Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի հայտարությունը

  • 19:22 02.05.2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ՝
ուղղված Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի մասնակիցներին
Մեծարգո՛ առաջնորդներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության Հանրային խորհուրդը՝ որպես բնօրրանից բռնի տեղահանված և ցեղասպանության ենթարկված ժողովրդի հավաքական շահերի ներկայացուցիչ, դիմում է ձեզ՝ որպես մարդու իրավունքների և միջազգային իրավակարգի երաշխավորների։
Մինչ դուք քննարկում եք Եվրոպայի անվտանգային ապագան, Արցախի ժողովուրդը շարունակում է կրել 21-րդ դարի ամենածանր մարդասիրական և իրավական աղետներից մեկի հետևանքները, որոնք տեղի են ունեցել նաև ձեր թողտվության և աջակցության պայմաններում։ Մենք ահազանգում ենք, որ առանց մեր իրավունքների պատշաճ վերականգնման ու պաշտպանության, առանց արդարության և պատասխանատվության՝ տարածաշրջանում որևէ «խաղաղության օրակարգ» չի կարող լինել կայուն և կենսունակ։
Արցախի հանրային խորհուրդը հրատապ կերպով ձեր ուշադրությունն է հրավիրում հետևյալ առաջնահերթությունների վրա.
1. Քաղաքական պատանդներ և գերիներ.
Պահանջում ենք վճռական ճնշում գործադրել Բաքվի վրա՝ անհապաղ ազատ արձակելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և բոլոր մնացած հայ պատանդներին ու գերիներին։ Նրանց ապօրինի կալանքը մարտահրավեր է միջազգային իրավունքին և տարածաշրջանում խաղաղությանը:
2. Հավաքական վերադարձի և անվտանգության իրավունք.
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը բացարձակ է և անօտարելի։ Այն պետք է իրականացվի բացառապես միջազգային համարժեք պաշտպանության ներքո։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 2023թ. նոյեմբերի 17-ի հրամանը պետք է կատարվի անվերապահ ու անհապաղ կերպով՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգ, արժանապատիվ ու անխափան վերադարձը հայրենի տներ։ Հատկանշական է, որ եվրոպական երկրների ճնշող մեծամասնությունը ստորագրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ 40 երկրի 2023թ. Հոկտեմբերի 11-ի «Համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին», որտեղ ընդգծվում է բռնի տեղահանված անձանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ ու կայուն վերադարձի համար պայմանների արագ ստեղծման անհրաժեշտությունը:
Մենք մերժում ենք ցանկացած լուծում, որը չի երաշխավորում մեր ժողովրդի անվտանգ, արժանապատիվ, հավաքական և կայուն վերադարձը սեփական հայրենիք, որը ձեր իսկ ստանձնած պարտավորության շրջանակում է։
3. Մշակութային ցեղասպանության և սեփականության ոչնչացման կանխում.
Ադրբեջանի բռնազավթման տակ անցած տարածքներում վտանգված են ավելի քան 6,000 պատմամշակութային հուշարձաններ։ Արդեն իսկ արձանագրվել է վանդալիզմի ավելի քան 1,000 դեպք, այդ թվում՝ եկեղեցիների, այլ հուշարձանների ու գերեզմանոցների ամբողջական ոչնչացման դեպքեր։ Բացի դրանից, ԱՄԴ հրամանի խախտմամբ՝ Ադրբեջանը քանդել կամ յուրացրել է մեր հազարավոր տներ ու այլ մասնավոր գույքեր, այդ թվում՝ հիմնահատակ քանդելով ամբողջական բնակավայրեր ու բնակելի թաղամասեր:
Ուստի, պահանջում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային դիտորդների անխափան մուտքը տարածաշրջան՝ ԱՄԴ հրամանի կատարումը մշտադիտարկելու և մշակութային ցեղասպանությունն ու մեր գույքի յուրացումը կասեցնելու նպատակով։
4. Արցախցիների մարդասիրական ծանր վիճակը Հայաստանում.
Այսօր Հայաստանում ապաստանած շուրջ 120,000 արցախցիներ շարունակում են մնալ մարդասիրական ճգնաժամի մեջ։ Ի հակառակ ՀՀ իշխանությունների բարձրագոչ հավաստիացումների՝ ցուցանիշները մտահոգիչ են և պահանջում են անհապաղ ու լայնածավալ միջազգային միջամտություն.
Աղքատությունը բռնի տեղահանվածների շրջանում կազմում է շուրջ 70%, ինչը երեք անգամ գերազանցում է ՀՀ միջին ցուցանիշը։
Գործազրկությունը հասնում է շուրջ 70%-ի (հինգ անգամ ավելի բարձր ՀՀ միջինից)։
Տեղահանվածների 80%-ը դեռևս ապահովված չէ բնակարանով։
ՀՀ իշխանությունների համակարգմամբ՝ իրականացվում է ատելության ու խտրականության քարոզ Արցախի ժողովրդի հանդեպ, ինչն էլ ավելի է խորացնում հոգեբանական տառապանքները և ինտեգրման դժվարությունները:
Ուստի, ակնկալում ենք եվրոպական կառույցների ու պետությունների աջակցությունը՝ ստեղծելու բնակարանային և զբաղվածության ապահովման հատուկ ֆոնդեր, որոնք կկանխեն Արցախի ժողովրդի արտագաղթը և տառապանքների խորացումը։ Հայաստանում մեր ժողովրդի արժանապատիվ ու կայուն կեցությունը կարևոր պայման է մեր իրավունքների պաշտպանության համար՝ նախքան վերադարձի իրավունքի իրացումը:
5. Միջազգային քրեական պատասխանատվություն և անպատժելիության վերացում.
Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիան և զանգվածային ոճրագործությունները (ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություն, պատերազմական հանցագործություն) պետք է ստանան իրավական համարժեք գնահատական։ Կոչ ենք անում.
Հռոմի ստատուտի և Միջազգային քրեական դատարանի գործիքակազմով նախաձեռնել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հանցավոր գործողությունների հետաքննություն։
Գործադրել ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» կոնվենցիան՝ կանխելու համար հայկական հետքի վերջնական բնաջնջումը տարածաշրջանից։
Կիրառել համընդհանուր իրավազորության սկզբունքը՝ ձեր երկրների ազգային դատարաններում հետապնդելով այն անձանց, ովքեր պատասխանատու են խաղաղ բնակչության դեմ իրականացված ոճրագործությունների համար։
Մեծարգո՛ առաջնորդներ,
Ի թիվս վերոնշյալ միջազգային փաստաթղթերի՝ ուշագրավ են նաև Եվրոպական խորհրդարանի մի շարք բանաձևեր (այդ թվում՝ 2026թ. Ապրիլի 30-ին ընդունված), որոնք հստակորեն ուղենշում են ԵՄ և դրա անդամ պետությունների գործադիր իշխանությունների անելիքները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում:
Ուստի, դատապարտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող մարմնի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ապօրինի ու անարդար լուծարումը՝ մենք պահանջում ենք միջազգային պատշաճ մեխանիզմի ձևավորում՝ Արդարադատության միջազգային դատարանի հրամանների և ԵԽ բանաձևերի կատարման նպատակով:
Եվրոպական քաղաքական համայնքի առաքելությունը՝ խաղաղությունն ու անվտանգությունը, չեն կարող կառուցվել մարդկանց և ժողովուրդների իրավունքների զոհաբերության հաշվին։ Մենք հորդորում ենք ձեզ կանգնել Արցախի ժողովրդի կողքին՝ պաշտպանելով ոչ միայն մեր, այլև այն համամարդկային արժեքները, որոնց վրա խարսխված է ձեր Համայնքը և որին այդքան հավատացել է մեր ժողովուրդը։