
Ապրիլի 1-ին Մոսկվայում Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, խոսելով TRIPP-ի մասին, անսպասելիորեն հիշեցրեց 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագիրը, որի համաձայն՝ ռուս-պարսկական պատերազմի արդյունքում «Էրիվանի և Նախիջևանի խանությունները զիջվեցին Ռուսաստանին»։
Այս հայտարարությունից ընդամենը երկու շաբաթ անց Ռուսաստանի փոխվարչապետը հայտնվել է Բաքվում, որտեղ հայտարարվեց ռուս-ադրբեջանական «հավերժական բարեկամության» նոր փուլի մասին։ Երկու երկրների նախարարությունները հայտարարեցին, որ վերջնականապես լուծել են 2024 թվականի դեկտեմբերին ռուսական հրթիռով խոցված ադրբեջանական ինքնաթիռի հարցը։ Ռուսաստանը, իբր, համաձայնել է փոխհատուցում վճարել, և այժմ Բաքուն կրկին վերադառնում է Մոսկվայի “տիրապետության” տակ։
Սակայն հանտանշական է, որ Ռուսաստանի փոխվարչապետը մեջբերեց 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրով տարածաշրջանում հաստատված ստատուս քվոն, այլ ոչ թե 1921 թվականի Կարսի ռուս-թուրքական պայմանագիրը, որը փաստացի չեղյալ հայտարարեց ռուս-պարսկական համաձայնագրերը և որը ուժի մեջ է մինչ օրս։ Կարսի պայմանագրի համաձայն՝ Նախիջևանի հայկական մարզը փոխանցվեց Ադրբեջանի պրոտեկտորատին, իսկ Կարսը, Սուրմալուն և Արդահանը՝ Թուրքիային։
Վերլուծաբանները զարմացած են, որ Ռուսաստանը չի հիշել Կարսի պայմանագիրը, երբ Ալիևը մի քանի ամիս առաջ Նախիջևանի Սահմանադրությունից հանեց Կարսի պայմանագրի հղումը։ Հայաստանը նույնպես չարձագանքեց, իսկ ԱՄՆ փոխնախագահ Վենսը, որը Բաքու էր ժամանել Իրանի վրա ԱՄՆ հարձակումից մի քանի օր առաջ, բազմիցս հայտարարեց, որ Նախիջևանը Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Ոչ ոք չասաց, թե արդյոք Կարսի պայմանագիրը դեռևս ուժի մեջ է, թե ոչ։
Սա այդ ժամանակ անկարևոր էր, քանի որ ամբողջ աշխարհը սպասում էր Իրանի փլուզմանը և տարածաշրջանային լանդշաֆտի փոփոխությանը։ Սակայն, Իրանի դեմ ամերիկա-իսրայելական արշավը հեռու է հաղթանակից, և Ադրբեջանը այդպես էլ հնարավորություն չունեցավ խաղալու «Ատրպատականն Ադրբեջանին միակցողի» և Իրանի գլխավոր «մասնատողի» դերը։ Իրանը անդրդվելի մնաց, և այժմ Ռուսաստանը հղում է անում Բաքվի, Նախիջևանի և «Էրիվանի» վերաբերյալ Իրանի, այլ ոչ թե Թուրքիայի հետ կնքված պայմանագիրը։
Աշխարհում տեղի է ունենում սահմանների նոր «գլոբալ» բաժանում, և բոլորը հանում են դարակներից «հավերժ» կնքված իրավական ակտերը։ Օրինակ՝ 1813 թվականի Գյուլիստանի ռուս-պարսկական պայմանագրի համաձայն՝ Ռուսաստանը ստացավ Ղարաբաղը, այսօրվա Ադրբեջանի ամբողջ տարածքը, ինչպես նաև Դերբենդը և Դաղստանը։
Ալիևն ու Փաշինյանը հիանալի հասկացան իրավիճակը և կրկին «վերադարձան» Ռուսաստան։ Փաշինյանն անձամբ այցելեց Մոսկվա ապրիլի 1-ին, իսկ երեկ նա մեկ ժամ խորհրդարանում համոզում էր, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու ոչ մտադրության չունի։ Ալիևն էլ մեծահոգաբար «ներեց» Պուտինին թե՛ ինքնաթիռի խոցման, թե՛ Ռուսաստանում ադրբեջանցի օլիգարխների ձերբակալությունների համար։
Իրանի հետ հավանական խաղաղությունից հետո Ադրբեջանը կկորցնի իր դերը՝ որպես «տարածաշրջանային խուժանի» և նավթի տակառի, մինչդեռ Հայաստանը կդառնա հսկայական «խաչմերուկ»՝ առանց պետականության կամ սահմանների, Մոսկվայի վերահսկողության տակ։ Սա տեղի կունենա անկախ Հայաստանի ընտրությունների արդյունքից։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանում մտահոգված են երկրի տնտեսության անկմամբ՝ չնայած նավթի գների աճին, ավելին, Բաքուն ակնկալում է նավթից ստացված եկամուտների կտրուկ անկում Իրանի հետ պատերազմից հետո։ Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն կասկածներ են հայտնում TRIPP-ի ապագայի վերաբերյալ։ Երեկ Նիկոլ Փաշինյանը անհաջող փորձեց ԱՄՆ Պետդեպարտամենտի TRIPP-ի վերաբերյալ հերթապհ հայտարարությունը ներկայացնել որպես «ԱՄՆ շահագռգրվածության հավաստիացում»։
Ադրբեջանի արտաքին առևտրի ցուցանիշները (հունվար-փետրվար) ցավալի տեսք ունեն. ընդհանուր շրջանառությունը կտրուկ նվազել է 23.5%-ով, արտահանումը նվազել է 9.6%-ով, իսկ ներմուծումը՝ 37.1%-ով։ Սա նշանակում է, որ երկրի տնտեսությունը պահվում է միայն քաղաքական որոշումներով, և Ալիևը որոշել է, որ ժամանակն է «հաշտվել Պուտինի հետ»։ Ռուսաստանի կողմից գազի գները բարձրացնելու սպառնալիքներից հետո Հայաստանը նույնպես մեղմացրել է իր հակառուսական տոնը։
Անհասկանալի է, թե ինչ տեսք կունենա «հայ-ադրբեջանական խաղաղությունը» այս ֆոնի վրա։ Փաշինյանը խոստանում է նոր Սահմանադրություն, որը ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ այն «ազատում» է Մոսկվային Կարսի պայմանագրի բեռից և վերահաստատում խորհրդային սահմանները։ Մյուս կողմից, երկաթուղային և այլ ռուսական կապերի վերականգնումը Ադրբեջանի և Վրաստանի միջոցով դեպի Թուրքիա չափազանց ձեռնտու է Ռուսաստանի համար, ուստի Մոսկվան ամեն ինչ կանի, որպեսզի Բաքվի և Երևանի միջև «խաղաղությունը» չփլուզվի։
Ռուսաստանի կողմնակիցները Հայաստանում գոհ են, որ Ալիևը կրկին վերադարձել է Ռուսաստան, կարծես դա հանուն Հայաստանի է արվում։ Սակայն, եթե Ռուսաստանը ցանկանում է հայկական պետականության պահպանում, եթե չէր ցանկանում Արցախի հայաթափումը, այն կարող էր երկու պարզ քայլ անել. վերանայել Բոլշևիկյան կուսակցության Կովկասյան բյուրոյի որոշումը՝ Արցախը Ադրբեջանին փոխանցելու մասին և Կարսի պայմանագրից դուրս գալ։