան հրաման է տվել Պենտագոնին։

Երկուշաբթի՝ մարտի 23-ին, նա TruthSocial սոցիալական ցանցում գրել է, որ այս որոշումը կայացրել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև Մերձավոր Արևելքում իրենց դիմակայության «լիակատար և ամբողջական լուծման վերաբերյալ» երկօրյա «շատ հաջող և արդյունավետ բանակցություններից» հետո։

«Հիմնվելով այս խորը, մանրամասն և կառուցողական բանակցությունների ոգու և տոնի վրա, որոնք կշարունակվեն ամբողջ շաբաթվա ընթացքում, ես հանձնարարել եմ Պաշտպանության նախարարությանը հինգ օրով հետաձգել Իրանի էլեկտրակայանների և էներգետիկ ենթակառուցվածքների վրա ցանկացած և բոլոր ռազմական հարվածները՝ սպասելով առաջիկա հանդիպումների և քննարկումների հաջողությանը», – գրել է ԱՄՆ նախագահը։

Այս խոսքերից հետո նավթի գները կտրուկ անկում ապրեցին, մինչդեռ եվրոպական շուկաները արձագանքեցին բարձրացմամբ։

Իրանական պետական ​​«Tasnim» լրատվական գործակալությունը միաժամանակ հաղորդել է, հղում անելով բարձրաստիճան պաշտոնյայի, որ ոչ մի բանակցություն չի եղել։

Գործակալության կողմից մեջբերված աղբյուրի համաձայն՝ Դոնալդ Թրամփը հետաձգել է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածները, քանի որ վախենում էր Թեհրանի կողմից «ռազմական սպառնալիքներից», ինչպես նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամից։ Իրանի իշխանությունները ստացել են «միջնորդներից հաղորդագրություններ», բայց բանակցությունների մեջ չեն մտել, պնդում է Tasnim-ը։

Նմանատիպ տեղեկատվություն է հրապարակել նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) հետ կապված Fars պետական ​​լրատվական գործակալությունը։

ԹՐԻՓՓ-ը՝ Կիկոսի մահ, իսկ պատերազմը՝ հաստատ բան

Պատասխանելով Իրանում պատերազմի ֆոնին ԹՐԻՓՓ-ի հետագա ճակատագրի մասին լրագրոների հարցին, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը համեմատեց այն Կիկոսի մահի հետ։ Թեկուզ Նիկոլ Փաշինյնն ինքն է ասել, որ այս պահին ԱՄՆ-ը կորցրել է հետաքրքրությունը ԹՐԻՓՓ-ի նկատմամբ, Միրզոյանը խորհուրդ տվեց լրագրողներին երևակայական վտանգների մասին չխոսալ․ գնացի մարդի, ունեցա որդի՝ սպասեք, տեսնենք ինչ կլինի, ասել է նա։

Սակայն մեկ այլ երևակայական հարցով Միրզոյանը Կիկոսի մահը չհիշեց։

Վարչապետը սեպտեմբեր ամիսը պայմանական է ասել՝ նկատի ունենալով ընտրություններից կարճ ժամանակ  անց, իսկ որ նման հեռանկար կարող է լինել, դա միանշանակ է, ասել է Արարատ Միզոյանը՝ անդրադառնալով նրան, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ սեպտեմբերին պատերազմ կլինի, եթե իշխանությունը սահմանադրական մեծամասնություն չստանա և իշխանության գան խաղաղությունը ռևիզիայի ենթարկող ուժերը։

Այսինքն, եթե ԹՐԻՓՓ-ի հարցով կասկածներ կան, ապա պատերազմն արդեն գրեթե հաստատված փաստ է։

Ինչո՞ւ է իշխող ուժը այլ կուսակցություններին ռևանշիստ համարում, եթե ոչ մի ուժ առ այսոօր չի պահանջել վերանայել, ասենք, 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կամ 2022-ի հոկտեմբերի Պրահայի հռչակագիրը, որով Հայաստանը “ճանաչվել է” խորհրդային սահմաններով։ Պարզվում է, որ խաղաղությունն այնքան փխրուն է, որ նույնիսկ արտաքին երաշխիքների մասին առաջարկը կարող է պատերազմի բերել։ Քոչարյանի առաջարկը խաղաղության երաշխավորների մասին նշանակում է ռուս խաղաղապահների ներկայություն, իսկ դա արդեն պատերազմ է, ասում է ՔՊ-ն։

Թե ինչ կլինի, եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն ստանա, ևս քննարկվում է։

“Եթե ​​դուք մնաք իշխանության գլուխ, ապա սեպտեմբեր ամսին Հայաստանի 50%-ը ադրբեջանցիներ կլինեն։ Եվ դուք կճանաչեք Ալիևի հորինած «Արևմտյան Ադրբեջանը»”, գրել է օգտատերերից մեկը։

Հեքիաթի ցանկացած ավարտ Կիկոսի մահ է։

 

 

Նյու Յորքի օդանավակայանում ինքնաթիռը բախվել է մեքենայի, կան զոհեր

Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո Air Canada Bombardier CRJ-900 ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենային։ Վթարը տեղի է ունեցել երկուշաբթի՝ մարտի 23-ի գիշերը, տեղական ժամանակով մոտավորապես ժամը 23:40-ին։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ երկու մարդ՝ օդաչուն և երկրորդ օդաչուն, զոհվել են, իսկ 13-ը վիրավորվել են հիվանդանոց։

Ինքնաթիռում մոտ 100 ուղևոր է եղել։ Նրանք տարհանվել են։

Դեպքի վայրից լուսանկարներում երևում է, որ ինքնաթիռի քիթը լրջորեն վնասվել է։ Բախումը տեղի է ունեցել թռիչքուղու վրա՝ վատ տեսանելիության պայմաններում՝ ուժեղ անձրևի պատճառով։

Միրզոյան․ Այստեղ Հայաստանի եւ Ադրբեջանի պատկերացումները բաժանվում են իրարից

«Հայաստանի Հանրապետությունը եւ բանակցությունների ընթացքում, եւ նաեւ հրապարակային մի շարք առիթներով ասել է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար որեւէ խնդրահարույց, տարածքային հավակնությունների բանով որեւէ պնդում չկա»,- այսօր Ազգային ժողովում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Միաժամանակ մենք ասել ենք նաեւ, որ եթե իրավական ձեւակերպումներից անդին քաղաքական կամ որեւէ այլ տեսակի կողմնակի տարածքային հավակնությունների տանող կամ եզրահանգում անող բան է տեսնում որեւէ մեկը, ապա հավասարապես այդպիսի բան կարելի է տեսնել Ադրբեջանի Սահմանադրության մեջ։ Սա եւ բանակցությունների ընթացքում ենք ասել, եւ հրապարակային»,- նշեց նա։

Արարատ Միրզոյանն ասաց, որ ադրբեջանական կողմից պահանջ չկա ՀՀ Սահմանադրությունը փոխելու հարցով։

«Բայց ուրիշ բան կա, եւ սա էլ իրենք հանրային են ասում։ Երբ մենք ասում ենք՝ մենք չենք կարող մեր Սահմանադրությունը քննարկել ձեզ հետ, դա Հայաստան-Ադրբեջան բանակցությունների թեմա չէ, նրանք ասում են՝ շատ լավ, մենք չենք բանակցում եւ չենք պահանջում, դա ձեր ներքին գործն է, բայց ձեզ տեղեկացնում ենք, որ քանի դեռ ձեր Սահմանադրությունն այս ձեւակերպումներն ունի, մենք չենք պատրաստվում ստորագրել։ Մենք սա ընդունում ենք ի գիտություն, ասում ենք՝ ափսոս։ Այստեղ Հայաստանի եւ Ադրբեջանի պատկերացումները բաժանվում են իրարից եւ չեն համընկնում։ Եթե համընկնեին, մենք ստորագրած, գուցե նաեւ վավերացրած էլ կլինեինք համաձայնագիրը»,- նշեց Միրզոյանը։

Ըստ Փաշինյանի, Ղարաբաղի հայերը պետք է ընդունեին Ադրբեջանի քաղաքացիություն

Andrias Ghukasyan

2022 թվականի մայիսին Փաշինյանը հայտարարեց «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողը իջեցնելու» իր որոշման մասին։ Սա նշանակում էր, որ Փաշինյանը, Հայաստանի անունից, համաձայնեց, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու համար չճանաչված Արցախի Հանրապետությունը պետք է լուծարվի, իսկ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն։

Այս որոշմամբ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հայերին ընտրության առաջ կանգնացրեց ՝ կամ ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն, կամ լքել իրենց Հայրենիքը։

Այսօր Փաշինյանը մեղադրում է Լեռնային Ղարաբաղի հայերին Ադրբեջանի քաղաքացիությունը ընդունելուց հրաժարվելու համար։ Նա դա անում է անկեղծորեն, քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերի կողմից վերջնագրին չենթարկվելը թողնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բաց։ Փաշինյանի համար սա նշանակում է, որ նա Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների մեղսակից է և, միջազգային քրեական իրավունքի համաձայն, Ալիևի նման պատասխանատու է Լեռնային Ղարաբաղից հայերի վտարման համար։

Փաշինյանը չպատասխանեց արցախցիների քաղաքացիության վերաբերյալ Արմինե Մոսիյանի հարցին

Այսօր մետրոյում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ծայրահեղ անհարգալից և վիրավորական արտահայտություններ արեց արցախցիների հասցեին, նա ստիպված եղավ անձամբ ներողություն խնդրել Արմինե Մոսիյանից՝ Արցախի զոհված հերոս Մերուժան Մոսիյանի դստերից։

«Ուզում եմ ներողություն խնդրել, որ չխոսեցի այնպես, ինչպես պետք է խոսեի… Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված հարգելի և սիրելի քաղաքացու հետ բուռն զրույցի համար։ Իմ որոշ գործընկերների արձագանքներից և քննադատությունից հասկացա, որ իմ ասած ամեն ինչ այնպես չէր, ինչպես պետք է լիներ», – ասաց Փաշինյանը ուղիղ եթերում՝ ամփոփելով օրը։

Փաշինյանը նշեց, որ դեռևս չի կարողանում հանգիստ արձագանքել 2023 թվականի իրադարձություններին և դա ընդունում է որպես լուրջ սխալ։

«Հարգելի տիկին Մոսիիյան, ներողություն եմ խնդրում ձեզանից և ձեր որդուց մեր հույզերի համար և հուսով եմ, որ մենք հնարավորություն կունենանք հանդիպելու և ամեն ինչ հանգիստ քննարկելու… Չնայած գիտեմ, որ դուք կմերժեք սա (առաջարկը) և նույնիսկ մի քանի կոպիտ խոսք կասեք, ես դա ընդունում եմ։ Բայց եթե հանկարծ որոշեք, որ արժե ամեն ինչ հանգիստ և առանց հույզերի քննարկել, իմացեք, որ ես պատրաստ եմ», – ասաց վարչապետը։

Փաշինյանը ներողություն խնդրեց զրույցի տոնայնության համար, սակայն այդպես էլ չպատասխանեց երիտասարդ արցախցու ամենակարևոր հարցերին։

Իսկ Արմինե Մոսիյանն ասաց, որ արցախցիները Հայաստանի քաղաքացիներ են, որ նրանք ունեն նույն կապույտ անձնագրերը, ինչ մյուս բոլոր ՀՀ քաղաքացիները, այլ ոչ թե «ճանապարհորդական փաստաթղթեր», ինչպես պնդում է կառավարությունը։ Նա ասաց, որ Հայաստանի քարտեզը 30,000 քառակուսի կիլոմետր չէ, որ Հայաստանը նրա մեծ հայրենիքն է, բայց իր որդին ուզում է իր սեփական տունը, իր սեփական սենյակը և իրական Հայաստանի քարտեզի իր սեփական մասը։

Արմինե Մոսիյանի հայտարարության միայն մի մասն է տարածվել լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում, ինչը թույլ է տվել, որ միջադեպը ներկայացնեն միայն հուզական համատեքստում։ Սակայն խոսակցության հիմնական մասը, որը վերաբերում էր արցախցիների քաղաքացիությանը, միտումնավոր թաքցվել է։

Նիկոլ Փաշինյանի «ներողությունը» չի պատասխանում այն ​​հարցին, թե ի՞նչ իրավունքով են 150,000 ՀՀ քաղաքացիներ 2023-ի հոկտեմբերին զրկվել իրենց հիմնարար քաղաքացիական իրավունքներից։ Եվ ինչի՞ հիման վրա է Փաշինյանը խոսում «Խորհրդային Հայաստանի» քարտեզի մասին, եթե Անկախության հռչակագրում և Հայաստանի Սահմանադրությունում հղում է արվում Հայաստանի և Արցախի վերամիավորման վերաբերյալ 1989 թվականի որոշմանը։