
Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկվեց Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, խաղաղության գործընթացին և եվրոպական ինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։
Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, բանաձևն աջակցում է 2026թ. հունիսին Հայաստանում ազատ, արդար և խաղաղ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ ընդգծելով, որ ընտրությունների արդյունքները պետք է որոշի միայն հայ ժողովուրդը։ Փաստաթղթում կարևոր է համարվում ընտրական վարչարարության անկախությունը, հավասար քարոզչական պայմանները, մեդիայի բազմակարծությունը և հիմնարար ազատությունների լիարժեք պաշտպանությունը։ Միաժամանակ նշվում է ապատեղեկատվության, անօրինական ֆինանսավորման, ընտրակաշառքի դեմ պայքարի անհրաժեշտության մասին։
Բանաձևը նաև ողջունում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացումը և Հայաստանի հավատարմությունը ժողովրդավարությանը, իրավունքի գերակայությանը և բարեփոխումներին։ Դրանում դրական է գնահատվում ԵՄ-Հայաստան նոր ռազմավարական օրակարգը, CEPA-ի իրականացման ուղղությամբ առաջընթացը, վիզաների ազատականացման երկխոսությունը և «Դիմակայունության ու աճի» ծրագրի իրականացումը։
Բանաձևում առանձնահատուկ կարևորվում է նաև 2026 թվականի մայիսին Երևանում նախատեսվող Եվրոպական քաղաքական համայնքի և ԵՄ-Հայաստան գագաթնաժողովների անցկացումը՝ որպես կարևոր քաղաքական ազդանշան Հայաստանի հետ համերաշխության առումով։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ բանաձևն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և կոչ է անում հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի՝ հիմնված ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության վրա։
Բանաձևը դատապարտում է հայ գերիների պահումն Ադրբեջանում և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակում։
Եվրոպական խորհրդարանը նաև կոչ է անում ավելացնել ԵՄ ֆինանսական և տեխնիկական աջակցությունը Հայաստանին՝ հատկապես էներգետիկ, թվային և տնտեսական դիմակայունության ոլորտներում։ Բանաձևը ողջունում է ԵՄ դիտորդական առաքելության և քաղաքացիական հասարակության համագործակցության ընդլայնումը։
Բացի այդ, փաստաթուղթը աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը՝ սահմանների բացման և տարածաշրջանային կայունության նպատակով։
Բանաձևը խստորեն դատապարտում է արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաները և միջամտությունների փորձերը՝ այդ առումով ընդգծելով հատկապես Ռուսաստանի և նրա ազդեցության ցանցերի գործունեությունը՝ ներառյալ կիբեռհարձակումները և ապատեղեկատվությունը։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդների անօրինական կալանավորումը՝ պահանջելով նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը։ Այն ընդգծում է, որ ցանկացած կայուն խաղաղություն պետք է հիմնված լինի Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա։
Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հաստատուն աջակցությունը արցախահայության իրավունքներին, ներառյալ նրանց ինքնության և սեփականության պաշտպանության հարցերը։ Խորհրդարանը հստակ կոչ է անում ապահովել նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։ Պահանջում է պատասխանատվություն հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար և կոչ է անում իրականացնել միջազգային գնահատման առաքելություն։
ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը նշել է․ «Ես ողջունում եմ Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը՝ վերահաստատելու իր հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում, ներառյալ նրանց վերադարձի իրավունքը՝ միջազգային անվտանգության երաշխիքների ներքո։ Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից վերջերս երկու հայկական եկեղեցիների ոչնչացման ողբերգական լուրերի լույսի ներքո, հրամայական է, որ Եվրոպական հանձնաժողովը գործի ըստ այն մանդատի, որը Եվրոպական խորհրդարանը հետևողականորեն տրամադրում է՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու իր հանցագործությունների համար՝ հիմնվելով արդարության և ժողովրդավարական արժեքների վրա, որոնց վրա հիմնված է այս բանաձևը»։