
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերջերս հաստատեց ծրագիր, որի նպատակն է բարձրացնել աշխատաշուկայում հաշմանդամություն ունեցող անձանց մրցունակությունը և աջակցել նրանց կայուն զբաղվածությանը: Սա իհարկե կարևոր ուղղություն է, սակայն այն չի կարող լուծել բոլոր հաշմանդամների բոլոր խնդիրները, հատկապես այն դեպքերում, երբ մարդն ունի ծանր աստիճանի հաշմանդամություն և պահանջում է շուրջօրյա խնամք:
Տիգրան Վերդյանի պատմությունը դրա օրինակներից է։ Նա շուրջ մեկ տարի կոմայի մեջ էր և պահանջում էր 24-ժամյա հատուկ խնամք։ Նրա մայրը՝ Անահիտ Սարգսյանը, այս խնդիրը բարձրաձայնել էր նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութի մեկնաբանությունների բաժնում՝ նշելով, որ նման իրավիճակում խնամակալը գործնականում աշխատելու հնարավորություն չունի։ Նա առաջարկում էր վերանայել խորը հաշմանդամություն ունեցող անձանց խնամակալների հնարավորությունները և նրանց տրամադրել առնվազն նվազագույն աշխատավարձի չափով աջակցություն։
Անահիտ Սարգսյանի մեկնաբանությունը կարևոր է նաև այն պատճառով, որ այն ուղղակիորեն արձագանքում է պետության կողմից ներկայացվող զբաղվածության քաղաքականությանը։ Խնդիրը ոչ թե այն է, որ հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի ներգրավումը սխալ ուղղություն է, այլ այն, որ շուրջօրյա խնամքի կարիք ունեցող մարդու ընտանիքի անդամը հաճախ ինքն է դուրս մնում աշխատաշուկայից՝ խնամքի պատճառով։

Հայաստանում արդեն գործում են հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի և աջակցության մի շարք ծառայություններ։ Դրանց թվում են ցերեկային և շուրջօրյա խնամքը, սոցիալ-վերականգնողական ծառայությունները, ինչպես նաև անձնական օգնականի ծառայությունը։ Վերջինիս նպատակը հաշմանդամություն ունեցող անձի անկախ կյանքին և համայնքում ներառմանը աջակցելն է։
Օրենսդրությամբ անձնական օգնականը սահմանվում է որպես անձ, որը հաշմանդամություն ունեցող անձին խնամում կամ աջակցում է՝ այդ թվում միջավայրային արգելքները հաղթահարելու հարցում։ Սակայն գործող ծրագիրը հիմնականում կապվում է անձի կրթության, աշխատանքի և սոցիալական ներառման հետ․ ծառայությունից կարող են օգտվել այն անձինք, ովքեր աշխատում կամ սովորում են, կամ պատրաստվում են առաջիկայում սկսել աշխատել կամ սովորել։
Այսպիսով, ըստ օրենքի, անձնական օգնականի ծառայությունը և ընտանիքի անդամի կողմից իրականացվող 24-ժամյա ծանր խնամքը նույնը չեն։
Առաջինը նախատեսված է անկախությունն ու ներառումը խթանելու համար, մինչդեռ կոմայի կամ այլ ծանր վիճակի դեպքում ընտանիքը կարող է ունենալ մշտական ֆիզիկական, բժշկական և կենցաղային խնամքի կարիք։
Պետության գործող քաղաքականությունն ինքնին ճանաչում է խնամքի ծառայությունների համայնքահենք և ընտանիքակենտրոն մոտեցման անհրաժեշտությունը։ Օրենսդրությունը նախատեսում է խնամքի ծառայությունների փոխակերպում և ընտանիքում խնամքի առաջնայնություն։ Սակայն այստեղ մնում է առանցքային հարցը՝ ո՞վ և ինչպե՞ս է փոխհատուցում ընտանիքի այն անդամի աշխատանքը, որը այդ խնամքն իրականացնում է ամեն օր և դրա պատճառով չի կարող աշխատել։
Ուստի քննարկման առարկա պետք է դառնա ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը, այլև խնամքի աշխատանքի ճանաչումն ու դրա ֆինանսական փոխհատուցումը։ Հնարավոր լուծումներից մեկը խորը և մշտական խնամքի կարիք ունեցող անձանց ընտանիքի անդամ-խնամակալների համար առանձին պետական աջակցության մեխանիզմի ստեղծումն է։
Սոցիալական քաղաքականությունը չի կարող չափվել միայն ստեղծված աշխատատեղերի կամ աշխատանքի վերադարձած մարդկանց թվով։ Այն պետք է նաև պատասխանի այն ընտանիքների կարիքներին, որտեղ մեկ մարդ չի կարող աշխատել, որովհետև մեկ ուրիշի համար դարձել է 24-ժամյա խնամող։
Արսեն Աղաջանյան